2014-ին լրացել էր Ստամբուլում հրատարակվող հայկական «Ժամանակ» օրաթերթի 100 տարին: Գլխավոր խմբագիր Արա Գոչունյանին վաղուց ծանոթ էի, և քանի որ նա նորից Երևանում էր, դեկտեմբերի կեսին հանդիպեցի «Անի պլազա» հյուրանոցում: Հարցազրույցը, որ տպագրվեց «Իրատես de facto»-ում (16.12.2014), վերնագրել էի «Աշխարհում հետզհետե ամեն ինչ հարաբերական է դառնում»: Հարցազրույցից դուրս մեր խոսակցությունը, իհարկե, ավելի հետաքրքիր էր ու ավելի առարկայական՝ որոշակի խնդիրների որոշակի լուծումների ու իրավիճակի ընդհանրական գնահատականի առումով: Արա Գոչունյանը իրապես տեղեկացված անձ է ու հետաքրքիր մտածողության տեր, որ, այնուամենայնիվ, կրում է բնակության վայրի ու երկրի հարկադիր սահմանափակումները հանրային խոսքում, բայց անձնական զրույցում, երբ սահմանափակումները հանվում են, նրա խոսքը դառնում է զուտ հայի ու հայկական գենի կրողի, որ աշխարհի հետ միշտ կռիվ ունի…
***
-Թուրքիայում ի՞նչ տրամադրություններ կան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
-Առանձնապես բեկումնային պահ ապահովելու տրամադրություններ ու հասունացած միջավայր, ըստ էության, չկան: 2015-ին ընդառաջ Թուրքիայում արդեն նախօրոք սկսված գործընթաց կա՝ 1915-ի Թուրքիայի պաշտոնական պատմության մատուցած տվյալներին առընթեր այլընտրանքային տեսակետներին ծանոթանալու, թուրքական լրատվամիջոցներում, հասարակական շրջանակներում այդ հարցերի բարձրացման հանդուրժողականության միջավայր ունենալու, որ վերջին հինգ և ավելի տարիներին համայնքը՝ ապրիլի 24-ի ոգեկոչումներով, որոշակի հանգրվանի է հասել:
-Այդ միջավայրում շատե՞րն են:
-Խնդիրը քանակով գնահատելն այդքան էլ ճիշտ չէ: Խոսքը վերաբերում է Թուրքիայի մեծագույն տաբուին, որի առկայությամբ, պարզ է, որ զանգվածայնություն չի կարող լինել այլընտրանքային տեսակետների հետամուտ մարդկանց կամ մի քիչ ավելի առաջ գնալով՝ հայոց ցավը կիսելու պատրաստ մարդկանց դեպքում: Երկու հասարակություններում էլ կեցվածքները շատ հակադիր են, մեղմացումը ժամանակ է պահանջում:
-100 տարին բավարար չէ՞ր:
-100 տարի առաջվա դեպքերի սպիացման գործընթացն արդեն իսկ երկար ժամանակ է պահանջում: Հիմիկվա գործընթացի վաղեմությունն այդքան երկար չէ, Հայաստանի անկախացումը բնորոշեց Թուրքիայում Հայկական հարցի տաբուից դուրս գալը, երբ Թուրքիան ունեցավ միջազգային իրավունքի առարկա միավոր, որի հետ կարող էր շփվել այս հարցի շուրջ: Բայց քանի որ պետությունների միջև հարաբերությունները, ուրիշ խնդիրների պատճառով, բնականոն հունի մեջ չկարողացան մտնել, պետությունը պետության հետ շփումը տեղափոխվեց հասարակական երկխոսության դաշտ: Այսօր երկու պետությունները ողջ գործընթացում իրարից լուրջ հուսախաբություններ ունեն: Միմյանց հետ նոր ճանապարհ ձեռնարկելուց առաջ փոխադարձ անվստահությունը պիտի հաղթահարել: Այդ պայմաններում է ծավալվում հասարակական երկխոսության գործընթացը, որը կարող է ողջունելի ու դրական երևույթ լինել, բայց և կարող ենք ահավոր սխալվել, եթե մտածենք, որ հասարակական երկխոսությունը ի զորու է փոխարինել միջպետական հարաբերություններին: Դա բացառվում է:
-Հե՞շտ է այսօրվա Թուրքիայում հայ լինելը:
-Թուրքիայի Հանրապետության գոյության ավելի քան 90 տարիներին, ամենատարբեր ժամանակաշրջաններում Թուրքիայի հայ համայնքի անդամները, հայկական արմատներով քաղաքացիները կարողացել են իրենց ինքնությունը պահպանել: Անկախ հեշտ կամ բարդ լինելու հանգամանքից՝ Թուրքիայում հայկական ինքնության գոյատևումը ունի բավական ամուր կռվաններ: Խոսքը միայն Ստամբուլի մասին է, հայ համայնքի 95 տոկոսը Ստամբուլում է ապրում, որտեղ ազգային կառույցների մեծ ցանց ունենք: Քաղաքում 150-200 000 հայի գոյության պայմաններում և նրանցով պայմանավորված՝ ձգողականության ցանց կա՝ պատրիարքարանի գլխավորությամբ, թե կրոնական, առողջապահական, կրթական և մյուս ոլորտները ներկայացնող հաստատությունների: Այդ հաստատությունները հնարավորություն են ընձեռում, որ մարդիկ կապված մնան իրենց արմատներին, հաղորդակցվեն իրենց ժառանգությանը, որը խթանում է հայապահպանությունը: Մյուս կողմից՝ սիներգիայի ազդեցություն է ստեղծվում. այդ կառույցների ցանցը կանգուն է պահվում նախատեսված ուժերի մեկ քառորդով միայն: Այսօրվա համայնքը գերմարդկային ճիգեր է գործադրում, որ իրեն ավանդած կառույցների ցանցը իր առաքելության տևականացումով գոյատևի: Դա համայնքի անդամների համար պատմական պատասխանատվություն է: Այդ ճիգը մարդկանց մեջ միշտ արծարծված է պահում հայկական ոգին: Անհրաժեշտ ենթագետին կա, որ հայկական արմատներով քաղաքացիները կարողանան իրենց ինքնությանը հավատարիմ մնալ ու տևական պահել:
-Խնդիրները երիտասարդների՞ հետ են կապված, լեզվակա՞ն են, քաղաքակա՞ն, նյութակա՞ն, կամ՝ բոլորը միասի՞ն:
-Կարող եք հաջորդականությունը Դուք դասավորել: Եթե մանրամասնենք, առարկայական պատկերը, որ մեր սփյուռքի բոլոր համայնքներում կամ գաղութներում անխուսափելի է, հետևյալն է. կան հարցեր, որ համայնքի ներքին կյանքից են բխում, և կարգավորումը կախում ունի համայնքի ներքին կազմակերպական վիճակից, մարդկանց անձնային կամ կառույցների փոխհարաբերություններից: Կան հարցեր, որ կապված են պետության հետ: Ինչ վերաբերում է լեզվի հարցին, սփյուռքի գլխավոր մարտահրավերներից մեկն է, որ բոլոր խնդիրներից առանձնանում է՝ ոչ կարող ես ներքին հարցերի ցուցակի մեջ դնել, ոչ պետության վերաբերմունքի ցուցակի, համաշխարհայնացած աշխարհի խնդիրների մարտահրավեր է: Հայ ժողովուրդը սփյուռքում փոքրամասնական կարգավիճակով է գոյատևում, մինչդեռ այսօր աշխարհի ամենավառ մշակույթը կրող լեզուներն անգամ լեզվի պահպանության տագնապ են զգում: Նայեք ֆրանսերենին, գերմաներենին, նայեք իրենց պետությունների հզորությանը: Մի կողմից աշխարհի լեզուն դառնում է անգլերենը, մյուս կողմից՝ նաև անգլիացիները կամ այդ մշակույթը կրողները այդ լեզվի հեղափոխության ընթացքից կամ հեռանկարներից անհանգստություն են հայտնում, որովհետև աշխարհը հիմա զուտ տեսողական ճանաչողության ճանապարհն է ընտրում:
-Ուզում եք ասել՝ գրավոր մշակույթը նահանջո՞ւմ է:
-Գրավոր մշակույթի տկարացման հարցերը ոչ մի ժողովուրդ իր սեփական ուժերով կարգավորելու հնարավորություն չունի: Մենք աշխարհի ընդհանուր ընթացքը պետք է շատ լավ դիտարկենք, որ կարողանանք մեզ համար դասեր առնել, և չձախողվենք:
-Ստամբուլում այսօր հայերեն ի՞նչ թերթեր են լույս տեսնում:
-Մենք օրաթերթ ունեցող սակավաթիվ համայնքներից մեկն ենք, հավելեք, որ 15 հայկական դպրոց ունենք, ինչը լեզվի տևականացման համար շատ կարևոր է: Դպրոցները պիտի պատրաստեն այն զանգվածը, որ այդ լեզուն ժառանգելու է, մամուլը նրանց համար պրակտիկա է, բայց մամուլը միայնակ հարցը չի կարող լուծել, որովհետև եթե մամուլը դադարի լրատվամիջոց լինել, իր գոյությունը կվտանգի:
-Ի՞նչ խնդիր ունի այսօր Ձեր խմբագրած «Ժամանակը»: Իբրև խմբագիր կարողանո՞ւմ եք Ձեր խոսքը տեղ հասցնել:
-Մեծավ մասամբ կարողանում ենք ասել՝ ինչ ուզում ենք: Հետադարձն էլ ունենք: Բայց դա էլ հարափոփոխ է, աշխարհում հետզհետե ամեն ինչ հարաբերական է դառնում, հարաբերական է դառնում նաև ճշմարտությունը, որովհետև բոլորն իրենց ճշմարտությունն ունեն: Հասարակական մտքի պատրաստության գործընթացը, աղբյուրների զանազանության ավելացումով, հետզհետե ավելի բարդ է դառնում (հավակնոտ չեմ լինի, եթե ասեմ՝ անգամ հայրենի լրատվամիջոցներն այդ խնդիրն ունեն): Մենք կարողանում ենք տեղում մեր հարցերը լուծել, բայց լավից էլ լավը կա, փորձում ենք նաև ապագային պատրաստվել, թերթի առաքելությունը կայուն պահել և մի հարց ավելի լուծել՝ սկսած լրատվամիջոցի առաքելությունից մինչև լեզվի պահպանություն, մեր պարագայում՝ աշխարհից կորչելու վտանգի տակ գտնվող արևմտահայերենի ամենօրյա գործածության հնարավորություն ընձեռելով:
-Թուրքիայում Հասան Ջեմալի գործունեությանը ինչպե՞ս են վերաբերվում հայերը և ինչպե՞ս՝ թուրքերը:
-Հասան Ջեմալը Թուրքիայում բավականին հեղինակավոր լրագրող ու հրապարակագիր է, մի քանի տասնամյակ առաջ կարևոր թերթերում գլխավոր խմբագիր է պաշտոնավարել, Թուրքիայի մամուլի արդի պատմության մեջ իր դերակատարությունն ունեցած անձնավորություն է: Եզակի մարդկանցից է, որ աշխատել է և ձախակողմյան, և լիբերալ-աջակողմյան թերթերում: Ձախակողմյան թերթերում աշխատելիս ցանկացել է ավելի այլընտրանքային տեսակետներ բերել, որ այդ պահպանողական միջավայրում դժվար է ընդունվում: Միշտ էլ կարողացել է առաջատար թերթերում իր պահանջարկն ունենալ:
-Այսինքն՝ տարիների մեջ ունի իր անձնական ընթերցո՞ղը:
-Այսօր դժվար 30 տարի առաջվա վիճակը լինի, այսօրվա ընթերցող զանգվածը ոչ մեկին բացարձակ վստահությամբ չի վերաբերվում՝ համացանցային աշխարհ է, մարդիկ անգամ իրենց առողջության հարցերով են համացանցին դիմում: Նրա կարծիքը հարգված է՝ այսպես ասենք: Թուրքիայում նաև խոր արմատներ ունեցող գերդաստաններն են կարևորվում հասարակության մեջ, տոհմերի դերակատարության շարունակականության հասարակական ընկալումը կա: Բայց Հասան Ջեմալի պարագայում տոհմական ընկալումը չէ գլխավորը: Հայերը առանձնապես որևէ մեկին առանձնացնելու սովորույթ չունեն: Թուրք մտավորականների փաղանգ կա, որ Հայկական հարցի վերաբերյալ այլընտրանքային մոտեցում ունի, նրանց խոսքը հասարակության ծայրահեղ շրջանակներից կամ ավելի խիստ դիրքորոշումներ ունեցած անձանց բանաձևումներից տարբերվում է: Փոքրամասնությունների պարագայում միշտ կա բարոյահոգեբանական գործոնը: Եթե մթնոլորտը շատ լարվում է, փոքրամասնության հավաքականության անդամի համար հարցը դադարում է քաղաքական կամ սկզբունքային լինել, մարդիկ տագնապում են: Հասան Ջեմալը Թուրքիայի հայության մեջ առանձնապես վերապահումների տեղիք տվող մարդ չէ, լուրջ, գաղափարական գետնի վրա գործող մարդ է և իր լրագրողական փորձառությունը իրեն հարգանքի արժանի է դարձնում:
-Հասան Ջեմալը Երևանում ասում էր՝ պատերը պետք է քանդել: Այսօրվա Թուրքիայում կա՞ այդ պատերից ազատվելու ռեալ ցանկություն:
-Հասարակության շրջանում կա հետաքրքրություն: Պետության վերաբերմունքը պետք է հասկանալ պետության առարկայական շահերով, ցանկացած պետություն իր շահերով է առաջնորդվում, իսկ այդ շահերը պայմանավորող գործոնները երբեմն կարող են հասարակության ներքին տրամադրություններից բխելով՝ մղիչ ուժ դառնալ, կամ լինեն հանգամանքներ, որ կախված են միջազգային իրադրությունից: Քաղաքականությունը հարափոփոխ է, աշխարհում անընդհատ փոփոխություններ են լինում, ուրիշների հարաբերությունները կարող են ձեր խնդիրների վրա ազդել: Պատերն իրենց տեղից շարժելու պատրաստակամությունը խոսքով միշտ ասվում է:
-Խոսքով բոլորն էլ համաձայն են՝ Էրդողանից ու Դավութօղլուից սկսած վստահության վերականգնման մասին են խոսում, ինչո՞ւ է հարցը փակուղում, խնդիրը իրականում ցեղասպանությո՞ւնն է, թե՞ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենալու նախապայմանը առնչվում է Ղարաբաղին ու Ադրբեջանին:
-Այսօր Թուրքիայի, Հայաստանի կամ Կամբոջայի պետության ղեկավարը չի կարող սկզբունքորեն տարբեր խոսք ասել իր պրոբլեմների մասին, ասենք, թե մենք ուզում ենք հավերժ թշնամի մնալ սրանց, ուզում ենք ոչնչացնել աշխարհից: Այսօր այդ ոճը բացառված է, մարդիկ ուզում են խոսել խաղաղության լեզվով, կառուցողական շեշտերով, որպեսզի իրենց տեսակետները միջազգային ընտանիքում ավելի ընդունելի դառնան և մարդկանց կատեգորիկ վախ չպատճառեն: Մյուս կողմից՝ նրանց գործնական դրսևորումները կարողանում են այդ գործընթացը հասունացնել, իրադարձությունների ընթացքը հունի մեջ դնել կամ ոչ: Դա հարցի գործնական հարթությունն է, որը հայ-թուրքական փոխհարաբերություններում այսօր չի ստացվում:
-Ինչո՞ւ:
-Թուրքիայի ամենացավոտ բնագավառներից մեկը էներգետիկան է: Սպառումն ավելանում է, իսկ արտադրական հզորությունը չի համապատասխանում: Էներգետիկ խնդիրներով թուրք-ադրբեջանական հարաբերությունների ընթացքը շատ ճակատագրական նշանակություն ունի:
-«Մեկ ազգ, երկու պետություն» սահմանման հիմքում միայն էներգետիկ շահե՞րն են:
-Անցյալում ծանոթներիցս մեկն ասում էր՝ եթե այսպիսի հարաբերությունների պարագայում տեղերը փոխեիք, և Հայաստանի տեղը լիներ Թուրքիան, Թուրքիայի տեղը՝ Հայաստանը, Հայաստանը նույնը կաներ: Այսօրվա իրականության պատկերը սա է: Քաղաքականությունը կամ դիվանագիտությունն այն չէ, որ ցանկություններովդ առաջնորդվես, առարկայական պատկերը պիտի տեսնես: Այս վիճակում Հայաստանը փորձում է միջազգային հանրության համար շատ համոզիչ լինելու ձգտումով դուրս գալ փակուղուց, և՝ վատ չի գործում: Ի վերջո՝ իր հնարավորություններով փորձում է առավելագույն պատկերը ստեղծել, որ ինքը շրջապատման է ենթարկված, որը միջազգային հարաբերությունների ներկա մտայնության տեսակետից բավականին պրոբլեմատիկ երևույթ է, բայց այսօր անգամ ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի համար, որ միջազգային ընթացքը իրենց նախաձեռնություններով բնորոշելու հնարավորություն ունեն, այդքան հեշտ չէ պրոբլեմը լուծել: Բարդ խնդիրների կարգավորման հասունացումը ժամանակ է պահանջում:
-Ձեր կարծիքով՝ այդ ժամանակը ե՞րբ կգա:
-Այդ հարցին այս պահին անգամ երկու հանրապետությունների նախագահները կդժվարանան պատասխանել:
-Երկո՞ւ, թե՞ երեք, եթե հաշվի առնենք «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքը:
-Ուզում եք՝ Մինսկի խմբի նախագահներին էլ միացրեք: Ես կարծում եմ՝ որքան դերակատարները բազմանան, այնքան վիճակը բարդանալու է: Հայաստանը, մի կողմից, աշխարհին փորձում է բացատրել իրավիճակը, մյուս կողմից՝ Հայաստանի ահազանգը իմաստ է ստանում և հնչողությունը բարձրանում է, երբ միջազգային ընտանիքը տեսնում է, որ այս պետությունն այդ պայմաններով կարողանում է դիմադրել այսքան տարի: Ի՞նչ էր ադրբեջանցիների նպատակը, երբ փորձում էին այս միջավայրը ստեղծել: Հայաստանը ծնկի բերել: Մարդիկ այսօր տեսնում են, որ այդ քաղաքականությունն անհեռանկար է, ի վերջո Հայաստանի Հանրապետությունն ունի այդ ներուժը, ունի այդ կամքը: Բայց տարբեր է՝ հասկանալ, որ այդ քաղաքականությունն անհեռանկար է, և տարբեր՝ հրաժարվել այդ քաղաքականությունից, նույնքան և ավելի տարբեր՝ հասկանալ, թե հրաժարվելուց հետո ի՞նչ եք տեղը բերում:
Մշուշոտ պատկեր է, մոտավոր ապագայում չի երևում, թե Թուրքիան կբացի սահմանը, դիվանագիտական հարաբերություններ կլինեն: Շահագրգիռ կողմերից ոչ մեկն իր դիրքորոշումը փոխելու առարկայական հիմքեր չունի: Ինչո՞ւ պիտի Հայաստանը փոխի: Ինչո՞ւ պիտի Թուրքիան փոխի: Կամ՝ Եվրամիությունը: Փոխելու պարագայից զատ՝ կա մի քիչ ավելի ճկունացնելու պարագան, բոլորն ուզում են այսօրվա ընթացքը փոխվի, բայց բոլորն էլ ուզում են ստեղծվելիք նոր իրադրության մեջ իրենց կշիռը պահպանել: Նոր հարաբերակցության ձևավորումը երկար ժամանակ է պահանջում: Տեսականորեն՝ անգամ եթե Հայաստանը և Ադրբեջանը ասեն՝ տեսնենք, թե մենք իրար հետ ինչ կանենք այս հարցը, Մինսկի խմբի համանախագահ երկրները կարող են մտածել՝ եթե սրանք տեղում հարցը լուծեն, մենք ի՞նչ ենք անելու: Սա մի տարածաշրջան է, որ աշխարհի բոլոր գերտերությունների շահերի խաչմերուկն է նաև իր էներգետիկ պաշարներով, տարանցիկ ճանապարհներով: Հայաստանը չի գտնվում հարթ տարածաշրջանում, որտեղ բարի ցանկությունների պարագայում հնարավոր է հարցերի լուծման հասնել: Ոչ: Եվ հայերը, և տարածաշրջանի մնացած ժողովուրդները բոլորն էլ իրենց անցած պատմական ճանապարհով գիտեն խաղաղության արժեքը: Այդ իմաստով նվազ նախանձախնդրություն է ցուցաբերում Ադրբեջանը: Թուրքիան էլ, Հայաստանն էլ պատերազմի գնալու տրամադրություններ չեն բարձրաձայնում, բայց միշտ էլ այդ տարբերակի նախազգուշական քայլեր ունեն: Մաղթենք, որ իրադարձությունների ընթացքից բխեն խաղաղություն, համերաշխություն, համագործակցություն, բայց այդ ամենը, ավաղ, ցանկության ու մաղթանքի մակարդակում չէ:
***
Ահա այսպես էր 2014-ին: Այսօր էլ Արա Գոչունյանը խմբագրում է իր «Ժամանակ» օրաթերթը, փոխվել են ժամանակները, սահմանները, բայց ոչ խնդիրները:
Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: