Աշոտ Ոսկանյան. Ո՞վ կարող էր 100 տարի առաջ ասել՝ ի՞նչ կլինի այսօր - Mediamax.am

Աշոտ Ոսկանյան. Ո՞վ կարող էր 100 տարի առաջ ասել՝ ի՞նչ կլինի այսօր
3202 դիտում

Աշոտ Ոսկանյան. Ո՞վ կարող էր 100 տարի առաջ ասել՝ ի՞նչ կլինի այսօր


Ինձ միշտ հետաքրքրել են խելացի մարդիկ եւ իմ շրջապատում սովորաբար մեծամասնություն են եղել: Միշտ: 90-ականներին՝ հատկապես: Ստացվել էր այնպես, որ մինչ Ազատության հրապարակում փոթորկվում էր արցախյան շարժումը, ես … գիտաթեզ էի գրում ու խիստ սահմանափակված էի ժամանակի մեջ: Նյութեր հավաքելու համար, ինչպես բոլոր դիսերտանտները, ամեն օր գնում էի Հանրային գրադարան: Մինչեւ ժամը 6-7-ը, երեկոն պարտադիր Ազատության հրապարակում էր մթնում: Հանրային գրադարանում ծանոթացել ու ընկերացել էի ինձ նման դիսերտանտների հետ, միասին էլ գնում էինք օպերա: Գերագույն խորհրդի ընտրություններից առաջ նրանցից մեկն էլ ինձ ծանոթացրեց Աշոտ Ոսկանյանին, որ այդ ժամանակ փիլիսոփայություն էր դասավանդում համալսարանում: Իսկ ընտրություններից առաջ ինչ-որ իմաստով դարձա նրա ոչ պաշտոնական վստահված անձը, որ աջակցում էր ռադիոյում ելույթներ ունենալուն, թերթերի հրապարակումներին: Այդքանը կարող էի ու այդ էլ փորձում էի անել: Հիմնականում ստացվում էր, եւ դա ոչ թե իմ, այլ՝ իր շնորհիվ: Աշոտ Ոսկանյանը գիտեր ու կարողանում էր ոչ միայն բացատրել, այլեւ՝ ստիպել մտածել: Նա հետաքրքիր զրուցակից է: Բնականաբար, Ազատության հրապարակում ոչ միայն ելույթներ էինք լսում, այլեւ միմյանց հետ քննարկում ու բանավիճում էինք: 1990-ին նա ընտրվեց ԳԽ պատգամավոր, եւ մեր հանդիպումները համարյա դադարեցին: Ես նրան հանդիպեցի 1995-ի հունիսին՝ ընտրությունների եւ Սահմանադրության հանրաքվեի նախօրեին, հարցազրույցը հիմնականում Սահմանադրության մասին էր, բայց հանեցի հարցերը եւ հարցազրույցը գործնականում դարձավ Սահմանադրության ու Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մեկնություն (23.06.1995, «Հայաստանի Հանրապետութիւն», «Սահմանադրությունը համապատասխանում է մեր այսօրվա պահանջներին»):

***

Հաճախ հարց են տալիս՝ հանրաքվեի ներկայացված Սահմանադրությունը լա՞վն է, թե՞ լավը չէ: Կարծում եմ, որ հարցն ինքնին ճիշտ չէ ձեւակերպված, որովհետեւ բոլոր հարցերին կոնկրետ պետք է պատասխանել: Վերացականորեն լավ կամ վատ Սահմանադրություն գոյություն չունի: Վերջին հաշվով՝ ոչ մի երկրի Սահմանադրություն կատարյալ չէ, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ի Սահմանադրությունը, որը բազմաթիվ փոփոխություններ է կրել, նաեւ Ֆրանսիայի Սահմանադրությունը, որը ստիպված է եղել հատուկ հղում կատարել մեկ այլ փաստաթղթի, քանի որ չի պարունակում մարդու իրավունքներին վերաբերող ժամանակակից մաս եւ ունի մի ամբողջ գլուխ արտաքին տարածքների վերաբերյալ, որը չի գործում, քանի որ Ֆրանսիան այլեւս գաղութներ չունի, ընդ որում՝ չի գործել Սահմանադրության ընդունման օրից: Իսկ Անգլիայի Սահմանադրությունը բաղկացած է մի քանի փաստաթղթերից… Այս ամենը վկայում է, որ կատարյալ Սահմանադրություն չկա: Լա՞վն է մեր Սահմանադրությունը, թե՞ վատը հարցնելու փոխարեն ավելի ճիշտ կլինի հարցնել՝ համապատասխանու՞մ է Սահմանադրությունը մեր այսօրվա պահանջներին: Այս իմաստով պատասխանը միանշանակ դրական է: Համապատասխանում է, որովհետեւ իսկապես հանդես է գալիս իբրեւ մեր վերջին տարիների անկախ զարգացման փորձի ընդհանրացում եւ ձեւավորվել է կարծիքների բախումների, մեծ բանավեճերի եւ քննարկումների արդյունքում: Սահմանադրության այս նախագիծը հաճախ են քննադատում՝ ասելով, որ գործադիր իշխանությունը, նախագահը առավելություն են ստանում օրենսդիր իշխանության նկատմամբ, այսինքն՝ հավասարակշռությունը խախտված է: Ես չեմ ցանկանում վիճարկել այդ կարծիքը: Այո, սա ուժեղ, նախագահական հանրապետության Սահմանադրություն է: Ավելին, ուզում եմ վկայակոչել անգլիացի մի հեղինակի՝ վերջերս թերթերում հանդիպած ձեւակերպումը՝ եթե Հայաստանում ընդունվի այս Սահմանադրությունը, կլինի Եվրոպայի ամենաուժեղ նախագահական համակարգով Սահմանադրությունը: Ես կարծում եմ, որ դա լավ բնորոշում է եւ շատ հստակ է ասված: Այո, մեր Սահմանադրությունը աշխարհի ամենաուժեղ նախագահական համակարգով Սահմանադրությունը չէ, իսկ Եվրոպայի երկրների համեմատությամբ երեւի թե այդպես է: Եթե մեզ հարցնենք, թե Եվրոպայի ո՞ր երկիրը պետք է ունենա ամենաուժեղ նախագահական համակարգը, պատասխանը պետք է լինի՝ Հայաստանը: Հայաստանը, որովհետեւ դժվար թե որեւէ երկիր, որը ձգտում է շատ, թե քիչ համապատասխանության մեջ դնել իր կարգը, դրվածքը, տնտեսությունը, քաղաքական համակարգը եվրոպական ստանդարտների հետ՝ այնքան դժվարին պայմաններում ու դժվարին շրջապատում գտնվելիս, ինչպես հիմա Հայաստանը, եւ այնպիսի դժվարին պատմական ժառանգություն ստացած լինի, ինչպես Հայաստանը: Դժվար թե այնպիսի դժվարին խնդիրներ ունենա լուծելիք, որպիսին ունի Հայաստանը: Եվ բնական է, եթե մենք փորձում ենք մեզ եվրոպական ստանդարտների չափանիշներով դատել, որ մեր Սահմանադրությունը պետք է նախատեսի ուժեղ նախագահական համակարգ:

Ինձ համար շատ տարօրինակ են հնչում պնդումները նախագահական համակարգի ու բռնապետության միջեւ գոյություն ունեցող ճակատագրական կապի մասին: Մամուլում եւ միտինգներում հնչած ելույթներում վիճակագրական տեղեկություններ են բերում ՙապացուցելու՚, որ այս-այս երկրներում նախագահական համակարգը հանգեցրել է բռնատիրական վարչակարգի: Իրականությունն այն է, որ պատճառը եւ հետեւանքը իրենց տեղերն են փոխում՝ ոչ թե նախագահական համակարգն է հանգեցրել բռնապետական վարչակարգերի, այլ՝ ընդհակառակը՝ բռնապետական վարչակարգերը ցանկանում են քողարկվել նախագահական համակարգով: Դրանք բոլորովին տարբեր երեւույթներ են: Պատճառը նախագահական համակարգը չէ, այլ բուն բռնապետական վարչակարգը: Կարծիք է հայտնվում, որ եթե լինի խորհրդարանական հանրապետություն, կբացառվի Հայաստանում երբեւէ բռնապետություն հաստատելու հնարավորությունը: Սակայն մենք բազմաթիվ դեպքեր կհիշենք, երբ փաստացի միակուսակցական կառավարումը տասնամյակներ շարունակ ապահովվում է խորհրդարանային համակարգի միջոցով: Ցայտուն օրինակ է Հնդկաստանի ազգային կոնգրես կուսակցությունը: Ավելին՝ երբ մենք քննարկում ենք բոլոր այս հասկացությունները՝ նախագահական, բռնապետական, խորհրդարանական եւ այլն, եւ այլն, մոռանում ենք, որ արեւմտյան ժողովրդավարական համակարգերը մաքուր ձեւով անմիջական կիրառություն են գտնում այն երկրներում, որտեղ կա որոշակի ուղղությամբ զարգացած հասարակարգ, որը հենված է ազատ շուկայական տնտեսության, շատ որոշակի պատմության վրա եւ ինքն է ծնել այդ քաղաքական համակարգը: Մենք մոռանում ենք, որ կան բազմաթիվ այլ հասարակություններ, որոնք հենվելով ավանդական կառույցների վրա, այնուամենայնիվ, ընդունում են այդ արեւմտյան մոդելը: Նույնիսկ հատուկ տերմին կա՝ տրայբալիզմ, որ նշանակում է այնպիսի հասարակություն, որտեղ իշխող ավանդական հարաբերություններն են՝ ցեղային, կոնֆեսիոնալ (տարբեր կրոնական խմբերի վրա հենվող), սրանք որպես արտաքին կեղեւ՝ ընդունում են արեւմտյան մոդելը: Նման երկրները ունեն Սահմանադրություն, խորհրդարան, նախագահ, բոլոր ինստիտուտներն անվանական կան, բայց իրականում հարաբերությունները կառուցվում են ոչ թե քաղաքական կուսակցությունների (բառիս դասական իմաստով) պայքարի հիման վրա, այլ՝ իրենց ավանդական հարաբերությունների օրինաչափությունների  համաձայն: Օրինակ՝ խորհրդարանի ընտրությունները կատարվում են, բայց ընտրություններում իրականում մրցակցում են ոչ թե քաղաքական կուսակցությունները, այլ ինչ-որ ցեղերի առաջնորդներ, կլաններ, կրոնական համայնքներ, երբեմն նաեւ հանցագործ կառույցներ: Դրսից նայելիս ամեն ինչ կարգին է, ներս ուղղված հայացքն արձանագրում է գործընթացների ողջ բարդությունը: Հեռու չգնանք, Լիբանանում, օրինակ, իշխանության ճյուղերի տարանջատումը սահմանադրորեն համապատասխանեցված է կրոնական համայնքների բաժանմանը՝ նախագահը մեկինն է, խորհրդարանի խոսնակը՝ մյուսինը, վարչապետը՝ երրորդինը, քրիստոնյա մարոնիտներն իրենց տեղն ունեն, մահմեդական շիաները՝ իրենց, սունիները՝ իրենց… Եվ այդ համակարգը մինչեւ այսօր անխախտ է, իշխանությունը բաժանված է խմբերի միջեւ… Բոլոր դեպքերում ենթադրվում է, որ պետք է լինի հասարակության մեջ գործող տարբեր խմբակցությունների կոնսենսուս, եւ Սահմանադրությունը պետք է նպաստի այդ կոնսենսուսին: Հետեւաբար, բնական է հարցնել, թե որո՞նք են այսօրվա հայկական հասարակության մեջ գործող ուժերը, որոնց միջեւ պիտի ապահովվի համաձայնությունը: Ուրեմն եւ պիտի անդրադառնանք մեր կուսակցություններին ու նախընտրական պայքարի փուլին: Փորձենք տեսնել, թե ի՞նչ հիմնական ուժեր կան: Տպավորություններս ճնշող են, եւ նույնիսկ ավելի, քան կարող էի ենթադրել: Փաստորեն հիմա յուրաքանչյուր ընտրատարածքում առաջադրվում է 15-20 թեկնածու: Նրանց մեծամասնությունը որեւէ քաղաքական կազմակերպություն չի ներկայացնում, այսինքն՝ մարդիկ հիմնականում առաջադրում են իրենք իրենց ու հպարտորեն ասում են՝ ես անկուսակցական եմ: Հասկանալի է, որ կուսակցությունների նկատմամբ հիմա որոշակի բացասական վերաբերմունք կա ձեւավորված, եւ անկուսակցականությունը կարգախոս դարձրած մարդիկ հույս ունեն ինչ-որ բան շահել: Բայց բնական հարց է առաջանում՝ եթե անկուսակցական ես, ինչպե՞ս կարող ես մասնակցել քաղաքական այդ կոնսենսուսին: Որպես անհա՞տ: Եթե այո, ողջ Հայաստանը պետք է նման կոնսեսուսի կայացմանը մասնակցի, այդ դեպքում երեք միլիոնն էլ պետք է ընտրվե՞ն: Պարզվում է, որ մեծամասնությունը իր թեկնածությունն առաջադրել է հիմնականում իր անձնական խնդիրները լուծելու համար՝ տեղ-տեղ արդեն բանակցություններ են ծավալվում, ինչ-որ խոսակցություններ, մարդիկ չեն էլ թաքցնում, որ պատգամավոր դառնալու դրդապատճառը պետական լծակներին մոտ լինելու ձգտումն է, իրենց ու իրենց մերձավոր շրջապատի բարեկեցիկ կյանքն ապահովելու, ինչ-որ խնդիրներ լուծելու ցանկությամբ:

Այդպիսով կարող է ձեւավորվել մի Ազգային ժողով, որտեղ մեր քաղաքական գործիչները ստիպված կլինեն լուծել շատ տարօրինակ խնդիր՝ լեզու գտնել բազմաթիվ մարդկանց հետ, որոնք ոչինչ ու ոչ մեկին չեն ներկայացնում, բացի իրենք իրենցից: Որոշ վերապահումով նույնը կարելի է ասել քաղաքական կուսակցությունների մեծամասնության մասին: Երեսունից ավելի քաղաքական կուսակցություններ են մասնակցում ընտրապայքարին: Երբ նրանցից յուրաքանչյուրն իրավունք ստացավ առաջարկել իր թեկնածուներին ընտրական հանձնաժողովների կազմում, պարզվեց, որ շատ կազմակերպություններ անմիջական շահագրգռվածություն չունեն ընտրատարածքների մեծ մասում  եւ սկսվեց ցուցակ ներկայացնելու իրավունքը մյուսին տրամադրելով՝ «համագործակցելու» մի տարօրինակ շրջան: Սա բնական է, օրենքի ոչ մի խախտում չկա: Բայց կա այնպիսի իրավիճակ, երբ կուսակցությունների մեջ թափ է առնում համաձայնեցումների, գործարքների, իրավունքներ տալու-առնելու մի գործընթաց, որը շատ քիչ է առնչվում կուսակցությունների գաղափարական պլատֆորմների հետ: Ներեցեք կոպտացնելու համար, բայց երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այդ կուսակցությունները ոչ մեկին, իրենցից բացի, չեն ներկայացնում: Այսինքն՝ մենք շատ մեծ թվով կուսակցություններ ունենք, բայց ոչ ոք չգիտի, թե բնակչության ի՞նչ շերտ են ներկայացնում նրանք: Պատկերացրեք՝ այդ բոլոր խմբերը, կուսակցությունները, բլոկները մտնում են խորհրդարան եւ խորհրդարանում պետք է լուծեն մեկ խնդիր՝ վարչապետի նշանակման խնդիրը, որը, ըստ խորհրդարանական մոդելի կողմնակիցների, պետք է խորհրդարանական ընտրությամբ լուծվի: Վարչապետը պետք է հավաքի ձայների 50+1 տոկոսը: Ի՞նչ է դա նշանակում: Նշանակում է, որ վարչապետը ստիպված է լինելու բանակցել փոքր խմբերի հետ՝ 5, 7, 10 պատգամավորանոց խմբերի, փոքրիկ կուսակցությունների հետ՝ բոլորին ինչ-որ բան խոստանալով: Ի՞նչ կարող է խոստանալ վարչապետը: Միայն մեկ բան: Նախարարական պորտֆելներ: Եթե վարչապետը լեզու չգտնի 50+1-ի հետ, չի ընտրվի: Եթե լեզու գտնի այդ ձեւով, կձեւավորի մի կաբինետ, որտեղ նախարարներից յուրաքանչյուրը կոչված է լուծել կամ իր անձնական, կամ իր փոքրիկ խմբի խնդիրները: Այսինքն՝ դա կլիներ մարդկանց մի խումբ, որ ամբողջություն չի դառնում, որոշակի նպատակ չունի եւ ոչ մի տեղ չի առաջնորդում: Կարելի է առարկել՝ իսկ եթե նախագահական համակարգը լինի, նույնը չի՞ ստացվի: Անկեղծ լինենք,  ես չեմ կարծում, որ Հայաստանում եւ ընդհանրապես ցանկացած երկրում, որեւէ մեկը կարող է պարծենալ, թե ինքը պաշտոնական դիրք ունի ու բացարձակապես չի մտածում իր անձնական շահի մասին: Բոլորն էլ մարդ են, պարտավորություններ ունեն իրենց ընտանիքի ու շրջապատի առաջ: Խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, թե ընդհանրապես այդ թիմը ձեւավորել հնարավո՞ր է, այդ թիմը որեւէ տեղ տանելու՞ է, որեւէ նպատակ իրագործելու՞ է: Այս առումով կարծում եմ, որ նախագահական համակարգը առավելություն ունի: Նախագահը զերծ է ամենատարբեր եւ ոչ մեկին չներկայացնող խմբերի ու խմբակցությունների հետ գործարքի մեջ մտնելու անհրաժեշտությունից, հետեւաբար ի վիճակի է առաջարկել մի համախմբված ամբողջություն, մի կաբինետ, որը որոշակի քաղաքական, տնտեսական խնդիրներ է լուծում:

Վերահսկողության հարցը նույնպես Սահմանադրության մեջ ապահովված է՝ խորհրդարանը կառավարությանը անվստահություն հայտնելու իրավունք ունի: Այնպես որ՝ Սահմանադրության խնդիրը պետք է դիտվի նախ եւ առաջ այս առումով, ոչ այն տեսակետից, թե որքանո՞վ է վերացականորեն ժողովրդավարական, որքանո՞վ է գեղեցիկ, որքանո՞վ է համապատասխանում մեր 15 տարի առաջ ունեցած տեսլական պատկերացումներին, այլ՝ որքանո՞վ է աշխատելու: Ըստ իս, այսօր այս Սահմանադրությունը կարող է եւ անպայման կաշխատի: Այլ խնդիր է, որ Սահմանադրությունն անթերի չէ: Այլ խնդիր է, որ շատ հոդվածների ու գլուխների քննարկումների ժամանակ վիճել եմ սահմանադրական հանձնաժողովի նիստերում: Շատ դեպքերում իմ կարծիքը հաշվի է առնվել, շատ դեպքերում հաջողության չեմ հասել եւ անցել է ինձ համար անընդունելի տեսակետը, բայց ես համարել եմ, որ եթե ընդունել ենք խաղի կանոնները՝ հարցը որոշվում է քվեարկությամբ, եւ եթե սկզբունքորեն ընդունում եմ Սահմանադրության հիմքում ընկած դրույթները, գտնում եմ, որ այս նախագծի ընդունումը չափազանց կարեւոր եւ անհրաժեշտ է մեր երկրի համար, պետք է միանշանակ կողմ քվեարկեմ ողջ նախագծին, քանի որ Սահմանադրությունն ամբողջություն է եւ պետք է գնահատվի որպես ամբողջություն:
Ի՞նչ կլինի, եթե Սահմանադրությունը չընդունվի: Կարծում եմ՝ ամենասարսափելին, որ կարող է կատարվել, հետեւյալն է՝ եթե հանկարծ Սահմանադրությունը չընդունվի  (ես դա համարում եմ անհավանական), ընտրություններից անմիջապես հետո ձեւավորված Ազգային ժողովը իր ողջ ուշադրությունը կենտրոնացնելու է նախագահի եւ խորհրդարանի ունեցած լիազորությունների վերաբաշխման վրա եւ ձգտելու է անել առավելագույնը, որպեսզի կրճատվեն նախագահի լիազորությունները եւ տրվեն խորհրդարանին: Դա բնական է ցանկացած խորհրդարանի համար, եթե նման հնարավորություն կա, պետք է օգտագործել: Ուրեմն ստացվում է, որ խնդիրը նույնիսկ այն չէ, թե որքան լիազորություններ ունի նախագահը եւ որքան՝ խորհրդարանը, խնդիրն այն է, որ մենք ունենալու ենք ոչ թե գործող մարմիններ, որոնցից յուրաքանչյուրը զբաղվելու է իր աշխատանքով, այլ՝ անընդհատ կռիվ, որն ուղղված է ոչ թե յուրաքանչյուրի կողմից իր ֆունկցիաների կատարմանը, այլ՝ մեկը մյուսից իրավունքներ խլելուն: Սա ես համարում եմ ամենավտանգավորը, եւ սա կարող է բերել այնպիսի ցնցումների, որ մեր փոքրիկ երկրի համար ճակատագրական կլինեն: Այդ պատճառով՝ ես կարծում եմ, որ Սահմանադրությունն այն բնական փաստաթուղթն է, որը մենք անպայման պետք է ընդունենք եւ մեր կյանքը կառուցենք առաջիկայում այդ փաստաթղթով, քանի որ իր բնական զարգացմամբ Հայաստանը հասել է այնպիսի մի հանգրվանի, որի դրսեւորումը հենց այդ իրավականորեն հաստատված փաստաթուղթն է:

Իմաստ ունի՞ այս Սահմանադրությունը գնահատել գալիք հարյուրամյակի հեռավորությունից: Կարծում եմ՝ ոչ: Լավագույն դեպքում դա կարող է հիշեցնել Մադրասում գրված առաջին սահմանադրական նախագծի հանդեպ ունեցած մեր այսօրվա վերաբերմունքը: 100 տարի հետո մարդիկ ներողամիտ ժպիտով երեւի կասեն, թե մեր նախնիները ստեղծել են այն, ինչ անհրաժեշտ էր իրենց ժամանակին: Ամբողջ տարբերությունը մեր ավանդական մտածելակերպի եւ այսօրվա հաջողության հասած բարգավաճող արեւմտյան երկրների միջեւ հենց այն է, որ մենք միանգամից դարերի համար ենք ուզում ինչ-որ բան ստեղծել, իսկ իրենք ամեն անգամ, ամեն տարի ու ամեն օր լուծում են այն խնդիրները, որոնք այդ տարին, այդ օրն են ծագել, եւ պարզվում է, որ եթե ամեն օր լուծում ես քեզ առաջադրված խնդիրները, 100 տարի հետո բոլոր խնդիրները լուծված են լինում: Իսկ եթե դու այսօր պլանավորում ես լուծել միանգամից քո 100 տարվա բոլոր խնդիրները, չես լուծում ոչ մեկը, նաեւ այսօրվա խնդիրներդ չես լուծում: Այդ է պատճառը, որ ես խորապես վստահ եմ, որ մենք Սահմանադրությունը պետք է գնահատենք մեր առաջիկա 5 տարվա համար նախեւառաջ, ոչ թե 100 տարի հետոյի չափանիշով: Ոչ ոք մեզ չի խանգարում 5 տարի հետո ինչ-որ բան վերանայել, 20 տարի հետո ինչ-որ բան փոխել: Իսկ թե ի՞նչ կլինի 100 տարի հետո… Ո՞վ կարող էր 100 տարի առաջ ասել՝ ի՞նչ կլինի այսօր:

***

Զարմանալի զգացողություններ են առաջանում, երբ այսօրվա իրողությունների պրիզմայով ես գնահատում՝ ինչպե՞ս է սկսվել պետությունդ, ի՞նչ կարող էր լինել ու ինչու՞ չեղավ, կամ՝ եղավ՝ ինչ եղավ: Եվ խնդիրը միայն այն չէ, որ 2015-ին Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման, այսինքն՝ Աշոտ Ոսկանյանը ճիշտ էր՝ 20 տարի հետո Սահմանադրությունը փոխվեց ու փոխվեց արմատականորեն՝ կառավարման մոդելով: Խնդիրն այն է, որ ՀՀ առաջին Սահմանադրությունը դեռ ընդունվելուց առաջ բարեհաջող վարկաբեկվեց ու դարձավ պետության հիվանդ երեխան եւ այդպես էլ հիվանդ մնաց մինչեւ այսօր, թեպետ մի քանի անգամ փոփոխվեց ու հիմա էլ փոփոխությունների ճանապարհին է, բայց ոչ մի կերպ չի համապատասխանում պետության ու աշխարհաքաղաքական իրավիճակների հետեւանքների լավագույնս կառավարելիության խնդրի լուծմանը:     

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին