Արա Սահակյան. Չի կարելի աշխարհ դուրս գալ՝ աշխարհից խռոված - Mediamax.am

Արա Սահակյան. Չի կարելի աշխարհ դուրս գալ՝ աշխարհից խռոված
3355 դիտում

Արա Սահակյան. Չի կարելի աշխարհ դուրս գալ՝ աշխարհից խռոված


Ես նրան հաճախ էի հանդիպում Ազատության հրապարակում՝ անփոփոխ ջինսով ու դարչնագույն վոդոլազկայով  (հայերեն՝ ջեմպեր): Նա անընդհատ բացատրում էր ու բանավիճում, ելույթներ հարթակից չէր ունենում, պտտվում էր մարդկանց մեջ ու շարունակ քթի տակ երգում: Միակը չէր: Շատերն էին քայլում ու դնդնում, բանավիճում ու բացատրում: Ու գուցե մոռանայի նրան, եթե չդառնար Գերագույն Խորհրդի փոխնախագահ: Արա Սահակյանին հանդիպեցի արդեն խորհրդարանում 1995-ին և նրա հետ հարցազրույցը ՙԵս մշակ եմ՚ վերնագրով տպագրվեց հունիսի 23-ին «Երկիր Նաիրիում»:

***

88-ը քաղաքական ասպարեզ բերեց նոր մարդկանց, որ նախկինում պաշտոնապես քաղաքականության հետ գրեթե չէին առնչվում, սակայն նրանք եկան և նրանք են այսօր որոշում երկրի քաղաքականությունը: Հարցազրույցից մի քանի օր առաջ Արա Սահակյանը հարցրեց. «Ինչի՞ մասին ենք խոսելու»: «Ձեր, Հայաստան աշխարհի, իմ»` առանց մտածելու պատասխանեցի և հարցազրույցից առաջ մտածում էի՝ ի՞նչ հարցեր եմ տալու մի մարդու, ում գործը կարծես բոլորիս աչքի առաջ է:

-Ըստ Ձեզ՝ ո՞վ եք Դուք:

-Ծնվել եմ 1954-ի դեկտեմբերին, Աղեղնավոր եմ: Ավարտել եմ Վահան Տերյանի անվան դպրոցը, ապա՝ Երևանի պետհամալսարանի փիլիսոփայության բաժինը: Կարճ ժամանակ բանվորություն եմ արել, եղել եմ կոշկակար: 10 տարի աշխատել եմ Հանրագիտարանի խմբագրությունում, բուհում զբաղվել մանկավարժական աշխատանքով՝ մարքսիզմ եմ դասավանդել: Ինչպես տեսնում եք՝ աշխարհում շատ բան է փոխվում: Ընտանեկան դրությունս վերջին 5 տարում չի փոխվել, բայց աղջիկ ունենալու հույսը դեռ չեմ կորցրել: Դուք ուղի՞ղ եք հարցնում՝ ո՞վ եմ ես: Ես մշակ եմ:

Ամեն սերունդ մի խնդիր ունի: Հարյուրավոր սերունդներ ապրել են գոյատևելով: Մեր սերունդը բարեբախտություն ունի պետություն ստեղծելու, հետևաբար մեզնից յուրաքանչյուրը իրեն պետք է համարի պետության մշակը: Մեր գործը մշակություն անելն է, եղածը պահպանելը և մեզնից հետո եկողներին հանձնելը: Մեզնից հետո, համոզված եմ, կգան ավելի գեղեցիկ, համարձակ, խելացի տղաներ ու աղջիկներ ու ավելի կշենացնեն պետությունը: Հայ ժողովրդի հազարամյա գոյության փառքն ու պսակը մեր ազգային պետությունն է:

-Ձեր կարծիքը հուլիսի 5-ի հանրաքվեի ելքի մասին:

-Սահմանադրության նախագծի կապակցությամբ զազրախոսողները քիչ չեն: Իդեպ, կան երկրներ, ուր ուղղակի արգելվում է Սահմանադրության դեմ որևէ քարոզչություն, օրինակ, Ռուսաստանում: Իսկ «բռնատիրական», «ոչ դեմոկրատական» Հայաստանում հակասահմանադրական պրոպագանդան ազատ է, և նրանք, ովքեր փորձում են Հայաստանի քաղաքական զարգացման ընթացքը կասեցնել, հարմար առիթ են գտել: Կարծում եմ՝ ԱԺ պատգամավորության ցանկացած թեկնածու պետք է իմանա, թե սահմանադրական ի՞նչ լիազորություններով է ընտրվում: Արևելաեվրոպական և ԽՍՀՄ հետկոմունիստական ճամբարում Հայաստանը մի քանի երկրների հետ վերջինն է, ուր նոր Սահմանադրություն դեռևս չկա: Ընդդիմադիր փոքրամասնությունների համար դժվար է վիճաբանության մեջ հաղթել այն մարդուն, որը Սահմանադրություն է պահանջում, հետևաբար գործի են դրվում այլ կեղծ փաստարկներ, իբր Սահմանադրությունը բռնապետության է տանում, որ ոտնահարված են դեմոկրատական իրավունքներն ու ազատությունները: Քաղաքական ավանդույթներ չունեցող և քաղաքական պայքարի ցածր կուլտուրա ունեցող Հայաստանում, անշուշտ, շատ զարհուրելի և ահաբեկիչ են հնչում այնպիսի նորմեր, ինչպիսին են կառավարությանն անվստահություն հայտնելը, խորհրդարանն ազատ արձակելը: Իրականում ամբողջ աշխարհում այս ինստիտուտները կան, կան պետական համակարգերի փոխհավասարակշռման մեխանիզմներ և մեր Սահմանադրության այս նորմերը քաղաքական ճգնաժամերը լուծելու նպատակ ունեն, որովհետև եթե խորհրդարանը չի կարողանում կառավարության հետ աշխատել, պետք է քաղաքացիներին նոր խորհրդարան ընտրելու հնարավորություն ընձեռել: Ես հավատացած եմ՝ Սահմանադրությունը կընդունվի ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ ԱԺ ընտրություններում կհաղթի «Հանրապետություն» միավորումը, որը ընտրությունների է գնում Սահմանադրությամբ և ազատության, պետության, բարօրության կարգախոսով:

-ՀՀ առաջին խորհրդարանը հանրագումարի է բերում իր աշխատանքները, խորհրդարանի գործունեության Ձեր գնահատականը:

-Խորհրդարանի աշխատանքներն ամփոփելը պատմաբանների, քաղաքագետների գործն է: Մենք, որ բուն գործընթացի մեջ ենք եղել, կդժվարանանք անաչառ գնահատել մեր իսկ աշխատանքը: Ժամանակ է հարկավոր և տարածություն, գործը պետք է ավարտվի: Սակայն պարզ է՝ այս խորհրդարանը Հայաստանի դեմոկրատացման ռահվիրան եղավ: Առաջին դեմոկրատական ինստիտուտն էր խորհրդարանը, որը 1990-ին Անկախության հռչակագիր ընդունեց և 1991-ին հայ ժողովրդին տարավ անկախության հանրաքվեի, խորհրդարան, որը դրեց տնտեսական և քաղաքական բարենորոգումների սկիզբը: Եթե կուզեք՝ խորհրդարանը կարգ ու կանոն հաստատեց երկրում 1990-ի խառնակ օրերին, գոտեպնդեց բանակը, Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Գործադիր իշխանության բոլոր մեծ դեմքերը մկրտվել են խորհրդարանում: 1990-1995-ի խորհրդարանը ուրույն տեղ ունի մեր պատմության մեջ:

-Ազգային ժողովի ընտրությունները փաստորեն սկսված են, Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ խորհրդարան կընտրվի, ո՞ր կուսակցությունը կգերիշխի, ո՞րը կլինի նոր խորհրդարանի առաջին խնդիրը: Ձեր թեկնածությունն առաջադրելու՞ եք:

-Սովորաբար իր տեղը զիջող ամեն ինչ և ամեն ոք քամահրանքով է վերաբերվում իրենից հետո եկողներին: Կա կարծիք, որ նորընտիր խորհրդարանը կլինի պակաս արդյունավետ: Ես այդպես չեմ մտածում: Պատմական զարգացման տրամաբանությամբ կանխորոշված է, որ ապագա խորհրդարանը որակապես ավելի բարձր է լինելու, ավելի գործուն է լինելու, նրա առջև օրենսդրական և քաղաքական գործունեության հսկայական հեռանկարներ կան, որովհետև Սահմանադրությունն ամբարում է այդպիսի աշխատանքի մեծ լիցք: Պատկերացրեք՝ դատական համակարգը  (դատակազմություն, արդարադատության խորհուրդ, Սահմանադրական դատարան, դատավորների կարգավիճակ և այլ հարցեր), նոր նյութական և դատավարական իրավունքի էապես նոր օրենսգրքեր, դատախազության, տեղական ինքնակառավարման, բյուջետային օրենսդրություն… Վիթխարի աշխատանք է սպասվում, իրոք պատիվ կլինի այդ խորհրդարանում աշխատելը: Կարծում եմ, որ ոչ միայն իմ, այլև խորհրդարանական տքնաջան աշխատանքի հնգամյա փորձ ունեցող իմ բազմաթիվ գործընկերների ունակությունները պետք կգան նոր խորհրդարանին: Ես առաջադրվել և գրանցվել եմ թեկնածու իմ նախկին տարածքում՝ Երևանի Էրեբունու շրջանի թիվ 13 ընտրատարածքում և բաց ճակատով, ընտրողների հետ շիտակ խոսակցության մեջ կարողանում եմ ոչ թե խոստումների դաշտում հաղթել իմ մրցակիցներին, այլ ներկայացնելով արվածը և ծրագրերը: Ընտրողներիս փորձելու եմ օգնել նրանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության տեսանկյունից, թեև շատ են ինձ դիմում նաև զուտ խորհուրդներ ստանալու համար: Գիտեք՝ ես ուրախությամբ նկատում եմ, որ թշնամության այն գաղջ մթնոլորտը, որ ճգնում են ստեղծել ընդդիմութան անվան տակ հանդես եկող մեր նախկին ընկերները, չի կարող վարակել մարդկանց, նրանց մեծամասնությունը սթափ է, պատրաստ է հավասարակշիռ որոշումներ ընդունելու, և ես ամբողջ եռանդս ու հնարավորություններս օգտագործում եմ Սահմանադրությունը մարդկանց մտքին ու սրտին հասցնելու, պատմական պահի կարևորությունը բացատրելու ուղղությամբ: Ես չեմ թաքցնում և ասում եմ մարդկանց, որ նրանց, ովքեր դեմ են Սահմանադրությանը, ոչինչ չունեմ տալու, նրանց հարկավոր են մեծ ցնցումներ, պղտոր ջրեր, որպեսզի կարողանան «չնկատված» անձնական հավակնություններին հագուրդ տալ:

-Հայաստանի ներքին ու արտաքին հարաբերությունների Ձեր գնահատականը:

-Երբ գնում էինք անկախության, ամեն ինչ ավելի վառ գույներով էր երևում: Մեզ թվում էր, որ անկախության հաջորդ օրն իսկ աշխարհը գրկաբաց կընդունի մեզ… Իրականում արժանապտիվ տեղ ունենալն ազգերի համաշխարհային հանրության մեջ մեծ աշխատանք է պահանջում: Պատմականորեն մենք հայտնվել ենք մի վիճակում, որը հավասարակշիռ, սթափ որոշումների է մղում իշխանություններին: Ո՞վ և ե՞րբ կգա իշխանության Հայաստանում, նրա առաջնահերթ խնդիրը լինելու է բարիդրացիական հարաբերությունների հաստատումը հարևանների հետ: Մյուս կողմից՝ դարերի ընթացքում կուտակված վիրավորանքներ կան, կա պատմական-ազգային հիշողություն, որն անտեսել չի լինի: Սակայն Հայաստանի իշխանությունները, որ հայտնի են իբրև պրագմատիկներ, հաշվի առնելով բոլոր գործոնները, ձգտում են բարիդրացիական հարաբերությունների: Իրանի հետ հարաբերություններն այդպիսին են, Վրաստանի հետ այդպիսին են, ջանքեր են գործադրվում վերացնելու Թուրքիայի սուբյեկտիվ վերաբերմունքը ղարաբաղյան կոնֆլիկտում: Տարիների ընթացքում Հայաստանը և Ադրբեջանը նույնպես կկարողանան հաստատել արժանավայել հարաբերություններ: Համենայն դեպս՝ այդպես են ուզում երկու երկրների ժողովուրդները և կուտակված պրոբլեմների արդար լուծումից հետո այդ հարաբերությունները դրական ընթացք կստանան: Ներքին հարաբերությունների հարցում, անշուշտ, Հայաստանի համար շատ կարևոր է այսօր, թե ինչպես է աշխարհն իրեն դիտում, և մեր ընդդիմախոսները փորձում են հենց այստեղ խոսել: Ծրագրված-պլանավորված նսեմացնում են Հայաստանի հաջողությունները, Հայաստանն աշխարհի առաջ ներկայացվում է որպես հակադեմոկրատական, բռնապետական: Իրականում հենց իր՝ ընդդիմության, ազատ մամուլի և հրապարակային գործունեությունն արդեն այդ տեսակետի հերքումն է: Ես տագնապով նկատում եմ, թե ինչպես է փոքրամասնությունը մոլագարությամբ ճգնում կուսակցականացնել կյանքը, երկիրը բաժանել կարմիրների և սպիտակների, չարերի և բարիների, հային հանում հայի դեմ:

-Ինչպե՞ս կբնորոշեք մտավորականը և իր ժամանակը հարաբերությունը ներսից ու դրսից՝ փիլիսոփայի հայացքով:

-Խորհրդային շրջանում Հայաստանում ձևավորվել է մտավորականների (ուսուցիչներ, ինժեներներ, աստիճանավորներ և այլն) մի սերունդ, որը երբեք չենք ունեցել: Եվ դա մերն էր: Այսօր անհանգստացնում է մտավորականների մեծամասնության շվարածությունը, տպավորություն է ստեղծվում, թե այս պայքարն իրեն չի առնչվում՝ իշխանության պայքար է: Այնինչ պայքարը Հայաստանի ճակատագրի համար է՝ ինչպիսի՞ն է լինելու Հայաստանը, ու՞ր է գնալու, ինչպե՞ս է աշխարհին ներկայանալու: Թվում է՝ ազգի ճակատագիրը տնօրինելու իրավունքը մի խումբ պոլիտիկանների մենաշնորհն է, գրավված են հրապարակները, փողոցը, գրեթե ողջ մամուլը աղբ է թափում իշխանությունների գլխին, ընթանում է ազնիվ մարդկանց անվանարկման կազմակերպված աշխատանք, և գրեթե դիմադրություն չկա: Հատուկենտ մարդիկ են հավասարակշռության բերում հասարակական կրքերը: Ես համարում եմ, որ առաջիկա խորհրդարանում և առաջիկա կառավարության կազմում այսօրվա ազգային մտավորականը իր տեղը պետք է ունենա և ազգի անունից խոսելու իրավունքը չի տրված մի խումբ մարդկանց, որոնք խմբակային շահերով են առաջնորդվում: Գուցե մենք ենք վրիպել, ժամանակին ձեռք չենք մեկնել, եղբայրաբար խորհրդի չենք նստել մտավորականության հետ:

-Չե՞ք կարծում, որ և իշխանության, և մտավորականների կողմից հարաբերությունների ոսկե միջինը գտնելու անհրաժեշտություն կա:

-Ամեն ջանք պետք է գործադրել, որպեսզի հասարակական կյանքի քաղաքականացվածությունը մեղմանա, մեջտեղ գան այլ թարմ ուժեր: Այդ իմաստով դաշնակցությունը հոռի դեր կատարեց, օգտվելով իր անսպառ հնարավորություններից, նա ապականեց շատ բան, ստեղծեցին դաշնակցական գրողների միություն, դաշնակցական մանկապատանեկան կազմակերպություն, դաշնակցական մշակութային ու մարզական հանդեսներ: Ինչպես սփյուռքում է մանկապարտեզը, դպրոցը, եկեղեցին, գերեզմանոցը, տնտեսական կյանքը բաժանված՝ մի տեղ հավաքվում են դաշնակցականները, մի տեղ՝ հնչակները, այդպես էլ մինչև երեկ բացահայտ փորձում էին նույնը արմատավորել Հայաստանում:

-Իսկ ի՞նչ է ցանկանում ժողովուրդը:

-Ժողովրդի ցանկությունն այլ է: Ժողովուրդը հոգնել է, նա հրապարակներ չի գնում, նա ուզում է Սահմանադրություն, խաղաղություն, աշխատանք, սեր, երջանկություն: Իսկ ընդդիմադիր փոքրամասնությունը դա չի ուզում հասկանալ, նա դռնեդուռ ընկած փորում է հակամարտության ու թշնամանքի փոսը, որի մեջ առաջինն ինքն է ընկնելու: Ընդդիմադիր փոքրամասնությունը ամբողջովին կլանված է այդ մոլուցքով, արնակալած աչքերով ոչ մի լավ բան չի տեսնում, չկա սթափ հայացք, չկա արժանավայել պահվածք: Գրեթե նույն պատկերն է Ռուսաստանում, Վրաստանում, ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, Արևելյան Եվրոպայի նախկին սոցիալիստական երկրներում: Ընթանում է դաժան հակամարտություն: Մի տեղ Սահմանադրությունը հաստատում է խորհրդարանական կառավարում, ընդդիմությունը հայտարարում է՝ խորհրդարանական կառավարումը տանում է դեպի բռնապետություն, մի տեղ՝ նախագահական կառավարում, ընդդիմությունը հայտարարում է՝ նախագահական կառավարումը տանում է դեպի բռնապետություն: Մի տեղ Սահմանադրության ընդունումն ուշանում է, հայտարարում են, թե բռնապետություն է հաստատվում, մի տեղ շտապում են օր առաջ ընդունել՝ նույն մեղադրանքը… Հայաստանում մի փոքր բարվոք է, այնուամենայնիվ, գուցե պատերազմն է պատճառը կամ պետություն ունենալու ազգային մեծագույն երազանքը… Մեծամասնությունը հասկանում է, որ անկախությունը դժվարությամբ է ձեռքբերվում ու պահպանվում, որ ազգային պետությունը իբրև ինստիտուտ, կարող է իրականացնել մնացած ազգային երազանքները՝ տարածքային, մշակութային, տնտեսական, ստրատեգիական: Այս և բոլոր խնդիրները կլուծվեն միայն այն ժամանակ, երբ հայերս կունենանք հզոր պետություն: Եվ սա է պատճառը, որ Հայաստանում անցման շրջանի ցավագին պրոցեսները համեմատաբար հանդարտ են անցնում՝ պալատական հեղաշրջումներ չեղան, եֆրեյտորների խռովություններ՝ նույնպես, վտարանդի կառավարություններ չստեղծվեցին, օրենքը շրջանցող որոշումներ չընդունվեցին: Հայաստանում օր օրի հաստատվում է օրենքի գերակայությունը, և դա է հայկական երիտասարդ դեմոկրատիայի այցեքարտը:

-Ինչո՞վ է սկսվում և ավարտվում Ձեր օրը:

-Օրն սկսվում է բարի լույսով, ընտանեկան հոգսերով, ապա՝ աշխատանք, ուր միշտ կա անսպասելին, պայքարը: Օրն ընթանում է անկանխատեսելի վայրիվերումներով և միշտ ավարտվում է այնտեղ, որտեղից սկսվել է:

-Ո՞րն է Ձեր սիրած փողոցը, թիվը, գույնը, սիգարետը:

-Սիրած փողոց չունեմ, թիվ՝ նույնպես, գույն՝ առավելևս, հաճույքով երգում եմ, լսում ուրիշներին, տղաներիցս ազդված՝ նաև նորերին: Չեմ ծխում և բոլորին հորդորում, խնդրում, պահանջում եմ չծխել, հատկապես կանանց և անչափահասներին:

-Իբրև նախկին փիլիսոփա և ներկա քաղաքական գործիչ՝ ի՞նչ եք մտածում հայի ֆենոմենի մասին: Ինչպիսի՞ն եք տեսնում այդ հային 21-րդ դարում:

-Հայը Աստծո սովորական արարած է, ժրաջան, բարոյական, իր խաչը կրող: Սակայն հային ամբողջ կյանքում ուղեկցում է իր ցեղային հիշողությունը: Այդ հիշողությունը, նայած ընկալման, կարող է նրան վեհացնել, դարձնել առաքինի, հպարտ, կարող է նվաստացնել, դարձնել միջակ, վեհերոտ: Կարծում եմ՝ քաղաքական կյանքում կան սրա հայելային արտացոլումները, իրար դեմ պայքարող երկու միտում: Ու՞ր են տանելու առաջնորդները հայ ժողովրդին: Ողբացող, վիրավորված, կորցրած ժողովրդի՞ պետություն է լինելու, թե՞ արժանապատիվ, բարօրության ձգտող, աշխարհի ազգերին հավասար ժողովրդի պետություն: Հայի մեջ ցեղային հիշողության բեռը երկակի դեր է կատարում և նրա առաջնորդների առաքելությունն է նաև բարոյական սերմեր աճեցնելը: Չի կարելի աշխարհ դուրս գալ՝ աշխարհից խռոված, չի կարելի մարդուն բարևել՝ թևի տակ քար պահած: Պետք է վճիտ աչքերով, մեծ սիրով ու սրտով նայել աշխարհին և կտեսնես, որ աշխարհն էլ քեզ է այդպես նայում: Փոքր Մհերի պես քարանձավ մտած, բարու համար պայքարից խուսափող չլինենք, չսպասենք, որ աշխարհը բարիանա ու նոր քարանձավից դուրս գանք: Մեր մեջ դեռ պայքարում են այս երկու միտումները, և կարծես թե հաղթում է եռանդուն, աշխատանքի միտված, աշխարհին պայծառ նայող հայի կերպարը:

-Ի՞նչ հարց չտվեցի:

-Ես Ձեզ ուզում եմ հարցնել՝ Դուք իմ ասածներին հավատու՞մ եք:

-Մասամբ:

Հարցազրույցից առաջ մտածում էի հարցերի մասին, հետո՝ պատասխանների: Օրերի անցուդարձում այնքան քիչ ժամանակ է մնում ապրածդ կյանքն իմստավորելու, հեռուն ու մոտիկը ճշտելու համար, շատ քիչ մարդիկ են իրենց կյանքն ապրում միանգամից երեք կտրվածքներով՝ անցյալի, ներկայի, ապագայի գնահատումներով: Եվ այդպիսի մարդիկ սովորաբար ... մշակ են լինում: Եվ եթե շատ լինեին նման մշակները, մեր Մհերը երբեք քարանձավ չէր մտնի:

***

1998-ի փետրվարի 4-ին նա նույնպես հրաժարական ներկայացրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից։ Հետո զբաղվում էր դասախոսական աշխատանքով:

2013-ի օգոստոսի 21-ին նշանակվեց Ղազախստանում ՀՀ դեսպան, 2014-ի փետրվարի 4-ին՝ համատեղության կարգով նաև Ղրղզստանում: Մինչև 2018-ը: Վերջերս հանդիպեցի հենց մեր փողոցում՝ երեխան գրկին: Ինձ չճանաչեց, ես չհիշեցրի: Լինում է նաև այդպես:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին