Ինչպես հուղարկավորեցինք Յասեր Արաֆաթին - Mediamax.am

Ինչպես հուղարկավորեցինք Յասեր Արաֆաթին
1824 դիտում

Ինչպես հուղարկավորեցինք Յասեր Արաֆաթին


2004-ի նոյեմբերի 11-ին վերադարձել էինք Ֆրանսիայից՝ Փարիզ, Մարսել, տասնյակից ավելի հանդիպումներ՝ ահավոր հոգնածություն: Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը անխախտ սովորություն ուներ՝ բոլոր երկրներում հանդիպել հնարավոր բոլոր պաշտոնյաների հետ ու անպայման ինչ-որ համաձայնագիր ստորագրել: Երբեմն հանդիպումների միջեւ անգամ կես ժամ չէր լինում, որ հասցնես մեկը գրել՝ մինչեւ մյուսը: Իսկ ուղարկելն այն ժամանակ երկար ու դժվար պատմություն էր: Նոյեմբերի 11-ին նոր էի տուն մտել, երեկոյան 9-ի կողմերն էր, ուզում էի ճամպրուկս դատարկել, զանգահարեց Աժ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանն ու ասաց.

-Առավոտյան ժամը 8-ին կգաս ԱԺ՝ պատվիրակությամբ գնում ենք Կահիրե:  

Չհավատացի, մտածեցի՝ ինչ-որ նոր հանդիպում են ավելացրել հաջորդ օրը, որի մասին ուզում է նոր ասել ու հոգուս հետ է խաղում:

-Ռամզե՞սն է կանչել:

-Չէ, Արաֆաթը, գնում ենք հողին հանձնենք:

-Լու՞րջ ես ասում, բա ինչու՞ Աժ, ոչ օդանավակայան, բակի՞ց ենք թռչելու:

-Խորհրդակցություն ենք անելու, հետո ենք գնալու, թռիչքը 10-ին է: Սգո հագուստ չմոռանաս, արաբական աշխարհում, ասում են, սպիտակն է, բայց մենք մեր արարողակարգով ենք՝ սեւ:

-Քանի՞ օրով:

-Կերեւա: Տեղում կարող են պաշտոնական հանդիպումներ լինել, դեսպանատունն աշխատում է այդ ուղղությամբ:

***

Մուհամեդ Յասիր Աբդել Արաֆաթ ալ Քուդվա՝ Պաղեստինի նախագահը 1993-ից: Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) նախագահ, Պաղեստինյան ազգային մարմնի առաջնորդ, ՖԱԹՀ կուսակցության նախագահ, նախկին ռազմականացված խմբի ղեկավար, որը հիմնադրել է 1959-ին։ Փաստորեն գնում էինք հուղարկավորելու մի մարդու, ում մեզնից ոչ մեկը չէր տեսել ու չէր ճանաչել: Շատ հակասական, շատ հանրահայտ, արդեն հանգուցյալ:

1994-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, թեպետ իր երկրին խաղաղություն չբերեց, ոչ էլ մոտեցրեց։ Իրականում մենք հուղարկավորության չէինք գնում՝ Յասեր Արաֆաթը վախճանվել էր Կլամարում ու հուղարկավորվելու էր Մուկատայում, բայց որոշվել էր նրան պաշտոնական հրաժեշտ տալ Կահիրեում: Մուկատա հասնելու էին միայն հարազատները: Եվ ահա մեր ինքնաթիռը պտտվում է Կահիրեի վրա կես ժամ, մեկ ժամ, վայրէջքի թույլտվություն չենք ստանում՝ 10 րոպեն մեկ ժամանում են պատվիրակություններ ու ազատ թռիչքուղի չկա: Մենք օդում վայրէջքի սպասող միակ ինքնաթիռի ուղեւորները չէինք: Վերջապես իջնում ենք: Ինքնաթիռը կանգնում է, շարժասանդուղք չկա: Եթե կես ժամ էլ մնանք օդանակավակայանում, Արաֆաթին այդպես էլ հրաժեշտ չենք տա՝ ինչպես այլ երկրների ներկայացուցիչները: Դեսպանատան աշխատակիցները շարվել են ինքնաթիռի շուրջբոլորը, փորձում են տարբերակ գտնել՝ մեզ ինքնաթիռից իջեցնելու:

Արարողակարգի վարչության աշխատակից Համիկ Մկրտչյանը ցատկում է ու գնում որոնումների, քիչ անց հայտնվում է սովորական, երկաթե, ժանգոտ, ծռմռված սանդուղքով, որը՝ ոտքդ դնում ես, ճոճվում է վերից վար: Պատվիրակության անդամները մեկիկ-մեկիկ իջնում են՝ հարուցելով աջ ու ահյակ կանգնած ինքնաթիռների ուղեւորների նախանձը, որ նույնպես շարժասանդուղք չեն գտնում:  Նրանք մեզ ձեռքով են անում, մենք երջանիկ ժպտում ենք, որ վերջապես իջանք ինքնաթիռից:

Արթուր Բաղդասարյանը օդանավակայանից գնում է հուղարկավորության, մենք՝ հյուրանոց: Հետո նա պատմում է, որ հասել է վերջին պահին ու հայտնվել անմիջապես հարազատների հետ մի շարքում... Իսկ մենք, խցանման պատճառով, հասնում ենք հյուրանոց, երբ արդեն Արաֆաթին Մուկատա տանող ինքնաթիռը օդ էր բարձրացել:

***

Ու քանի որ արդեն Կահիրեում էինք, երեկոյան գնացինք Նեղոսի վրա նավով զբոսանքի: Ընթրիքի ժամանակ եգիպտական երաժշտություն էր ու պարեր, մեկը հիշում եմ մինչեւ հիմա, դե ֆակտո այդ պարը անվերջ ֆուետե էր, բայց դիմակով ու ծանր հագուստներով... Ես դուրս եկա տախտակամած՝ հանդիպելու Կեսարին կամ Կլեոպատրային, բայց ինձ մոտեցավ … Ռուբեն Շուգարյանը, որ այդ ժամանակ ԱԳՆ փոխնախարար էր: Մենք երկար ու հավեսով զրուցում էինք Նեղոսի վրայով սահող նավում՝ Եգիպտոսի խորախորհուրդ երկնքի տակ, որտեղ աստղերից շատ պատմություններ կան փարավոնների, կեսարների ու նրանց հպատակներ մասին:

Ռուբեն Շուգարյանը հոյակապ գիտեր Եգիպտոսի պատմությունը ու ինձ բացատրում էր Ռամզեսի բարեփոխումները, Ամենհոտեպ Չորրորդի կամ Ախետատոնի ու Նեֆերտիտիի սիրո պատմությունը, Թութանհամոնի փարավոնական կարճ կյանքը՝ նա մահացավ 18 տարեկանում, պատմում էր Կեսարի ու Նապոլեոնի եգիպտական քաղաքականության մասին եւ, իհարկե,  Հայաստանի...  Ու ես ... Արաֆաթին խորապես շնորհակալ էի Նեղոսի վրայով, որ հոսում է աշխարհի պատմության սկզբից, գիշերային գլխապտույտ պտույտի պահին՝ ճռճռան նավի տախտակամածին, աշխարհի սկզբից փչող քամու ու աշխարհի հավերժությունը հավաստող լիալուսնի ու աստղերի տակ  Ռուբեն Շուգարյանին զրուցակից ունենալու համար: Թեպետ մեր զրույցը իրապես գերքաղաքական էր:

***

Կահիրե այցի երկրորդ օրը մենք հանդիպեցինք խորհրդարանի պատգամավորների ու քաղաքապետի հետ, կեսօրից հետո գնացինք անապատ՝ Գիզայի հովտի բուրգերը տեսնելու: Ու ես հասկացա, որ անապատը նույն օվկիանոսն է, բայց՝ առանց ջրի:



Անապատում անցկացրած մի քանի ժամերը, բուրգերի հարեւանությամբ, ժամանակների խառնիճաղանջ էին առաջացրել ուղեղումս: Դեսպանատան աշխատողներից մեկը ջանադիր պատմում էր, որ Եգիպտոսում եգիպտացիներ չկան, քրիստոնյա են միայն հայերն ու ղպտիները: Պատմում էր հայերի մասին՝ Պողոս Նուբար փաշայից մինչեւ մեր օրերը: Ես լսում էի ու չէի լսում, թեպետ հարցեր էի տալիս ու ուզում էի ավելին իմանալ: Ինձ անպարագիծ հմայել էին Կահիրեի կամուրջները, որ երթեւեկը բարձրացրել էին երկրորդ հարկ ու քաղաքն ազատել խցանումներից: Դեռ տարիներ առաջ՝ Հոսնի Մուբարաքի նախագահության օրոք: Դա հանճարեղ ճարտարապետական ու քաղաքաշինական լուծում էր, բայց նախեւառաջ՝ քաղաքական: Պետությունների կյանքում լինում են ղեկավարներ, որ հանդգնում են կայացնել քաղաքական այնպիսի որոշումներ, որոնք փոխում են քաղաքացիների կյանքը գետնի վրա եւ ընդհանրական մտածողությունը՝ ազդելով պետականաշինության պատկերացումների վրա: Եվ, այնուամենայնիվ, Կահիրեում մենք հայտնվեցինք պատմական խցանման մեջ: Անվտանգության նպատակով՝ ժամում երեւի 10 մետր արագությամբ, անապատից մայրաքաղաք էին տեղափոխում Ռամզեսի վիթխարի ու դարավոր պատմություն ունեցող արձանը: Հնությունների պահպանության նախարարությունը որոշել էր, որ անապատի արեւն ու քամին այլեւս վտանգավոր են արձանի համար, որոշվել էր Ռամզեսին պահ տալ Եգիպտոսի պատմության թանգարանին, ուր կառուցվել էր հատուկ սրահ: Ու մենք հնարավորություն ունեինք ոչ միայն որոշման կատարումը տեսնել, այլեւ՝ եգիպտացիներին, որ ոչ թե ընդվզում էին խցանված երթեւեկության ու ժամանակի կորուստի համար, այլ՝ հրճվանքի բուռն ճիչերով էին դիմավորում ոչ իրենց փարավոնին, նաեւ ծաղիկներ նետում չգիտեմ քանիմետրանոց հարթակի տակ, որի վրա բազմած Ռամզեսը խորիմաստ ու անտարբեր լռում էր…

Երեկոյան վերադարձանք Երեւան: Եգիպտական երկնքի տակ անցկացրած երկու օրերը մնացին հիշողությանս մեջ՝ իբրեւ անակնկալ, որ երբեմն նաեւ հաճելի է լինում: Անմոռանալի ու անկրկնելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին