Ինչքան գաղտնիքներ ունեն Լետայի ալիքները - Mediamax.am

Ինչքան գաղտնիքներ ունեն Լետայի ալիքները
3189 դիտում

Ինչքան գաղտնիքներ ունեն Լետայի ալիքները


Ազգային ժողովում աշխատելիս հաճախ էի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ուղևորվում տարբեր երկրներ՝ պաշտոնական ու աշխատանքային այցերով: Ինքնաթիռով: Թռիչքներից վախ չունեի ու չունեմ: Իհարկե, վերելք-վայրէջքի պահին թեթևակի վատ եմ զգում, բայց դա, կարծում եմ, նորմալ է ու ընդհանրական: Թեպետ վախենալու բազում պատճառներ եմ ունեցել:

***

2002-ի հունվարին ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Մեծ Բրիտանիա: Թռիչքը երկարատև էր, բոլորս էլ հանգիստ ու ուրախ էինք, և ահա երևում է Լոնդոնը, ապակուց այն կողմ փորձում ենք ինչ-որ հայտնի վայրեր գտնել, գնում ենք վայրէջքի, ահա-ահա հասնում ենք թռիչքուղուն ու… կտրուկ վերև ենք բարձրանում, այն տպավորությունն է, որ ոտքերդ հայտնվում են գլխիցդ վերև: Օդաչուն բացատրում է, որ Լոնդոնում ուժեղ քամիներ են, խանգարում են վայրէջքին, կիջնենք, երբ պայմանները թույլ տան: Պտտվում ենք մայրաքաղաքի վրա, բոլորիս մտքում մեկ հարց է՝ այսքան երկար թռիչքից հետո այդքան վառելի՞ք կա, բայց ոչ մեկս չի բարձրաձայնում մտահոգությունը: Վստահ ենք, որ շուտով կիջնենք: Թռչում ենք քաղաքի վրայով՝ թռչնի բարձրությամբ և տեսնում ենք, որ ուրիշ ինքնաթիռներ ևս վայրէջք չեն կատարում, ավելանում է երկրորդ մտահոգությունը՝ իսկ օդում չե՞նք բախվի իրար: Ուղևորները արդեն սկսել են ծամածռվել սրտխառնուքից, որ չգիտես վախի՞, չգիտես անորոշությա՞ն հետևանք է, ուղեկցորդուհիները վազվզում են՝ տոպրակներ են բաժանում, ջուր են բերում…

Մենք շարունակում ենք պտտվել Լոնդոնի վրա: Նորից գնացինք վայրէջքի, շասսիները բացել ենք, ահա-ահա կիջնենք, ինքնաթիռի թևը կայծեր արձակելով քսվում է թռիչքուղուն, ու մենք նորից վեր ենք սլանում՝ օդում վերականգնելով հավասարակշռությունը: Գունատ, հուզմունքից ու վախից ջուր դարձած՝ ոմանք աղոթում ու խաչակնքում են, ոմանք լաց են լինում, ոմանք անկապ ծիծաղում են…

Մենք մանրամասն ուսումնասիրել ենք Բիգ Բենը, Մեծ աչքը, Թեմզայի կամուրջները, ֆուտբոլի կանաչ ու դեղին նստարաններով մարզադաշտը, Բուքինգհեմյան պալատը, նույնիսկ երկհարկանի ավտոբուսներն ու կանգառները… Երրորդ անգամ ենք գնում վայրէջքի, ապարդյուն… Բոլորս կառչել ենք բազկաթոռների բազրիքներից ու երազում ենք ամուր հողին հայտնվել… Արդեն մեկ ժամ պտտվում ենք Լոնդոնի վրա, համոզված ենք, որ վառելիք այլևս չկա ու վերջապես իջնելու ենք՝ ինչ էլ լինի: Իսկ ի՞նչ կարող է լինել: Լավատես ուղևորներն ասում են՝ մի քիչ թափ կտա, թևերը էլի թռիչքուղուն կքսվեն ու կկանգնենք վերջապես, հոռետեսներն ասում են՝ քամին թույլ չի տա իջնել, թևերը վայրէջքի պահին կպոկվեն, պոչը կպոկվի, հրդեհ կբռնկվի… Արմագեդոն, ու պատմում են՝ իրենց ծանոթը, ընկերը, բարեկամը ինչպես է նման իրավիճակում… Չգիտեմ արդեն որերորդ անգամ ենք գնում վայրէջքի, սրտխառնոցից ատամներս իրար են կպչում, գլխապտույտից փակել եմ աչքերս, սիրտս հազարի վրա է խփում, իսկ մատներս կապտել են՝ այնքան ամուր եմ սեղմում բազրիքները... Դըրխկ, իջա՛նք, դըդխկ՝ ինքնաթիռն այնպես է ճոճվում, որ թվում է՝ հիմա էլ գետնի վրա ենք սլանալու ու երբեք կանգ չենք առնելու: Իհարկե, սրված զգացողությունների հետևանք է, աշխարհի ոչ մի օդանավակայանի ոչ մի թռիչքուղի 100 կիլոմետր չէ, բայց մեզ թվում է, որ ի՞նչ 100, 1000 կիլոմետր ենք դխկդխկում ու թռվռում, ու, վերջապե՛ս, կանգ ենք առնում՝ թռիչքուղու եզրին… Եվ այդքանից հետո սկսվում է ամենադժվարը, կանգնում ես ու զգում ես, որ ոտքերդ… չկան, քայլ անես՝ ծալվելու են ու փռվելու ես գետնին: Մի կերպ իջնում ենք ինքնաթիռից ու խմբով ներդաշնակ ճոճվելով հասնում սպասասրահ, որտեղ լիքը մարդ կա ու… բոլորն ամուր կանգնած են իրենց ոտքերին՝ չգիտես ինչու: Ոտքերիս ու ձեռքերիս դողը անցավ միայն հյուրանոցում՝ տաք ու սառը ցնցուղի տակ:

***

Ձմեռ էր, Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Կալինինգրադ, այնտեղից գնալու էինք Կիև: Նահանգապետ Գեորգի Բոոսը բոլորիս ջերմ հրաժեշտ է տալիս, նստում ենք ինքնաթիռ ու զգում ենք ինչ-որ տհաճ հոտ, բայց դե… Թռիչքի ենք գնում ու… կտրուկ կանգ ենք առնում, ինքնաթիռի թևից կրակ է դուրս գալիս: Հետո պարզվում է, որ բռնկվել է սառցակալման դեմ ինքնաթիռին պատած նյութը: Բոլոր դեպքերում վերադառնում ենք սպասասրահ, Գեորգի Բոոսը խոստանում է կարճ ժամանակում վերականգնել ինքնաթիռը, այնուամենայնիվ Կիև ենք թռչում ուրիշ ինքնաթիռով: Միանգամայն նորմալ և միայն Կիևում, միացնելով հեռախոսները, տեղեկանում ենք, որ «Հայլուրը» հաղորդել է, թե Կալինինգրադում թռիչքի պահին բռնկվել է Աժ նախագահին տեղափոխող ինքնաթիռը: Մինչև հիմա ականջներիս մեջ է մամայիս լացից խեղդվող ձայնը՝ «Ճիշտն ասա՝ ի՞նչ է եղել, հո վիրավոր չե՞ս, ի՞նչդ է ցավում, ճիշտն ասա…»: Ու ես չէի կարողանում համոզել, որ իրականում ոչինչ չի եղել, ինքնաթիռը չի վառվել, ոչ մեկս վիրավոր չէ, պարզապես թևն է բռնկվել, արագ մարել են, ոչ մի տեղս չի ցավում ու նույնիսկ չեմ հասցրել վախենալ: Չգիտեմ՝ պատվիրակության մյուս անդամները ի՞նչ էին մտածում, ես պատրաստ էի Երևան հասնելու պես սպանել Արտակ Ալեքսանյանին, որ եթերից նման հայտարարություն էր արել, թեպետ շատ լավ հասկանում էի, որ Արտակ Ալեքսանյանը ընդամենը կարդացել է իրեն տրված տեքստը…

***

2005-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ Ավստրիայում էինք, ձմռանը: Վիեննայից հասել ենք Տիրոլ: Եթե Արթուր Բաղդասարյանը ինչ-որ երկիր էր մեկնում, բացի արարողակարգային հանդիպումներից օրակարգում ավելանում էին բոլոր հնարավոր ու անհնար հանդիպումները: Այդ անգամ պիտի հանդիպեինք ինչ-որ դպրոցի տնօրենի, որ ուսուցման նոր մեթոդիկաներ էր կիրառում: Ու պիտի գնայինք հարևան քաղաք՝ նրան հանդիպելու, չուշանալու համար ճանապարհ ենք ընկնում առավոտյան ժամը 6-ին, հասնում ենք համարյա 7-ին ու... ոչ ոք չկա, դասերը սկսվում են 9-ից: Ու ի՞նչ անել երկու ժամում: Ինչ-որ մեկն ասում է, որ 10 րոպե հեռավորության վրա հրաշալի ճոպանուղի կա, վերևից բացվում է ամբողջ քաղաքի համայնապատկերը, լեռների տեսարանները ֆանտաստիկ գեղեցիկ են, ժամը 7-ին այլ անելիք չկա, և այլն, և այլն... Ամենակարևորը՝ ճոպանուղին գործում է 24 ժամ: Գնում ենք, ապակե խցիկներն իսկապես տպավորիչ են, երթուղին 20 րոպե է, տեղացիների համար տրանսպորտ է, զբոսաշրջիկների համար՝ հաճելի զբոսանք, վերևում հյուրանոցներ են ու այգիներ: Ճոպանուղու խցիկները վերուվարում են, ոչինչ արտառոց: Նստում ենք, տպավորությունն իսկապես ֆանտաստիկ է՝ լեռներ, ձյուն, անտառ ու կիրճեր, թվում է՝ ձեռքդ պարզես, բռնելու ես: Ճըըըռ՝ կանգ ենք առնում երթուղու կեսին ու ճոճվում ենք կիրճի վրա, որի խորությունը վախը կրկնապատկում է: Ոչ ոք չի հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Պարզապես կախվել ենք օդում ու տեսնում ենք, որ հեռվում գտնվող խցիկները նույնպես կանգ են առել ու ճոճվում են մեզ նման: Քիչ է ասել, թե վախենում ես, հանկարծ սարսափելի են դառնում խցիկի ապակե հատակը, ապակե պատերը, ուզում ես ինչ-որ շարժումներ անել, կառչել ինչ-որ տեղից, բայց ինչի՞ց: Հինգ րոպե ոչինչ չի կատարվում, ինչ-որ իտալացիներ սկսում են երգել ու ծիծաղել, 10 րոպե՝ նույնը, 15 րոպե... Իտալացիներն արդեն չեն երգում: Հանկարծ զգում ես, որ ծարավ ես, ջուր չխմես՝ կմեռնես, բայց ջուր որտեղի՞ց: Ու՞մ զանգես, ի՞նչ ասես, կախվել եմ լեռների վրա ու չգիտեմ՝ ինչպես իջնե՞լ: Չէ, իհարկե, բոլորս իրար հետ շատախոսում ենք, ծիծաղում ենք, բայց դա ավելի է մատնում նյարդայնությունն ու վախը: Վերջապե՛ս: Պոկվում ենք տեղից ու սլանում կանգառ: Թվում է՝ ավելի սարսափելի է: Եվ միայն տեղ հասնելուց հետո տեղեկանում ենք, որ 1920-ից առաջին անգամ ճոպանուղին հոսանքազրկվել է: Ճիշտ է՝ աշխատել է դադարներով, բայց դա մխիթարություն չէ, որովհետև վերադառնալու էինք նույնպես ճոպանուղիով... Կարևորը՝ դպրոցի տնօրենը մեզ ընդունեց, բայց թե ինչ մեթոդներ էին, բացարձակապես չեմ հիշում:   

***

2005-ի դեկտեմբերին թռչում էինք Կիպրոս, նախագահի ինքնաթիռով, որ կանգնած տեղն էլ ճռճռում էր: Ինքնաթիռում ոչ միայն ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն էր, այլև՝ լրագրողների մեծ ու, պարզվեց, վախկոտ, խումբը: Երբ արդեն մոտենում էինք Լառնակային, հայտնվեցինք տուրբուլենտության մեջ, ճոճվելը, մեղմ ասած, ոչինչ էր, մենք ոչ միայն ճոճվում էինք, այլև այն տպավորությունն էր, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը, մենք ազատ անկման մեջ ենք, բայց հակառակ գրավիտացիայի օրենքի, մեկ ներքև ենք ընկնում, մեկ՝ վերև: Ինքնաթիռից դուրս բաց կապույտ երկինքն ու սպիտակ ամպերն անհետացել էին, փոխարենը մուգ կապույտ, գորշ ու մութ ամպեր էին ու կայծակներ, որ թվում էր՝ հենց մեզ են թիրախ ընտրել… Ամբողջ թռիչքի ժամանակ անվերջ խոսող, ծիծաղող, աղմկող մեր խմբում այնպիսի լռություն էր սկսվել, որ ինքնաթիռի ճռճռոցը թվում էր համատիեզերական ճռնչյուն, որ ամեն պահ կարող է վերջինը լինել: Արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն ու ես ստիպված էինք արդեն լաց լինող, գունատված ու հուսահատ մեր խմբի, հատկապես աղջիկների, ուշադրությունը կայծակող երկնքից, ճռճռացող ու ճոճվող ինքնաթիռից շեղելու համար կանգնել նստարանների արանքում ու… անեկդոտներ պատմել՝ ինչպես են ինքնաթիռի վթարից հետո ողջ մնում հայը, վրացին, հրեան, ռուսը… Եվ որովհետև մենք էլ ոչ պակաս էինք ճոճվում, ստիպված էինք կառչել իրարից ու ժպտալ, ասես ամուր գետնի վրա ենք… Կրակին յուղ էր լցնում մեր տրիումվիրատից երրորդը՝ արտաքին հարաբերությունների վարչության պետ Վահագն Աթաբեկյանը, որ բարձր ձայնով ինչ-որ ահասարսուռ պատմություն էր սկսել, որից ավելի շատ էին ծիծաղում, քան մեր անկապ անեկդոտներից: Երբ վերջապես դուրս սողոսկեցինք տուրբուլենտության գոտուց, բոլորս այնքան էինք հոգնել, ասես մի ամբողջ գիշեր վագոն էինք բեռնաթափել: Լառնակայում այնպիսի փափուկ արև ու կապույտ երկինք էր, որ թվում էր՝ տուրբուլենտությունը կամ մղձավանջ էր, որ տեսել ենք երազում, կամ սարսափ ֆիլմ, որ չենք կարողանում մոռանալ: Ընդամենը:    

***

Տիրանա էինք թռչում, ՍԾՏՀ ԽՎ նիստի՝ Ալբանիայից հետո Հայաստանը ստանձնում էր նախագահությունը, գիտեինք, որ Տիրանայում հոսանքի հովհարային անջատումներ են լինում, բայց չէինք կարծում, որ նաև օդանավակայանում: Երբ ինքնաթիռները վայրէջքի են գնում: Ու լիակատար խավարի մեջ մեր ինքնաթիռը իջնում է՝ չեն երևում ոչ մյուս ինքնաթիռները, ոչ օդանավակայանը, ոչ թռիչքուղին: Բոլորս էլ տեսնում ենք, որ բացարձակապես խավար է շուրջբոլորը: Ու չգիտես ինչու, ոչ թե վախենում ենք, այլ զվարճանում ենք, որ ալբանացիներն էլ են հովհարային անջատումների մեջ, ինչպես մի ժամանակ մենք: Եվ միայն գունատված ուղեկցորդուհիների տեսքից ենք հասկանում, որ մեր վայրէջքը Տիրանայում ոչ միայն ֆորս մաժոր է, այլև՝ մեծագույն հաջողություն: Երկրորդ ծննդյան օր:

***

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր Նյու Դելի, վերադարձը Մյունխենով էր՝ 8 ժամյա դադարով: Օդանավակայանում մեզ դիմավորեցին դեսպանատան աշխատակիցները, ասացին, որ պատրաստ են քաղաք տանելու, եթե պետք է՝ հյուրանոց, Տիգրան Թորոսյանը պատասխանեց իր պատմական «Որ ի՞նչ լինի»-ով: Հետո համաձայնեց՝ մտածել: Մենք դեգերում էինք օդանավակայանի տարածքում, մանրամասն ամեն ինչ արդեն ուսումնասիրել էինք մեկ ժամում, երկու, երեք… Տիգրան Թորոսյանը մտածում էր: Քիչ է ասել՝ հոգնել էինք, երբ օդանավակայանի առաջ քեզ սպասում են մեքենաները, կարող ես դուրս գալ քաղաք, ոտքով շրջել, հյուրանոց մտնել, մի քիչ հանգստանալ, պարզապես կտրվել օդանավակայանի հեղձուկից ու հորձանքից, բայց Տիգրան Թորոսյանը մտածում է, իսկ առանց նրա գնալը, մեղմ ասած, արարողակարգի դեմ է, նույն այդ օդանավակայանը դառնում է անձնական թշնամի: Եվ միայն 7 ժամ անց, երբ արդեն իմաստ չուներ Մյունխեն գնալ, Տիգրան Թորոսյանը ասաց. «Որ շատ եք ուզում, գնանք»: Իհարկե, չգնացինք, օդանավակայանում գարեջուր համտեսելով ու նրբերշիկ քչփորելով, որ հոգնածությունից կուլ չէր գնում, համարեցինք, որ Մյունխենը աշխարհի գեղեցկագույն քաղաքներից է: Հետո, չգիտեմ ինչու, Մյունխենից Երևան ամբողջ թռիչքի ընթացքում, առանց որևէ պատճառի, սկսեցի լաց լինել: Արցունքներս իրենք իրենց հրելով՝ հոսում ու հոսում էին, այնքան անկանգ, որ… ծիծաղս էր գալիս, բայց լաց էի լինում:

***

Եվ, այնուամենայնիվ, օդանավակայանում նաև երջանիկ եմ եղել: Իտալիայից վերադառնում էինք Երևան՝ Հռոմ-Ֆլորենցիա-Տրիեստ-Վենետիկ: Առաջին անգամ կյանքում տուն գալ չէի ուզում, Իտալիայից հեռանալ չէի ուզում: Մանավանդ՝ Վենետիկից: Երբ հասանք օդանավակայան, մտածում էի՝ մի հրաշք լիներ ու մի քիչ էլ մնայինք Վենետիկում: Եղավ՝ հորդ անձրև սկսվեց, այնքան հորդ ու այնքան վարար, որ օդանավակայանը դադարեցրեց աշխատանքն անորոշ ժամանակով՝ մինչև անձրևը դադարի: Ապրիլյան անձրևը Իտալիայում՝ անկանգ, անվերջ: Ես դուրս էի եկել օդանավակայանի շենքից ու մուտքի ծածկի տակ կանգնած՝ շնորհակալությունս էի հղում Աստծուն, որ ձայնս լսեց ու դեռ Իտալիայի խելահեղ գեղեցիկ (այդ պահին գորշ ու մռայլ, կայծակնալից ու որոտացող) երկնքի տակ եմ: Իտալիայում եմ, որ սիրում եմ ու … Հինգ ժամ հետո հրավիրեցին թռիչքի: Երևանում պարզվեց, որ վերադարձել ենք մենք, բայց ոչ մեր ուղեբեռը: Երեք օր հետո չգիտեմ որ երկրներում պտտված մեր ուղեբեռը հասավ, ու երբ բացեցի ճամպրուկս, առաջին ցանկությունը փակելն էր: Ամենայն հավանականությամբ՝ մեր ճամպրուկները մնացել էին ինչ-որ տեղ՝ բաց երկնքի տակ, և հասցրել էին դուրսուներսով թրջվել… Ամբողջովին: Չգիտեմ ինչու՝ բնավ չզայրացա: Բորբոսը Վենետիկի հորդ անձրևի մասին հաճելի հիշողություն էր:

***

Օդանավակայանների հետ կապված նաև զավեշտալի պատմություններ են եղել: Հայաստան էր գալիս ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը: Արարողակարգով արդեն ամեն ինչ պատրաստ էր, պատվիրակությունը, գորգը, ծաղիկները, և… ՌԴ սպիտակ-կարմիր-կապույտ դրոշը բարձրացնելու պահին, երբ Սերգեյ Միրոնովի ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի, հասկանում ենք, որ ԱԺ-ից բերել ենք Ֆրանսիայի սպիտակ-կարմիր-կապույտ դրոշը: Երկու դրոշների գույները նույնն են՝ ՌԴ-ինը՝ երկարությամբ են զոլերը, Ֆրանսիայինը՝ լայնությամբ: Պարզ է, որ ՌԴ Դաշնության խորհրդի նախագահին Ֆրանսիայի դրոշով դիմավորելը, մեղմ ասած, սկանդալ է լինելու: Արարողակարգի վարչության տղաները նետվում են մեքենա ու խախտելով երթևեկի հնարավոր բոլոր կանոնները, ոստիկանության մեքենայի ուղեկցությամբ, սլանում են Բաղրամյան 19՝ դրոշի հետևից, բայց ինքնաթիռն արդեն «Զվարթնոցի» վրա է: Կա միայն մեկ տարբերակ՝ Միրոնովին ու իր պատվիրակությանը «տեխնիկական պատճառներով» վայրէջքի թույլտվությունը ձգձգվում է: Եվ միայն երբ ՌԴ դրոշը հայտնվեց «Զվարթնոցում» ու բարձրացավ ձողին, բոլորս «զարմացանք», թե ինչու՞ է Միրոնովի ինքնաթիռը պտտվում օդում ու չի իջնում: Իշխող տարբերակը՝ «Արարատն է նկարում»: Արարատն այդ օրը կուրացուցիչ գեղեցիկ էր:

***

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի հետ Ստրասբուրգից թռչում ենք Փարիզ, օդանավակայան ենք հասել ժամանակից շուտ, Տիգրան Թորոսյանը զրուցում է ԵԽԽՎ-ում մեր ներկայացուցչության ղեկավար Քրիստիան Տեր-Ստեփանյանի հետ: Արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը պատրաստվում է բոլորիս անձնագրերն ու տոմսերը… Բայց չկա նրա նշանավոր պորտֆելը, որ մենք անվանակոչել ենք «Միջուկային ճամպրուկ», ոչ մի տեղ չկա, ոչ մեկիս մոտ չէ, մնացել է հյուրանոցում: Եվ Արտակն ու Քրիստիան Տեր-Ստեփանյանի օգնական Արթուրը Ֆրանսիայում անհնարն են անում՝ կես ժամում հասնում են հյուրանոց ու վերադառնում՝ սահմանելով Ստրասբուրգ-Ստրասբուրգի օդանավական գնալ-գալու համաշխարհային ռեկորդ, որ կարող էր գրանցվել Գինեսի գրքում: Ասում էին՝ նույնիսկ երթևեկի կանոնները չեն խախտել, բայց դա մեծ ու անհավանական չափազանցություն էր՝ դատելով Արթուրի շիկնած դեմքից ու մոլորված հայացքից: Մենք բոլորս, սակայն, անսահման շնորհակալ էինք Քրիստիան Տեր-Ստեփանյանին, որ այդ ամբողջ ընթացքում այնքան էր խոսել, որ ոչ Տիգրան Թորոսյանը, ոչ պատվիրակության մյուս անդամները չէին հասկացել՝ ինչ է կատարվում:

***

Նման պատմություններ էլի են եղել, բայց ոչ ամեն ինչ ու ոչ բոլորն արժի բարձրաձայնել: Տասնամյակների հեռավորությունից միայն լավն է հիշվում,  տհաճություններն ու ձախորդությունները մեր իմաստուն հիշողությունը զտում է ու նետում մոռացության գետը: Ինչքան գաղտնիքներ ունեն Լետայի ալիքները...   

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին