Արթուր Ութմազյան. Ես երբեք ոչ թեթևամիտ լավատես, ոչ հուսահատ հոռետես չեմ եղել - Mediamax.am

Արթուր Ութմազյան. Ես երբեք ոչ թեթևամիտ լավատես, ոչ հուսահատ հոռետես չեմ եղել
3653 դիտում

Արթուր Ութմազյան. Ես երբեք ոչ թեթևամիտ լավատես, ոչ հուսահատ հոռետես չեմ եղել


Ես «Վայրի աղջկա» սերնդից եմ, որ սիրահարված է եղել Արթուր Ութմազյանին ու Ռիչարդ Կլայդերմանի երաժշտությանը, որ մինչև հիմա էլ չի հասկանում՝ ինչու՞ հեռացավ Վայրի աղջիկ՝ Տաթևիկ Ղափլանյանը: Աշխարհում միշտ էլ ինչ-որ մեկը սոված է՝ Արթուր Ութմազյանի անկրկնելի ձայնով խոստովանված սիրուց ու երջանկությունից հրաժարվելն այդ պատճառով, մեղմ ասած, աններելի էր:  Թեկուզ Տաթևիկ Ղափլանյանի խելահեղ գեղեցիկ աչքերում ծնվող մերժումի ու ցավի ալիքների վրա… Բայց կար՝ ինչ կար… Ու դա անանց է՝ սերը, որ նրանք թողել են մի քանի սերունդների ոչ միայն հիշողության, այլև գիտակցության ու ենթագիտակցության մեջ:  

***

Արթուր Ութմազյանը չի սիրում հարցազրույցներ տալ՝ հրաժարվելու հազար տարբերակ միշտ ուներ ձեռքի տակ: 1996-ի սեպտեմբերի սկզբին համոզեցի: Ու թեև համոզել էի, հանդիպման առաջին հարցը նրանն էր. «Ի՞նչ հարցազրույց, ի՞նչ ես ուզում ինձնից»՝ միանգամից հարթելով Դուք-ի՝ դու-ի երկարաձիգ սահմանները՝ նետեց նա: «Աշխարհի, քո, իմ, կյանքի ու մարդկանց մասին»՝ պատասխանեցի նրան ներքին դժկամությամբ, որովհետև ես էլ գիտեի, որ բոլորս հոգնած մարդիկ ենք՝ ինքներս մեզնից, մեր կյանքից, իրարից, բայց ապրում ենք, ուրեմն կյանքին պահանջներ ներկայացնելուց առաջ արժանի պիտի լինենք այդ կյանքին: Եվ ուրեմն՝ հարցազրույցը հիմքում մեզնից յուրաքանչյուրի մենախոսությունն է… ինքն իր հետ:

***

-Ո՞վ է 20-րդ դարավերջի մտավորականը:

-Իսկ ինչու՞ 20-րդ: Մտավորական լինելու համար 20-րդ կամ 19-րդ դարը այնքան էլ նշանակություն չունեն: Ընդհանրապես երևի մտավորականը գոյության հավիտենական հասկացություններից է, որ աշխարհի սկզբից կա իբրև բոլորի և հենց ժամանակի անհրաժեշտություն: Մեր կյանքում եղան դեպքեր, որն ինչպես էլ անվանենք՝ հեղաշրջում, թավշե հեղափոխություն, որոշակի արժեքային փոփոխություններ հարուցեցին; Այս փոփոխությունների մեջ մտավորականն այն մարդն է, որ կարողանում է սթափ ու ազնիվ նայել շուրջբոլորը: Չերչիլն ասում էր, որ քաղաքագետները նրանք են, ովքեր կանխագուշակում են՝ ինչ պիտի լինի 5-10 տարի հետո և պիտի կարողանան բացատրել, թե ինչու՞ չեղավ: Իսկ մտավորականը պիտի ոչ թե բացատրի՝ ինչու՞ չեղավ, այլ փորձի ինչ-որ բան տեղաշարժել: Իհարկե, ժամանակը շատ սրբագրումներ է անում, բայց մտավորականի առաքելությունը միշտ նույնն է՝ հասկանալ մարդկանց ու հասկացնել կյանքը:

-Ուրեմն ինչպիսի՞ն պետք է լինի մտավորական-հասարակություն և մտավորական-պետություն հարաբերությունը:

-Չափազանց բարդ հարաբերություններ են, չափազանց անորոշ: Հիմա շատ ավելի որոշակի խնդիրներ կան, և ամեն մեկն իր տեղում պիտի կարողանա լուծել իր խնդիրները:

-Այսինքն՝ հարաբերությունների իդեալական տարբերակը չհարաբերվե՞լն է:

-Ոչ, ամեն մեկը իր տեղում իր գործը պիտի անի, իբրև պրոֆեսիոնալ՝ ազնվորեն ու անկեղծ: Ես չեմ կարող ասել՝ ի՞նչ է հասարակությունը, ի՞նչ է պետությունը: Բազմազան ու ներհակ հասկացություններ են: Ես գիտեմ՝ այս պայմաններում ինչ պիտի անեմ ես՝ իբրև թատրոնի դերասան:

-Ի՞նչ բերեցին հոգևոր ոլորտ շուկայական հարաբերությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին «այս պայմանները»:

-Դժվարությունների մասին չխոսենք, բոլորս լավ գիտենք, ապրել ենք: Երբ փոխվում է հասարակարգը, փոխվում են սկզբունքները, ամեն ինչ դժվարանում է: Բայց և հիմա ամեն ինչ աստիճանաբար բնականոն հուն է վերադառնում՝ այն խնդիրները, որ 3 տարի առաջ դժվար էր լուծել, արդեն հնարավոր է լուծել: Այդ խնդիրներից մեկը թատրոնի կեցության, կարգավիճակի ճշտումն է, և ոչ միայն թատրոնի՝ մշակույթի ընդհանրապես: Շուկայական հարաբերությունների արդյունքում շատ ավելի հեշտ ու եկամտաբեր դարձավ հանրամատչելի արվեստը, որ նույնպես պահանջարկ, ուրեմն և գոյության իրավունք ունի: Թեպետ ինձ, և շատ-շատերին ոչինչ չի տալիս և դրա կողքին տուժում է այն արվեստը, որը միայն տեսողական ու լսողական ընկալմանը չի միտված և իմաստավորման, ընդհանրականից սեփականը դառնալու ճանապարհ է ենթադրում: Այդ արվեստը միշտ կարիք ունի պետական ֆինանսավորման, և ամբողջ աշխարհում այդ արվեստով ոչ ոք գումար չի վաստակում: Իդեալական բանաձևը մեծ արվեստով մեծ գումար վաստակել և այդ գումարով մեծ արվեստ պահելն է: Ցավոք, այս բանաձևը մեզ համար առայժմ տեսական է միայն: Եկամտաբեր են շոուները, հանրամատչելին, զվարճալիքը: Որոշակի ծանր պայմաններում ժողովուրդը ավելի հակված է թատրոնում ժամանց գտնել, քան խորհրդածել: Ամբողջ աշխարհում է այդպես: Տարբեր ելքեր են գտնում: Ես չեմ վախենում արվեստի առայժմեական «փոխակերպումից»: Մշակույթի որոշակի արժեքներ պիտի ապահովվեն պետական լրավճարով, և լրավճարը պիտի լիարժեք գործելու հնարավորություն տա: Իսկ թե հետո ո՞րը կգոյատևի, կորոշի ժողովուրդը, և՝ ժամանակը: Ես համոզված եմ՝ ժողովուրդը ինքը կընտրի, ժողովուրդը օվկիանոսի պես ինքնամաքրման հատկություն ունի: Բոլոր դեպքերում՝ պետության հովանավորությունն է պետք: Երևանի դրամատիկական թատրոնը քաղաքապետարանի թատրոնն է, իսկ քաղաքը, ինչպես հանրապետությունը, շատ և շատ այլ խնդիրներ ունի լուծելու: Նաև լուծել է: Հիմա հասարակական գոյության այն ժամանակն է, երբ կարող են լուծվել այս հարցերը և լուծվել պետական մակարդակով: Մի թատրոնը փրկելով՝ չի փրկվի թատերական կյանքը: Համակարգված վերաբերմունք է պետք: Երևանի մարզպետը մեզ բավականաչափ գումար է հատկացրել նոր ներկայացման համար, անչափ շնորհակալ ենք, դա մեզ համար շատ կարևոր է, բայց դա հարցի լուծում չէ: Մի ներկայացում բեմադրվեց, հետո՞: Մի ներկայացման պետպատվերով թատրոն չի պահվի: Իսկ դա արդեն միայն քաղաքապետարանի խնդիրը չէ, լուծումը պետական մակարդակով պիտի տրվի:

-Ո՞րն է թատերական կյանքի ճգնաժամի պատճառը, միայն դրամի բացակայությու՞նը:

-Թատրոնը հանրապետության մի մասն է, երկրի բոլոր ցավերն անցնում են թատրոնով: Միայն ներկայացումը մի համարեք թատրոն, չափազանց բարդ մեքենա է թատրոնը, նրա պահպանությունը հիմնականում կապված է դրամի հետ, և դա նյութական հարաբերություն է, բայց և թատրոնի պահպանության գերխնդիրը հոգևոր արժեքների ստեղծումն ու պահպանումն է: Ահա և ստեղծվում է մի շրջանակ, որ առանց նյութի կորչում է ոգին, իսկ առանց ոգու սպառվում է նյութը: Եվ հետո՝ հեղինակազրկվել է դերասանի մասնագիտությունը, շատ այլ մասնագիտություններ, որոնցով հնարավոր չէ տուն պահել: 4000 դրամ աշխատավարձով դերասանը հազիվ թե մինչև վերջ նվիրվի թատրոնին և կարողանա պրոֆեսիոնալ մնալ: Կենցաղը շատ է խեղդում: Ամենամեծ դժվարությունը չհոգնելն է, ներքին անընդհատ պայքարը՝ որ քեզ պոկես կենցաղից ամեն անգամ բեմ դուրս գալիս, ամեն անգամ փորձի գնալիս: Փորձի ժամանակ մաքուր պիտի լինես: Առանց երևակայության, առանց թռիչքի քեզ չես գտնի: Կենցաղը գետնում է: Արվեստը երկինք է ուզում: Հոգնում ես: Ուժեր էլ կան: Մտքեր էլ կան: Կինոստուդիան քանի տարի պարապուրդի մեջ է, ֆիլմեր են սկսվել, հոյակապ ֆիլմեր, կիսատ են մնացել: Ուղեղով հասկանում ես, բայց արվեստագետը չի կարող միայն ուղեղով ապրել:

-Բոլորս էլ չենք կարող միայն ուղեղով ապրել:

-Առավել դժվար է արվեստագետի համար, նա կենցաղում առավել անօգնական է:

-Ես համաձայն չեմ մտավորականի այդ կերպարին, չեմ ընդունում այդ իմիջը՝ անպաշտպան, միշտ հարվածի տակ հայտնվող մարդու, որ սպասում է ինչ-որ բանի, որ իվերջո չգիտի՝ ի՞նչ անել, ինչպե՞ս ու ինչու՞ ապրել…

-Ճշտեմ՝ խոսքը կենցաղի մասին է: Եվ ապացուցեմ՝ այդպես չէ, այլապես մեր դրամատիկական թատրոնն այսօր չէր լինի, պահեցինք, չէ՞, չորս տարի եղանք, խաղացինք: Այո, այսօր մեզ համար դժվար է, բայց հուսահատ չենք: Եթե հուսահատ լինեինք, թատրոն չէր լինի:

-Բեմ դուրս գալիս ի՞նչ եք մտածում, ի՞նչ եք ուզում ասել հանդիսատեսին:

-Պիեսի ընտրությամբ, փորձերի ընթացքում այդ ասելիքը ձևավորվում-բյուրեղանում է, և ամեն անգամ բեմ դուրս գալիս չէ, որ ես որոշում եմ իմ ասելիքը: Առավելևս, որ իմ կարծիքով դերասանը չպետք է հանդիսատեսին ինչ-որ բան ասի՝ սովորեցնելու, ուսուցանելու իմաստով: Նա պիտի ապրի իր հանդիսատեսի հետ, իր հանդիսատեսի համար բեմում վերստեղծելով մի աշխարհ, որտեղ աշխարհի բոլոր հակամարտությունների մեջ հանդիսատեսը ինքը պետք է կողմնորոշվի:

-Ա՞յդ պատճառով եք դարձել դերասան:

-Նաև: Դա հիվանդություն է, որ հանգիստ չի տալիս, եթե իրենով չես զբաղվում: Շատ հաճախ մասնագիտությունն է ընտրում քեզ, բայց դերասան դառնալը ներքին պահանջ է, ներքին անհրաժեշտություն, թեպետ կարող է շլացնել արտաքին փայլը, ամեն ինչ ձեռք է բերվում տքնանքով: Հեշտ չէ դերասան լինելը, ամեն անգամ քեզնից մի մաս պոկում ես, մի մաս թողնում ես բեմում:

-Դա հրաշալի է:

-Իհարկե, հրաշալի է:

-Գուցե թատրոնի հրաշքը հենց դա՞ է, որ դու մնում ես նրանց մեջ ու նրանց հետ, ովքեր եկել էին տեսնելու քեզ ու քո արածը:

-Եթե կարողանում ես: Գործը գրվում է մեկ օրինակով, քո գործը դառնում է բազմացնելը: Հերթական անգամ բեմ դուրս գալիս դու … ավելացնում ես քո արցունքի ու քո ծիծաղի «տպաքանակը»:

-Հայաստանը և Դուք 2000 թվականին:

-Ընդամենը 4 տարի է մնացել, որը շատ քիչ է: Ես երբեք ոչ թեթևամիտ լավատես, ոչ հուսահատ հոռետես չեմ եղել: Վստահ եմ, որ կամաց-կամաց ամեն ինչ իր տեղն է գտնելու: Շատ լավ ներկայացումներ են լինելու: Եվ ես էլ Երևանի դրամատիկական թատրոնում, ինչպես վերջին 26 տարին, խաղալու եմ: Իմ ամենալավ դերը: Գիտե՞ք՝ ինչն եմ կարևորում առաջիկա անելիքներում: Մենք չենք կարողանում մեր ստեղծածը օտարին ներկայացնել: Ընդհանրապես չենք կարողացել: Թե մեր, թե մյուս թատրոններում եղել են բեմադրություններ, որ կարող էին աշխարհի բոլոր բեմերում ներկայացվել: Հեղափոխություն չէինք անի, չէինք փոխի աշխարհի պատկերացումները թատրոնի ու դերասանի մասին, բայց փոքրիկ, գավառական թատրոնի տպավորություն, վստահ եմ, չէինք թողնի:

-Մե՞նք չենք կարողացել, թե՞ աշխարհը մեզ չի ցանկացել տեսնել:

-Մենք չենք կարողացել, մենք տեր չենք կանգնել ու չենք արժեքավորել մեր ունեցածը: Հիմա էլ ունենք այդ արժեքները, փորձեր արվում են, բայց Հայաստանից դուրս մենք խաղում ենք սփյուռքահայերի համար, դա լավ է և շատ անհրաժեշտ է, բայց քիչ է, արդեն վաղուց շատ քիչ է: Մենք շատ հաճախ տապակվում ենք մեր յուղի մեջ, իսկ դրանից խնձրհամում ես: Դա «թշվառության փիլիսոփայություն» է՝ պիտի ասեր Պարույր Սևակը: Փառատոների պիտի մասնակցել: Տարիներ առաջ վրացիները բեմադրեցին «Կովկասյան կավճե շրջանակը» փայլուն ներկայացումը և այդ մեկ ներկայացումով ամբողջ աշխարհը պտտվեցին: Նույնը՝ «Ապաշխարանք» ֆիլմը, որ դարձրին վերակառուցման, դեմոկրատիայի, հրապարակայնության, չգիտեմ էլ ինչի խորհրդանիշ: Դու պիտի տեր լինես քո հարստությանը՝ դա պիտի լինի քո քաղաքականությունը իբրև արվեստագետ: Մենք մի քիչ առեղծվածային ենք՝ քարոզում ենք մի բան, անում ենք՝ այլ, մեր խորհրդանշաններն էլ մի քիչ առեղծվածային են…

-Հայաստանի խորհրդանիշը Ձեր կյանքում:

-Տունս, փողոցս, մանկությունս, թատրոնս, ապրածս կյանքը, Երևանը: Ես շատ եմ սիրում Երևանը, շատ, ու կարոտում եմ՝ շատ, շատ…

…Կասե՞ք, որ հարցազրույցն արվել է 27 տարի առաջ:

***

2000-ին Երևանի դրամատիկը բեմադրեց Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» պիեսը: 2000-ի սեպտեմբերի 19-ի «ՀՀ»-ի համարում ես գրախոսել էի ներկայացումը «Հուդա, իմ ու քո ժամանակը» վերնագրով.

«…Այս ամենի մասին գրելը ամենադժվարն է, ամենաանշնորհակալը, որովհետև միշտ էլ մարդը գերադասում է իր հոգու, իր հավատի, իր սիրո ու իր ինքնության հետ մենակ մնալ: Եվ գուցե դա այն միակ կացարանն է, որ մարդն իրավունք ունի ոչ մեկին ներս չթողնել՝ իր հոգին: Եվ որովհետև արգելված պտուղ է, ամենագայթակղիչն է: Ուստի արվեստն առաջին թիրախ ընտրում է ոչ թե միտքը, այլ՝ հոգին: Երբեմն հարվածը ստացվում է, հիմնականում վրիպում է: Բարեբախտաբար: Այլապես հոգու բոլոր խնդիրներն էլ բարեհաջող լուծելուց հետո ոչինչ չէր մնա ինքնաբազմակրկնությունից բացի: Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Աստծո, չարի ու բարու իր հաստատված պատկերացումը, որ պատկերացում է հենց մեր մասին ու մեր ապրած-ապրելիք կյանքի: Կամ՝ իրականը, կամ՝ իդեալականը: Ճակատագրի հարց է:

Սովորաբար գրողները քիչ են անդրադառնում աստվածային թեմաներին: Նախ՝ Աստվածաշնչում ամեն ինչ ասված-հաստատված ու նույնիսկ հերքված է, ու հազիվ թե ավելացնելու որևէ բան մնացել է: Հետո՝ իրական հերոսները հիմնականում բավարարում են իրենց ասելիքը արտահայտելուն: Ավելացրած, որ շատ ավելի ընկալելի ու ըմբռնելի են ընթերցողի համար: Հետո թերևս անհիմն պատասխանատվություն ու ինքնամեծարանք է Աստծո մասին գրելը: Որովհետև ի՞նչ ես ավելացնելու այն ամենին, ինչ հայտնի է: Եթե ոչինչ, ինչու՞ ես գրում, եթե պիտի բացատրես հայտնին, ո՞վ ասաց, որ ճիշտը դու ես: «Ստեղծագործությունը որոնում է» պատճառաբանությունն այս պարագայում արդարացում չէ: Եվ, այնուամենայնիվ, արվեստագետները ձգվում են դեպի Աստծո թեման, հավանաբար դեպի կրակը թռչող թիթեռնիկի անբացատրելի օրինաչափությունն է:

Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» երկու գործողությամբ դրաման: Նույնիսկ այս թատրոնի համար համարձակ քայլ է: Եվ համարձակությունն ավելի շատ վերաբերում է թեմայի ու պիեսի ընտրությանը, բեմական մնացած հարցերում թատրոնը խնդիր չունի: Բայց ահա թեմայի ու պիեսի ընտրությունը երևի իր գոյության 33 տարվա պատմության մեջ առաջին անգամ թատրոնին որոշակի կաղապարների մեջ է դրել, և թատրոնը դադարել է թատրոն լինել՝ խաղի իմաստով: Իհարկե, թատրոնը պայմանականություն է: Իհարկե, ամեն պայմանականություն իր կանոններն ունի: Այս ամենը պարզ ու ընդունելի է: Բայց այդ պայմանականությունը ձանձրալի է դառնում, երբ դերասանը ստիպված է անվերջ ցիտատների պինգ-պոնգ խաղալ՝ «մոռանալով», որ ասմունքող չէ, և հայտնի ճշմարտությունների պաթետիկ կամ անտարբեր արտաբերումը հազիվ թե ինչ-որ բան է ավելացնում նրանց ճշմարտացիությանը: Ասվածը հիմնականում վերաբերում է Հիսուսի կերպարին: Խեղճ Հրաչյա Հարությունյանին պիեսով պարտադրված պրոկրուստյան չափանիշները դարձրել են խաղատիկնիկ՝ նա կամ ձիգ կանգնած աստվածաշնչյան տեքստեր է արտաբերում, կամ՝ գալարվում ու ճչում, որ անհարիր է դառնում Աստծո պատկերացումին, կամ էլ «Հայր մերն» է արտասանում, ու երևի եզակի դեպքն է աշխարհում, որ արժանանում է …ծափերի: Վաստակած: Իր ազնիվ ջանքի ու չարչարանքի համար, որ իրականում պիտի վարձատրվեր ոտքի կանգնած հանդիսասրահով, բայց երևի թատերական կուլտուրան միշտ չի համապատասխանում բեմական մտահղացմանը: Եվ անգամ ռեժիսորական հնարքը՝ ուղղակի դիմել հանդիսատեսին ու հայտարարել, որ դերի ամենադժվար պահն է ու դերասանը հանդիսատեսի օգնության ու ըմբռնումի կարիքն ունի, չի փրկում: Նույնիսկ խաչված Հիսուսը չի համոզում: Հիսուսը ընդամենը միջոց է՝ ապացուցել, որ սատանան հաղթող է: Հիսուսը միջոց է՝ ցույց տալ մարդու երկվությունը՝ չարի ու բարու հավիտենական մենամարտը, թե՝ գոյամարտը: Եվ արդեն՝ հաստատ՝ այս Հիսուսը Աստված չէ, ում հավատաս, ում քոնը համարես ու քեզ՝ իրենը: Եվս մի պայմանականություն է Հիսուսի խաչելության տեսարանը, որից գուցե արժեր խուսափել, որովհետև հակառակ սպասումների, չի դառնում ներկայացման բարձրակետը, որովհետև Հուդան ու սատանան ավելի մեծ ու կարևոր ասելիք ունեն: Հատկապես՝ սատանան: Ի տարբերություն Հիսուսի, ում հոգին միշտ տխուր է իր իսկ խոստովանությամբ, որ միայն պատասխաններ ունի, սատանայինը նաև հարցեր են: Հուդան ևս հարցեր ունի, և՝ անվերջ հարցեր: Հուդան ուզում է հասկանալ՝ ինչու՞ է Հիսուսը ճամփան ու ճշմարտությունը, և ինչու՞ ինքը այլևս անելիք չունի: Ինքը, որ ընդամենը կատարել է Հիսուսի կամքը: Ոչ՝ Հոր, Տիրոջ կամքը: Որովհետև ամեն ինչ որոշված էր ու գրված էր ի վերուստ: Ո՞վ էր Հուդան, որ հակառակվեր, երբ հպատակ էր նույնիսկ Հիսուսը: Արթուր Ութմազյանի Հուդան կենտրոնական կերպարն է: Հիմնականում ի հաշիվ անզոր ու պաղարյուն Հիսուսի: Ութմազյանը լավ է խաղում, նույնիսկ արտակարգ, փառահեղ, նրա լացն ու ծիծաղը բնական են ու օրինչափ: Օրինաչափ է և նրա պահանջը Հիսուսից՝  եթե սիրում ես ինձ, մի տարբերվիր ինձնից: Օրինաչափ ու անհնար: Արդյունքում՝ Հուդան է համոզում, որ Հիսուսը պետք է այդպես ապրի ու այդպես մեռնի: Հուդան է մեր միջի մարդը, մեր կողքինը, մերը, գուցե մենք իսկ՝ մեր ամբողջ ակամա ստորությամբ, դաժանությամբ, տառապանքով ու զղջումով, երջանկության ու սիրո որոնումով: Մենք ենք: Մե՞նք ենք: Ուրեմն՝ ինչու՞ մենք նրա կողմնակիցը չենք: Վերջիվերջո՝ ի՞նչ է հաստատում այս պիեսը, ի՞նչ են ուզում ասել դերասանները: Հենց այս երկվությու՞նը: Այն, որ Ադամի ու Եվայի օրերից նույնիսկ իմացության ծառի պտուղը դեռ չճաշակած՝ մարդուն բնորոշ է եղել հակադրամիասնությու՞նը: Իսկ ո՞վ այդ չգիտի: Ու՞մ համար է Հուդան մեկին մեկ գումարում ու երկուսից մեկ հանում՝ ամենաուղղակի իմաստով: Ինչու՞ է սատանան իրեն կոտորում՝ ապացուցելու, որ Հիսուսը չի վերադառնալու, որ նա նոր ասելիք չունի և ընդհանրապես անիմաստ է առանց ասելիքի վերադարձը: Ինչու՞ Հիսուսի կողքին չեն մայրը կամ գոնե Մարիամ Մագթաղինեցին: Ինչու՞ կանացի սկիզբը և կանացի գիրկը իր ջերմությամբ, նվիրումով ու ըմբռնումով տրվում են Հուդային: Որովհետև նա ավելի մարդկայի՞ն է, ու նա իբրև մարդ այդ ամենի կարիքն ունի՞, իսկ Հիսուսն իբրև Աստված ինքն իր գլխի ճարը կտեսնի՞: Եթե նույնիսկ այդպես է, ինչու՞ է Հիսուսը զրկվել իր աշակերտներից, որոնք, ինչպես հայտնի է՝ 12-ն էին, ոչ թե 9-ը: Որովհետև Հիսուսը «մտքի վտա՞նգ» է, պետք է հնարավորինս վնասազերծել, իսկ «Երջանկությունը կրկնության մեջ է», եթե նույնիսկ հասկանում ես, որ դու ընդամենը խաղալիք ես, կամ՝ խաղալիքի խաղալիք; Վերջ:

Բայց ներկայացումը ներկայացում է, և նույնիսկ ակնհայտ անիմաստություն ապացուցելու համար ջանք է պետք, ու… խաղում են, փայլուն են խաղում: Արթուր Ութմազյանը ակներևաբար սիրում է իր Հուդային, չի մեղադրում ու չի խորշում, որ նա, ինչ բացատրություն էլ գտնվի, մատնիչ է: 30 արծաթը, իհարկե, խորհրդանիշ է ու մատնության ծիծաղելի դրդապատճառ, խնդիրն ավելի խորքային է՝ խնդիրը մենք ենք, որ մեր մեջ հիսուսներ ու հուդաներ ամբարած՝ հայտնի չէ ուր ենք գնում: Արմեն Բարսեղյանի սատանան նույնիսկ սիրելի է դառնում, որովհետև ամենից քիչ է հիշեցնում լարովի տիկնիկի սինդրոմը: Եթե նույնիսկ նա լարովի է, խաղավարն ինքն է: Սատանան համարյա թե Հիսուսի կրկնակն է՝ գրականության մեջ ընդունված է մեկ հերոսի երկու և ավելի կերպարների կերտումը: Պերճ Զեյթունցյանը սիրում է այդ հնարքը, եթե հիշենք փառահեղ «Արշակ Երկրորդ» վեպը, Արշակի հենարան ու մեկնաբան կերպարներ էին իր հետ ճատրակ խաղացող մանկության ընկերն ու հավատարիմ Դրաստամատը:

Պիեսին պատմականության պատրանք ու ներկայացմանը թատրոնի պատրանք են հաղորդում Վլադիմիր Մսրյանի տիպիկ հռոմեացի Պիղատոսն ու Գուժ Մանուկյանի տիպիկ հրեա Հերովդեսը: Եվ երկուսի հայտնությունն էլ բեմում տոն է դառնում: Լևոն Շարաֆյանի Կայիափան կարծես բոլորին ի մի բերող ու մեկ գործողության մեջ համակցող կերպարն է, մարդ, որ հանուն գաղափարի պատրաստ է ամեն ինչի, առավելևս, որ այդ գաղափարի հենքը նախանձն է: Իշխանատենչությունը: Այս թատրոնում, որպես կանոն, դերասանական խաղը վարպետության չափանիշ է եղել միշտ, ու ավանդույթները պահպանվում են: Եվ դա վերաբերում է բոլորին՝ գլխավոր ու երկրորդական բոլոր դերակատարներին:

Եվ, այնուամենայնիվ, «Հիսուս Նազովրեցին ու նրա երկրորդ աշակերտը» խոստանում է ու չի դառնում դարակազմիկ ներկայացում: Հավակնում է ու չի համոզում, ձգտում է ու չի հասնում ոչ մարդային ստորության ստորին, ոչ աստվածային զորության վերին սահմանների պատկերմանը: Բացառված չէ, որ հենց դա է եղել ռեժիսորի խնդիրը՝ այդ երկվության, այդ անորոշության ու դիֆուզ վիճակի ճշգրիտ պատկերը: Գուցե: Բայց 20-րդ դարավերջին իր 2000-ամյակին թե Հիսուսն էր ավելիի արժանի, թե քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակը նշող հայերս: Կամ էլ՝ ազգային մաքսիմալիզմի դիրքերից՝ ում սիրում ենք, նրանից առավելագույնն ենք պահանջում»:

…Գրախոսության հրապարակումից հետո… Արթուր Ութմազյանն ինձնից նեղացել էր: Ու նեղացել էր այնքան, որ զանգահարեց՝ ասելու, որ ես չեմ հասկացել պիեսի ու ներկայացման իմաստը: Նա ինձ բացատրում էր Հուդայի կերպարի նորովի մեկնաբանման կարևորությունը, պիեսի աննախադեպությունը հայ գրականության մեջ ու բեմում՝ առավելևս: Համաձայն չէր, որ Հիսուսը համոզիչ չէ: Ես առարկում էի, որ Հուդայի հետ խնդիր չունեմ, խնդիրը Հիսուսի կերպարի երկրորդականությունն է՝ չի ստացվել կերպարը: Ու մեղավորը Հրաչյա Հարությունյանը չէ, այլ՝ Պերճ Զեյթունցյանը, որ կենտրոնանալով Հուդայի կերպարի մեկնության վրա, Հիսուսին թողել է ինքնահոսի՝ մարդ, որ Աստվածաշնչյան տեքստեր է արտասանում ու անհատականություն չի դառնում, Աստծո որդի ու Աստված չի դառնում: Ի հետևանս՝ Հուդան է դառնում ներկայացման առանցք ու թատրոնից հեռացած հանդիսատեսը իր հետ տանում է ոչ թե Հուդա-Հիսուս պատմությունից եզրակացություն անելու անհրաժեշտությունը, այլ՝ փառահեղ Հուդայի հիշողությունը: Ոչ ինքն ինձ, ոչ ես իրեն չհամոզեցինք: «Արի ու նորից նայի ներկայացումը, կտեսնես, որ դու սխալ ես»՝ նոտայի վրա ավարտեցինք խոսակցությունը: Չգնացի: Ոչ այն պատճառով, որ սխալներս չեմ ընդունում, համոզված էի, որ ես ճիշտ եմ՝ թեկուզ 10 անգամ նայեմ դերասանների փայլուն խաղը՝ անհամոզիչ պիեսում:

***

Հետո ես հեռացա լրագրությունից ու թատրոնի հետ իմ հանդիպումները միայն բեմ-հանդիսատես շրջագծում էին, այլևս կուլիսներ չէի գնում…

ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, Հայաստանի պետական մրցանակակիր Արթուր Ութմազյանը այսօր էլ բեմ է բարձրանում իր թատրոնում, ու դա արդեն հրաշալի պատմություն է՝ ԹԱՏՐՈՆԻ ու ԱՐՏԻՍՏԻ կյանքում, որ անբաժան են իրարից ու իրար հետ դարձել են մեր կյանքի ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: Ես հիմա էլ գնում եմ դրամատիկ ու նախընտրում եմ այն ներկայացումները, որ բեմ են տրամադրում Արթուր Ութմազյանին: Գուցե այն պատճառով, որ նա և իմ սերունդը համատեղ է անցել երիտասարդություն-հասունություն ճանապարհը ու մոտեցել է ծերությանը: Իսկ արժանապատիվ ծերանալը ամենաիսկական արվեստ է: Եթե կուզեք՝ ներկայացում, որտեղ դու և պիեսի հեղինակն ես, և՝ ռեժիսորը, և՝ դերասանը, և՝ հանդիսատեսը: Չգիտեմ: Ես շնորհակալ եմ դրամատիկի ռեժիսորին ու դերասաններին, որ ինձ համար պահպանել են թատրոնի անհրաժեշտությունն ու համը: Ինձ պահել են իբրև հանդիսատես, որ առանց թատրոնի իրեն կիսատ է զգում:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին