Ռոլանդ Շառոյան. Նարեկացու ժամանակ մշակույթի օրենք չկար - Mediamax.am

Ռոլանդ Շառոյան. Նարեկացու ժամանակ մշակույթի օրենք չկար
2990 դիտում

Ռոլանդ Շառոյան. Նարեկացու ժամանակ մշակույթի օրենք չկար


Ընկերներ չենք եղել երբեք, բայց բոլոր բանասերներն ունեն ընկերականից ավելի բարձր ու թանկ հենարան՝ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Ու հենց այդ ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ հանդեպ հարգանքը, երբեմն էլ սերն է մտերմացնում մարդկանց, որ կարող են իրար չհանդիպել տարիներով, բայց միշտ խոսելիք ունեն հանդիպման ժամանակ: Ռոլանդ Շառոյանի հետ առաջին հանդիպումը չեմ հիշում, ինքը հայտնի գրող էր, ես էլ անհայտ լրագրող չէի, ենթադրաբար հանդիպել ենք հարցազրույցի համար, կամ ընդհանուր ընկերներից ինչ-որ մեկն է մեզ միմյանց ներկայացրել: Իսկ ընդհանուր ընկերները շատ էին նախորդ հարյուրամյակում, ցավոք, շատերն արդեն հեռացել են՝ թողնելով ցավի ու կարոտի զգացումը, որ երբեք չի փարատվում, որովհետև ժամանակը բնավ բժիշկ չէ, գուցե ընդամենը մոռացության թեթև շղարշ է դնում՝ վիրակապելով արնահոսող վերքերը ու թաքցնելով սպիները: Չգիտեմ, յուրաքանչյուրը յուրովսանն է վերաբերում իր հիշողություններին, իր կորուստներին ու հայտնագործություններին:

Ռոլանդ Շառոյանի հետ բազում հարցազրույցներից առանձնացրել եմ այս մեկը, երբ նա ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարն էր, որովհետև շատ կարևոր եմ համարում պետության գործունեության ժառանգականությունը ու այդ ժառանգականության վկայությունները: Հարցազրույցը տպագրվել է «Հայաստանի Հանրապետութիւն»-ում, 1999-ի հունվարի 9-ին՝ «Պետք է ապրել ճիշտ և հասարակ» վերնագրով:

***

-Իբրև 1998-ի ամփոփում՝ ի՞նչ է արվել նախարարությունում:

-Ճշտեմ, որ պաշտոնավարել եմ 1998-ի մայիսից և, բնականաբար, ամփոփելու ենթակա են մայիսից հունվար ամիսները: Ճիշտ կլինի նախարարության գործունեությունը բաժանել մի քանի ուղղությունների՝ ի՞նչ է արվել երկրի ներսում, ի՞նչ արտաքին աշխարհի հետ մշակութային կապերի հաստատման առումով, և վերջապես՝ ի՞նչ փոփոխություններ են կատարվել նախարարության համակարգում: Այդ ուղղությունների միասնությունը հենց ձևավորում է ՀՀ մշակույթի պետական քաղաքականությունը: Պիտի շեշտեմ, որ չեմ պատկերացնում որևէ պետության գոյություն՝ առանց մշակութային քաղաքականության:

-Ուրեմն՝ մանրամասնեք, թե անցած 7 ամիսներին ի՞նչ քայլեր է ձեռնարկել նախարարությունը ոլորտի օրենսդրական կանոնակարգման համար:    

-Ցավալիորեն, մշակույթի գործառնությունը կազմակերպող օրենքներ չկային: Ես, անշուշտ, հասկանում եմ, որ մարդկային գործունեության բոլոր ձևերից ամենաքիչը մշակույթն է ենթակա օրենքների ու օրենսդրական ակտերի, բայց հենց արվեստագետների բնականոն գործունեության և մշակույթի վերարտադրման հնարավորություններ ապահովելու համար անհրաժեշտ է պետական վերաբերմունք, պետական քաղաքականություն, որն էլ ձևակերպվում է ու դրսևորվում առաջին հայացքից անընդունելի թվացող օրենքներով: Այո, Նարեկացու ժամանակ մշակույթի օրենք չկար և «Մատեան ողբերգութեան» մեջ հազիվ թե որևէ մեկի մտքով անցնի օրենսդրական դրույթների դրսևորումներ որոնել: Բայց ժամանակները փոխվել են: Եվ օրենսդրական դաշտ է պետք մշակութային քաղաքականության իրականացման համար: Կա պետություն, կա կառավարություն, բյուջե, նպատակ, խնդիր, որոնց համակարգել կոչված է մշակույթի մասին օրենքը: Այսօր արդեն այդ օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունում է, ուր քննարկվելուց հետո կներկայացվի ԱԺ հաստատմանը: Բացի այդ հիմնարար փաստաթղթից մշակվել և կառավարություն է ներկայացվել մշակութային արժեքների պահպանման և ներկրման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որի նպատակն է հնարավորինս նպաստել արվեստագետների նյութական վիճակի բարելավմանը: Պատմական հուշարձանների պահպանության մասին օրենքն ԱԺ-ն արդեն հաստատել է: Իրենց հաստատմանն են սպասում սպորտի մասին հայեցակարգը, կինոյի մասին օրենքի նախագիծը, երիտասարդության պետական քաղաքականության ծրագիրը և հայեցակարգը: Այս բոլոր օրենքների կյանք մտնելուց հետո կարելի է ասել, որ օրենսդրական դաշտը հիմնականում ստեղծված է: Ուզում եմ հատուկ շեշտել գրադարանների և թանգարանների մասին օրենքի կարևորությունը:

-Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում այդ օրենքով:

-Հիմնարար և սկզբունքային: Նախ պետք է հանրապետության տարածքում կատարվի յուրօրինակ ՙգույքագրում՚՝ պարզելու գրադարանային տնտեսության վիճակը, գրադարանային արժեքների պահպանման խնդիրները, մասնագետների պատրաստումը: Համաշխարհային բանկի հետ համատեղ նախարարությունն իրականացնում է մեծ ծրագիր, որի առաջին կետը հենց այդ գույքագրումն է: Ծրագրի նպատակը գրադարանների ժամանակակից մոդելի ներդրումն է Հայաստանում, որ ներառում է բոլոր թվարկածս պահանջները: Փոփոխությունները, անշուշտ, մեծ են լինելու, որովհետև գրադարանային տնտեսությունը չափազանց խայտաբղետ է՝ գրադարաններ կան, ուր աշխատողները գրքերից շատ են, կամ՝ գրքերը գերազանցում են մարզի բնակիչների թիվը, կամ բնակիչները շատ են, գրքերը տարբեր պատճառներով վերացել են: Առաջիկա եռամսյակում գրադարանների հետ կապված խնդիրները պիտի լուծվեն:

-Հնարավո՞ր կլինի յուրաքանչյուր մարզկենտրոնում ունենալ մարզի բնակիչների պահանջները հիմնականում բավարարող գրադարան:

-Դա մեր խնդիրն է, որը լուծվելու է տարբեր մեթոդներով: Օրինակ, Վանաձորում կան քաղաքային և մարզային գրադարաններ և դժվար է հասկանալ, թե ինչո՞վ է այդ բաժանումն արդարացված և ինչու՞ մեկ-միասնական գրադարանը չի կարող սպասարկել քաղաքին ու մարզին: Միայն երեք ամիս հետո՝ տնտեսական ճշգրիտ պատկերը պարզելով, կարող եմ պատասխանել Ձեր հարցին: Բոլոր դեպքերում մեր նպատակն է վերադարձ դեպի գիրքը:

-Չե՞ք կարծում, որ ֆինանսական մեծ ծախսերի կարիք կլինի, որովհետև այս տարիներին բազմաթիվ կարևոր և անհրաժեշտ գրքեր են հրատարակվել,  որոնց առկայությունը գրադարանում գրեթե պարտադիր է:

-Մենք ուզու՞մ ենք քաղաքակիրթ ազգ լինել, գոնե գրագետ, ուրեմն այդ ծախսերն արդարացված են: Հետո հազիվ թե այդքան մեծ գումարներ լինեն: Պարզապես պիտի կարողանանք եղածը նպատակային օգտագործել: Համաշխարհային բանկի նշածս ծրագիրը 500000 դոլարի համարժեք դրամ գումար է նախատեսում: Կստեղծվի նաև արտակարգ իրավիճակների հիմնադրամ, որի միջոցներով էլ որոշ խնդիրներ կլուծվեն: Մենք կարևորում ենք նաև մշակութային զբոսաշրջության զարգացումը:

-Ի՞նչ է դա նշանակում:

-Դա նախևառաջ նշանակում է քարոզչության քաղաքականության մշակում: Հայաստանում կան տարբեր դարերի պատմամշակութային համաշխարհային նշանակության հուշարձաններ, որոնց առնչությամբ մենք պարզապես բարբարոս վերաբերմունք ունենք, որովհետև չենք կարողաննում ըստ արժանվույն ներկայացնել աշխարհին, որով ֆինանսական հարցեր ևս կլուծենք՝ ստացված հասույթը նպատակամղելով հենց այդ հուշարձանների պահպանությանը: Ամբողջ աշխարհում այդպես է, ինչու՞ պիտի Հայաստանը անհասկանալի բացառություն կազմի: Ցանկացած մեծ թանգարան ունի զբոսաշրջիկների մեծ պահանջարկը վայելող ցուցանմուշերի հուշանվերների արտադրություն: Ակրոպոլիսից, Լուվրից, Էրմիտաժից, Բրիտանական ազգային թանգարանից հուշանվերներ գնող զբոսաշրջիկը նույնը կանի նաև Գառնիում, Գեղարդում, Զվարթնոցում, Էջմիածնում, Սևանում, Երևանում… Մշակութային զբոսաշրջության էությունը թե մեր դարավոր արվեստի, ճարտարապետության, գրականության քարոզչությունն է, թե հայի մեր էության բացահայտումն աշխարհին:

-Չե՞ք կարծում, որ ժամանակն է բաժան-բաժան կառույցներից անցնել համակարգվածին, այսինքն՝ պիտի ջանանք, որ մարզկենտրոնում լինեն ներկայանալի և գրադարան, և ցուցասրահ, և կինոթատրոն, և թատրոն, և մարզական կառույցներ, և մշակութային կադրերի նախապատրաստման նախադրյալներ ստեղծվեն՝ դպրոցներում կամ մարզային համապատասխան հիմնարկներում լինեն մանկական արվեստի կենտրոններ: Գուցե ռոմանտիկ է հնչում, բայց կա՞ այլ ճանապարհ մշակույթը պահպանելու և զարգացնելու:

-Ռոմանտիկ է հնչում միմիայն հնարավորությունների առումով, որ այս պահին, իրոք, սահմանափակ են: Առայժմ այդ համակարգի ստեղծումը դժվար է, բայց տարբեր վայրերում Ձեր նշած հաստատություններից որևէ մեկն անպայման գործում է: Օրինակ, Սիսիանում պատկերասրահ է բացվել, Արտաշատում՝ մշակույթի կենտրոն՝ պատկերասրահի մասնաճյուղով և թատրոնով, Հրազդանում՝ պատկերասրահ և թանգարան, Էջմիածնում վերաբացվեց թատրոնը: Քաշաթաղում, Լաչինում երաժշտական կենտրոններ բացվեցին: Հնարավորն արվում է: Բնական է, որ ամենահարուստ բյուջեն իսկ մշակույթի բոլոր ծրագրերն իրականացնելու հնարավորություն չի տա: Փաստն այն է, որ մշակույթը դադարել է միայն մայրաքաղաքային մենաշնորհ լինել, ավելին՝ նաև մարզկենտրոնային: Գոնե հյուրախաղերի առումով:

-Իսկ ի՞նչ է արվել Հայաստանն արտաքին աշխարհին ներկայացնելու և արտաքին աշխարհի արվեստը Հայաստան բերելու նպատակով:

-Գործնական մշակութային հարաբերություններ են հաստատվել տասից ավելի երկրների հետ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Կանադայի, Հունաստանի, Չինաստանի, Եգիպտոսի, Սիրիայի, Լիբանանի, Գերմանիայի… Արդեն չեմ ասում՝ Բրազիլիան, Ուրուգվայը, Ամերիկան, այլ երկրները, որոնց հետ մշակութային կապեր մինչ այդ էլ եղել են: Հարաբերությունները հաստատվել են նախարարների մակարդակով ստորագրված համաձայնագրերով, հուշագրերով, ծրագրերով, որ նախատեսում են մշակութային օրեր, մշակութային փոխանակություններ, համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ, համատեղ կինոնկարահանումներ, ֆոլկլորային ներկայացումներ, այլևայլ միջոցառումներ: Մանրամասն թվարկումն ուղղակի հոգնեցուցիչ կլինի:

-Չե՞ք կարծում, որ մշակութային թերթ ունենալու ժամանակն է:  

-Գուշակեցիք, «Ասպետ» թերթի առաջին համարը դեկտեմբերի վերջին օրերին տպագրվեց: Չանվանենք պաշտոնաթերթ, խնդիրը հանրապետության մշակութային-մարզական կյանքի լուսաբանումն է: Համոզված եմ, որ կարճ ժամանակում «Ասպետը» կգտնի իր ընթերցողին, որովհետև և մշակութային, և մարզական տեղեկատվական-քաչոզչական պարապ կա մամուլում, չնայած համարյա բոլոր թերթերը հընթացս անդրադառնում են այդ խնդիրներին: Խնդիրը հենց այդ ՙհընթացս՚ անդրադարձը սկզբունքային-ծրագրային-համակարգված ՝ վերլուծական ու նպատակային դարձնելն է: Կարևոր եմ համարում նաև ազգային մշակույթի զարգացման հիմնադրամի ստեղծումը, որ հնարավորություն կտա անհատ հովանավորների ներդրումները միավորել և գումարների նպատակային օգտագործումը վերահսկել:

-Մշակութային արտաքին առնչությունները, բնականաբար, ընդգրկում են սփյուռքահայերին ևս, ի՞նչ է արվում նրանց համար:

-Սփյուռքահայերի համար առանձին մեծ ծրագիր է մշակված: Մինչև այժմ միշտ հայրենիքից են տարբեր խմբեր և անհատներ մեկնել հյուրախաղերի: Սփյուռքում գործող հազարավոր մշակութային օջախներ ունենք, հազարավոր նվիրյալներ, որոնք ազգապահպան և մշակութային մեծ գործ անելով, գրեթե անհայտ են հայրենիքում: ՙՄեկ ազգ, մեկ հայրենիք՚ սկզբունքով 1999-ի փետրվարից սկսած ամբողջ տարին սփյուռքի մշակութային օրեր են անցկացվելու Հայաստանում՝ բարձրակարգ թատերախմբեր, երաժշտախմբեր, նկարիչներ, գրողներ, կոմպոզիտորներ՝ բոլոր-բոլորը: Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն նաև համահայկական մարզական խաղեր: Մշակութային-մարզական այս հաղորդակցությունը ի նպաստ արվեստի և սպորտի զարգացման կլինի և իրավ մեզ ավելի միասնական կդարձնի:

-Իսկ ի՞նչ փոփոխություններ են եղել նախարարության համակարգում:

-Կառուցվածքային: Այս 7 ամիսների աշխատանքը ցույց տվեց, որ ավելի ճկուն ու նպատակային գործունեության համար փոփոխություններ դարձյալ կլինեն: Կարծում եմ, որ մշակութային զբոսաշրջիկության կազմակերպմամբ զբաղվող առանձին բաժին պիտի ստեղծվի, հավանաբար կմիանան մի քանի վարչություններ, որոնց գործունեությունը կրկնում է իրար: Օրինակ, բեմարվեստի և կինոյի վարչությունների փոխարեն ճիշտ կլիներ արվեստի գործերի վարչություն ունենալը: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում կլինեն և կադրային կրճատումներ:

-Փորձեք սեղմ բանաձևել ՀՀ մշակութային քաղաքականությունը:

-Համաշխարհային մշակութային բազմազանության մեջ մեր ազգային ժառանգության երևակումը: Աշխարհին ճանաչելի դառնալը՝ մեկ, և ազգային մշակույթի արժևորումը՝ անցյալի, ներկայի, ապագայի խնդիրների համադրմամբ՝ ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս, ու՞ր ենք գնում չափանիշների սահմանումը՝ երկու: Չմոռանանք նաև սպորտը: Կրոնի գործերի վարչությունը: Հուշարձանների պահպանության վարչությունը: 2000-ը օլիմպիական տարի է, բոլոր հնարավորությունները պետությունը ստեղծել է, որ նախաօլիմպիական տարում բարձր արդյունքներ ունենան մեր մարզիկները: Մարզաշխարհում մեր ներկայացվածությունը 1998-ին արտահայտվել է 89 ոսկե, արծաթե, բրոնզե մեդալերով: 89 անգամ աշխարհի տարբեր ծայրերում բազմաթիվ մարդիկ ոչ միայն հիացան մեր մարզիկների ճկունությամբ, ուժով, գեղեցկությամբ, այլև մտածեցին՝ ովքե՞ր են այս հայերը: Իդեպ, խորհրդային տարիներին հայ մարզիկները տարեկան 50-55 մեդալից ավելի չէին վաստակում:

-Հրաշալի է այդ ամենը, առավել հրաշալի են ծրագրերը, բայց ճշտենք՝ ի՞նչ է ստանում այսօր միջին վիճակագրական հայը Ձեր նշած փոփոխություններից, այսօր այդ մարդը կգնա՞ թատրոն, կգնա՞ համերգ, կգնա՞ ցուցահանդես: Եվ եթե գնաց, ի՞նչ կգտնի հոգու համար: Հասկանում եմ՝ հարցը բարդ է, բազմաշերտ: Նպատակը հասարակության բարոյական մթնոլորտը պարզելն է, այսինքն՝ ե՞րբ է վերջապես գալու արվեստի ժամանակը: Ե՞րբ է մարդն իրեն զգալու մշակույթի կրող, մշակույթի պաշտպան և մշակույթով պաշտպանված:

-Արվեստը մարդուն սովորեցնում է ապրել: Մի քանի օր առաջ ընկերներիցս մեկի հայրը իմաստուն ձևակերպում արեց՝ «Ինչ ուզում եք արեք, բայց պետք է ապրել ճիշտ և հասարակ»: Մշակույթը սովորեցնում է հենց այդպես ապրել, այսինքն՝ մշակույթը, արվեստը, գրականությունը հայ մարդու համար կյանքի կերպ է: Այո, այսօր հայ մարդը գնում է թատրոն, գնում է համերգ, գնում է ցուցահանդես: Արդեն գնում է: Հայ մարդու էությունից մշակույթն անբաժան է, մենք ապրում ենք մեր մշակույթի մեջ, գուցե երբեմն չգիտակցելով: Պիտի սիրես՝ սիրվելու համար: Այսինքն՝ 2000 տարի և ավելի ժամանակ հաշվող երկրի մշակույթի կրող լինելու համար պիտի սիրես այդ մշակույթը, պաշտպանես, որ պաշտպանված լինես:

***

Իբրև նախարար Ռոլանդ Շառոյանը պաշտոնավարեց մինչև 2003-ը՝ ոչ միայն ձեռքբերումներով, այլև սկանդալներով: Ի՞նչ հայկական մշակույթ՝ առանց սկանդալների: Նա 21 գրքի հեղինակ է, չգիտեմ ինչու ամենաշատը սիրում եմ «Իշուկ-գորշուկը, որ գնում էր աշխարհ տեսնելու» հեքիաթ-վիպակը: Գուցե այն պատճառով, որ հեքիաթ է, բայց՝ վիպակ, գուցե այն պատճառով, որ ոչ հեքիաթ է, ոչ էլ վիպակ, այլ՝ իրականություն, երբ սկսում ես կյանքը հասկանալ ներսուդրսից, վերուվարից: Արդեն ուրիշ ինչի՞ համար է ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին