Գենադի Խազանով. Վերադա՞րձ - Mediamax.am

Գենադի Խազանով. Վերադա՞րձ
3441 դիտում

Գենադի Խազանով. Վերադա՞րձ


Խազանով Գենադի Վիկտորովիչ՝ էստրադայի, թատրոնի, կինոյի արտիստ, հեռուստահաղորդավար, հասարակական գործիչ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանակիր, 1997-ից՝ Մոսկվայի Էստրադայի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ծնվել է 1945-ի դեկտեմբերի 1-ին, Մոսկվայում: Մարդ, որ իր գործում հասել է գերագույն բարձունքների, վայելում է համաժողովրդական սեր ու փառք իր հայրենիքում: Իսկ ընդհանրապես՝ շարքային սովետական հրեայի դաժան կենսագրություն է ունեցել, որ սկսվել է դեռ տատ ու պապից՝ գործարարություն ցարական Ռուսաստանում, հեղափոխությունից հետո՝ Բեսարաբիայից աքսոր Սիբիր՝ Ամուրի շրջան, հայրը մորից հեռացել է իր ծնվելուց առաջ, մայրը՝ Իռաիդա Մոիսեևնան (Իրինա Միխայլովնան) հոր մասին չի պատմել: Մոր մյուս ամուսնուն հարևանուհու կեղծ մատնությամբ գնդակահարել են 1938-ին:1957-ին արդարացրել են: «Հորս չեմ ճանաչել, մի քանի տարի առաջ ինձ պատմեցին, որ 75-82-ին նրա հետ ապրել եմ նույն շենքի նույն մուտքում: Քանիցս անցել է իմ ու դստերս կողքով, մեզ հետ բարձրացել-իջել է նույն վերելակով և ոչ մի բառով, ոչ մի հայացքով իրեն չի մատնել»՝ հետո կպատմի ինքը: Ուսուցիչ համարել է Արկադի Ռայկինին…

Կինը՝ Զլատա Իոսիֆովնա Էլբաումը, 1938-ին բռնադատված կուսաշխատող Իոսիֆ Մոիսեևիչ Էլբաումի դուստրն է: Զլատա Էլբաումը, ինչպես ամուսինը, երկքաղաքացի է՝ ՌԴ և Իսրայելի, բնակարան ունեն Թել Ավիվում: Իմ նպատակը նրա կենսագրությունը գրելը չէ, ցանկացողը կարող է 5 րոպեում պարզել, նախնիների ու սեփական կենսափորձը նրան հուշել է, որ պետք չէ իշխանությանը դեմ գնալ, բայց եղել են ընտրության պահեր, երբ գնացել է:  1993-ի ապրիլին քաղաքական ճգնաժամի ժամանակ աջակցել է Բորիս Ելցինին: 1993-ի հոկտեմբերին կողմ է եղել ՌԴ Գերագույն խորհուրդը ցրելուն: 1996-ի ընտրություններում եղել է Բորիս Ելցինի վստահված անձը: 2012-ի փետրվարի 6-ին պաշտոնապես գրանցվել է ՌԴ վարչապետ և երրորդ անգամ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձ: 2014-ի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների ուղերձը՝ ի պաշտպանություն նախագահ Վլադիմիր Պուտինի Ղրիմում սկսած գործողությունների: ՌԴ Քննչական կոմիտեի Հասարակական խորհրդի անդամ է: 2022-ի մարտին լքել է Ռուսաստանն ու հեռացել Լատվիա, նրա մասնակցությամբ բոլոր ներկայացումները բեկանվել են: Ուկրաինայի դեմ 2022-ի փետրվարի 24-ին ռազմական գործողություններ սկսելուց հետո Ռուսաստանից շատերն են հեռացել:



… Ի՞նչն է դրդել 77 տարեկան մարդուն այդ քայլին, որ միջին վիճակագրական ռուսի հայացքով՝ ամեն ինչ ուներ ու դեռ ավելին, քան երբևէ կունենա ինքը: Ինչու՞ նա չշարունակեց հարմարվել ու ապրել ժողովրդական արտիստի իր կանխատեսելի կյանքով: Չէ՞ որ տարիներ շարունակ արել էր այն, ինչ պիտի անի մշակույթի «ճշմարիտ» գործիչը Ռուսաստանում՝ կանգնել նախագահի կողքին ու վաստակել շքանշաններ: Չէ՞ որ հենց իր կենսագրության մեջ ուներ ընդդիմադիրի փորձը, երբ զրկել էին հեռուստատեսությունից, ռադիոյից, հյուրախաղերից, ֆիլմերից, համերգներից ու ստիպված էր ակումբներում ելույթներ ունենալ… Ուրեմն, կար նրա մեջ լռող, բայց չմեռած ճշմարիտ արվեստագետի ոգին…

***

2010-ի մարտին Գենադի Խազանովը Երևանում մասնակցում էր «Արմմոնո» միջազգային փառատոնին՝ «Ոչհամերգ՝ անտրակտով» մոնոներկայացմամբ: Մարզահամերգային համալիրում ցուրտ էր, բայց դահլիճը լիքն էր, բոլորն ուզում էին տեսնել «խոհարարական տեխնիկումի» նախկին ուսանողին, որ «խոհարարությունից» արագ էր հրաժարվել, բայց իր խայթող ծիծաղով շարունակել էր ստիպել մտածել…

***

Խոստովանեմ միանգամից՝ երկար ժամանակ չէի հասկանում ու մի քիչ էլ ծիծաղում էի ճապոնացիների վրա: Դե, ո՞վ չէր ծիծաղի, եթե 20 տարեկանում կարդար. «Նո» թատրոնը Ճապոնիայի ազգային հարստությունն է», «Ակիրա Կուրոսավան Ճապոնիայի ազգային հարստությունն է»: Ես հիմարաբար համարում էի փոխաբերություն: Դե, իհարկե, «Նո» թատրոնն իր դարավոր ավանդույթներով չի կարող չլինել ազգային հարստություն: Ակիրա Կուրոսավան, որ իր երկրին փառք ու պատիվ, անուն ու մրցանակներ է բերել, իրավամբ հարստացրել է Ճապոնիայի եթե ոչ նյութական, գոնե հոգևոր գանձարանը: Հասկացածս սա էր: «Ազգային հարստություն» հասկացության ըմբռնումների տարիքային անհամատեղելիություն էր իմ ու ճապոնացիների միջև:

Հետո հասկանում էի ու ծիծաղով վերաբերվում այն փաստին, որ Միքելանջելո Բուոնարոտիի ու Լեոնարդո դա Վինչիի գործերն Էրմիտաժում ժողովրդական արվեստն էին ներկայացնում, Լուվրում, Վատիկանում, Ուֆիցիում՝ բուրժուական: Կարդում էի ու ուրախանում, որ երկու պետություններ՝ պապական հզոր Հռոմն ու Ֆլորենցիայի հզոր հանրապետությունը պայքարում էին, որ Միքելանջելոն իրենց երկրում ու իրենց համար քանդակի ու նկարի, իսկ Բուոնարոտին երազում էր սեփական կղզի քանդակել: Իտալացի Լեոնարդո դա Վինչին վախճանվեց Ֆրանսիայում: Դանտե Ալիգիերին իր հայրենիքից վտարված հանգեաւ ի Տեր: Ֆլորենցիան արտաքսեց Նիկոլո Մաքիավելիին: Ջիրոլամո Սավոնարոլան Ֆլորենցիայում խարույկի վրա այրում էր գրքերն ու կտավները՝ հանուն կատարսիսի: Հետո Ֆլորենցիայի կենտրոնում այրեցին նրան: Հասկանում էի ու չէի ծիծաղում, որ քաղաքականությունն արվեստագետին ծնում է ու սպանում: Որ արվեստն ու քաղաքականությունը մշտապես միմյանց կարիքն ունեն ու հակացուցված են միմյանց՝ կտրականապես:

Տարիներ էին պետք, որ հասկանայի ու նախանձեի ճապոնացիներին, որ այդքան իմաստնություն ու խորք ունեն՝ մարդկանց իբրև ազգային հարստություն ճանաչելու: Մարդուն՝ իբրև պետության հարստություն ընկալելու: Դա ոչ միայն արվեստ է, ոչ միայն քաղաքականություն է, դա բարձրագույն մտածողության արվեստի ու քաղաքականության դրսևորում է:

Այս ամենի և դեռ շատ այլնի մասին բոլորովին չէի մտածում, երբ Գենադի Խազանովի «Ես վերհիշում եմ» ներկայացմանն էի գնում: Իհարկե, դա իմ մեղքը չէ, ու նրա մեղքն էլ չէր, խոհարարական տեխնիկումի ուսանող ու Պոպկա թութակի կարծրատիպը կար: Գնում էի՝ հաճելի երեկո անցկացնելու: Հիմարաբար սխալվում էի: Սխալվում էի, որովհետև մոռացել էի, որ մեծ արվեստը ինչպես ծնվում է ցավից ու ցավով, այնպես էլ ցավ է պատճառում: Բայց՝ կենարար ցավ: Բայց՝ անհրաժեշտ այրոց, որից հետո ոչ միայն գնահատականներդ են փոխվում, այլև՝ ինքդ: Ամեն ինչ այնքան տրիվիալ էր՝ հսկա մի բեմ, մեկ բազկաթոռ ու երկու բազմոց, մեկ էկրան ու միջահասակ մի տղամարդ, որ պարբերաբար խոսում էր, պարբերաբար առաջարկում նայել էկրանին: Նույնիսկ հիասթափության երանգ էլ կար՝ անցել են, անցել են կենդանի խոսքի ժամանակները, «տարիքն առած հրեան», ինչպես հետո ինքն իրեն անվանեց, սկսել է գլուխ պահել: Առաջին պահ իսկապես ամեն ինչ բավականաչափ տրիվիալ էր՝ մարդը վերհիշում է իր կյանքն ու պատմում դրվագներ՝ համեմելով տեսաշարով: Ոչինչ՝ արտառոց: Ու դու չես հասկանում՝ ո՞ր պահից է ամեն ինչ դառնում ամենաարտառոց, ամեն ինչ դառնում է ուղղակի պատմություն միայն քեզ համար ու հանուն քեզ, չես հասկանում՝ ո՞ր պահից ամեն ինչ բեկանող ծիծաղի տակ խտղտում է արցունքը: Միջահասակ, տարիքն առած, հոգնած ու մի քիչ էլ կամակոր մարդուն տեսնելու փոխարեն սկսում ես տեսնել Արվեստագետին, ում ամեն բառն ուզում ես ընդմիշտ զգալ, հիշել ու պահպանել, իհարկե, ոչ մեկն էլ չես կարողանում ու պարզապես դադարում ես մտածել՝ նա արդեն իշխում է դահլիճին: Նա արդեն սովորեցնում է դահլիճին: Չկա սատիրիկը, կա ուսուցիչը՝ այդ բառի նախանախանախնական իմաստով, երբ դեռ ոչինչ աղավաղված չէր գիտակցությամբ, երբ իրապես 2 X 2 = երեքշաբթիի, կամ՝ 5600, իսկ 2 X 2 =4 անհեթեթ պատասխանը կարող էիր ստանալ, եթե 5600-ից հանեիր երեքշաբթին, երբ Մարինա Ցվետաևայի «Մենախոսությունը» Ալլա Պուգաչովայի կատարմամբ կարելի է լսել միայն հոտնկայս, ու այդ մենախոսությունից հետո հակացուցված է սատիրան, և միայն հոտնկայս կարելի է նայել Գրիգորի Գորինին, որ քո հոբելյանին քեզ է նվիրում 1937-ի թերթերում տպված սատիրական նյութերի հավաքածուն. «Նախ կարդա, տեղյակ եղիր, հետո, եթե նստես, իմանաս՝ զոնայում ինչ ելույթներ ունենաս» բացատրականով, երբ կյանքից հեռանում են քո մտերիմները, ու դու ինքդ հեռանում ես նրանց հետ՝ մնալով դեռ այստեղ՝ մի տեղ, ուր արդեն շատ հաճախ չգիտես ինչ անել, ուր շարունակվում է կյանքը, որ, միևնույն է, այն միակ տեղն է, ուր ամեն ինչ ամեն պահ կարող է հրաշալի լինել, ու ամեն ինչ ամեն պահ կարող է հրեշավոր լինել, և դա գայթակղիչ է, դա ձգում է, դա ճակատագիր է:

Մարդը պատմում է իր կյանքը, և դեմքերի ու դեպքերի, դրվագների ընտրությունից, դու արդեն սկսում ես հասկանալ՝ ինչ է նշանակում նպատակ, ինչպես է լուծվում խնդիրը և ինչպես կարելի է հաղթել: Նա իր պատմությունը կազմում է խայտառակ պարզ, անընդհատ աչքիդ առաջ է, Ալեքսանդր Շիրվինդտի նվիրած թատերական պիջակով՝ «Ինձ փոքր է, իսկ դու դեռ կարող ես տեղավորվել» բացատրականով՝ հրեաները միշտ են իրար օգնում, ու այդ մարդը խոսում է՝ մեկ ժամ, երկու ժամ, երեք ժամ, բայց ո՞վ է մտածում ժամանակի մասին: Նա քեզ չի հաճոյախոսում, նա չի ուզում քեզ դուր գալ ու շատ արագ արձագանքում է քո պահվածքին ու նույնիսկ բողոքում է քեզնից՝ «Այսօր ասուլիս էր՝ 40 րոպեում այդպես էլ ոչ մի խելամիտ հարց չհնչեց», նա զայրանում է, երբ զրնգում է քո բջջայինը, որ դաստիարակությունդ չի հերիքել տասներորդ նախազգուշացումից հետո անջատել:

Նա դեռ խոսում էր, իսկ ես արդեն հիշել էի ճապոնացիներին ու նրանց «Նո» թատրոնը, նրանց ազգային հարստության ըմբռնումներն ու մեր ազգային հարստության պատկերացումները: Խոստովանեմ՝ մտածում էի, որ ֆինալը լինելու է անսպասելի ու հանգամանալից մտածված, և փորձում էի պատկերացնել՝ Ստալին, Բենկենդորֆ, Նապոլեոն, Մոսկվայի Սատիրայի թատրոնի բեմում խաղացված, համերգներին բեմադրված կերպարներից ո՞վ կհնչեցնի հրաժեշտի զանգը: Եվ որովհետև այնքան ամեն ինչ լուսավոր ու բաց էր, հանգիստ, որ բոլորվին չէիր սպասում նման վերջաբանի: Վերջաբանը, որքան էլ արտառոց ու անհեթեթ թվա, նոր ներկայացում էր՝ նոր կերպար, նոր փիլիսոփայություն, նոր ոճ, նոր արվեստագետ, որ քիչ առաջ բեմում գտնվողի հետ կապ չուներ: Վերջաբանը Գաբրիել Գարսիա Մարկեսի հանրահայտ բանաստեղծություն-կտակն էր: Ինչու՞ այդպես: Որովհետև: Չէ, իհարկե, մեկ տասնյակ բացատրություն կարելի է գտնել ու մեկ տասնյակն էլ ենթադրել, բայց ոչ մեկն էական չէ: Այդպես: Որոշակիորեն շփոթված դահլիճ, որ վերջում մի վերջին անգամ ուզում է անզուսպ հրճվել ու հաղորդակցությունից առավելագույնը պոկել, և՝ Գաբրիել Գարսիա Մարկես: Մահվան հետ արդեն դու-ով հարաբերվող ու դեպի մահը գնացող հանճարեղ գրող, որի մոգական ձգողականության դաշտում մարդիկ, կյանքն ու մահը արդեն անցյալ են ու… Ինչու՞ այդպես:

Գենադի Խազանովը չէր եկել ծիծաղեցնելու: Գենադի Խազանովը շատ վաղուց դադարել է ծիծաղ որոնել, նա մտածում է ու ստիպում մտածել: Նրան չի հետաքրքրում ծիծաղը: Իսկ հետո ես անընդհատ հիշում էի Լեոնիդ Ենգիբարովին, որ ևս ծաղրածու չէր, որ ևս ծիծաղ չէր որոնում, որ մտածում ու ստիպում էր մտածել: Ծաղրածուն՝ աշունը սրտում: Ոչ՝ փիլիսոփան՝ սիրտը ձեռքին:



Արվեստագետն աշխարհը ընկալում է բոլորովին այլ հարթությունում, քան կա, արվեստագետը բացում է այլ տեսողություն, և նա միշտ մենակ է, միշտ ու ամենուր, ու նրա մենակությունից ծնվում են արվեստի այն գործերը, որ փարատում են ուրիշ մարդկանց մենակությունը:

Եվ դա հասկանալը ևս ազգային հարստություն է:

***

Իմ ու Գենադի Խազանովի այս «հանդիպումը» բնավ էլ հուշագրություն չէ, գուցե և է, չգիտեմ, ինքներդ որոշեք ժանրը, դա չէ կարևորը, կարևորը արվեստի հետ շփման գրեթե ֆիզիկական զգացողությունն է, որ 12 տարի մնացել է հիշողությանս մեջ: Պատկերն ամբողջացնելու համար հիշեցնեմ Գաբրիել Գարսիա Մարկեսին՝ Այդին Մորիկյանի թարգմանությամբ.

Հրաժեշտ

Եթե Աստված
Հեռացներ իր հայացքը,
Կարծես թե չնկատելով,
Որ ես այսօր նման եմ
Մի հեղգ, լաթե խամաճիկի,
Եվ ինձ կյանքի
Մի պտղունց ևս պարգևեր,
Ես չէի արտահայտվի ամբողջապես,
Բայց ամեն դեպքում
Կվերաիմաստավորեի այն,
Ինչ ասում եմ այժմ:
Ես կընկալեի
Իրերն ու երևույթները
Ոչ թե արժեքով,
Այլ` իրենց մտահղացման ու իմաստի
Նշանակությամբ:
Ես ավելի քիչ կքնեի
Եվ կխորհեի շատ ավելի շատ,
Քանի որ քնի ամեն
Րոպեում
Մենք կորցնում ենք
Լույսի վաթսուն վայրկյան:
Ես կքայլեի,
Երբ այլք կանգ են առնում,
Եվ կարթնանայի,
Երբ դուք քնի իշխանությանն եք, ավաղ, հանձնված:
Ես ականջալուր կլինեի բոլորին և յուրաքանչյուրին
Ու կվայելեի շոկոլադե պաղպաղակը:
Եվ եթե Տերը
Ինձ կյանքի էլի մի բուռ
Ողորմար,
Դեն կնետեի իմ հագուստները
Ու կփռվեի ես արևի տակ`
Բացելով նրան հոգին իմ:
Աստված իմ,
Եթե գեթ մի փոքր էլ
Շարունակվեր բաբախելն իմ սրտի,
Ես սառույցներին կգրեի
Ատելության բոլոր խոսքերը
Եվ կսպասեի արևածագին,
Որ հալեր նրանց:
Վան Գոգի հետ մեկտեղ
Ես կնկարեի Բենեդետիի բանաստեղծությունները
Աստղերի վրա,
Իսկ Սերատի երգերից
Կհյուսվեր
Լուսնի իմ սերենադը:
Ես իմ արցունքները վարդերին կտայի`
Զգալով փշերի հավերժական ցավն
Ու ծաղկաթերթերի համբույրները:
Աստված իմ...
Եթե ես էլի գեթ մի բուռ
Կյանք ունենայի...
Ոչ մի վայրկյան իսկ բաց չէի թողնի,
Որպեսզի բոլորին կրկին հասկացնեմ,
Որ ես սիրում եմ,
Որ ես երկրպագում եմ ՆՐԱՆ:
Ես կշշնջայի բոլորին,
Որ նրանք մտերիմ են ինձ,
Ու ես սիրում եմ իրենց,
Ես կասեի տղամարդկանց,
Որ նրանք սխալվում են,
Երբ մտածում են,
Որ այլևս չեն սիրում
Ծերության պատճառով,
Չէ՞ որ նրանք ծերանում են,
Երբ դադարում են սիրել:
Երեխաներին
Ես թևեր կընծայեի`
Համոզելով,
Որ թռչելն արդեն
Իրենք պետք է սովորեն:
Ծերունիներին կներշնչեի,
Որ մահը
Ոչ թե ծերության հետ է գալիս,
Այլ խուլ մոռացումների:
Ես արդեն ամեն ինչ սովորել եմ
Ձեզնից...
Ես իմացա,
Որ ողջ լույս աշխարհը
Կցանկանար ապրել բարձունքում,
Թեև երջանկությունն այն է,
Թե ինչպես ես դու վեր բարձրանում:
Ես գիտեմ արդեն,
Որ երբ մանկիկը
Առաջին անգամ
Հոր մատն է սեղմում,
Դա մեկընդմիշտ է...
Ես գիտեմ արդեն,
Որ մարդն իրավունք ունի
Իր նմանին վերից նայելու,
Միայն թե օգնի նրան
Բարձրանալ:
Ես շատ բաներ եմ
Ձեզնից իմացել:
Բայց ինչ դրանից`
Չէ՞ որ ես կլռեմ
Փայտե կացարանում,
Եվ, ի մեծ ցավ ինձ,
Կհեռանամ...

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին