Մնացական Զոհրաբյան. Իշխանություն լինելու համար մամուլը միայնակ չպիտի լինի - Mediamax.am

Մնացական Զոհրաբյան. Իշխանություն լինելու համար մամուլը միայնակ չպիտի լինի
5017 դիտում

Մնացական Զոհրաբյան. Իշխանություն լինելու համար մամուլը միայնակ չպիտի լինի


Իմ երիտասարդության օրերին «Ավանգարդում» տպագրվելը պատիվ էր: Թերթերն էլ այդքան շատ չէին՝ «Սովետական Հայաստան», «Ավանգարդ», «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Հայրենիքի ձայն», ռուսալեզուները հիմնականում միութենական էին՝ «Տրուդ», «Պրավդա», «Կոմունիստ», «Կոմսոմոլսկայա պրավդա»… Բաժանորդագրվում էինք համարյա բոլորը, նաև ամսագրերը՝ «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի», «Գիտություն և տեխնիկա»… Ես բաժանորդագրվում էի նաև այլ ամսագրեր՝ «Экран», «Юность», «Иностранная литература»…

Ինքնին հասկանալի է, որ ռուսալեզու թերթերում ու ամսագրերում տպագրվելու փորձն անիմաստ էր: «Սովետական Հայաստանը» պաշտոնաթերթ էր ու խիստ կուսակցական: Միակ հարազատն ու հասկանալին «Ավանգարդն» էր: Եվ բնական է, որ հենց «Ավանգարդը» դարձավ այն թերթը, որի էջերում արտացոլվեց 1988-ը… Եվ «Ավանգարդն» էր տպագրում այն հոդվածները, որ ուրիշ ոչ մի տեղ չէին կարող տպագրվել: Համենայն դեպս՝ ես սկսել եմ «Ավանգարդից», հատկապես այն ժամանակներում, երբ համարները ստորագրում էր խմբագրի տեղակալ Այդին Մորիկյանը: Իսկ խմբագիր Մնացական Զոհրաբյանի հետ ծանոթացա ու համարյա ընկերացա հետո: Հախուռն, անմիջական ու անկեղծ, պատրաստ օգնել՝ առանց խնդրելու, բժշկից սկսած մինչև տպարանի տնօրեն խնդիրներում: Ես նրան չեմ տեսել արդեն երևի 30 տարի, բայց լավ հիշում եմ մեր հանդիպումները Մամուլի շենքի չորրորդ հարկում, երբ տպարանից դուրս գալիս, ըստ սովորության, մտնում էի նրա աշխատասենյակ՝ իմանալու ինչ կա-չկա ու պարզապես աշխարհի անկատարությունից բողոքելու… Եվ նա մի կողմ էր դնում իր կարդալիք տրցակները ու… խոսում էինք մինչև… չգիտեմ երբ:

***

1995-ի փետրվարի 10-ին «Ավանգարդի» խմբագիր Մնացական Զոհրաբյանի հետ հարցազրույցը տպագրվեց «Երկիր Նաիրի»-ում՝ «Զայրացած հարցազրույց խմբագրի հետ, որ ուզում է աշխատել» վերնագրով:

Պայմանավորվածությունը վաղուց կար, հանդիպումը, այնուամենայնիվ, չէր ստացվում՝ գործեր, հոգսեր, ու՝ չէինք հանդիպում: Այս անգամ որոշեցինք հանպատրաստից սկսել մեր զրույցը:

- Ո՞վ եք Դուք, համառոտ ներկայացրեք Ձեր կենսագրությունը՝ թվեր, փաստեր:

-Ծնվել եմ 1947-ին, Քանաքեռում: Սովորել եմ տեղի դպրոցում, գերազանց ավարտել եմ, ընդունվել համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 7-8-րդ դասարանից թղթակցել եմ «Պիոներ կանչին», հետագայում «Շավիղ» պատանեկան խմբագրության խմբագիր եմ եղել, գրական աշխատող, բաժնի վարիչ: Սովորել, աշխատել եմ միաժամանակ: Հետո սովորել եմ Մոսկվայում, վերադարձել կոմերիտական աշխատանքի՝ բաժնի վարիչի տեղակալ: Աշխատել եմ ստեղծագործող երիտասարդության հետ, հնարավորն արել, որ քիչ թե շատ լուծվեն նրանց ստեղծագործական, տնտեսական և ֆինանսական հարցերը: Հետագայում վերադարձել եմ «Պիոներ կանչ» խմբագիր: 1987-ի նոյեմբերից «Ավանգարդի» խմբագիրն եմ: Ամուսնացած եմ, ունեմ երկու տղա, երևի այսքանը:

- Փորձեք գնահատել 1987-ի և այսօրվա «Ավանգարդը»:

- Սկզբունքների մեջ տարբերություններ չեն եղել, չկան: Ես լրագրողի աշխատանքը գնահատում եմ ազնվության չափանիշով: Եվ այն պարագայում, և այս, և այն տարիներին, և հիմա «Ավանգարդն» ազնիվ է: Սենսացիաների չենք տրվել, եթե անգամ եղել են, թերթի ոճը չեն: Ցավոք, ի տարբերություն 1987-ի, պիտի ասեմ, որ թերթի հրապարակման պարբերականությունը խախտվել է, մշտապես մեզ հետապնդում են ֆինանսական-նյութական բարդությունները: Դրանք այսօր դժվարությամբ են հաղթահարվում: Բռնկումի, վերելքի տարիներ էին: Աստիճանաբար դեմոկրատացող մամուլը ոչ միայն ընթերցողին էր ներկայացնում նորովի, այլ հենց թղթակցին, խմագրին, գլխավոր խմբագիրներին: Երջանիկ առիթ էր ընձեռում բավականություն ստանալ աշխատանքից:

- Համենայն դեպս, այն ժամանակվա «Ավանգարդը» երևի թե առանց չափազանցության առաջին թերթն էր հանրապետությունում:

- Հետահայաց գնահատականի համար շնորհակալ եմ: Համաձայնեք, հեշտ չէր կաղապարներ կոտրելը: Մենք կոտրում էինք առանց չափն անցնելու, առանց ոտնատակ տալու մեր սկզբունքները, արժեքներ, հասկացություններ, որոնք ուզեինք, թե չուզեինք, հետո մերն էին լինելու: Մեզ հետ չկատարվեց այն, ինչ տեղի էր ունենում: Մեկ օրում, մի գիշերվա ընթացքում հանկարծ չդարձանք ԹԻՎ 1 ԴԵՄՈԿՐԱՏԸ: ՀԱՆԿԱՐԾ մեզ հետ ոչինչ չկատարվեց, մենք այդ ճանապարհն անցնում էինք պահպանելով այն, ինչ «Ավանգարդինն» էր, մերը: Հերթական ամեն մի համարը կենտկոմում մի նոր «բացատրություն» գրելու առիթ էր տալիս: Լիներ Ռաֆայել Իշխանյանի հոդվածը, թե ռեպորտաժ ցույցերից, միտինգներից, նստացույցերից: Մեր հաղթաթուղթը ճշմարտություն ասելն էր: Ոչ մի անհիմն մեղադրանք, ոչ մի հայհոյանք: Հայհոյելը ընդհանրապես մեր ոճը, մեր լեզուն չի եղել և չէ:

- Հենց հիշելով եմ ասում, որ առաջին թերթերից էր՝ Սումգայիթի դատավարությունը, Բաքվի, Թբիլիսիի ջարդերը, ռեպորտաժներ օպերայի հրապարակից:

-Քանիցս թերթի համարները կալանվել են, հրապարակումը դադարեցվել, փորձել են հոդվածներ հանել: Ակտիվ, հրաշալի տարիներ էին: Երբեք չեմ մոռանա մեր աշխատանքի այդ տարիները՝ մարդկային ոգու աննկարագրելի վերելքով: Վերջին տարիներին հազար ու մի հանգամանքների պատճառով այդ ոգևորությունը մարեց:

- Վերջին մեկ տարում «Ավանգարդը» տպագրվում է կանոնավոր անկանոնությամբ, հետո ի՞նչ է լինելու:

- «Ավանգարդը» լույս կտեսնի, կլուծենք ֆինանսատնտեսական դժվարությունները:

- Խմբագրի լավատեսությու՞ն է, թե՞ լուրջ նախադրյալներ կան:

- Ասեմ անկեղծ՝ ունեցել ենք բազմաթիվ առաջարկներ աշխատակցելու, համագործակցելու, «ստրկանալու», «վաճառվելու»: Շատ հրապուրիչ առաջարկներ էին: Գլխավոր խմբագրին ու ստեղծագործական կազմին առաջարկում էին չմտահոգվել ֆինանսներով, ստեղծագործել, զբաղվել մեր հիմնական գործով: Բայց … հիմնական գործը պետք է լիներ մի խումբ մարդկանց տեսակետը քարոզելը, ասել այն, ինչ պետք էր ասել՝ ոչ ավել, ոչ պակաս: Այսօր արդեն փող տվողը գիտի, որ կարող է նաև երաժշտություն պատվիրել:

- Միշտ է իմացել:

- Բայց հիմա այդ երաժշտությունը կարևոր երաժշտություն է: Այդպիսի կախվածություն արդեն եղել է: Ապրել ենք այդպես տասնամյակներ շարունակ: Այսօր որևէ կուսակցության ծառայել չենք ուզում, ուզում ենք ժողովրդին ծառայել: Շատ դժվար է այդպես ապրել այսօր, բայց խմբագրության փոքրաթիվ անձնակազմն այս հարցում միակամ է:

- Ո՞րն է այսօրվա «Ավանգարդի» հետաքրքրությունների շրջանակը:

- Այն տարածքը, որ զբաղեցնում է «Ավանգարդը» հայ մամուլի այսօրվա կենսոլորտում, առայժմ ոչ մեկը չի զբաղեցրել: Իսկզբանե «Ավանգարդը» եղել է երիտասարդական թերթ ու դեռ այն տարիներին անգամ ավելի համարձակ էր: Եթե մի քիչ «սահմաններն» անցնող թերթ կար, «Ավանգարդն» էր: Ներում էին: Բացատրում էինք, թե ջահելներ են, աղմկում են, ոչինչ, բայց և պատժում էին, որ ավելին չասենք, որ չափն իմանանք: Ամենագլխավորը՝ երիտասարդ մարդը գիտեր, որ թերթ ունի, որ կարող էր կողքին կանգնել ամենածանր պարագայում, մեր աշխատակիցները տասնյակ, հարյուրավոր մարդկանց օգնել են կյանքում: Արդարամտորեն օգնել ենք երիտասարդին՝ աշխատանքային վեճերը հարթել, լուծել բնակարանային հարցերը, կրթության, ստեղծագործության ասպարեզներում նպաստել ինքնաբացահայտմանը: Իսկ քանի-քանի անարդարացիորեն դատված մարդկանց ենք ազատել կալանավայրերից՝ վերադարձնելով ընտանիք, կյանք: Հանրապետության գլխավոր դատախազ Գևորգյանը դա պետք է որ հրաշալի հիշի: Նրա մարդկային հատկանիշները հաճախ են օգնել թերթին արդարությունը գտնելու գործում: Նրա առանձնասենյակում, իր անմիջական մասնակցությամբ, մարդ է ազատվել բանտից: «Ավանգարդը» կանգնել ու կանգնում է անարդար տուժած երիտասարդների թիկունքին: Ամփոփեմ՝ երիտասարդության սոցիալական, տնտեսական, իրավական պաշտպանվածության խնդիրներն են ամենայն լրջությամբ քննարկվել ու քննարկվում այսօր: Եթե հիշում ես, անցյալ տարի մենք տպագրեցինք երիտասարդության հետ տարվող աշխատանքի պետական քաղաքականության մասին փաստաթղթի նախագիծը: Մշակումն արվել էր հանրապետության երիտասարդության վարչության, տարբեր գիտակ մարդկանց կողմից: Այդ փաստաթուղթը մենք հրապարակեցինք: Ամիսներ շարունակ քննարկեցինք: Չեմ պնդում, բայց կարծում եմ, որ տասնյակ, հարյուրավոր կարծիքները, որ հրապարակվեցին, գուցե նաև նպաստեցին դեկտեմբերին նախագահի հրամանագրի հայտնվելուն: Պիտի ասեմ, որ այսօր մեր կառավարությունը վայել մակարդակով երիտասարդական հիմնախնդիրներին չի անդրադառնում: Երիտասարդությունն այսօր համատարած անտեր է: ՀՀ կառավարության, ֆիզկուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերով զբաղվող վարչությունն իր ուժերի ներածն անում է, և ավելին, որպեսզի երիտասարդության, ուսանողության առօրյան ավելի նպատակային դարձնի, բայց նրանց էլ օգնել է պետք, պետք է գործուն կառույց լինի, իրավունքներով, պարտականություններով, և, իհարկե, ֆինանսական միջոցներով: Պետք է այնպես անել, որ երիտասարդը հստակ իմանա իր անելիքը հետագայում: Ո՞վ է այսօրվա ուսանողը, նա սովորում է իր հաճույքի՞ համար, թե՞ պետական պատվեր է կատարում: Եթե պետական պատվեր է կատարում, ուրեմն, պետության կողմից պիտի հովանավորվի: Եվ կրթաթոշակ, և հանրակացարանային բավարար պայմաններ, և դասախոսական այնպիսի կազմ, որ պահանջվող գիտելիքները հաղորդի: Սրանք այսօր առաջին անհրաժեշտություն են: Որևէ մեկը մտահոգվու՞մ է լրջորեն, թե ինչ են անելու այսօրվա պետական ու մասնավոր բուհերի այսքան ուսանողները:

- Կրթված ազգ կլինենք:

-Մենք արդեն կրթված ազգ ենք: Լավ է 100 կարգին մասնագետ, որ հետո աշխատանք է ունենալու, քան հազարավոր թերուս անգործներ: Ավելորդ ծախսեր են: Ուրիշ երկրներում էլ անկիրթ մարդիկ շատ կան: Կրթությունը ճոխություն չէ, մոդա չէ, այլ պետական հանձնարարություն կատարել է, ինչպես պետական ծառայությունը բանակում: Դրան պետք է մեծագույն, խորագույն ուշադրություն դարձվի: Հասարակությունը, տարբեր անհատները, հատուկ նպատակ ունեցող խմբերն ու խմբավորումները, կուսակցությունները չպետք է այդ հարցը լուծեն: Պետք է պետական, համակողմանի մշակված մոտեցում լինի, ծրագիր:

- Անշուշտ այդպես է, հարցը շատ ավելի մեծ խորք ունի: Կրթությունը սկսվում է ոչ բուհից և եթե պետական, համակարգված մոտեցման հարց չի առաջադրվում, պետք է սկսել դպրոցից, եթե ոչ մանկապարտեզից:

- Մի խոսքով՝ մենք շոշափում ենք այն հարցերը, որոնց բազմիցս անդրադարձել ենք «Ավանգարդում»: Ժամանակն է խոսելուց բացի՝ հարցի լուծմանն անցնել: Ինչպես նկատեցիր, երևի, սրանք այն հարցերն են, որ, իհարկե, տարբեր պարբերականներում դեպքից դեպք են լուսաբանվում: Մեր խորին համոզմամբ՝ այսօր երիտասարդին միայն ռեպն ու կարատեն, միայն կինոն ու սեքսը, աստղերն ու նրանց մասնավոր կյանքի ասեկոսեները չէ, որ հետաքրքրում են: Պետք է լինի պարբերական, որի էջերում լրջորեն քննարկվեն երիտասարդության հիմնահարցերը: «Ավանգարդն» այդպիսին եղել է և աշխատում է այդպիսին մնալ:

- Ո՞րն է լրագրողի Ձեր հավատամքը և ո՞րն է այսօր մտավորականի դերը՝ Ձեր կարծիքով:

- Լրագրողը պետք է ազնիվ լինի, սկզբունքային, անշուշտ, տիրապետի մասնագիտական հմտություններին: Ցանկացած մտավորականի տվեք այդ հարցը՝ դժվար թե սպառիչ պատասխան ստանաք: Արդեն մի քանի տարի է՝ այդ հարցին փորձում ենք պատասխանել, բայց ոչ թե պատասխանել է պետք, այլ ապրել ու գտնել սեփական ձայնն ու տեղն այսօր: Մտավորականի համար ամենաանբարենպաստ պայմաններն են ստեղծված:

- Մտավորականի պայմանները ե՞րբ են բարենպաստ եղել: Ինձ թվում է՝ կարևորը կողմնորոշումն է՝ ի՞նչ ես ուզում, ո՞րն է նպատակդ:

- Համաձայն եմ: Իսկ նրանք, ովքեր կողմնորոշվել են, ի՞նչ վիճակում են: Թեև կան, անշուշտ, մարդիկ, որ կարողանում են գրել և գիրք հրատարակել, և նկարել, և լավ ապրելու հարցեր լուծել:

- Թերևս տեղի է ունենում հասարակության բևեռացում, մարդիկ շատ ավելի պարզորոշ ու խստորոշ են տարաբաժանվում: Հարուստներ, որ ամեն ինչ ունեն, և աղքատներ, որ ոչինչ չունեն: Այդ բաժանման մեջ երեկվա ու այսօրվա արժեքները ևս տարաբաժանվում են՝ ոչ ըստ կրթական ցենզի, սոցիալական ծագման:

- Ես էլ այդ շերտավորման մասին եմ ասում: Մտավորականը պետք է իր գործով զբաղվի: Նա չի կարող կոշիկ կարել-ծախել, ու՝ ավելի լավ, քան այդ գործի բնատուր շնորհք ունեցող մարդիկ: Մտավորականը պետք է ստեղծագործի, արարի ու իր ստեղծածով ազդի կամ հակազդի հասարակության ու հասարակական կյանքի վրա: Նշված բևեռացումը ես բնական եմ համարում: Ճիշտ է՝ հրաշալի գաղափարներ են սոցիալական արդարությունը, համահավասարությունը և այլն, բայց չմոռանանք, ախր, երբ նման մի երկրում էինք ապրում, բոլոր թերությունները հենց այդ հասկացություններից էինք բխեցնում: Կորչում էր անհատը, ձեռներեցը, գործիմացը: Ամեն ինչ համահարթեցվում էր: Սա կործանեց այն պետությունը: Հիմա էլ մյուս ծայրահեղության առջև ենք կանգնել: Նրանք, որ ոչ մի ծառայություն, ոչ մի նշանակալից քայլ չեն արել ի շահ ժողովրդի, այսօր վայելում են կյանքի բոլոր բարիքները: Նրանք, որ ողջ կյանքը ծառայել են ազգին, հազիվ գոյությունն են քարշ տալիս: Սա էլ արդարացի չէ: Դեղատոմս չեմ առաջարկում: Անձամբ համաձայն եմ ապրել ջունգլիների օրենքով, բայց գտնում եմ, որ պետությունը գոնե որոշ չափով պետք է մտահոգվի նրանց ճակատագրով, ովքեր նաև այսօրվա Հայաստանի անքակտելի մասն են և տարիքի կամ այլ հանգամանքների բերումով չեն կարող իմ, կամ այլոց պես ապրել ջունգլիների օրենքով: Հասկանալի է, որ կա պետություն, կան պետական շահեր, կա իշխող կուսակցություն, բայց ինչու՞ երբեմն սրել հարաբերությունները մինչև բարոյականության ստորին սահմանը: Ինչու՞ չնկատել, որ 72 տարի տպագրվող թերթը նույնպես արժեք է: Այն մի խումբ մարդկանց, որ պահպանում են էլի մի մշակութային արժեք, ինչու՞ լրացուցիչ, ոչնչով չբացատրվող, չարդարացվող ծախսեր ու հոգսեր պարտադրել: Պե՞տք է փակել թերթը՝ հայտարարեք հրապարակավ: Եթե չկա նման ցանկություն կամ նպատակ, պետք է գոնե բարոյական չափանիշներին համապատասխան հանդուրժվի հնի ու նորի համատեղ գոյակցությունը: Ասածս այս հրատարակչական շենքի բնիկներին, առաջինը բնակեցնողներին պարտադրվող անիմաստ վերաբնակեցումն է:

- Չե՞ք կարծում, որ այս ամենը տպագրելը կվնասի Ձեր թերթին:

- Հնարավոր է: Խնդրում եմ՝ անպայման պահպանես այս հատվածը: Հնարավոր է, որ վնասի, դա հենց իմ ասածի հաստատումը կլինի: Իսկ եթե չվնասի, եթե գոնե մեկ անգամ այլ դիրքերից հարցը քննվի, ես ներողություն կխնդրեմ, որ համատարած չէ այն, ինչ ասում եմ:

- Ուզու՞մ եք, որ մամուլն իրոք չորրորդ իշխանություն լինի:

- Իմ կամ որևէ մեկի ցանկությամբ չէ, որ պիտի կայանա այդ իշխանությունը: Մամուլն այսօր չորրորդ իշխանության ձևեր է թափում, դեռ իշխանություն չէ ու չի էլ կարող լինել առայժմ:

- Ի՞նչ լծակներ են պետք՝ Ձեր կարծիքով:

- Ընդամենը մեկ լծակ՝ քաղաքակիրթ, հարգալից և ամենակարևորը՝ ոչ ձևական արձագանք տպագրվածին՝ ինչ մակարդակով էլ լինի: Գրած-չգրած: Նույնն է: Միայն մի դեպքում, երբ հրապարակմանն արձագանքեն նախորդ երեք իշխանությունները՝ օրենքով թելադրված գործնական քայլերը կատարելով, հնարավոր է, որ երբևէ մենք էլ կունենանք այդ չորրորդ իշխանությունը: Իշխանություն լինելու համար մամուլը միայնակ չպիտի լինի: Այսօր բոլորս էլ հասկանում ենք, գիտենք, թե ինչ դեր կատարեց մամուլը ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի կյանքում, ամենաթարմ օրինակը՝ Իտալիայի նախկին վարչապետը, բայց նաև գիտենք, թե ինչու՞ մենք այդպես չենք կարող:

- Լավ, ի՞նչ անենք, հեռանա՞նք երկրից:

- Բոլորովին, եղել ենք, կանք ու կմնանք:

- Բայց կդառնանք բրածո, դինոզավր՝ բոլորը սիրում են, փնտրում են, խղճում են, ոչ ոք չի հավատում:

- Ամենևին: Այն մարդկանց մեջ, ովքեր պիտի այս երկիրը շենացնեն, համարի նաև ինձ, նրանց, ում հետ աշխատում եմ: Ես երազում եմ ամուր, արդարամիտ պետություն ունենալ: Այսօր էլ ուզում եմ աշխատել, ուզում եմ օգնել պետություն ստեղծելուն, և երբ այդ մտահոգությամբ փորձում եմ ինչ-որ բան թերթի էջերում, էլի գտնվում են մարդիկ, որ անմիջապես մատը տնկում են՝ ըհը, էս ու՞մ բոստանն է քար գցում: Ինչու՞: Ես իմ ամբողջ կյանքում անհանգիստ մարդ եմ եղել, աշխատանքը վեր է եղել անձնական կյանքից: Հիմա էլ եմ ուզում աշխատել, բայց այդ հնարավորությունը անասելի դժվարությամբ ենք ձեռք բերում: Այս տարի մի քանի տեղեր շրջել եմ: Հանդիպել, զրուցել նախկին ընկերներիս հետ, ծանոթացել նրանց գործերին՝ Մոսկվայում լինի, թե Մերձբալթյան հանրապետություններում: Կառավարության տարբեր օղակների ու մամուլի օրգանների հարաբերությունները և խնդիրները հստակեցված են ու կանոնակարգված, որ նպաստում են աշխատանքին, ուրիշ ոչինչ: Աշխատանքի պայմաններ են ստեղծում, որ լրագրողը կարողանա տեղեկատվություն ստանալ: Մեզ մոտ այլ կերպ է լուծվում այդ խնդիրը: Կառավարության ցանկացած օղակ ստեղծում է իր թերթը: Թերթերը օր օրի շատանում են, ասելիքը՝ մանրանում: Աշխատանքի պայմաններ ունեցող լրագրողը ինքն իր բարեկեցությունը կստեղծի: Պատկերացրեք՝ մոսկովյան թերթերը թուղթը գնում են եռապատիկ էժան, տպագրական ծախսերը իրենց վաստակի ու իրենց դրամաշրջանառության համեմատ շատ ավելի քիչ տոկոս են կազմում, ավելացրած՝ գովազդները: Այսօրվա մոսկովյան թերթերն արդեն եվրոպական, համաշխարհային մակարդակի պարբերականներ են ու ապրում են գովազդի հաշվին, որովհետև պատվիրատու ունեն: Եթե կառավարության համապատասխան մարմնում գոնե մեկ անգամ մտահոգվեն, փոքրիկ մի թվաբանական խնդիր լուծեն, կպարզեն, որ մեկ տոննա թղթից 5000 տպաքանակով 4 էջանոց սովորական թերթի 4 համար կարելի է հրատարակել: Մեկ տոննա թուղթը 900-1000 դոլար արժի այսօր: Գումարենք տպագրական, համակարգչային շարվածքի, աշխատավարձի, «Հայմամուլի» հարկի և այլ բաղադրիչներ, կստանանք մոտավորապես 1200-1500 դոլար մեկ ամսում 4 համարի տպագրության դեպքում: Վաճառքը 20-30-40 դրամով: Ի՞նչ գումար է ստացվում: Կազմու՞մ է այդ 1200-1500 դոլարը: Իհարկե՝ ոչ: Կառավարությունը հրաշալի գիտի, որ այսօրվա թերթերը բոլորը լրավճարով են ապրում՝ տարբեր լրավճարներով, մի տեղ թաքնված կամ անթաքույց տալիս է կառավարությունը, մի տեղ՝ այս կամ այն խմբակցությունը, մի երրորդ դեպքում՝ ունևոր անհատը: Այդպես էլ ապրում են այդ թերթերը: Իսկ ինչպե՞ս վարվեն անկախ թերթերը: Ո՞վ պիտի մեզ գովազդ պատվիրի:  Ոչ ոք այսօր Հայաստանում 100 դոլար չի վճարի գովազդի համար: Եվ՝ ի՞նչ գովազդես: Թերթի տպագրված ամեն համար մեծացնում է ճեղքվածքը՝ ծախսերը շատ են, հասույթը՝ չնչին: Մեկ-մեկ զարմացած կարդում ենք, որ տարբեր տեղերում դեռ կա թղթի տրամադրման պետական պատվեր, հրատարակչություններից մեղմացված հարկեր են գանձում: Դա՝ դրսում, մեզ մոտ՝ հակառակը: Փոստ չկա, որ ինչպես այլուր, տպագրես, ծրարես, առաքես: Մենք չենք խնդրում կառավարությանը մեր փոխարեն թերթ հրատարակել, մենք խնդրում ենք մեր աշխատանքն անելու համար պայմաններ ստեղծել: Կապը պիտի թե՞րթը ստեղծի: Թե՞րթը պիտի փոստ պահի: Թերթի բում է Երևանում: Մենք գրում ենք, մենք՝ կարդում: 3000-5000 տպաքանակը կամ 20-30000-ը արտահայտու՞մ է ընթերցողի իրական քանակը: Այսօր, եթե նորմալ բաժանորդագրություն լինի, նորմալ աշխատավարձ, կենսաթոշակ, մեր պայմանները կբարելավվեն ու կսկսենք շահույթով աշխատել: Դա ոչ մեկին չի հետաքրքրում: Այս մտահոգություններն օդում են մնում: Ու՞մ են պետք: Պետությունը որոշ հոգսեր մեզ հետ կիսելով՝ պետք է պարտավորություններ դնի: Ոչ թե՝ չհայհոյես սրան-սրան: Ձեզ լավ պահեք ընտրություններից առաջ ու հետո, թե չէ կփակեմ, կտեղափոխեմ, կդատեմ, կարգելեմ… Հետո՞… Պետությունը մեզ պետք է իրեն ծառայելու, օգնելու հնարավորություն ստեղծի: Մեր շահը մեր աշխատանքն է, մեր բարոյական, հոգեկան հանգստությունը: Արդյոք այդ հանգստությունն ունի 300 դրամ աշխատավարձ ստացողը: Պիտի հասկանան, չէ՞, որ ֆանատիկոսներ են այդ մարդիկ, որ կարևորում են ինչ-ինչ արժեքներ իրենց կյանքից, առողջությունից, շահից: Ամեն ինչից: Ասածներս միայն մեզ չեն վերաբերում: Պայմաններ պետք է ստեղծվեն նորմալ, քաղաքակիրթ աշխատանքի: Համոզված եմ, որ այդ դեպքում փոխադարձ փշերն էլ կվերանան, որ խանգարում են մեր աշխատանքին:

…Հարցազրույցն իորք հանպատրաստից էր ու իրոք անակնկալ ինձ համար: Գոնե այնքան, որ հրաժարվեցի իմ ավանդական հարցերից՝ Ձեր սիրած գույնը, երգը, թիվը, փողոցը: Այնուամենայնիվ՝ հետո իմացա, որ Մնացական Զոհրաբյանը սիրում է 7 թիվը, բազմաթիվ երգեր, դեղին գույնը և Աբովյան փողոցը: Իսկ ամենակարևորը՝ նա սիրում է իր գործը ու իր երկիրը:

***

…Ու եթե 1995-ին ու հետո լուծված լինեին 28 տարի առաջ բարձրացված հարցերը, այսօր կունենայի՞նք այս մամուլն ու կապրեի՞նք այս կյանքով: Չգիտեմ: Խոստովանեմ՝ ինչպես 28 տարի առաջ էր Մնացական Զոհրաբյանի հետ հարցազրույցն ինձ համար անակնկալ, թեպետ ես էլ էի «Մայրենին» պահելու համար հնարավոր ու անհնար դռներ թակում, ամսագրի համարները անձամբ տանում հեռավոր ու մոտիկ մարզերի դպրոցներ, որովհետև բաժանորդագրություն ու փոստ չկար և վճարներն էլ հաճախ չէի ստանում, այնպես էլ տհաճ անակնկալ էր, որ 28 տարի հետո՝ հիմա մենք կորցնում ենք տպագիր մամուլը: Ճիշտ է՝ այլ պատճառներով, այլ իրավիճակում: Չասեք, որ ինտերնետի շնորհիվ տեղեկատվության հասանելիությունն ու ընդհանրապես նոր տեխնոլոգիաները 180 աստիճանի փոխել են կյանքը, չկան նախկին խնդիրները, թերթերը վերանում են բնական օրենքով՝ սպառել են իրենց գոյության անհրաժեշտությունը, որովհետև ստեղծվել են առավել արդյունավետ միջոցներ՝ նույն խնդիրները լուծող: Աշխարհում ոչինչ չի փոխարինի տպագրական թարմ ներկի բույրը տարածող թերթին, որտեղ գտնում ես քեզ հետաքրքրողը, ինչպես ոչինչ չի փոխարինի գրքին, որ կարդում ես՝ ձեռքումդ ունենալով մատիտ և լուսանցքներում գրում ես այդ պահին մտքովդ անցածը… Բայց այս ամենը… լիրիկա է, կյանքը շարունակվում է՝ կորուստների հաշվեկշռի վրա ձևավորելով հաջողության նոր բնագծերը: Հուսանք:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին