Փելոսին, Թայվանը, Ամուլսարն ու Հատիսը - Mediamax.am

Փելոսին, Թայվանը, Ամուլսարն ու Հատիսը
29229 դիտում

Փելոսին, Թայվանը, Ամուլսարն ու Հատիսը


ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների Պալատի խոսնակի Հայաստան կատարած այցի ընթացքում մարդիկ հաճախ էին հիշատակում Թայվանը, որտեղ Նենսի Փելոսին այցելել էր վերջերս:

Թայվանը տնտեսական մեծ հաջողություններ գրանցեց XX դարի երկրորդ կեսին եւ Սինգապուրի, Հոնկոնգի եւ Հարավային Կորեայի հետ միասին համարվում է «Ասիական 4 վագրերից մեկը»: Այսօր Թայվանը աշխարհի 19-րդ տնտեսությունն է: Կարծում եմ, այսքանը բավարար է Հայաստանի եւ Թայվանի միջեւ բոլոր զուգահեռները բացարձակ հիմարություն անվանելու համար:

Երբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակում սկսեց Հայաստանի եւ, մասնավորապես, Ջերմուկի վրա, ես մտածում էի ոչ թե Թայվանի, այլ Ամուլսարի ծրագրի մասին: Մտածում էի, որ եթե Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության ջանքերով այդ ծրագիրը չսպանվեր, ապա Ջերմուկի հարեւանությամբ ամերիկյան եւ բրիտանական կապիտալի կողմից ներդրված 400 միլիոն դոլարը կարող էր զսպող դեր ունենալ Ալիեւի համար:

4,5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը որեւէ որոշում կայացնելու համարձակություն չունեցավ՝ այն պատվիրակելով «ակտիվիստներին», որոնք տարիներ շարունակ «պոստեր էին պահում» Ամուլսարի «մատույցներում»: Դավոսն ու Ամուլսարը՝ միմյանց շատ մոտիկ ու շատ հեռու սյունակում ժամանակին հավաքագրել էի Փաշինյանի եւ նրա զինակիցների իրարամերժ հայտարարությունները խնդրի մասին:

Երբ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանները տեսախցիկների առջեւ ու փակ հանդիպումներում խոսում էին Ամուլսարի ծրագրի կարեւորության մասին, Փաշինյանը չէր գիտակցում, որ պատերազմի մշտական վտանգի մեջ ապրող երկրում արեւմտյան խոշոր ներդրում ունենալը լրացուցիչ «անվտանգության բարձիկ» է:

Նրա փաստացի հովանավորությունը վայելող «ակտիվիստները» պնդում էին, որ «փրկում են Սեւանը»՝ անտեսելով բազմաթիվ ուսումնասիրություններն այն մասին, որ Ամուլսարի շահագործումը Սեւանին վնաս չի հասցնելու: Այսօր Ամուլսարում գործող հանք չունենք, բայց ունենք Սեւանա լճին ընդհուպ մոտեցած թշնամի:

Իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը որեւէ իրական քայլ չձեռնարկեց խոշոր օտարերկրյա ներդրումների խթանումը խրախուսելու համար: Ավելին, երբ նրան ասում էին, որ Ամուլսարը վատ ազդանշան է պոտենցիալ ներդրողների համար, նա այդ զգուշացումները բանի տեղ չէր դնում:

Իհարկե, եթե գործարանը Ամուլսարում կառուցված լիներ, դա չէր երաշխավորելու, որ Ալիեւը Ջերմուկի վրա գրոհելու հրահանգ չէր տալու: Բայց կարդացեք Գերմանիայի փոխդեսպանի արձագանքը Ջերմուկ կատարած այցի մասին եւ հասկացեք, որ այն այդպիսին չէր լինի, եթե Ջերմուկում գերմանացի զբոսաշրջիկներ եղած չլինեին: Իսկ հիմա պատկերացրեք՝ ինչպիսին կլիներ Փելոսիի կամ ամերիկացի այլ պաշտոնյաների արձագանքը, եթե հարձակման ընթացքում վտանգվեր կամ տուժեր արեւմտյան կապիտալով Ամուլսարում կառուցված գործարանը:

Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի «ոխերիմ բարեկամ» Գագիկ Ծառուկյանը վարչապետի ակնհայտ թողտվությամբ (եւ առանց անհրաժեշտ թույլտվությունների) սեփականաշնորհում է Հատիս լեռը՝ Քրիստոսի արձան տեղադրելու շղարշի տակ: Բայց «Հատիսը սար է մնալու» կոչեր չեն հնչում, ակտիվիստների կողմից «պոստեր» չեն տեղադրվում:

2020 թվականի պատերազմի առաջին տարելիցի կապակցությամբ գրել էի Երբ փող չունես, բայց հաղթել ես ուզում հոդվածը: Ցավոք, այն արդիական է նաեւ պատերազմի երկրորդ տարելիցի շեմին:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին