Դերենիկ Աբրահամյան. Հայաստանն աստիճանաբար վերածվում է ծովափնյա քաղաքի՝ առանց ծովի - Mediamax.am

Դերենիկ Աբրահամյան. Հայաստանն աստիճանաբար վերածվում է ծովափնյա քաղաքի՝ առանց ծովի
3238 դիտում

Դերենիկ Աբրահամյան. Հայաստանն աստիճանաբար վերածվում է ծովափնյա քաղաքի՝ առանց ծովի


Ես նրան հանդիպել եմ կյանքում մեկ անգամ՝ 2000-ի մայիսին: Հարցազրույցի համար ինքը եկավ խմբագրություն: Գիտեի, որ ապրում է Մոսկվայում, ինձ ներկայացրել էին որպես ոչ միայն գիտնական՝ հոգեբան, այլև՝ քաղաքական ու հասարակական գործիչ, որ աշխատանքի բերումով կարճ ժամանակով Երևանում է:

Ու մինչ մտածում էի՝ հայերե՞ն, թե՞ ռուսերեն եմ հարցերս տալու, իմ հյուրը սկսեց ինձ հարցեր տալ գերգրական հայերենով: Հիմա աղոտ եմ հիշում այդ հարցերը, բայց հիմնականում լրագրության ու իբրև լրագրողի՝ իմ տեսակետների մասին էին քաղաքականության, աշխարհաքաղաքականության ու … հարցազրույցների ժամանակ և հոդվածներ գրելիս իմ ինքնազգացողության մասին: Այս հարցը հաստատ եմ հիշում, որովհետև երբեք չէի մտածել՝ ի՞նչ եմ զգում հարցազրույց անելիս ու ի՞նչ՝ հոդված գրելիս: Ու ինչու՞ պիտի տարբեր զգացողություններ ունենայի: Միով բանիվ՝ հետաքրքիր զրուցակից էր Դերենիկ Աբրահամյանը: 2000-ի մայիսին Իմիջմեյքերության ռուսական կենտրոնի տնօրեն, «ՍՊՈԴ» տեղեկատվական գործակալության տնօրենների խորհրդի նախագահ, ամերիկառուսական համագործակցության հիմնադրամի գլխավոր ներկայացուցիչ ՌԴ-ում ու ԱՊՀ-ում, հոգեբանական գիտությունների դոկտոր:

***

-Ի՞նչ գիտեք Ձեր մասին, որ ուրիշները չգիտեն:

-Ես չգիտեմ՝ ինչ գիտեն ուրիշները ու ինչ չգիտեն: Ես Աբրահամյան Դերենիկն եմ, ծնվել եմ Երևանում, ապրում ու աշխատում եմ Մոսկվայում: Ներկա աշխատանքս Երևանում կապված է ինքնակառավարման համակարգի զարգացման խնդիրների հետ: Հոգեբանական գիտությունների դոկտոր եմ, զբաղվել եմ գիտությամբ, Հայաստանում ղեկավարել եմ պրոբլեմային հոգեբանության լաբորատորիան, որ ստեղծել էր ակադեմիկոս Մազմանյանը, ապա զբաղվել եմ քաղաքականությամբ: Եղել եմ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր՝ Լենինգրադի կինեմատոգրաֆիստների կողմից, աշխատել եմ իբրև ՌԴ սահմանադրական հանձնաժողովի գլխավոր մասնագետ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բաժնի վարիչ, քաղաքական կուլտուրայի զարգացման պետական ծրագրի պատասխանատու քարտուղար: Հիմա ղեկավարում եմ ՌԴ-ում ընտրական տեխնոլոգիաների և իմիջմեյքերության կենտրոնը՝ սոցիալական ծառայությունների և կենցաղի ակադեմիային կից, զբաղվում եմ մշակույթի հարցերով, տարբեր հիմնադրամների վարչությունների անդամ եմ:

-Դուք մասնագիտությամբ հոգեբան եք: Հոգեբանությունը, համենայն դեպս մինչև անկախությունը, ընկալվել է միայն որոշակի խնդիրների շրջանակում: Այսօր ի՞նչ խնդիրներ է իր առաջ դնում քաղաքական հոգեբանությունը, ո՞րն է այդ ոլորտի սահմանումը:

-Հոգեբանությունը որպես գիտություն, բնականաբար, ուսումնասիրում է հոգեկան գործընթացները: Քաղաքական հոգեբանությունը ուսումնասիրում է քաղաքական գործընթացների սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, ուղղվածությունը՝ և փոքր խմբերի, և ժողովուրդների, զբաղվում է մենթալիտետի հարցերով, կանխատեսումներով: Նաև՝ այլ խնդիրներով: Օրինակ, 1999-ի սեպտեմբերին Հայաստան-Սփյուռք համաժողովի օրերին ես կանխատեսել էի ներկա ճգնաժամը: Ինձ ասում էին, որ ընդդիմություն չկա, ինչու՞ պիտի ճգնաժամ լինի: Բայց ծանր ուռուցքային հիվանդությունների դեպքում ցավն առաջանում է, երբ ուռուցքը սկսում է ճնշել այլ օրգանների: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ իշխանական եռանկյունին՝ նախագահ-վարչապետ-Ազգային ժողով, չէր գործում, բախումներ չկային, բայց չկար և թիմային գործունեություն: Քաղաքական հոգեբանությունը նման վիճակը համարում է ճգնաժամային: Քաղաքական ներկա ճգնաժամում իմ հիմնական խորհուրդն էր, որ երկու կողմերն էլ պետք է ունենան հոգեբանական հատուկ պատրաստություն անցած բանակցողներ, որովհետև ցանկացած մարդ չի կարող նման բանակցություններ վարել: Եթե Հայաստանում բանակցային ինստիտուտը զարգացած լիներ, կարելի էր հարթել իշխանության թևերի ճգնաժամը: Իմ կարծիքով՝ հիմա էլ այդ իրավիճակը կա, պարզապես ավելի խոր շերտեր է ներթափանցել և կարող է ժայթքել ուրիշ ձևերով, ուրիշ երանգներով, ուստի բանակցողների ինստիտուտը Հայաստանում դարձյալ անհրաժեշտ է: Անհրաժեշտ են թիմային բանակցողներ, որ օրըստօրե քայլ առ քայլ կարողանան գործընթացներն առաջ տանել և գոնե մինչև քրիստոնեության ընդունման 1700-ամյակը հանրապետությունում լինի բարոյահոգեբանական այն մթնոլորտը, որի մասին խոսում էր վարչապետ Վազգեն Սարգսյանը: Նա միանգամայն իրավացիորեն նախ գերակայությունը տալիս էր բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, ապա՝ տնտեսությանը: Որովհետև տնտեսությունն առանց այդ մթնոլորտի զարգացման ոչ մի հեռանկար չունի:

-Այսինքն՝ այսօր Հայաստանը տնտեսական զարգացման հեռանկարներ չունի՞:

-Ցավոք, ոչ: Մինչև բարոյահոգեբանական մթնոլորտը չշտկվի, ոչ մի տնտեսություն չի զարգանա: Նկատի ունեմ և արտաքին ներդրողներին, որոնք չեն հանդգնի իրենց գումարները ներդնել նման երկրում՝ մամուլից ու հեռուստատեսությունից տեղյակ լինելով հակասություններին, և ներքին ներդրողներին, որոնց հիմնական մղումն այսօր հանրապետությունից դուրս բերելն է իրենց կապիտալը կամ անձամբ մեկնելն այլ երկրներ:

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի քաղաքական դաշտը:

-Եթե փորձեմ գնահատել այսօր ծավալված գործունեությամբ, ակնառու է կուսակցական թույլ զարգացած ինֆրաստրուկտուրան: Կուսակցությունների մեծ մասը գոյություն ունի շնորհիվ զանգվածային լրատվամիջոցների՝ հեռուստատեությամբ հանդես է գալիս կուսակցության ղեկավարը և միջին վիճակագրական հային թվում է, թե նա արտահայտում է տասնյակ հազարների կարծիքը, իսկ ընտրությունների ժամանակ այդ կուսակցությունները չնչին տոկոսներ են հավաքում: Իհարկե, կուսակցական ինֆրաստրուկտուրան ունի որոշ առանձնահատկություններ՝ ի տարբերություն այլ երկրների: Անկախության փուլում սկսված շարժումն ավելի բնական էր, քանի որ դավանում էր ժողովրդի մենթալիտետից բխող արժեքներ, բայց հետագայում արժեզրկվեց, որովհետև միայն միտինգային էր և չուներ զարգացման հստակ հայեցակարգ: Հետո ուղղվեց սահմանադրական նախագծի ստեղծմանը, բայց նույն պատճառով ստեղծվեց թույլ Սահմանադրություն, որը Հայաստանը միշտ փակուղային, պատային իրավիճակններում է դնելու: Պարզ էր, որ եթե Հայաստանում լինի նախագահական ընտրություն, կհաղթի ոչ թե կուսակցության ղեկավարը, այլ՝ անձը՝ քաղաքական գործիչը: Այդպես էլ եղավ: 1998-ին երկրորդ փուլ անցան Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը՝ իբրև անձ-առաջնորդներ, ոչ թե կուսակցության ղեկավարներ: Հիմա էլ, եթե նախագահական ընտրություններ լինեն Հայաստանում, ասպարեզ կգան անձ-առաջնորդներ, ոչ թե կուսակցական:

-Այդ դեպքում ի՞նչ հեռանկար ունեն կուսակցությունները:

-Կուսակցություններն այսօր չեն զարգանում նաև օբյեկտիվ պատճառներով: Հայաստանում, ինչպես հետխորհրդային շատ երկրներում, ձևավորված չէ քաղաքացիական հասարակություն, չկա միջին խավ, ուստի չկան կուսակցությունների զարգացման օբյեկտիվ նախադրյալներ: Եթե տարբեր կուսակցություններ միավորվեն որպես շարժումներ, կստեղծվի զարգացման ռեալ հնարավորություն: Հիմա այդ ժամանակն է՝ քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակներ կան, հիմա գալիս է հավաքելու պահը: Երրորդ հազարամյակ, 21-րդ դար, ինտեգրման գործընթացներ ամբողջ աշխարհում… Մարզերում էլ հիմա միավորման գործընթացներ են ծավալվում: Մի քանի օր առաջ ես Ապարանում էի, համայնքները միավորվում են, ստեղծում են միջհամայնքային միություններ: Ապարանում 42 համայնքներ միավորվեցին մի խոշոր կառույցում: Նույնը կատարվում է կուսակցական դաշտում: Քաղաքական դաշտի կուսակցությունները բավականին թույլ են: Ընտրությունների ժամանակ, ըստ իս, կուսակցական ցուցակներով այս անգամ այդքան պատգամավորներ հազիվ թե անցնեն, որովհետև  հասունանում է ներքևից եկող ինքնակառավարման շարժումը, որը բավականին առողջ ուժ է և կարող է վերևին օգնել՝ պարտադրելով ավելի պատասխանատու լինել: Գուցե դրանից քաղաքական դաշտը հարստանա նոր առաջնորդներով ու նոր գաղափարներով, նոր արժեքներով: Ի վերջո՝ համայնքները կարող են համագործակցել դրսի համայնքների հետ՝ ստեղծելով պետականության նոր ձևեր, նոր մոդելներ:

-Ի՞նչ նկատի ունեք իբրև պետականության նոր ձև:

-Հայաստանում կարող է ստեղծվել խորհրդարանի երկրորդ պալատը: Առաջինը կզբաղվի օրենսդրական գործունեությամբ, երկրորդը, ինչպես ՌԴ Դաշնության խորհուրդը, կզբաղվի բյուջեի ձևավորումով և առաջին պալատի ընդունած օրենսդրական ակտերի հաստատումով կամ մերժումով: Դա կօգնի կառավարման մոդելը հեռացնել զուտ կուսակցականացված, բևեռացված տրամադրություններից և մոտեցնել իրականությանը: Հետխորհրդային բոլոր պետություններում ինքնակառավարումը դիտվել է ժողովրդավարության նկուղ, մինչդեռ ժողովրդավարության հիմքն է: Նոր են սկսել ինքնակառավարման դերն ու նշանակությունը հասկանալ: Եթե Հայաստանում ինքնակառավարման ոլորտում տեղաշարժեր չլինեն, երկիրը Եվրոպայի Խորհուրդ մտնել չի կարող՝ այնտեղ բավականին բարձր պահանջներ են ներկայացվում ինքնակառավարման համակարգին: ՌԴ-ում Պետական Դուման ունի ինքնակառավարման կոմիտե, Դաշնության խորհուրդ՝ տեղական ինքնակառավարման խնդիրներով զբաղվող, նախագահին կից ինքնակառավարման բարենորոգումների խորհուրդ: Ցավոք, Հայաստանում նման կառույցներ չկան: Ես հիմա համագործակցում եմ համայնքների միության վարչության հետ, որտեղ երիտասարդ, լավ մասնագետներ են ընդգրկված, փորձում եմ հնարավորինս օգտակար լինել բոլոր մարզերում նրանց միավորմանը: Համայնքային միավորումները խոշորանալով դառնում են նոր կառույցներ, նման նախկին շրջխորհուրդներին, ի տարբերություն նախկինի, սա վերադարձ չէ հնին, ունի բիզնեսի նախաձեռնման իրավունքներ, գյուղացին կարող է նրանց միջոցով միանգամից դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժին, շուկաներ ստեղծել՝ մեջտեղից հանելով միջնորդներին, իջեցնելով գները: Կարծում եմ՝ սա կարող է կանխել նաև արտագաղթը, որ ամենից բարդ խնդիրն է հիմա, որովհետև փոխում է Հայաստանի կոնֆիգուրացիան՝ դարձնելով կցորդ պետություն: Հայաստանն աստիճանաբար վերածվում է ծովափնյա քաղաքի՝ առանց ծովի, ունենալով միայն սահմանափակ, սպասարկու խնդիրներ: Ինքնակառավարման համակարգի աշխատողները, տեղի առաջնորդներն ինչ-որ ձևով կարող են կանխել արտագաղթողներին՝ պաշտպանելով նրանց շահերը, համոզելով, աշխատատեղեր ստեղծելով… Երբ եկա Հայաստան, շատ զարմացա, որ այս փուլում նույնիսկ չի ստեղծվել արտագաղթը կանխելու նախագահական կամ կառավարական օպերատիվ ծրագիր: Հայերը վատ են ապրում միայն Հայաստանում, այլ երկրներում նրանց հաջողվում է նորմալ կյանք ստեղծել: Իսկ Հայաստանը դարձել է փակ դռների պետություն և չի ուզում Իսրայելի փորձը կիրառել՝ հարստանալու համար: Գուցե ներքին քաղաքական ինչ-որ շահերի դա բավարարում է, բայց ժողովրդի շահերի դեմ է: Կարծում եմ՝ տեղական ինքնակառավարման հասունացող շարժումը կտա նոր առաջնորդներ՝ փոխելու իրավիճակը:

-Փորձենք սահմանել՝ ի՞նչ է այսօր նշանակում առաջնորդ Հայաստանում: Ինչու՞ չունենք ընդգծված առաջնորդներ: Ի՞նչ պահանջներ պիտի ներկայացնենք առաջնորդ դառնալու հավակնորդներին: Ի՞նչ կարող են անել և ի՞նչ պիտի անեն:

-Առաջնորդը, առաջնորդի իմիջը ձևավորվում է ժողովրդի հիմնական սպասելիքներից: Եթե տվյալ անձը իր բնավորության ծրագրային և ենթագիտակցական չափորոշիչներով համապատասխանում է ժողովրդի հիմնական իղձերին, սպասելիքներին, կարող է փորձել: Լիարժեք առաջնորդ դառնալու համար նա պետք է կարողանա իր ներուժի մատուցման ձևը գտնել՝ ըստ ակնկալիքների:

-Ձեր ասածը շատ տեսական է: Քաղաքական բոլոր կուսակցությունների առաջնորդներն էլ իրենց կարող են ժողովրդի առաջնորդ հռչակել: Մինչդեռ հռչակված և իրական առաջնորդի անջրպետը բնավ չի վերանա:

-Սա գիտական մոտեցումն է: Առաջնորդը պետք է ծրագիր ունենա, պետք է արտահայտի ժողովրդի ամբողջական շահերը: Առաջնորդը պետք է իր գաղափարակիցների թիմն ունենա, ֆինանսական ռեսուրսները: Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը նաև ահազանգեց, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական ընտրանու փոփոխություն: Խարիզմատիկ առաջնորդները՝ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը արդեն չկան, առաջնորդի ինստիտուտը որակափոխվում է:

-Ինչպիսի՞ն պիտի լինեն նոր որակի առաջնորդները:

-Բնականաբար, ընդունված գաղափարները միանգամից չեն փոխվում: Հայրենասիրությունն առաջին պայմանն է: Նոր առաջնորդները պետք է գան ավելի երիտասարդներից, պետք է կարողանան համոզել, որ Հայաստանում իրավիճակը վատ է ոչ թե այն պատճառով, որ չկա հին համակարգը՝ պետական պլանավորումը, այլ ապացուցի, որ բարենորոգումներ չեն եղել, հինը քանդվել է՝ առանց նորի պատկերացման: Օրինակ՝ չի ընդունվել երկքաղաքացիությունը, որ միանգամից կփոխեր Հայաստանի հոգեբանական մթնոլորտը, չի ճշգրտվել անկախության գաղափարը, որ նույնիսկ անեկդոտի է վերածվել՝ Հայաստանն ամենաանկախ պետությունն է, որովհետև նրանից ոչինչ կախված չէ: Մարդիկ պիտի հասկանան, որ ամեն մի անկախություն փաստորեն կախվածության մի տեսակ է: Քաղաքական կուլտուրայի փոփոխություն է պետք, որին ուղղված քայլեր չեն արվում: Անկախության գաղափարը ժողովրդի մեջ զուգորդվում է խավարի, ցրտի, աղքատության հետ: Ժողովուրդը հիմա ավելի իրատես է դարձել, պրակտիկ:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի լրագրողը առաջնորդ ձևավորելու համար:

-Եթե լրագրողն ունի իր հայեցակարգը, ստեղծում է նրա պատկերը: Եվ ժողովուրդն արդեն գործ ունի ոչ թե բուն մարդու, այլ նրա պատկերի հետ: Լրագրողը պետք է լավ իմանա ժողովրդի ներքին մղումները և ընկալման կարծրատիպերը: Այսօր կան կուռքեր, որ շատ արագ ձևափոխվում են: Լրագրողը պիտի օգտագործի իր ժողովրդի առասպելները և ընկալման ենթագիտակցական շերտերը՝ իր առաջնորդի մասին խոսելով ըստ այդ կատեգորիաների և ձևավորելով սպասելիքներ: Հայաստանում նման խարիզմատիկ առաջնորդ էր Վազգեն Սարգսյանը, որ իսկապես կենսագրությամբ ու գործունեությամբ համապատասխանում էր առասպելական ու կենսական առաջնորդի կերպարին: Սպարապետը ուներ վարքի ճիշտ մշակված ձևեր և ճիշտ էր մատուցում իր հույզերը բանակի, կորցրած ընկերների, Հայաստանի ու յուրաքանչյուր հայի ապագայի վերաբերյալ: Նա կարողանում էր այդ վիճակները բնականորեն ապրել, ոչ թե արհեստականորեն բեմադրել: Նա գիտեր՝ որ պահին ինչ անել և ինչպես: Օրինակ՝ ՌԴ նոր նախագահ Վլադիմիր Պուտինը այդ կարգի առաջնորդ չէ: Բոլորս սովորել էինք Բորիս Ելցինի կերպարին, որ նախագահության էր հասել ժողովրդի ընդերքից, և հիմա կարծես 10 տարի հետ գնացինք՝ նախագահ դարձավ պետական ծառայողը, որին ներկայացրեց նախագահը: Հիշեք՝ ինչ բարձր վարկանիշ ուներ Եվգենի Պրիմակովը, բավականին մեծ էին Սերգեյ Ստեպաշինի շանսերը, վարչապետ դարձավ Պուտինը և հաղթեց նախագահական ընտրություններում: Եթե վարչապետ մնար Ստեպաշինը, Պուտինը չէր դառնա նախագահ: Սա գալիս է ընտրողի հոգեբանության ու մտածողության կարծրատիպերից՝ ում ձեռքին են ֆինանսները, լրատվամիջոցները, նա էլ հաղթում է, նրա վարկանիշը բարձրանում է ինքնաբերաբար: Հայաստանում էլ վարկանիշի առաջին բնութագիրը դառնում է պաշտոնը, հասարակական դիրքը: Լրագրողի համար կան և առաջնորդ ստեղծելու ուրիշ մեթոդներ, բայց դա ավելի շատ վերաբերում է հեռուստալրագրողին, որի լսարանն ավելի մեծ է, կան բարենպաստ զուգորդումների հնարավորություններ՝ երաժշտություն, կադրեր, թեև եթերում էլ կեղծիքն ավելի նկատելի է դառնում և ավելի մեծ է վնասելու վտանգը: Առաջնորդ ստեղծելու ինդուստրիան Հայաստանում նոր է զարգանում և շատ ցածր է քաղաքական կուլտուրան: Պետք է հայեցակարգ մշակվի, զանգվածային լրատվամիջոցների աշխատանքը կանոնակարգվի, բայց նախ պետք է լինի հասարակական պատվեր:

-Այսօր քաղաքականությամբ զբաղվող լրագրողի ճիշտ իմիջը ո՞րն է:

-Լրագրողը նախ պետք է ունենա բնազդային ճիշտ կանխազգացում, որպեսզի զգա հասարակական կարծիքը: Լրագրողի խնդիրն է խաղաղություն հաստատել քաղաքական բախումների իրավիճակում: Փաստորեն լրագրողները կատարում են նախագահական որոշ իրավասություններ՝ կանխելով իրավիճակների բարդացումը: Հայաստանում դեռ ձևավորված չէ լրագրողի պրոֆեսիոնալ մոդելը: Ռուսաստանում կան Դորենկո, Լեոնտև, Կիսելյով՝ հեռուստատեսային կուռքեր, որ ներկայացնում են տարբեր օլիգարխների շահերը: Բերեզովսկին, Գուսինսկին ունեն իրենց պրոֆեսիոնալ լրագրողներին, որոնց գցում են քաղաքական ասպարեզ՝ գլադիատորության, և դա այնքան բարձր է վարձատրվում, որ գլադիատորները համաձայն են մենամարտել: Ռուսաստանում շատ ուժեղ լրագրական դպրոց կա, և լրագրությունը բավականաչափ զարգացած է՝ հասարակության տարբեր խավերի պահանջները արտահայտելու ու հասարակական կարծիք ձևավորելու համար: Ռուս լրագրողները մի քանի լեզուների են տիրապետում, ազատ կարող են աշխատել  այլ երկրներում՝ լեզվական պատնեշ չունենալով:

-Հայաստանում շատ հաճախ են զանգվածային լրատվամիջոցներին մեղադրում քաղաքական իրավիճակը սրելու մեջ: Բնականաբար, ոչ մի լրագրող իր առաջ խնդիր չի դնում վնասել պետությանը, այնուամենայնիվ, քաղաքական տարբեր իրավիճակներում լրագրողը հայտնվում է ակամայից քաղաքական իրավիճակը իբր սրողի դերում: Ինչպե՞ս կարող է լրագրողը պաշտպանվել նման դեպքերից՝ պարտադրված լինելով արտահայտել հասարակական կարծիքը, որը միանշանակ չէ բնականաբար: Ի՞նչ չափանիշ կամ կողմնորոշիչ պիտի ունենա լրագրողը:

-Պրոֆեսիոնալ լրագրողը միշտ պետք է տեղեկատվության խորքը տեսնի, այն անսպասելին, որ շարքային ընթերցողին հասու չէ: Կան լրագրողների տարբեր մոդելներ, մի տեսակը ստեղծված է իրավիճակը սրելու, զոհին ոչնչացնելու համար, իր պաշտպանյալին նա մոտ չի թողնում: Օրինակ՝ Դորենկոն: Կա լրագրողի վերլուծող-ոչնչացնող տեսակը: Օրինակ՝ Կիսելյովը: Հազիվ թե հնարավոր է, որ անկախ լրագրող լինի, որովհետև անկախությունը հարաբերական կատեգորիա է, և չկան բացարձակ անկախություն ու ազատություն, անկողմնակալություն: Պրոֆեսիոնալիզմը պարտադրում է սեփական ոճ ունենալ, պատկերային սեփական համակարգ: Մասնագիտության բերումով լրագրողը պիտի առանձնանա, սրամիտ լինի, կծու ու հիշվող, նա պիտի հասարակական պահանջարկ ունենա, այդ պատճառով լրագրողն ակամայից քաղաքական իրավիճակը սրողի դերում է հայտնվում: Լրագրողն ու ընթերցողն ի վերջո նույն դաշտում են, նույն մենթալիտետի շրջանակներում՝ առաջարկի ու պահանջարկի նույն հավասարակշռության մեջ: Հայաստանում լրագրողի վերապատրաստման պետական ծրագիր պիտի ստեղծվի, քանի որ քաղաքական թիմերը չունեն իրենց բանակցողները, լրագրողները կարող են ստանձնել այդ դերը՝ կամրջելով իշխանության թևերը՝ քաղաքականության գործող սուբյեկտ դառնալով:

-Լրագրողներն արդեն իսկ քաղաքականության սուբյեկտ են՝ ակամայից, առանց կարողանալու քաղաքականությանը ճիշտ զարգացումներ հաղորդել, որովհետև պաշտպանում են խիստ անհատականացված շահեր, իսկ որտե՞ղ է մնում ճշմարտությունը, որը պետք է հասարակությանը, հայտնի չէ: Ձեր մոդելով լրագրողը վարձու աշխատող է ընդամենը, որ չունի սեփական համոզմունքներ:

-Լրագրողը աշխատում է ինչ-որ համակարգում, որն ունի իր շահերը և ներկայացնում է իր պատվիրատուի շահերը՝ պետության, կուսակցության, անհատի: Անցումային փուլում տեղի են ունենում ներթափանցումներ և ստեղծվում են շահերի սիմբիոզներ: Հավանաբար, տարիքային շերտավորում ևս կլինի՝ լրագրությունն անհավանական երիտասարդանում է, որն ինքնաբերաբար փորձի պակաս է բերում, թերևս կառանձնանա լրագրության ղեկավարների, փորձառու և տարիքով մենեջերների խավը, իսկ լրատվական հոսքը կմնա երիտասարդներին: Պետք է լինի զուտ լրատվական հոսք, որի ժամանակ ոչ մի վերաբերմունք չի կարելի արտահայտել, և զուտ մեկնաբանական հոսք, տարբեր գերատեսչական շահերի պաշտպանությամբ:

-Ձեր կարծիքով՝ ընտրական տեխնոլոգիաների ո՞ր տարբերակներն են Հայաստանում արդյունավետ:

-Ընտրություններում մեծ տեղ ունեն կլանային շահերը՝ սկսած թաղապետերից ու գյուղապետերից, որոնց խոսքով մարդիկ քվեարկում են՝ չխորանալով անձնական տեսակետների մեջ: Դա հեղինակության նկատմամբ հավատն է: Բնականաբար, որոշիչ կլինեն տնտեսական օլիգարխների շահերը, որոնք կկարողանան գնել իրենց մամուլն ու իրենց ձայները: Տեխնոլոգիաները կարող են ընդօրինակվել Ռուսաստանից ավելի շատ, քան արևմտյանը, որ Հայաստանում չի կարող արդյունավետ գործել օբյեկտիվորեն՝ չկան արևմտյան կենսակերպի նախադրյալները: Ժողովուրդը իրեն խորթը չի ընդունում:

-Նախագահի որևէ թեկնածու կարո՞ղ է դարձյալ ասել ՙԺողովուրդն է իմ կուսակցությունը՚, և՝ հաղթել:

-Կարող է, բայց ասելը ոչինչ չի տա, կարևորը կերպարն է: Հետխորհրդային ոչ մի երկրում որևէ նախագահ չի հրաժարվել վերընտրվելուց, հեռացել է հրաժարականով: Հետխորհրդային բոլոր երկրներում սահմանադրությունները նախագահական են, ըստ էության՝ թագավորական: Վարչապետը ոչ մի իրական իշխանություն չունի, եթե նախագահն է իրեն նշանակում, եթե նախագահն է գործադիր իշխանության միջին օղակները ղեկավարում, կառավարության նիստերը վարում: Սահմանադրության անկատարությունը վնասում է և քաղաքացիական իրավունքներին՝ եթե նախագահն այդքան հզոր է, քաղաքացիական հասարակարգ չի ձևավորվում, և մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտը չի զարգանում: Վտանգը երկկողմանի է՝ նախագահի ուժեղացումը թուլացնում է ընտրողին, բնակչությունը քաղաքացիական հասարակություն չի դառնում, համագործակցությունը իշխանության մյուս թևերի հետ թուլանում է, որովհետև մեծ է բախումների հնարավորությունը: Ժամանակին առաջարկվեց Հայաստանում խորհրդարանական հանրապետության ստեղծումը, բայց շարունակություն չգտավ: Այս Ազգային ժողովը ակներևաբար այլափոխություններ կունենա, եթե չցրվի: Այս փուլում սահմանադրական բարեփոխումները դառնում են օրախնդիր:

-Չե՞ք չափազանցում: Ո՞րն է սահմանադրական ճիշտ իրավիճակը անցումային փուլի պետության համար:

-Սահմանադրական բարեփոխման մեխանիզմը ճիշտ չէ միշտ կապել հանրաքվեների հետ: Կարելի է ընդունել սահմանադրական օրենքներ, ինչպես արվում է Ռուսաստանում, որը կհավասարակշռի ուժերը: Առաջինը պետք է բարելավել ինքնակառավարման համակարգը, ներքևից եկող շարժումը բուժիչ է, կմաքրվի հասարակության արյունը: Նախագահի լիազորությունները պետք է սահմանափակվեն հավասարակշիռ ձևով՝ մեծացնելով կառավարության դերը և Ազգային ժողովում ստեղծելով երկրորդ պալատը: Ավելի մեծ դեր պետք է ստանա ընտրության մաժորիտար համակարգը, կուսակցական ցուցակներով խորհրդարան կարող են մտնել մարդիկ, որ չունեն ծրագրեր և պատգամավորին հարիր դիմագիծ: Կառավարության ինքնուրույնությունը մեծացնելով՝ կարելի է 3 թևերի մեջ ստեղծել թիմային հասկացությունը: Ռուսաստանի ներկա հաջողությունների հիմքը դա է՝ իշխանության 3 թևերն արդեն միասնական են, չկա 1993-ի հակադրությունը, որ հիմա բնորոշ է Հայաստանին: Մեծ է նաև չորրորդ իշխանության դերը, որ իրականում համարյա առաջին-երկրորդ իշխանությունն է, որովհետև մարդու հոգեբանության ընկալունակության տեսակետից ավելի մեծ ներգործություն ունի իշխանական հիերարխիայի օղակներից: Հայաստանում ուժեղացվելու կարիք ունի և դատական համակարգը, մասնավորապես Սահմանադրական համակարգը, որի հնարավորությունները շատ քիչ են օգտագործվում:

-Ճի՞շտ եք համարում, որ Սահմանադրական դատարանը հիմնականում զբաղվում է այլ պետությունների հետ համաձայնագրերի վավերացումով և ընդունված օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելով, իսկ երկրի շարքային քաղաքացին իր շահերի պաշտպանությունը չի կարող որոնել  Սահմանադրական դատարանում:

-Ոչ: Եթե խախտվում են մարդու սահմանադրական իրավունքները, նա պիտի իրավունք ունենա իր պաշտպանության համար ՍԴ դիմել:

-Բայց անցումային պետության իրավիճակում չե՞ք կարծում, որ այդ դեպքում փողոցային պատահարի ժամանակ էլ քաղաքացին կդիմի ՍԴ-ի օգնությանը՝ դատական համակարգի անկատարության հետևանքով:

-Իհարկե, սկզբում բոլորը կդիմեն, նամակների ու հայցերի ծով կլինի, բայց աստիճանաբար կմշակվի սահմանադրական կուլտուրան, որը զանգվածային լրատվամիջոցներով կբացատրվի, կներկայացվի՝ ե՞րբ, ինչպե՞ս, ինչու՞ դիմել ՍԴ, արդյունքում հոսքը կնվազի: Փոխարենը՝ պաշտպանված կլինեն մարդու սահմանադրական իրավունքները: Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի կերպարից ելնելով էլ, ես կարծում եմ, որ չի օգտագործվում ոչ նրա ղեկավարած ինստիտուտի, ոչ անձամբ նրա մեծ ներուժը:

-Քաղաքական զարգացումների ի՞նչ կանխատեսումներ ունեք: Ի՞նչ սկզբունքով է վարչապետ նշանակվելու Հայաստանում և արդյունքում ի՞նչ իրավիճակ կունենանք:

-Ըստ իս՝ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը 2 փուլ կունենա՝ մայիսին և հոկտեմբերին: Մանրամասնելուց խուսափում եմ, որ ներշնչման էֆեկտը բացառվի: Համոզված եմ, որ Հայաստանում բոլոր հնարավորությունները կան բանակցային ինստիտուտի, բանակցային արդյունավետ գործընթացների զարգացման համար: Համենայն դեպս՝ քաղաքական քննարկումները և խորհրդակցությունները պիտի գերակշռեն քաղաքական առճակատմանը:

-Ի՞նչ հարց չտվեցի, որ կուզեիք լսել:

-Բազում հարցեր, բայց դա բոլորովին այլ հարցազրույց կլիներ:

-Ձեր հարցը ինձ:

-Ինչու՞ էին Ձեր հարցերը ավելի շատ քաղաքական գործչի, քան՝ լրագրողի:

-Հոգեբանը Դուք եք, ի՞նձ եք հարցնում…

***

Հարցազրույցը, որ տպագրվել է 2000-ի մայիսի 12-ին «Հայաստանի Հանրապետությունում», այսօր հնչում է իբրև նոնսենս՝ դարասկզբի իմիջմեյքերական պատկերացումների ու ներկա պատկերացումների համադրման մեջ: Չգիտեմ՝ միամի՞տ էինք, իսկապե՞ս անպատրաստ էինք անկախությանը, թե՞ վախեցած էինք ու պատրաստ էինք անկախության դիմաց անվտանգություն գնելուն: Բնավ չկասկածելով Դերենիկ Աբրահամյանի մասնագիտական որակներին ու հայրենասիրությանը՝ նա, որ Հայաստանում էր 1998-2001-ին՝ իբրև ՀՀ նախագահական ընտրությունների գիտական խորհրդատու, բացահայտորեն պրոյեկտում էր ՌԴ-ն Հայաստանի վրա՝ թե օրենսդրական մարմնով, թե ընտրակարգով, թե մթնոլորտով, և դա ակնհայտ արտահայտությունն էր Ռուսաստան-հետխորհրդային պետություններ փոխհարաբերությունների այն մոդելի, որ գործում է մինչև այսօր՝ մենք կասենք, դուք կանեք: Չե՞ք անի, մեզ չմեղադրեք…

Դերենիկ Աբրահամյանի պատկերն ամբողջացնելու համար հավելեմ՝ 1998-2001-ին եղել է ՀՀ նախագահական ընտրությունների գիտական խորհրդատու: Որպես գիտական խորհրդատու մասնակցել է Քլինթոնի, Կուչմայի, Ելցինի նախագահական ընտրություններին: Վախճանվել է 2001-ի հուլիսի 2-ին, Մոսկվայում, փաստորեն մեր հարցազրույցից մեկ տարի անց: Ու հիմա ես չգիտեմ՝ իր վերլուծություններից ու կանխատեսումներից երկու տասնամյակ անց ինքն ինչպե՞ս կվերաբերվեր իր իսկ տեսակետներին: Կարծում եմ՝ կասեր, որ կանխատեսումները ճշգրիտ գիտություն չեն, առավելևս քաղաքական հոգեբանությունը, և բոլորն էլ սխալվելու իրավունք ունեն...

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին