Մանանան, ում շատ էի սիրում - Mediamax.am

Մանանան, ում շատ էի սիրում
31955 դիտում

Մանանան, ում շատ էի սիրում


Մոտ մեկ ամիս առաջ խոսում էինք «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի»  (նախկին «Ինտերնյուս») տնօրեն Նունե Սարգսյանի հետ:

«Մանանան նորից եկել է Երեւան ու նորից ինչ-որ չի ստացվում հանդիպել իր հետ», - ասացի ես:

«Մանանան տեղափոխվել է Երեւան, այստեղ է ապրելու, այնպես որ դեռ շատ կհանդիպեք», - պատասխանեց Նունեն:

Այսօր առավոտյան իմացա, որ Մանանա Ասլամազյանը օգոստոսի 30-ի երեկոյան վրաերթի է ենթարկվել Երեւանի կենտրոնում ու գիտակցության չգալով՝ մահացել է հիվանդանոցում: Մենք այլեւս երբեք չենք հանդիպի:

Մանանայի հետ ինձ ծանոթացրել էր Նունեն՝ 2011 թվականին: Մի օր զանգեց ու ասաց, որ Մանանան եկել է Երեւան նոր ծրագրով ու ցանկանում է հանդիպել հայաստանյան մեդիա-մենեջերների հետ: Մանանան լեգենդար մարդ էր, մեծ ավանդ ուներ Ռուսաստանում եւ, հատկապես, ՌԴ մարզերում հեռուստատեսության կայացման եւ զարգացման գործում: Նրա հետ ծանոթանալը մեծ պատիվ էր:

Հանդիպեցինք «Ինտերնյուսի» խոհանոցում ու Մանանան անմիջապես սկսեց ամենատարբեր հարցեր տալ մեդիայի կառավարչական եւ ֆինանսական կողմի մասին: Ինչ-որ հարցերում համաձայնության չէինք գալիս՝ նա պնդում էր, որ այսինչ բանը Հայաստանում կարելի է անել, ես էլ հակադարձում էի, որ տեղական շուկայում նման բովանդակությունը մոնետիզացնել հնարավոր չէ:

Այդ հանդիպումից հետո սկսեցինք շփվել Մանանայի հետ: Մեր ծանոթությունից մի քանի ամիս անց նա մեր գրասենյակ բերեց հայտնի ամերիկացի լրագրող եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ Ջոն Ալփրթին: Նա վարպետության դաս անցկացրեց Մեդիամաքսի լրագրողների համար: Երկար տարիներ Ալփրթը միակ ամերիկացի լրագրողն էր, ով հնարավորություն ուներ այցելելու Կուբա եւ հանդիպել Ֆիդել Կաստրոյի հետ:

«Մի անգամ ես մի ողջ շաբաթ անցկացրեցի Ֆիդելի հետ: Մենք կարող էինք խոսել ամեն ինչի մասին` քաղաքականության, ձկնորսության, սիգարների», - հիշում էր Ջոնը: Կարող եք պատկերացնել, թե ինչպես էին նրան լսում մեր երիտասարդ լրագրողները եւ ինչ գոհունակությամբ էր դրան հետեւում Մանանան:



Երբ նոր հատուկ նախագիծ էինք սկսում, միշտ ուղարկում էի Մանանային: Կարեւոր էր նրա կարծիքը լսել: Այն հայտնելիս նա միշտ անկեղծ էր, երբեք չէր հաճոյանում: Եթե ինչ-որ բան չէր հավանում, հստակ ասում էր` մեր իրականության մեջ դա քիչ հանդիպող երեւույթ է:

Բայց գովելուց էլ այնպես էր գովում, որ ուրախությունից մեջս ուռում էի.

«Дерзайте и как всегда будьте пионерами в Армении»:

2013 թվականին Մանանայի հետ «Սիվիլնեթի» տաղավարում խոսեցինք հայկական մեդիաների խնդիրների մասին: Լավ է, որ այդ տեսագրությունը պահպանվել է.



Մանանան միշտ նոր գաղափարներ ուներ: Օրինակ, երբ նրան ուղարկեցի Աննա Սիմոնյանի Как достичь дзен в Армении սյունակը, Մանանան գաղափարների մի ամբողջ փնջով արձագանքեց.

«Действительно понравилось! Но надо идти дальше! Теперь надо сделать лонгрид как готовить хаш и потом инфографику - как его есть.. И дзен про хаш для тех, кто его любит, но есть не может:)»:



Ես Մանանային շատ էի սիրում: Կարոտելու եմ նրա էներգետիկան, նրա ժպիտը եւ այն լույսը, որը նա տարածում էր իր շուրջ: Նոր նախագիծ գործարկելիս ես, ինչպես միշտ, մտածելու եմ. «Ի՞նչ կասի Մանանան»: Ցավոք, այսուհետ միայն կռահելու եմ նրա պատասխանը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին