Այլեւս ազատ անկման վիճակում ենք - Mediamax.am

Այլեւս ազատ անկման վիճակում ենք
2230 դիտում

Այլեւս ազատ անկման վիճակում ենք


Մեծերից մեկն ասում էր. «Հիմարություն է կատարել նույն գործողությունները եւ տարբերվող արդյունք ակնկալել»։

Ինչպես մեր կյանքի այլ ոլորտներում, քաղաքաշինության մեջ այժմ նույնպես անհրաժեշտ է ձեւակերպել, թե ինչ ենք ուզում ունենալ որպես մեր երկրի զարգացման քաղաքակրթական մոդել։ Չլինելով հասարակության ուշադրության կենտրոնում՝ քաղաքաշինությունը եւ ճարտարապետությունը, այնուամենայնիվ, երկրի կարեւորագույն գոյաբանական հիմնաքարերից են, որոնք ոչ միայն կանխորոշում են մեզ շրջապատող ֆիզիկական տիրույթը, այլեւ հանդիսանում են հասարակարգի կրթական հզորագույն գործոն։
 
Այս ոլորտը բազմաշերտ է։ Եթե փորձենք հասկանալ, թե ինչին պիտի ձգտենք, որն է մեր ցանկալի ֆորմատը, պետք է հասկանանք եւ վերլուծենք այդ ոլորտը ձեւավորող տարբեր խմբերի շահերն ու ցանկությունները՝ համադրելով պետական շահի եւ ազգային գաղափարների հետ։

Քաղաքացին ցանկանում է ապրել ապահով ու անվտանգ միջավայրում։ Ընդ որում՝ խոսքը զուտ ամուր շինությունների մասին չէ։ Սա նաեւ վերաբերում է սոցիալական ապահովությանը, տնտեսական ու էկոլոգիական անվտանգությանը եւ դրանց սերտորեն փոխկապակցված տրանսպորտի խնդրին։ Ազնվորեն փաստենք. սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներն ամենուր են, էկոլոգիայի մասին չենք էլ մտահոգվում, իսկ Երեւանն այլեւս կաթվածահար է փաստացի անկառավարելի ավտոտրանսպորտային հոսքերի պատճառով։ Իսկ մենք շարունակում ենք անմտաբար ապրել միաբջիջ տրամաբանությամբ՝ խտացնելով Երեւանը եւ անտեսելով մեր գործունեության հետեւանքներն ու վաղվա օրը։

Ճարտարապետը/քաղաքաշինարարը (այս պարագայում նույնականացնում եմ) ցանկանում է պաշտպանված լինել պետության կողմից։ Միայն պաշտպանելով մասնագիտական հանրությունը՝ պետությունը կկարողանա բարձրացնել քաղաքաշինական գործընթացի, կառուցապատման եւ շենքերի ճարտարապետության որակը։

Բազմիցս խոսել եմ այն մասին, որ ինքնակառավարման մարմինները նախագիծ ներկայացնողներից պետք է ճարտարապետական արտոնագիր պահանջեն։ Սա կարեւորագույն եւ միակ գործնական քայլն է, որով այս պահին կարելի է վերահսկել որակը։

Պարզապես ապշեցուցիչ է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանք  (АПЗ) ստանալու համար նույնիսկ չի պահանջվում, որ էսքիզ ներկայացնողը ճարտարապետ լինի։ Այս կարեւորագույն փաստաթուղթը, որը հաստատում է շենքի (կարդա՝ մեր քաղաքների) ապագա ձեւն ու ոճը, որը տրամադրվելուց հետո կցվում է հողին եւ այլեւս չի փոխվելու, անգամ եթե փոխվի նախագծի ճարտարապետը, կարող է ներկայացնել ցանկացած մասնագիտության, կրթության ու փորձառության մարդ։

Որպես հետեւանք՝ շուկայում կան մարդիկ, որոնք կարող են իրենց թույլ տալ էսքիզային նախագիծ մշակել մի քանի անգամ ավելի քիչ վարձատրությամբ։ Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել իմ գործունեությունից, երբ պոտենցիալ պատվիրատուն, լսելով գնառաջարկը, հեռացել է՝ ասելով, որ այդ գործը շուկայում տասն անգամ պակաս արժի։

Արդյոք ուզո՞ւմ ենք, որ մեր քաղաքի տեսքը ձեւավորվի ոչ պատշաճ կրթություն եւ փորձառություն ունեցող անձանց կողմից։ Սակայն շարունակում ենք հանդուրժել անանուն (էլ չեմ ասում՝ առանց արտոնագրի), «մի օրում» արված նախագծեր։

Դա նույնն է, երբ բժշկության մեջ ախտորոշումը կատարվի ոչ մասնագետի կամ նորավարտի կողմից։ Նախնական էսքիզը ոչ այլ ինչ է, քան ախտորոշում, տվյալ հողամասի վերլուծություն քաղաքային խնդիրների կոնտեքստում։ Միայն մանրակրկիտ մասնագիտական ու կոնտեքստային զննումը կարող է գեներացնել առողջ, շրջապատի համար «անվտանգ» շենք։ Իսկ դա միայն ու միայն փորձի ածանցյալ է, որը վաստակվում է տարիներով, մասնագետի համբավ եւ անուն կերտելու հետ մեկտեղ։

Կառուցապատողները կամ ներդրողները ցանկանում են կանխատեսելիություն, որի պարագայում անհրաժեշտություն չեն ունենա «ծանոթ» փնտրել տեղական կամ պետական կառավարման մարմինների միջին օղակներում։ Կառուցապատողը ցանկանում է նախօրոք իմանալ իր շինարարության չափորոշիչները, ժամանակացույցը եւ, հետեւաբար, շահույթը։ Նա ուզում է քաղաքապետարանի կայք այցելելով՝ հասկանալ, թե արդյոք տվյալ հողի վրա իրավունք ունի բազմահարկ բնակելի շենք կառուցել, թե այն հատկացված է բացառապես ցածրահարկ հասարակական կառուցապատման համար։ Չի ցանկանում, որ իրեն մի բան խոստանան, իսկ տասն ամիս անց՝ նախագիծը մշակելուց հետո, պարզվի, որ ինչ-որ անհայտ, կամայական պատճառով պետք է շենքի վեց հարկը պակասեցվի։

Կառուցապատողը ցանկանում է, որ քաղաքապետարանի տրված շինթույլտվությունը լինի այն աստիճանի լեգիտիմ, որ շինարարությունը սկսելուց հետո դժգոհ քաղաքացիները չշրջապատեն իր շինտեխնիկան։

Կառուցապատողը ցանկանում է հողը ձեռք բերելիս իմանալ բոլոր սահմանափակումների մասին։ Որ պատմամշակութային հուշարձանները ամրագրված լինեն կադաստրի վկայականի մեջ, ինչը կբացառի «չգիտեի, որ սա հուշարձանի պահպանման գոտի է» արդարացումները:

Տեղական ինքնակառավարման մարմինը պետք է ցանկանա, որ ներդրումները հոսեն իրենց համայնք՝ կանխատեսելի ու կառավարելի ձեւով։ Պետք է ձգտեն մշակել քաղաքաշինական գործընթացի այնպիսի համակարգ, որը միանշանակորեն կկարգավորի ոլորտը՝ բացառելով չարաշահումները, կամայական կամ հայեցողական որոշումները, եւ ամենակարեւորը՝ կհամապատասխանի պետական շահին։

Պետությունը պետք է ցանկանա, որ տարածքների կառուցապատումը բխի առաջին հերթին իր, այլ ոչ թե կառուցապատողի շահից։ Ներկայում Երեւանում ընթանում է մոտ 350 շինարարություն։ Կարծում եմ, որ այս ծավալի բնակելի շինարարություն (ընդ որում՝ անորակ ճարտարապետությամբ եւ քաղաքաշինական խախտումներով լի) Հայաստանում երբեք չի իրականացվել։ Աբսուրդն այն է, որ թվացյալ բարեփոխումների ֆոնին իրավիճակը միայն վատթարանում է։ Մենք այլեւս գտնվում ենք ազատ անկման վիճակում։ Օրենք չճանաչող, անտեսված գլխավոր հատակագծի պայմաններում սանձարձակ շինարարությունը վտանգում է ոչ միայն մայրաքաղաքի ապագան, այլեւ լրջորեն վնասում է ամբողջ հանրապետությանը։ Շարունակելով արհամարհել կայուն ու համաչափ զարգացման գաղափարը եւ դրա ռազմավարական անհրաժեշտությունը՝ շարունակում ենք խթանել Երեւանի «գիգանտացումը»՝ ի հաշիվ մարզերի։ Ներդրումային սահմանափակ ներուժ ունեցող երկիրը պետք է ավելի խելացի ուղղորդի երկրի ֆիզիկական զարգացումը։ Մի՞թե չենք հասկանում, որ մայրաքաղաքում անվերջ բնակարաններ կառուցելով, խթանում ենք մարզերի բնակչության միգրացիան դեպի մայրաքաղաք, մինչդեռ մեր կենսական ինքնապաշտպանական բնազդները պետք է ճիշտ հակառակը թելադրեին։ Տպավորությունն այն է, որ Երեւանն անկախ ֆեոդալություն է, որն առանձնապես մտահոգված չէ շրջապատի գոյատեւմամբ։

Վերը շարադրված է ընդամենը ցանկություններ, որոնք չեն հանգեցնում իրական, նկատելի փոփոխությունների։ Ավելին՝ Երեւանի քաղաքապետարանում վերջին շրջանում նախաձեռնած «բարեփոխումները», իմ գնահատմամբ, ավելի են խորացրել պատային իրավիճակը, որի հետեւանքով.

•    Անազնիվ կառուցապատողը անում է այն, ինչ արել է միշտ։

•    Ազնիվ կառուցապատողը ավելի խոր անորոշության մեջ է. նույնիսկ օրինական գործընթացի արդյունքում ստացված շինթույլտվությունը կարող է խոչընդոտվել հարեւանի կողմից, որը, պայմանական ասած, օդորակչի կարիք ունի։ Հարեւանների համաձայնությունը դարձել է ստանդարտ (սակայն օրենքով չկարգավորված) պահանջ կառուցապատողին։ Այսինքն՝ ներդրողն այլեւս կախված է հարեւանների քմահաճույքից՝ անկախ նորմերի ու օրենքների պահպանումից։

•    Հանրությունը չի հասկանում օրինական շինթույլտվությամբ եւ ապօրինի շինարարության տարբերությունը (խոստովանեմ՝ ես էլ այլեւս չեմ հասկանում):

•    Պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիները օրինականորեն արտացոլված չեն քաղաքաշինական գործընթացում։ Տարիների ընթացքում բաժանվել են բազմաթիվ կադաստրի վկայականներ, որտեղ նույնիսկ նշված չէ հուշարձանի կամ հուշարձանի պահպանական գոտու առկայությունը:

•    Հողի նշանակության փոփոխությունները քաղաքի սահմաններում արվում են ավագանու որոշմամբ՝ առանց հիշելու գլխավոր հատակագծի գոյության մասին, որն օրենքի ուժ ունի:

Քաղաքապետարանը թիրախավորում է գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ փոխարինելով այն ինչ-որ անհասկանալի «ռոտացիոն» խորհրդի գաղափարով։ Սա դասական օրինակ է, թե ինչպես մեկ անձի պատասխանատվությունը փոխարինվում է հավաքական անպատասխանատվությամբ։ Իհարկե, գլխավոր ճարտարապետի ինստիտուտն իր թերություններն ունի, բայց դրանից հրաժարվելը չպետք է ինքնանպատակ լինի։ Դրան պետք էր պատրաստվել մտածված ու համապարփակ կերպով, նախապես մշակելով քաղաքային կառուցապատման չափորոշիչներ կամ գոնե սահմանափակումների փաթեթ։ Մեր համակարգը պատրաստ չէ այդ քայլին։ Ապացույցն այն է, որ այդ պաշտոնը «չեղարկելուց» մեկից ավելի տարի անց դեռ առաջնորդվում ենք նույն սկզբունքներով՝ պարզապես չօգտագործելով «գլխավոր ճարտարապետ» բառակապակցությունը։

Չլուծվող խնդիրների եւ առկա կարգերի պահպանման պատճառներից մեկը համակարգային դիմադրությունն է։ Այն կարող է առաջանալ թե´ փոփոխությունների վախի, թե´ շահերի կորստի հետեւանքով։ Փոքր դեր չի խաղում ճարտարապետների կախվածությունը քաղաքապետարանի գործառույթներից։ Շատերը խուսափում են քննադատի դերում հանդես գալուց, քանի որ դա կարող է վտանգել իրենց իսկ մասնագիտական գործունեությունը։

Ամեն դեպքում, անկախ պատճառներից, հաղթահարման միակ ձեւը գործող կարգերի փոփոխման անհրաժեշտության գիտակցումն է եւ բարեփոխումների կամք դրսեւորելը։ Մենք այլեւս իրավունք չունենք այս ինտենսիվությամբ խոշորացնել քաղաքը՝ առանց տեսլականի եւ անտեսելով կուտակվող խնդիրները։

Առաջին հերթին՝ որպես ճգնաժամային կարգավորման միջոց, պետք է վերադառնալ գործող գլխավոր հատակագծի տիրույթ։ Սպառված է այն, թե ոչ, արտահայտում է փոփոխված տնտեսական ու գույքային իրավիճակը, թե ոչ՝ այդ քննարկումների շռայլությունը հիմա չենք կարող մեզ թույլ տալ։ Պետք է պարզապես հետեւել գլխավոր հատակագծին՝ ընդունելով այն որպես այս պահին մեզ հասանելի միակ գործող մեխանիզմ, մինչեւ կպատրաստվի նոր ծրագրային փաստաթուղթ Երեւանի համար։

Ավետիք Էլոյանը ճարտարապետ է,  Հայաստանի ճարտարապետների պալատի եւ Ամերիկայի ճարտարապետների ինստիտուտի անդամ,  Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին