Սոս Սարգսյան. Խումբ-խումբ՝ օազիսներ խառնիճաղանջ կյանքի անապատում - Mediamax.am

Սոս Սարգսյան. Խումբ-խումբ՝ օազիսներ խառնիճաղանջ կյանքի անապատում
3256 դիտում

Սոս Սարգսյան. Խումբ-խումբ՝ օազիսներ խառնիճաղանջ կյանքի անապատում


Պատահում է, չէ՞, որ բախտդ բերում է: Օրինակ, զանգահարում ես Սոս Սարգսյանին ու նա… համաձայնում է քեզ հարցազրույց տալ: Ու հրավիրում է թատերական ինստիտուտ: Գնում ես, ու… նրան հանդիպում հենց դռների մոտ: Ու մինչ քեզ թվում է, որ եկել է քեզ դիմավորելու, պարզվում է՝ նա ընդհանրապես հազվադեպ է լինում ռեկտորի իր աշխատասենյակում ու մշտապես շրջում է շենքում՝ մտնում լսարանները, պտտվում միջանցքներում, որտեղ պարտադիր պետք է ՙթատրոն լինի՚, որովհետև թեև ասում են, որ թատրոնը սկսում է հանդերձարանից, բայց իրականում թատրոնը ամեն տեղ է, եթե դու արտիստ ես: Սա ես չեմ ասում, այլ՝ Սոս Սարգսյանը՝ մինչև հասնում ենք իր աշխատասենյակ, որի դուռը բաց է՝ «Իսկ ինչու՞ պիտի փակեմ որ»: «Ասում ես՝ էս շոգին ինչի՞ ես եկել»: Հարցազրույցի: «Բայց հեչ հավես չունեմ, արի ես քեզ հարցեր տամ, դու պատասխանի»: Համաձայն եմ, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրի, իսկ Ձեր պատասխանները… «Չհամոզեցիր, ծարավ եմ, արի ջուր խմենք, թե՞ դու սուրճ-մուրճ ես ուզում»… Ու սուրճ-մուրճի հետ, այնուամենայնիվ, մենք սկսեցինք զրույցը…

***

Քաղաքում, որ ոչ մեծ է, ոչ փոքր, նրան ճանաչում են բոլորը: Նա ապրել է երկար՝ ինչպես օրը, և կարճ՝ ինչպես դարը, կյանք: Նա վաղուց մասն է դարձել իր ժամանակի ու ժողովրդի կենսագրության: Ու երբ ասում ենք թատրոն, պայմանական ու փոխաբերական բոլոր խորհրդանիշներից առաջ ու հետո, պատկերացնում ենք նրան, ու երբ ասում ենք «Հայֆիլմ», «Եռանկյունուց» առաջ ու «Ձորի Միրոյից» հետո պատկերացնում ենք նրան: Եվ երբ նույնիսկ մենք մեզ ենք փնտրում այս քաղաքում, որ աշխարհի քաղաքների համեմատությամբ ոչ փոքր է ու ոչ մեծ, գտնում ենք նրան: Մեզ բոլորիս միացրել է մեր կյանքի ժամանակը…

-Ո՞վ է 20-րդ դարավերջի հայ մտավորականը:

-Առաջին հերթին ազգային մտածողությամբ, ազգային գաղափարներով տոգորված մարդ: Ժամանակները, անշուշտ, փոխում են այդ գաղափարների բովանդակությունը, բայց ոչ էությունը: Այսօր այդ մտավորականի համար ազգային գաղափարը հայության միասնական լինելն է, մենք ցրիվ հոտ ենք հիշեցնում, իր կյանքի ճանապարհին մեզնից ամեն մեկը աշխարհի ճամփաներն անցնելուց հետո պիտի մտածի հայրենիքի ճամփաների մասին:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Չգնանք ամեն մեկս մեր արահետով, որ, ինչպես հայտնի է, բանուկ ճանապարհ դառնալու քիչ հնարավորություններ ունի: Մտավորականը թե բարդ, թե հեշտ ժամանակներում ճշմարտությանը ճշմարտություն, սխալին սխալ ասող մարդն է, որ իր ազգի համար դառնում է լակմուսի թուղթ, ազգի առողջության չափանիշ:

-Ի՞նչ հարաբերության մեջ պիտի լինեն մտավորականը և հասարակությունը:

-Մտավորականը պետք է անաչառ լինի իր գնահատականներում, զուսպ՝ գովեստներում, շռայլ՝ պարգևելիս: Նա հենց ծնվել ու ստեղծվել է իբրև արգելաքար, որի վրայով անցնել չես կարող, եթե ողորկ չէ: Մտավորականը հասարակության ծնունդն է, և ինքն է ստեղծում հասարակություն, յուրահատուկ ընդդիմադիր կեցվածք ունենալով իշխանության, ու դատապաշտպանի կեցվածք՝ ժողովրդի համար, թեև ամենից հաճախ ու ամենից շատ ինքն է անպաշտպան թե իշխանության, թե ժողովրդի առաջ:

-Ձեր վերաբերմունքը քաղաքականությանը:

-Քաղաքականությունը աշխարհը կառավարելու մարդկության հնարած ինստիտուտներից է, որ մշտապես մարդկության ուշադրության կենտրոնում է, թեև իր ուշադրության կենտրոնում շատ քիչ է լինում որոշակի մարդու կյանքը: Այնուհանդերձ, մեծ քաղաքականությունը կոչված է նաև փոքր մարդկանց կյանքը պահպանել: Անձամբ ես մեծ քաղաքականությունից հեռու եմ: Թեպետ համարում եմ, որ իմ աշխատանքը նույնպես քաղաքականություն է՝ ազգին, հասարակությանը, պետությանը անհրաժեշտ քաղաքականություն: Մեծ քաղաքականության դաշտում լինելուց շատ ավելի կարևոր է կյանքում չդավաճանել սեփական քաղաքականությանը, որ սկզբունքների, կենսադիրքորոշման, աշխարհայացքի տեսքով տրվում է մարդուն:

-Իբրև մշակութային դաշտի քաղաքական գործիչ՝ ի՞նչ կարծիքի եք թատերական կյանքի մասին:

-Գնահատելը միշտ դժվար է: Շատ ավելի դժվար է գործելը: Հայտնի չէ, մենք ի՞նչ հասարակություն ենք դարձել, հայտնի չէ, թե այս հասարակությանը ի՞նչ թատրոն է պետք: Դժվար է գնահատել, որովհետև աշխատելու բնականոն պայմաններ չկան: Թատերաշխարհի մարդիկ ապահովված չեն նյութապես, շատ գործեր արվում են զուտ սեփական նախաձեռնությամբ, նվիրումի շնորհիվ:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Թատրոններ կան, գործում են, գրքեր են հրատարակվում, երաժշտություն է գրվում, նկարներ են նկարվում, բայց դժբախտաբար մշակութային մթնոլորտ չկա: Մթնոլորտն այլևս մշակութային չէ, խումբ-խումբ օազիսներ են խառնիճաղանջ կյանքի անապատում: Համոզված եմ, որ մեր հասարակությունը դեռ կազմավորված չէ, ձևավորված չէ և ինքն էլ չգիտի, թե ինչ է ուզում: Թերևս իշխանություններն էլ հստակ չգիտեն, թե ու՞ր են տանում, ի՞նչ ազգ են ուզում ունենալ, ի՞նչ ենք լինելու վաղը:

-Չե՞ք կարծում, որ վաղվա մեր ինչպիսին լինելը մեծ չափով այսօր որոշում է մտավորականը, թե ինչպիսին պիտի լինի վաղվա քաղաքացին, որոշվում է նաև այսօրվա թատրոնում, ինչպես դպրոցում, որտեղ մտածելակերպ, աշխարհատեսություն, զգացմունքի ու պահվածքի կուլտուրա է մշակվում:

-Ոչ միայն կարծում եմ, այլև համոզված եմ, որ մշակույթը պետք է հասարակություն ձևավորի: Հասարակության մեջ պետք է ձևավորվի ձեռներեցների խավը և ամրակայվի գիտակցությունը, որ ամբողջ աշխարհում ընդունված կարգով մշակույթին տեր կանգնել է պետք: Բայց և տագնապ ունեմ, որ նոր մանթաշովների սպասումներում կկորցնենք շատ թանկագին ժամանակը, որովհետև մեր նորաթուխ հարուստների համար սեփական գրպանից այն կողմ հիմնականում աշխարհ չկա: Նույնիսկ երբ որևէ պաշտոնյայի կամ նախարարի ես հրավիրում թատրոն, չեն գալիս, վախենում են՝ փող խնդրենք:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ոչ, իշխանավորի այցը թատրոն քաղաքական ակտ է, դա կվկայեր, որ մեր իշխանավորները նշանակություն են տալիս թատրոնին, կարևորում են, սիրում, հասկանում են ու գնահատում: Որքան կարևոր է այս ուշադրությունը, նույնքան դառն է անուշադրությունը: Ժողովուրդը պետք է տեսնի, որ իշխանությունը թեկուզ փող չունի տալու իր մշակույթին, բայց կուլտուրական մարդ է, լայնախոհ, հոգևոր կյանք ունի: Եթե չկա մշակույթի տնտեսական քաղաքականություն, գոնե մարդկային քաղաքականություն պետք է լինի:

-Հայաստանը և Դուք 2000 թվականին:

-Երբ մենակ եմ մնում ինքս ինձ հետ, մտածում եմ՝ ինչու՞ այսպես ստացվեց, ինչու՞ այսքան շատ բան կորցրինք, ինչպե՞ս իմ ամբողջ կյանքը դարձավ ոչինչ, իմ գործը արժեզրկվեց: Ես օտար եմ այս քաղաքին, այս մարդկանց, այս երկրին, իմ ու իմ նմանների գործը այս ազգի կողքից անցավ, եթե փողոցներում երգում են «Հայ ես դու, հայ եմ ես»: Արժեքը այսօր սա՞ է: Ուրեմն՝ ո՞վ եմ ես: Իմ տարիքի մարդիկ որ հեռացան, ո՞վ է նայելու «Նահապետը», ու՞մ է պետք «Ձորի Միրոն»: Ես չեմ կարողանում ու չեմ կարող ազգին անվերջ վերադարձնել իր ակունքներին, ես չեմ կարող հաղթահարել մարդկանց օտարացումն իրարից ու իրենք իրենցից: Կյանքս նորից սկսեի, երևի էլի դերասանություն անեի: Իմ երազանքը, իմ անհանգստությունը, իմ ցավը, իմ հույսը Ղարաբաղն է: Եթե հանկարծ կորցնենք Ղարաբաղը, մենք որպես պետություն, որպես հանրություն, որպես անհատ, կդադարենք մենք լինել: Խաղում եմ Լիր արքա, և եթե Աստված մի 10 տարվա կյանք էլ տա, 10 տարի Լիր արքա կխաղամ, որովհետև այդ դերը խաղալով չի սպառվում, պետք է որոնել, որոնել, որոնել… Կինոդերերից բոլորն էլ սիրում եմ, բայց «Հեղնար աղբյուրի» Մկրտիչն ինձ համար զարմանալի դեր է, շատ եմ սիրում, ուզում եմ նորից նկարահանվել, ուրիշ մեկնաբանությամբ, ուրիշ փիլիսոփայությամբ:

-Ի՞նչ ուրիշ:

-Տարիքի, սիրո ու պարտքի՝ ոչ միայն գիտակցությամբ, այլև զգացողությամբ:

-Հայաստանի խորհրդանիշը Ձեր կյանքում:

-Լյառն Արարատ: Մենք պատահաբար չենք ծնվել Արարատի ստորոտում, մի օր անպայման բոլորս բարձրանալու ենք Արարատի գագաթը:

Մեզնից յուրաքանչյուրն ունի հայրենիքի իր ըմբռնումը, մեծ ու փոքր հայտնագործությունների, մեծ ու փոքր գաղտնիքների, կյանքի ու մահվան մեծ ու փոքր հեքիաթները: Մեզնից ամեն մեկը ռեժիսորը, դերակատարն ու հանդիսականն է մեկ դերասանի իր թատրոնի, և միայն ՆԱ միայնակ արդեն նշանակում է ԹԱՏՐՈՆ, և քաղաքում, որ ոչ մեծ է, ոչ փոքր, նրան ճանաչում են բոլորը: Մեզ բոլորիս միացրել է մեր կյանքի ժամանակը և դժվար թե բաժանի նույնիսկ մեր մահվան ժամանակը:

***

«Մենք պատահաբար չենք ծնվել Արարատի ստորոտում» հարցազրույցը տպագրվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ում, 1996-ի օգոստոսի 20-ին:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

2000-ի ապրիլի 18-ի «ՀՀ»-ում ես պատիվ ունեցա գրախոսել Սոս Սարգսյանի… վիպակը, որ կոչվում է «Ընդհատում»՝ «Ընդհատում», որ իրականում շարունակություն է» վերնագրով.

«Մարդիկ սովորել են ողբ ու դավի: Մարդիկ այդպես ավելի հեշտ են ապրում, որովհետև եթե ժամանակներն են ղալբացել, թունավորվել ու ստորությունը, սպանությունը, դավաճանությունը վարքագիծ հռչակել, ոչ ոք մեղավոր չէ, որ ձախողակ է, որ կյանքը իր ուզած ճանապարհով չէ, որ երկիրը հայրենիք չի դառնում: Եթե ոչ ոք մեղավոր չէ, ուրեմն ոչ ոք էլ պատասխանատու չէ, ու յուրաքանչյուրը ձեռքերը լվացած՝ քաշվելու է մի կողմ ու ուշադիր սպասի լավագույն ժամանակների: Մեկ-մեկ միայն գլուխը հանելու է իր պատյանից՝ եղանակը ստուգի ու անցյալը հիշելով՝ ներկան հայհոյի: Այդպես է: Առավել զարգացածները համաշխարհային աղետներից օրինակներ ու ճգնաժամերի պատմությունից զուգորդումների փաստեր կբերեն ու իրենց ողբն առավել հիմնավորված, պատմական-գեղագիտական պատշաճ չափանիշներով հաստատված կդարձնեն, որպեսզի երբ հանկարծ մեկ էլ խիղճը նվա, ձայնը կտրեն՝ ախմախ, վախտ գտար, կործանվում ենք: Պակաս զարգացածները խիղճ-միղճ, սիրտ-միրտ, խելք-մելք մի կողմ դրած՝ ապրելու հնարներ կգտնեն, ու նպատակը կարդարացնի միջոցները՝ «Հացի խնդիր է» բանաձևով: Եվ հայրենիքն իրավ կդառնա ժամանակավոր, անհարմար ու անհեռանկար բնակավայր, եթե հանկարծ ինչ-որ մեկը կանգառի ահազանգը չհնչեցնի ու այս հարկադիր դադարը չդարձնի ՍԿԻԶԲ:

Վիպակը կոչվում է «Ընդհատում»: Հերոսները երկուսն են՝ Մովսեսն ու Կարոն: Բայց դա ընդամենը գրական խաբկանք է, որովհետև իրական հերոսները մենք ենք՝ անխտիր բոլորս, որ ժամանակ առ ժամանակ երկիրը դարձնում ենք հայրենիք ու հետո հայրենիքը վերածում երկրի: Գրական խաբկանքներն ու ընդհանրապես գրական հնարքներն այդքանով ավարտվում են, սկսվում է մեծ կյանքի պատմությունը՝ մեծ իր կարոտով, ցավով, ատելությամբ, վրեժով, ողբերգությամբ, հավատով: Վիպակի 180 էջերը կարդում ես մի քանի ժամում, որ հետո մեջդ խելահեղ ցանկություն ծնվի վերադառնալու: Վերադառնալու ու սպանելու բոլոր նրանց, որ կյանքը հարամում են, վերադառնալու ու կյանք տալու բոլոր նրանց, որ սիրու ու ուժի սպասումից մեռնում են ու չեն հասկանում, որ կյանքը սպասում չէ, այլ՝ գործողություն: Վերադառնալու ու տեր լինելու: Դեն գցելու պասիվ հայեցողության խելացի ու ձեռնտու քղամիդը ու թեկուզ անզեն ու անվահան, բայց վճռական ու անսասան կռիվդ կռվելու՝ սխալվելու, պարտվելու, բայց կռիվդ ուրիշին չթողնելու, որովհետև չապրածդ օրերի հաշվարկը հավերժության հետ ոչ մի կապ չունի: Կյանքի բե՞ռը, թե՞ կյանքի նպատակը: Մի պուճուրիկ պարտությունից սկսված համատարած նահանջ-փախու՞ստը, թե՞ հաղթելու իմաստնությունն ու կամքը: Ի՞նչն ես ընտրում: Ո՞վ ես դու: «Ընդհատումի» ընթերցողին 6 գլուխներում Մոսոն կպատմի դարասկզբից սկսած իր տոհմի կյանքը, իր 5 գլուխներում Կարոն կամբողջացնի այն, ինչ ժամանակի մեջ կոչվում է դարակես, ու երկուսն էլ դարավերջը կթողնեն մեզ: Ամբողջ կյանքում անհաշտ հայր ու որդի համերաշխորեն վերջաբանի ընտրությունը կթողնեն ընթերցողին՝ ու՞մ ես ընտրում՝ մահվան հետ էլ կռվող, աշխարհը աշխարհ դարձնող, կյանքը կյանք պահող Մոսոյի՞ն, թե՞ կյանքում ոչինչ չավարտող ու չսկսող, նույնիսկ վրիժառություն չունեցող Կարոյին, որ անտառից դուրս գալու ու տուն դառնալու ուժ չունի, որովհետև այնքան է խելացիացել քաղաքում, որ իրավունք է փնտրում տունդարձի համար, մինչդեռ ընդամենը սերը բավական էր: Ընդամենը, որ իր դեպքում համարյա ոչինչ է, հոր դեպքում՝ ամեն ինչ: Հոր, որ մեռնում է, որդու, որ չի ապրում: Զարմանալիորեն հայր ու որդի կյանքում համարյա կրկնում են միմյանց, բայց եթե Մոսոյի ապրած մահն ու պատերազմը, սերն ու ցավը իրական ու շոշափելի են, Կարոյինը թվում են հնարովի ու անիրական: Պատմությունն ինքն իր տնազն է անում, թեև ցավը չի պակասում: Չի պակասում թուլությունն ու չի ավելանում խինդը: Ժամանակները կոտրել են Կարոյի ողնաշարը մանկուց՝ իր կարմիր անկյունիկից մինչև մութ անտառ: Կարոն Մոսոյի միակ պարտությունն է, աշխարհում բոլորի հետ Մոսոն լեզու գտավ՝ բացի որդուց: Կարոն Մոսոյի մահն է, որ գալիս է ու տեղ չի հասնում:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

Ամեն ինչից զատ՝ հեղինակը, կարծես, խնդիր է դրել զգացնել հայոց բառի համը, որ հետայդու ոչ մի ուրիշ համ չուզես, ու լեզուդ ծաղկի շուրթերիդ, որովհետև աշխարհում ամեն ինչ կարող ես արտահայտել քո լեզվով և միայն քո լեզվով կարող ես արտահայտել աշխարհում ամեն ինչ: Այդպես են երկիրը հայրենիք դարձնում: Նաև: Հետո՞: Չգիտեմ: Հետո կարելի էր հազար ու մի վերլուծություն հնարել՝ սյուժեի ու կերպարների, ժամանակի ու պատկերների, անցյալի ու ներկայի համադրման-հակադրման հեղինակային եզրակացությունների ու նպատակների: Իվերջո՝ պետք էր հավուր պատշաճի մեկ-երկու խելացի դիտողություն էլ անել՝ կարգ է: Անհեթեթություն: Այս դեպքում մնում է պարզ, մարդկային շնորհակալությունը հեղինակին, որ գրել է, որ դիմացել է ինքն իր գրածին: Եվ նույնքան պարզ-մարդկային զարմանքը, որ հեղինակը այսքան տարի դիմադրել է իր մեջ ապրող գրողին ու բավարարվել այլոց գրածները մարմնավորելով, որ հաճախ ինքնարտահայտման փոխարեն ինքնախեղման է մղել: Հետո մնում է նույնքան մարդկային սպասում-հույսը՝ իսկ հետո ի՞նչ է գրելու, հո չի՞ կարող այլևս չգրել: Մնում է նաև բնական ու բանական չարախնդությունը բոլոր նրանց հասցեին, որ փակ աչքերով ու փակ ականջներով միայն հայհոյում են, ողբում ու ոռնում, թե ամեն ինչ կործանվում է, արվեստը վաղուց դիակ է, նույնիսկ թաղող չի մնացել, թե գրականությունը միայն մերձգրական-շուրջգրական գզվռտոցն է, որովհետև այս ժամանակներն ավելին տալ չեն կարող: Ի հեճուկս գրական ներքինիների՝ գրականությունը ծնվում է, և այս գրքերն ապրելու են երկար: Ապրելու են ի հեճուկս ոչ միայն մերձ ու շուրջ գրականակեղծների, այլև ասպարեզի պարապից ծփացող-ծավալվող գրչակների, որոնց գռեհկությունն ու սնամեջությունը աչք է ծակում: Այս գիրքը շլացուցիչ-շռնդալից ապտակ է բոլորին, որ մոռացել են հողի զորությունն ու երկնքի ներկայությունն իրենց մեջ: Եվ թող որ հեղինակը վերնագրել է «Ընդհատում», իրականում գիրքը շարունակվում է ընթերցողների մեջ, իսկ դա այլ կերպ կոչվում է հաջողություն»:

Գրախոսության հրապարակումից հետո Սոս Սարգսյանը զանգահարեց ինձ ու հարցրեց.

-Սիրուն աղջիկ, էդ դիտմա՞մբ անունս ոչ մի տեղ չէիր գրել:

Պատասխան չունեի՝ չէի էլ նկատել:

***

2000-ի դեկտեմբերի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանում նշվեց Սոս Սարգսյանի 70-ամյակը. «Ո՞վ է Սոս Սարգսյանը: Եթե որևէ անտեղյակ գտնվի այդ հարցը տալու, պատասխանը ամենահեշտն է՝ Հայն ու Հայաստանը: Նույնքան պարզ ու քմահաճ, այնքան չհասկացված ու հասկացող, նույնքան տաք ու պաղ, այնքան հարազատ ու հայտնի»… «Ո՞վ է Սոս Սարգսյանը» անհնար հարցին իր պատասխանն էր տալիս կիրակի երեկոյան ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը՝ Վեհարանի սուրբ կամարների տակ հրավիրելով հոբելյանական երեկոյի՝ ի պատիվ Սոս Սարգսյանի 70-ամյակին: «Հայր մեր»-ով ու «Մեր հայրենիք»-ով սկսված երեկոյի իսկական շունչն ու զարդն էին Սիրանուշ Մեքինյանի ղեկավարությամբ փոքրիկ երաժիշտների պայծառ կատարումները, որ ընդմիջում էին շնորհավորանքի, սիրո, երախտագիտության ելույթները: Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության պետական հանձնաժողովի համանախագահ Խոսրով Հարությունյանը խոստովանեց, որ Վեհափառի առաջնորդությամբ Էջմիածինը և Վեհարանը «նոր որակ են ձեռք բերում»: Սոս Սարգսյանով ՙապրած ու հայացած՚ մի քանի սերունդների անունից Խոսրով Հարությունյանը շնորհավորեց հոբելյարին և հաջողություններ մաղթեց ու երկար տարիների կյանք: Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը ևս խոստովանությամբ սկսեց. «Ես Հայաստանում չեմ ծնվել և Հայաստանում չեմ մեծացել, բայց երբ «Նահապետը» տեսա, Հայրենիքի հայտնագործումը ունեցա»: Սոս Սարգսյանի դասական արվեստը սրբազանն անվանեց երկրի և ժողովրդի հարստություն: «Եթե ամեն օր հնարավորություն լիներ վեր կենալու և մի քանի խոսք ասելու Սոս Սարգսյանի մասին, ամեն օր նոր բան կունենայի ասելու»՝ սա էլ Ռազմիկ Դավոյանի խոստովանությունն էր: 70 տարիների զորավոր հարստությունը սիրո ու հպարտության պատճառ է մեզ համար, սեր ու հպարտություն՝ Սոս Սարգսյանի գոյության համար: «Հայոց եկեղեցին վերադառնում է հայ մշակույթի պահպանության իր դարավոր դերին»` ասաց Ռազմիկ Դավոյանը՝ շնորհակալությամբ առ Վեհափառը: ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական կոնդակով «այր երանյալ և արժանի» Սոս Սարգսյանը՝ հանուն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գերագույն հոգևոր խորհրդի և միաբանության, Վեհափառի ձեռամբ պարգևատրվեց Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ պատվո շքանշանով: Ասվեց, որ եթե հայ կինոն երբևէ որոնելու լինի 20-րդ դարի իր դեմքը և ցանկանա անունների մեջ ամփոփել իր 100-ամյա պատմությունը, «Սոս Սարգսյան» է գրելու սկզբում ու վերջում: Եթե հայ թատրոնը որոշի իր տարեգրությունը անունների մեջ պահպանել, «Սոս Սարգսյան» է գրելու դարակեսից սկսած բոլոր էջերում:


Լուսանկարը՝ Մեդիամաքս

…Վեհարանում Սոս Սարգսյանի ձայնը, որ Մատենադարանի գաղտնիքներն է հնչեցրել ու մայր թատրոնի կամարները թնդացրել, դողում էր. «Ամենահամարձակ երազանքներում անգամ չէի կարող երբևէ հուսալ, որ մի օր Սուրբ Էջմիածնում, այս սուրբ պատերից ներս, Վեհափառի սուրբ ներկայությամբ կարժանանամ այսպիսի պատվի: Դերասանի երկար կյանք եմ ապրել, մեծարանքներ տեսել եմ, շքանշաններ էլ եմ ստացել, բայց ՙՍուրբ Սահակ և Սուրբ Մաշտոց՚ շքանշանն ինձ համար աստվածային երևույթ է: …Այսօր ես ղեկավարում եմ մի խումբ երիտասարդների և տեսնում եմ, որ ազգը ամեն տարի հրաշքներ է ծնում, գանձեր է ծնում: Կիսատ թողնել գործերը, թողնել էս երեխաների վրա, չի կարելի: Աշխարհում մանավանդ փոքր ազգերի համար ոչինչ դուրս չի գա առանց մտավորականների: Ես ուզում եմ այս օրը գնահատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից որպես մտավորականներին իր շուրջը համախմբելու քայլ: Ծանր է վիճակը երկրում, բայց այդ ծանրությունը փակուղի չէ, ամեն ինչ հաղթահարելի է, եթե մենք միաբան լինենք: Իշխանությունները բարեկամ չեն, սերտ չեն, ժողովրդի մեջ չեն, եկեղեցին պարտավոր է լինել ժողովրդի մեջ: Եկեղեցին ժողովրդին պետք է վերադարձնել և առաջին քայլն անողը մտավորականները պիտի լինեն, ուրեմն հավատանք, որ հայոց եկեղեցին կհամախմբի, միաբան կդարձնի հայ մտավորականներին»: Հուզված էր նաև Վեհափառը: «Եռակի-քառակի է մեր ուրախությունը, կատարյալ է, այս երեկոյի ուրախությունը անանց է: Ես շնորհակալ եմ մեր սիրելի Սոսին, որ բավականին երկար, համբերությամբ, անտրտունջ սպասեց, թե Հայոց Հայրապետը այս երեկոն ե՞րբ կկազմակերպի: Նույն անհամբերությունը մենք ունեինք, որովհետև մեր երախտավորներին շնորհակալություն հայտնելու առիթներն այնքան էլ շատ չեն: Պիտի խնդրեմ, որ ձեր քայլերը միշտ ուղղեք դեպի Սուրբ Էջմիածին»:

Հոբելյանները, իհարկե, հանրագումարի ու ամփոփումի պատեհ պահ են, բայց և հոբելյանները հանգրվան են, որտեղ մեծ նավարկությունը չի ընդհատվում: Չնկարահանվող ու բեմ չբարձրացող Սոս Սարգսյանի յուրաքանչյուր օրը կողոպուտ է, որ կորած արժեքները չի վերադարձնելու: Երբ վերջանան Նահապետի Էրգրից բերած խնձորենիների սերմերը, մեր հետահայացը որոնելու է այգիները, և… Հայ առաքելական եկեղեցին շարունակում է խորհրդանշական «ծառատունկը»՝ վասն ազգի հարատևության, հավատի, միասնության: Վասն Հայաստանի»:

***       

Սոս Սարգսյանը վախճանվեց 84 տարեկանում՝ 2013-ի սեպտեմբերի 26-ին: Լիր արքան հեռացավ…

Եվ թափուր մնացին Խորեն Աբրահամյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի գահերը…    

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին