Վահան Փափազյան. Դժվար է գուշակել, թե ինչ աշխարհակարգ է ստեղծվելու մեր տարածաշրջանում - Mediamax.am

Վահան Փափազյան. Դժվար է գուշակել, թե ինչ աշխարհակարգ է ստեղծվելու մեր տարածաշրջանում
4163 դիտում

Վահան Փափազյան. Դժվար է գուշակել, թե ինչ աշխարհակարգ է ստեղծվելու մեր տարածաշրջանում


Նա արտաքին գործերի նախարար էր նշանակվել 36 տարեկանում, բայց 1993-ին դա զարմանալի չէր թվում, երբ պետությունը ընդամենը … երկու տարեկան էր, պատերազմում էր, հաղթում էր, պատրաստվում էր Սահմանադրություն ընդունել… իր առաջին Ազգային ժողովն ընտրել: Ես նրան հանդիպեցի 1995-ի ամռանը, ԱԳՆ-ում, հարցազրույցը տպագրվեց հունիսի 26-ին «Հայաստանի Հանրապետութիւն»-ում, «Վահան Փափազյան. Պետք է գերակայի պետական շահը» վերնագրով:

***

«Արտաքին քաղաքականությունը որպես այդպիսին կոչված է ծառայել  պետության ու հասարակության շահերին»` այսպես բանաձևեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը: Թվում է՝ արտաքին գործերի նախարարության գործունեությունը բոլորի աչքի առաջ է, մինչդեռ բուն գործընթացները սառցալեռան պես են՝ ջրի վրա երևում է մեկ քառորդը միայն: Դա, անշուշտ, օրինաչափ ու բնական է, երբ նկատի ենք առնում նախարարության աշխատանքի բնույթը, հենց այդ խնդրից էլ սկսվեց մեր խոսակցությունը, ավելի ստույգ՝ ես հարցրի.

-Ովքե՞ր են մեր դիվանագետները և ի՞նչ է արվում հայ դիվանագիտական դպրոց ունենալու համար:

-Դա ամենակարևոր խնդիրներից մեկն է, և ինձ համար չափազանց էական է, թե ովքե՞ր են աշխատում այս նախարարությունում և որքանո՞վ է նրանց աշխատանքը նպաստում մեր արտաքին քաղաքականության իրականացմանը: Այս տեսակետից պետք է ասեմ, որ բավարարված չեմ, թեպետ դա ունի բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ՝ փորձառության պակասը, դիվանագիտական դպրոցի բացակայությունը, արտաքին քաղաքականության բարդությունները, որոնք պահանջում են վերլուծական միտք, արագ կողմնորոշում, ամենատարբեր բնագավառներում խոր գիտելիքներ, լեզվաիմացություն: Միշտ չէ, որ հաջողվում է գտնել այդ որակներն ունեցող մարդկանց: Մեր կադրերը հիմնականում գալիս են ակադեմիական շրջանակներից, բուհերի շրջանավարտներից, պետական ապարատից: Ժամանակին առաջարկում էին օգտագործել սովետական դիվանագիտության հին աշխատողներին: Ես դեմ չեմ, բայց նախ այդ մարդկանց մեծ մասը հավակնում է աշխատել անպայման արտասահմանում և անպայման եվրոպական երկրներում, իսկ ԱԳՆ համակարգը միայն դեսպանատները չեն, և ապա՝ նրանք ապրել-աշխատել, ձևավորվել են սովետական դիվանագիտության շրջանակներում, որն իր ժամանակին թերևս լավագույններից էր, բայց այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունն իրականացնողներին այլ տիպի դիվանագետներ են պետք՝ ազատ մտածելակերպով, նախաձեռնող, ինտելեկտուալ անհատներ, ոչ թե միայն հրամաններ կատարողներ, և ամենակարևորը՝ նրանք պիտի լինեն ՀՀ անկախությանը նվիրված մարդիկ, ուստի սուր անհրաժեշտություն ենք զգում սեփական կադրերի: Այդ պատճառով մեր կապերի ու հնարավորությունների սահմաններում երիտասարդ, հեռանկարային դիվանագետներին ուղարկում ենք որակավորման դասընթացների աշխարհի լավագույն դիվանագիտական դպրոցները՝ Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Իրան, Եգիպտոս, Հունաստան, և մտածում ենք սեփական դիվանագիտական ակադեմիա հիմնելու մասին:

Իմ կարծիքով՝ հնարավոր չէ և ճիշտ էլ չէ դիվանագետներ պատրաստել համալսարանում կամ որևէ բուհում: Աշխարհում ընդունված կարգ է՝ ԱԳՆ-ին կից ունենալ 1-2 տարվա դասընթացների ակադեմիա, որի ունկնդիրներին ԱԳՆ-ն ինքն է ընտրում բուհերի շրջանավարտներից, ասենք, 15-20, առավելագույնը 25 մարդ, որ այդ ինտենսիվ դասընթացների ավարտից հետո կարող են աշխատել ԱԳՆ-ի համակարգում: Ծրագիրն ու նախագիծը պատրաստ են, հուսով եմ՝ այս աշնանը հնարավոր կլինի ակադեմիան հիմնել: Այնտեղ պիտի դասավանդեն հանրապետության լավագույն մասնագետները, ընդհուպ երկրի արտաքին քաղաքականությունը որոշող՝ նախագահը, և իրականացնողը՝ արտաքին գործերի նախարարը, նախագահի այդ հարցերով զբաղվող խորհրդականները, արտասահմանից հրավիրված մասնագետներ:

-Ինչպե՞ս է կառուցում Հայաստանը իր հարաբերությունները հարևանների հետ:

- Արտաքին քաղաքականության հիմնադրույթի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական և բնականոն հարաբերություններ ունենալ իր անմիջական հարևանների հետ: Դեռ հաջողվել է լավ հարաբերություններ ստեղծել երկու հարևանների՝ Վրաստանի ու Իրանի հետ, մյուս երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ առայժմ հարաբերություններ, փաստորեն, չկան: Հայտնի պատճառներով, որոնց չեմ անդրադառնա:

-Ադրբեջանը հասկանալի է, իսկ Թուրքիա՞ն, ինչու՞ չեք անդրադառնա:

-Միայն ասեմ, որ, ըստ իս, թուրքական դիվանագիտությունը հայտնի լինելով հանդերձ իր որակներով, այս խնդրում վրիպումներ ունեցավ՝ չափից ավելի զգայական քաղաքականություն վարելով Անդրկովկասի քաղաքական ու ազգամիջյան իրադարձությունների նկատմամբ: Թուրքիան չի կարողանում բնականոն հարաբերություններ ունենալ այլևայլ պատճառներով՝ ներքին խնդիրներ, ընդդիմություն, բայց դա արդարացում չէ: Մեր արտաքին քաղաքականության կարևոր նպատակներից մեկը պիտի լինի Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը և ժամանակի մեջ պիտի փորձել լուծումներ գտնել պատմական, հոգեբանական ու մյուս հարցերին, որոնցից ոչ ոք չի հրաժարվել, չի հրաժարվում և մտադիր չէ հրաժարվել: Այլ հարց է, թե ինչպես պետք է լուծել այդ հարցերը: Շատ բան կախված կլինի թուրք հասարակության քաղաքակրթվածության աստիճանից՝ սա էլ ժամանակի խնդիր է: Բոլոր դեպքերում՝ շփումներ Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հետ եղել են, կան, լինելու են: Երկու պետությունների միջև գոյություն ունեցող խնդիրները պիտի քննարկվեն, առանց քննարկումների ոչ մի հարց իր լուծումը չի գտնում: Ես հուսով եմ, որ ժամանակի մեջ այս հարցերը իրենց բարենպաստ ելքը կունենան:

-Ի՞նչ հարաբերություններ են Իրանի հետ:

- Հայ-իրանական հարաբերությունները փոխշահավետ զարգացման ընթացքում են և համոզված եմ՝ այդպես էլ շարունակվելու է: Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր ամենակարևոր գործընկերներից մեկն է, շատ կարևոր են հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունները, որոնք թթվածին են ներարկում Հայաստանի Հանրապետություն, եթե նկատի ենք առնում շրջափակման ստեղծած լուրջ բարդությունները: Իրանն այս տարածաշրջանի հզոր պետություններից է և իր ուրույն տեղն ու ազդեցությունն ունի: Նման պետության հետ մեր հարաբերությունների խորացումը նպաստում է Հայաստանի, որպես միջազգային հանրության լիարժեք անդամի, կայացմանը, հետևաբար այս քաղաքականությունը շարունակվելու է: Վրաստանի հետ նույնպես քաղաքական բարդություններ չունենք:

- Ինչպե՞ս եք գտնում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկան ու հեռանկարը:

- Հայ-ռուսական հարաբերությունների մասին կարելի է երկար խոսել, մասնավորապես կցանկանայի հիշեցնել ՀՀ նախագահի հայտնի բնորոշումը, որ հայ-ռուսական հարաբերությունները երբեք այսքան փոխշահավետ ու բարեկամական չեն եղել, որքան այսօր:


Վազգեն Սարգսյանը, Վահան Փափազյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը

Այսօր Հայաստանը և Ռուսաստանը ընդհանուր սահման չունեն, բայց դա չի խանգարում հարաբերությունների զարգացմանը: Ամենաէականը հայ-ռուսական հարաբերություններում այն է, որ իշխանությունները երկու երկրներում էլ առաջնորդվում են մեկ հիմնական սկզբունքով՝ ակնհայտ է մեր երկրների պատմական-մշակութային, հոգեբանական մերձությունը, բայց և ակնհայտ է, որ միջպետական հարաբերություններում հիմնվում են պետական շահերի գերակայության սկզբունքի վրա: Եվ մեր, և Ռուսաստանի պետական շահերը թելադրում են ունենալ լավ, բարեկամական հարաբերություններ, ստրատեգիական իմաստով՝ դաշնակցային հարաբերություններ: Քանի որ իշխանությունները դա հասկանում են, հայ-ռուսական հարաբերությունների խաթարման պատճառ չկա: Շատ բան կախված է նաև իշխանությունների տեսակից, եթե երկու երկրների իշխանություններն էլ մնան դեմոկրատական, սերտ, բարեկամական հարաբերությունները ավելի կխորանան:

- Ի՞նչ կարող եք ասել Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների մասին:

- ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները զարգանում են վերընթաց ճանապարհով: Հայ-ռուսական հարաբերություններին զուգահեռ անցկացնելով՝ ես պիտի անդրադառնամ մեր ներքաղաքական կյանքի մի երևույթի՝ կան քաղաքական գործիչներ և ուժեր, որ իրենց ակներև սահմանափակության հետևանքով աշխարհը դիտարկում են միայն բևեռների տեսանկյունից և այդ տեսակետը բերելով քաղաքականության ոլորտ, հայտարարում են, որ եթե Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է ԱՄՆ-ի հետ, Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ չի կարող: Եթե Հայաստանը լավ հարաբերությունների մեջ է Ռուսաստանի հետ, Եվրամիության հետ հարաբերությունները չեն կարող սերտ լինել: Սա անհեթեթություն է, որովհետև լուրջ քաղաքական գործիչները և պետությունները առաջին հերթին շահագրգռված են կայունությամբ, իսկ կայունության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ դրան ձգտող պետությունները միմյանց հետ բնականոն հարաբերություններ ունենան: Այս տեսանկյունից մեր լավ հարաբերություններն ԱՄՆ-ի հետ չեն մտահոգում մեր ռուս բարեկամներին: Խնդիրն այլ է՝ ինչպե՞ս գտնել բոլորի համար ընդունելի հավասարակշռություն: Հայ-ռուսական հարաբերությունները լինելով հատուկ ուշադրության առարկա և գտնվելով մեր քաղաքականության կենտրոնում՝ ամենևին չեն պարտադրում սահմանափակվել միայն դրանով: ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները խորանում ու զարգանում են բազմաթիվ ոլորտներում: Չմոռանանք, որ ԱՄՆ-ը այն պետություններից է, որ մեծ ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին: Նրանք մասնավորապես օժանդակում են միջազգային ֆինանսական կառույցների միջոցով՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի վրա իրենց հսկայական ներգործության շնորհիվ: Կարծում եմ՝ ես շատ պարզ եմ ներկայացնում հարցի էությունը: Եվ, այնուամենայնիվ, այսօր սա համարելով կարևոր խնդիր՝ ստիպված եմ հայ-ամերիկյան և ընդհանրապես Հայաստան-Արևմուտք հարաբերությունների կապակցությամբ մանրամասնել, մանավանդ, որ դա հաճախ է դառնում քաղաքական ՙվերլուծությունների՚ առարկա ընդդիմության կողմից և, մեղմ ասած, պարզունակ շահարկման է վերածվում՝ հույսը դնելով, թե հասարակությունը ունակ չէ հասկանալու արտաքին քաղաքականության այս կամ այն նրբությունը:

-Բայց ի՞նչն է անհասկանալի, չե՞ք կարծում, որ շահարկումն ավելի շատ է, քան՝ «չհասկանալու» գործոնը:

-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո սկսված աշխարհաքաղաքական փոփոխությունները դեռևս ընթացքի մեջ են և շատ դժվար է գուշակել, թե ինչ աշխարհակարգ է ստեղծվելու մեր տարածաշրջանում, նախկին ԽՍՀՄ-ի տարածքում, Եվրոպայում և այլուր, հետևաբար պատրաստի քաղաքական սխեմաներ հիմա գոյություն չունեն և չեն էլ կարող գոյություն ունենալ: Ակնհայտ անհեթեթություն, մանկամտության, բավարար գիտելիքների պակասի ու սխեմատիկ մտածողության հետևանք է աշխարհը երեկվա չափանիշներով դիտարկելը, ինչը որոշ «քաղաքական գործիչներ» փորձում են ներկայացնել որպես խորիմաստ դատողություններ, այն է՝ հակասությունները Արևմուտքի և Ռուսաստանի միջև շարունակվում են, հետևաբար Հայաստանը պիտի ընտրի իր դաշնակցին և եթե Ռուսաստանի հետ սերտ դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, ստրատեգիական համագործակցություն ենք իրականացնում (իսկ դա իրականություն է), ուրեմն հայ ամերիկյան, կամ, լայն իմաստով, հայ-արևմտյան հարաբերությունները չեն կարող սերտ լինել: Երկրորդեմ ասածս՝ սա ևս ողորմելի է իր էությամբ: Ես չեմ զարմանում, երբ նման հայտարարություններ են անում այնպիսի «գործիչներ», ինչպես Աշոտ Մանուչարյանը կամ Դավիթ Վարդանյանը ու իրենց նմանները, որոնց քաղաքական և ընդհանուր պատրաստվածության մակարդակը շատ ցածր է: Ամենևին դա ինձ չի զարմացնում, որովհետև ժամանակին բավականին շփվել եմ այդ անձանց հետ և գիտեմ նրանց գիտելիքների ու կրթվածության աստիճանը: Ցավում եմ, որ ստիպված եմ սա ասել, բայց Հայաստանի քաղաքացիները այս գնահատականները վաղ թե ուշ պիտի լսեն: Այնուամենայնիվ, ինձ համար խիստ զարմանալի է, որ նման մտածելակերպ է դրսևորում իրեն լուրջ գործիչ համարող Վազգեն Մանուկյանը: Համենայն դեպս այն ժամանակ, երբ նա հանդես էր գալիս որպես ՀՀՇ-ի հիմնադիրներից մեկը, եթե հիշում եք, առաջ էր քաշում երրորդ ուժի բացառման օրենքի տեսությունը: Հասկանալի է, որ դա իր տեսությունը չէր, բայց նա որդեգրել էր այդ տեսությունը: Հիմա, երբ կարդում եմ Վազգեն Մանուկյանի հերթական հարցազրույցը «Լրագրում», տեսնում եմ, որ նա ամբողջությամբ հրաժարվել է իր քաղաքական դիրքորոշումներից:

-Վազգեն Մանուկյանը հաճախ է «հրաժարվում», կոնկրետ ի՞նչը նկատի ունեք:

-Հիմա նա ասում է՝ «Եթե Մոսկվան չդիմանա Վաշինգտոնի ճնշմանը, Հայաստանի գլխին կարող է կախվել վասալի վասալը դառնալու վտանգը: Եթե Մոսկվան հաջողությամբ դիմակայի, չի հանդուրժի Երևանի ֆլիրտը Վաշինգտոնի հետ»: Նախ ճշտեմ, որ ֆլիրտ որպես այդպիսին մեր արտաքին քաղաքականության մեջ որևէ պետության հետ չունենք, կա պետական ու ազգային շահերով թելադրվող քաղաքականություն: Վազգեն Մանուկյանը մոռացել է մի ակնհայտ ճշմարտություն՝ երբ նա խոսում է հայ-իրանական հարաբերությունների մասին, ինչու՞ չի ասում, որ եթե հետևենք նույն տրամաբանությանը, հայ-իրանական հարաբերությունների խորացումը լրջորեն վտանգելու է հայ-ամերիկյան հարաբերությունները: Չէ՞ որ իր պարզունակ տրամաբանությամբ պիտի գործի նաև այս մոդելը: Արտաքին քաղաքականության իմաստը հենց ցանկացած հակասությունները հաղթահարելն է՝ ելնելով պետության շահերից, ոչ թե կառչել-մնալ քարացած-սխեմատիկ դատողություններին: Գուցե հենց մեր հաջողություններն են պատճառը, որ ընդդիմությունը ընտրությունների շեմին փորձում է քննադատական լիցք հաղորդել ՀՀ արտաքին քաղաքականությանը, որովհետև շատ պարզ է, որ եթե այսօրվա ընդդիմությունը լինի արտաքին քաղաքականության ղեկին, որ նոր կայացող պետության ամենակարևոր ոլորտներից է, իր մտավոր սահմանափակության հետևանքով ունակ չի լինի վարել գործերը: Ստիպված եմ արձանագրել այս իրողությունը ևս:

-Չե՞ք կարծում, որ Վազգեն Մանուկյանն է ֆլիրտ անում ժողովրդի հետ: Ընդդիմությանը նման քայլի մղում է ժողովրդի մեջ հաստատված երեկվա օրվա ըմբռնումների շահարկումը: Երեկվա օրվա, որը շատ ավելի հասկանալի էր, սևը սև էր, սպիտակը՝ սպիտակ, սա թշնամի էր, նա՝ բարեկամ:

-Դա էլ կա, անշուշտ: Երկրորդ կարևոր պատճառն այսօրվա աշխարհի իրողություններից անտեղյակությունն է, այսօրվա աշխարհաքաղաքական անցուդարձից կտրվածությունը և վերջապես՝ բավարար գիտելիքների, փորձի, լեզվաիմացության պակասը: Քաղաքական գործիչների զգալի մասը, մանավանդ նախընտրական շրջանում, միշտ էլ զբաղված է ֆլիրտով: Համենայն դեպս՝ այն քաղաքական գործիչների, որ չեն կարողանում լուրջ քաղաքականություն վարել ու իրենց արդեն վարկաբեկել են նախկինում պետության ղեկավար օղակներում գտնվելիս, և այժմ նրանց ոչինչ չի մնում անել, բացի ժողովրդի հետ ֆլիրտը և ժողովրդին մոլորեցնելը: Սա է այսօրվա իրողությունը, և այսօրվա ընդդիմությունն էլ, չգտնելով արտաքին քաղաքականության բնագավառում ռեալ քննադատության պատճառներ, հորինում է «տեսություններ» ու ընկնում հիմար իրավիճակների մեջ: Իսկ Վազգեն Մանուկյանը, որպես հայ քաղաքական գործիչ (եթե իրեն այդպիսին է համարում), պիտի հասկանար, որ չի կարելի օգտագործել «Հայաստանի ֆլիրտը Վաշինգտոնի հետ» և նման արտահայտություններ: Որովհետև վիրավորում է սեփական պետությանը, փորձում է, իր կարծիքով, դիվիդենտներ շահել օտար շահագրգիռ ուժերի մոտ, որ գերագույն անբարոյականություն է սեփական պետության ու ժողովրդի  հանդեպ, որովհետև անկախ այն հանգամաքից, թե ինչ ուժ է այսօր ղեկավարում Հայաստանը և ովքեր են ղեկավարներն այսօր, հարվածել պետության շահերին չի կարելի: Ուզում ես ընդդիմադիր եղիր, ուզում ես այս կամ այն ղեկավարին ատիր, եթե դու լուրջ մարդ ես, քո պետության դեմ քայլ չպիտի անես: Վազգեն Մանուկյանը, հուսով եմ, այս պարզ ճշմարտությունը հասկանում է, ուրեմն սա քաղաքականություն է, ուրեմն ուրիշ ասելիք չկա և նպատակն էլ էժան ժողովրդականություն վաստակելն է: Բայց այսօրվա «փողոցի ընդդիմությունը» մոռանում է, որ հայ ժողովուրդը վաղուց է դուրս եկել մանուկ հասակից, ժողովուրդը լուրջ ղեկավարների կարիք ունի և հոգնել է խոսքերից: Մարդիկ այնքան են խորամուխ եղել քաղաքականության մեջ, որ լավ են հասկանում՝ ով է գործ անում, ով է ջուր ծեծում:

-Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ է Հայաստանը ԵՄ երկրների հետ:

-Ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն Հայաստանի հարաբերությունները Եվրամիության երկրների հետ, մասնավորապես այն երկրների, որ ավանդաբար մեծ հետաքրքրություն են ունեցել Հայաստանի նկատմամբ՝ Ֆրանսիան, Հունաստանը: Մեր քաղաքականության, մեր դեսպանատների ակտիվ գործունեության շնորհիվ նրանց թվին են ավելացել Մեծ Բրիտանիան, Ռումինիան, Բուլղարիան, առաջիկայում, հուսով եմ, Իտալիան և Գերմանիան: Այս հարցին պատասխանելիս ես պիտի անդրադառնամ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման խնդրին և հայ ժողովրդի՝ որպես քաղաքակիրթ ազգի զարգացմանը: Առանց ինտենսիվ, խոր շփումների եվրոպական պետությունների հետ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանը դառնալու նման պետություն: Հայաստանում այսօր մշակութային կյանքը հետընթաց է ապրել (մշակույթ բառը ես գործածում եմ շատ լայն իմաստով): Սա ժամանակավոր և օբյեկտիվ երևույթ է, որ տեղի է ունենում Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններում: Մեր ազգային մշակույթի զարգացման համար անհրաժեշտ են սերտ կապեր զարգացած երկրների հետ: Ես հատկապես կարևորում եմ սերտ փոխհարաբերությունները եվրոպական մշակույթի հետ, որոնք ավելի ավանդական են ու հոգեհարազատ: Այս և ոչ միայն այս պատճառներով եվրոպական պետությունները մեր ամենակարևոր գործընկերներից են ու լինելու են առաջիկայում: Նախատեսվում է մեծ ու կարևոր աշխատանք ԵՄ-ի հետ համագործակցության համաձայնագրի շուրջ: Հուսով եմ՝ տարեվերջին համաձայնագիրը կստորագրվի և դա իրավական հիմք կստեղծի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունն ամրապնդելու ու առավել արդյունավետ դարձնելու համար:

-Հայաստանը մտադի՞ր է անդամակցել որևէ ռազմական բլոկի:

-Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ելնում է այն իրողությունից, որ աշխարհն այսօր փոփոխությունների մեջ է, և դեռ հայտնի չէ, թե այս ընթացքը որքան է տևելու: Բնականաբար, պետությունը, նրա ղեկավարները նախևառաջ ունեն մեկ՝ ամենակարևոր մտահոգություն՝ երկրի ազգային անվտանգության ապահովումը: Այդ տեսանկյունից Հայաստանի ռազմաքաղաքական գործակցությունը այս կամ այն երկրների կամ բլոկների հետ առաջնային նշանակություն է ստանում: Մեր շատ ակտիվ և կառուցողական դերը ԱՊՀ-ի ներսում պայմանավորված է առաջին հերթին այս իրողությամբ: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք մեր ռազմաքաղաքական հարաբերությունները զարգացնել նաև այլ պետությունների ու կառույցների հետ: Վկա՝ Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին:


Հայաստանը 1994 թվականին միանում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրին, ձախից՝ Արմեն Սարգսյանը, Վահան Փափազյանը

Հայաստանի պատկան մարմինները պատրաստում են այդ ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները ճշգրտելու, խորացնելու ու ավելի շահավետ դարձնելու առաջարկները: Սա պրոցես է, որը դժվարանում եմ ասել, թե երբ իր տրամաբանական ավարտին կհասնի: Ամփոփեմ՝ ազգային անվտանգության խնդիրը, լինելով ամենակարևորը, նախագահի, կառավարության, բոլոր պետական կառույցների համար, անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է, և մենք, իհարկե նկատի ենք ունենում նաև այսօրվա աշխարհաքաղաքական տեղաշարժերը:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանը 2000-ին:

-Ամեն ինչ կախված է հիմնական խնդրից՝ կկարողանա՞նք Ղարաբաղում խաղաղ ճանապարհով՝ բանակցություններով լուծում գտնել, թե ոչ: Եթե հնարավոր լինի այսօրվա զարգացումը շարունակել, այսինքն՝ վստահ լինել, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվելու, որը մեր արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է, 2000-ին մենք կունենանք անհամեմատ ավելի կայուն համակարգ, անհամեմատ ավելի ապահովված հասարակություն, անհամեմատ ավելի կրթված ժողովուրդ և համաշխարհային հանրության մեջ իր ուրույն տեղը գտած Հայաստանի Հանրապետություն: 2000-ին շատ քիչ ժամանակ է մնացել:

Հազարամյա ժողովրդի պատմության մեջ 5 տարին ակնթարթ է, 5 տարում մեծ գործեր անել դժվար է: Բայց եկեք հետ նայենք ու տեսնենք, թե նախորդ 4 տարում ինչի՞ ենք հասել: Նախ՝ ամենակարևորը՝ հայ ժողովուրդն ունի իր անկախ պետությունը, որ միջազգային հանրության ճանաչված և հարգված գործընկեր է: Ազգային առաջնահերթ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաի հարցը փաստորեն լուծման ճանապարհին է: Ցավոք, իբրև արտաքին գործերի նախարար ես չեմ կարող շատ փակագծեր բացել ու ասել, թե ինչ է արվել ու արվում այս ուղղությամբ: Ուզում եմ շեշտել, որ առաջին անգամ մեր պատմության մեջ (իդեպ՝ Տիգրան Մեծից սկսած) մենք հալածված, հսկայական մարդկային ու տարածքային կորուստներ ունեցած պետություն չենք, առաջին անգամ է, որ մենք պարտված ազգ ու պետություն չենք: Եթե որևէ մեկը կարծում է, որ դա շատ հեշտ էր անել այսքան ժամանակամիջոցում, ես նրան կհրավիրեի ու կխնդրեի դա անել: Այսօր ունենք խաղաղություն ու ունենք տնտեսության աճ: Համեմատած մեկ տարի առաջվա հետ, այսօր Հայաստանը շատ ավելի բարվոք դրության մեջ է: Խիղճը չկորցրած մարդը դա չընկալել չի կարող: Հիշենք 92-ի ձմեռը, 93-ի ձմեռը, 94-ի ձմեռը: Եվ ոչ միայն ձմեռները: Պարզ է, որ հիմնական պատճառը խաղաղությունն է, որ առաջընթացի նախապայմանն է: Ամփոփեմ՝ 2000-ին Հայաստանն անհամեմատ բարվոք վիճակում կլինի բոլոր առումներով, եթե չվերսկսվի պատերազմը:

***

…Մի պահ մոռացեք թվերը, անունները, ու՝ ի՞նչ է փոխվել: Դարձյալ աշխարհաքաղաքական փոփոխություններ՝ աշխարհում, տարածաշրջանում, դարձյալ… Չգիտեմ, թվում է՝ սովորական, պարզունակ, ոչինչ չհարցնող հարցեր եմ տվել, բայց 28 տարվա վաղեմության հարցերն ու պատասխանները չափազանց շատ են հիշեցնում այսօրվա կյանքը: Եվ ուրեմն՝ դե ֆակտո մենք դուրս չենք եկել մեր ազգային ինքնապարփակվածության արատավոր շրջանակից ու աշխարհաքաղաքական փոփոխությունները շարունակում ենք համարել ՙաղետ՚, որից պետք է պաշտպանվել, ՙմոռանալով՚, որ ցանկացած ճգնաժամ նաև զարգացման շանսեր է տալիս:    

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին