Արշալույս Բաբայան. Պարոնյանը, Տերյանը և «վարձու մարդասպանը» - Mediamax.am

Արշալույս Բաբայան. Պարոնյանը, Տերյանը և «վարձու մարդասպանը»
4132 դիտում

Արշալույս Բաբայան. Պարոնյանը, Տերյանը և «վարձու մարդասպանը»


Մեր ուսումնառության տարիներին Արշալույս Բաբայանը արդեն լեգենդ էր: Նա դասավանդել էր և մայրիկիս, և հայրիկիս ու մեր տանը նրա մասին խոսակցությունները հաճախակի էին: Հատկապես հայրս էր պատմում՝ նրանք նույն ամբիոնում էին աշխատում՝ հայ գրականության  և Արշալույս Բաբայանը նրա թեկնածուական թեզի ղեկավարն էր եղել՝ Դերենիկ Դեմիրճյանի մասին: Ես անհամբեր սպասում էի, թե երբ է վերջապես մեր կուրս մտնելու Արշալույս Բաբայանը: Իր 75 տարիները նա կրում էր զարմանալիորեն թեթև ու զարմանալիորեն ծանր: Մեզ համար տարօրինակ էր, որ նա երրորդ հարկ է բարձրանում ինչ-որ մեկի աջակցությամբ, դասախոսում է նստած, որովհետև եռանդը ծայրեիծայր պարուրում էր լսարանը: Երկու տարի դասավանդել է, ոչ մի օր նրան անփույթ ոչ ոք չի տեսել՝ ճաշակով ու ինքնատիպ հագնված, խնամված, գեղեցիկ ձեռքերով, մատնահարդարումը՝ կատարյալ, ամեն հագուստի հետ իր գույնի մանիկյուրով ու անփոփոխ զմրուխտե մատանիով: Նա մեզ սովորեցնում էր ոչ միայն գրականություն, այլև՝ կին լինելու արվեստը: Ճաշակ, տակտ, արիստոկրատություն, համառություն ու հանդգնություն, նրա դասերը տոն էին, որ կարող էին անսահմանորեն հեռանալ թեմայից ու մեկ բառով դառնալ տվյալ հեղինակի բնութագիր ու պատմություն:

***

Առաջին դասին Արշալույս Բաբայանն ինքն էր ներկա-բացակա անում ու ծանոթանում ուսանողներին: Բոլորս լարված սպասում էինք, բարձր կուրսերից գիտեինք, որ սիրում է որակումներ տալ, ու երբեմն էլ՝ ոչ այնքան հաճելի:

Ա-ն ու Բ-ն անցանք անվթար (թեպետ կուրսում Բոզոյան ունեինք ու սպասում էինք արձագանքի՝ ինչպես մյուս դասախոսների դեպքում էր եղել), հասանք Գ-ին.

- Գալյան Սրբուհի:

-Ներկա:

-Տատիկի՞դ անունն են դրել:

-Այո:  

-Գևորգյան Լաուրա:

-Ես եմ:

-Դու իրակա՞ն ես, թե՞ մոմե տիկնիկ ես:

Եվ Լաուրան, որ սպիտակադեմ էր ու բոլորից տարբերվող գեղեցիկ, նստեց տեղը, ցածր առարկելով՝ բայց ինչու՞ մոմե տիկնիկ:

-Փաստորեն՝ դու խոսող տիկնիկ ես,- հնչեց պատասխանը:

Հասանք Թ-ին:

-Թոփալյան Իսկուհի:

-Ես եմ:

-Քե՞զ էլ են տատիկիդ անունը դրել:

-Այո:

-Ձեր կուրսը ոնց որ եկեղեցական ծխամատյան լինի:

Հասանք Հ-ին.

-Հակոբյան Նոյեմզար:

-Դու էլ ե՞ս տատիկիդ զոհը:

-Ոչ, ինչու՞:

-Աղջիկ թոռները տատիկների, տղա թոռները պապիկների զոհն են լինում՝ պարտադիր նրանց անուններն են ստանում:

Մնում էր հասկանալ՝ ինչու՞ շրջանցվեց Այվազյան Տիրուհին, բայց հազիվ թե որևէ մեկս Արշալույս Բաբայանին նման հարց տար… ու անպատասխան մնար:

***

Երրորդ կուրսում Նար Դոս էինք անցնում, «Սպանված աղավնին»: Ռուբեն Թուսյանի ցինիզմը և անբարո վարքագիծը մի լավ այպանեցինք, Սառային ամեղ զոհ որակեցինք, ժամանակի հոռի բարքերը դատափետեցինք՝ ինչպես ընդունված էր գրականագիտության մեջ, Արշալույս Բաբայանը դժգոհ էր ու դժգոհ-դժգոհ հարցրեց.

-Լավ, հիմա ձեր կարծիքով՝ Նար Դոսն ինչի՞ մասին է գրել: Ի՞նչ է կատարվել: Վահան Բաբայան, ի՞նչ եղավ իրականում:

Վահան Բաբայանը, որ հումորի հիանալի զգացում ուներ, պատասխանեց.

-Դե, ի՞նչ ասեմ, ընկեր Բաբայան, անտառ մտան երկուսով, դուրս եկան երեքով:

Արշալույս Բաբայանը նախ խոժոռվեց, հետո… քրքջաց.

-Լավ է, որ Նար Դոսը նախքան քո ծնվելն է մահացել, քեզ լսեր՝ «Սպանված աղավնին» չէր գրի: Իսկ ընդհանրապես՝ անբարոյականությունը, եթե վեպում կատարվողն անբարոյականություն համարենք, երբեք միակողմանի չի լինում: Դուք կարդում եք որոշակի հեղինակի որոշակի գործ, փորձեք կտրվել գրականագիտական ու քննադատական զառանցանքից, ձեր կարծիքն ունեցեք, մտածեք՝ դուք ի՞նչ կանեիք, եթե հայտնվեիք այն իրավիճակում, որ ստեղծել է գրողը: Որքանո՞վ է այդ իրավիճակը իրական ու որքանո՞վ արհեստական: Գնահատել սովորեք գրականությունը՝ իրականության զուգահեռում: Դուք այդ իրավիճակում ձեզ ինչպե՞ս կպահեիք: Նար Դոսը դուք լինեիք, «Սպանված աղավնին» կգրեի՞ք, կամ՝ այդպե՞ս կգրեիք: Մտածեք, ես ձեր փոխարեն չեմ մտածելու:

***

Հակոբ Պարոնյան էինք անցնում, իբրև ամփոփում՝ Արշալույս Բաբայանը հանձնարարել էր կուրսային գրել: Իմը «Ազգային ջոջերն» էին: Դե, ի՞նչ գրել նրանց մասին, որ ոչ ոք չի գրել: Որոշեցի իբրև հեղինակ պտույտ մը ընել Պոլսո թաղերուն մեջ ու գրել արևմտահայերենով, ազգային ջոջերին հանդիպել սրճարանում, նրանց հետ գավաթ մը ղահվե խմել ու երկխոսության միջոցով իմ տեսակետները ներկայացնել: Մանկությունս անցել է հունահայերի ու պոլսահայերի միջավայրում ու լեզուս բացվել է արևմտահայերենով, դպրոցում ուսուցչուհիներս բազում ջանքեր են գործադրել՝ երեխային գրական արևելահայերեն սովորեցնելու համար: Լեզվի դժվարություն չունեի, մտահղացումս էր ռիսկային՝ Արշալույս Բաբայանը կարող էր դեն նետել կուրսայինս ու անբավարար նշանակել՝ նա անկանխատեսելի էր: Հանդգնեցի՝ գայթակղիչ էր Հակոբ Պարոնյան լինելը, Պոլսում շրջագայելը: Եվ ահա՝ կուրսայինների տրցակը նետված է սեղանին, Արշալույս Բաբայանը տրցակից ինչ-որ տետր է հանում ու ասում է.

-Բոլորդ էլ միջակ մարդիկ եք, ոչ մի նորություն, ինչ կարդում եք, առանց ձերն ավելացնելու վերարտադրում եք: Պաշտոնապես ու ձևական տրամաբանության տեսակետից բոլորդ էլ ճիշտ եք՝ ինչ սովորեցրել եմ, սովորել եք, բայց ես չգտա ձեզ՝ անձամբ ձեզ, ես չհասկացա՝ Հակոբ Պարոնյանին սիրու՞մ եք, նրա կյանքը, նրա գրածը ձեզ համար ի՞նչ արժեք ունի, ունի՞, թե՞ չունի: Հակոբ Պարոնյանի հետ ընկերություն կանե՞ք, նրա հերոսների հետ ընկերություն կանե՞ք: Ի՞նչ սովորեցիք Հակոբ Պարոնյանից: Ի՞նչ հասկացաք Հակոբ Պարոնյանից: Հասկացա՞ք նրա գրականության իմաստը, ազդեցությու՞ն ունեցավ ձեր մտածելակերպի վրա, ինչ-որ փոփոխություն արե՞ց ձեր աշխարհում: Անահիտ Ադամյան, արի գրատախտակի մոտ:

Մինչև կհասնեի գրատախտակին, հասցրի մտածել՝ վերջ, հիմա Արշալույս Բաբայանը ինձ կոչնչացնի ու կուղարկի գրողի ծոցը:

-Վերցրու տետրդ ու արտահայտիչ ձայնով, դերերով կարդա գրածդ:

-Ամբո՞ղջը:

-Ամբողջը, այսօր պտույտ ենք անելու Պոլսո թաղերուն մեջ:

… Ու ես 12 ձեռագիր էջ կարդացի, որ լսեմ.

-Հետո՞, ի՞նչ էիր ուզում ասել, ինքնատիպությու՞ն էիր խաղում, ուզում էիր զարմացնե՞լ:

-Ուզում էի՝ հետաքրքիր լիներ, ոչ թե սովորականի նման վերլուծեի:

-Քեզ հաջողվեց և զարմացնել, և հետաքրքիր լինել, դու ապացուցեիր, որ հանգուցյալներ կան, որոնց 40 անգամ դեռ պետք է սպանել՝ ինչպես Հակոբ Պարոնյանն էր ասում: Նստիր, գերազանց, իսկ դուք հասկացա՞ք՝ ձեզնից ի՞նչ եմ ուզում: Ադամյան, քիթդ չտնկես, երկու տեղ սխալ ունես, բայց ձեռքս չգնաց՝ ուղղեմ:

***

Դասի թեման Եղիշե Չարենցն էր: Արշալույս Բաբայանը մտավ լսարան, նստեց ու առանց ներկա-բացակայի, ասաց.

-Գրեք՝ Եղիշե Չարենց: Հայ հանճարեղ բանաստեղծ, համաշխարհային հանճարեղ բանաստեղծ: Նրա կյանքում եղել են հեղափոխություններ, ցեղասպանություն, նա տուն է կորցրել ու հայրենիք, բայց հենց ինքն էլ դարձել է հայրենիք ստեղծող ու ժամանակ ստեղծող: Նրա կյանքում եղել են պետական հանճարեղ գործիչեր ու մարդասպաններ: Նրա կյանքում ամեն ինչ է եղել, որ հնարավոր է հազար մարդու կյանքում չլինի հազար տարում: Նրա կյանքում եղել են հանճարեղ կանայք…

Ու մի 15 տող Արշալույս Բաբայանը սկսեց թվարկել այդ կանանց անունները՝ Կարինե Քոթանջյանից՝ Արմենուհի Տիգրանյան, Արփենիկ Աստվածատրյանից՝ Իզաբելլա Կոդաբաշյան: Մեզ հայտնի ու անհայտ անուններ: Տեսնելով, որ ոմանք դասախոսությունը չեն գրում, Արշալույս Բաբայանը հարցրեց.

-Հարցեր կա՞ն:

-Ընկեր Բաբայան, ճի՞շտ է, որ Դուք Չարենցի սիրուհին եք եղել,-անսպասելի հնչեց Գայանե Բաբախանյանի ձայնը:

-Ոչ, շատ չարչարվեցի, չստացվեց:

***

Պետականից առաջ ավարտական քննությունների էինք: Հայ գրականությունից: Առաջինը մտա: Արշալույս Բաբայանը ծիծաղեց.

-Գիտեի, որ չես համբերի, տոմս քաշի:

Քաշեցի ու պատրաստվում էի գնալ-նստել մտածելու իմ օրինական կես ժամը, Արշալույս Բաբայանը կանչեց.

-Ինչ գիտես՝ գիտես, ինչ չգիտես՝ չգիտես՝ արի պատասխանելու:

Գնացի՝ առաջին հարցը Եղիշե Չարենցի «Էպիքական լուսաբացն» էր, երկրորդը՝ Նաիրի Զարյանի «Երկրորդ կյանքը», երրորդը՝ Ակսել Բակունցի «Միրհավը»:

Առաջին հարցը պատասխանեցի երևի մի կես ժամ՝ անգամ անգիրներով, լսում էր՝ առանց ընդհատելու, ես էլ ոգևորվում էի ու խորանում: Վերջապես լսեցի՝ անցի երկրորդ հարցին:

-Ես վստահ եմ, որ Դուք գիտեք՝ «Երկրորդ կյանքը» կարդացել եմ, հարցը գիտեմ, բայց սկզբունքորեն չեմ պատասխանի, որովհետև Նաիրի Զարյանին չեմ ընդունում:

-Քեզնից ամեն ինչ սպասելի է, անբավարար կնշանակեմ:

-Մեկ է՝ Նաիրի Զարյանն արժանի չէ, որ Եղիշե Չարենցի ու Ակսել Բակունցի միջև անդրադառնամ իրեն, պատճառները ինձնից լավ գիտեք:

-Դու ո՞վ ես, որ Նաիրի Զարյան ընդունես կամ չընդունես:

-Ես ընթերցող եմ, որ մերժում է հեղինակին:

-Դու ուսանող ես, որ հիմա կկտրվի ավարտական քննությունից ու չի հասնի պետականի ինչ-որ Նաիրի Զարյանի պատճառով: Քեզ Չարենցի ու Բակունցի տե՞ղն ես դրել:

-Չէ, իմ տեղն եմ դրել: Մեկ է՝ չեմ պատասխանի, ուզում եք անցնեմ երրորդ հարցին:

-Տուր ստուգման գրքույկդ ու կորի աչքիցս:

…Եվ միայն լսարանից դուրս գալուց հետո հանդգնեցի բացել ստուգման գրքույկը, որտեղ իմ սպասած «անբավարարի» փոխարեն մեծատառերով գրված էր «ԳԵՐԱԶԱՆՑ»: Մեզ այդպես էին դաստիարակում:

***

Չորրորդ կուրսում պետական քննություն հանձնելու փոխարեն գերազանցիկներին արտոնվում էր իրենց ընտրությամբ դիպլոմային աշխատանք գրել: Ուզում էի Չարենց, բայց թեմաների ընտրության մեջ ստիպված էի կանգ առնել Վահան Տերյանի «Երկիր Նաիրիի» վրա: Չէր գրվում, Տերյանը ինձ համար այլմոլորակային էր, որ հայերենը հայերեն դարձրեց ու հայ գրականության գալիք օրը կանխորոշեց, որ հոգևոր Հայաստանի մասին խոսեց ու հանճարեղ բանաստեղծություններ գրեց: Այլմոլորակային, որովհետև եղավ ու մնաց չճանաչված՝ պարփակվելով աշնան երգչի կաղապարում: Ես, որ անգիր գիտեի ոչ միայն նրա բանաստեղծությունները, այլև՝ նամակները, խորանալով խորացել էի հոդվածների ու քաղաքական գործունեության մեջ, հիացել ու զարմացել, ինձ իրավունք չէի վերապահում գրել նրա մասին: Ո՞վ էի ես, որ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ գնահատեի: Սոսկ բանաստեղծություններ վերլուծելն ու ժամանակի հետ համադրելը ինձ թվում էր՝ վիրավորել ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ: Միով բանիվ՝ ելակետը չէի գտնում: Պետականին մնացել էր 10 օր, ես չէի գրել ոչ մի տող: Արդեն ժամանակ էլ չկար՝ դիպլոմից հրաժարվելու ու քննությանը պարապելու: Օրական 20 բաժակ սուրճով երկու օրում գրեցի, երկու օրում էլ անձամբ մեքենագրեցի, երբեմն ամբողջ էջը պատռելով, որովհետև նախավերջին տողում տառասխալ էի արել: 75 էջ, կազմելն էլ տևեց մեկ օր ու ժամանակին հանձնեցի՝ երջանկության այնպիսի զգացումով, ասես տիեզերքի տիրակալն եմ ու Վահան Տերյան եմ հայտնագործել մարդկության համար: Պետական քննության հանձնաժողովի հրավիրված անդամ էր Ալմաստ Զաքարյանը: Նա բոլոր ուսանողներին պարտադիր հարցեր էր տալիս, իր կարծիքով՝ փակուղային հարցեր, որ ջրի երես հանի նրանց անտեղյակությունը կամ փայլուն գիտելիքները: Եվ ահա՝ ես ներկայացնում եմ Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը, ստեղծման շարժառիթները, համեմատությունները այդ տարիներին գրված այլ գործերի ու մասնավորապես հետագայում գրված Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ: Արդեն կես ժամից ավելի խոսում եմ, վերլուծում եմ 12 բանաստեղծություններից ամեն մեկն առանձին-առանձին… Ու հնչում է Ալմաստ Զաքարյանի հարցը.

-Ի՞նչ էր Ձեր անունը, հա, Անահիտ Ադամյան, իսկ Դուք Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը կարդացե՞լ եք:

Ուզում էի ճչալ՝ բա 75 էջ ի՞նչ եմ գրել, բա կես ժամ ի՞նչ եմ անում, բայց հիշելով համակուրսեցիներիս զգուշացումը՝ «Ալմաստը քերթում է», միայն ասացի.

-Թեթևակի թերթել եմ:

Ու… գնաց: Ալմաստ Զաքարյանը վեր կացավ տեղից, մոտեցավ ամբիոնին, կանգնեց կողքիս ու հայտարարեց, որ ես ոչ միայն չեմ կարդացել «Երկիր Նաիրին», ինչպես ինքս խոստովանեցի՝ միայն թեթևակի թերթել եմ, այլև այնքան անպատկառ եմ, որ եկել-ձեռ եմ առնում դոկտոր-պրոֆեսորներին, ու ընդհանրապես՝ ի՞նչ ուսուցիչ եմ դառնալու, ի՞նչ եմ սովորեցնելու մատաղ սերնդին, որ կարոտ է ակադեմիական գիտելիքների, պարկեշտ պահվածքի, ու ինքը միանշանակ ինձ անբավարար է գնահատում: Ալմաստ Զաքարյանը դեռ խոսում էր մատաղ սերնդից ու մանկավարժականի անվայել բարքերից՝ Արշալույս Բաբայանը ցածր ու աստիճանաբար բարձրացող ձայնով ընդհատեց.

-Ալմաստ, տեղդ նստիր, դու չես, որ պիտի մանկավարժականին գնահատական տաս, այստեղ չէ, որ պիտի Վահան Տերյանին գնահատական տաս, դու չես, որ պիտի մեր ուսանողներին գնահատական տաս: Տեղդ նստիր, քանի ես վեր չեմ կացել: Վերջ:

…Եվ Ալմաստ Զաքարյանը ինչ-որ քրթմնջոցով վերադարձավ իր տեղը, ինձ ասացին՝ ազատ եք: Ես, իհարկե, «գերազանց» ստացա: Ինձ պատմեցին, որ Արշալույս Բաբայանը ընդհանուր քննարկման ժամանակ ասել է Ալմաստ Զաքարյանին՝ դու չես դասավանդում, հետևաբար մանկավարժությունից ու մանկավարժականից իրավունք չունես խոսել, իսկ քո հարցերը անհեթեթից անհեթեթ էին, դիպլոմը ձեռքիդ տակ էր, մարդը, որ 75 էջ գրել է 12 բանաստեղծության մասին, կարո՞ղ էր այդ բանաստեղծությունները չկարդալ: Ի՞նչ էիր ինքնատիպություն խաղում, մեզ ասելիք ունես՝ ասա, մեր ուսանողներին ինչու՞ ես խառնում:

***

Ստացվեց այնպես, որ 1982-ին բանասիրական ֆակուլտետին ասպիրանտական մեկ տեղ հատկացվեց՝ լեզվաբանության ամբիոնին, ես ձևակերպվեցի դիսերտանտ հայ գրականության ամբիոնում: Ու սկսվեց իմ գողգոթան՝ երկար թեման չէին հաստատում, պարտադրում էին Գեղամ Սևան ու Զորայր Խալափյան, ես համառում էի՝ Եղիշե Չարենց: Ասում էին՝ Չարենցի մասին ամեն ինչ հայտնի է, ամեն ինչ գրած է, պնդում էի՝ Չարենց, ու վերջ: Ինչ-որ պահի միջանկյալ լուծում գտան՝ Պերճ Զեյթունցյան, շա՞տ ես ուզում՝ թեկնածուականդ գրի Պերճ Զեյթունցյան, դոկտորականդ՝ Եղիշե Չարենց: Դա տևեց համարյա երեք տարի՝ մինչև համաձայնեցին Չարենցին, վճռականը եղել էր Արշալույս Բաբայանի ձայնը՝ Չարենց է ուզում, թող Չարենց գրի, դուք էլ, կարող եք՝ ջարդեք, ինչու՞ եք արգելում: Ձեր ձեռքին չէ՞: Թեման հաստատվեց: Գրեցի ու արդեն նախապաշտպանության եմ՝ տոմս եմ քաշում՝ «Ծիածանը» շարքը, «Էպիքական լուսաբաց» (Չարենցի «Էպիքական լուսաբացը» նաև ընդունելության քննության հարցերիցս էր), «Գիրք ճանապարհի»: Արշալույս Բաբայանն առաջարկում է սկսել «Գիրք ճանապարհիից»: Սկսում եմ ժամանակից, տպագրության հանգամանքներից, «Աքիլես, թե Պյերոն» արգելելուց (գրքից հանվել էր Ստալինի հորդորով): Արշալույս Բաբայանն ընդհատում է.

-Դու ասա՝ Չարենցը համը չի՞ հանել պատմության իր գնահատականներում: Նիհիլիզմը ճի՞շտ դիտակետ էր:

-Իր պարագայում միակ հնարավոր դիտակետն էր: Ու դա ոչ էլ նիհիլիզմ էր, սեր էր, սիրտ էր, որ ցավից ճչում է, որովհետև իր հայրենիքը…

-Լավ, էլ դասախոսություն մի կարդա, այդքանն էի ուզում լսել, անցի առաջին հարցին, «Էպիքական լուսաբացը» դու միշտ ես իմացել:

Ու քննական հանձնաժողովի անդամները չեն էլ փորձում առարկել Արշալույս Բաբայանին: Նրան առարկելը գործնականում անպատիժ չէր մնում ոչ մեկի պարագայում:

***

Գիտաթեզիս գիտական ղեկավարը՝ ամբիոնի վարիչ Կառլեն Դանիելյանը, հիվանդ էր, նրա բացակայությունը ձևական պատճառ էր, որ տարիուկես պատրաստի աշխատանքը ամբիոնը չէր քննարկում, իրականում պատճառը այլ էր ՝ չէին ուզում, որ պաշտպանեմ իմ ընտրած թեման: Կային, իհարկե, նաև այլ պատճառներ, բայց մեղավորներն արդեն հանգուցյալ են, իսկ հանգուցյալների մասին կամ լավը, կամ՝ ոչինչ: Վերջապես ամբիոնի նիստերից մեկում համաձայնել էին քննարկել գիտաթեզս: Տեսակետների կտրուկ բաժանում եղավ, նախկին դասախոսներիցս մեկը հայտարարեց. «Կպաշտպանես միայն իմ դիակի վրայով», ու ես նրան պատասխանեցի «Կդիմեմ վարձու մարդասպանի, բայց՝ կպաշտպանեմ»: Ամբիոնի վարիչին փոխարինողը լռում էր, ինձ էլ, թեման էլ, գիտաթեզն էլ մի կողմ դրած՝ արդեն միմյանց էին քննարկում, Աելիտա Դոլուխանյանը փորձեց ինձ դուրս հրավիրել, որ այդ ամենը չլսեմ, ու պահանջեց, որ պաշտպանության օր նշանակվի, որովհետև արդեն իրենց որակների մասին է խոսում փաստը, որ տարիուկես ոչ մերժում են, ոչ հաստատում: Աղմուկը շարունակվում էր, վերջապես հնչեց Արշալույս Բաբայանի ձայնը.

-Իրար ուտելու այլ առիթներ էլ ունեք, հիմա մեկ մարդու նման քվեարկում եք, որ դրվի պաշտպանության, դուք ո՞վ եք, որ կանգնեք Չարենցի ճանապարհին:

Իհարկե, ոչ «մեկ մարդու նման», բայց քվեարկեցին ու պաշտպանության օր նշանակվեց: Իսկ նիստից հետո Արշալույս Բաբայանը ինձ ասաց.

-Մեղավորը դու չես, ես ամբիոնից վերցրել ու կարդացել եմ, մեղավորը քո գրածն է: Նրանց ամբողջ կյանքը քո գրածի հակառակն է եղել:

-Բայց ես նրանց մասին ոչինչ չեմ գրել, ես Չարենցի մասին եմ գրել: Ի՞նչ կապ ունի:

-Դու դեռ խակ ես, որ հասկանաս, մի օր կհասկանաս: Հետո էլ ի՞նչ է նշանակում «վարձու մարդասպան»՝ խոսքիդ տերը եթե չես լինելու, մի ասա: 4 տարի ինչ ասես սովորեցիք, ձեզ կարգին պահել չսովորեցիք:  

***

Մինչև այսօր էլ ցավում եմ, որ պաշտպանությանս օրն անցավ առանց նրա՝ ես պաշտպանեցի 1990-ի հոկտեմբերի 15-ին, հուլիսի 30-ին նա արդեն հեռացել էր: Գիտեմ, որ ուրախանալու էր, գիտեմ, որ հպարտանալու էր, գուցե ինձ, գուցե Չարենցի համար, բայց անտարբեր ու անհաղորդ չէր լինելու, գիտությունն ու մանկավարժությունը նրա համար առօրյա էին, ոչ թե մասնագիտություն:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ, 1938-1945-ին Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկան, 1939-1951-ին՝ հայ գրականության ամբիոնի վարիչ, 1960-1964-ին ինստիտուտի պրոռեկտոր, 1944-1948-ին «Գրական թերթի» խմբագիր Արշալույս Բաբայանը վախճանվեց 1990-ին՝ 84 տարեկանում։ Հայրս տուն եկավ մթագնած ու ասաց.

-Արշալույս Բաբայանը գնաց, ամբիոնի վերջը եկավ:

Մայրս պատասխանեց՝ բայց հիվանդ էր, ես կանգնել էի պատուհանի մոտ ու լաց էի լինում: Մենք կտրուկ մեծանում ենք՝ կորցնելով մարդկանց, որ հարազատ են մեզ ու գնում են անվերադարձ:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին