Մկրտիչ Սարգսյան. Գրականությունը մարդկության ճանապարհն է - Mediamax.am

Մկրտիչ Սարգսյան. Գրականությունը մարդկության ճանապարհն է
3404 դիտում

Մկրտիչ Սարգսյան. Գրականությունը մարդկության ճանապարհն է


1999-ի ընտրարշավի օրերն էին, ու երբ ասացին, որ հարցազրույց է պետք Մկրտիչ Սարգսյանի հետ՝ 75-ամյակի առիթով Գրողների միությունից են խնդրել, համաձայնեցի ներքին դժկամությամբ՝ գործը շատ էր, հոգնում էի: Բաղրամյան փողոցի նրա տանը ինձ ընդունեցին սրտաբաց, 75 տարեկանն այն ժամանակ ինձ համար զառամյալ ծերություն էր, բայց իմ դիմաց բնավ էլ ծերունի չէր, առավելևս՝ զառամյալ: Սիրալիր, իմաստուն մարդ էր, որ գուցե հանճարեղ գրքեր չէր գրում, բայց գիտեր գրականության համը: Մարդ, որ ճանապարհը հայ գրականության ասպարեզում սկսել էր իբրև բանաստեղծ, հետո անցել էր արձակին: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ էր, ՀԽՍՀ, ԼՂՀ պետական մրցանակների դափնեկիր, 40 գրքի հեղինակ…

***

«Երգեր» էր կոչվում 1957-ին հրատարակված բանաստեղծությունների գիրքը: Պարզապես երգեր: 1959-ին՝ նոր գիրք՝ «Գետակ», դարձյալ բանաստեղծություններ: 1963-ին մեծ արձակը արդեն Մկրտիչ Սարգսյանին առել էր իր հունի մեջ՝ «Կյանքը կրակի տակ» ծավալուն վեպը, «Շատ եք փոխվել, աղջիներ» պատմվածքների ժողովածուն, հետո դարձյալ բանաստեղծություններ՝ «Կարոտի երգ»: 60-70-ականները մեծ վեպերի ժամանակներ էին՝ «Ճակատագրով դատապարտվածները» «Սերժանտ Կարոն», «Ճանապարհ», «Քաջ Նազար», «Խաղաղություն՝ պատերազմից առաջ»: Բանաստեղծության ու վեպի շրջագծում երկար մի կյանք՝ Մկրտիչ Սարգսյանը արդեն 75 տարեկան է: Երկար ու կարճ մի կյանք՝ հայտնություն-կորուստներով, լավ ու վատով, հիշողությամբ, որի ափերին մարդիկ էին ու իրադարձություններ՝ երկիրն ու պատմությունը:

-Ո՞վ եք Դուք ըստ Ձեզ:

-Մարդ, սովորական մարդ՝ մի քիչ անսովոր կենսագրությամբ: 75 տարեկանում այդ մասին խոսելը հեշտանում է: Ծնվել եմ Ջավախքում, և հենց սկզբից կյանքն իր դառնահամը զգացնել է տվել՝ հայրս շատ վաղ մահացավ: Մայրս ջահել, գեղեցիկ, անուշ կին էր, ամուսնացավ և ինձ ու եղբորս հետը տարավ: Ես խանդում էի մորս, որ իմ հայրը չէր նրա ամուսինը: Իմ խորթ հայրը վատ մարդ չէր, միայն մի վատ սովորություն ուներ՝ երբ չարություն էի անում, իսկ ես շատ էի չար, ինձ հայհոյում էր՝ «Ես քո մեռածը»: Ու այդ օրը կոտրվում էին մեր տան բոլոր ապակիները: Ես շնորհակալ եմ այդ մարդուն, որ հաց տվեց այդ ծանր տարիներին՝ 30-ականների առաջին կեսն էր: Հունիսի 20-ին ստացանք միջնակարգի ավարտական վկայականը, 22-ին սկսվեց պատերազմը: Իսկ ես ուզում էր կրթություն ստանալ, բանաստեղծ դառնալ: …Կամավոր գնացի բանակ: Այնպես հեշտ էր թվում պատերազմը, մեր քարոզչությունն այնպես էր ներկայացրել, որ համոզված էինք՝ գլխարկներս թափ տանք, ֆաշիստները կպարտվեն: Միջնակարդ կրթություն ունեի ու ինձ ուղարկեցին Մախաչկալայի ռազմական ուսումնարան, 1-2 ամիս հազիվ էինք սովորել, գերմանացիներն այնպես ռմբակոծեցին քաղաքը, որ մեզ թիկունք տեղափոխեցին՝ Վրաստան, Մանգլիս, ուր և սովորեցինք ու ընդգրկվեցինք նոր կազմավորվող Երրորդ ուկրաինական ռազմաճակատում:



…Պատերազմում մարդիկ չկան, կան նախահարձակ լինող գազաններ՝ սրված բնազդով՝ սպանել, որովհետև եթե թշնամուն, զինված թշնամուն չսպանես, ինքը քեզ կսպանի: Պատերազմում սիրում են միայն մեռած զինվորներին: Ինչքան են գրել պատերազմի մասին, գուցե դեռ կշարունակեն գրել, բայց ամենաահավորն այն է, որ պատերազմում մարդու մեջ մարդը մեռնում է: Երկու անգամ վիրավորվելուց հետո զորացրվեցի և այնքան վատ էի զգում, որ կողքիս լուցկի վառեին՝ մեռնում էի՝ նյարդերս այնքան պրկված էին: Ինքս ինձ բժշկեցի: Ջրվեժով: Իմ օրաբաժին հացը վերցնում էի ու գնում ջրվեժում լողանալու, մի քանի ամսում գետն ու ջրվեժն ինձ բուժեցին: Երկու տարի ռազմագիտություն և հայերեն ու գրականություն դասավանդեցի դպրոցում: Հետո եկա Երևան, ընդունվեցի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Լավ ուսանող էի, անվանական թոշակառու: Ավարտեցի, ամուսնացա, տուն-տեղ, աշխատանք, պաշտոններ՝ կենտկոմի հրահանգիչ մամուլի գծով, ՙԳրական թերթի՚ խմբագիր, Պետհրատի գլխավոր խմբագիր: Այդ 10-15 տարին իմ կյանքի լավագույն տարիներն էին: Հետին թվով հերոս չխաղանք, բայց արդեն այդ ժամանակ նկատելի էր, որ կուսակցական ընտրանու մեջ 30-ականների ավանդները կոտրված են, կարելի էր գործ անել: Նկատողությունները հայտարարվում էին, բայց ունեին շքանշանի արժեք, և դա երկուստեք պարզ էր:

-Փորձենք համեմատել՝ այն ժամանակ, երբ նոր-նոր մտնում էիք գրականություն և հիմա՝ մեր օրերում՝ ի՞նչ տարբերություններ կան գրողի դերի, առաքելության, մտավորականի կերպարի միջև:

-Այն ժամանակ գրողը դեմք էր: Գրողի խոսքը վճռական նշանակություն ուներ, եթե ճիշտ էր ու սուր: Շատ մեծ էր գրողների ներգործությունը հասարակական կյանքի վրա: Հիմա՝ ոչ: Հիմա կարծես գրողներ էլ չկան: Չասենք՝ մշակույթը մեռնում է, գրականությունը վերանում է: Չասենք, որովհետև այդպես չի կարող լինել, բայց և որոնենք մեր այսօրվա գրականությունը, ի՞նչ ենք գտնելու… Պանթեոնում այնքան շիրիմներ են ավելանում: Իմ բոլոր ընկերները գնացել են, մնացինք մի բուռ՝ ինձնից 5 տարի մեծ Սիլվա Կապուտիկյանը, Անահիտ Սահինյանը, էլի մեկ-երկուսը… Մեր սերնդի հետ հեռանալու է գրականության մեր ընկալումը, մենք գրողներ էինք, երբ կար խորհրդային իշխանությունը: Ես խորհրդային կարգերի պարտիզան չեմ: Նրանք չէին էլ թաքցնում, թե մենք իրենց ինչու՞ ենք պետք: Բայց մենք պետք էինք՝ հասարակական-քաղաքական կյանքում մենք մեր տեղն ունեինք: Գրողերի հասարակական դերը մեր օրերում …մեռավ:

-Չե՞ք կարծում, որ գրողներն էլ են մեղավոր: Եթե հասարակությունը հիվանդ է, այդ հիվանդության մեղքը նաև գրողներինն է:

-Կարծում եմ: 10-12 տարում ով ասես դարձավ Գրողների միության անդամ, ի՞նչ պատասխանատվություն պահանջես նրանցից: Գրողը պետք է գրելու հնարավորություն ունենա: Անհամեմատելի ժամանակներ ենք ապրում: Մշակույթն ընդհանրապես արժեզրկվում է: Մեզ բանի տեղ չեն դնում:

-Բայց ո՞վ պիտի  բանի տեղ դնի:

-Նրանք, ովքեր երկրի հոգևոր-գաղափարական կյանքի կազմակերպիչներն են:

-Հազիվ թե որևէ մեկը բանի տեղ դնի, եթե ինքդ տեր չես: Ընդհանրապես ի՞նչ է նշանակում այսօր տեր լինել արվեստում:

-Չգիտեմ: Երեկ գիտեի, այսօր չգիտեմ: Արվեստը մարդու գիտակցական կյանքի կազմակերպման ամենամեծ գործոնն է, առանց մշակութային միջավայրի մարդը վայրենանում է: Արվեստը գեղեցկություն է: Ժողովրդական խոսք կա՝ վատ մարդը երգ չունի: Իսկ մեզ թույլ չեն տալիս երգել:

-Բայց եթե երգը կա, ո՞վ կարող է արգելել: Ինքն իրեն կերգվի:

-Որպեսզի իմ երգը լսվի, ինձ պիտի հրատարակեն: Գիրք պիտի գրվի ու հրապարակվի: Երգի համար մեր ձայնը խզված է, մենք երգն ունենք, բայց երգել չենք կարող: Հարկավոր է պետական հովանավորություն մշակույթին: Իհարկե, եթե ես երգ ունեմ, ես կերգեմ, բայց ո՞վ է լսելու…

-Այս պահին հասարակության բարոյական-քաղաքական-մշակութային մթնոլորտն այնպիսին է, որ ոչ միայն չեն նայում արդեն տպագրված գրքին, այլև չեն սպասում նոր տպագրվող խոսքին, ի՞նչ կարող է անել գրողը հիմա:

-Դուք այլ հարթություն եք տեղափոխում հարցը: Մենք կորցրինք ոչ միայն գրքեր ու գրողներ, մենք, իվերջո, կորցրինք ընթերցողին: Մենք ընթերցող չունենք, որովհետև ընթերցողը մեր կարիքը չունի: Փող ունենա, հաց է առնելու, գրքի ժամանակ չէ: Գրքի ժամանակ չէ և փող ունեցողի համար, որ զբաղված է փող սարքելով: Մեզ չեն կարդում ոչ այն պատճառով, որ սկսել ենք վատ գրել, ընթերցողը մեր կարիքը չունի, ապրելու կարիքն ունի: Չի կարելի մարդկանց մեղադրել:

-Ո՞վ է գրականության հերոսն այսօր:

-Բոլոր գրողներն էլ աշխատում են չհեռանալ մտավորական հերոսից, որովհետև նա իր ժամանակի կրողն է Բայց այսօր այդ հերոսը թևաթափ է: Ի՞նչ պիտի անի գրողը: Պատկերի՞ թևաթափ հերոսին և մարդանց հոգևոր հենարան տա այդ կաթվածահարվածի՞ն, ասի՝ իդեալը սա՞ է: Չենք կարող: Իրավունք չունենք: Մենք ընթերցող չունենք, որովհետև ընթերցողը գրող չունի: Մենք միմյանցից ոչինչ չենք ակնկալում: Ես հացատու չեմ: Այդ հոգևոր հացը ի վերջո սիրուն խոսք է, բայց սոված մարդու համար չէ: Դարասկզբի ոգու սովը եկել-նստել է մեր սեղանի գլխին ու սեղանապետ է դարձել: Մենք ո՞վ ենք, որ… Իմ դերն այս ջարդուփշուր վիճակում մարդուն իր արժանիքները հիշեցնելն է: Մենք պիտի տեսնենք իրական կյանքը: Դժվար բան է կյանքը:

-Այս պահին մի շատ ջահել, խելոք, սիրուն տղա սկսում է գրել: Ինքն էլ չգիտի, որ գրող է դառնում, չի էլ ուզում, բայց գրում է, ի՞նչ կասեք նրան:

-Եթե տեսնեմ, որ տաղանդավոր է, կասեմ՝ սոված էլ մնաս, շարունակիր: Եթե տեսնեմ, որ տաղանդ չունի, կասեմ՝ բան ու գործ չունե՞ս: Կարգին գործ գտիր: Տաղանդավոր մարդուն ինչ էլ ասես, իր ճանապարհը կգնա: Կասեմ՝ բարի ճանապարհ: Գրականությունը մարդկության ճանապարհն է: Պիտի քայլենք: Ու պիտի ապրենք:

***

Հարցազրույցից հետո, որ տպագրվեց «Հայաստանի Հանրապետություն»-ի 1999-ի մայիսի 8-ի համարում, ոտքով իջնում էի Բաղրամյան պողոտայով ու մտածում, որ ճակատագիրը անցնում է մարդու վրայով ու նրա կարծիքը չի հարցնում…   



Մկրտիչ Սարգսյանը վախճանվեց 2002-ի հունիսի 22-ին: Նրա գրքերը շարունակեցին տպագրվել՝ 2004-ին Երկերի ժողովածու, հատոր Ա. Բանաստեղծությունները, և «Քայլի'ր, ինչպես, որ մեծին է վայել» (անտիպ երկերի ժողովածու), 2005-ին՝ Երկերի ժողովածու, հատոր Դ. Ինքնատիպ խոսք (արձակ ստեղծագործություններ), 2008-ին՝ «Սեր իմ, հավետ դու եղիցի» (բանաստեղծություններ), 2009-ին՝ Երկերի ժողովածու, հատոր Բ. Նժույգ իմ ազնիվ (բանաստեղծություններ), 2010-ին՝ Երկերի ժողովածու, հատոր Գ. Վիպական ճանապարհ, 2013-ին՝ «Դեպի լեռն Աբուլ» (Ջավախքյան թեմաներով ստեղծագործությունների ժողովածու), 2015-ին՝ «Սերժանտ Կարոն» (պատմվածքներ, վիպակ, վեպ), 2016-ին՝ «Նամականին», 2020-ին վերահրատարակվեց «Շահմարի առեղծվածը»: Այսինքն՝ իրոք, գրականությունը մարդկության ճանապարհն է, գրողները գիտեն, մնաց՝ ընթերցողները չմոռանան:


Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին