Ինչ է եղել իրականում եւ ինչ կարելի է անել - Mediamax.am

Ինչ է եղել իրականում եւ ինչ կարելի է անել
5130 դիտում

Ինչ է եղել իրականում եւ ինչ կարելի է անել


Բանակցային գործընթացում երկարատեւ փորձ ունեցող ցանկացած մարդ, տեսնելով այսօրվա իրադարձությունները, կարող է շատ հստակ պատկերացնել արդեն երկու տարի հայ հասարակությանը հուզող հարցի պատասխանը՝ ինչ է քննարկվել 2020-ի նոյեմբերի 9-10-ին։  

Կասկածից վեր է, որ այդ օրը, այդ ժամերին օրակարգի հիմնական թելադրողը Ալիեւն էր։ Շուշի մտնելուց հետո նա հնարավորություն ուներ ժամերի ընթացքում բռնազավթելու ամբողջ Արցախը։ Դժվար չէ հասկանալ, որ այդ դիրքերում, այդ գիշեր Ալիեւը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք եւ հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ Բանակցային գործընթացում նույնիսկ ամենաթույլ դիրքերում կողմին դեմքը փրկելու հնարավորություն են տալիս։ Իմ ենթադրությունն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որի վկան, նաեւ՝ երաշխավորը, եղել է Պուտինը։

Հիմա, երբ այդ պայմանավորվածությունների իրականացումը ձգձգվում է, Ալիեւը դիմում է ուժային մեթոդների։ Եթե ելնենք հիմնավոր այս ենթադրությունից՝ այս իրավիճակում Փաշինյանը չունի մանեւրելու հնարավորություն, իսկ Ռուսաստանի լռությունը դառնում է եթե ոչ արդարացված, ապա առնվազն՝ բացատրելի։ Պուտինի ձեռքերը կապված են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլեւ նոյեմբերի 9-ին տրված բանավոր խոստման վկան լինելով։ Հետեւաբար, օրվա հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա՝ երկրի նոր ղեկավարի հայտնվելը։

Եթե մի կողմ դնենք հուզական պիտակները եւ ելնենք այն ենթադրությունից, որ Փաշինյանի համար ստեղծված իրավիճակը հաճելի եւ ցանկալի չէ, ապա նա կամ պետք է հերքի այս թեզը, ասի, որ ոչինչ չի խոստացել բանավոր, ու իր անմիջական քայլերով, այսինքն՝ կտրուկ փոխելով քաղաքականության տրամաբանությունը, ապացուցի դա, կամ հրաժարական ներկայացնի։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի համար եւս ռազմական լուծումը ամենահեշտն ու ցանկալին չէ, հետեւաբար Փաշինյանն այստեղ մանեւրելու հնարավորություն ունի։ Եթե դա չի անում, ուրեմն մնում է ենթադրել, որ կան խոստման կապանքները։

Նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից, այլեւ կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ եւ ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար։

Ինչ վերաբերում է Արեւմուտքին, ապա ակնհայտ է, որ այն Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մեջ տեսնում է Ղարաբաղից հրաժարվելու միտումը, դրանում էլ տեսնում է խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, որը եւ կնպաստի Ռուսաստանի ներկայության թուլացմանը եւ աստիճանական հեռացմանը տարածաշրջանից։ Դրանով թերեւս կարելի է բացատրել ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Արեւմուտքի խաղացած դրական դերը, ճնշումը Ադրբեջանի վրա՝ ձեռք բերված փխրուն զինադադարի արդյունքով։

Սակայն Արեւմուտքը նույնպես Հայաստանի իշխանությունների ենթադրաբար տված խոստման պատանդն է։ Ի վերջո, ակնհայտ է, որ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները ԵՄ անդամ Հունաստանի դեմ եւ բազմաթիվ այլ հանգամանքներ, չպետք է որեւէ մեկի մոտ կասկած առաջացնեն, որ Արեւմուտքը նույնպես նպատակ, ցանկություն եւ պատճառ չունի թուրք-ադրբեջանական կողմի լիակատար հաղթանակը ցանկանալու։ Հետեւաբար, նոր բանակցողի պայմաններում եւ դրա շուրջ ձեւավորված նոր մոտեցումներով ու դիվանագիտական թիմով հայկական շահերի հետապնդումը, անկասկած, հնարավորություն կստեղծի կարճ ժամանակում փոխելու նաեւ Արեւմուտքի մոտեցումներն այս հարցում, Արեւմուտքին նույնպես շահագրգռելով արագ լուծումների փոխարեն ավելի հավասարակշիռ լուծման համար բանակցություններ սկսելու։ Բայց դրա համար, դարձյալ, անհրաժեշտ է նոր բանակցող, որը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արեւմուտքի համար կձեւակերպի բանակցային նոր օրակարգ։  

Ո՞րը պետք է լինի նոր բանակցողի արտաքին քաղաքական հենքը։

Ա) Փոխլրացնող քաղաքականությունը։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե այսօր դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ռուսաստան-Արեւմուտք հակասությունները։ Բայց այստեղ նրանք մոռանում են առնվազն երկու հանգամանք․

Առաջին, որ այսօր Արեւելք-Արեւմուտք հակասությունը ոչ թե բլոկների, այլ առանձին երկրների հակասություն է։ Ռուսաստան-Արեւմուտք, Չինաստան-ԱՄՆ։ Դա չի ենթադրում եւ չի պարտադրում մեկ կամ մյուս կողմի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներին ընտրություն անել։ Եվ դրանից, ի դեպ, լավագույնս օգտվում են Թուրքիան եւ Ադրբեջանը։

Երկրորդ, որ այսօր Հայաստանը կարող է հիմնավորել այս կամ այն գործընկերոջ հետ ցանկացած խորության համագործակցություն։ Անկախ պատճառներից կամ հանգամանքներից՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից եւ վերջին իրադարձություններից հետո Հայաստանում ձեւավորվել է համատարած հիասթափություն Ռուսաստանից։ Հայաստանը, ելնելով իր շահերից, պահելով իր հարաբերությունների որակը Ռուսաստանի հետ, առանց վարանման հնարավորություն ունի լավագույնս օգտագործելու այլ երկրների կողմից իրեն ընձեռված բոլոր տեսակի հնարավորությունները։

Բ) Նոր բանակցողը եւ նրա թիմը կարիք չունեն ընդհանրապես հրաժարվելու պայմանագիր կնքելու հեռանկարից։ Պարզապես անհրաժեշտ է փոխել դրա շուրջ ստեղծված եւ այլոց կողմից ընկալված առկա ենթատեքստը։ Ադրբեջանի համար այս փաստաթուղթը միջոց է պատերազմի արդյունքում իր ձեռք բերած եւ ակնկալվող ռազմական ավարի օրինականացման եւ միջազգային ճանաչման համար։

Հայաստանի մոտեցումը պետք է լինի նույնը։ Հայաստանի համար այս փաստաթուղթը պետք է լինի այն միջոցը, որտեղ կկարողանա տրամաբանված, ոչ ծայրահեղական ձեւակերպումներով դրույթների ներառմամբ հասնել բանակցային լուրջ գործընթացի անհրաժեշտության ճանաչման եւ մեկնարկի։ Փաստաթղթում անհրաժեշտ է ներառել այն դրույթները, որոնց շուրջ կլինի իրական բանակցությունների անհրաժեշտություն՝ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ տարածքից; Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի խնդիրը; գերիների վերադարձը; սահմանազատման բանակցված, ոչ թե հապշտապ ու միայն ադրբեջանական կողմին բավարարող իրականացումը։  

Այլապես այն, ինչ տեղի է ունենում այսօր, բանակցություն չէ, այլ պարտադրանք է Հայաստանին՝ հրաժարվելու Արցախից, ինչը ստիպված կլինի ընդունել միայն թե խաղաղություն լինի։ Ու այս ձեւակերպմանը տարբեր պատճառներով դեմ չեն արտահայտվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը՝ հիմնականում վերեւում նշված՝ հայկական կողմի այլ ձեւակերպում տալու անկարողության պատճառով։

Վարդան Օսկանյանը Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիրն է, 1998-2008թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարար:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին