Կարեն Ջանիբեկյան. Մեր պետության դժբախտությունը մեր բոլորի պետական մտածողության չգոյությունն է - Mediamax.am

Կարեն Ջանիբեկյան. Մեր պետության դժբախտությունը մեր բոլորի պետական մտածողության չգոյությունն է
2126 դիտում

Կարեն Ջանիբեկյան. Մեր պետության դժբախտությունը մեր բոլորի պետական մտածողության չգոյությունն է


Այո, նա կինոյի ու թատրոնի հանրաճանաչ դերասան էր, այո, երբ նա պարզապես քայլում էր փողոցում, բոլորը շրջվում ու հետևում էին նրա դանդաղ, ճոճուն, հաստատուն քայլքին, ավելի համարձակները կանգնում, բարևում, խոսում էին հետը: Այո, նա Գուրգեն Ջանիբեկյանի որդին էր, ու դա արդեն ճակատագրով նրան դարձնում էր մարդ, որ քայլող առասպել է, բայց նա ուներ իր առասպելը: Իսկ այդ առասպելը այն մթնոլորտն էր, որ ստեղծվում էր Կարեն Ջանիբեկյանի շուրջբոլորը, յուրահատուկ աուրան, որտեղ դու փոխվում էիր, թեև ինքը ոչինչ չէր անում: Կարեն Ջանիբեկյանը կարող էր անընդհատ խոսել, կարող էր անընդհատ լռել՝ կարևոր չէր, նրա աուրան ազդում էր աներկբա…

***

Ես նրան հանդիպել եմ 2000-ի փետրվարին, Տերյան փողոցի իր տանը: Դուռը բացվելու պես ինձ ընդառաջ թռավ… շունը ու սկսեց լիզել ձեռքերս: Մեղմ ասած՝ սարսափազդու սկիզբ էր: Ես, որ վախենում եմ շներից, արդեն ուզում էի փախչել:

«Մի վախեցի, քեզ հետ ծանոթանում է ու քեզ ընդունեց, թե չէ կկծեր»` բացատրությունն էլ մխիթարական չէր, հիմա հավանեց, հինգ րոպեից կարող է… կծել: Եվ, այնուամենայնիվ, ես այդ օրը հեռացա առանց կծոտվելու, ավելին՝ հսկայական շունը տիրոջ հետ ինձ ճանապարհեց ու հրաժեշտի հաչոց նվիրեց՝ «Ասում է՝ էլի կգաս, դու մեզ դուր եկար»: Իսկ ամբողջ հարցազրույցի ժամանակ շունը պառկած էր տիրոջ ոտքերի մոտ ու նրա ձայնի բարձր ու ցածր ելևէջներին համընթաց գռմռում էր՝ ասես նախազգուշացնելով ինձ, որ անհաճո հարցեր տաս՝ կծելու եմ, հա՛, իմացիր՝ ուր ես եկել…

***

- Ձեր կարծիքով՝ ո՞վ եք Դուք:

-Մարդ եմ, ունեմ երկու ձեռք, երկու ոտք, երկու աչք:

-Բոլորս էլ ունենք երկու ձեռք, երկու ոտք, երկու աչք:

-Գուցե՝ ո՞վ եմ դարձել: Այդպես ավելի ճիշտ կլինի, որովհետև մանկությանս օրերին ուրիշ էի, երիտասարդ ժամանակ ուրիշ էի, հիմա ուրիշ եմ: Այս պահին ես… ոչինչ եմ:

-Ո՞ր ոչինչը, ամենասկզբի՞, թե՞ ամենավերջի, որ կատարելությունն է բնորոշում:

-Ես, իհարկե, ինչ-որ բան արել եմ, ասել եմ ու իմ արվեստով ասելու ու անելու շատ բան ունեմ: Տարիքի հետ մարդն ավելի է հզորանում: Հայրս էլ այդպես էր:

-Ի՞նչ գիտեք Ձեր մասին, որ ուրիշները չգիտեն:

-Ոչինչ: Ավելի շատ ուրիշներից եմ իմանում, թե ո՞վ եմ ես:

-Այդպես չի լինում:

-Ուզում եք իմ մեջ լավ ու վատ փնտրե՞մ:  

-Ուզում եմ ասեք՝ ես՝ դերասան Կարեն Ջանիբեկյանս, ի՞նչ եմ ուզում աշխարհից, էս աշխարհն ինձ դու՞ր է գալիս, ի՞նչ եմ ուզում ասել մարդկանց:

-Էս աշխարհից ուզում եմ, որ մարդիկ իրար նկատմամբ լինեն ավելի բարեհամբույր, ավելի մարդկային, բարի: Մարդիկ դաժանացել են: Շատ են իրենք իրենցով զբաղվում: Ոչ ոք կողքինին չի տեսնում: Չգիտեմ՝ ի՞նչ է եղել, գոռոզացե՞լ ենք, վա՞խ կա սրտներումս:

-Լավ, ո՞րն է չափանիշի չափանիշը:

-Բարոյականությունը, ազնվությունը, մարդկայնությունը: Ամենակարևորը: Ազգը կորցրել է իր դեմքը: Կոմունիստների ժամանակ չափանիշներ կային, վատը կար, բայց լավն էլ կար: Սուտ կար, բայց ճշմարտություն էլ կար: Հիմա ամեն ինչ մի դրոշ ունի՝ խաբեություն, շահ, ես:

-Այն ժամանակ էլ էինք մենք, հիմա էլ ենք մենք, մեզ ի՞նչ եղավ:

-Վախ կար այն ժամանակ, Մոսկվա կար՝ կգար, կստուգեր… Հիմա գեղն իմն է, տերը ես եմ, դու ո՞վ ես… Խախտված են չափանիշները: Ապաշնորհներն են ասպարեզ գալիս ու…

-Այսօր ի՞նչ է նշանակում թատրոն:

-Չի նշանակում ոչինչ, որովհետև չկա թատրոնի կարիք: Կա մի մե՛ծ թատրոն՝ կյանքը, բոլորս էլ խաղում ենք ու իսկական թատրոն մեզ պետք չէ:

-Չեմ հավատում: Ես իբրև հանդիսատես ունեմ իսկական թատրոնի կարիքն ու կարոտը: Ես ուզում եմ թատրոն ունենալ:

-Ձեր ասած թատրոնը պիտի որոշակի ասելիք ունենա, պիտի դաստիարակի, պիտի կրթի: Նպատակ պիտի ունենա նա և իր ճանապարհը: Այսօր մեր թատրոնում շեշտը դնում են արտաքին ասելիքին՝ ճոխությանը, շարժուձևին, ձևավորումին:

-Այ այդ թատրոնը, ճիշտ թատրոնը ո՞րն է այսօր:

-Մենք խոսում ենք և հասկանում ենք միմյանց՝ առանց այլևայլ արտահայտչամիջոցների դիմելու: Թատրոնը խոսքն է, ռեալիստական ճշմարտությունը, ոչ թե պաթոսային, ամպագոռգոռ ճառասացությունը: Ես դաստիարակված եմ Սունդուկյանի թատրոնի ավանդույթներով, մեծացել եմ հորս կողքին ու տեսել եմ՝ ի՞նչ է թատրոնը, ի՞նչ է դերասանը, ինչպե՞ս է ներքին վիճակը տեսանելի, լսելի ու ընդունելի դառնում: Այսօր ներքին չկա և ասելիքի դատարկությունը սքողվում է լուսավորությամբ, երաժշտությամբ, պլաստիկայով, որ օժանդակ միջոցներ են: Միայն: Թատրոնը նախևառաջ դերասանն է: Լույսը կարող է աղոտ լինել, երաժշտությունն էլ կարող է չլինել, դերասանը այն սուբյեկտն է, որ բեմի վրա պիտի բռնի հանդիսատեսին ու մի ժամ, երկու ժամ իրեն ենթարկի:

-Դերասանը պիտի պիես ունենա:

-Ինքնին: Բայց այսօր մենք այդ արվեստը կորցրել ենք: Այսօրվա արվեստը՝ «Զսպանակ 1», «Զսպանակ 2», «Մեր բակը», «Խուժան ալիք»: Իսկական թատրոնն այսօր ոչ մեկին պետք չէ: Եթե չկա փող, որ կենսապահովի դերասանին, գոնե բարոյական աջակցություն լինի:

-Թատրոնը երկրից ու հասարակությունից դուրս չէ, թատրոնը ինքն իրեն չի կառուցվում ու ինքն իրեն չի քանդվում: Փաստորեն՝ դա բոլորիս խնդիրն է: Իսկ բոլորս վարժվել ենք ամեն ինչ ճգնաժամով արդարացնել: Ճգնաժամի գաղափարով մենք մեզ տեղապտույտի չե՞նք դատապարտում: Ամբողջ աշխարհը իր ճգնաժամերը հաղթահարում է, մենք խրվում ենք ու խրվում: Ո՞րն է ելքը:

-Ամեն ինչ իսկզբանե ստեղծում է մուժիկը, մուժիկին աշխատելու հնարավորություն տվեք ու ոչ միայն գեներալին կկերակրի, երկիրը երկիր կդարձնի, գիտություն էլ, արվեստ էլ, հասարակություն էլ կունենանք: Մուժիկը այսօր ծանր կացության մեջ է: Երկրի հիմքը իր աշխատավորն է: Առևտրականը չէ, ու վերավաճառքը ոչինչ չի ստեղծում: Նյութական արժեք չի դառնում, օրվա մեջ գլուխդ պահել է: Ո՞վ է այսօր աշխատում:


Լուսանկարը՝ Ցոլակ Հովսեփյան

Ընդհանուր ճգնաժամ է, որից դուրս գալու համար առաջին հերթին պիտի օրենք լինի ու օրենքը պիտի կատարվի: Գործը պիտի գնահատվի: Արժանավոր գործ է, պիտի պարգևատրվես, անարժան գործ է, պիտի պատժվես: Մեզ մոտ ո՞ր օրենքն է գործում: Թատրոնի օրենք ունե՞նք: Օրենքները մնում են սիրուն թղթին հանձնված սիրուն տողեր; Վակուում է: Քաոսային վիճակ: Ես հոռետես չեմ, բայց լուսակետ չեմ տեսնում: Բոլորս սպասում ենք, մեր պետության դժբախտությունը մեր բոլորի պետական մտածողության չգոյությունն է: Մենք մտածում ենք միայն մեր մասին: Տեր չենք էս երկրին, էս ժոողովրդին: Ոչ մի կուսակցություն աշխատել չի ուզում, բոլորը իշխանություն են ուզում:

-Մարդկանց սոցիալական վիճակը վատ է, բայց մարդիկ այսօր գնում են Ձեր ասած ֆիլմերի տեսաերիզները, իսկ գրքի փող չունեն: Ինչու՞: Ինչպե՞ս մարդկանց վերադարձնենք գիրք կարդալու կուլտուրային:

-Իհարկե, համակարգիչը, հեռուստատեսությունը այսօր մեծ ներգործություն ունեն մարդկանց վրա, ավելի մատչելի են և մեծ տեղեկատվություն են հաղորդում: Գիրքը մարդու հոգին խառնում է, գիրքը մտածել է տալիս, մարդիկ չեն ուզում դժվարացնել իրենց կյանքը, չեն ուզում վերադառնալ դեպի իրենք իրենց: Մարդը պիտի կարողանա ողջ կյանքն այնպես ապրել, որ չկորցնի մանկությունը ու մանկական մաքրությունը: Մարդը պիտի Աստծուն հավատա, պիտի վախենա Աստծու դատաստանից:

-Ի՞նչ է նշանակում այսօր մշակույթը, ի՞նչ ենք մենք ուզում մշակույթից:

-Մշակույթը մարդու էության արտաքին բացահայտման միջոց է: Սուրբ գիրքը կարդում ես, կարդում ու մաքրվում ես, գեղեցկանում: Մշակույթը այդ դերն ունի մարդկության պատմության մեջ: Մարդիկ ընկել են փողի հետևից և ժամանակ չունեն գիրք կարդալու, թատրոն գնալու… Այսօր թատրոնում աստղեր չկան, գորշ միջավայր է, մթնոլորտ չկա, որ դերասան ծնվածը դրսևորվի: Մարդիկ հավատն են կորցրել: Իսկ երբ հավատ չկա, չի ստեղծվելու ուժեղ մշակույթ: Խթան է պետք: Ճշմարիտ, ազնիվ մարդկանցով շրջապատված լինելու ու ստեղծագործելու կարիքն ունենք այսօր բոլորս: Ես չունեմ այսօր այդ հնարավորությունը, չունեմ այդ աուրան, ես ուզում եմ տղաներիս ապագայի համար հեռանալ եվրոպական որևէ երկիր, որտեղ նրանք ապագա կունենան:

-Թատերական կյանքը Սունդուկյանի թատրոնով չի վերջանում:

-Համազգայինը ուժեղ թատրոն էր, և մենք բոլորս իրար շատ սիրում էինք ու հասկանում: Ես չեմ կարող ինչ-որ մեկի կողքին լինել, ես շրջապատի մարդ չեմ, ես ուզում եմ խաղալ և իմ գործով իմ տեղն ունենալ:

-Չե՞ք ուզում Ձեր թատրոնն ունենալ:

-Ուզում եմ: Թեև ահավոր դժվար է: Ես ունեմ ստեղծագործական ծրագրեր և չունեմ ֆինանսներ:

-Ի՞նչ կբեմադրեիք, եթե ֆինանսներ լինեին:

-Երկու հրաշալի ներկայացում, մեկը՝ «Սերը ծփիների տակ», մյուսը՝ Անահիտ Աղասարյանի պիեսը, որ վաղուց եմ ուզում բեմադրել: Մասնագիտությամբ ես ռեժիսոր եմ: Եթե երկու ներկայացումով մեկնարկեմ, շարունակությունը անպայման կլինի: Հավատացած եմ, որ հանդիսատեսը կգա իմ թատրոն: Կա դերասան, կա սեր, կա ազնվություն, և արդյունքը կլինի: Անպայման:

-Ռեժիսուրա՞ն է Ձեզ ավելի հոգեհարազատ, թե՞ դերասանությունը:

-Իհարկե, դերասանությունը, որ վերապրելու հետաքրքիր հնարավորություն է, որտեղ դու անկախ ես՝ դու ես, քո ներքին աշխարհը, քո տաղանդը: Ամեն ներկայացում դերասանի համար ստեղծագործական նոր քայլ է, անընդհատ նոր: Ռեժիսուրան մեկ անգամ է՝ ստեղծեցիր, և քո գործը իր կյանքով ապրում է: Ռեժիսուրան կազմակերպական մեծ ջիղ է պահանջում:

-Դասական թատրոնն այսօր չի՞ կորցրել իր նախկին իրավասությունները:

-Դասական թատրոնը միշտ պետք է լինի: Ազգային թատրոնը անհրաժեշտություն է, թող լինեն ուրիշ թատրոններ ևս: Բայց հիմնաքարը սա է, հիմքերի հիմքը: Ինձ համարում եմ դասական, ռեալիստական, պինդ, խոսքի, հույզի դերասան, կարող եմ լինել մեծ ողբերգակ և մեծ կոմիկ:

-Կինո՞ն է Ձեր ճիշտ տեղը, թե՞ թատրոնը:

-Երկուսն էլ հրաշք են: Կինոյում կարող ես լինել միջին գիտելիքի տեր, բայց քեզ աստղ դարձնեն, թատրոնում դու ես ու դու: Թատրոնը սուրբ տեղ է, բոլոր դերասանների հոգիները թատրոնի լռության մեջ են՝ Ավետ Ավետյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Արուս Ոսկանյանի, Գուրգեն Ջանիբեկյանի… Նրանք չեն հեռացել թատրոնից:

-Չե՞ք վախենում նրանց «ներկայությամբ» խաղալ:

-Նրանք ուժ են տալիս: Մերոնք են: Թատրոնի աշխարհը բարդ աշխարհ է, թատրոնից հնարավոր չէ հեռանալ:

-Ի՞նչ է նշանակում Ձեզ համար երրորդ հազարամյակ մտնելը:

-Ծնվածս օրից սպասել եմ 2000 թվականին: Երեխայի պես: 2000 թվականին ապրեմ, ուրիշ ոչինչ չեմ ուզում: Տղայիս հետ տոնածառը դրեցինք, մինչև հիմա չենք հավաքել: Սպասում եմ: Ոչինչ չփոխվեց: Ոչինչ չի փոխվում: Մեր միջի հայը չի փոխվում: Բայց սա է մեր երկիրը: Սա է մեր կյանքի ժամանակը: Եվ հետո այնքան ուժ ու եռանդ, այնքան ասելիք է կուտակվում մեր մեջ, որ մի օր պոռթկալու է ու գործ ենք անելու, գործը մեռնել չի կարող: Ու ապրելու՛ ենք: Սիրո պահանջ ունեմ: Մենք բոլորս սիրո պահանջ ունենք: Իդեալիստ ենք ծնունդով ու մինչև մահ:

-Ձեր հարցը ինձ:

-Կինը երբևէ կհասկանա՞ տղամարդուն:

-Կինը միշտ ուզում է ինքը հասկացված լինել, իսկ տղամարդիկ փնտրում են Լիլիթին, գտնում են Եվային:     

***

Հարցազրույցը, որ տպագրվեց «Հայաստանի Հանրապետության» 2000-ի փետրվարի 18-ի համարում, մեր միակ հանդիպումը չէր: Նա նկարահանվել է 56 ֆիլմում՝ գլխավոր ու դրվագային դերերում, ու հիմա այդ դերերն են մնացել՝ փոխանցելու այն կախարդանքը, որ կար նրա մի քիչ ռնգային խոսքի ու դիմախաղի, լռության ու ներկայության մեջ: Իրականության համեմատ՝ գրեթե ոչինչ, որ կվկայեն նրան երբևէ բեմում ու կյանքում տեսած մարդիկ:



ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը վախճանվեց 78 տարեկանում՝ 2015-ի մարտի 22-ին՝ եթե ապրեր ևս 3 տարի, կհասներ հոր՝ Գուրգեն Ջանիբեկյանի տարիքին՝ 81: Բայց երկուսի պարագայում էլ գլխավորը ապրած տարիները չեն, միևնույն է, մենք բոլորս էլ ավելի շատ չենք ապրում, քան ապրել ենք՝ տիեզերական ժամանակով: Գլխավորը նրանց խելահեղ աուրան էր, որ, անկասկած, մնացել է ու երբեք չի հեռանալու:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին