«Սովն» ու Հասքելը՝ ճակատագրի եւ պատմության հեգնանքի արանքում - Mediamax.am

«Սովն» ու Հասքելը՝ ճակատագրի եւ պատմության հեգնանքի արանքում
22804 դիտում

«Սովն» ու Հասքելը՝ ճակատագրի եւ պատմության հեգնանքի արանքում


Հունիսի 3-ին Երեւանի Կինոյի տանը գրող, սցենարիստ Ալեքսանդր Արխանգելսկին եւ ռեժիսոր Տատյանա Սորոկինան ներկայացրեցին իրենց «Սովը» ֆիլմը՝ 1920-1922 թվականներին Խորհրդային Ռուսաստանում մոլեգնած զանգվածային սովի մասին։

Հանդիսատեսների մեծ մասը ռուսներ էին, սրահում ընդամենը մի քանի հայ կար։ Ցուցադրությունից հետո հեղինակները պատասխանում էին հարցերին եւ դիտարկումներին, եւ այդ շփումը տեւեց մոտավորապես նույնքան, որքան ֆիլմը: Տատյանա Սորոկինան խոստովանեց, որ այդպես հազվադեպ է լինում։

Ընկերս մի երկու անգամ քթի տակ փնթփնթաց, թե «իրենք այստեղ աշխույժ քննարկում են իրենց պատմության հարցերը, ընդհանրապես չհիշելով, որ Հայաստանում են»։ Ի դեպ, նրան անհնար է մեղադրել ռուսատյացության մեջ.
վերջին 25 տարին ապրել է Մոսկվայում։

Ֆիլմի զգալի մասը նվիրված է օգնությանը, որը ԱՄՆ ֆինանսների նախարար Հերբերտ Հուվերը՝ American Relief Organization (ARA) միջոցով, եւ լեգենդար բեւեռախույզ եւ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը տրամադրել էին Ռուսաստանին սովի տարիներին։



Էկրանին երեւաց Ռուսաստանում ARA-ի առաքելության ղեկավար, գնդապետ Ուիլյամ Հասքելը, որի դեմքն ինձ ծանոթ թվաց, բայց ինքս ինձ ասացի. «Երեւի ինչ-որ մեկի հետ շփոթում ես»։

Մոտ մեկ ժամ անց, երբ հանդիսատեսները եւ ֆիլմի հեղինակներն ակտիվ շփվում էին, հասկացա, որ չեմ շփոթել. հեռախոսով բացեցի Մեդիամաքսի «Հանրապետություն» նախագիծը եւ համոզվեցի. «ճանաչում եմ» Հասքելին:

1919 թվականի հուլիսին Միացյալ Նահանգները ստանձնում են Հայաստանի մանդատը, եւ Խաղաղության համաժողովի Հինգի խորհուրդը որոշում է Կովկաս ուղարկել ամերիկացի գնդապետ Ուիլյամ Հասքելին, որը հանդես էր գալու որպես Պետդեպարտամենտի ներկայացուցիչ։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարությունների բոլոր ներկայացուցիչները պետք է սերտորեն գործակցեին եւ աջակցեին Հասքելի առաքելությանը:

Նախքան Հայաստան մեկնելը, Սոֆիայում հանդիպելով հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք «խանդավառ ընդունելություն էին ցուցաբերել» գնդապետին, Հասքելն ասել էր, որ ինքը նախ կարգավորելու է Անդրկովկասի երեք հանրապետությունների սահմանների հարցը, ապա զբաղվելու է արեւմտահայ գաղթականներին Թուրքահայաստան տեղափոխելու հարցերով։

Օգոստոսի 21-ի առավոտյան Հասքելն արդեն Երեւանում էր։ Մայրաքաղաքում նրա ընդունելությունն ավելի ճոխ էր՝ քաղաքի կենտրոնական փողոցների տները զարդարված էին ծաղիկներով ու գորգերով։ Կայարանում նրան դիմավորում են վարչապետը, բոլոր նախարարները, խորհրդարանի նախագահը, բարձրաստիճան զինվորականներ, պատգամավորներ։ Զինվորական նվագախումբը Հասքելի մոտենալուն պես նվագում է «Մեր հայրենիքը»։

Օգոստոսի 22-ին գնդապետ Հասքելն այցելում է խորհրդարան եւ, մասնավորապես, ասում է, որ պետք չէ ուշադրություն դարձնել սահմանային դեպքերին, տարածքային կորուստներին, միեւնույն է, Խաղաղության վեհաժողովի կողմից սահմանները հստակեցնելուց հետո դրանք կրկին անցնելու են Հայաստանին։

Օգոստոսի վերջին նա մեկնում է Բաքու, որտեղ Ադրբեջանի վարչապետ Նասիբ Բեկ Ուսուբբեկովի հետ հանդիպելուց հետո ներկայացնում է հայ-ադրբեջանական հակասությունների կարգավորման իր ծրագիրը։

Համաձայնագրի 11-րդ եւ 15-րդ կետերը վերաբերում էին երկաթուղային հաղորդակցությանը։ Շարուր-Դարալագյազով եւ Նախիջեւանով դեպի պարսկական սահման անցնող երկաթուղին պետք է վերականգնվեր եւ անհապաղ բացվեր։ Այն միացվելու էր հայկական երկաթուղային ցանցին, որի վերահսկողությունն իրականացնելու էր ամերիկյան կողմը։ Նոր կառուցվող Բաքու-Ջուլֆա երկաթուղին անցնելու էր Ադրբեջանի կառավարության բացարձակ տնօրինությանը, եւ ոչ ոք իրավունք չէր ունենալու միջամտելու կառուցմանը։ Նախիջեւանում եւ Շարուրում չեզոք գոտի ստեղծելու գնդապետ Հասքելի կազմած նախագիծը խիստ խոցելի էր դարձնում Հայաստանի հարավային սահմանները եւ հանրապետության մասնատման իրական վտանգ ստեղծում։ Արբեջանի վարչապետ Ուսուբբեկովն էլ պնդում էր, որ Զանգեզուրը Ադրբեջանի անբաժանելի մասն է եւ իրավունքը նրանց տվել է գնդապետ Հասքելը:

Ֆիլմի հեղինակները եւ հանդիսատեսները շարունակում էին շփումը, ես թերթում էի «Հանրապետություն» նախագծի գլուխներն ու մտածում. 100 տարի է անցել, բայց Հայաստանը, ինչպես եւ այն ժամանակ, կանգնած է լինել-չլինելու արանքում, քննարկվում են սահմանների եւ Նախիջեւանով անցնող երկաթուղու նույն հարցերը, իսկ ռուսական արտագաղթի նոր ալիքի ներկայացուցիչները Երեւանում դիտարկում են իրենց պատմության հարցերը։ Եվ դա ամենեւին կշտամբանք չէր, այլ անկեղծ զարմանք՝ պատմության որոգայթների ու ճակատագրի հեգնանքի վերաբերյալ։

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին