«Հայաստանի Հանրապետություն»-1990-2023 - Mediamax.am

«Հայաստանի Հանրապետություն»-1990-2023
3058 դիտում

«Հայաստանի Հանրապետություն»-1990-2023


Երբեք չէի մտածի, որ ինչ-որ մի օր էպիտաֆիա եմ գրելու … «Հայաստանի Հանրապետության» համար: Ինչ-որ իմաստով՝ իմ կյանքի ու բոլորի կյանքի, որ երբևէ աշխատել են պաշտոնաթերթում, որ երբևէ կարդացել են… Իմա՝ ոչ միայն «Հայաստանի Հանրապետության», այլև՝ Հայաստանի Հանրապետության: Ոչ, իհարկե, կյանքը շարունակվում է, մարդիկ ծնվելու են ու ապրեն իրենց կյանքը, գործեն իրենց գործերը ու հեռանան՝ ինչպես բոլորը...

Փակելով «Հայաստանի Հանրապետությունը», պետությունը հավաստում է, որ.

1.Գերակայությունը տրվում է ֆինանսական (նյութական), ոչ թե մտավոր (քաղաքական, հոգևոր, ճանաչողական) արժեքներին:

2.Հայաստանում չի ձևավորվում պատմամշակութային անվտանգության պաշտպանության անհրաժեշտության գիտակցություն:

3.Պետությունը չի արժևորում ու չի կարևորում պետականության ժառանգականության պահպանումը:

4.Հայաստանում արժեհամակարգ չի ձևավորվում ու ու չի գտնվել չափանիշի չափանիշը: Նույնիսկ չի գիտակցվել: Մենք այսօր էլ ազգային ինքնանույնականացման խնդիր ունենք:

5.Պետությունն ակնհայտորեն չի կարևորում իր տարեգրությունը:

6.Նոր տեխնոլոգիաների մուտքով թերթերի ճգնաժամը հաղթահարելու համար ընտրվում է ամենահեշտ ճանապարհը՝ փակել թերթերը:

7.Պետությունը հրաժարվում է իր քաղաքականությունը հանրայնացնելու ու քարոզչության միջոցներից՝ առաջնորդվելով անհիմն օպտիմալացմամբ, ոչ թե մտածված ու ծրագրված քաղաքականություն իրականացնելու հնարավորությունների օգտագործմամբ:

Տխուր է: Անհասկանալի: Անընդունելի:

Ոչ մի բացատրություն, թե ինչու՞ հնարավոր չէ «ՀՀ»-ն պահել իբրև կայք: Հարկավ, «ՀՀ»-ն «Արմենպրեսի» ենթակայությանը հանձնելը (որ քաղաքական, իրավական ու բարոյական նոնսենս էր) վաղ թե ուշ ենթադրում էր, որ հիմք ընդունելով պաշտոնաթերթի ու պաշտոնական լրատվական գործակալության տեղեկատվության նույնականությունը, «ՀՀ»-ն համարվելու է իրեն սպառած ու աննպատակահարմար: Բայց դա այն դեպքում, երբ անտեսվում են պաշտոնաթերթի առաջինից բացի մյուս էջերը, երբ կա «ՀՀ»-ն փակելու ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշում, որովհետև միանգամայն հնարավոր էր և է «ՀՀ»-ն դարձնել տեղեկատվական այնպիսի հարթակ, որտեղ ներկայացվում են ոչ թե պաշտոնական լուրերը, այլ՝ կազմակերպվում են քննարկումներ, պետության համար կարևորագույն խնդիրները ոչ միայն լուսաբանվում են, այլև՝ քարոզվում: Եվ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Միանշանակ՝ ՀՀ իշխանությունն այսօր ունի իր գործունեության (բոլոր մակարդակներում՝ վարչապետից ու նախագահից մինչև ՏԻՄ) մեկնաբանության ու հասկացված լինելու խնդիր, բայց նույնիսկ չի գիտակցում այդ անհրաժեշտությունը, իսկ եթե մասնակի գիտակցում է, իրականացնում է ակնհայտորեն ապաշնորհ ու անարդյունավետ: Եվ արդեն բացարձակապես անընդունելի ու անհասկանալի է որոշումը, որ «ՀՀ»-ին հատկացված ֆինանսներով «Արմենպրեսը» համալրելու է հաստիքացուցակը և լուրերի եռալեզու թարգմանությունը՝ պարսկերեն, վրացերեն, չինարեն: Այսինքն՝ փակվում է 33 տարի Հայաստանի Հանրապետության երկլեզու (հայերեն և ռուսերեն) տարեգրությունը դարձած թերթը, որ հետայսու «Արմենպրեսը» լուրերը թողարկի պարսկերեն, վրացերեն, չինարեն… Թերևս սա այն դեպքն է, երբ մեկնաբանությունն ավելորդ է:  

***

1990-ի ամռանը ամբողջ քաղաքը խոսում էր, որ Այդին Մորիկյանը նոր թերթ է սկսում: Տարբեր անուններ էին պտտվում, «Հայաստանի Հանրապետութիւն»-ը ամենաընկալելին ու տրամաբանականն էր: «Հայաստանի Հանրապետութիւն» պաշտոնաթերթի հիմնադրման որոշումը կայացվեց սեպտեմբերի 6-ին, հոկտեմբերի 9-ին թերթը լույս տեսավ՝ երկլեզու (հայերեն և ռուսերեն): Ժամը 9-ին կրպակներում արդեն թերթը չէիր գտնի: Հաջողությունը միայն սկզբում չէր, շարունակական էր:

Շարունակական էր և քննադատությունը՝ իսկզբանե պաշտոնաթերթը նույնացվեց իշխանության հետ, և ով ուզում էր, բայց վախենում էր իշխանությանը քննադատել, քննադատում էր թերթը: Ու դա գիտեին բոլորը:

Այդին Մորիկյանին ճանաչում էի 1988-ից: 1990-ի օգոստոսի 23-ին նշանակվել էի «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր և նոր բացվող օրաթերթ գնալու խնդիրը ինքնին փակվել էր: Աշխատակցելունը՝ ոչ: 1994-ից (երբ «Մայրենի» վերանվանված ամսագիրը դադարեց տպագրվել, ու ես աշխատանքի էի անցել «Երկիր Նաիրի» ում) «ՀՀ»-ն դարձավ իմ թերթը՝ համարյա ամեն օր հարցազրույցներ ու հոդվածներ: Տարիների հեռվից գնահատելով այդ ժամանակը՝ կարող եմ հավաստել՝ «Հայաստանի Հանրապետութիւն»-ը հրապարակվող թերթերից ամենահավասարակշիռն էր, երբեք տուրք չէր տալիս հանիրավի ու իրավացի հայհոյանքին, մշտապես պահպանում էր լրագրողական էթիկայի կանոնները, հրապարակումները ամենաբազմազան էին՝ բոլորի համար: Թերթը երբեք չեղավ կուսակցական (իշխանության կուսակցության), բոլորի տեսակետներ էին արտահայտվում, հեղինակ կարող էին դառնալ բոլորը, որ կոնկրետ հարցերով կոնկրետ մտահոգություններ ունեին: Եթե միայն մեկ բառ պահանջվեր՝ բնորոշելու թերթը, ժողովրդականն էր: Հիմա այդ ժամանակները քչերն են հիշում, բայց այդ տարիների լրագրողները հաստատ հիշում են, որ կար կոմունիստական մենաշնորհը վերացնելու խնդիր, հիշում են թերթի լույսընծայման ժամանակատարությունն ու բարդությունները (համակարգիչները հետո էին հայտնվելու, կար նորին մեծությունը Լինոտիպը, տպարանում տարատեսակ խափանումները, ուշացումները)…

Ամենաբարդ հարցը, թերևս, իրենք լրագրողներն էին՝ կոմունիստական գաղափարախոսությունը նստած էր բոլորիս մեջ, անկախությունը ընկալելու ու անկախության պատասխանատվությունը ստանձնելու, տեր լինելու գիտակցությունը դիմադրության էր հանդիպում ոչ միայն լրագրության դաշտում, այլև՝ ընթերցողների: Ավերիչ երկրաշարժից հետո անկախացում: Անկախացումից հետո՝ չհայտարարված ու պարտադրված պատերազմ, որ թելադրում էր իր պայմանները: Կյանքը իր բոլոր դրսևորումներով արտացոլվում էր «ՀՀ»-ում: Ստեղծվել էր իրավիճակ, երբ վարար անձրևից հետո սնկերի պես հայտնվող թերթերը սակրալ պարտք էին կատարում՝ քննադատել իշխանությանը (տրենդը մեկն էր՝ որքան շատ հայհոյես, այնքան շատ ընթերցող կունենաս), և ստացվում էր, որ միայն «ՀՀ»-ն է իշխանությունների խոսքը տեղ հասցնում: Ու «ՀՀ»-ն անում էր հնարավորն ու անհնարը՝ քչերն են երևի հիշում, թե քանի՞ հավելված ուներ պաշտոնաթերթը, որ լիարժեք ու ինքնուրույն թերթեր էին, նույնքան քչերն են հիշում, որ 1994-1995-ին «ՀՀ»-ն լույս էր տեսնում ամեն օր՝ մրցավազք, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի թերթ չի ունեցել (հրապարակվելով երեքշաբթիից շաբաթ): Ու դա նվաճում էր, որ չի երկրորդվել: Չկար Հայաստանում ու աշխարհում որևէ նշանակալից իրադարձություն, որ չլուսաբանվեր «ՀՀ»-ում, ոչ թե ընթացիկ հիշատակումով, այլ՝ խորքային վերլուծությամբ, որովհետև խմբագիրը իր խնդիրն էր համարում ու լրագրողներին խնդիր էր դնում պրոֆեսիոնալիզմը: Ու արդեն ակնհայտ էր, որ «ՀՀ»-ի նպատակը անկախ պետականության ստեղծումն է ու այդ ստեղծման ընթացքի արտացոլումը՝ «Միայն ու միայն հանուն» սկզբունքով: Պետականության շահը պաշտպանելը:

Արկածախնդրության մերժումը բոլոր ասպարեզներում, բոլոր բնագավառներում, բոլոր ձևերով: Ոչ մի թերթի հետ չէիր շփոթի «ՀՀ»-ում հրապարակվածը: Ու թերթն ուղղված էր մտածող մարդուն, որ կարողանում է հնարավորություններն իրողություն դարձնել, ռեալ գործ:  

***

Այդին Մորիկյանը թերթից հեռացավ 1997-ին (1990-1997)՝ «ՀՀ»-ի յոթնամյակը հայ լրագրության պատմության դասագիրք է՝ լավագույնի ու առավելագույնի պատմություն՝ պետության ու քաղաքացու մասին, որ ուզում է ու կառուցում է իր պետությունը՝ հաղթահարելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ արգելքներ, նախապաշարումներ, բարդույթներ, այն ամենը, որ հանրագումարում դառնում է մեր կյանքը:

«ՀՀ»-ն ունեցել է 6 խմբագիր՝ Այդին Մորիկյանին հաջորդեցին Մեսրոպ Հարությունյանը (1997-1998), Լիզա Ճաղարյանը (1998), Աշոտ Աղաբաբյանը (1998-2001), Տիգրան Ֆարմանյանը (2001-2019), Արթուր Ղարագյոզյանը (2019-2023):


Այդին Մորիկյանն ու Մեսրոպ Հարությունյանը

Իհարկե, ոչ միայն գլխավոր խմբագիրները, կյանքը ու կյանքի առաջադրած խնդիրների լուծման ընկալումները փոխեցին թերթը:



Իբրև «ՀՀ»-ի փոխխմբագիր (1998-2001), հարյուրավոր հոդվածների ու հարցազրույցների հեղինակ և հավատարիմ ընթերցող՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր խմբագիրներին՝ յուրաքանչյուրն աշխատել է իր կարողությունների ու պատկերացումների հանգույն: Ուզում եմ բոլորս էլ երախտագիտության խոսքով հիշենք «ՀՀ»-ի այն աշխատակիցներին, որ այլևս մեզ հետ չեն (ցավոք, շատերը):



Ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՀՀ»-ում երբևէ աշխատած բոլոր լրագրողներին, վստահ եմ՝ նրանք իրենց կյանքի լավագույն տարիներն են ապրել «ՀՀ»-ի հետ՝ ունենալով ինքնարտահայտման ու պետության համար կարևոր գործ անողի աննկարագրելի զգացումը, որ ոչնչով չի փոխարինվում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որ կարդացել են մեր հրապարակումները՝ համաձայնել են, չեն համաձայնել, արձագանքել են, զայրացել են, հիացել են, միով բանիվ՝ երբեք անտարբեր չեն եղել: Եվ անպայման ուզում եմ երախտագիտությունս հայտնել (ցավոք, դարձյալ շատերի դեպքում հետմահու) գրողներին, նկարիչներին, կոմպոզիտորներին, գիտնականներին, բժիշկներին, հոգեբաններին, ուսուցիչներին, զինվորականներին, տնտեսագետներին (թվարկումը կարող է անվերջ լինել), բոլոր նրանց, ում հետ հարցազրույցներում փորձել ենք հասկանալ ինքներս մեզ ու հասկանալի դառնալ աշխարհին:

Այդ ամենն անվերադարձ անցյալ է:

***  

2023-ի հունիսի 1-ից «Հայաստանի Հանրապետությունը» այլևս լույս չի տեսնի: Եվ կամա-ակամա՝ այսօր ես գրում եմ ԷՊԻՏԱՖԻԱ:

Հ.Գ.

Վաղուց ու բացարձակապես չեմ հավատում հրաշքների, բայց գիտեմ, որ «Հայաստանի Հանրապետությունը» վերաբացվելու է: Ճիշտ այն ժամանակ, երբ պետությունը սկսի գնահատել իր պատմամշակութային անվտանգությունը և հասկանա, որ պետք է դավանի ժառանգականության պահպանման օրենքին, առավելևս, որ ոչ ոք չի բեկանել բումերանգի վերադարձի օրենքը:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին