2017թ. հյուրընկալվել էի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդերքաբանության եւ մետալուրգիայի ֆակուլտետում: Բացի ուսանողներին եւ դասախոսական կազմին Ամուլսարի ծրագիրը ներկայացնելուց, նաեւ փորձում էի ոգեւորել երիտասարդներին` պատմելով մասնագիտական զարգացման այն բազմաթիվ հնարավորությունների մասին, որոնք կարող է տալ երիտասարդ մասնագետներին Ամուլսարի նման հանքարդյունաբերական ծրագիրը:
Այսօր էլ վստահորեն ամեն առիթով նույն պնդումն եմ անում, քանի որ Լիդիան Արմենիայի գործունեության գրեթե 18 տարվա ընթացքում ականատես եմ եղել, թե ինչպես են 23-26 տարեկան հայ երիտասարդները տարիների ընթացքում դարձել ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, գիտելիքներ ձեռքբերել ու զարգացել: Եվ այդ ամենն Ամուլսարի ծրագրի շրջանակներում եւ շնորհիվ:
Երբ 2006 թվականին տեղացի եւ միջազգային գործընկերների հետ նախաձեռնեցի Ամուլսարում երկրաբանահետախուզական աշխատանքները, նույնիսկ չէի էլ պատկերացնում, որ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում հայտնաբերելու ենք Հայաստանի խոշորագույն ոսկու հանքավայրերից մեկը, եւ այն անցնելու է նման բարդ ճանապարհով:
Առավել եւս չէի էլ կարող մտածել, որ Ամուլսարը նման մեծ դերակատարություն է ունենալու ծրագրի շուրջ համախմբված բազմաթիվ հայ երիտասարդների կյանքի հետագա ընթացքի, մասնագիտական վերելքի վրա: Նրանցից շատերը իրենց երիտասարդության լավագույն տարիներն անցկացրեցին Լիդիանում` միջազգային ամենահեղինակավոր գործընկերների հետ նախագծելով բնապահպանական, տեխնոլոգիական ու սոցիալական կառավարման առումով Հայաստանի լավագույն հանքավայրը, զուգահեռաբար զարգանալով եւ դառնալով հանքարդյունաբերության ոլորտի ամենապահանջված մասնագետները ոչ միայն տեղական, այլ նաեւ միջազգային շուկայում:
Mining Journal-ի մրցանակը, օրինակելի ԲՍԱԳ-ն ու մեր երիտասարդ մասնագետները
2011 թվականին Ամուլսարի հանքավայրի հայտնագործման եւ հետախուզական աշխատանքների համար Mining Jourmal-ի կողմից Լիդիանն արժանացավ «Նշանակալի նվաճում» (Outstanding Achievement) մրցանակին: Սա մեր երիտասարդ թիմի մեծ ձեռքբերումն էր միջազգային հարթակում: Այդ մրցանակի համար մեր երկրաբանները` անգլիացի փորձառու երկրաբան Թիմ Քոֆլինի եւ իմ գլխավորությամբ քրտնաջան աշխատել էին 5 տարի շարունակ:
Մեր թիմում այդ ժամանակ ամենաավագ երկրաբանը Արգամ Սնխչյանն էր, ով միացել էր Լիդիանին ընդամենը 26 տարեկան հասկանում: Թիմում էր նաեւ 24 տարեկան Հովհաննես Կարապետյանը, ով իր առաջին քայլերն էր անում երկրաբանության ոլորտում: Այսօր երկուսն էլ պահանջված մասնագետներ են: Նրանք ներգրավված են տարբեր հանքային ծրագրերում Մարոկկոյում, Կոլումբիայում, Կոտ Դի Վուարում, Գանայում, Վրաստանում եւ այլ երկրներում:
Իրենց մասնագիտական կարիերայի ամենասկզբում Ամուլսարը նրանց համար հնարավորություն ստեղծեց կողք կողքի աշխատելու երկրաբանության ոլորտում աշխարհի լավագույն 100-ից ավել երկրաբանների հետ, ովքեր իրենց գիտելիքներով ու փորձով կիսվում եւ ուղղորդում էին նրանց: Արդյունքում ունեցանք միջազգային մրցանակի արժանացած լավագույն հանքարդյունաբերական ծրագիրը, իսկ մեր աչքի առաջ ձեւավորվեցին բարձրակարգ երկրաբաններ:
Լիդիանում նման ճանապարհով անցել են նաեւ մեր բնապահպանական թիմի անդամները: Նրանք եւս գրանցել են աննախադեպ հաջողություններ, իսկ նրանց կատարած աշխատանքն արժանացել է միջազգային ճանաչման:
Հայաստանում կայուն զարգացման գծով ամենապահանջված մասնագետներից մեկը` Արմեն Ստեփանյանը, իր աշխատանքային ուղին այս ոլորտում սկսել է հենց Լիդիանում: Նա Լիդիանին միացավ 2007 թվականին՝ 28 տարեկան հասակում: Ամուլսարում գրեթե 14 տարվա աշխատանքը նրա համար եւս մեծ դպրոց դարձավ: Այսօր Արմենը Հայաստանի ամենամեծ հանքարդյունաբերական ընկերության` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրենն է:
Լիդիանի բնապահպանության գծով ներկայիս ղեկավար Արթուր Պեպանյանն իր առաջին քայլերը արեց Արմենի թիմում, երբ դեռեւս 24 տարեկան էր: Արթուրը Լիդիանում է արդեն 12 տարի, այս ընթացքում նա բնապահպանական կառավարման դասընթացներ է անցել Լոնդոնում, վերապատրաստվել եւ կայացել է որպես բանիմաց եւ փորձառու մասնագետ:
Արմենը, Արթուրը եւ մեր բնապահպանական թիմի մյուս անդամներն Ամուլսարում աշխատել են կենսաբազմազանության, բնապահպանական կառավարման, կայուն զարգացման ոլորտներում աշխարհի առաջատար մասնագետների՝ Ջո Թրեվիքի, Դեւիդ Բրիգնալի, Ջոն Հարքերի եւ այլոց հետ: Նրանց եւ միջազգային մասնագետների կողմից մշակված Ամուլսարի բնապահպանական եւ սոցիալական ազդեցության գնահատման հաշվետվությունը 2018 թվականին Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ Ազդեցության գնահատման միջազգային ասոցիացիայի կազմակերպած հատուկ սիմպոզիումի ընթացքում ճանաչվեց օրինակելի, որից մինչ օրս օգտվում են տարբեր հանքարդյունաբերական ծրագրեր:
Շինարարություն առանց պատահարների, հողերի ձեռքբերում առանց կոնֆլիկտների
Աշխատանքային անվտանգության այն մշակույթը, որ ներդրեցինք Լիդիանում, 2000-ականների սկզբի համար աննախադեպ էր Հայաստանում: Եվ քանի որ լավ մասնագետներ չկային, մենք կերտում ենք նրանց Լիդիանում:
Մի շարք հեղինակավոր կազմակերպություններում մասնագիտական դասընթացներ եւ վերապատրաստումներ, փորձի փոխանակում միջազգային փորձառու մասնագետների հետ. այս ճանապարհն են անցել մեր աշխատանքային անվտանգության թիմի նախկին աշխատակիցներ Արթուր Հովսեփյանն ու Գուրգեն Եղիյանը՝ դառնալով առաջատար մասնագետներ: Գուրգենն Ամուլսարի հարակից Գնդեվազ համայնքից է: Այսօր նա հաջողությամբ շարունակում է իր մասնագիտական գործունեությունը Հայաստանում գործող մեկ այլ խոշոր ընկերությունում` ContourGlobal-ում:
Մեր աշխատանքային անվտանգության թիմի հիմքի վրա ձեւավորված արագ արձագանքման խումբն Արթուրի գլխավորությամբ 2017թ. ակտիվ մասնակցություն ունեցավ Արտավանում հրդեհաշիջման աշխատանքներին` արժանանալով տարբեր շնորհակալագրերի եւ պարգեւների, իսկ Արթուրին շնորհվեց միջազգային կարգի փրկարարի որակավորում:
Հենց մեր երիտասարդ աշխատակիցների փորձառու, աչալուրջ եւ պատասխանատու աշխատանքի շնորհիվ էլ 2018 թվականի Ամուլսարում շինարարական աշխատանքների ամենաթեժ ժամանակահատվածում գրանցեցինք 2 միլիոն մարդ/ժամ առանց աշխատաժամանակի կորստով պատահարի ցուցանիշը: Այս ցուցանիշը նշանակում է, որ ընկերության աշխատակիցները բոլորը միասին աշխատել են 2 միլիոն ժամ առանց որևէ պատահարի, որի հետևանքով ընկերության աշխատակիցը կարող էր բացակայել աշխատանքից կամ ի վիճակի չլիներ վերադառնալ իր պարտականություններին:
Նման որակի աշխատանք Հայաստանում այսօր նույնիսկ ցուցակված ընկերությունները չեն կարողանում ապահովել եւ մենք ժամանակ առ ժամանակ լսում ենք հանքարդյունաբերական ծրագրերում գրանցված մահվան ելքով դժբախտ պատահարների մասին: Այս ցուցանիշը նշանակալի է անգամ միջազգային փորձառու հանքարդյունաբերական ընկերությունների համար:
Պատկերացրեք Հայաստանում 2010-ական թվականներին հողերի ձեռքբերման գործընթաց առանց որեւէ դժգոհության կամ կոնֆլիկտի: Եթե կմտածեք` հնարավոր չէ, Լիդիանի համայնքների ներգրավման թիմն իր իրականացրած աշխատանքով կապացուցի հակառակը: Ամուլսարի հանքի ենթակառուցվածքների տեղաբաշխման համար 2015 թվականին նախաձեռնեցինք հողերի ձեռքբերման գործընթաց հիմնականում Գնդեվազ համայնքում: Արդյունքում 145 հողատիրոջից ձեռք բերեցինք 278 հողակտոր՝ առանց որեւէ դժգոհության եւ գեթ մեկ դատական գործընթացի:
Գործընթացը գլխավորում էր Արամ Պարունակյանը, նա Լիդիանի հնաբնակներից է, միացել է ընկերությանն ավելի քան 13 տարի առաջ: Մասնագիտությամբ երկրաբան, համատեղությամբ նաեւ տաղանդավոր երաժիշտ Արամը շատ կարճ ժամանակում վերապրոֆիլավորվեց, վերապատրաստվեց որպես համայնքների ներգրավման մասնագետ: Արամի կատարած աշխատանքը հատկապես առանցքային նշանակություն ունի հանքարդյունաբերության ոլորտում, որը նա մինչ օրս հաջողությամբ իրականացնում է: Այդ մասին կփաստեն նաեւ Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները:
Արամի գլխավորությամբ Լիդիանի իրականացրած հողերի ձեռքբերման գործընթացն արժանացել է միջազգային ուշադրության: Այսպես, 2016թ. Գրոնինգհեմի համալսարանի ամառային դպրոցում եւ 2017թ. Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտում կազմակերպված վարպետության դասի ընթացում այն ներկայացվել է որպես օրինակելի ուղեցույց:
Լիդիանը տարբերանշանից այն կողմ
Հանրությունը որեւէ ընկերության մասին պատկերացում կազմելիս սովորաբար տարբերանշանից այն կողմ չի տեսնում: Բայց հավատացեք` ընկերության իրական դեմքը, իրական արժեքը նրա անցած ճանապարհը կերտած մարդիկ են: Ինձ համար Լիդիանը մարդիկ են, որոնց կյանքում նաեւ Ամուլսարն է շրջադարձային դերակատարություն ունեցել մասնագիտական, աշխատանքային մշակույթի, աշխարհայացքի կերտման առումով: Վստահ եմ, որ Լիդիանում տարբեր ժամանակներում աշխատած մեր բոլոր գործընկերները կհաստատեն իմ այս կարծիքը, որովհետեւ նրանց հետ միասին նաեւ ես եմ զարգացման այս ճանապարհ անցել:
Այսօր առանց երկմտանքի կարող եմ ասել, որ Լիդիանում աշխատանքային փորձը դարձել է բրենդ, նշաձող, որը ենթադրում է աշխատանքային բարձր մշակույթ, մեծ փորձառություն, համապարփակ գիտելիքներ, որոնք մրցակցային են նաեւ միջազգային շուկայում:
Ամեն անգամ մեր կատարած աշխատանքը, գրանցած հաջողությունները, բազմաթիվ նման օրինակները մտաբերելիս, հասկանում եմ, թե ինչքան հիմնավոր եւ որակյալ աշխատանք է կատարվել Ամուլսարում մեր մասնագետների կողմից, եւ թե որքան մասնագետների կյանք է վերափոխել Ամուլսարը:
Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: