Անհամաչափ զարգացման մասին - Mediamax.am

Անհամաչափ զարգացման մասին
4103 դիտում

Անհամաչափ զարգացման մասին


Ի տարբերություն ՀԽՍՄ-ի սկզբնական ժամանակահատվածի, երբ քաղաքաշինությունը (Town Planning) ոչ միայն համաշխարհային գիտական գործընթաց էր, այլեւ տնտեսական զարգացման հզոր գործոն, երբ նախագծվում էին եւ հիմնադրվում էին նոր քաղաքներ, Հայաստանն այլեւս երբեւէ չի զարգացել համահունչ, կամ ինչպես հիմա ընդունված է ասել՝ համաչափ կերպով։ Սակայն այստեղ կա թյուրըմբռնում. համաչափ՝ չի նշանակում կայուն կամ ներդաշնակ։

Համաչափ զարգացում արտահայտությունն այլեւս սխալ է, քանի որ մենք բաց ենք թողել համաչափ զարգացման հնարավորությունը։ Այն ընդամենը նշանակում է, որ մենք շարունակում ենք զարգացնել հանրապետությունը այնպես, ինչպես դա տեղի էր ունենում վերջի 50 տարվա ընթացքում։ Այսինքն՝ Երեւանը եւ մարզերը շարունակում են զարգանալ նույն բնույթով եւ տեմպով։ Պետք է սահմանել եւ հետեւել նոր եզրույթի՝  անհամաչափ զարգացում։ Առանց երեւույթի ճիշտ բնութագրման հնարավոր չէ մեկնարկել ոչ մի բանավեճ։ Դա թույլ կտա հասկանալ՝ թե ի վերջո ինչի մասին է խոսքը։

«Անհամաչափ զարգացում» եզրույթը իր մեջ կպարունակի մեր խնդիրների գիտակցումը։ Մենք պետք է առնվազն մի պահ կանգնեցնենք կամ նկատելի զսպենք մայրաքաղաքի էքսպանսիան եւ շատ արագ տեմպերով ձեռնարկենք մարզերի եւ առաջին հերթին՝ սահմանամերձ գոտիների եւ երկրաշարժի գոտու զարգացումը եւ վերակենդանացումը։ Մենք համաչափ զարգացման հնարավորությունը բաց թողեցինք Կարեն Դեմիրճյանի մետրո կառուցելու ցանկության եւ հետխորհրդային  քաղաքը մասնատելու ու վաճառելու արանքում։ Հիմա միակ ճանապարհը երկիրը անհամաչափ զարգացնելն է։

Վտանգավոր փաստ. այսօր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում ապրում է երկրի բնակչության 63%-ից ավելին։ Սա իր մեջ պարունակում է բազում գոյաբանական վտանգներ մեր երկրի համար։

Գտնվելով ծայրահեղ անբարենպաստ սեյսմիկ պայմաններում, մենք մոռացել ենք առնվազն 10 կործանարար երկրաշարժերի մասին, որոնք ցնցել են Արարատյան լեռնաշխարհը միայն մեր թվարկության ընթացքում։ Ավելի պարզ ասած՝ մոտավորապես 200 տարին մեկ մենք ունեցել ենք աղետալի բնույթի ցնցում։ Իսկ եթե խոսենք ավելի գիտական լեզվով, ապա հետագա 50 տարվա ընթացքում բարձր մագնիտուդայով երկրաշարժի հավանականությունը գնահատվում է 25%:

Երեւան քաղաքի շենքերի կազմվածքի վերլուծությունը էլ ավելի հիասթափեցնող է․ բնակֆոնդի մի մեծ մաս, որը կառուցվել է մինչեւ 1950-ականները, նախագծվել է նկատելի ավելի ցածր (քան հիմա պահանջվում է) բալայնության համար: Իսկ 50-ականներից մինչեւ 1988 թվականը կառուցված շինությունների սեյսմակայունության մասին խոսելը պարզապես անտեղի է։
Մտահոգիչ է նաեւ այն, որ ցածր բալայնությամբ կառուցված շենքերի թվում են գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերը։

Փաստացի մենք շարունակաբար վտանգում ենք մեր սերունդները։ Բնականաբար, սա մեկ օրվա կամ մեկ տարվա ընթացքում լուծվող խնդիր չէ, սակայն այն խնդիրներից է, որը եթե չես սկսում լուծել՝ այն ամեն օր ավելի վտանգավոր է դառնում։ Սրա մասին բազմիցս խոսվել է, բայց ինչ-ինչ պատճառներով (երեւի, քաղաքականապես «կոռեկտ» չլինելու եւ նախընտրական արշավներին աննպատակահարմար լինելու պատճառով) երբեք պատշաճ ուշադրության չի արժանացել հանրության կողմից։ Չնայած նախկինում էլ կազմվել են ծրագրեր, որոնք նախատեսում էին Երեւան քաղաքից առաջին հերթին հեռացնել բուհերը։ Ինձ բախտ է վիճակվել սրա մասին երկար զրույցներ ունենալ երջանկահիշատակ քաղաքաշինարար եւ ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի հետ, ով դեռեւս 1980-ականների կանխատեսում էր քաղաքի այս զարգացումը եւ մշակել էր ուսանողական քաղաքը դեպի Աբովյան տեղափոխելու ծրագիր։ Հենց այդ նպատակին պետք է ծառայեր մոնորելսի անավարտ շինարարությունը։

Պարադոքսն այն է, որ Խորհրդային միությունը՝ նման քաղաքաշինական ծրագրի համար անհրաժեշտ միջոցներ ունենալով, կարող էր իրեն թույլ տալ չանել դա։ Բայց Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ ջայլամի պահվածքով շարունակել անտեսել անխուսափելին։

Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում կենտրոնացած է ոչ միայն բնակչության 60%-ը, այլեւ տնտեսական ռեսուրսների 80%-ից ավելին։ Ես ռազմագետ չեմ, սակայն չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե 2020-ի պատերազմում ինտենսիվորեն ներգրավված լիներ Երեւանը։ Երկրորդ, երրորդ եւ տասնյակ ուրիշ զարգացած քաղաքներ չունենալով, մենք այս տարածաշրջանում դատապարտված ենք վերացման։ Հնարավոր չի դիմակայել մեկ քաղաք-պետության պայմաններում։ Դա ֆեոդալական պետության կառուցվածք է, երբ կյանքը միայն միջնաբերդում է։

Ակնհայտ է, որ խաղաղությունը մեզ չի տրվելու անվճար։ Հնարավոր է, որ ապագա պատերազմները կլինեն դրա գինը։ Սակայն եթե Ստեփանակերտից, Մեղրիից եւ Գորիսից մարդիկ նահանջում են Երեւան՝ ու՞ր ենք նահանջելու Երեւանից։ Կամ ինչպես ենք մենք գոյատեւելու, եթե, օրինակ, 44 օր ռմբակոծվի Երեւանը։ Արդյո՞ք դրանից հետո կունենանք հոգեւոր կամ տնտեսական ռեսուրս պայքարելու կամ ընդհանրապես գոյատեւելու համար։  

Ուկրաինայում պատերազմը ցույց է տալիս քաղաքների ռազմավարական նշանակությունը թշնամուն դիմակայելու հարցում։ Մենք անընդհատ խոսում ենք սահմանամերձ բնակավայրերի մասին, բայց եկեք մտածենք. իրականում ի՞նչ է արվել՝ բացի մի քանի դպրոց-մանկապարտեզ կառուցելուց։ Արդյո՞ք մեր վիճակում գտնվող պետությունը իրեն կարող է թույլ տալ այս խնդրի լուծմանը հատկացնել տարեկան, օրինակ 120 միլիոն դրամ, եւ դա համարել հարցի լուծում։ Արդյո՞ք պետք չեն կտրուկ եւ ծախսատար միջոցառումներ։ Այդ միջոցների ծախսը պետք է համեմատել պատերազմի ծախսերի եւ կորուստների հետ։ Համաշխարհային պրակտիկաում կան բազում օրինակներ, թե ինչպես կարելի է խթանել տարածքների զարգացումը։ Եվ խոսքը հաճախ ոչ թե անմիջական պետության կապիտալ ներդրումների, այլ տնտեսական խրախուսման անհամար գործիքների մասին է։ Սակայն մինչ այժմ ունենք այն, ինչ ունենք՝ խնդրի խորքային անտեսում։

Շարունակելով անտեսել հանրապետության կայուն զարգացման ստրատեգիկ եւ կենսական անհրաժեշտությունը, մենք շարունակում ենք խթանել Երեւանի խոշորացումը։ Զարգանում ենք «համաչափ»։ Առաջին հայացքից ակնառու չե, սակայն այս խոշորացումը եւ կենտրոնացումը կատարվում է առաջին հերթին ի հաշիվ մարզերի։ Միայն այս տարի Երեւան քաղաքում տրվել է մոտ 360 ճարտարապետա-հատակագծային առաջադրանք եւ շինարարության թույլտվություններ։ Սա նշանակում է 30 000-ից ավել նոր բնակարան, որոնք վաղ թե ուշ բնակեցվելու են 80 000-100 000 մարդկանցով։ Ո՞րտեղից են գալու այդ մարդիկ։ Կարող ենք ինքներս մեզ խաբել ու ասել, որ նրանք սփյուռքահայերն են կամ ռելոկանտները, սակայն իրականությունն այլ է։ Հիմնականում ընտանիքները տեղափոխվում են մարզերից, որտեղ ոչ միայն նոր շենքեր չեն կառուցվում, այլեւ բացակայում են ենթակառուցվածքներ եւ տարրական կենցաղային պայմաններ։ Մայրաքաղաքի զարհուրելի աճը շարունակաբար ապահովում ենք մարզերի ճակատագրական արտահոսքի հաշվին։

Հասկանալի է, որ ներդրումները հոսում են այնտեղ, որտեղ ակնկալվում է առավելագույն եկամուտ։ Ու, թերեւս, ներդրողի պարտականությունը չէ մտահոգվել պետության ապագայով, առավել եւս, որ ներդրողը կարող է այլազգի եւ այլ պետության հպատակ լինել։ Պետության պարտականությունն ու մենաշնորհն է կառավարել հանրապետության ֆիզիկական եւ տարածական զարգացումը, ուղղորդել ներդրումները։ Եթե կառուցապատողը նպատակահարմար չի գտնում կառուցել Գյումրիում կամ Վանաձորում, պետության պարտականությունն է դրանք գրավիչ դարձնել ներդրողի համար՝ անվճար հողի, հարկային կամ այլ արտոնությունների միջոցով։

Մոտենում են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունները։ Արդեն պարզ է, որ հերթական անգամ նախընտրական արշավները հիմնականում կառուցված կլինեն «ով կխոստանա, ով կկառուցի, ով կբարեկարգի ավելի շատ» սկզբունքով։ Արդյո՞ք հիմա չէ ժամանակը ձեւակերպել մայրաքաղաքի ապակենտրոնացման անհրաժեշտությունը, ներդնել անհամաչափ զարգացման խոսույթը։ Հիմա, երբ շատերի ուշադրությունը սպասվող նախընտրական պայքարի վրա է, կարելի է շատ արագ ներմուծել այս կենսական գաղափարի տարածումը։

Ավետիք Էլոյանը ճարտարապետ է,  Հայաստանի ճարտարապետների պալատի եւ Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի անդամ, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին