Կարինե Խոդիկյան. Համաձայնության հրապարակը միանգամից չի ստեղծվի - Mediamax.am

Կարինե Խոդիկյան. Համաձայնության հրապարակը միանգամից չի ստեղծվի
4194 դիտում

Կարինե Խոդիկյան. Համաձայնության հրապարակը միանգամից չի ստեղծվի


Դու ապրում ես քո կյանքը, մյուսներն՝ իրենց, հանդիպում եք՝ պատահաբար, կամ գործով, ու հանգիստ կարող եք շարունակել նախորդ հանդիպմանը կիսատ մնացած նախադասությունը՝ առանց միջարկությունների ու միջակայքի մասին հավուր պատշաճի տրվող ու ոչինչ չնշանակող հարց ու պատասխանի: Բայց այդ «մյուսները» այնքան քիչ են, համարյա հազվադեպ, որ շրջանակվում են ձեռքիդ մատներով: Նրանք քո ընկերները չեն, ում ամեն օր տեսնում ես, նրանք քո լեզվով խոսողներն են, որ մեր պարագայում միայն հայերենը չէ…

Մեզ ոչ ոք էլ չի ծանոթացրել, հեռվից հեռու իրար ճանաչել ենք, նույնիսկ մի քանի ամիս աշխատել ենք «Գարունում», թեպետ ես «հեռակա» աշխատող էի՝ նյութեր էի կարդում, խմբագրում, մերժում, իսկ նա ամեն օր էր աշխատանքի գնում: 1999-ի հոկտեմբերի 27-ին մենք Էջմիածնում էինք, կաթողիկոսական ընտրություններ էինք լուսաբանում, ու ես երբեք չեմ մոռանա նրա արձագանքը կրակոցների լուրին… Ես դիտել եմ նրա պիեսներով բեմադրությունները ու գրախոսել, նա կարդացել է իմ գրքերը, բայց չի գրախոսել: «Գրական թերթում» տպագրել է իմ հոդվածները… Սովորական երևանյան առօրյա, բայց՝ խորքով, որ բառերի չի տրվում:



Պարզապես՝ Կարինե Խոդիկյան: Կար ժամանակ՝ ստեպ-ստեպ էինք հանդիպում, հենց այնպես, երբեմն էլ հենց այնպես հարցազրույց էինք անում: Ինչպես այս մեկը, որ տպագրվել է «Իրատեսում» /18.02.2011/, «Հարցազրույց ընդդեմ հարցազրույցի» վերնագրով:

***

-Եթե իմանայիր, որ քո որևէ հարցազրույցից երկրի կյանքում իսկապես որևէ բան պիտի փոխվի, չգիտես՝ լավ, թե վատ, բայց անպայման փոխվի՝ կամ կործանվի, կամ՝ փրկվի, կգնայի՞ր այդ հարցազրույցին:

-Վազելով:

-Ուրեմն՝ երկրի կործանման կամ փրկման հավանականությունը քեզ համար 50/50 է, այո՞:

-Ես ինձ երկրի պորտը չեմ համարում, առավելևս միշտ մտածել եմ, որ հարցազրույցն ամենատարողունակ, բայց անմիտ ժանրն է՝ ով ալարում է շարադրել սեփական կապակցված խոսքը, նախընտրում է, որ իր հետ հարցազրույց անեն:

-Գիտե՞ս՝ երբ այսօր արթնացա, ալարելուց՝ չգիտեի ի՞նչ անել:

-Իսկ ավելի լու՞րջ: Ես հիշում եմ, որ հին հույն փիլիսոփաները, հետո նաև ֆրանսիացիները սեփական գործերը նախընտրում էին հարցազրույցի ժանրով ներկայացնել ժամանակակիցների ու սերունդների դատին: Ընդհանրապես՝ հարցազրույցն ինչի՞ համար է:

-Կար ժամանակ, երբ ինքս էի հարցազրույց անում, «Գարունում» աշխատելիս, և ինձ համար հիմնականը մարդուն ճանաչելն էր: Պատկերացնու՞մ ես՝ դեմ դիմաց նստում ես Հրանտ Մաթևոսյանի հետ, և քեզ տրված է հնարավորություն այդ պահին աշխարհը քեզնով տեսնելու, նման պահերի համար արժի լրագրողի մասնագիտությունը ընտրել:

-Նման պահերին ես աշխարհը տեսնում էի Հրանտ Մաթևոսյանով… Չե՞ս նկատել, որ լրագրողը տալի է այն հարցերը, որոնց պատասխաններն ինքը գիտի:

-Երբևէ չեմ հանդիպել ոչ միայն ամենագետ լրագրողի, այլև ամենագետ մարդու: Լրագրողին թվում է՝ գիտի, ամբողջ ինտրիգը սկսվում է այն պահից, երբ հնչում է լրագրողի մտքով անգամ չանցած պատասխան:

-Ոմանք դա անվանել են ճանաչողության հրճվանք:

-Ինչու՞ ոչ, ինքնախաբեության պես է, ամեն մեկն իր մասնագիտությունն արդարացնելու համար ինչ ասես չի հնարի:

-Ամեն մեկը չէ, Պարույր Սևակն էր ասում, լրագրողն իր մասնագիտության համար պիտի արդարանա՞:

-Երբ այսօր թերթ ես կարդում, չե՞ս համոզվում:

-Ես գերադասում եմ թերթ գրել:

-Հետո ինչ, ոմանց արդարացումն էլ չի փրկի, նրանք նույնիսկ քավարանով չեն անցնի:

-Դանտեն ասում էր՝ դժոխքի ամենադաժան պարունակներն անտարբերների համար են:

-Դա՝ հաստատ, իսկ իններորդ պարունակը երախտամոռների համար է: Լրագրողները, որ ժամանակին կերակրատաշտից չեն պոկվել, այսօր համազգային անարգանքի սյունին են գամում երեկ իրենց կերակրողին, ինչո՞վ բացատրել:

-Օ, դա հին կովկասյան ավանդույթ է: Ես այնքան սպասում էի, որ որևէ պատգամավոր հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝ հերթական ընտրությունից հետո օրենքով արգելել փառաբանել նրանց, ում մինչ այդ դատափետել ես, և փնովել նրանց, ում մինչ այդ տարփողում էիր: Նույնը՝ լրագրողների, հասարակական ու ստեղծագործական միությունների դեպքում: Չարեցին:

-Խորհրդարանը կլռեր, լրագրական դաշտը կաթվածահար կլիներ, դա՞ է ուզածդ:

-Ուզածս հասկանալն է: Ի՞նչ է կատարվում աշխարհում՝ Թունիս, Եգիպտոս, Եմեն… Հետո՞… Ռամզե՞սն է գալու:

-Գոդոյից հետո այլևս ոչ ոք ոչ մեկի չի սպասում:

-Որքան հիշում եմ՝ Գոդոն չեկավ:

-Ու քանի որ Գոդոն էլ չեկավ, վստահ եղիր, որ Ռամզեսն էլ չի գա: Եթե իրադարձությունների ողբերգական կողմից՝ զոհեր, վիրավորներ, վերացարկվենք, մնալու է մեծ աշխարհի հերթական խաղը, որից երկրի շարքային քաղաքացին ոչինչ չի ունենալու:

-Հույսս Ռամզեսի՞ց էլ կտրեմ:

-Ռամզեսից էլ, Թութանհամոնից էլ: Միակ փրկությունը Կլեոպատրան կլիներ, բայց քանի որ նա շատ խելացի է, հաստատ չի գա:

-Կլեոպատրայի գալու համար Կեսար պիտի լինի, բայց չես ժխտի, որ ալիք կա, և այդ ալիքը…

-Այդ ալիքը արհեստածին է: 30 տարի Հոսնին իրենց Հոսնին էր, մի օրում որոշեցին «Մուբարաք, հեռացի՞ր»: Վիկիլիքս, Թունիս, Եգիպտոս… Աշխարհի մեծերը էլի ինչ-որ բան կհորինեն, փոքր ժողովուրդներն ու սովորական մարդը կմնան խաղալիք:

-Իմ հանճարեղ ընկերն ասում էր՝ կյանքը զբաղմունքի փնտրտուք է:

-Չգիտեմ, ամեն մարդ ծնվում է ինչ-որ ծրագրով, որ իրագործելու է գալիս աշխարհ: Բայց դա Աստծո հաշվարկն է: Մարդուն ստեղծելուց հետո յոթերորդ օրը Աստված որոշեց հանգստանալ, այդ օրը սատանան թևքերը քշտեց, ու այլևս նորմալ, կիրթ, պարկեշտ, օրինապահ մարդը նորմալ, կիրթ, պարկեշտ, օրինապահ ապրելու իրավունքը չունի: Որևէ արհեստածին հեղափոխություն ոչինչ չի փոխելու: Երևի ժողովուրդների մեջ կան օրհնվածներ ու անիծվածներ: Մենք ՙՓարիզյան սուրճ՚ սրճարանում ենք ու Փարիզի տեսարաններ են պատերին: Ես նախանձով եմ նայում այդ ֆրանսիական տարածքին:

-Երկինքն ավելի կապու՞յտ է ու հորիզոնն ավելի հեռու՞:

-Հաղթական կամարը քանի՞ տարվա պատմություն ունի: Հարյուրամյակ է անցել, ոչ մի հաջորդ իշխանություն չի քանդել իր նախորդի շարած պատը, չի հավասարեցրել զրոյի ու նորից չի սկսել, որ ասի՝ ես արեցի: Բոլորի արձանները տեղում են, փողոցները չեն վերանվանվել, պատմական հիշողությունն անվավեր չի հայտարարվել: Պետական այդ անսասանությունը, որ մեզ մոտ չկա, ֆրանսիացիներին դարձնում է օրհնյալ ժողովուրդ: 2001-ին ինձ վիճակվեց երկու շաբաթ լինել Ֆրանսիայի հարավում, ժամանակ ունեի ու թափառում էի, մի օր էլ հասա գավառական փոքրիկ քաղաքի գերեզմանատուն: 5-6 ժամ անցկացրի այնտեղ: Պատկերացրու մարմարյա տախտակ, առաջին գրառումը՝ Մարի Ժլուլի դե Ժերար 1689-1743, հաջորդը՝ Ֆրանսուա դե Ժերար՝ 1710-1746, հաջորդը, հաջորդը, հաջորդը՝ մինչև 1999-ը: Գերդաստան, որի հարյուրամյակներն ամփոփված են 2 քառակուսի մետրը 2 քառակուսի մետրի վրա մարմարե տախտակի մեջ հանգուցված աճյունասափորներում: Ոչ մեկի նկարը չկա, միայն անուններ, ծննդյան ու մահվան տարեթվեր: Ամբողջ Հայաստանում ոչ մի նման անկյուն չես գտնիմ եթե սխալվեմ, թող պատմաբաններից մեկը զանգահարի ու տեղն ասի: Ես հասկացա՝ ինչու՞ են հայերը մեծ-մեծ, ահավոր, իրենց կարծիքով՝ տպավորիչ տապանաքարեր ու արձաններ շարում գերեզմանոցներում: Թիկունք չունեն՝ տատի տատի տատի տատի տատը չկա, պապի պապի պապի պապի պապը չկա, որ ասի՝ դու ո՞վ ես: 300 տարի առաջ ես անցել եմ այս հողի վրայով: Հողի զգացողությունը չկա, երկրի զգացողությունը չկա, շարունակականության զգացողությունը չկա:

-Փարիզում ինձ թվացել է, որ Փարիզը միայն այն չէ, ինչ տեսնում ես, ինչ շոշափում ես: Փարիզը փարիզեցիների հոգում է: Հաղթական կամարը, Աստվածամոր տաճարը, Կոնկորդի հրապարակը ճարտարապետություն, տարածք չեն ու գետնին հայտնվելուց առաջ ու հետո եղել են ու կան բոլորովին այլ տեղում:

-Հոգու տարածքում:

-Իսկ մեր հոգու տարածքն այլ պետություններում է գերակշիռ մասով:

-Աստծո օրհնյալը չենք, եթե չասեմ՝ անիծվածն ենք:    

-Փարիզի մերձակա Դուվրի տաճարուն Լևոն վեցերորդ հայոց վերջին թագավորի շիրմաքարն է: Փոքրիկ, մենակ, անպաճույճ: Առաջին զգացողությունս թագավորին տուն տանելու ցանկությունն էր, անպայման, տեղնուտեղը, գրկած, հետո մեկ էլ հասկանում ես՝ ոչ մի դեպքում, Լևոն վերջինի շիրիմը կա, որովհետև Հայաստանում չէ: Հայաստանում լիներ, վաղուց հետքն էլ կորել էր, ինչպես Արտաշիսյանների, Երվանդունիների, Արշակունիների, Բագրատունիների ու…

-Մի նվա:

-Հրանտ Մաթևոսյանն ասում էր՝ ցեղասպանությունը սպանեց Թումանյանին, ծնեց Չարենցին: Այդպե՞ս է:

-Ցեղասպանությունից հետո Ռուսաստանի գալը փրկություն էր, այն հանգրվանն էր, որտեղ ժողովուրդը տեսնում էր իր շարունակությունը: Պատահական չէր, որ 1920-ից հետո Մյասնիկյանի կանչով եկան-հավաքվեցին՝ ովքեր կային: Չարենցը ծնվեց, որովհետև գործում էր ՙԱմեն ինչի վերջը նորի սկիզբն է՚ կանոնը: Այսօր ունե՞ս այդ զգացողությունը:

-Ռուսաստանի փրկիչ լինելու զգացողությունը երբեք չեմ ունեցել: Գուցե մասնագիտության բերումով՝ Տերյանից սկսած վերացնելով գնացին: Հենց նույն Մյասնիկյանը՝ ինքնաթիռի վթար… Սպանված Խանջյանը… Էլ չասեմ՝ Չարենցը, Բակունցը… Խեղված ճակատագրերի ժողովուրդ՝ խեղված պատմության մեջ խրված: Զգացողություն չունեմ, գուցե՝ ցանկություն:

-Ոչնչի զգացողություն չունե՞ս:

-Փակուղու զգացողություն ունեմ, բայց գիտեմ, որ լաբիրինթոսն էլ ելք ունի:

-Փակուղու՝ ղարաբաղյան հաղթանակը չգիտենք ինչ անել, ազատագրված տարածքներում փուշ ու տատասկ է աճում՝ չգիտենք ինչ անել: Ժողովուրդը ճամպրուկը հավաքած, առանց հետ նայելու գնում է՝ չգիտենք ինչ անել: Ինչի գինը հարցնես՝ կրկնապատկվել-եռապատկվել է՝ չգիտենք ինչ անել: Փակուղու զգացումից Չարենց չի ծնվում: Նա, ով կարող էր Չարենց լինել, կամ հուսահատված է, կամ շփոթված, կամ չի կարողանում դուրս գալ իր տարածքից ու դիմացինին ինչ-որ բան ասել, որովհետև չունի հերթական վերջից հետո հերթական սկիզբը գալու զգացողությունը:

-Ուրեմն՝ ինչու՞ ես գրում:

-Սահմաններն այնքան են վերացել, որ ես Երևանում անտեղյակ նստած, Պերմից Պետերբուրգ իմ պիեսները բեմադրում են: Ես լուծում եմ դրամատուրգի իմ խնդիրը: Ու շատ վատ է, որ միայնակ լուծում եմ: Որովհետև անցել եմ անհատ ձեռներեցի սկզբունքին՝ ինտերնետը կա, պիեսներս սայթում կան ու շրջանառվում են, բայց երբ դրամատուրգների միջազգային փառատոնում իմ պիեսը 14-ից երրորդ տեղն է գրավում ու ինձ հարցնում են՝ ո՞ր թատրում է բեմադրվում, ես պատասխանում եմ՝ ոչ մի, դա արդեն դատավճիռ է: Որովհետև ռեժիսորին կամ շոու է պետք, կամ Շեքսպիրի փեշից մի քիչ քաշել:

-Իսկ հանդիստեսի՞ն:

-Իսկ հանդիսատեսին սովորեցրել են շոու նայել կամ Շեքսպիր՝ պրեմիերայով, որից հետո ներկայացումը հանվում է դերացանկից: Այն խոսքը, որ քո ժամանակակիցն ասում է քո երկրի, քո քաղաքի մասին, այսօր պետք չէ: Շեքսպիրի հերոսի մի քանի ռեպլիկով քո ռեժիսորն ու քո թատերագետը կհամարեն, որ արտահայտված է երկրին մտահոգող հիմնական հարցը, պատասխանն էլ դասականը տվել է: Դա էլ է ախտորոշում:

-Ժամանակին Հրանտ Մաթևոսյանին հարցախեղդ էի անում, թե ո՞վ է իր հերոսը՝ Իշխա՞նը, թե՞ Ավետիքը: Պատասխանում էր՝ Ավետիքն էլ, Իշխանն էլ, երկուսն էլ իմն են: Իսկ ես կամ-կամ էի դնում: Հիմարաբար: Գուցե մեր դժբախտությունների պատճառն այն է, որ ամեն հարցում ու մշտապես կամ-կամ ենք դնում, մինչդեռ պետք է համադրել, համատեղել, համախմբել:

-Գոռ Քլոյանն ու մարտի 1-ին նրան սպանողը ի՞մ մեջ են:

-Ճակատագրով:

-Բայց ո՞րն է իմը:

-Երկուսն էլ: Լուսնից չիջան՝ սպանեցին ու վերադարձան հայրենիք:     

-Եթե երրորդ տարին է գալիս, դու ու ես գիտենք միայն Գոռ Քլոյանի անունը, բայց նրան սպանողի անունը չկա, ուրեմն նրա նմաններն են շատ:

-Այսինքն՝ Երևանում երբեք չի՞ լինի Կոնկորդի հրապարակ, որ թարգմանաբար նշանակում է՝ Համաձայնության:

-Համաձայնության հրաշքն արդար ընտրությունն է՝ ով ում ուզում՝ ընտրում է ու մինչև վերջին պահը նրա ընտրությունը մնում է նրա ընտրությունը, դա միանգամից չի ստեղծի Համաձայնության հրապարակ, բայց կստեղծի գոյության տարածք, որի մեջ պիտի հրապարակ կայանա: Փոքր ժողովուրդ, փոքր տարածք, փոքրի հոգեբանություն՝ մեր ճակատագիրն է:

-Մեր ազնիվ ցեղը գնա-կորչի՞:

-Դու Խորենացուդ հարցրու, թե ինչքան ես ազնիվ: Տես ոնց կողբա:

-Լավ, ինչու՞ Սողոմոնը «Երգ երգոց» գրեց, Խորենացին՝ «Ողբ», Նարեկացին՝ «Մատյան ողբերգության», Ֆրիկը՝ «Ընդդեմ ֆալաքի», էս ողբ ու կոծի ժանրն ինչու՞ մերը դարձավ ու մնաց:

-Սողոմոնն ո՞վ էր: Թագավոր էր: Արտավազդից բացի, որ պիեսներ էր գրում, մեր թագավորները հիմնականում ուղերձներ էին հղում պարսից շահին կամ բյուզանդական կայսեր՝ հերթական ինչ-որ խնդրանքով:

-Ներոնը լա՞վ արտիստ էր:

-Ներոնը լավ արտիստ կլիներ, եթե կայսր չլիներ: Նա դերասան խաղում էր, նա դերասան չէր:

-Գուցե դերասա՞ն էր, կայսր էր խաղում:

-Համենայն դեպս՝ երկու խաղն էլ լավ չստացվեց:

-Եթե այսօր Ներոնին հիշում են ու գիտեն, չի՞ նշանակում, որ լավ էլ ստացվել է: Ոչ ոք չի կարող ասել՝ ո՞վ է եղել Ներոնն իրականում ու ի՞նչ է արել, մենք առավելագույնը կարող ենք իմանալ՝ ի՞նչ են նրա մասին մտածել ու գրել կամ նրան վերագրել ժամանակակիցները կամ հետնորդները, որ պարտավոր չէին անաչառ կամ անկաշառ լինել:

-Ներոնը չի հրաժարվել գահից, ընդամենը գահին նստած՝ դերասանություն է արել, ուրեմն ոչ կարգին դերասան էր, ոչ կարգին կայսր:

-Այսինքն՝ դու էլ չես ուզում համադրել Ավետիքին ու Իշխանին, դու էլ ես կամ-կամ դնում:

-Բնականաբար, որովհետև ընտրություն կա ու ընտրությունը միշտ է: Հռոմեացիք էլ չընդունեցին դերասան ու կայսր Ներոնին, կայսրին սպանեցին ու մեռնելուց առաջ կայսրն ասաց՝ ի՛նչ դերասան է մեռնում:

-Գուցե հենց դա էլ հետո կայսրությունը կործանեց: Պատկերացնու՞մ ես հարցազրույց Ներոնի հետ:

-Այո, եթե քո ամեն անցանկալի հարցից հետո քեզ գինի կամ սունկ չհրամցնեին, որից հետո, գիտես, կայսրերն անգամ աստված էին դառնում:

-Իսկ ես համաձայն եմ:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին