Ռոբերտ Ամիրխանյան. Հիմա երկու մարդկանց միմյանց գտնելու ճանապարհն է վտանգված - Mediamax.am

Ռոբերտ Ամիրխանյան. Հիմա երկու մարդկանց միմյանց գտնելու ճանապարհն է վտանգված
3179 դիտում

Ռոբերտ Ամիրխանյան. Հիմա երկու մարդկանց միմյանց գտնելու ճանապարհն է վտանգված


Կարդացեք նաեւ. Ռոբերտ Ամիրխանյան. Մինչեւ ցավի դասը չստանաս, պատը չես զգա

Անցյալ դարում ծնվածները կհիշեն, որ նոր հազարամյակ մտնելը ամբողջ աշխարհում տարօրինակ իրարանցում էր առաջացրել, միլենիումը դարձել էր ֆետիշ, որ պիտի փոխեր մարդկության կյանքը: Կանխատեսումներն ու գուշակությունները, թե ինչպիսին է լինելու 21-րդ դարը աշխարհում, չէին իջնում աշխարհի թերթերի առաջին էջերից: Բոլորն էլ լավագույն կյանքի հույսեր ունեին, բայց կային եւ մռայլ կանխատեսումներ:

«Հայաստանի Հանրապետությունը» «20-րդ դարավերջ-21-րդ դարասկիզբ» խորագրով պարբերաբար հրապարակում էր հայտնի մարդկանց տեսակետները: Խորագրի հրապարակումները, որ վարում էի ես, ըստ էության, հարցազրույցներ էին, որոնցից հանում էի հարցերը ու թողնում պատասխանները՝ մենախոսության տեսքով: Հետաքրքիր էր ստացվում:

1999-ի հունվարի 20-ին «ՀՀ»-ում հրապարակվեց Ռոբերտ Ամիրխանյանի մենախոսությունը «Կյանքը՝ տարածություն երկու մարդու միջեւ» վերնագրով:

***  

…Ժամանակի առաջ ու ինքներս մեր առաջ քննության կանչվելիս մենք անպաշտպան կամ պաշտպանված ենք մեր ապրած կյանքով եւ մեր էությամբ: Մենք ենք ու մեր կյանքը: Մարդկությունը վաղուց արդեն չի հավատում հանգանակներին: Մեր ամբողջ պատմությունը կապված է անհատների հետ: Եղե՞լ է Թորոս Ռոսլին, եղել է մանրանկարչություն: Եղե՞լ է Գրիգոր Նարեկացի, եղել է գրականություն: Եղե՞լ է Մովսես Խորենացի, եղել է պատմագրություն: Անհատով է եղել ամեն ինչ, անհատով, բայց երբ անհատները հավաքվում են միասնական որոշումների, ոչինչ չի ստացվում: Հետաքրքիր է, չէ՞: Եզրակացությունները հեռուն գնացող կարող են լինել եւ ոչ անխոցելի, քանի որ անհատի էներգիայով ապրող ժողովուրդ ենք, ուրեմն ժողովրդավարությունը մեզ հարիր չէ, մեզ բռնապետություն է պետք, ուժեղ ղեկավար, որ ինքը որոշի՝ ինչ պետք է անել: Բայց նույնիսկ բռնակալների համար գալիս է մի ժամանակ, երբ նրանք խանգարում են իրենց իսկ գաղափարների հաստատմանը եւ առաջընթացին, ու պատմության ալիքը անցնում է նաեւ նրանց վրայով՝ Կեսար, Նապոլեոն, Պինոչետ… Շատ են նրանք, մարդկության պատմության մեջ՝ շատ-շատ: Բռնապետությունը եւ ժողովրդավարությունը նույն մեդալի երկու կողմերն են կարծես, ի վերջո՝ ո՞վ կարող է ճշգրիտ ու անբեկանելի սահմանել՝ ի՞նչ է ժողովրդավարությունը եւ ի՞նչ է բռնապետությունը:

***

…Հետաքրքիր զուգորդություններ կան՝ 20-րդ դարասկզբին էլ հաճախ էին հնչում խոսակցություններ մշակույթի, մտածողության, հոգեբանության, տնտեսության, ազգային ճգնաժամի մասին: Հիմա էլ՝ դարավերջին, գրեթե նույն պատկերն է՝ մշակույթի, մտածողության, հոգեբանության ճգնաժամի, տարտղնված չափանիշների, գաղափարական-քաղաքական-տնտեսական անորոշության խոսակցություններ՝ իրական ու անիրական: Մենք 100 տարում ինչ-որ տեղ գնացինք, ինչ-որ ճանապարհորդությունների մեջ եղանք անվերջ, ինչ-որ տեղ վերադարձանք: Բայց չվերադարձանք այնտեղ, ուր դրսեւորվում է հայի ֆենոմենը, հայի կերպարում երեւում է իրական քրիստոնեական կերպը, որի հիմքում պիտի լիներ ամենաբնորոշ սկզբունքը՝ ինքնասահմանափակման եւ քիչ միջոցով շատ բանի հասնելը: Երբ բողոքել ենք, թե չունենք արվեստ, մշակույթն անկում է ապրում, ամեն ինչ վատ է, մեր մեջ խոսել է մի ուրիշ պատկերացման պահանջը, որ ներքուստ միշտ ունեցել ենք, ուրիշ մի ներկայություն մեր կողերի մեջ, որն ուզում ենք իրական լինի ու իրականում լինի:

***

Ի՞նչ է նշանակում ստեղծագործող ժողովուրդ: Բոլոր ժողովուրդներն էլ ստեղծագործող են՝ իրենց սովորույթներով, հակումներով, սաղմնային-բնազդային զգացումներով, մտածողությամբ: Օրինակ, աֆրիկյան ցեղերն ի՛նչ յուրահատուկ նկարչական տաղանդ ունեն, ազգային մտածողության ի՛նչ նրբերանգներ, որ դրսեւորվում են եւ երաժշտության մեջ: Էներգիայի ի՛նչ կուտակումներ ունեն, որ վկայում է՝ նրանք ի վիճակի են ստեղծել իրենց օրինաչափությունները, չկրկնվող օրինաչափությունները: Եվ ճիշտ չէ ֆետիշացնել մեր ժողովրդի ստեղծագործական ունակությունները: Մեր քրիստոնեական հիմքը վկայում է, որ առավել մեծ արդյունքների կարող ենք հանգել, որովհետեւ հիմքում արվեստի ամենակարեւոր դրույթն է՝ քչով շատի հասնել, երկու բառով կերպարի առավելագույն պատկերացում ստեղծել: Հենց այդ պատճառով էլ մեր բանաստեղծական աշխարհը արձակի աշխարհից մեծ է: Պատմական տարածքների մեջ քնարերգությունը մեզ համար առաջնային է դարձել իր խտացված ձեւերով, կերպարային արտահայտություններով, որոնց մեջ հոգեբանություն կա, գեղագիտություն, փիլիսոփայություն, որ չորս տողը դարձնում են պոետիկ վիթխարի էներգիայի կուտակում: Մեր բնաշխարհիկ երգերի մեջ, նաեւ պատմական շերտերի՝ շարականների, ես տեսնում եմ փոքր-ինչ ձայների միջոցով մեղեդային դարձվածք ստեղծելու հունարը, որ, իրոք, ժողովրդական է: Մեր երգերի մեջ հնչում է մի ուրիշ տեսակ եւս, որ տարածվել է կենցաղում, որի մեջ ամեն ինչ լցված է խաղիկների, մուսուլմանական աշխարհի տիպիկ զարդանշանները, գրավչանյութերն ու գայթակղիչ ագրեսիան՝ դիմացինին ներգրավելու նպատակով: Եվ երբ խոսում են մշակույթի անկման մասին, վերաբերում է հենց այս օտարոտի շերտին, որ մեր իրականության մեջ արմատներ չունի: Յուրաքանչյուրի մեջ էլ ինքնամաքրման-ինքնապաշտպանական մղումներ կան, եւ այդ սկզբունքները թելադրում են, որ միեւնույն է, օտարոտին արտամղվելու է դուրս՝ ժամանակի խնդիր է:


Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Մենք չենք կարողանում ռացիոնալն իրականացնել մեր կյանքում՝ քչով շատին հասնելու սկզբունքը: Եվ քաղաքականության մեջ, եւ սոցիոլոգիայի: Սա է մեր մեջ ստեղծում աններդաշնակություն, ըմբոստություն, անհարիր վերաբերմունք շրջապատի հանդեպ, եւ մենք կարծում ենք, որ մեր մշակույթը կործանված է: Իվերջո, յուրաքանչյուր երեւույթի մեջ կա չափանիշային կենտրոն, որ ինչ-որ տեղ պահպանվում է, եւ յուրաքանչյուր մարդ ամեն ինչ չափում է այդ չափանիշով: Մեր երկատվածությունը չափազանց ընդգծված է մեր խոսքում՝ ունենք հրաշալի, ոսկեհունչ հայերեն եւ ունենք կենցաղային, ավելորդություններով աղտոտված մի լեզու, որով սովորաբար հաղորդակցվում ենք՝ զարմանալիորեն մերժելով գեղեցիկն ու գեղեցկացնողը, որ մեզ հասկանալի է դարձնում աշխարհի բոլոր այն թարգմանիչներին, որ սովորում են հայերեն:

***

Ոչ վաղ անցյալի 70 տարիները եւս զարմանալի ներհակ էին՝ ստեղծում ու ոչնչացնում էին ստեղծագործական հիմքերը, օրինակ, ինչու՞ դադարեց հայ երգ ստեղծվել, որտեղի՞ց եկավ քաղաքային ֆոլկլորը եւ գլուխգործոց դարձրեց «Ինժեներ բալան»: Ինչպե՞ս ընդունեցինք ու տասնամյակներով երգեցինք, ինչու՞: Որովհետեւ կորցրել էինք ստեղծագործական ինքնությունը: Ինչու՞ հիմա ռաբիսախեղդ ենք: Ռաբիսը միշտ էլ ունեցել է իր հիմքերը, բայց հիմա պոռթկացել է ու հաղթարշավի մեջ է: Ինչու՞: Վերահսկողության տակ եղած ժողովրդին տրված ազատության զգացմունքների անզուսպ հորդումն է սա, որ, ցավոք, առայժմ արտահայտվում է գռեհիկ ու վանող: Սա այն դեպքն է, երբ չեն գործում ինքնամաքրման սկզբունքները, երբ ընտրվում է այն ճանապարհը, ուր ոչ մի դիմադրություն չկա: Այս 70 տարիներին մենք կորցրինք մեր ինքնափնտրման տեղը: Մեզ կոպտորեն դուրս բերեցին եկեղեցուց, որ մի քանի դար մեր պատսպարանն էր, եւ թողեցին անտեր: Մեր մեջ դեռեւս չի գոյացել իրական հավատը: Մենք կկառուցենք եկեղեցիներ, բայց դրանք շենքեր կլինեն միայն, կվառենք մոմեր, բայց դա ծես կլինի միայն: Մենք դեռ երկար ճանապարհ ունենք դեպի հավատի իրական ըմբռնում:

***

Շուկայական հարաբերությունները դրդում են նախաձեռնող լինել: Երգով զբաղվելն էլ հարկային եւ այլ բարդություններից հեռու տեղ է: Ուստի երգարվեստը դարձավ համատարած, եւ քանի որ արեւելյան տիպաժը մեր մեջ գերակշռում է կենցաղում, մեր երաժշտություն մտան օտար տարրեր, որ շատ տեղին են ու ընդունելի են ուրիշների, բայց ոչ մեզ համար: Ինչպե՞ս երգի մեջ հայտնվեցինք այս վիճակում: Սա մեր վիճակը չէ: Մի ամբողջ համակարգի փլուզումից հետո մնում է փոշին, երկար մնում է փոշին, մենք հիմա հենց այդ փոշին պիտի թոթափենք մեզնից: Ոչ հրամանագրերով: Աստիճանաբար, պարտադրվածի ու օտարոտիի կողքին դնելով իրական, բուն արժեքը: Մարդիկ պիտի ընտրություն ունենան: Կյանքն ամեն քայլափոխում ընտրություն է: Երբ ընտրություն տրված չէ, առանց այդ էլ բզկտված, ճաք տված, ապրելու հազար ու մի խնդիր ունեցող ժողովուրդը գնում է ամենաթույլ դիմադրության ճանապարհով եւ չի էլ մտահոգվում, որ խոսքով, մտքով, հրապարակավ ազատություն ու անկախություն է հռչակում ու գիտի իր թշնամու տեղը, բայց կամավոր գնում է նրան գերի հանձնվելու՝ չմոռանալով կրկնել իր անկախության ու ազատության կարգախոսները:

***

…Դարասկզբի բանաստեղծական ֆենոմենը հրաշալի էր, գուցե անհասկանալի, դարավերջի շարունակությունն անընդունելի է, թեեւ հասկանալի: Ի՛նչ հրաշք էր դարասկիզբը, ի՛նչ անուններ կային իրար կողքի, իրար հետ, հետ ու առաջ, մոտավորապես 30-ամյաների մի սերունդ, որի գոյությունն արդարացնող բացարձակապես ոչինչ չկար: Ամեն ինչ նրանց դեմ էր՝ առողջությունը, ժամանակը, կյանքը, նրանք տառապում էին ու մեռնում թոքախտից, նրանց հետապնդում էին պարտատերերը ու սպանում թշնամիները: Արվեստի ու գեղեցկության համար չկար ոչինչ: Բայց՝ Պետրոս Դուրյան: Բայց՝ Միսաք Մեծարենց: Բայց՝ Դանիել Վարուժան: Բայց՝ Ռուբեն Սեւակ: Բայց՝ Վահան Տերյան: Բայց՝ Եղիշե Չարենց: Նույնիսկ սոցիալիզմի տրիբուն դառնալը Չարենցի մեջ չկարողացավ սպանել Չարենցությունը: Եվ այսօր, այսօրվա շարունակության մեջ ես անհանգստանա՞մ, թե մշակույթն անկում է ապրում: Բնավ: Մշակույթը երբեք չի կարող անկում ապրել, որովհետեւ ժամանակից դուրս երեւույթ է: Որովհետեւ ապրում է յուրաքանչյուրի հոգում: Կախված սոցիալական վիճակից՝ ավելանում կամ պակասում են մշակույթը ներսից դուրս բերելու մեխանիզմները: Ընդամենը:

***

Որտե՞ղ է կյանքն առհասարակ: Ի՞նչ է կյանքը: Տարածություն երկու մարդու միջեւ: Երբ նրանցից մեկը ինչ-որ զգացում, միտք, նախաձեռնություն ունի, հաղորդակցության պահանջով որոնում է մյուսին, որպեսզի հաստատվի միասնության կատարելությունը: Հիմա երկու մարդկանց միմյանց գտնելու ճանապարհն է վտանգված: Հիմա մեզնից յուրաքանչյուրը գնում է դեպի ինքն իրեն՝ միջոցներ է փնտրում ինքնապաշտպանվելու եւ ինքնահաստատվելու: Ու… երգի ժանրով փող են աշխատում, ու երգը դառնում է ծախու կին՝ վիրավորելով ինքն իրեն: Սրբությունները ոտատակ տալով, փող են աշխատում: Փորձիր կանխել, տեղնուտեղը գոյանում է պաշտպանական կաստա:

Զարմանալի չէ արդեն, որ նոր գեներացիան չգիտի՝ ի՞նչ է հայ երգը, եւ ինչ լսում է հայերեն, կարծում է՝ դա է հայ երգը: Ի՞նչ մնաց Կոմիտասից: Կոմիտասի մեծագույն առաքելությունը ոչ միայն հայ ժողովրդական երաժշտության մաքրումն ու անաղարտության վերականգնումն էր: Մենք դավաճանեցինք Կոմիտասին: Մենք լքեցինք նրան: Իսկ Կոմիտասն ապացուցել էր, որ հայ երգը կողմնորոշումների համակարգում ինքնուրույն ճյուղ է, չի ենթարկվում Արեւելքի կանոններին: Հայ երգի առանձնահատկությունները պետք է փնտրել եվրոպական համակարգման ներքին կայուն ունակությունների մեջ: Կոմիտասը լսեց ու լսեցրեց եվրոպական հիմք ունեցող մեր ինքնուրույն, ազգային երաժշտությունը: Այս կետից էլ սկսվեցին մեր չարիքները: Որովհետեւ կյանքում մենք արեւելյան կողմնորոշումներն ենք ընտրում: Ո՞վ կմտածեր, թե Թուրքիայի հետ առեւտուր ենք ծաղկեցնելու, թե պարսիկների շուկան կգա մեզ խեղդելու, որ մեզ այդտեղ կփնտրենք ու, ցավոք, կգտնենք:


Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Դեռ ուշ չէ, նոր ու օտար դիմագիծը չամրակայելու համար հրատապ քայլեր են պետք: Առաջինը եւ հիմնականը՝ մեր երկիրը պետք է ունենա ազգային արժեքները պահպանելու մշակութային ծրագրված քաղաքականություն, որ մենք մշակույթը դիտենք որպես պետության արժեքի կարեւորության երեւույթ: Եթե մենք դա չենք անում հիմա, ուրիշներն առաջ են գնում, իսկ նրանց առաջընթացով մենք նույնիսկ նույն տեղում չենք մնում, այլ անվերջ հետ ենք շպրտվում: Ինչու՞ է գրավիչ ռուսական էստրադան: Որովհետեւ գործում է իբրեւ հստակ մեխանիզմ՝ արդյունք է տալիս պետականորեն գործող թափանիվը, որ ոչ միայն փող է վերարտադրում, այլեւ մշակույթ: Խնդիրը ոչ այնքան փողն է (գոյությունը կամ չգոյությունը), որքան ժամանակի կորուստը: Մենք սեփականաշնորհման եւ այլ կառուցողական-համակարգային որոշումների մեջ ոտնատակ ենք տալիս հերթական սերունդը, որ չի տարբերում հայերենն ու հայկականը: Սերունդ, որի հոգու մեջ վաղն ազգայինը չի լինելու, որովհետեւ մանկուց օտարոտին է իշխել:

***

Մեր խնդիրն է այսօր ձեւավորել քաղաքականության դաշտ: Եվս մի ֆենոմեն՝ մենք դուրս ենք եկել քաղաքականացված երկրից եւ մտել ենք ոչ թե ապաքաղաքականացված, այլ՝ հակաքաղաքականացված համակարգ: Մենք չենք գիտակցում, որ անտեսում ենք ազգային անվտանգության խնդիրը: Դա միայն երգարվեստի խնդիր չէ: Քավ լիցի: Խնդիրն ազգի հոգեւոր կողմնորոշումն է: Ստեղծագործությունն այն է, որ քչի միջոցով առավելագույնն ես արտահայտում, մնացածը շուկա է: Շուկայով ազգային արժեք չես ստեղծում: Առավելեւս՝ պահպանում:

***

...Ազատությունը եւ անկախությունը բոլոր ժողովուրդների համար անհրաժեշտ պայման են, ընդորում՝ մեկը տնտեսական-սոցիալական, մեկը հոգեբանական կատեգորիա է: Մենք միշտ կառուցում ենք այսօրվա քաղաքականություն եւ չենք մտածում, որ օրը ժամանակի մեջ ունի ուրիշ նշանակություն: Մենք միշտ մեր քաղաքականությունը կառուցում ենք ուրիշին նայելով, մենք չենք հասել այն գիտակցական, ուժային մակարդակին, որ մեզ նայելով քաղաքականություն կառուցենք: Մենք պաշտպանվող ժողովուրդ ենք: Մենք ինքնահաստատման այլ քայլեր չգիտենք: Մենք իրավունք չունենք այդքան հեշտ օրվա հոսանքին հանձնել մեզ, դա ներելի է, երբ կա գլխավոր գաղափար: Ո՞րն է մեր գաղափարը: Գոնե այսօր մենք պիտի մշակենք ազգային արժեքների պահպանման քաղաքականություն: Սարի գագաթը գոյանում է ամուր ստորոտի հաշվին:

***

…Մենք 70 տարիների երկար պատմություն ենք ունեցել, երբ մեր ստեղծագործությունը սոցիալապես ապահովված էր, հիմա վտանգված է ոչ միայն ստեղծագործությունը: Բայց եւ հիմա մենք խոսում ենք պատմական չափազանց կարճ ժամանակամիջոցի մասին՝ 7-10 տարի, ուզում ենք 10 տարում տիեզերքի կատարելատիպը երկիր տեղափոխել: Մեր երկիր: Դա անհնար է: Եթե ուզում ես հասարակություն պահել, պիտի անհատին պահես, եթե ուզում ես անհատին պահել, պիտի պահես հասարակությունը: Փոխպայմանավորված են: Բոլորիս մեջ նստած է եսի ու մենքի գաղափարը: Այդպես էլ պետք է լինի անհատի եւ հասարակության փոխհարաբերությունը: Հասարակության շահն այսօր պահանջում է անհատի պաշտպանություն:

…Եվ գուցե մեր ժամանակը կոչվի ռոմանտիկ պրոֆեսիոնալների ժամանակ, որ գիտեին ուր գնալ եւ ուզում էին իմանալ՝ ինչպես:

Կարդացեք նաեւ. Ռոբերտ Ամիրխանյան. Մինչեւ ցավի դասը չստանաս, պատը չես զգա

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին