Հանքարդյունաբերությունը «գրետաթունբերգների» եւ սոցցանցերի թիրախում - Mediamax.am

Հանքարդյունաբերությունը «գրետաթունբերգների» եւ սոցցանցերի թիրախում
14104 դիտում

Հանքարդյունաբերությունը «գրետաթունբերգների» եւ սոցցանցերի թիրախում


Կար ժամանակ, երբ երկրաբանի մասնագիտությունը ամենապահանջվածներից մեկն էր: Եվ երբ եկավ մասնագիտություն ընտրելու պահը, ինձ համար երկրաբանությունը այլընտրանք չուներ, հատկապես որ աչքիս առաջ ունեի մեծ հեղինակություն վայելող երկրաբաններ հորս եւ հորեղբորս օրինակները:

Ամբողջ գիտակից կյանքում եղել եմ հանքարդյունաբերության մեջ: Ներգրավված եմ եղել Հայաստանի գրեթե բոլոր հանքային ծրագրերի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների մշակման գործընթացում, գլխավորել եմ երկրաբանների այն խումբը, որը բացահայտել է անկախությունից հետո Հայաստանի առաջին ամենախոշոր ոսկու հանքավայրը` Ամուլսարը: Ուստի քաջատեղյակ եմ հանքարդյունաբերության ողջ պրոցեսի առանձնահատկություններին, զարգացման այն բոլոր հնարավորություններին, որոնք կարող են ստեղծել հանքարդյունաբերության ոլորտը եւ այս մասնագիտությունը ցանկացած պետության եւ անհատի համար:

Բայց այժմ ցավով եմ արձանագրում, որ երկրաբանի կամ հանքարդյունաբերության ոլորտի այլ մասնագիտությունների (մետալուրգ, լեռնային ինժեներ եւ այլն) հանդեպ հետաքրքրությունը տարեց տարի նվազում է: Եթե 1960-70-ական թվականներին ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետում 1 տեղի համար 10-ից ավելի դիմորդ կար, այսօր ուսանողներին մատների վրա կարելի է հաշվել: Ու թեեւ այս մասնագիտությունը ամենաբարձր վարձատրվողներից է, լավ մասնագետ գտնելը մեծ փորձություն է դարձել: Կարծում եմ` նման պատկերը պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտի հետեւողական վարկաբեկմամբ, որին ականատես ենք լինում առնվազն վերջին 10-20 տարվա ընթացքում:  Չնայած այն հսկայական դերին, որ հանքարդյունաբերությունն ունի Հայաստանի տնտեսության համար, ոլորտը ըստ արժանվույն չի գնահատվում հանրության կողմից, իսկ վերջինիս նկատմամբ հանրային ընկալումը բացասական է:

«Հացի գործարանը»

Հանքարդյունաբերությունը, ինչպես ցանկացած տնտեսական գործունեություն, զերծ չէ խնդիրներից: Այն ունի որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի վրա` ինչպես գյուղատնտեսությունը, շինարարությունը կամ մարդու ցանկացած այլ գործունեություն: Օրինակ,  գյուղատնտեսական նպատակներով աշխարհում տարեկան ոչնչացվում է 7 մլն հեկտար անտառ, օգտագործվող քիմիական պարարտանյութերն ազդում են հողի, ջրի որակի վրա, քաղցրահամ ջրերի պաշարների 70% սպառվում է այս ոլորտում, բայց տարբեր հարթակներում պարբերաբար կարելի է հանդիպել հենց հանքարդյունաբերությունից հրաժարվելու պահանջների, դրան այլընտրանք փնտրելու վերաբերյալ քննարկումների:

Դա նույն է, որ պահանջենք փակել, օրինակ, մի ամբողջ բնակավայր սպասարկող հացի գործարանը եւ դրա փոխարեն փորձենք գտնել այլընտրանք: Ու մինչ մենք փորձարկումներ կանենք, հացի գործարանի փակումն իր անդառնալի հետեւանքները կունենա բնակավայրի հետագա կենսագործունեության վրա:

Հանքարդյունաբերությունն էլ նույն «հացի գործարանն» է պետական բյուջեի համար, որից օգտվում են բոլորը` թոշակառուները, ուսուցիչները, պետական համակարգի աշխատողները, սոցիալապես անապահով ընտանիքները եւ այլոք: Ընդամենը պետք է ծանոթանալ 1000 խոշոր հարկատուների ցանկին՝ հասկանալու համար, թե որ ոլորտն է «կերակրում» Հայաստանը:

Ուստի ես անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս, թե ինչո՞ւ է բացասական հանրային ընկալում ձեւավորված հատկապես այս ոլորտի նկատմամբ եւ ինչու է այն այդպես հեշտությամբ թիրախավորվում հանրության կողմից: Չէ՞ որ այս ծայրահեղական մոտեցումը հանքարդյունաբերության նկատմամբ չի բխում ո՛չ պետության, ո՛չ էլ հանրության շահերից:

«Գրետաթունբերգների» ժամանակաշրջանը

Կարծում եմ` հեշտ թիրախավորման պատճառն այն է, որ հանրության համար ավելի ընկալելի է ցանկացած տնտեսական ոլորտի շոշափելի օգուտը, ոչ թե պետական բյուջե մուտք եղած հարկերի քանակը: Հանքարդյունաբերության տված օգուտները սովորական մարդու համար, ով անմիջական առնչություն չունի որեւէ հանքային ծրագրի հետ, շոշափելի չեն: Նույնը չենք կարող ասել, օրինակ, հեռահաղորդակցության օպերատորի մասին, որի գործունեությունը դադարեցնելով, կարելի է մնալ առանց կապի միջոցի: Ուստի նույնիսկ նման քննարկում չկա` արդյո՞ք պետք է հեռահաղորդակցությունը, թե ոչ:

Դրան զուգահեռ ամբողջ աշխարհում այսօր մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, որի թիրախում է նաեւ հանքարդյունաբերությունը: Կլիմայի փոփոխության դեմ պայքարող 20-ամյա բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգն այսօր մարտահրավեր է նետում աշխարհի առաջատար պետությունների կառավարություններին, հեղինակավոր ընկերություններին: Շվեդ ակտիվիստը վերջերս արդեն Գերմանիայում էր պայքարում ածխի հանքի հետագա ընդլայնման դեմ: Հետաքրքրական է, որ Թունբերգը հատկապես հայտնիություն ձեռք բերեց սոցիալական ցանցերի շնորհիվ: Ու թեեւ նա որեւէ մասնագիտական կրթություն չունի, այսօր միլիոնավոր օգտատերեր հետեւում են նրան սոցիալական ցանցերում: Սոցիալական ցանցերը դարձել են այն հարթակները, որոնց հնարավորությունները ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է հանրային կարծիք ձեւավորել ցանկացած երեւույթի վերաբերյալ:    

2021թ. տվյալներով Հայաստանի բնակչության կեսից ավելին` 61.7%-ը, հանդիսանում է Facebook սոցիալական ցանցի օգտատեր: Հետևաբար` հանրային կարծիքը Հայաստանում եւս հիմնականում ձեւավորվում է Facebook-ում: Մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես մասնագիտական որեւէ կրթություն չունեցող տարբեր անհատներ ու խմբեր, ունենալով ֆինանսական կամ այլ շահագրգռվածություն, տարիներ շարունակ ներկայանում են որպես ոլորտի փորձագետներ, բնապահպաններ եւ սոցիալական հարթակները լցնում հանքարդյունաբերության վերաբերյալ ամենատարբեր մանիպուլատիվ, անհեթեթ ու անգրագետ թեզերով եւ ապատեղեկատվությամբ: Արդյունքում ոլորտը վարկաբեկվում է եւ ձեւավորվում է հանրային բացասական ընկալում:

Հայաստանի պարագայում շրջանառվող ապատեղեկատվությունը եւ թեզերը դառնում են նաեւ ազգային անվտանգության խնդիր: Դրանց միջոցով ոչ միայն թիրախավորվում է Հայաստանի տնտեսության ողնաշարը, այլ դրանք ադրբեջանական քարոզչամեքենան հմտորեն օգտագործում է հենց մեր դեմ, ինչպես դա տեղի ունեցավ Արցախի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների ֆոնին: Ուստի հանքարդյունաբերության վերաբերյալ ճիշտ հանրային ընկալման ձեւավորումը, ապատեղեկատվության հետագա տարածման կանխումը բոլորիս պատասխանատվությունն է` ի դեմս պետության եւ հանքարդյունաբերողների:

Անհրաժեշտ է հանրային դաշտն ապահովել մասնագիտական, օբյեկտիվ տեղեկատվությամբ, ակտիվ աշխատանք տանել հանրության հետ` օգտագործելով ինֆորմացիոն դարաշրջանի ստեղծած բոլոր հնարավորությունները:

Հանքարդյունաբերողների, մասնագետների ձայնը պետք է լսելի դառնա «բնապահպանական» աղմուկի մեջ, որպեսզի հանրությունը կարծիք ձեւավորելիս առնվազն ընտրության հնարավորություն ունենա:

Ինչ վերաբերվում է պետությանը, ապա այն ունի մեծ գործիքակազմ, որով կարող է բացահայտել ոլորտում առկա իրական խնդիրները, քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ, իրականացնել հանքարդյունաբերության վերաբերյալ իրազեկման աշխատանքներ` կանխելով  ապատեղեկատվության տարածումը:

Հնարավոր է, այսօր հանքարդյունաբերության վերաբերյալ հանրային ընկալումն այլ լիներ եւ հանքարդյունաբերական ծրագրերն էլ այդպես հեշտությամբ չթիրախավորվեին, եթե ի սկզբանե բոլորս հետեւողական լինեինք այս հարցում:

Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին