Ինչպես հանդիպեցինք Սիլվիո Բեռլուսկոնիին - Mediamax.am

Ինչպես հանդիպեցինք Սիլվիո Բեռլուսկոնիին
2574 դիտում

Ինչպես հանդիպեցինք Սիլվիո Բեռլուսկոնիին


2004-ի մարտի 31-ից ապրիլի 8-ը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում էր: Այցի ծրագիրը գերհագեցած էր՝ ոչ միայն Հռոմ, ուր տանում են աշխարհի բոլոր ճանապարհները, այլև՝ Ֆլորենցիա, Վենետիկ, ճանապարհին Տրիեստում կանգառով, որ աշխարհի ամենազարմանալի քաղաքներից է իր ճակատագրով, ծովով, ճայերով ու դղյակներով… Գուցե պատվիրակության համար սովորական այց էր, ինձ համար երազների երազն էր, որովհետև Իտալիան միշտ աշխարհի կենտրոնն եմ համարել: Իմ աշխարհի:

Բայց նախ՝ Բուլղարիայի թագավորի մասին:

***

2005-ի մայիսին Սոֆիայում ենք՝ ԱԺ նախագահի պաշտոնական այցի շրջանակներում սովորաբար հանդիպումներ են խորհրդարանի նախագահի (երկպալատանի խորհրդարաններում՝ նախագահների), պատգամավորական բարեկամության խմբի, պատրիարքի կամ կաթողիկոսի հետ: Նախագահի կամ վարչապետի հետ (իմա՝ գործադիր իշխանության) հանդիպումներ հազվադեպ են լինում (կախված երկրների փոխհարաբերությունների մակարդակից կամ այդ հարաբերությունները զարգացնելու մտադրությունից): ԱԺ-ում 10 տարվա իմ աշխատանքի ընթացքում հիշում եմ միայն Վրաստանի նախագահներ Էդուարդ Շևարդնաձեի ու Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպումները: Բուլղարիա այցի ծրագրում նախատեսված էր հանդիպում վարչապետի հետ: Հանդիպումը պատմական էր՝ 2005-ին Բուլղարիայի վարչապետը … նախկին թագավորն էր՝ Սիմեոն երկրորդը, Սիմեոն Բորիսով Սաքսեն Կոբուրգ Գոթացին: Աննախադեպ փաստ Արևելյան Եվրոպայի պատմության մեջ: Գուցե՝ նաև Արևմտյան: Մարդ, ում տիտղոսներն ավելի երկար են, քան ոմանց ողջ կենսագրությունը: Մարդ, որ թագավոր լինելով՝ չի թագավորել ու երբեք չի հրաժարվել գահից: Նա ծնվել է 1937-ի հունիսի 16-ին, միակ գահաժառանգն էր: Հայրը Բորիս երրորդն էր, մայրը՝ Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել Երրորդի դուստրը՝ Ջովաննան: Սիմեոն երկրորդը հռչակվեց թագավոր 1943-ի օգոստոսի 28-ին, 6 տարեկանում, Տիրնովի Սահմանադրության համաձայն նրա անունից կառավարել սկսեց ռեգենտների խորհուրդը:1946-ին հանրաքվեի արդյունքներով (ավելի ստույգ՝ Ստալինի թելադրանքով) Բուլղարիայի թագավորությունը վերացվեց: (Եթե թագավորությունը մնար, Սիմեոն երկրորդը կլիներ պատմության մեջ ամենաերկարամյա թագավորը (79 տարի) և կգերազանցեր Լյուդովիկոս 14-րդին՝ (72 տարի): Հանրաքվեից հետո արքայական ընտանիքը տարագրվեց, ավելի ստույգ՝ արտաքսվեց: Նախ՝ Եգիպտոս, 1951-ին՝ Իսպանիա, որտեղ ապրեցին մինչև 2001-ը: Չափահաս դառնալուց հետո՝ 1955-ին, Տիրնովոյի Սահմանադրության համաձայն, Սիմեոն երկրորդը հայտարարվեց գործող թագավոր: Դա պատճառ դարձավ, որ Բուլղարիայի կառավարությունն արգելի նրա մուտքը երկիր: 1956-ին Սիմեոն երկրորդը ավարտեց Մադրիդի Ֆրանսիական լիցեյը, 1958-ին ռազմական կրթություն ստացավ ԱՄՆ-ի Valley Forge Military Academy and College-ում: 1959-ին վերադարձավ Մադրիդ և ընդունվեց համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (ավարտեց 1964-ին): 30 տարի՝ 1960-1990-ին մեծ կորպորացիաների կառավարման խորհուրդներում աշխատել է իբրև մենեջեր ու ֆինանսիստ: ԽՍՀՄ-ի փլուզումից ու Արևելյան Եվրոպայի դե ֆակտո անկախացումից հետո թագավորը վերադարձավ երկիր: Ընդունելությունն այնքան բուռն ու անկեղծ էր, որ 2001-ին նրա ձևավորած «Սիմեոն երկրորդի ազգային շարժում» կոալիցիան հաղթեց խորհրդարանական ընտրություններում, և թագավորը նշանակվեց վարչապետ՝ ծրագրում ունենալով բարեփոխուներ, որոնցով փորձում էր փրկել երկրի տնտեսությունն ու գյուղատնտեսությունը՝ այս ամենը ես գիտեի մինչև մեր հանդիպումը, հետո իմացա, որ 2005-ի խորհրդարանական ընտրություններում նրա գլխավորած կուսակցությունը երկրորդն էր, ու նա կորցրեց վարչապետի պաշտոնը: 2009-ի հուլիսի 5-ին խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը չկարողացավ հավաքել 4 %՝ խորհրդարան մտնելու համար, և Սիմեոն Սաքսեն Կոբուրգ Գոթացին հրաժարական տվեց: 2015-ին Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին որոշեց պատարագների ժամանակ վերականգնել Սիմեոն երկրորդ թագավորի հիշատակությունը, որ միանշանակ չընդունվեց, և թագավորը դիմեց Սինոդին՝ որոշումը վերանայելու խնդրանքով: Նրա կինն իսպանուհի մարկիզուհի է, թագավոր Խուան Կառլոսի զարմուհին՝ Մարգարիտա Գոմես Ասեբո ի Սեխուելան: Չորս որդի և մեկ դուստր ունի: 2002-ից թագավորի նստավայրը Սոֆիայի մերձակայքում պապի կառուցած Վրանա պալատն է: Հիմա նա սլավոն վերջին թագավորն է՝ 2023-ի հունվարի 10-ին Հունաստանի թագավոր Կոնստանտին երկրորդի մահից հետո, վերջին ուղղափառ թագավորը, որ ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ թագավորել է:

2005-ի գարնանը կարդացել էի ԱԳՆ-ի պատրաստած փաթեթը և տպավորվել էր, որ հանդիպելու ենք ԹԱԳԱՎՈՐԻ հետ: Հանդիպման առաջին պահից զգացի՝ ինչ է նշանակում սպիտակ ոսկոր ու կապույտ արյուն՝ արքայական տոհմ: Նա դահլիճ մտավ վայրկյանների ճշգրտությամբ՝ նիհար, բարձրահասակ, ոչ այնքան գեղեցիկ, որքան հմայիչ, գլխապտույտ խարիզմատիկ, տարեց մարդ, որ ոչ թե քայլում, սահում էր փայլփլուն մանրահատակի վրա, այնքան սահուն էր սահում, որ թվում էր ոտքերը հատակին չեն դիպչում: Ձայնը ներդաշնակ շարունակությունն էր արքայական կերպարանքի՝ ցածր ու թավշե, բայց երկաթե հնչերանգով, որ հայտնվում ու անհետանում էր՝ ինչպես ժպիտը: Ես, որ միշտ ծայրից ծայր գրի էի առնում հանդիպման ողջ խոսակցությունը, պարբերաբար վայր էի դնում գրիչս ու լսում էի նրա ձայնը՝ երանգով որսալով համաձա՞յնում, թե՞ առարկում է առաջարկներին, նայում էի նրա անհատակ սև աչքերին ու շատ էի ուզում որսալ հայացքը, բայց նա ինձ չէր նայում: Երբեմն միայն հայացքը լողում էր պատվիրակության բոլոր անդամների վրայով՝ առանց գոնե կես վայրկյան դադարի: Բանակցության հիմնական թեման Երևան-Սոֆիա ուղիղ չվերթի բացումն էր: Արթուր Բաղդասարյանը ներկայացնում էր տնտեսության տարբեր ոլորտներում չվերթի փոխշահավետ ներգործությունը, հեռանկարները, և այլն, և այլն... Թագավորը ժպտում էր անորսալի ու ուշադիր լսում նրա փաստարկները: Աժ նախագահը խոսում էր ու խոսում, դարավոր կապերից մինչև մեր օրերը, երկու երկրների ճակատագրի նմանությունից ու փոխգործակցության անխուսափելիությունից, պատմական դերից, որ ներկան դրել է իշխանությունների վրա՝ ապագան կառուցելու համար…  Թագավորը սոսկ ժպտում էր: Եվ միայն հավարտ հանդիպման ասաց, որ հարցը կքննարկի նախարարների հետ ու ուրախ կլինի, եթե Սոֆիա-Երևան ուղիղ չվերթը վերստին Բուլղարիա բերի ՀՀ ԱԺ նախագահին: Հրաժեշտին կատարվեց անսպասելին՝ ավանդական ձեռքսեղմումների շրջանակում Բուլղարիայի վերջին թագավորը, ում հասցրել էի արարողակարգային 45 րոպեներին սիրահարվել, համբուրեց իմ աջը և երկար պահեց իր երկու ափերում՝ նույնքան ուշադիր նայելով ինձ, որքան ուշադիր ու անթաքույց հիացմունքով ես էի նայել իրեն 45 րոպե: Գուցե 10, գուցե 20, գուցե 30 վայրկյան տևեց ինքնատիպ ձեռքսեղմումը, բայց ինձ թվաց, որ զգացի արքայական կապույտ արյան հոսքը նրա գերսպիտակ ու գերգեղեցիկ ափերում,  թափանցիկ մաշկի կապույտ երակներով... Չգիտեմ ինչու՝ խիստ պաշտոնական ու խիստ արարողակարգային այդ հանդիպումից հետո այն զգացողությունն ունեի, որ կես րոպեում շփվել եմ աշխարհի բոլոր երկրների, բոլոր ժամանակների թագավորների հետ, նրանք ինձ ՏԵՍԵԼ ու ՀԱՍԿԱՑԵԼ ԵՆ, ու այդ զգացումն անուն չուներ:

***

2004-ի ապրիլի 2-ին Հռոմի կենտրոնում՝ Սենատում՝ նախագահ Մարչելո Պերայի հետ հանդիպումից հետո դուրս էինք եկել միջանցք, մի քանի րոպե կար մինչև հաջորդ հանդիպումը: Սենատի նախագահը ուղեկցում էր մեզ, Մարչելո Պերան հայտնի քաղաքական գործիչ լինելուց զատ՝ փիլիսոփա էր, գրող, չափազանց հյուրասեր և հումորով մարդ: Համենայն դեպս՝ հումորով պատմում էր բյուջեի քննարկումների մասին, որ մեր հանդիպմանը զուգահեռ էր, հարցը ներկայացնում էր վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին: Իսկ Սիլվիո Բեռլուսկոնին արդեն առասպել էր ոչ միայն իտալացիների համար, քաղաքական «Տիտանիկ», որ բազում սառցալեռների էր բախվել ու խորտակել: 2004-ին նա դեռ երկրորդ անգամ էր վարչապետում (1994-1995, 2001-2005, 2005-2006, 2008-2011): Մարդ, որ քաղաքականություն էր մտել ... 57 տարեկանում, միլիարդատեր էր, բանկերի, լրատվամիջոցների, ֆուտբոլային թիմի տեր, այն էլ ինչ թիմի՝ «Միլանի», հնարավոր ու անհնար բիզնեսների մագնատ, սկանդալների ու սիրավեպերի, դատերի ու դատավարությունների հերոս, մարդ, ում մասին ամբողջ Իտալիան միշտ խոսում էր՝ ինչ էլ նա աներ կամ չաներ: Մարդ, որ միշտ խոսում էր ամբողջ Իտալիայի հետ՝ բաց, անկեղծ, սիրով: Ու ընտրեին նրան, թե չընտրեին՝ Սիլվիոն յուրային էր բոլորի համար, որովհետև … Սիլվիոն էր, իրենցից մեկը, իրենցը, ինչպես Իտալիայի խելահեղ գեղեցիկ երկինքը, վարար անձրևները, ծովերի տեղատվությունն ու մակընթացությունը, մաֆիան, Վեզուվը, Սիցիլիան, ֆենոմենալ Ռենեսանսը, Պոմպեյի ավերակները, նեապոլիտանական երգերը, հազարամյակների ավանդույթներն ու հազարամյակներով անլուծելի խնդիրները, որովհետև Իտալիան ինքնանույնականանում էր Սիլվիոյի հետ ու տեղնուտեղը նրան խարույկ հանում ինչպես Սավոնարոլային, արտաքսում ինչպես Դանտեին ու Մաքիավելիին, սպանում՝ ինչպես Հուլիոս Կեսարին, աստվածացնում՝ ինչպես Օգոստոս կայսրին, Միքելանջելոյին ու Լեոնարդո դա Վինչիին՝ մահից հետո միայն…

Բեռլուսկոնին ու Իտալիան՝ խելահեղ պատմություն էր՝ խելահեղ ժամանակների, երբ ոչինչ, կարծես, չէր կատարվում… Նրանից ավելի երկար իշխանության գլուխ էր եղել միայն Բենիտո Մուսոլինին: Բայց նույնիսկ Մուսոլինին չէր կարող անել՝ ինչ արել էր Բեռլուսկոնին: 1994-ի հունվարին ձևավորելով իր «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունը, 60 օր հետո նա հաղթեց խորհրդարանական ընտրություններում:

Իսկ ծնվել էր Միլանում, աղքատ ընտանիքում ու ամեն ինչ սկսել էր միայնակ, զրոյից, սեփական ուժերով քար առ քար հավաքելով իր հաջողության աշտարակը: Եվ ահա այդ առասպելը, ինչ-որ կապույտ թղթապանակ ձեռքին, դուրս է գալիս Սենատի նիստերի դահլիճից ու դանդաղ քայլում դեպի չգիտեմ ուր: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի արձագանքն ակնթարթային էր ու անհավանական, նա հանկարծ բացականչում է «Սինյոր Բեռլուսկոնի...», ու՝ պոկվում տեղից: Մարչելո Պերային մնում է հետևել նրան, մեզ՝ Պերային: Բեռլուսկոնին կանգ է առնում՝ թերևս Պերային միայն ճանաչելով: Դրության զավեշտը՝ Արթուր Բաղդասարյանը, որ գիտեր անգլերեն, մի քիչ էլ ֆրանսերեն, սկսում է... իտալերեն խոսել, չգիտեմ՝ ինչքանով է նրա իտալերենը հասկանում Սիլվիո Բեռլուսկոնին, բայց Մարչելո Պերան բացատրում է, որ հենց նոր հանդիպում էր Հայաստանի Աժ նախագահի հետ ու ... Օ՛, Արմենիա՛... Արմենիա՛... Թարգմանչի օգնությամբ պարզվում է, որ Իտալիայի վարչապետը գիտի Հայաստանը, որի քարտեզը որմնանկարված է Հռոմի Կոլոսեումի մոտ հայտնի պատին... Օ՛, Արմենիա՛... Բայց Բեռլուսկոնին ակնհայտորեն ավելին չգիտի ու Արթուր Բաղդասարյանը նրան հրավիրում է Հայաստան՝ զարգացնելու հայ-իտալական բազմադարյա բարեկամությունն ու փոխհարաբերությունները և ստանում է ... սի՛, սի՛, այո՛, այո՛, օ՛, Արմենիա՛, բելիսիմո... Կայծակնային «բանակցություններում» գլխապտույտ հաջողությունից հետո Աժ նախագահը բռնում է Իտալիայի վարչապետի աջը ու հայավարի, սիրով ու հավեսով, ջերմեռանդ թափահարում՝ առավելևս, որ Բեռլուսկոնին չի դադարում իր «բելիսիմոն», «մոլտե բելիսիմոն» ու «Օ՛, Արմենիան»... Միջամտում է Մարչելո Պերան, և Իտալիայի վարչապետը փրկվում է աջի հոդախախտի վտանգից ու, թերևս, վստահ լինելու համար, որ հաստատ իրեն հանգիստ կթողնենք ու կհեռանանք՝  Սիլվիո Բեռլուսկոնին հերթով սեղմում է պատվիրակության անդամների ձեռքը: Իսկ ես, որ կատարվողին հետևում եմ վատ թաքցված ծիծաղով, ի զարմանս ինձ «Օ՛, Արմենիայի» փոխարեն արժանանում եմ «Օ՛, դոննա բելլայի», անկախ ինձնից նրան շնորհակալություն եմ հայտնում... իտալերեն, ու զգում եմ, որ  Իտալիայի վարչապետին չպարզված ձեռքս հայտնվում է նրա շուրթերին ու մի տաքուկ շրթհպում ավարտում է էքսկլյուզիվ «հանդիպումը»: Սիլվիո Բեռլուսկոնին արդեն հեռացել է, ես նայում եմ ձեռքիս... Իսկ օրավարտին համոզում եմ Աժ նախագահին, որ չի կարելի գրել հանդիպման մասին իբրև պաշտոնականի, որովհետև չի եղել պաշտոնական հանդիպում, մենք չենք գնացել Բեռլուսկոնիի նստավայր, նրա օրակարգում ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպում չկա, նրա մամուլի ծառայությունը բնականաբար ոչինչ չի հաղորդելու, իմ տեղեկատվությունը կարդալու են ոչ միայն Հայաստանում, այլև՝ Իտալիայում, սկանդալ կլինի, եթե հերքեն... Համոզում եմ դժվարությամբ, նա հակադարձում է, որ հանդիպմանը ներկա է եղել Իտալիայի Սենատի նախագահը, որ կհաստատի՝ Բեռլուսկոնին ընդունեց Հայաստան այցի հրավերը, որ հենց հասնենք Երևան, պաշտոնապես կփոխանցենք, որովհետև կա նախնական համաձայնությունը՝ «Օ՛, Արմենիա՛, բելիսիմո»...

…Հիմա էլ, ինչպես այն ժամանակ, ծիծաղս է գալիս, թե ինչպես հանդիպեցինք Սիլվիո Բեռլուսկոնիին, բայց հիմա շատ տխուր ծիծաղ է, ավելի ճիշտ ոչ թե ծիծաղ է, այլ՝ քամված, պիրկ թախիծ՝ 2023-ի հունիսի 12-ին Սիլվիո Բեռլուսկոնին վախճանվեց՝ իր հետ տանելով իր զարմանալի երկրի զարմանալի պատմության ամենազարմանալի մարդկանցից մեկի ոդիսականը: Թվում էր՝ նա հավերժ է, ինչպես հավերժ են իր երկրի առասպելները, բայց իր առասպելը տևեց 87 տարի:

Երևի ծովերի ու օվկիանոսների պահպանության օրենքն է, որ բոլոր «Տիտանիկներն» են ի վերջո խորտակվում: Չգիտեմ:

...Դե ֆակտո միայն Սիմեոն երկրորդը մնաց, որ հավարտ պաշտոնական, թե անպաշտոն հանդիպման ինձ գերանակնկալ է մատուցել՝ չասեմ ինչ...

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին