Հայաստանը կարող է ԶՄՊԿ-ի նման եւս մի քանի հսկա ունենալ - Mediamax.am

Հայաստանը կարող է ԶՄՊԿ-ի նման եւս մի քանի հսկա ունենալ
11239 դիտում

Հայաստանը կարող է ԶՄՊԿ-ի նման եւս մի քանի հսկա ունենալ


Հունվարի 10-12-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադում կառավարության նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ կազմակերպվել էր Future Mineral Forum-ը՝ «The World’s Next Mining Hub: A New Gateway to Lands of Opportunity» («Աշխարհի նոր հանքարդյունաբերական կենտրոնը. նոր դարպաս դեպի հնարավորություններ») խորագրի ներքո:

Ֆորումը մեկ հարկի տակ էր հավաքել հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային քաղաքականության մշակողներին, ներդրողներին եւ բիզնես առաջնորդներին: Ալ-Ռիադ էին ժամանել ավելի քան 150 ներդրող, հարյուրից ավել հանքարդյունաբերական կորպորացիաների եւ երկրների ներկայացուցիչներ:

Թեեւ Սաուդյան Արաբիան նավթ արտադրող ու արտահանող աշխարհի ամենազարգացած երկրներից է, երկրի կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաեւ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ: Ֆորումի արդյունքում ամերիկյան Ivanhoe Electric-ը, որը գլխավորում է հանքարդյունաբերության ոլորտում հայտնի մագնատ Ռոբերտ Ֆրիդլենդը, Սաուդյան Արաբիայի Ma’aden հանքարդյունաբերական ընկերության հետ ստեղծեց 50/50 մասնակցությամբ ձեռնարկություն: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ma’aden-ը Սաուդյան Արաբիայի մոտ 48,500 քառակուսի կիլոմետր տարածքը (Հայաստանի տարածքից 1,6 անգամ մեծ) հասանելի կդարձնի Ivanhoe Electric-ին երկրաբանահետախուզական աշխատանքների համար` հատուկ թույլտվության ներքո:

Վերականգնվող էներգիայի աճող դերով պայմանավորված հանքարդյունաբերության ձեւավորված նոր համաշխարհային պահանջարկը աշխարհաքաղաքական զարգացումների հետ մեկտեղ նոր հնարավորություններ է ստեղծում ոլորտում, որից ձգտում են օգտվել բոլորը` նույնիսկ ամենազարգացած երկրները: Սաուդյան Արաբիան բազմաթիվ օրինակներից միայն մեկն է, որը նմանատիպ միջոցառումների միջոցով ներկայանում է աշխարհին որպես մետաղական հանքարդյունաբերության ոլորտում բաց եւ թափանցիկ ներդրումային միջավայր ունեցող երկիր:

Մինչեւ 2018թ. 10 տարի շարունակ մենք Ամուլսարի ծրագիրը ներկայացնում էինք Տորոնտոյում կազմակերպվող հանքարդյունաբերության ոլորտի ամենամյա համաժողովին` PDAC-ին: Այն նաեւ լավ հնարավորություն էր Ամուլսարին զուգահեռ արտաքին շուկայում բարձրացնելու Հայաստանի ճանաչելիությունը եւ ներկայացնելու երկրի ներդրումային հնարավորությունները: PDAC-ն հանքարդյունաբերության ոլորտում ամենախոշոր հարթակն է, որն ամեն տարի իր հարկի տակ է համախմբում ոլորտի ավելի քան 20 000 ներկայացուցչի տարբեր երկրներից եւ ընկերություններից:

Այսօր էլ համաժողովի ընթացքում կարելի է հանդիպել Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ բազմաթիվ նման զարգացած երկրների տաղավարներ, որոնք կառավարության մակարդակով ներկայացնում են մետաղական հանքարդյունաբերության ոլորտում իրենց երկրի ներդրումային առավելությունները եւ ներգրավվում են ներդրողների:

Հայաստանի ընդերքը եւս հարուստ է բնական պաշարներով եւ ունի հսկայական ներուժ` նույնիսկ նավթի եւ գազի առումով, որը դեռեւս լիարժեք ուսումնասիրված չէ: Ուստի ոլորտը կարող է հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողների համար: Նման հարթակների միջոցով մենք էլ կարող ենք միջազգային հանքարդյունաբերական շուկային պատմել մեր մասին: Սակայն մինչ այս կամ այն հարթակներում ներկայանալը մենք ունենք բավականին մեծ «տնային աշխատանք» անելու ներդրողների համար Հայաստանի ներդրումային միջավայրը առավել գրավիչ դարձնելու նպատակով:   

Անկախությունից հետո Հայաստանի հանքարդյունաբերության վերաբերյալ հստակ պետական մոտեցում չի եղել, ոլորտը ռազմավարություն չի ունեցել: Ողջունելի է, որ 2022 թվականին քայլեր ձեռնարկվեցին ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ, բայց մինչ օրս այն չի հաստատվել: Ուստի որպես առաջին քայլ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում հաստատել ռազմավարությունը` համապատասխան ուղեցույցով եւ գործողությունների պլանով: Առանց ռազմավարության հնարավոր չէ լիարժեք բացահայտել ոլորտի խնդիրները, խոչընդոտները, գտնել դրանց լուծումները եւ զարգացնել ոլորտը: Ցանկացած պետության համար այս ողջ գործընթացը լիարժեք իրականացնելը մեծ մարտահրավեր է, որը հաղթահարելուց հետո կարելի է հասնել շոշափելի արդյունքների:

Նման ճանապարհով անցել է Շվեդիան, որը 2015թ. հրապարակեց հանքարդյունաբերության ոլորտի վերանայված ռազմավարությունը, որի նպատակն էր ապահովել երկրի հանքային միջոցների կայուն օգտագործումը եւ ամրապնդել իր դիրքերը որպես ԵՄ առաջատար հանքարդյունաբերական երկիր:  

Հայաստանում մենք զգալի անելիքներ ունենք: Ռազմավարության շրջանակներում խիստ կարեւոր է ձեւավորել կայուն օրենսդրական դաշտ, հաշվի առնելով հանքարդյունաբերության ոլորտի եւ դրա ֆինանսավորման առանձնահատկությունները, եւ երկարաժամկետ կտրվածքում սահմանել «խաղի» հավասար կանոններ, որոնք չեն ենթարկվի հաճախակի փոփոխությունների առնվազն առաջիկա 20 տարվա ընթացքում:

Նույնը վերաբերվում է նաեւ հարկային քաղաքականությանը: Անընդունելի է հանքարդյունաբերական ընկերությունների հարկային գերծանրաբեռնումը: Այն թեեւ կարճաժամկետ կտրվածքում պետության համար լուծում է որոշակի ֆինանսական հարցեր, բայց երկարաժամկետ հեռանկարում առկա խնդիրները մնում են չլուծված, իսկ ոլորտը զրկվում է որակական զարգացման հնարավորությունից:

Օրինակ, հարկային գերծանրաբեռնվածությունը թույլ չի տալիս ոլորտի ընկերություններին մետաղների միջազգային գների բարձրացման արդյունքում ձեւավորված լրացուցիչ շահույթը ուղղել իրենց ֆինանսական բեռի թեթեւացմանը եւ/կամ ծրագրերի տեխնոլոգիական եւ բնապահպանական վերազինմանը: Չմոռանանք, որ հանքարդյունաբերության ոլորտը եւս զերծ չէ արագ զարգացող տեխնոլոգիական նորարարություններից: Օրինակ, այսօր երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքում առաջատար ընկերությունները սկսել են օգտագործել հատուկ անօդաչու սարքեր:

Հատուկ ուշադրության են արժանի նաեւ չգործող հանքավայրերը, ինչպիսին են, օրինակ, Թեղուտը, Ամուլսարը եւ շահագործման թույլտվություն ունեցող այլ ծրագրերը: Մենք այսօր չենք կարող նման շռայլություն մեզ թույլ տալ եւ չօգտագործել այդ հանքավայրերի ունեցած ներուժը: Պետությունը պետք է քայլեր ձեռնարկի, հրատապ կարգով լուծումներ տա առկա խնդիրներին եւ աշխատանք տանի ընկերությունների հետ դրանք վերագործարկելու համար:

Թվարկածը այն նվազագույն քայլերն են, որոնք  կարող են ստեղծել կայուն, կանխատեսելի եւ բարենպաստ բիզնես միջավայր օտարերկրյա ներդրողների համար: Այս պայմանները ապահովելուց հետո պետք է ճիշտ իրազեկման աշխատանք տանել միջազգային շուկայում, աշխատել Հայաստանում արդեն գործունեություն ծավալող ներդրողների հետ, քանի որ նրանք անուղղակիորեն նաեւ հանդիսանում են մեր երկրի ներդրումային «դեսպանները» արտաքին շուկայում:

Վստահ եմ, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ունի զարգացման զգալի ներուժ եւ այս ճանապարհով գնալու դեպքում կան բոլոր հնարավորությունները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նման եւս մի քանի հսկա ունենալու համար:  

Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին