Աշոտ Ադամյան. Դու կարիք ես զգում, որ հետդ քո հոգու լեզվով խոսեն, այդ խոսակցությունն այսօր չկա - Mediamax.am

Աշոտ Ադամյան. Դու կարիք ես զգում, որ հետդ քո հոգու լեզվով խոսեն, այդ խոսակցությունն այսօր չկա
5350 դիտում

Աշոտ Ադամյան. Դու կարիք ես զգում, որ հետդ քո հոգու լեզվով խոսեն, այդ խոսակցությունն այսօր չկա


Մենք սովորել ենք նույն ինստիտուտում՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում, նա՝ կուլտուրայի ֆակուլտետում, որ Մռավյան 13 մասնաշենքի երկրորդ հարկում էր, ես՝ բանասիրական, որ երրորդ հարկում էր: Տրամաբանորեն պիտի հանդիպեինք իրար՝ նվազագույնը երկու տարի նույն աստիճաններով բարձրացել-իջել ենք: Ու հաստատ բազմիցս անցել ենք իրար կողքով՝ իրար չբարևելով՝ երկու Ադամյաններս, որ ազգակցական կապ չունենք, իրար չենք ճանաչել: Նրա մասին հիացմունքով ու հաճախ խոսում էր Հենրիկ Մալյանը: Մեր ամեն հանդիպմանը, ինչ առիթով էլ լիներ, իր գործերի, ծրագրերի, ուրախությունների ու տխրությունների մասին խոսելիս՝ Հենրիկ Մալյանն անպայման տալիս էր Ադամի անունը: Ադամն այս ասաց, այն ասաց, միայն Ադամը դա կարող է խաղալ, լսե՞լ ես՝ ոնց է Ադամը երգում: Աշոտ Ադամյանը Հենրիկ Մալյանի ոչ միայն ուսանողը, ընկերն էր, թեպետ ես դա չէի կարողանում հասկանալ այն ժամանակ: ՙԿտոր մը երկինքի՚ Թորիկը փառահեղ հայտ էր՝ հայ արվեստում նոր խոսք ասելու ու նոր սկիզբ սկսելու համար… Ու՝ երիտասարդ դերասանի համար ֆանտաստիկ հաջողություն էր… Զարմանալի է անգամ մտածել, որ ինչ-որ ժամանակ Աշոտ Ադամյանը որոշել է ճարտարապետ դառնալ ու ավարտել է Երևանի Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը։ Եվ 19 տարեկանում արդեն կայացրել է իր կյանքի գլխավոր որոշումը՝ հօգուտ կինոյի ու թատրոնի: Գուցե՝ ճակատագրական:

***

Մենք հանդիպեցինք 1996-ի սեպտեմբերին՝ Խանջյան փողոցի իր տանը: Տետ ա տետ առաջին հանդիպումն էր, բայց առաջին իսկ պահից թվաց (գոնե ինձ), որ վաղուց, շատ վաղուց գիտենք իրար:

***

Այսօր նա չի նկարահանվում ու չի խաղում, բայց այսօր, ավելի քան երբևէ, նա հրաշալի դերասան է, ում համար բեմն ու կինոն չունեն գաղտնիքներ, ունեն միայն առեղծվածներ, որոնք նա չի ուզում լուծել ոչ իբրև բեմադրիչ, ոչ իբրև դերասան: Այդպե՞ս է: Ոչ: Արվեստում չունեն պատրաստի պատասխաններ նույնիսկ ամենասովորական հարցերը, ինչպես, օրինակ, ո՞վ ես դու: Արվեստում գուցե նաև առաջադրվում են հարցեր, չեն լուծվում…

-Ո՞վ է 20-րդ դարավերջի մտավորականը:

-Նա, ով կարողանում է կողմնորոշվել ու կողմնորոշել: Շեշտելով դարավերջը, Դուք, հավանաբար, նկատի ունեք վերջին մի քանի տարիների փոփոխությունները, որոնց նախ հետևանք, ապա պատճառ դարձան շուկայական հարաբերությունները, որոնց առաջ ամբողջ աշխարհը բաց էր, բայց այդ հարաբերությունների համար մենք դեռ մանուկ էինք: Իսկ հիմա մտավորականի խնդիրն է հարթել շուկայական հարաբերությունների ու հասարակության ՙհարաբերությունը՚:

-Այսինքն՝ մտավորականը պիտի կրթի՞ հասարակությունը:

-Անպայման: Դա մտավորականի առաքելությունն է միշտ:

-Այնուամենայնիվ, ի՞նչ հատկանիշներով ու որակներով է մտավորականն առանձնանում կամ պիտի առանձնանար հասարակությունից իր առաքելության հաջողության համար:

-Եթե կարճ՝ մտավորականն այսօր կամիկաձե է: Երբ ժամանակը կյանքի շարժիչ է դարձնում փողը, և փողի առկայությամբ կամ բացակայությամբ են կարգավորվում մարդկանց հարաբերությունները, մտավորականը ստիպված է լինել այն մարդը, ով ջանում է հասկանալ, ջանում է շարժման մեջ դնել մեռած ու մեռնող մեխանիզմները:

-Ձեր կարծիքով՝ հասարակությանն այսօր պե՞տք են կամիկաձեներ:

-Ոչ: Բայց փաստ է նրանց գոյությունը: Մշակույթը պահանջարկ չունի այսօր, գնորդ չկա, որովհետև շուկայական հարաբերությունները մեզ մոտ այն վիճակում են, երբ գնվում են զենքը, էներգակիրները, սնունդը, մտքի համար այսօր ընդունված չէ վճարել:

-Հասարակությունը ինտելեկտը չի՞ դիտում ապրանք, որի դիմաց պետք է վճարել:

-Դա բացահայտ երևում է բոլոր ոլորտներում՝ հեռուստացույց նայեք, մշակույթին, գեղարվեստին վերաբերող հաղորդումների մակարդակը շատ լավ ցուցիչ է, պարզեք՝ քանի՞ կինոթատրոն և քանի՞ թատրոն է գործում, քանի՞ ներկայացում է բեմադրվում և քանի՞ նոր ներկայացում: Պատկերի ամբողջականության համար համեմատեք մի քանի տարի առաջվա հետ, ավելացրեք՝ ինչե՛ր կարելի էր անել այսօր…

-Կարո՞ղ եմ եզրակացնել, որ որոշակի խզում կա արվեստագետի և հասարակության միջև:

- Անպայման, որովհետև մեր հասարակությունը դեռ կայացած չէ, դեռ ձևավորվում է պետականության ինֆրակառուցվածքն իր բոլոր բաղադրիչններով, դա հասկանալի է, մենք տոտիկ-տոտիկ սկսել ենք շարժվել մեռյալ կետից:

-Կարծու՞մ եք, որ դա միայն ժամանակի խնդիր է:

-Անշուշտ, նաև ժամանակի: Իսկ ի՞նչ էինք ուզում՝ քանդվել է հսկա մի կայսրություն, քաղաքական ֆիասկոյին հաջորդում է հասարակական, տնտեսական, մշակութային, հոգեբանական հարաբերությունների ու կապերի փլուզումը: Ինչ-որ ժամանակ է պետք հնի բեկորների տակից դուրս գալու, նորը հաստատելու, նորի հաստատման դժվարությունները հաղթահարելու: Իսկ այս դեպքում միայն ժամանակը քիչ է: Յուրաքանչյուր կողմ ունի իր անցնելիք ճանապարհը: Հիշու՞մ եք «Դու քո մեխը խփի» արտահայտությունը, այսօր էլ դրա պահանջարկը կա: Այսօր մարդը պիտի կարողանա ստեղծել իր «խանութը»՝ փոխաբերական իմաստով, որտեղ վաճառի իր ձեռքերը, խելքը, ունակությունները: Մշակույթը կսկսի զարգանալ այն ժամանակ, երբ գնորդ կունենա: Հարաբերությունը շատ պարզ է՝ առաջարկ-պահանջարկ: Շուկայական հարաբերություններում այլ աստվածներ չկան:

-Իսկ գովա՞զդը:

-Գովազդն այնքան հզոր ուժ չունի, երբ խոսքը մշակույթի մասին է: Տնտեսության մեջ՝ այո, արտադրության մեջ՝ այո, համարենք գովազդը կիսաստված:

-Ի՞նչ հարաբերության մեջ պիտի լինեն մտավորականն ու պետությունը:

-Եթե պետական բոլոր գործառնությունները կայանան, բոլոր կառույցները անխափան գործեն՝ տրանսպորտ, էներգամատակարարում, արդյունաբերություն, գիտություն, բուժսպասարկում, արվեստ, մենք կունենանք կատարյալ պետության մոդել, որից բավականին հեռու ենք: Այսօր հարաբերությունը հետևյալն է՝ գտնել գումարի հայթայթման ճանապարհներ, չկորցնել եղածը: Այսօր դրամի հայթայթումը թիվ մեկ հարաբերությունն է ցանկացած մարդու և պետության միջև:

-Ո՞րն է ելքը:

-Եթե երեկ ես դրամ էի հայթայթում կինոյում ու թատրոնում գործելով, այսօր դժվար է այդ կերպ հաջողության հասնել, հետևաբար, ես սկսում եմ փոխել իմ որոնումների ոլորտը և իմ մասնագիտությանը զուգորդող ու ավելի պահանջարկ ունեցող տարբերակներ եմ գտնում:

-Բայց Դուք պրոֆեսիոնալ դերասան ու ռեժիսոր եք, չե՞ք վախենում զուգորդվող ու պահանջվող տարբերակով դիլետանտ դառնալ:

-Ես չեմ պատրաստվում դավաճանել իմ մասնագիտությանը, ես դերասան եմ և պրոֆեսիոնալ բեմադրիչ, և հիմա ավելի իրականանալիք ծրագրեր եմ փորձում մշակել թատրոնի պահպանության համար: Եթե հիմա հնարավոր չէ հաստիքային 30 դերասան պահել, ուրեմն դրա ժամանակը չէ, պետք է ավելի դինամիկ կառույց գտնել, ասենք, մեկ ներկայացման թատերախումբ: Արտասահմանում առաջ էլ, հիմա էլ շատ քիչ են դերացանկային թատրոնները, հիմնականը մեկ ներկայացման թատերախմբերն են: Այսօր շուկան ստիպում է ընտրել ոչ դերացանկային թատրոնի տարբերակը:



Բոլոր դեպքերում պիտի արձանագրենք, որ մտավորական-պետություն հարաբերության մեջ որոշակի խզում կա, որ բխում է գործառնությունների խաթարումից և ժամանակի հարց է բնականոն հարաբերությունների վերականգնումը: Հարցն այն է, թե ո՞վ կդիմանա: Ընթացքում կարող է սերունդ սահել-անհետանալ, թեպետ հրաշալի սերունդ է, շատ լավ աղջիկներ են, նկատե՞լ եք՝ որքան գեղեցկացել են Երևանի աղջիկները, շատ լավ տղաներ են՝ թիկնեղ, ազդեցիկ: Ցավոք, նրանց պակասում են հոգևոր արժեքները, պատմության ստեղծած արժեքների իմացությունը: Ինչ վերաբերում է իրավիճակային կողմնորոշմանը, նրանք շատ ավելի արագ ու ճիշտ են կողմնորոշվում:

-Փաստորեն՝ շուկայական հարաբերությունները վերափոխեցին ամբողջ հոգևոր ոլորտը, մարդկային հարաբերությունների մեխանիզմները:

-Փոխվում է հարաբերությունների տեսակը: 120 ռուբլիանոց համատարած անգործության շրջանում մեր հանդիպումն էլ այլ կլիներ: Բայց ես չեմ սիրում այն շրջանը, նախընտրում եմ այս ժամանակը, երբ շատ դժվար է, շատ ծանր: Առաջ մշակույթն ուներ իր ՙդարակները՚, ուր տեղավորվում-դասավորվում էր, այսօր այդ դարակները չկան: Այսօր մշակույթը փողի վերարտադրության և շահույթի հնարավորություն չի տալիս, վերջին հաշվով, այսօր փողը ծախսվում է հիմնականում սննդի վրա, և մեր կյանքի ՙտնտեսագիտությունը՚ դեռ առաջին աստիճանի վրա է: Կապիտալի կուտակման այս փուլում մշակույթը նմանվում է ապօրինի զավակի, ում մասին հոգ տանում են օրինական զավակներին ապահովելուց հետո:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի մշակութային դաշտի դրությունը:

-Եղանակը խառն է, տեղումներ, տեղ-տեղ ձյուն, հիմնականում՝ մերկասառույց:

-Իսկ ոչ փոխաբերաբա՞ր:

-Վատ, շատ վատ, հիմնականում վատ: Շատ լավ լինում է, երբ գործում է մշակութային մեքենան, որն այսօր մեր երկրում կանգ է առել:

-Ի՞նչ է պետք շարծվելու համար:

-Փող, նյութական միջոցներ:

-Կարծու՞մ եք, որ պետությունը պիտի ֆինանսավորի թատրոնները:

-Չեմ կարծում: Պետությունը կարող է ֆինանսավորել գիտության այն ճյուղերը, որոնք անհրաժեշտություն են գիտության զարգացման համար, որոշ ծրագրեր: Իսկ թատրոններն առաջին անհրաժեշտության օբյեկտներ չեն, ցավոք: Ես դեմ եմ լրավճարի սկզբունքին, հատուկենտ, առանձնահատուկ դեպքերում միայն, բայց ընդհանրապես պետությունը, ժողովուրդը այն մակարդակին պետք է լինեն, որ «հացիւ»-ից անցնեն «բանիւ»-ին:

-Ի՞նչ կարող է անել այսօր անհատը:

-Հիմնականում՝ ոչինչ, որովհետև առաջին հարցն է՝ ինչքա՞ն է նա վաստակում: Որպեսզի թատրոնը նորմալ աշխատի, տոմսի արժեքը 1200-1500 դրամ պիտի լինի: Կարո՞ղ եք ամիսը երկու անգամ երկու հոգով թատրոն գնալուն փող տրամադրել: Եթե ոչ, թատրոնը ֆինանսապես ինքն իրեն պահել չի կարող: Փակե՞նք: Մի կողմ քաշվե՞նք: Սա է ռեալ վիճակն այսօր:

-Չենք փակում, մի կողմ չենք քաշվում, ի՞նչ անել:

-Ծանր հարց է: Ես կարծում էի, որ միայն պահպանելը բավական է, բայց դա մեկ տարի, երկու, երրորդ տարին ճահճացում է: Նույնը կրկնելուց հոգնում ես, ստեղծագործական աշխատանքի բացակայությունը խեղդում է: Այդ պատճառով ի՞նչ անելը անորոշ հասկացություն է: Եթե ես ուզում եմ ներկայացում բեմադրել կամ ֆիլմ նկարահանել, պիտի գտնեմ հովանավոր, որ վճարի ծախսերը, հավաքեմ դերասանների, խումբ ստեղծեմ, գտնեմ գործը սպառողների շուկա: Այսպես ես դառնում եմ պետության փոքր մոդել: Իբրև մոդել՝ ես անպատրաստ եմ դեռ գործելու: Մշակութային դաշտում դադարների պահ է այսօր:

-Այսօր ես ուզում եմ էկրանին ու բեմում տեսնել իմ հայ դերասանին՝ հայերեն խոսող, իմ կյանքը ներկայացնող: Եվ՝ չունեմ այդ հնարավորությունը: Վաղը կամաց-կամաց կորցնելու եմ այդ ցանկությունը: Ազգային արվեստի այսօր չբավարարվող պահանջները վաղը հանգեցնելու են փոխադարձ անպետքության: Ես կորցնում եմ իմ դերասանին, իմ դերասանը կորցնում է իր հանդիսատեսին: Ի՞նչ անենք այս դեպքում:

-Մենք չենք ուզում միմյանց կորցնել: Ցանկությունը շատ մեծ է, հնարավորություններն են նվազել: Միմյանց հանդիպելու համար ճանապարհ անցնել է պետք:

-Եթե թատրոնը չի գործում, դերասանը դադարում է դերասան լինել:

-Ճիշտ է, իհարկե, զտում է կատարվում, ոչ բոլորն են դիմանում, ոչ բոլորն են մնում ասպարեզում:

-Վաղը կհամալրվի՞ նրանց տեղը:

-Անչափ դժվար է: Անկասկած, նորը կստեղծվի, բայց ուրիշ ձևի մեջ, գուցե մենք թռիչքաձև զարգացման ենք հանգելու: Կորուստներ կան ու կլինեն: Նորն ստեղծելը միշտ դժվար է եղել: Հանդիսատեսն այսօր էկրանին տեսնում է Առնոլդ Շվարցենեգերին, որ շատ լավ դերասան է, բայց իր մշակույթը կրողը չէ: Հանդիսատեսն այսօր էկրանին տեսնում է մերկ կամ չափազանց հանգնված-զինված հերոսների, որ իր պատմությունից չեն: Շուկան լիքն է նրանցով: Այնուամենայնիվ, արգելված պտղի սինդրոմն անցել է, նրանք այլևս օրվա հերոսներ չեն, երբ էկրանից հետդ խոսում են բռնության կամ էրոտիկայի, այլևայլ լեզուներով, դու կարիք ես զգում, որ հետդ քո հոգու լեզվով խոսեն, այդ խոսակցությունն այսօր չկա:

-Այդպես մենք կորցնում ենք մեր կյանքի ժամանակը:

-Մենք արդեն բավականաչափ ժամանակ կորցրել ենք:

-Եթե հանդիսատեսը կարող է համբերել, դերասանն այսօր չխաղացած դերը վաղը չի խաղալու:

-Անկասկած, դու դադարում ես լինել այս կամ այն դերի մարդը, մեկ ուրիշը կխաղա, եթե լինի… Եթե այսօր 10 տեղի համար 11 դիմում է ներկայացվում, ընտրությունը մեծ չէ: Փոխվել է կյանքը, խնդիրներն են փոխվել: Կորուստներն անխուսափելի են: Մենք հիմա նորից ուզում ենք ունենալ ինչ-որ բան, որի համար պատրաստ չենք վճարել:

-Դուք ի՞նչ եք անում այս իրավիճակում:

-Փորձում եմ իմ մեխը մեխել և անցնել իմ ճանապարհը, ամենակարևորը՝ առևտրով չեմ զբաղվում, արվեստում եմ և ջանում եմ կարճել այն ճանապարհը, որ տանում է տաճար:

-Ձեր ամենամեծ ցանկությունը:

-Որ երեխաս արթնանա ու ասի. «Պապա ջան, գնանք թատրոն»:

-Հայաստանը և Դուք 2000 թվականին:

-Ես լավատես եմ և հույս ունեմ ինձ տեսնել իբրև արվեստագետ բավականին հարուստ և իմ պետությունը բավականին հարուստ՝ միմյանց հետ համագործակցելու 21-րդ դարում:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեզ 21-րդ դարի թատրոնում:

-Պարապուրդները կպակասեն, աշխատանքը կշատանա, և թատրոնը նորից գործողության դաշտ կլինի: Այսօր մի դեր ես խաղում, վաղը՝ այլ: Անուններ չտամ, բեմադրությունների էլ, դերերի էլ ծրագրեր կան, իհարկե, բայց նախապես խոսելն ընդունված չէ: Իսկ ընդհանրապես կուզեի պահպանել խաղալու ցանկությունը:

-Կարո՞ղ ենք ասել, որ այսօր արվեստագետի նշանաբանը ինքնապահպանությունը պետք է լինի:

-Քիչ է: Եթե միայն ինքնապահպանումը լինի նշանաբանը, պիտի իմանանք՝ ինչի՞ համար ենք պահպանում, ո՞րն է շարունակությունը, կա՞ հույս, կա՞ հավատ: Եթե ոչ, անիմաստ է քո գոյությունը որպես արվեստագետ:

-Հայաստանի խորհրդանիշը Ձեր կյանքում:

-Ինձ համար խորհդանիշ միշտ եղել են ահա այս երկու սարերը, որ կան նաև մեր զինանշանի վրա, թեպետ միշտ կարծել եմ, որ զինանշանի վրա պիտի լինի մեր ունեցածը, ռեալը:

-Այսօր մերը չէ, երեկ մերն էր, վաղը մերն է:

-Վաղը կնկարենք: Տատս մեռնելուց առաջ ասաց. ՙԿգնաս, Իգդիրի մեր տանը տեր կկանգնես՚: Գնալու՞ եմ… Երկրիս խորհրդանիշի մեջ երազ չեմ ուզում, իրականն եմ ուզում: Սևա՞նն է: Սևանը: Արագա՞ծն է: Արագածը: Քայլենք միմյանց ընդառաջ և թող մեր հանդիպումը մի քայլ առաջ կայանա:

***

26 տարի առաջ կայացած այս հանդիպման (հարցազրույցը տպագրվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ում, 1996-ի սեպտեմբերի 5-ին) ավարտին, ձայնագրիչն անջատելուց հետո ես նրան հարցրի՝ ո՞նց ես: Իսկ դու՞՝պատասխանեց նա: Եվ երկուսով հիշեցինք Հենրիկ Մալյանին… Ես չգիտեմ՝ ինչպես էր կոչվում պատկերը, բայց երրորդ անձի համար մեր հանդիպումը, անշուշտ, դրվագ էր ֆիլմից թե բեմադրությունից: Եվ երբ մեզնից յուրաքանչյուրը հավատա իր գործի անհրաժեշտությանը, միմյանց ընդառաջ քայլի համար կմնա միայն… Կլինե՞նք մենք այդ ժամանակ, կհիշի՞ այդ ժամանակը մեզ, որ փորձում էինք լուծել իր առաջադրած հարցերը, և մեր պատասխանները համառորեն հրաժարվում էինք փակուղի կամ ճգնաժամ համարել: Այդպե՞ս է: Ոչ: Արվեստում յուրաքանչյուրն ունի իր հարցուպատասխանը, «այո»-«ոչ»-ի իր տրամաբանությունը… Աշոտ Ադամյանը իր մեխի տերն է, որ խփում է իր պես:

***

2022-ի աշնանը այս ամենը թվում է հեռավոր ու անիրական: Սկիզբը փառահեղ էր՝ 20-րդ դարի 80-ականները, բայց փլուզվեց կայսրությունը, փոխվեց ժամանակը… 1977-2015-ին Աշոտ Ադամյանը խաղացել է 25 ֆիլմերում, բայց գագաթնակետը մնում է Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինքը» ու Թորիկը… (1980):



Նա իսկապես չհեռացավ մասնագիտությունից, առավել ևս, որ 1987-ին ընդունվել էր Մոսկվայի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսեր (Ռոլան Բիկովի արվեստանոց) և 1991-ին ստացել էր կինոբեմադրիչի դիպլոմ: Աշոտ Ադամյանը նվագել ու երգել էր հայկական առաջին ռոք խմբերում՝ «Սարդեր», «Առաքյալներ», «1+2։ 1980-ին դերասան ու բեմադրող ռեժիսոր էր, հետո՝ գեղարվեստական ղեկավար։ Բեմադրել է Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ժան Անույի «Օրկեստր», Իսիդոր Շտոկի «Աստվածային կատակերգություն» պիեսները: 1996-ին ձայնագրել է իր առաջին՝ «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը:1998-ին Լոս Անջելեսում բեմադրել է Խորեն Արամունու «Պողոս քեռու այցը», 2005-ին Երևանում՝ Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները։ 2002-ին Վիեննայում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին՝ ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը։ Թեհրանում բեմադրել է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված «Ուզենք, չուզենք, հայ ենք» ներկայացումը, անցկացրել է արվեստի դասընթացներ։ 2009-ին խաղացել է Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» մոնոներկայացման մեջ և «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի։ 2010-ին Դավիթ Մաթևոսյանի հետ նկարահանել է «Մենք ենք…» ֆիլմը՝ նվիրված «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 40-ամյակին։ 2012-ին իր սցենարով նկարահանել է «Ճեպանկարներ» կարճամետրաժ ֆիլմը։ 2012-ին Ջենովայի պոեզիայի փառատոնին ներկայացրել է իր «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմից մի քանի երգ և հիացրել իտալացի հանդիսականին։ Ազգային կինոյի «Հայակ-2014» մրցանակաբաշխության ժամանակ «Անպոչ ճգնավոր» ֆիլմում երկրորդական դերի լավագույն դերակատարման համար ստացել է «Հայակ» մրցանակը։ 2015-ի դեկտեմբերի 2-ին «Salento» միջազգային կինոփառատոնի տնօրեն Լուիջի Կամպանիլեն կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ Աշոտ Ադամյանին հանձնել է «Salento» միջազգային կինոփառատոնի դերասանական մրցանակը, որը տրվում է փառատոնը հյուրընկալող երկրի կինոասպարեզում և երկրից դուրս ավանդ ունեցած ակնառու դերասանին:

Բայց… Բայց, անկասկած, այս պատմությունը այն պատմությունը չէր, որ կարող էր ու պիտի լիներ այն Ադամինը, ում մասին այդպիսի սիրով պատմում էր Հենրիկ Մալյանը…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին