Պողոս Հայթայան. Աստծո երկնքի տակ ծնվում են մարդիկ ու ստեղծում են արժեքներ - Mediamax.am

Պողոս Հայթայան. Աստծո երկնքի տակ ծնվում են մարդիկ ու ստեղծում են արժեքներ
4481 դիտում

Պողոս Հայթայան. Աստծո երկնքի տակ ծնվում են մարդիկ ու ստեղծում են արժեքներ


Ես նրան հանդիպեցի, երբ 60 տարեկան էր, ինձ համար 60 տարին այդ ժամանակ խոր ծերություն էր… Ու իբրև կյանքն ապրած-իմաստնացած մեկից՝ Պողոս Հայթայանից, որ Նկարիչների միության նախագահն էր, ակնկալում էի ավարտուն ճշմարտություններ՝ իր ու աշխարհի մասին: Իսկ նա բնավ չէր համապատասխանում «ծերուկի» իմ պատկերացումներին, իմ առաջ երազկոտ ու եռանդուն մարդ էր, որ գուցե ավելի շատ ծրագրեր ուներ, քան ես, որ նրա համարյա թե կես տարիքին էի:

Մինչև հարցազրույցը մենք խոսում էինք Մինաս Ավետիսյանի մասին: Չգիտեմ ինչու՝ Նկարիչների միությունը ինձ համար նույնացած է … Մինաս Ավետիսյանի հետ: Արդեն չեմ հիշում՝ երբ ու ինչու, բայց ֆանտաստիկ տխուր էի, մարդ կյանքում այդքան տխուր լինում է երևի 1-2 անգամ: Պարզապես քամված էի, քայլում ու լաց էի լինում, հենց փողոցում, ու՝ բացարձակապես մեկ էր՝ ուր էի գնում ու ինչու: Եվ, որովհետև ոչ մի նշանակություն չուներ՝ ուր էի գնում, Աբովյանով բարձրանում էի վերև ու հանկարծ աչքս քերծեց Նկարիչների միության վրա մի մեծ ու խիստ անսովոր գույներով պաստառ: Ներս մտա: Գույները ֆանտաստիկ էին, ես կտավից կտավ էի անցնում մեկ մետրը՝ մեկ ժամ արագությամբ, վերադառնում էի նախորդին՝ նախքան հաջորդին անցնելը: Աստիճանաբար շնչառությունս բացվել էր, սիրտս ճախրում էր, լացի մասին մոռացրել էր ժպիտս, որ ծաղկում էր շուրթերիս, որովհետև ես անհավանական երջանիկ էի… Անսպասելի ու անկապ երջանիկ: Այնքան երջանիկ, որ արդեն դուրս էի եկել ու վերադարձա, որ իմանամ՝ ո՞վ է նկարիչը: Մինաս Ավետիսյանն էր: Կարծես՝ Նկարիչների միությունը դարձել էր ծննդավայր, որտեղից ես դուրս էի գալիս նորածնի պես անպրոբլեմ ու… կյանքը դեռ առջևում է, առջևում է դեռ երջանկությունը անխախտ հավատով… Երբ այս ամենը պատմում էի Պողոս Հայթայանին, իր աչքերը ավելի պայծառ էին շողում, քան իմ աչքերն են եղել այդ օրը: Հաստատ: Ու նա բացարձակապես համաձայն էր ինձ հետ, որ նկարչությունը ամենազոր է ու …



… Իսկ հարցազրույցը, որ տպագրվեց 1996-ի, օգոստոսի 30-ին «Հայաստանի Հանրապետութիւն»-ում, վերնագրել էի «Մենք պետք է ուժեղ լինենք»՝ իր բառերով:

***

Մեզնից յուրաքանչյուրը նկարիչ է մի քիչ, եթե նույնիսկ ուղիղ գծի գաղտնիքը չգիտի ու չգիտի՝ քանի՞ գույն կա աշխարհում: Մեզնից յուրաքանչյուրը նկարիչ է ինքն իր մեջ, երբ տեսնում է գունավոր երազներ, հավատում է աշխարհի կատարելությանը, արվեստը համարում է այդ կատարելության ճանապարհ: Եվ եթե մենք հազարներ ենք ու տասնյակ հազարներ, մեզնից տասնյակներն են ձեռքն առնում վրձինը, կախարդում եղած ու չեղած գույներով, եղած ու չեղած գծերով՝ ստանալու անվերջորեն անհայտը… Նկարիչների միության նախագահ Պողոս Հայթայանը նկարչության ու նկարիչների մասին գիտի ամեն ինչ:

-Ո՞վ է 20-րդ դարի մտավորականը:

-Հանրագիտարանում չկա սահմանում, կենսափորձը միայն յուրաքանչյուրին հնարավորություն պիտի տա պատասխանել այդ հարցին: Մտավորականը նա է, ով ժամանակի, տարածության իր տեղի անկողմնակալ պատկերացումն ունի, սկզբունքների, բարոյականության, արժանապատվության, տեսակետների, աշխարհընկալման, բարու ու չարի ըմբռնումների համահավաք  համակարգ, մասնագիտությունն այս դեպքում երկրորդական նշանակություն ունի: Մտավորականը միշտ իր առաքելությունն ունի կյանքում, երդում չի տվել, բայց հետևում է 10 պատվիրաններին՝ չառնչելով կրոնին:

-Ինչպե՞ս եք պատկերացնում մտավորական-հասարակություն և մտավորական-պետություն հարաբերությունը:

-Դուք, անշուշտ, Կամպանելլայի երազները նկատի չունեք, թեպետ այդ երազները միշտ միտված են իրականություն դառնալ, և յուրաքանչյուրն ունի իր Արևի քաղաքը: Ես միշտ երազել եմ ապրել ազատ, անկախ երկրում, երբեք չեմ եղել կուսակցական, չեմ համակրել անցյալում իշխող կուսակցության վարդապետությանը, գաղափարների մեծ մասին ընդդիմադիր եմ եղել, ապրելու միակ ջիղը (վերանալով տուն-ընտանիք հարաբերությունից) եղել է Հայրենիքի գաղափարը: Իսկ Հայրենիքը մարդիկ են նաև: Դուք գիտե՞ք՝ ինչ ֆենոմեն է Էդուարդ Աթայանը՝ մարդկային, գիտական, բարոյական, ազգային հատույթներով: Չվերածենք սրբապատկերի, բայց մեր կողքին ապրում են պատկեր-մարդիկ, որ բնորոշում են մեր գոյությունը: Գիտե՞ք՝ ինչ է նշանակում Վիլհելմ Մաթևոսյան լինել: Մարդ, որ տասնամյակներ առաջ ծանրագույն հիվանդություն տանելով, չընկճվեց, իրենով լցրեց արվեստը ու դարձավ արվեստագիտության, արվեստի պատմության դպրոց… Դա է արվեստագետի ճշմարիտ հարաբերությունը հասարակության հետ:

-Ճշտենք՝ մտավորականը պետք է լինի պետության կողքի՞ն, թե՞ մշտապես ընդդիմադիր դիրքում:

-Բոլոր նրանց, ովքեր փրփուրն ի բերան պաշտպանում են պետությանը՝ ինչ հարց էլ լինի, կամ թույնով ու մաղձով են լցված ամեն ինչի նկատմամբ, ես դեմ եմ: Կողմ եմ այն մտավորականներին, որ իրենց իսկ վնասելով, ասում են ճշմարտությունը: Կոչերի, հավուր պատշաճի ելույթների մասին չէ խոսքը: Յուրաքանչյուր իրադրության մեջ ճշմարտությունն է որոշում կո՞ղմ, թե՞ դեմ լինելը, ճշմարտությունն է որոշում մտավորականի տեղը հասարակության մեջ:

-Ձեր վերաբերմունքը քաղաքականությանը:

-Հայաստանն աշխարհի համապատկերում, քաղաքական բոլոր անցուդարձերով անցնում է իմ սրտի ու մտքի միջով: Շատ կուզեի, որ քաղաքական այրերի իմաստությունը լիներ ազգի մշակութային-պատմական արժեքների մակարդակի վրա: Ազգի ընտրյալները պատասխանատու են իրենց ժամանակի ու իրենց առաջ: Քաղաքականությունը ընդմիշտ է, մարդիկ են փոխվում, քաղաքականությունը արվեստ է, որի այբուբենը միանգամից չես սովորում, համաշխարհային փորձին անպայման պիտի ավելացնես սեփական փորձառությունդ: Անձամբ ես բացարձակապես հեռու եմ քաղաքականությունից:

-Դուք Նկարիչների միության նախագահն եք և պաշտոնի բերումով որոշակիորեն քաղաքականության մեջ եք, պատասխանատու եք միության յուրաքանչյուր անդամի համար, որոշում եք մշակութային քաղաքականության որոշակի մասը, ուրեմն և ներքաշված եք մեծ քաղաքականության մեջ, ինչպե՞ս կարող եք հեռու լինել:

-Այդ առումով, թերևս, այո, ես զբաղվում եմ քաղաքականությամբ, բայց իմ վարած մշակութային քաղաքականությունը դժվար է մեծ քաղաքականություն անվանել:

-Ի՞նչ բերեցին հոգևոր ոլորտ շուկայական հարաբերությունները:

-Շուկայական հարաբերությունները միանգամից վերևից չընկան մեր գլխին: Նախկին համակարգում էլ կային, և նախկին համակարգը գիտեր իր շուկան, իր առքուվաճառքի օրենքներն ուներ: Պարզապես փոխվել են այդ օրենքները: Այն, ինչ անում էր պետությունը, հիմա պետք է անի անձը: Եթե անձի և պետության միջև շուկայական հարաբերությունների իմաստով ներդաշնակություն հաստատվի, մեկը մյուսի գործը կհեշտացնի՝ փոխադրելով ժամանակակից հիմքի վրա: Եվ շատ հարցեր կկարգավորվեն: Վերջին հաշվով՝ շուկայական հարաբերությունները որոշում է շուկան, որ միայն առաջին հայացքից է անկառավարելի, ունի իր գործունեության օրենքներն ու կանոնները: Պարզապես՝ շուկա, որպես այդպիսին, մեզ մոտ չկա: Մենք սկսում ենք առաջին աստիճանից, հետո կլինեն բնականոն մյուս աստիճանները, և կպարզվի, որ շուկայական հարաբերությունները խելքի, եռանդի, սկզբունքների, ձեռներեցության դրսևորման ասպարեզ են, և այդ դաշտում շատ-շատերն իրենց լավ են զգում: Մենք պիտի սովորենք ու հասկանանք՝ առաջին դժվարությունները չպետք է ընկրկելու պատճառ դառնան: Վերջիվերջո, մենք հեծանիվ չենք հայտնագործում՝ այդ ճանապարհով անցել ու անցնում են քաղաքակիրթ աշխարհի երկրները, որ հավակնում են դեմոկրատական անվանումին: Այս փուլում, եթե պետությունը մշակութային հստակ քաղաքականություն ունենա, ստեղծագործական միությունների գործունեությունը կհեշտանա, որը երկկողմանի օգտակար կլինի:

-Դուք համարու՞մ եք, որ այսօր մշակութային ճգնաժամ կա: Եթե այո, ո՞րն է պատճառը:

-Մշակութային ճգնաժամն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Նույնիսկ ամենադժվարին տարիներին, երբ մենք կազմակերպում էինք անհատական, հավաքական, հանրապետական ցուցահանդեսներ, ոմանք զարմանում էին, թե այս ցրտին, այս խավարին, նյութի պակասության այս պայմաններում ինչպե՞ս են ստեղծվել այդ գործերը՝ թվագրված 1991, 1992, 1993, 1994… Վերջիվերջո, յուրաքանչյուր տասնամյակ ՙփնտրում-գտնում է՚ իր ճգնաժամը ու այդ թեման անվերջ հոլովվում է արվեստաբանության մեջ, այնուհանդերձ, գուցե և ի հեճուկս նկարվում են կտավներ, ստեղծվում են արձաններ: Իսկ այդ ամենը փող է՝ արվեստից առաջ: Փող, որ շատ հաճախ չի փոխհատուցվում: Այնպես որ, եթե ուզում եք ճգնաժամի հիմքը տեսնել, պիտի որոնեք սոցիալական կյանքի, կենսապայմանների մեջ: Այսօր նրանք, որ կարող էին լինել նկարիչ, քանդակագործ, հեռանում են՝ կյանքում գտնելու իրենց տեղը արվեստից դուրս: Դա բնական է: Այնուհանդերձ, հավատացնում եմ, որ ամեն շաբաթ կարող ենք ցուցահանդեսներ բացել՝ անակնկալներ մատուցելով արվեստասերներին: Ռավեննայի հանրահայտ բիենալեներում պարբերաբար հաղթողներ ունեցող ժողովուրդը կարող է հավակնել զարգացող քանդակագործություն ունեցողի կոչումին: Ես դժվարանում եմ ճգնաժամ անվանել դա, բայց և ամենևին չեմ համարում, որ ամեն ինչ հիանալի է: Դժվարությունները կենսամակարդակի ընդհանուր անկման հետևանք են, բայց դժվարությունները նաև առաջ են մղում, խորիմաստ են դարձնում, պատճառ են դառնում որակական հայտանիշների բարձրացման: Համենայն դեպս, գաղափարական ճգնաժամ գեղանկարչության ու քանդակագործության մեջ չկա, սոցիալիստական ռեալիզմի սկզբունքները խոր չէին արմատակալել ու հաղթահարելու տևական ժամանակ ու ջանքեր չէին պահանջելու: Նկարչությունն ու քանդակագործությունը ազատ մտածողության արգասիք են, այսօր նկարչության մեջ գոյություն ունեն բազմաթիվ ուղղություններ, որոնց ազատ զարգացումը բնավ ոչ ոք չի կաշկանդում: Նկարիչները միությունից բացարձակապես անկախ կարող են ստեղծել իրենց միությունը, կարող են անդամակցել, եթե ընդունում են կանոնադրությունը: Ոչ ոք այսօր չի հեռացել մեր միությունից, ընդհակառակը՝ ընդունել ենք նոր անդամներ: Շրջափակումը, չլուծված մեծ ու փոքր հարցերը չպիտի կասեցնեն մշակույթի ռազմավարության ու մարտավարության մշակումը: Մշակույթը պետության անքակտելի մասն է, ժողովրդի կենսագրության անքակտելի մասը: Չմոռանանք այդ:

-Չմոռանանք, բայց և իմանանք, թե երեկվա, այսօրվա արժեքների գնահատման ու վաղվա արժեքների ստեղծման ի՞նչ չափանիշ ենք ընդունում:

-Աստծո երկնքի տակ ծնվում են մարդիկ ու ստեղծում են արժեքներ, ամեն ինչ կրկնվում է որերո՛րդ անգամ: Պարտադիր չէ և հնարավոր չէ Լեոնարդո դա Վինչի ու Միքելանջելո Բուոնարոտի լինել՝ նրանց ծնել էր հունական ու իտալական արվեստի անցյալ 15 դարերի կուտակումը, բայց նույնիսկ նրանց չի կարելի կուռք դարձնել: Արվեստը շարունակական է, ժամանակի անվերջության մեջ վառվում են աստղեր, որոնցից յուրաքանչյուրը ՙհերքում է՚ իր նախորդների չափանիշները, որոնցից յուրաքանչյուրը չափանիշ է ձևավորում ու հաստատում, և մշտապես չափանիշների չափանիշ մնում է արվեստն ինքը: Բայց և այդ չափանիշը չի կարելի դագանակ դարձնել նրանց գլխին, որ նոր են մտնում արվեստ: Յուրաքանչյուրն անցնում է որոնումների ու հայտնությունների իր ճանապարհը: Մարտիրոս Սարյանն ասում էր. «Ով ինձ շարունակելու է, բոլորովին ինձ նման չի լինելու»: Ահա և չափանիշը:

-Հայաստանը և Դուք 2000-ին:

-1946-ին Լիբանանից հայրենադարձվել ենք, ծովափին էինք ապրում, մանկությունս հիշելիս՝ տան կտուրին կանգնած մանչուկին եմ հիշում, որ ամբողջ ուժով ՙՀայաստա՛ն՚ էր բղավում: Ինչու՞ Հայաստան: Չգիտեմ: Կյանքի հազար ու մի դժվարությունների, դառնությունների, հաղթանակների ու պարտությունների միջով ես իմ 60-ամյակին եմ բերել այդ մանչուկին, որ շարունակում է իմ մեջ «Հայաստան» ճչալ: Ուզում եմ՝ 2000-ի Հայաստանը իրավական ու ազատական հզոր երկիր լինի, համապատասխանի մեր դարավոր երազանքին: Ու ես կհամարեմ, որ աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ:

-Հայաստանի խորհրդանիշը Ձեր կյանքում:

-Հավաքական հավատը այս երկրի ու այս երկրի մարդկանց նկատմամբ: Այս երկիրը աշխարհին դեռ շատ ասելիք ունի: Մենք պետք է ուժեղ լինենք, ոչ թե ջանանք լսելի լինել, այլ աշխարհը ցանկանա մեզ լսել:

…Պողոս Հայթայանի 60 տարիները զգացվում են ու չեն զգացվում՝ օրն է անցնում դժվար, տարիները արագ են սահում: Եվ եթե դու դեռ տեսնում ես գունավոր երազներ, հավատում ես աշխարհի կատարելությանը, հոգումդ զնգում է տասնամյա մանչուկի ճիչը, 60 տարիները առասպել են, իրականը երկիրն է՝ ՙՄենք պետք է ուժեղ լինենք՚ ուժեղ մարդու նշանաբանով:

***

Պողոս Հայթայանը վախճանվեց 2017-ի, փետրվարի 6-ին՝ 82 տարեկանում: Մնացին մենագրությունները, գրքերը, Հայկական հանրագիտարանի նրա խմբագրած 11 հատորները: Եվ՝ լուսավոր հիշողությունը Նկարիների միության նախագահի մասին, որ … նկարիչ չէր: Կամ նկարիչ էր, բայց նկարում էր միայն իր հոգում ու իր ներսում ապրող մանչուկի համար, որ տան կտուրին կանգնած՝ նայում էր Միջերկրականին ու ճչում էր «Հայաստա՛ն…»:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին