Գուրգեն Մարգարյանի հիշատակը եւ Վահագն Խաչատուրյանի ելույթները Հունգարիայում - Mediamax.am

Գուրգեն Մարգարյանի հիշատակը եւ Վահագն Խաչատուրյանի ելույթները Հունգարիայում
1656 դիտում

Գուրգեն Մարգարյանի հիշատակը եւ Վահագն Խաչատուրյանի ելույթները Հունգարիայում


Պարզ էր, որ Հայաստանը վաղ թե ուշ պիտի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, որոնք Երեւանը կասեցրել էր 2012 թվականին, երբ Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար Հունգարիայում ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովի արտահանձվեց Ադրբեջան, որտեղ անմիջապես ազատ արձակվեց եւ հերոսացվեց:

Պարզ էր նաեւ, որ 2020 թվականին եւ դրանից հետո ռազմի դաշտում եւ դիվանագիտական ճակատներում կրած պարտություններից հետո այդ հարաբերությունները արժանապատիվ կերպով վերականգնելու Երեւանի հնարավորությունները խիստ սահմանափակվել էին:

Նիկոլ Փաշինյանն այլեւս չէր հիշում այն մասին, որ 2020 թվականի հունիսի 18-ին կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսին խոսել էր Ադրբեջանի իշխանությունների ռասիստական քաղաքականության մասին, որպես օրինակ բերելով Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնով սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու քայլը:

Այն մասին, որ Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, հայտնի դարձավ 2022 թվականի դեկտեմբերին: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները
մտադրություն էին հայտնել նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում։

Նոր էջ բացելու պատիվը բաժին է հասել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին, որն այս օրերին պաշտոնական այցով Հունգարիայում է: Ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի կայքում տեղադրված տարբեր հաղորդագրությունները նրա հանդիպումների եւ ելույթների մասին.

•    Նախագահ Վահագն Խաչատուրյանը առանձնազրույց է ունեցել Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ

•    Հայաստանի և Հունգարիայի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով

•    Ի պատիվ պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի անունից տրվել է պաշտոնական ճաշ

•    Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարան

Հույս ունեի ելույթներից գոնե մեկի սղագրության մեջ, գոնե հպանցիկ ինչ-որ հիշատակում գտնել 2012 թվականին տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Ի վերջո, դիվանագիտությունը ստեղծված է նաեւ նրա համար, որ միգուցե ոչ հաճելի, բայց անհրաժեշտ ասելիքը ձեւակերպվի այնպես, որ վիրավորական չլինի, բայց միաժամանակ թույլ տա պահպանել արժանապատվությունը:

Օրինակ, Պետեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի ելույթի այս հատվածը.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել գրեթե 400 տարվա պատմություն ունեցող այս կրթօջախում։ Սա պատահական չէ և ավելին՝ կարծում եմ խորհրդանշական է, քանզի Ձեր համալսարանն այսօր հանդիսանում է հայ-հունգարական պատմական և մշակութային կապերի խորհրդանիշներից մեկը՝ յուրովի ծառայելով մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության և համագործակցության խորացմանը»:

կարելի էր լրացնել գոնե այսպիսի մի նախադասությամբ.

«Մեր նորագույն պատմության ընթացքում այդ բարեկամությունը փորձության է ենթարկվել, բայց մենք հավաստիացումներ ենք ստացել առ այն, որ այդ էջը շրջվել է եւ հետեւություններ են արվել»:

Առավել եւս, որ Սաֆարովի արտահանձնումը շոկային էր նաեւ հունգարական հասարակության շատ ներկայացուցիչների համար՝ այդ մասին 2018-ին մեզ պատմել էր հունգարացի լրագրող Սաբոլչ Վորոշը:

Հունգարական համալսարանի իր ելույթում Վահագն Խաչատուրյանը խոսել է պատմության, պատմական կապերի, պատմական հարուստ անցյալի մասին: Վստահ եմ, նա չի կարող չիմանալ, որ հանուն քաղաքական շահի (այս դեպքում՝ ոչ ակնհայտ, հաշվի առնելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի սերտ կապերը Ալիեւի եւ Էրդողանի հետ) պատմության «անցանկալի դրվագները» սրբագրելու փորձերը երբեք լավ արդյունքի չեն բերում:

Վահագն Խաչատուրյանը տարին մի քանի անգամ այցելում է Եռաբլուր, գլուխ է խոնարհում նահատակների շիրիմների առջեւ: Եռաբլուրում է հանգչում նաեւ Գուրգեն Մարգարյանը, որի միակ «մեղքը» հայ լինելն էր: Եթե Վահագն Խաչատուրյանը Հունգարիայիում տղամարդկություն չունեցավ խոսել 12 տարի առաջ տեղի ունեցածի մասին, միգուցե տղամարդկություն ունենա հաջորդ անգամ Եռաբլուրում առանձին մոտենա Գուրգեն Մարգարյանի շիրիմին եւ ներողություն խնդրի «գերակա քաղաքական շահին» նախապատվություն տալու համար:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին