Անցյալ կատարյալի ներկա ժամանակը - Mediamax.am

Անցյալ կատարյալի ներկա ժամանակը
2602 դիտում

Անցյալ կատարյալի ներկա ժամանակը


Իմ բախտը բերել է՝ ես ունեցել եմ փառահեղ դասախոսներ: Բայց այս ճշմարտությունը միայն տարիների հեռվից է դառնում անբեկանելի ու անսակարկ: Իսկ ուսանելու տարիներին՝ 1978-1982, ես չափազանց խակ էի՝ գնահատելու նրանց մասնագիտական ու մարդկային որակները: Եվ հետո՝ ո՞ր ուսանողն է դասախոսին գնահատում, մեր ժամանակներում դա դասախոսի իրավասությունն էր: Ուղղակի ու փոխաբերական իմաստներով: Մենք սովորում էինք, նրանք գնահատում էին: Նրանք սովորեցնում էին, մենք… փախչում էինք դասերից:

Միակ դասախոսը, ում դասերից ոչ ոք ու երբեք չի փախել, Աշոտ Աբրահամյանն էր: Վախը չէր պատճառը, ակնածանքն էր: Երբ նա՝ մեր համեմատությամբ հսկայամարմին, քայլում էր բանասիրականի միջանցքում, ուսանողներս հետ էինք քաշվում՝ ճանապարհ տալու, որովհետև հիշեցնում էր քայլող աշտարակ, իսկ նրա բազմաշերտ ակնոցը թվում էր դարերի խորքն ու ժամանակների ապագան տեսնող խոշորացույց: Լսարանում Աշոտ Աբրահամյանն աստված էր, նրա ամեն բառը հնչում էր որպես հայտնություն: 17 տարեկանում մեզնից, թերևս, ոչ ոք չի մտածում հուշեր գրելու հեռանկարի մասին, ես հիմա ապավինելու եմ միայն ու միայն հիշողություններին: Հարկավ, ոչ ամեն ինչ, բայց ինչ հիշում եմ՝ նույնքան պայծառ է՝ ինչպես եղել է 1978-1982-ին:



Առաջին կուրսում Աշոտ Աբրահամյանը մեզ լեզվաբանության ներածություն էր դասավանդում, իրականում մեզ սովորեցնում էր հասկանալ լեզուն՝ իր բոլոր դրսևորումներով, հասկանալ ու սիրել, սիրել ու պահպանել, պահպանել ու զարգացնել: Դեռ դպրոցում կարճատեսություն ունեի, բայց ակնոց չէի դրել երբեք: Աշոտ Աբրահամյանի պատճառով սկսեցի ակնոց դնել: Թեև առաջին նստարան էի տեղափոխվել, բայց գրատախտակը չէի տեսնում, իսկ նա 45+45 րոպե գրում ու գրում էր գրատախտակին՝ դասախոսությունը համեմելով օրինակներով: Սովորաբար ես էի գնում գրատախտակը մաքրելու, մի օր գնաց դասընկերուհիս, և հանկարծ Աշոտ Աբրահամյանն ասաց.

- Գիտեք, ես համարում եմ, որ Գրիգոր Ղափանցյանը առայսօր ըստ արժանվույն գնահատված չէ, նրա դերը հայ լեզվաբանության զարգացման մեջ անհավանական է, նա իմ ուսուցիչն է ու ես երախտապարտ եմ նրան: Ես հիշում եմ՝ ինչպես էր Ձեր մայրը՝ Ջուլիետա Ղափանցյանը, գերազանց սովորում ու երջանիկ եմ, որ այսօր էլ Ձեզ եմ դասավանդում այն ամենը, ինչ սովորել եմ Գրիգոր Ղափանցյանից:

Ես հազիվ հասցրի դասընկերուհուս խնդրել, որ լռի ու չասի, որ ինքը Գրիգոր Ղափանցյանի հետ, որ մայրիկիս հորեղբայրն էր, կապ չունի: Ու հազիվ զսպեցի լացս, որ Աշոտ Աբրահամյանն այնքան վատ է տեսնում, որ չտարբերեց ինձ՝ իմ դասընկերուհուց:

***

Ու թող մեզնից մեկնումեկը համարձակվեր դասը պատմելիս ասել «հետ վերադառնալ», Աշոտ Աբրահամյանի սովորաբար ցածր ձայնը կարծրանում էր, ու նա պայթում էր.

-Դուք այդպես էլ չսովորեցիք լսել՝ ինչ եք ասում: Դուք այդպես էլ չսովորեցիք հայերեն, որ աշխարհի ամենագեղեցիկ, ճկուն, իմաստուն լեզուն է: Ի՞նչ է նշանակում վերադառնալ, վեր-ա-դառնալ, այսինքն՝ հետ դառնալ, այսինքն՝ դուք հե՞տ-հե՞տ եք դառնում: Կամ՝ հետ դառնալ, կամ՝ վերադառնալ: Այլևս չկրկնվի:   

Եվ դա միակ բառը չէր, որ մեզ «արգելված էր» արտաբերել: Մենք ուղղակի իրավունք չունեինք ասել՝ իր մեջ ներառում է, պարունակում է իր մեջ՝ ամեն անգամ հետևելու էր բացատրությունը, որ ներառնելը՝ ներս առնելն է, այսինքն՝ իր մեջն է, ուրեմն՝ ի՞նչ, մենք ասում ենք մեջ-մեջ է առնում, բայց դա անհեթեթություն է ու վիրավորանք է լեզվին: Աշոտ Աբրահամյանը հանգամանալից ու համբերատար բացատրում էր, որ լեզուն սիրում է հակիրճություն ու խոսքը պետք է զերծ լինի մոլախոտ բառերից ու արտահայտություններից: «Մոլախոտը» նա շեշտում էր ու բերում էր օրինակներ՝ խուսափեք գրավոր ու բանավոր խոսքում ոչինչ չասող, միտքը շեղող, անիմաստ երկարացնող բառամիավորներից՝ այսպիսով, բանն այն է, բանը նրանում է, այսպես ասած… Դա լեզվաբանության մեջ կոչվում է պատճենում (կալկա), երբ այլ լեզվից թարգմանում ենք ու ներմուծում հայերեն նրանց բառամտածողությունը (в итоге, дело в том, что, так сказать): Աշոտ Աբրահամյանը համարյա ամեն դասի մեզ կոչ էր անում խուսափել կրկնակի ենթականերից, որ քերականորեն սխալ չէ, բայց տգեղացնում ու ծանրաբեռնում է լեզուն (օրինակ՝ Երևանը դա Հայաստանի մայրաքաղաքն է):

Մանրիկ ծիծաղով մեզ բացատրում էր թե գրական, թե առօրյա խոսքի անհեթեթությունները, օրինակ՝ ներքև իջնել կամ վերև բարձրանալ ու ասում էր՝ դեռ ոչ մեկին չի հաջողվել վերև իջնել կամ ներքև բարձրանալ: Ձեզ էլ չի հաջողվի:

Զայրանում էր, երբ որևէ մեկն ասում էր հետ նահանջել՝ դուք հասկանու՞մ եք՝ ի՞նչ է նշանակում նահանջել, կարո՞ղ եք առաջ նահանջել:

Բառ առ բառ նա մեզ սովորեցնում էր հայերենը զգալ, տեսնել, շոշափել ու… հասկանալ: Մինչև այսօր ամեն բառը գրելիս նրա ձայնը ինձ կանխում է սխալներից, ու ես անվերջ շնորհակալ եմ նրան՝ հայերեն իմանալու համար:

***

Երրորդ կուրսը մենք սկսեցինք պրակտիկայով: Ես հայտնվել էի Երևանի Րաֆֆու անվան դպրոցում, իմ դասարանը  6-ի բ-ն էր: Ամեն պրակտիկանտ ունենում էր բաց դաս, երբ ներկա էին լինում ոչ միայն այդ դասարանի ուսուցչուհին, այլև հայերենի այլ ուսուցիչներ, դասախոսներ, միով բանիվ՝ բաց դասում դու պիտի ապացուցեիր, որ տիրապետում ես դասարանը պահելու, իմացածդ գիտելիք դարձնելու, սովորեցնելու բարդ արվեստին: Դասարանը պահել կարողանում էի, դա խնդիր չէր: Խնդիրն այն էր, որ ես… սիրահարված էի ու հենց այդ օրը՝ 1980-ի մարտի 3-ի երեքշաբթի օրը, ժամը 3-ին, կինո «Կոմիտասի» առաջ ժամադրված էի ու բաց դասի մասին մտածում էի այնքան, որքան… Պարզապես չէի մտածում, բայց այդ օրը ամեն ինչ կարող էի: Թեման բայի անցյալ կատարյալ ժամանակն էր: Չէ, ես, իհարկե, գիտեի ու ասացի, որ անցյալ կատարյալը ցույց է տալիս անցյալ ժամանակակետում սկսված և ավարտված գործողություն: Անցյալ կատարյալը պարզ ժամանակաձև է: Կազմվում է բայահիմքով և դիմային վերջավորություններով: Բայց հետո անցա անցյալ կատարյալի … ներկա ժամանակին ու նույնիսկ օրինակներ բերեցի՝ բացատրելով կիրառությունը: Այսինքն՝ անցյալում կատարված-ավարտվածի ներկան: Դա, հարկավ, անհեթեթություն էր, բայց ես այնքան համոզիչ էի հիմնավորել ու օրինակներով ապացուցել, որ դասից հետո ինձ մոտեցան դպրոցի մի քանի ուսուցչուհիներ ու հարցրին. «Դա նորությու՞ն է լեզվաբանության մեջ, մենք չենք անցել, տեղյակ չէինք»: Ես պատասխանեցի, որ մենք անցել ենք, այդպես է հիմա ու վազեցի ժամադրության: Անցյալ կատարյալի ներկա ժամանակի պատմությունը, սակայն, չավարտվեց: Պրակտիկայից հետո վերադարձանք ինստիտուտ: Առաջին դասամիջոցին շատ լուրջ տեսքով ինձ կանչեցին Լեզվաբանության ամբիոն՝ «Աշոտ Աբրահամյանն ուզում է քեզ տեսնել»: Ու ահա կանգնած եմ ամբիոնի վարիչի առաջ՝ բացարձակապես անտեղյակ՝ ի՞նչ եմ արել նման պատվի արժանանալու համար:

-Ինձ տեղեկացրին, որ ուսանողներից մեկը Րաֆֆու դպրոցում պրակտիկայի ժամանակ լեզվաբանության մեջ գյուտ է արել: Կբացատրե՞ք Ձեր հայտնագործությունը: Ես իսկապես ուզում եմ իմանալ՝ ո՞րն է անցյալ կատարյալի ներկա ժամանակը: Եթե Ձեզ հաջողվի հիմնավորել, իսկ ես ուզում եմ հավատալ, որ այդպես կլինի, նոր խոսք կասեք լեզվաբանության մեջ:

…Պատկերացնու՞մ եք իմ վիճակը: Այդպես կատարյալ աշխարհը դառնում է անցյալ, ու դու հայտնվում ես ներկայի փլատակներում: Բայց երբ հարցնում է ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, դու չես կարող չպատասխանել.

-Չեմ հիշում, ուղղակի անարդար է, որ անցյալ կատարյալը չունի ներկա ժամանակ, կարծես կյանքը վերջանում է:

-Ափսոս, իսկ ես հույս ունեի նորություն իմանալ: Ազատ եք, վերադարձեք դասին:

Հիմա հասկանում եմ՝ ինչ ծիծաղ է հաջորդել իմ՝ լեզվաբանության ամբիոնից դուրս գալուն, հիմա ես էլ եմ ծիծաղում, բայց այն ժամանակ աշխարհի վերջն էր, ուսանողությանս վերջն էր, սիրահարությանս վերջն էր, իմ վերջն էր:  

***

Երրորդ կուրսում Աշոտ Աբրահամյանը մեզ դասավանդում էր գրաբար: Մեր կուրսը մեծ էր՝ 56 ուսանող, մենք բաժանվում էինք երկու խմբի՝ ուսանողների ազգանունների այբբենական դասավորությամբ: Աշոտ Աբրահամյանը վերցրել էր երկրորդ խումբը, որտեղ իմ կրկնակի Ա-ով ես, բնականաբար, չէի կարող լինել, բայց հայտնվեցի, որովհետև ուզում էի, որ ինձ գրաբար դասավանդի գրաբարի ձեռնարկի հեղինակն ու հենց Աշոտ Աբրահամյանը (դա բարդ պատմություն էր, որ չորրորդ կուրսում դրսևորեց իր հետևանքները):

Մինչև հիմա էլ ականջներումս է նրա հրաշալի ձայնը.

Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ,
Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն,
Եւ անցեալ որպէս զարծուի սրաթեւ ընդ գետն,
Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն`
Ընկեց ի մէջք օրիորդին ալանաց,
Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին,
Արագ հասուցանելով ի բանակն իւր:

Ի՛նչ հիացմունքով էր նա ժամանակակից հայերենի թարգմանում ոսկեղենիկ գրաբարը, ինչպե՛ս էր ապրում ամեն բառով: Նրա հստակ շեշտադրմամբ արտասանությունը մեզ համար թատրոն էր, մենք լսարանում տեսնում էինք՝ ինչպես է Արտաշես քաջ արքան հեծնում իր սևաթույր նժույգը, հանում ոսկե օղակներով պարանը ու գետն արծվի պես անցնում, որ շիկափոկ պարանը նետի ալանաց օրիորդի մեջքին ու նրան արագ հասցնի իր բանակը, իմա՝ փախցնի: Դա ոչ միայն թատրոն էր, կինո էր, որտեղ խաղում էինք բոլորս, որովհետև մենք էլ քաջ արքա Արտաշես էինք դառնում ու ալանաց հմայիչ արքայադուստր, ում հայ արքան սիրահարվել էր:

…Գրաբարի մեր դասերը իսկապես հեքիաթ էին, երբ մենք խոնարհում ու հոլովում էինք մեր պատմական լեզուն, սխալվում ու շտկում, սովորում ու հիանում: Հայ բառի համը ես հասկացել եմ գրաբարով:

***

Աշոտ Աբրահամյանը փառահեղ էր տիրապետում մեր ոսկեդարին, համեմատական լեզվաբանությանը, գրաբարին, ժամանակակից հայերենին: Նա հանրագիտարանային գիտելիքներ ուներ, բայց ոչ բոլոր գիտնականներն են նաև մանկավարժներ: Մեր բախտը բերել էր, որ մեր դասախոսը մանկավարժներից լավագույնն էր ու նաև սիրում էր մեզ: Նա լսարանում ստեղծում էր այնպիսի մթնոլորտ, որ դու ազատ էիր մտածել, իրեն առարկել, քո տեսակետը հիմնավորել, դու սովորում էիր ոչ միայն այն առարկաները, որ քեզ դասավանդում էին, դու սովորում էիր հայ լինել: Ակնոցի բազմաշերտ, սֆերիկ ապակիների հետևում կկոցելով անսահման կապույտ աչքերը՝ Աշոտ Աբրահամյանն արտասանում էր.

Ո՞ տայր ինձ զծուխ ծխանի,
Եւ զառաւօտն նաւասարդի,
Զվազելն եղանց,
Եւ զվագելն եղջերուաց.
Մեք փող հարուաք,
Եւ թմբկի հարկանէաք,
Որպէս օրէն է թագաւորաց:

…Ու փորձիր այսքանից հետո չապրել թագավորների օրենքներով, քո երկրի թագավորների ու քո անկրկնելի պատմության:

***

Առանձնահատուկ պատմություն էր Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցի» մեկնությունը: 1971-ին Աշոտ Աբրահամյանը թարգմանել ու հրապարակել էր «Եղծ աղանդոցը»՝ փառահեղ առաջաբանով ու հանգամանալից ծանոթագրություններով։ Թարգմանությունը նաև համեմատական քննություն էր այլալեզու թարգմանությունների ու ծանոթագրությունների հետ։ Աշոտ Աբրահամյանը մեզ պատմում էր ոչ միայն Եզնիկ Կողբացու ու նրա «Եղծ աղանդոցի» ստեղծման շարժառիթները, այլև զրադաշտական կրոնի պատմությունը, անտիկ շրջանի հույն փիլիսոփաների ուսմունքները, Մխիթարյան հայրերի՝ Եզնիկ Կողբացու երկերի մեկնությունները: Ինձ համար պատմական անարդարություն էր, որ Աշոտ Աբրահամյանի դասաժամերը, մյուսների պես, 45+45 րոպե էին տևում, ու մենք կտրվում ենք իրական աշխարհից՝ վերադառնալու մեր ժամանակներ, որ բնավ էլ հետաքրքիր ու ավելի լավը չէին: Լսարանում, կարծես, ոչ թե 20-րդ դարն էր, այլ մեր ոսկեդարը՝ դարերի մեջ հինգերորդը, և Մեսրոպ Մաշտոցի աշակերտ, փիլիսոփա, թարգմանիչ, եպիսկոպոս Եզնիկ Կողբացին ինքն է պատմում՝ ինչու՞ է գրել «Եղծ աղանդոց»-ը՝ «Վասն Աստուծոյ»: Մենք հայտնվում էինք աստվածաբանական ուսմունքների խաչմերուկում, միահամուռ մերժում էինք զրադաշտականությունը ու երդվյալ քրիստոնյաներ դառնում՝ վստահ, որ միակ և իրական սուբստանցիան Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ: Մենք հերքում էինք ոչ միայն աղանդավորական ուսմունքները, այլև մեր հեթանոսական ժամանակները, որ մինչ այդ հիացմունքով բացահայտել էինք Մովսես Խորենացու շնորհիվ: Աղանդները հերքելով, հերքում էինք հունական պոլիթեիզմը, ստոիկներին, պանթեիստներին, էպիկուրյաններին՝ իրենց աթեիզմով, Պլատոնի զգայական աշխարհը, ռացիոնալիզմի դիրքերից ժխտում էինք սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը։ Մենք համաձայն էինք, որ աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է իր գործողությունները։ Զգայությունից և բանականությունից դուրս ընդունում էինք բնազդը, որովհետև մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացու պես համարում էինք, որ աշխարհը կարգավորվում է չորս տարրերով, որ բնությունը կազմված է Աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից, հողից։ Ու՝ նրանց համադրումներից: Աշոտ Աբրահամյանը նույնանում էր Եզնիկ Կողբացու հետ, մենք ամեն ինչ տեսնում-լսում-իմանում էինք հենց հեղինակից: Կրակը, օդը, ջուրը, հողը մեզ համար նոր իմաստ ու նշանակություն էին ստանում: Անհավանական ու հավաստի:

***

Եվ ստացվեց այնպես, որ Աշոտ Աբրահամյանը … հանձնեց իմ պետական, քննությունը: Ավարտում էինք 4 քննությամբ՝ լեզվաբանություն, գրականություն, մանկավարժություն, գիտական կոմունիզմ: Իսկզբանե որոշել էի՝ բարբառները չեմ պարապում: 165 հարցից 11-ը բարբառներ էին, որ անցել էինք երկրորդ կուրսում, ինձ հավատացրել էի, որ բարբառով տոմս չեմ քաշելու: Գնացի ու քաշեցի ս ճյուղի բարբառները: Ու թեև մնացած 154-ը գիտեի, բայց հենց 11-ից մեկին պիտի պատասխանեի: Ինչպես բոլոր ժամանակների բոլոր ուսանողները՝ մենք էլ ունեինք պաշտոնական հուշարարներ (մեկն էլ ես էի) ու շպարգալկաներ (ծածկագրեր), գտան ու ինձ ուղարկեցին կ ճյուղի բարբառները, որ բնավ կապ չունեն ս ճյուղի հետ: Դե գնա ու չորս տարում միայն առաջին կուրսում մեկ լավ (այսինքն՝ 4) ստացած գերազանցիկ, անվանական թոշակառու, տապալվի պետական քննությունից՝ ինչ է թե 11 հարց չես սովորել: Բախտս բերեց, որ ս ճյուղի բարբառները քննական տոմսում 3-րդն էին, առաջին երկուսը վրա տվեցի՝ ինչ գիտեի ու ավելի՝ հավելելով գեղարվեստական մանրամասներով, պատմական ու արդիական համեմատություններով, սեփական տեսակետներով, հասա երրորդին ու բարբառների և գրական լեզվի համեմատականներից, բարբառների պատմական ու արդիական նշանակությունից հետո կտրուկ լռեցի… Վերջ, կգամ հաջորդ տարի, գրողը ինձ տանի: Ու հանկարծ հնչում է Աշոտ Աբրահամյանի ձայնը.

-Ես լավ հիշում եմ, որ Դուք ինձ բանասիրական ֆակուլտետի երրորդ հարկի կողքի լսարանում ս ճյուղի բարբառների մասին ասել եք…

Եվ լեզվաբանության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշոտ Աբրահամյանը ծայրից ծայր պատմում է ս ճյուղի բարբառները ու քննական հանձնաժողովը հմայված լսում է նրան, ես տեղումս արդեն վերջացել եմ, չկամ, գերագույն ճիգով փորձում եմ զսպել լացս, բայց արցունքներս գլորվում են ոչ պակաս արագությամբ, քան ս ճյուղի բարբառների օրինակները: Եվ արդեն շատ աղոտ լսում եմ.

-Դուք ազատ եք, հրաշալի պատասխանեցիք բոլոր երեք հարցերին:

Գնահատականները ասում էին պետական քննության ավարտից հետո, ես չմնացի, վստահ էի, որ տապալել եմ, չորս տարիներս ջուրը գցելու ցավից, բոլոր ճյուղերի բոլոր բարբառները նզովելով, լաց լինելով գնացի տուն, որ իմանամ… «գերազանց» եմ ստացել: Ի վերջո, ո՞վ կհամարձակվեր Աշոտ Աբրահամյանին «գերազանց» չգնահատել:

***

Արդեն ավարտել էինք, հայրս տուն եկավ ու ասաց, որ Աշոտ Աբրահամյանը հիվանդացել է, աշխատանքի չի գալիս, դստեր միջոցով փոխանցել է, որ ուզում է տեսնել ինձ և մեր համակուրսեցուն, որ նրա սիրելի ուսանողն էր: Դավթյան Յուրիի հետ գնացինք: Անհավանական համեստ բնակարան ու գրքեր, գրքեր, գրքեր, որոնց շրջապատում անգամ ինքն այդքան տիտանական չէր թվում, ինչպես լսարանում: Ես կաշկանդված էի ու հիմնականում լռում էի, խոսում ու խոսում էր Յուրան: Աշոտ Աբրահամյանը լսում էր ու ռեպլիկներով միայն արձագանքում: Նիհարել էր, գունատ էր, ուժատ, անհավանական էր նրան այդ վիճակում տեսնելը: Եվ միայն հրաժեշտին ասաց.

-Ես գիտեմ, որ Դուք գրականությունն եք ընտրել: Լա՞վ եք մտածել, ես կուզեի, որ Դուք մեր ամբիոնի ասպիրանտ լինեք, հետաքրքիր մտածողություն ունեք, որ գրականության մեջ էլ չի կորչի, բայց լեզվաբանության մեջ ավելի կհնչի: Ես կաջակցեմ, եթե գաք, բայց եթե գրականություն եք ուզում, հաջողություն ձեզ: Միայն թե գիտությունից չհեռանաք:  

… Գրականությունն ընտրեցի ու… գիտաթեզ պաշտպանելուց հետո գիտությունից հեռացա ու… այնքան եմ ամաչում, որ կյանքը պարտադրեց իրենը: Ու ինչի՞ս էր պետք լրագրությունը, եթե կա ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

***

Աշոտ Աբրահամյանը վախճանվեց 1985-ի ապրիլի 16-ին, 67 տարեկանում: Ես հասկացա, որ այլևս ուսանող չեմ, թեպետ երեք տարի առաջ էի ավարտել ինստիտուտը: Եվ շատ հետո իմացա, որ իմ սքանչելի դասախոսը ինչ-որ ժամանակ եղել է նաև սիրահարված ու գրել բանաստեղծություններ.

Ու այսպես լռին ու մենակ
Կարոտի թևերն են իջնում
Եվ իրենց կրակով անհագ
Հույզերիս օվկիանը վառում։
Կանգնում է սիրտս մի պահ,
Զգում եմ ես մի հևք քնքուշ,
Ու հանկարծ հին սեմի վրա
Փայլում է մի հայացք անուշ։
Եկավ նա, եկավ ինձ այցի՝
Բերելով և՛ արև, և՛ կյանք,
Ցրվեցին ամպերը թախծի՝
Ինչպես մի մոռացված պատրանք։

22.03.1940

Աշոտ Աբրահամյան

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին