Կամո Արեյան. Երեւան՝ սկիզբ եւ վերջ - Mediamax.am

Կամո Արեյան. Երեւան՝ սկիզբ եւ վերջ
3043 դիտում

Կամո Արեյան. Երեւան՝ սկիզբ եւ վերջ


Մասնագիտության բերումով մարդկանց հետ շատ հեշտ եմ ծանոթացել, եւ՝ շա՛տ մարդկանց, հետո նույնքան արագ ու հեշտ մոռացել եմ շատերին, երբ անհետացել են տեսադաշտից: Բայց կան մարդիկ, ում եթե նույնիսկ կյանքում մեկ անգամ եմ հանդիպել, հիշում եմ: Կամո Արեյանին ոչ թե մեկ, երեւի 101 անգամ եմ հանդիպել՝ աշխատանքի բերումով (պաշտոնական միջոցառումներն ունեն նաեւ հաճելի պահեր՝ հանդիպում ես մարդկանց, որ անընդհատ զբաղված են, եւ հավեսով զրուցում ես ամեն ինչի ու ոչնչի մասին), հանգամանքների ու պատահականության: Երբ 2000-ի դեկտեմբերին գնում էի նրա հետ հարցազրույցի, հի՛ն ծանոթներ էինք, մի քանի անգամ պայմանավորվել էինք հանդիպել, ու՝ կամ նա էր բեկանել, կամ՝ ես: Բնականաբար տարբեր միջոցառումներին երբեք առիթը բաց չէի թողնում նրանից կարճ հարցազրույցներ վերցնելու, միշտ ստանում էի մասնագիտական ու մարդկային ամբողջական պատասխաններ, բայց մեծ հարցազրույց դեռ չէի արել: Գիտեի, որ սասունցի է (արդեն պատմություն է), տնտեսագետ, 1995-1999-ին, երբ պատգամավոր էր, հաճախ էի հանդիպել Ազգային ժողովում… Միով բանիվ՝ գնում էի հանդիպման մի մարդու հետ, ում կյանքը հրապարակային էր, ում մասին թվում էր՝ բոլորն ամեն ինչ գիտեն… 2000-ի դեկտեմբերին նա Երեւանի փոխքաղաքապետն էր:

***

-ՀՀ Սահմանադրության մեջ Երեւանը հիշատակվում է միայն 13 եւ 108 հոդվածներում, ըստ որոնց Երեւանը ՀՀ մայրաքաղաքն է եւ ունի մարզի կարգավիճակ, քաղաքապետին վարչապետի ներկայացմամբ նշանակում եւ ազատում է ՀՀ նախագահը, տեղական ինքնակառավարումը Երեւանում իրականացվում է թաղային համայնքներում: Երեւանը լիովին եւ արդյունավետ կառավարելի քաղաք դարձնելուն ի՞նչն է պակասում:

-Սահմանադրորեն, այո, Երեւանին տրված է մարզի կարգավիճակ: Այս դրույթը, ըստ էության, ամրագրված է տարածքային կառավարման հեշտացման առումով: Բայց տարբեր են տարածքային կառավարումը եւ զուտ քաղաքային՝ մունիցիպալ կառավարումը:

-Սահմանադրության ընդունումից հինգ տարի է անցել: Ցանկացած Սահմանադրության համար բավարար ժամանակ՝ ճշգրտումներ անելու առումով: Սահմանադրական բարեփոխումներում Երեւանի առումով ի՞նչն եք անհրաժեշտ համարում:

-Բարեփոխումները կարող են թելադրվել քաղաքական, տնտեսական, օրենսդրական նկատառումներով: Ամբողջ խնդիրը Սահմանադրության 108 հոդվածն է, ըստ որի տեղական ինքնակառավարումը Երեւանում իրականացվում է թաղային համայնքներում, որից էլ բխեց մյուս օրենքը «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին», ըստ որի կատարվեց Երեւանի վարչատարածքային բաժանումը 12 թաղային համայնքների: Կյանքը ցույց տվեց, որ այդ բաժանումն օպտիմալ չէր. 12 համայնքները Երեւանի համար շատ են: Երեւանը քաղաքաշինական, ժողովրդագրական, տնտեսական, արտադրական ու սոցիալական ենթակառուցվածքների, ստորգետնյա ու վերգետնյա կոմունիկացիաների առումով մեկ ամբողջություն է: Մեկ անտրոհելի ամբողջություն: Ուստի վարչատարածքային բաժանման մեջ, որի միավորներն օրենսդրությամբ համայնքներն են, Երեւանը դիտարկելի է իբրեւ մեկ քաղաքային համայնք, քանզի նրա թաղային համայնքներում ընդգրկված թաղամասերից եւ բնակավայրերից ոչ մեկը չի կարող բնութագրվել որպես «տարածքային, տնտեսական կամ պատմական առումով տարանջատված տարածքային միավոր», բացառությամբ արհեստականորեն մայրաքաղաքին միացված 4 գյուղական բնակավայրերի:

Ինչքան էլ փորձենք տեղական ինքնակառավարման թաղային ինստիտուտը կայացնել Երեւանում, չի ստացվի, որովհետեւ քաղաքաշինական մեկ ամբողջություն է: Այդ իսկ պատճառով Երեւանում չի կայանում համայնքային սեփականության կատեգորիան: Կոմունալ ողջ համակարգի ենթակառուցվածքները իրենց ինժեներական կառուցվածքով իբրեւ համաքաղաքային սեփականություն անտրոհելի են: Չեն կարող լինել ջրամատակարարման, ջերմային տնտեսության, տրանսպորտային համայնքային լոկալ համակարգեր: Երեւանի քաղաքապետի նշանակման եւ ազատման կարգը ամրագրված է սահմանադրորեն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության կարգը ամրագրված է Ընտրական օրենսգրքում: Քաղաքապետը կառավարումը իրականացնում է Երեւանում պետական կառավարման մասին նախագահի հրամանագրով: Համայնքի ղեկավարը իր լիազորություններն իրականացնում է տեղական ինքնակառավարման մասին օրենքով: Ստացվում է, որ մեկ բնակավայրի ամբողջության մեջ քաղաքապետն իր լիազորություններն իրականացնում է օրենսդրական մեկ ակտով, համայնքապետերը՝ մեկ այլ ակտով:

-Ուրեմն՝ հասունացել է Երեւանի մասին առանձին օրենք ունենալու անհրաժեշտությունը:

-Երեւանի մասին առանձին օրենք ունենալուց առաջ պետք է հստակեցնել մի քանի սկզբունքներ: Ես նշեցի օրենքները, եթե անդրադառնանք ենթաօրենսդրական ակտերին եւ կառավարության որոշումներին՝ հասցեագրված Երեւանի քաղաքապետին, ավելի բարդ վիճակ կստեղծվի: Քաղաքապետը պետք է այդ որոշումների իրականացումը տարաբաժանի մինչեւ թաղային համայնք: Կա հարցի երկրորդ կողմը՝ քաղաքապետարանը որպես պետական կառավարման մարմին, դասական իմաստով մունիցիպալ մարմին չէ, որովհետեւ չունի մունիցիպալ սեփականություն եւ բյուջե: Հանրապետության նախագահը լիազորել է Երեւանի քաղաքապետին կառավարել այդ սեփականությունը, բուն քաղաքի ներսում գույքային քաղաքային համալիրի զգալի մասը հանձնված է համայնքի սեփականությանը: Տեղական ինքնակառավարման մասին օրենքով ընտրովի ավագանին հաստատում է համայնքի բյուջեն, տնօրինում է համայնքի սեփականությունը՝ կառավարել, օտարել, շահագործել՝ այս բոլոր իրավասությունները տրված են տեղական ինքնակառավարման մարմիններին: Կրկնում եմ՝ այդ ամենը քաղաքաշինական մեկ ամբողջության մեջ, ուրեմն ցանկացած քայլ, որ պետք է լուծի համաքաղաքային խնդիր, օրենսդրորեն երկակի ենթակայություն ունի՝ քաղաքապետ որպես պետական կառավարող, համայնքապետ՝ իր լիազորություններով ըստ տեղական ինքնակառավարման մասին օրենքի: Գույքի, սեփականության եւ ֆինանսների կառավարման խնդիրն էլ է երկատված: Այո, անհրաժեշտ է ունենալ օրենք Երեւանի մասին, բայց ի՞նչ օրենք: Այնպիսի օրենք, որը հստակ լուծի Երեւանի՝ որպես մեկ համայնքի եւ բնակավայրի ամբողջական կառավարման խնդիրը եւ ապահովի պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը մեկ օրենքի սահմաններում: Հիմա մի շարք լիազորությունների հարցում՝ քաղաքաշինություն, հողօգտագործում, առեւտուր, առողջապահություն, բնապահպանություն, տեղական ինքնակառավարման մասին օրենքը Երեւանի մասով դարձել է բացառությունների օրենք, որովհետեւ այդ լիազորությունները տրված են մյուս համայնքների ղեկավարներին, բացառությամբ՝ թաղային համայնքների, որովհետեւ քաղաքում անհնարին է այդ գործառույթների տարանջատումը: Գովազդը պիտի՞ ունենա համաքաղաքային կանոններ, առեւտուրը պիտի՞ ունենա համաքաղաքային կանոններ, հնարավո՞ր է տրանսպորտի համայնքային բաժանում, եւ այսպես շարունակ…

-Առաջարկում եք համայնքները վերացնե՞լ…

-Ոչ թե համայնքները վերացնել, այլ Երեւանը քաղաքային մեկ համայնք դիտարկել, վերականգնել մայրաքաղաքի  նախկին վարչատարածքային շրջանային բաժանման սխեման: Հեշտ է արձանագրել թաղային տեղական ինքնակառավարում: Ինքնակառավարման լիազորությունների լիարժեք իրականացումը համապատասխան ֆինանսական ապահովվածություն է պահանջում: Եթե չլինի պետության լրավճարային աջակցությունը, Երեւանի փոքր թաղային համայնքներում տեղական ինքնակառավարումը կզրոյացվի: Անհրաժեշտ է ունենալ քաղաքային մեկ բյուջե, բյուջետային հարկային եւ ոչ հարկային աղբյուրների, քաղաքային տուրքերի եւ վճարների միասնական համակարգ, դրանց ծրագրման, ծախսման ու վերահսկման միասնական ծրագիր: Միայն այս իրողությամբ կարելի է կազմել ու իրականացնել Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ամբողջական ծրագիր, որի իրական գոյությունը ընդունվել է 1996-ից: Բոլորովին պետք չէ խուսափել քաղաքապետի պաշտոնը ընտրովի՞ է, թե՞ նշանակովի հարցից: Աշխարհի շատ մայրաքաղաքներ ունեն կառավարության կողմից նշանակված քաղաքապետեր, իրենց ընտրովի ներկայացուցչական մարմնով: Երեւանին կայուն եւ ճկուն կառավարման մոդել է պետք: Վերջին հինգ տարիներին՝ գործադիր կոմիտեի վերացումից հետո, Երեւանը փոխել է չորս քաղաքապետ, ասել է՝ թե այդ ժամանակահատվածում չորս անգամ էապես փոխվել են քաղաքապետարանի կառուցվածքը, աշխատակազմը, սկզբունքները, մոտեցումները, ծրագրերը, քաղաքապետարանի ու թաղապետարանների փոխհարաբերությունները, միկրոկլիման: Տուժում է քաղաքը, վերանում են ծրագրային խնդիրների շարունակականության սկզբունքը, կադրային ներուժի որակի ու փորձառության կայուն մակարդակի պահպանման հնարավորությունները: Եվ այս ամենը մեկ միասնական օրենքով եւ օրենքից բխող նորմատիվ գերատեսչական ակտերով ամրագրել եւ ապահովել է պետք, այն էլ այնքան հիմնավոր ու կայուն, որ Երեւանն ապահովի սեփական ֆինանսական վերարտադրությունը եւ չշեղվի զարգացման կանոնավոր ճանապարհից: Հինգ տարվա Սահմանադրություն եւ չորս տարվա օրենսդրություն ունենք այսօր, եւ կյանքը ցույց է տալիս, որ օրենսդրությունը եւ իրական գործառույթները ենթակա են ամբողջովին վերանայման: Մենք չկարողացանք 1996-ին լինել Երեւանի քաղաքային գործադիր կոմիտեի ռեֆորմատոր եւ խելամիտ իրավահաջորդը: Մյուս կողմից՝ ընդունված օրենսդրության հետ անընդհատ վիճելը եւ հարցը հերթապահ վիճակում պահելը բնավ ձեռնտու չէ մայրաքաղաքին: Կարծում եմ՝ օրենսդրության իրեն չարդարացրած մեկ տողն ավելի թանկ չէ, քան մայրաքաղաքի ճակատագիրը: Հասունացել է Երեւանի կառավարման մոդելի արմատական վերանայման հարցում վճռական կամքի դրսեւորման պահը:

-Հնարավորինս համառոտ նշեք քաղաքապետարանի կառուցվածքի, իրավունքների ու պարտականությունների մասին:

-Քաղաքապետարանի գործառույթներն ամրագրված են նախագահի հրամանագրում: Գրեթե բոլոր ոլորտներում Երեւանի քաղաքապետին տրված են լիազորություններ, որ ամբողջովին իրականացնելու համար շատ կարեւոր է կառավարության կառուցվածքի եւ գործադիր իշխանության առանձին մարմինների կառուցվածքի հետ բաղդատելը: Ֆունկցիոնալ շատ գործառույթներ տրված են գործադիր իշխանության տարածքային մարմիններին, բոլոր նախարարությունները Երեւանում ունեն գործադիր իշխանության իրենց տարածքային մարմինները: Որոշ համակարգերում հիմնարկները ենթարկվում են քաղաքապետարանին: Քաղաքապետին եւ համայնքապետերին տրված լիազորություններն այսօր չեն ներդաշնակում գործադիր իշխանության տարածքային մարմինների աշխատանքի հետ: Ֆունկցիոնալ առումով մենք ունենք բախումներ: Մի շարք ոլորտների օրենքներ ուղղակի կարված են տվյալ նախարարությունների վրայով: Առաջին հայացքից թվում է, որ Երեւանում լիազորությունների իրականացման բոլոր գործառույթները պիտի տրվեն քաղաքապետին: Դիտարկելի համաշխարհային փորձում այդպես է: Բոլոր մայրաքաղաքներում առնչվում են քաղաքապետարանը եւ գործադիր իշխանության տարածքային մարմինները, առնչվում են պետական բյուջեն եւ տեղական բյուջեն: Մեր պարագայում լիազորությունները տրված են, լուծված է փոխհարաբերությունների խնդիրը, իրականացման մեխանիզմների մեծ բաց կա: Այնպիսի հասկացություններ՝ ինչպես համակարգել, աջակցել, տեղեկատվություն տալ, բանավոր համաձայնություն եւ այլն, օրենսդրության մեջ ամրագրված չեն իրականացման մեխանիզմներով: Երեւանում քաղաքապետարանն է քաղաքի տերը, իրավիճակի վերահսկողը եւ պատասխանատուն: Ահա սա է օրվա եւ ապագա օրենսդրության հրամայականը՝ մեկ օղակից ուժեղ կառավարում:

-Ձմեռնամուտին ջեռուցումը միշտ դառնում է գերխնդիր, տարվա ընթացքում հնարավոր չէ՞ այդ հարցը կարգավորել:

-Թյուր կարծիք է, թե ձմռան շեմին ենք արթնանում ջեռուցման խնդիրը լուծելու համար: Կոմունալ ոլորտում ընդհանրապես հին սխալ ենք թույլ տվել՝ համակարգն առանց օրենսդրական ապահովվածության, շահագործման ֆինանսատնտեսական մեխանիզմների նորացման դրվեց տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքապետարանի ուսերին: Խնդիր, որ ավանդաբար եղել է պետական խնամակալության առարկա: Ի տարբերություն մնացած բոլոր ոլորտների, կոմունալ տնտեսությունը քաղաքի կենսագործունեության սիրտն է: Այսօր եւ մեկընդմիշտ ռեֆորմների, ֆինանսական ներդրումների եւ մշտական ուշադրության առաջնահերթ ոլորտը: Փոխվել են իրավիճակը, պայմանագրային հարաբերությունները, ծառայությունների մատուցման մոդելը, շահագործման, կառավարման պայմանները, որոնց հրամայականում միայն բարեփոխումներից հետո այս համակարգը պիտի մեկ այլ դաշտ տեղափոխվեր: Ջեռուցման հարցում կա երկու խոշոր գործոն՝ նախ հոգեբանականը: Ավանդաբար հասարակությունը ստացել է ջեռուցում եւ չի վճարել, անգամ այն տարիներին, երբ վարձը կոպեկներ էր: Կուտակվել են ահռելի պարտքեր, բնակիչը չի վճարում ջերմային տնտեսությանը, ջերմային տնտեսությունը պարտք է մնում էներգիա, գազ, ջուր մատակարարող կազմակերպություններին: Եթե շարունակվի չվճարումը, ուղղակի կզրկվենք գազից, որովհետեւ ՙՀայռուսգազարդը՚ խստագույն պայման է դրել՝ սպառվող գազի դիմաց նոր պարտքեր չկուտակել: Այսօր անհրաժեշտություն է, որ ջերմային տնտեսության հետ բնակիչը կնքի անհատական պայմանագիր եւ վճարի պարբերաբար: Գիտակցելով հարցի կարեւորությունը, քաղաքապետարանը՝ շահագրգիռ քաղաքի ջեռուցմանը, պայմանները ներկայացրել է բոլոր համայնքների բնակիչներին: Գնահատելով հարցի սոցիալական կողմը, կառավարությունը 660 միլիոն դրամ է հատկացրել ջեռուցվող համայնքներին: Արդյունքում՝ 1450 դրամի փոխարեն բնակչից գանձվող սակագինը դառնում է 1100 դրամ: Ստեղծված է հանրապետական օպերատիվ շտաբ, քաղաքապետարանում պարբերաբար արտագնա նիստեր են տեղի ունենում: Կազմակերպական բոլոր հարցերը լուծված են:

-Հոգեբանությունը՝ հոգեբանություն, բայց եթե փող չունեն, ինչպե՞ս վճարեն: Սա՝ մեկ, կա հարցի նաեւ տեխնիկական կողմը՝ շենքերի ոչ բոլոր բնակարաններն են բնակեցված, ո՞վ պետք է վճարի դատարկ բնակարանի ջեռուցման համար, որը փաստորեն բացակայող բնակչին պետք չէ: Ինչպե՞ս պիտի այդ բնակարաններն անջատվեն ընդհանուր համակարգից:

-Ինժեներական առումով դեռ հնարավոր չէ շենքի կեսը ջեռուցել, չջեռուցվող բնակարանն ընդհանուր ցանցից անջատելը մեծ ծախսեր է պահանջում: Ներկա բնակիչների հետ կնքվում է պայմանագիր, իսկ բացակա բնակչի պատճառով հարեւանները չպիտի տուժեն, նա պարտավոր է գալ եւ պայմանագիր կնքել, կամ գալ եւ բնակարանն անջատել ջեռուցման համակարգից: Ջեռուցման յուրաքանչյուր սեզոնից հետո իրոք մնում են բնակարաններ, որոնց տերերը այստեղ չեն, ջեռուցվում է դատարկ բնակարանը, որի դիմաց ոչ ոք չի վճարում եւ կուտակվում են պարտքեր: Իրոք՝ կա նաեւ ինժեներական-տեխնիկական խնդիր: Այսօր սոցիալականն ու տեխնիկականը կողք-կողքի են, բայց մարդը ջեռուցում է ուզում: Պետության համար այս պահին ամենակարեւորը բնակարանում ապրող մարդու շահն է:

-Գուցե պետք է հրաժարվե՞լ կենտրոնացված ջեռուցման համակարգից, քանի դեռ լուծված չեն տեխնիկական հարցերը:

-Այդ հարցը միշտ բարձրացվել է: Բայց չջեռուցումն էլ ունի իր բացասական հետեւանքները՝ մենք կորցնում ենք շենքային համալիրը, ընդհանուր ջեռուցումն անհրաժեշտ է շենքի պահպանմանը: Կենտրոնացված ջեռուցումը երեք անգամ ավելի էժան է այլ եղանակներով ջեռուցումից՝ գնվող վառելիքի եւ սպառվող էլեկտրաէներգիայի համեմատությամբ: Ի վերջո՝ մեծ տարբերություն կա Կենտրոնի, Աջափնյակի ու Շենգավիթի, Նորքի զանգվածների, Ավան-Առինջի, Դավիթաշենի միջեւ: Այդ հաշվառումով են ընտրված ջեռուցվող չորս համայնքները՝ Ավան-Առինջ, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա, Դավիթաշեն, որտեղ գերակշռում են բարձրահարկ, պանելային շենքերը: Քաղաքն ամբողջովի կառուցված է կենտրոնացված ջեռուցման համակարգով: Եթե անցնելու ենք լոկալ ջեռուցման համակարգին, ստիպված ենք լինելու դիմել ցանցի ինժեներական վերակառուցման, որի հետեւանքն է լինելու գազի բաշխիչ ցանցի վերակառուցումը: Քաղաքի կոմունիկացիոն շինարարական կառուցվածքը միասնական է՝ գազամատակարարման, ջրամատակարարման, ստորգետնյա ջրամատակարարման բաշխիչ ցանցերը պիտի վերակառուցվեն: Մեծ գումարներ են պետք: Եվ՝ ժամանակ, որ կամ եղածը մի կողմ թողած, բացարձակապես նորը կառուցվի, կամ եղածը փոխվի, իսկ ձմեռը չի սպասում:

-Ինչու՞ Երեւանն այսօր բավարար չի լուսավորվում:

-Երեւանի արտաքին լուսավորման խնդիրը կապված է հսկայածավալ ծախսերի հետ: Հիմա իրականացվում է փողոցների լուսավորման կրճատված ռեժիմ: Ամբողջ տնտեսությունը հիմնական նորոգման կարիք ունի՝ ցանցի, հենասյուների մաշվածություն, ընթացիկ ծախսեր, լամպերի ձեռքբերում, սնուցման կայանից մինչեւ լուսավորության ցանց կոմունիկացիայի վերականգնում: Այսօր Երեւանի տարբեր համայնքներում արտաքին լուսավորությունը տարբեր աստիճաններով է: 1992-1994-ին ցանցը շատ տուժեց:

-Լուսավորությունը միայն լույս ու մութի խնդիր չի լուծում, կան մեքենաների ու հետիոտների անվտանգության խնդիրներ: Կա հոգեբանական պաշտպանվածության ոչ պակաս կարեւոր խնդիրը:

-Այո, բայց չկան ֆինանսական միջոցներ: Հաշվարկներն արված են, պետությունն այսօր չի կարողանում ապահովել Երեւանի պես մեծ քաղաքի ամբողջական լուսավորությունը: Հատկապես քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության առնչությամբ ճարտարապետական կառույցների լուսավորման խնդիր է դրված: Լուրջ ներդրումներ են պետք: Այսօր ձեռնարկությունը լուծում է միայն օպերատիվ հարցեր: Ցավոք: Շահագործումից զատ, ձեռնարկությունը պետք է անցնի բիզնես ծրագրերի:

-Ինչպե՞ս են լուծվում մայրաքաղաքի մաքրության ու աղբահանության խնդիրները:

-Քաղաքի աղբահանության ողջ համակարգը շարքից դուրս եկած է, վերջին աղբատարը ձեռք է բերվել 12 տարի առաջ: Այսօր աղբահանության թիվ մեկ խնդիրը հատուկ ծառայության ներդրումն է: Մենք բազմաթիվ ծրագրեր ենք ունեցել, որ վարձավճարի առումով բնակչությանը ձեռնտու չի եղել: Այդ ծրագրերից հետ կանգնելն անհնարին է, Երեւանում մասնագիտացված ֆիրմային ներդրում պետք է կատարվի: Տասնյակ ֆիրմաներից առաջարկներ են եղել, խանգարողը բարձր վարձավճարն է: Այսօր աշխատող մեխանիզմները մայրաքաղաքի համար իրոք անընդունելի են: Քաղաքաշինական նկատառումներով նույնիսկ ընդունելի չէ շենքերի ներքին աղբատարների գոյությունը: Նոր ոչինչ հնարել պետք չէ, պետք է ժամանակակից ֆիրմային ներդրում ամբողջ քաղաքում:

-Ջուրը հատկապես ամառները, ինչպես ձմեռները ջեռուցումը, դառնում է քաղաքի կենսապահովման թիվ 1 խնդիրը: Ե՞րբ է Երեւանի ջրամատակարարումը դառնալու բավարար:

-Ջրամատակարարման համակարգում վաղը կամ մյուս օրը սպասել կտրուկ փոփոխության հնարավոր չէ: Ջրամատակարարման կառուցվածքային կառավարման ծրագիրը մշակված է: Վարկային առաջին ներդրումային ծրագիրը սկսվել է: Լիարժեք ջրամատակարարման համակարգ իր հաշվառումով ունենալու համար 400 միլիոն դոլար է անհրաժեշտ: Այսօր ջրամատակարարման համակարգը ներդրումային բարենպաստ դաշտերից է: Մասնագետների հաշվարկով քաղաք մտնող ջրաքանակը բավարար է: Մեծ խնդիր են կորուստները: Մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգն ավանդաբար ապավինել է էժան էլեկտրաէներգիային: Համակարգի գերակայությունն այսօր աստիճանաբար էներգետիկ բեռից ազատվելն է՝ ինքնահոս ջրամատակարարման խնդիրը լուծելով: Մենք ունենք աղբյուրների վերակառուցման ու պահպանության խնդիր, լրացուցիչ ջրաքանակի ընդգրկում հիմնական ջրատարներում, որը կավելացնի քաղաքին տրվող ջուրը եւ թույլ կտա քչացնել Արարատյան պոմպակայաններից ստացվող ջուրը՝ հանգեցնելով էներգետիկ ծախսերի կրճատման: Համակարգի ամենամեծ բեռն էներգետիկ ծախսերն են՝ տարին 4 միլիարդ դրամ: Այս ամենն ապարդյուն կլինի, եթե քաղաք բերվի մաքուր, որակյալ, բավարար ջրաքանակ ու կորչի բաշխիչ ցանցում, որը պիտի հիմնովին վերակառուցվի: Քաղաքում կան 30, 20, 10 տարվա բաշխիչ ցանցեր՝ ֆիզիկական մեծ մաշվածությամբ: Առաջնահերթ խնդիր է բաշխիչ ցանցի նորացումը եւ կարգավորիչ ջրամբարների հարմարեցումը: Հարցի մեխը, սակայն, հաշվառման համակարգն է: Փաստերը վկայում են՝ ջրաչափ ունեցող բնակարանը 50 տոկոսով քիչ է վճարում չունեցողից: Մեր շենքերում բարեբախտաբար ինժեներական խնդիրներ այս հարցում չկան: Բնակչի եւ ջրամատակարարների հարաբերությունների կարգավորման միակ ելքը ջրաչափերի տեղակայումն է, որը նաեւ կստիպի խնայողաբար օգտագործել ջուրը:

-Քաղաքի մշակութային օջախները ի՞նչ հարաբերության մեջ են քաղաքապետարանի հետ:

-Քաղաքապետարանի ենթակայության տակ են 46 հիմնարկներ՝ մարզական եւ երաժշտական դպրոցներ, թատրոններ, մեկ թանգարան: 1997-ից աշխատում եմ քաղաքապետարանում եւ կարող եմ վկայել, որ որեւէ մշակութային օջախ քաղաքապետարանը չի փակել եւ չի լուծարել: Լիարժեք գործում են քաղաքապետարանին ենթակա արվեստի եւ երաժշտական 12 դպրոցները, պատանի հանդիսատեսի եւ դրամատիկական թատրոնների մասին արդեն չասեմ՝ հանդիսատեսի աչքի առաջ է: Քաղաքապետարանին է ենթարկվում միայն Երեւանի պատմության թանգարանը: Լինսի հիմնադրամի ծրագրով մի շարք օջախներ են ընդգրկվել վերակառուցման ծրագրերում: Լիարժեք գործում են մարզադպրոցները եւ հրաշալի մարզական սերունդ է մեծանում: Երաժշտական դպրոցները նաեւ մայրաքաղաքին որակյալ ունկնդիր տալու խնդիրն են լուծում, բացի երաժիշտներ ձեւավորելուց: Մշակույթի նախարարության հետ փորձում ենք ոլորտի օրենսդրական կարգավորման եւ պաշտպանության հարցերը լուծել:

-Մայրաքաղաքի առողջապահական համակարգի վիճակը Ձեզ բավարարու՞մ է:

-Քաղաքապետարանի ենթակայության տակ են առողջապահական 68 հիմնարկներ: Այսօր կառուցվածքը, մահճակալային ֆոնդը, շենքային համալիրը եւ աշխատակազմը խիստ անհամապատասխանության մեջ են հասարակական պահանջարկի հետ: Խնդիր է դրված՝ պահպանել առողջապահական համակարգը: Առողջապահության նախարարության հետ մշակել ենք կառուցվածքային օպտիմիզացիայի ծրագիր, որը պիտի իրականացնենք առանց շտապողականության:

-Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում:

-Ստեղծել օպտիմալ համակարգ, որ բավարարում է բնակչության պահանջները:

-Այդ համակարգում ընդգրկվու՞մ է ընտանեկան բժշկի տարբերակը:

-Մեր պոլիկլինիկաները վաղ թե ուշ անցնելու են այդ տարբերակին: Այն պլանային բեռը, որ ժառանգել ենք, այսօր անհարիր է իրավիճակին եւ բարենորոգման սկզբունքներին: Երբեւէ մայրաքաղաքի հիվանդանոցների մահճակալային ֆոնդը 100 տոկոս ծանրաբեռնվածությամբ չի աշխատել:

-Ինչպե՞ս կարող եք ճշգրիտ հաշվարկներ անել, երբ մարդիկ դանակը ոսկորին հասնելիս են դիմում բժշկի: Իվերջո, պոլիկլինիկան իբրեւ բուժհիմնարկ գրեթե կորցրել է նշանակությունը: Հիվանդը գերադասում է անմիջապես հիվանդանոց դիմել՝ միանգամից գտնելով լավագույն բժշկին, որն իր գրպանին հարմար է:

-Պոլիկլինիկան առաջին բուժօգնության օղակն է եւ համակարգը թողնել այսօրվա պասիվ վիճակում անթույլատրելի է, վերակառուցման, ընտանեկան բժշկի համակարգի ներդրման սկզբունքը մեկը պետք է լինի՝ պոլիկլինիկան ինքը պետք է գնա դեպի մարդը, որի ամենաընդունված եւ իրեն արդարացրած ձեւը ընտանեկան բժշկի տարբերակն է:

-Անկախացումից հետո անվերջ բարեփոխումների մեջ հայտնվեց կրթական համակարգը, որ հիմա էլ հեռու է կատարյալ դառնալուց: Ի՞նչ վիճակում են Երեւանի կրթական կառույցները:

-Իրավ, կրթությունը դարձել է բազմաչարչար հարց: Այսօր հասարակություն եւ դպրոց, դպրոց եւ ծնող, աշակերտ եւ դպրոց բարոյական դաշտի մաքրության խնդիրն է դրված:

-Այսօր ուսուցիչ ասելիս պատկերացնում ենք մարդ, որ անվերջ բողոքում է սոցիալական վիճակից եւ գոնե մեկ անգամ չի հիշում մասնագիտական որակների, բարին, գեղեցիկը, հավերժականը սերմանելու ուղիների մասին:

-Համամիտ եմ, մանկավարժի տառապանքը տանող մարդը պիտի սոցիալապես ապահովված լինի, որպեսզի սոցիալական մաղձի փոխարեն հոգեւոր արժեքներ ու գիտելիք ուսուցանի: Վերջապես պիտի թոթափենք մոլորությունը, թե դպրոցի գերխնդիրը բուհին աբիտուրիենտ տալն է: Դպրոցի նպատակն է երկրին, հասարակությանը քաղաքացի տալը: Նրա հոգեկերտման խնդիրները լուծելը: Դպրոցի խնդիրներն այնքան շատ են, որ նույնիսկ թվարկել հնարավոր չէ: Մեր ուժերի ներածին չափով զբաղվում ենք այդ խնդիրների լուծմամբ: Այսօր քաղաքապետարանն ունի մեկ գերխնդիր՝ բարոյական մթնոլորտի բարեփոխումը, դպրոցը դարձել է կենցաղային բամբասանքի առարկա եւ տեղ: Մենք պիտի այդ շղթաներից դպրոցն ազատենք: Ես համամիտ եմ եւ համոզված եմ՝ բոլոր ծնողները, ովքեր փորձում են դպրոցին օգնել, օգնության մեխանիզմները ճշգրտելու կարիք ունեն: Անհնարին է, որ դպրոցը հասարակական աջակցության կարիք չունենա, բայց աջակցությունը պետք է կամավոր լինի: Աշակերտը չպետք է դպրոցի կարիքների համար գումար հայթայթողի  ու տեղ հասցնողի դեր կատարի: Ձեւերի գռեհկացումից պիտի անցնենք քաղաքակիրթ դարձնելուն եւ փոխադարձ վստահության մթնոլորտ ձեւավորենք: Այս երկրին հայեցի, չբարդույթավորված, ազատ, անբռնազբոս, կամային, խելացի քաղաքացիներ են պետք, եւ դա դպրոցի գերխնդիրն է: Ամենաանհանգստացնողը՝ դասուսույցները չպետք է խլեն աշակերտին ընդհանուր գիտելիքի մատուցման միջավայրից ու դաստիարակությունից: Պարտադիր ուսումնական պլանը պարտադիր է բոլորի համար:

-Ձեզ չի՞ թվում, որ այսօր դասուսույցները ոչ թե աշակերտին են ծառայում, այլ՝ իրենք իրենց՝ լուծելով լրացուցիչ եկամուտի հարցեր:

-Դասարանում աշակերտն այնքան գիտելիք պետք է ստանա, որ դասուսույցի կարիք չունենա: Քաղաքապետարանի կրթության վարչությանը խնդիր է դրված՝ ուժեղացնել տեսչական կապը դպրոցների հետ, ուժեղ եւ ազնիվ հսկողություն, որպեսզի ուսումնական պլանները չձախողվեն եւ երեխաների ճակատագրերի հետ չխաղան: Հակառակ դեպքում՝ պատժվելու են տնօրենները:

-Ի՞նչ է այսօր նշանակում երեւանցի: Մայրաքաղաքի աուրան ինչպե՞ս է ապահովվում:

-Հայ լինելուց առաջ բոլորս ուզում ենք պարզել՝ որտեղացի՞ է մարդը: Մի երկրի համար, որի սահմանները ծայրից ծայր բարձունքին կանգնած կարող ես տեսնել, աններելի է: Հայ եւ հայաստանցի լինելը երբեք չի սահմանափակում բնօրրանի գաղափարը: Երեւանցի լինել նշանակում է բնակվելով Երեւանում՝ ապրել Երեւանով: Երեւանը պչրուհի չէ, որ  գեղացու չտեսությամբ քսմսվես կամ ապերոյի ժեստերով սիրես, լուռ ու մունջ, անխոնջ աշխատանք է պետք Երեւանին: Այս քաղաքը սիրով ու տանջանքով է կառուցվել:

-Ճի՞շտ եք համարում, որ քաղաքի ճարտարապետական դեմքի համար միայն գլխավոր ճարտարապետն է պատասխանատու, մեկ մարդը ի զորու՞ է նման պատասխանատվություն ստանձնել:

-Այս քաղաքը մեկ ճարտարապետ չի կառուցել, ժողովրդի միտքն ու ձեռքն են այստեղ աշխատել: Թամանյանը բերեց արեւային քաղաքի համը, նա ժողովրդին ճարտարապետական քաղաք տվեց, բայց նա երբեք չի ասել՝ այսքանն ու վերջ: Այլեւս ոչինչ պետք չէ:

-Որքան գիտեմ՝ Թամանյանը նաեւ չի ասել՝ Աբովյան փողոցում ով ինչ կարող է՝ իր խելքի ու գրպանի հանգույն թող կառուցի, հերն անիծած, որ ճարտարապետությունն ու շինարարությունը, համերկրայինն ու սեփականը, ճաշակն ու գռեհկությունը տարբեր հասկացություններ են: Մյուս փողոցների մասին ընդհանրապես չարժի հիշատակել, եթե Աբովյանն են սպանում:           

-Քաղաքաշինությունն ու կյանքը իրենց էվոլյուցիայով նույնն են: Եթե ուշադիր լինեք՝ ճարտարապետական բոլոր կառույցներում էլ ընդգծվում է հին ձեռագրի մնայունությունը ու զորեղությունը, որ ցանկացած նորամուծություն խորթ է դառնում: Դա չի նշանակում, որ պետք է լինել վախվորած, խուսափել վերակառուցումից ու նորը կառուցելուց: Խնդիրը եղածը չխաթարելն է, որ չզգացվի տարբեր ձեռքերի առկայությունը ու ձեռագրի տարբերությունը:

-Ուրեմն պետք է մեկ միասնական ուղեղ՝ ոչ թե մեկ մարդու, այլ մեկ սկզբունքի առումով, որ գոնե ապահովի ոճային միասնականությունը:

-Ճարտարապետության մեջ պետք է լինի քաղաքազգացողության գեն, որը չպիտի խաթարես: Մեր անցյալի ճարտարապետական ձեռագիրը գենետիկ ժառանգություն է: Թամանյանով սկսված գենետիկ կորիզը շարունակվել է դասական դարձած մարդկանց ձեռքով, իսկ այսօր ենթարկված է կոմերցիոն քաղաքականությանը:

-Քաղաքապետարանը չէ՞ պատասխանատուն:

-Հիմնական պատասխանատուն, անշուշտ, քաղաքապետարանն է: Քաղաքի ճարտարապետության շատ ու շատ հարցեր պիտի կանոնակարգվեն: Քաղաքաշինության մասին օրենքով Երեւանին տրված են գրեթե բոլոր լիազորությունները: Մայրաքաղաքի ճարտարապետական ձեռագրի ու կառուցապատման հայեցակարգն ու սկզբունքները խախտվել են 1996-ին գործկոմի փլուզումից անմիջապես հետո, վերջին 5 տարիներին, երբ քաղաքում կառուցապատման ու հողհատկացման լիազորությունը տրվել է մեկ անձի: Տարիներ շարունակ գործադիր կոմիտեի մոդելում ցանկացած հողհատկացում նշագվել է բոլոր իրավասուների կողմից, ընդունվել է կոլեգիալ որոշում եւ կառուցապատման յուրաքանչյուր ծրագիր անցել է բազմապրոֆիլ մասնագետների ֆիլտրող օղակով: Բոլոր խեղումների սկիզբն այն օրն էր, երբ ճարտարապետը դարձավ միանձնյա հող հատկացնող եւ նախագիծ հաստատող: Խնդիրը բնավ ճարտարապետի անձը չէ, ով էլ լինի, թեկուզ Թամանյանի աշակերտը: Այս դեպքում ճարտարապետը դատապարտվում է զբաղվել ամեն ինչով բացի ճարտարապետությունից: Խնդիրը սկզբունքն է, որը պետք է վերանայվի: Քաղաքաշինության մասին գործող օրենքը այդ հնարավորությունը տալիս է՝ քաղաքաշինության ընդհանուր համալիրին հարիր, ենթակառուցվածքները չխաթարող նոր լուծումներ գտնել: Կոմերցիոն քմահաճույքները շատ մեծ են, բայց ճարտարապետական ներդաշնակությունն առաջնահերթ է: Երեւանի կրքոտ մոնոպոլացման կիրքը հանգեցրեց տխուր հետեւանքների՝ ժամանակին Երեւանը մեխանիկական աճով վնասվեց՝ ի հաշիվ գյուղերի դատարկման: Երեւանը դարձավ արդյունաբերական կենտրոն, միլիոնից ավելի բնակչությամբ, իսկ աշխատատեղը նշանակում է սոցիալական ենթակառուցվածքների պահանջ՝ բնակարան, բուժհիմնարկներ, դպրոցներ, հանգստի գոտի, առեւտուր, եւ Երեւանը շեղվեց Թամանյանի իմաստուն ծիրից: Այսպիսի տարածք ունեցող երկրի համար գիտատեխնիկական ներուժի 85 տոկոսը, մշակութային ողջ ներուժը, արդյունաբերական հանգույցները մեկ քաղաքում մեկտեղելը նշանակում է երկրի արյունատար երակները կտրել: Երկրի հաշվին չի կարելի մայրաքաղաքը սիրել:

-Ո՞րն է Ձեր ամենասիրելի փողոցը:

-Ալեք Մանուկյանը, շատ եմ սիրում քայլել այդ փողոցով: Հատկապես հոկտեմբերին:

-Կարճ բնորոշեք Երեւանը:

-Սկիզբ ու վերջ:

-Ո՞րն է Երեւանի խորհրդանիշը:

-Սասունցի Դավիթի արձանը:

-Ո՞րն է Երեւանի ոգին:

-Ձեռակերտ շենքերով փողոցում քայլող սովորական հայ մարդը: Երբ փողոցում տեսնում եմ քայլող Հրանտ Մաթեւոսյանին, ինձ թվում է՝ գրվում է մի նոր բառ ու ծնվում է մի նոր տող եւ վաղը ամբողջ քաղաքը գրականություն է ընթերցելու: Երբ տեսնում եմ փողոցում քայլող Աղասի Այվազյանին, ինձ թվում է՝ ամեն վայրկյան հայն ու հայն են իրար հետ: Առ Երեւան հղվող արտերկրյա բոլոր ՙկարոտագրերը՚ չեմ փոխի Երեւանում Սոս Սարգսյանի ու Ջիմ Թորոսյանի վեհ քայլքի, Սլավիկ Չիլոյանի ու Արմեն Շեկոյանի անդավաճան ներկայության մեկ վայրկյանի հետ անգամ:

-Ձեր հարցը ինձ:

-Ինչու՞ եք այդքան հետաքրքրվում Երեւանով:

-Որովհետեւ ես այս քաղաքի տերն եմ:

***

Հարցազրույցը 23 տարի առաջ էր (տպագրվել է «Հայաստանի Հանրապետությունում», 14.12.2000, «Ապրել Երեւանով» վերնագրով): Խմբագրի բնազդը հուշում էր ոչ բոլոր հարցերն ու պատասխանները ներկայացնել (հիմնավորումն անխոտելի էր՝ ու՞մ է այսօր հետաքրքրելու, ժամանակավրեպ են այլեւս), երեւանցու ջիղը արգելում էր խմբագրումը (երեւանցին պիտի իմանա՝ ի՞նչ ճանապարհ է անցել իր քաղաքը, ի՞նչ է փոխվել, ի՞նչն է անփոփոխ դեռ): Հաղթեց երեւանցին:

***

Կամո Արեյանն այսօր էլ քաղաքապետարանում է: 2000-ից հետո նա (մինչեւ 2001-ը) Երեւանի փոխքաղաքապետն էր: Ապա՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար (2001-2003), վերադարձ քաղաքապետարան (2003 - 2009-ին՝ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, 2009-ին ավագանու որոշմամբ նշանակվել է քաղաքապետի տեղակալ։ 2013-ին ընտրվել է քաղաքապետի առաջին տեղակալ): Հիմա քաղաքապետի խորհրդական է: Կյանք՝ Երեւանով ու Երեւանին: Փաստացի՝ Կամո Արեյանն այսօր այն մարդն է, որ ամեն ինչ գիտի Երեւանի մասին՝ փոխվել են իշխանությունները, նշանակվել, ընտրվել, հրաժարական են տվել քաղաքապետերը, Կամո Արեյանը մնացել է Երեւանի հետ ու երեւանցիների համար: Ու ես հպարտ եմ, որ ցանկացած պահի կարող եմ նրա հետ կիսել Երեւանի մասին գաղտնիքները, որ երբեք ոչ ոք չի իմանա՝ նա սասունցի է, ես՝ երեւանցի, եւ մենք սիրում ենք մեր սահմանամերձ հայրենիքը (ինչպես Վազգեն Սարգսյանն էր քարագրել), որի սիրտը Երեւանն է: Ի՛մը (հանուն արդարության պիտի գրեի՝ մե՛րը, բայց ե՞րբ է աշխարհում հաղթել արդարությունը)…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին