Փնթիության եւ անհեռատեսության ծանր քաղաքական հետեւանքները - Mediamax.am

Փնթիության եւ անհեռատեսության ծանր քաղաքական հետեւանքները
29810 դիտում

Փնթիության եւ անհեռատեսության ծանր քաղաքական հետեւանքները


Կարծում եմ, Հայաստանի իշխանություններն այսօր շատ բան կտային, որպեսզի չհայտնվեին այն վիճակում, որը ստեղծվեց նրանից հետո, երբ մարտի 24-ին Սահմանադրական դատարանը ընդունեց որոշումն այն մասին, որ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի հիմնական օրենքին:

Եթե մի կողմ դնենք վարկածն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է քաղաքական ինքնասպանություն գործել, ապա պարզ է, որ ՍԴ որոշման հրապարակումը Միջազգային քրեական դատարանի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ կայացրած որոշումից օրեր անց ոչ այլ ինչ է, քան զուգադիպություն, որը չկանխելը հավասարազոր է հանցագործության:

Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին խոսակցությունն ակտիվացավ 2022 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք (եւ մինչ օրս մնում է այնտեղ), իսկ մարտերում զոհվեցին 200 հայ զինծառայողներ:

Ընդ որում, դատարանի իրավազորությունը ճանաչելու անհրաժեշտության մասին խոսում էին ոչ միայն իշխանությունների ներկայացուցիչները, այլեւ նրանց հովանավորությունը ակնհայտորեն չվայելող Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: 2022թ. սեպտեմբերի 12-ին նա, մասնավորապես, ասել էր.

«Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում: Ադրբեջանի Նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին [առաջնահերթ] պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժի»:

Այն, որ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվել է մարտի 24-ին, թերեւս, պայմանավորված է համապատասխան ընթացակարգային ժամանակացույցով: Այստեղ է առաջ գալիս իշխանության փնթիության եւ անհեռատեսության խնդիրը, որի համար կարող ենք թանկ գին վճարել: Ո՛չ Սահմանադրական դատարանում, ո՛չ ԱԳՆ-ում, ո՛չ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում չի գտնվել գեթ մեկը, ով կարող էր գիտացել, թե ինչ հետեւանքներով է հղի որոշման հրապարակումը հիմա ՝Պուտինի հետ կապված պատմության ֆոնին:

Որոշման ընդունումը կարելի էր հետաձգել, կամ էլ՝ ընդունել այն, բայց հանրայնացնել ավելի ուշ՝ որեւէ հիմնավորում գտնելով: Կամ գոնե հանրայնացումը ուղեկցել քաղաքական իշխանության ներկայացուցչի բացատրական ելույթով:

Հավատացնում եմ, որ բոլոր պետություններն էլ դիմում են նման «խորամանկությունների», երբ զգայուն իրավիճակներ են լինում:

Հիմա թացն ու չորը խառնվել են իրար ու խնդիրների մի ամբողջ ձնագունդ է հասունանում մեր գլխին: Բայց դա գիտակցելու եւ լուծումներ փնտրելու փոխարեն տեսնում ենք հանցավոր հիմարության նոր արտահայտություն. որոշ գործիչներ ասում են մոտավորապես հետեւյալը. «Եթե ռուսները մեզ սեպտեմբերին օգնեին, Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչելու խնդիր չէր առաջանա»: Կարծես թե այդ իրավազորության ճանաչումը բերելու է մեր անվտանգային խնդիրների լուծմանը:

Նորմալ մարդը գիտի, որ երբ վանդակում վիրավոր վագր կա, պետք է չէ մտնել նրա մոտ ու վագրի բաց վերքին եւս մի հարված կատարել: Վագրը ձեզ այնպիսի պատասխան հարված կհասցնի, որ անգամ եթե կենդանի մնաք, լիարժեք կյանքով այլեւս ապրել չեք կարողանա: Բայց Հայաստանի իշխանություններին չգիտես ինչու թվում է, որ սա էլ կանցնի, կգնա:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին