Լևոն Խեչոյան. Կա տիեզերական ժամանակ, որով Աստված սպանում է մարդկանց - Mediamax.am

Լևոն Խեչոյան. Կա տիեզերական ժամանակ, որով Աստված սպանում է մարդկանց
3586 դիտում

Լևոն Խեչոյան. Կա տիեզերական ժամանակ, որով Աստված սպանում է մարդկանց


«ՀՀ»-ում աշխատելու տարիներին ես վարում էի մշակույթի էջը և հաճախ էի գրախոսում նոր լույս տեսած գրքերը՝ իմ ընտրությամբ: 1999-ին «Նաիրի» հրատարակչությունը հրապարակել էր Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզը»: Ընդամենը 200 էջ էր, կարդացի ծանր ու դժվար՝ ոչ կարդալ էր լինում, ոչ՝ կտրվել: Ընթացիկ գրականություն չէր: Ես, որ գրում եմ արագ ու հեշտ, բառերն իրենք իրենց են գալիս, բախվել էի բառերի ապստամբության՝ չէին գրվում: Ինչ-որ արգելակ ասում էր՝ դու իրավու՞նք ունես գնահատելու, դու ո՞վ ես, որ գրես պատերազմի, ցավի, ճշմարտության, հավերժության մասին: Տարօրինակ է, գուցե, բայց օգնեց… Բասիոն: Ճապոնական թանկաների ու հոքուների ժողովածուն, որ թարգմանել էր ու հրապարակել Այդին Մորիկյանը, սեղանիս գիրքն էր:

Իմ ճանապարհին ես հիվանդացա:
Եվ երազի մեջ ես թափառում եմ
Արևից այրված արտերի վրա…

Բասիոյի տողերը դարձան բանալի՝ գրքի մասին գրելու: Պատերազմի ու խաղաղության,  երկնքի ու երկրի, կյանքի ու մահվան, սիրո ու ատելության, արվեստի ու հավերժության 200 էջերի: Մեր ապրած ու չապրած կյանքի: Հաստատուն, ուժեղ, տղամարդավարի գրված 200 էջեր՝ մեր հասարակական-ընդհանրական նվնվոցի, փրկարար-տևական ճգնաժամի դեմ, թե գրականության ժամանակ չէ ու գրականություն չկա, գրողներ չկան, մենք էլ համարյա վերացել-վերանում ենք իբրև ընթերցող:

«Յուրաքանչյուր ընթերցող այս հրաշալի ու պարզ ձևավորված գրքի հարցերին սեփական պատասխաններն է տալու: Եվ դա արդեն գրականության կայացում է, երբ ընթերցանությունը չի ավարտվում վերջին էջում, այլ գիրքը շարունակվում է ընթերցողի հիշողության ու մտածողության մեջ, երբ համահեղինակ է դառնում ընթերցողը՝ փորձելով հաստատել ու առարկել, քննարկել ու հասկանալ՝ ընդունել կամ մերժել գիրքը: Դա արդեն իսկ հրաշալի է, որովհետև ճշմարիտ գրականության առաջին պահանջը կատարված է՝ մտքի շարժումն ակնհայտ է: Լևոն Խեչոյանը նոր ու անհայտ հեղինակ չէ, բայց լավ գրողի յուրաքանչյուր գիրք էլ մշտապես պիտի անցնի հեղինակի ու իր ինքնահաստատման ճանապարհով: Իր դեպքում եղել է պատմավեպից անցում մեր օրերին: Սովորաբար հակառակն է լինում՝ պատմավեպեր գրում են փորձառու ու հայտնի հեղինակները: Կենսափորձի ու գրափորձի կուտակման արդյունքում: Լևոն Խեչոյանի գրականությունը (իսկ այդ գրականությունն արդեն դարավերջի հայ գրականության մնայուն մաս է) անցյալի փորձից ու ներկայի փորձարկումներից ներառել է լավագույն միջինը, որ նշանակում է՝ հեղինակն իր ասելիքը հստակ գիտի: Մեր կյանքի երկակի ժամանակը՝ մենք անհաստատ խաղաղության ու անհաստատ պատերազմի ուղիղ կենտրոնում՝ ահա Լևոն Խեչոյանի վեպի առանցքը: Նա չի հերոսացնում իր հերոսներին ու չի պարտադրում խելացի ու օրինակելի լինել: Ավելին՝ Օնան Կարայանը հանգիստ կարող է «հակահերոս» դիտվել՝ թմրամոլ, անհավատարիմ ամուսին, անհասկանալի անցյալի ու նույնքան անորոշ ներկայի տեր՝ գրում է գրքեր, որոնց համար նույնիսկ հայրենակիցներն են հայհոյում, հիվանդ կնոջը սատարելու փոխարեն մշտապես հեռանում է նրանից ու ինքն իրենից, տղամարդու իր կյանքում շարան-շարան կանայք կան, նրանց հետ երջանկություն չի գտնելու ու չի գտնում և նույնիսկ հասկանալի չէ՝ ի՞նչ է ուզում այս մարդը և ինչու՞: Բայց նա իրական է՝ միս ու արյունից, շոշափելի, հարազատ: Ծանր բզեզի պես բոլորիս միջով նա անցկացնում է ցավի սև գիրքը և ինքը մեղքերի մեջ՝ ապաշխարանքի ու սիրո հավերժության խոսք է բերում:


Լուսանկարը՝ Դավիթ Սարոյան

Ամենից առաջ անսպասելի է Լևոն Խեչոյանն իր գրականության մեջ: Անսպասելի իր անցումներով, հոգեվիճակներով, դատողություններով ու արարքներով: Նրա հերոսը ոչինչ չի քարոզում, բայց ամբողջության մեջ իր ապրած կյանքը քարոզչություն է՝ ճշմարտության ու վերստին ճշմարտության որոնման: Իր գրականության մեջ նա ազատ է՝ չի վախենում բաց լինել, անպաշտպան ու խոցելի: Նա ուժեղ է ու չի վախենում թույլ լինել: Նա գիտի՝ ինչ է սիրում ու ինչ չի սիրում, գիտի՝ ինչ անել ու ինչ չանել: Իր ցեղի անցյալի պարտություններին ու հաղթանակներին տեր է ու չի գունազարդում, չի մեղադրում, չի արդարացնում՝ ապրում է: Եվ դա արդեն հանձնառություն է՝ ներկայի հանձնառությունը:

«Որդիս, ճշմարտությունը հայտնվում է ու անհետանում…»: Մտածեց՝ կարող է վերամբարձ լինել, գրեց. «Երբեմն նրան մեղադրում են իրար հաջորդող գլուխների՝ կորցրած ռիթմով, անհամ շարադրանքի համար: Այդպես թվում է, որովհետև նրա ստեղծագործությունների մեջ կյանքը դրսևորվում է ենթագիտակցականի առեղծվածի ըմբռնման ճանապարհով: Ոչ էլ ամբողջական փաստերով է գրված, որ հնարավոր լինի բաղդատելով վերլուծել: Հոգեվիճակի հոսք է՝ առանց գաղափարախոսության, առանց նախօրոք ծրագրված գործողությունների: Փակ, որևէ տեղից օգնություն չստացող համակարգի մեջ ապրող մարդու՝ թվացյալ ամբողջական ժամանակի մասին է, որ նա կարծում է, թե իբրև մեր բանականությանը տրվում է այն ժամանակը, որով հաշվարկում ենք պատմության ընթացքը, հեղափոխական իրադարձությունները, պատերազմների բռնկումները, մեր մեռնելու և ծնվելու տևողությունը, իրականում կա տիեզերական ժամանակ, որով Աստված սպանում է մարդկանց: Լաբիրինթոսի տագնապալի արձագանք՝ որտեղ լսելի են զարմանալի ձայներն ու հնչյունները, թե ինչպես է կարկուտը զարկում, խորշակը քաշում, երաշտը մրրկում… Ահա ինչու Օնան Կարայանի գրականությունն այդքան անռիթմ է դիտվում, բայց կարելի է նաև այս մոլորության մասին խոսել: Չէ՞ որ ռիթմը ոչ հասարակ բառակապակցություն է, ոչ սրտաճմլիկ նախադասությունների թանգարան: Նրա մեջ այնքան է ակներևը, ինչքան՝ անտրամաբանական անտեսանելին, այնքան է մաքրությունը, փոշին, պաղն ու տաքը, տրամաբանականը, ամբողջն ու սնամեջը անընդհատ իրար են հաջորդում: Ռիթմը հավանաբար օտարացնում է ոչ թե հեղինակին՝ ինքն իրենից, այլ մեզ՝ նրանից, երբ մենք աընդունելի ենք նրա համար: Կյանքը ռիթմիկ, հավասարաչափ կառուցվածք ունի միայն նրանց համար, որ մեռած են: Ինձ ծանոթ է հոգու խուճապի վայրկյանը, ծանոթ է ակնթարթի բերած հայտնությունը, լսելի է փակից դուրս հնչող ձայնը… Ես պարտավոր եմ այդ ամենի մասին խոսել քեզ հետ»…(Այն ժամանակ՝ 1999-ին, չէի գրել, բայց հիմա կարող եմ հավելել՝ այս գրքում արդեն Լևոն Խեչոյանը կիրառել է երկչափության՝ գրողի ու գրականագետի համաժամանակյա դրսևորման սկզբունքը, որ առանցքային դարձավ «Մհերի դռան գրքում»): Եվ ոչ միայն: Լևոն Խեչոյանը հանձն է առել ու կարողացել է ներկայացնել նաև այն, ինչ «ճշմարտությունից անդին է», «ինչը մենք որոնում ենք»: Ու թեև գիրքը վերջանում է «Հիմա չեմ ուզում մտածել այդ մասին» բառերով, պարզ է, որ մտածում է: Եվ պարզ է, որ գրելու է: Փառք Աստծո, թե չէ հայոց գրողներն իրավ ավելի շատ գրում են, թե ինչու չեն գրում, իսկ հայոց հին ու նոր քննադատներին էլ հենց դա է պետք՝ հավաստելու, որ գրականություն չկա ու առաջիկայում չի լինելու: Եթե նույնիսկ եղավ, միմիայն իրենց շնորհիվ, որովհետև իրենք… Լևոն Խեչոյանն իր պատասխանը տվել է տղամարդավարի՝ պարզ, շիտակ, նախանձելի: Եվ նրա գրականությունը հիմքում ունի աշխարհի կառույցը, որ իր խոսքերով ՙպինդ էնաև տարակուսած մոլորյալներով»:

«Նաիրի» հրատարակչությունը գրականություն պահպանելու ու գրականությանը տեր լինելու իր գործն արել է փառավոր՝ հրատարակելով այս գիրքը, որ ընթերցողն անցնի իր ճանապարհը: Եվ դա լինելու է ծանր ճանապարհ, որովհետև «թեթև» գրականությունը սևացնում է, իսկ «Սև գրքով» անցածն արդեն գիտի. «Մեծ մարդ չի նշանակում միայն հաղթող՝ Աստծո ընտրյալ, մեծ է նաև նրանից խփված, պարտության միջով անցածը: Մեծ է նաև երկնքի դատարկությունը ճանաչած, նոր աստված ստեղծողը, որոնողը, մոլորյալը, ժամացույցին նայողը, մինչև վերջ կասկածողը, մարդու դարավոր պատմական փորձին դեմ գնացողը, որ կարող է անապատի ճանապարհը ինքնուրույն անցնել, և գողին, մարդասպանին, արյուն սիրողին, բարեպաշտին ու սրբին թվա, թե ուր որ է՝ նրա ձեռքին կհայտնվի մի մահակ, մի սուր, մի քար, մի բան՝ արյուն հանող…»: Լևոն Խեչոյանի գրականության ճիշտ ժամանակն է: Ճգնաժամի վանդակապատից դուրս եկած ու խելացի, առինքնող, ուժեղ, կարդացվող գրականության» («ՀՀ», 10.08.1999):

2000-ին «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար Լևոն Խեչոյանն արժանացավ «Ոսկե եղեգն» մրցանակի։ Գրախոսության հրապարակումից մի քանի օր անց զանգահարեց Հրաչյա Թամրազյանն ու ասաց, որ ի տարբերություն այլ հեղինակների, որ չեն հիշում հրատարակչին, ես միշտ նշում եմ, և ընդհանրապես լավ էի գրել, հարցրեց՝ Խեչոյանը ձայն հանե՞լ է, ասացի՝ ոչ, մենք ծանոթ չենք:

Մեզ ծանոթացրեց Այդին Մորիկյանը՝ տարիներ հետո: Լևոն Խեչոյանը համարյա շաբաթը մեկ Հրազդանից գալիս էր Երևան, և հաճախ էինք երեքով հանդիպում: Այդ հանդիպումներից մեկի ժամանակ ինձ նվիրեց «Նաիրի» հրատարակչության
«Լավագույն պատմվածքի մատենաշարով» լույս տեսած «Ոսկե ձկնիկը» և «Հողի դողը» պատմվածքները. «Անահիտին՝ իմ հաղթանակների և պարտությունների ճանապարհին, այս արևոտ օրվա միջով... Լևոն Խեչոյան, 16.10.2005»:



«Հողի դողը» կարդացի անմիջապես, Այդինն ու ինքը զրուցում էին, ես չկարողացա առաջին բառերից հետո պոկվել. «Արգելեցին զենքով եկեղեցի մտնել: Մեր հոգու փրկության համար անվճար մոմեր բաժանեցին, և մենք, զենքը դռանը թողած, ներսում մոմեր վառեցինք»...  Չգիտեմ ինչու՝ շրջապտույտ առ շրջապտույտ աղավնիներից լացս եկավ, Լևոնը նայեց-նայեց արցունքներիս ու ասաց. «Ես էլ եմ վերջացնելուց հետո լաց եղել: Մի քանի օր»:

Սովորաբար մեր խոսակցության թեմաներն ամենատարբեր էին՝ քաղաքականությունից գրականություն, պատմություն, մարդ ու մարդկություն: Այդինն ու ես այդպես էլ չկարողացանք Լևոնին համոզել, որ ինձ հարցազրույց տա  (ես ԱԺ-ում էի աշխատում, Այդինը խմբագրում էր «Հայացք Երևանից» ամսագիրը, «Օրրանը», հետո՝ «Ժամանակ. Երևանը»): Չէր մերժում, ասում էր՝ հիմա պատրաստ չեմ, հաջորդ անգամ: Մի օր շատ պնդեցի ու նույնիսկ նեղացա.

-Ես Հրանտ Մաթևոսյանին եմ համոզել, դու ամեն անգամ խուսանավում ես:

Պատասխանն անսպասելի էր.

-Հենց Հրանտ Մաթևոսյանն է մեղավոր, որ չեմ ուզում:

-Հրանտ Մաթևոսյա՞նն ինչ է արել:

-Դու կարդացե՞լ ես ձեր հարցազրույցները:

-Ո՞նց չեմ կարդացել:

-Հետո, մի քանի տարի հետո կարդացե՞լ ես:

-Չէ:

-Դե գնա ու կարդա:

-Հրանտ Մաթևոսյանը կարդացել է՝ հաստատ, ու չի եղել դեպք, որ բողոքի:

-Դու չես զգացել, բայց ընթացքում խոսակցությունը տարել ես ոչ թե այն ուղղությումբ, որ ուզում էր Հրանտ Մաթևոսյանը, այլ այն ուղղությամբ, որ դու ես ցանկացել: Ես չեմ ուզում ինձ էլ նույնը լինի: Դու ճնշում ես:  

-Հեքիաթ ես պատմում, երբեք չեմ ընդհատում, հարցերի ցուցակով չեմ գնում, ամեն հաջորդ հարց էլ նախորդ պատասխանից է բխում: Չես ուզում, մի ուզի, բայց Հրանտ Մաթևոսյանին պատրվակ մի դարձրու,- արդեն լուրջ նեղացա ես:

-Բայց ես էլ չեմ նկատել, որ Հրանտը ճնշված լինի, Լևոն, ուրիշ պատճառ գտի,-միջամտեց Այդինը ու փոխեց խոսակցության թեման:

Նույն օրը տուն եկա ու կարդացի Հրանտ Մաթևոսյանի հետ հարցազրույցները: Տեղ-տեղ Լևոնը ճիշտ էր, բայց դա նկատելու համար պետք էր խոսակցության երրորդ կողմ լինել...

2008-ի մարտի 1-ից հետո ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպումներ էր ունենում մտավորականների հետ, սովորաբար նրանց ես էի զանգահարում ու հանդիպումը պայմանավորվում: Ոչ ոք չէր մերժել: Մի օր էլ Տիգրան Թորոսյանը հարցրեց.

-Լևոն Խեչոյանին ճանաչու՞մ ես:

-Այո:

-Կարո՞ղ ես իր հետ պայմանավորվել, որ վաղը գա:

-Չգիտեմ, Լևոնը Երևանում չի ապրում, պիտի հետը խոսեմ: Ձեզ կտեղեկացնեմ:

Զանգեցի Լևոնին, մերժեց՝ միանգամից ու կտրուկ. «Ես չեմ ուզում հանդիպել մի մարդու հետ, որ արդարացնում է մարտի 1-ը: Այդպես էլ փոխանցի»: Մինչ ես կմտածեի՝ ինչ ու ինչպես փոխանցեմ, Լևոնը զանգեց. «Խառը ժամանակներն են: Ես մտածեցի, որ դա կազդի Տիգրան Թորոսյանի ու քո հարաբերությունների վրա, չեմ ուզում քեզ վտանգել, ասա՝ չի ուզում ու վերջ»:

…2013-ին Լևոն Խեչոյանը նախագահի հրամանագրով՝ իբրև ազատամարտիկ, պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ու՝ հրաժարվեց. «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի են հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»։

Դա քաղաքացիական դիրքորոշում էր:

Օպերայի բակում, «Շոկոլադնիցա» սրճարանում երեքով հանդիպել էինք: Երբ ես եկա, Այդինն ու Լևոնը հավեսով ծիծաղում էին:

-Ինձ վրա՞ եք ծիծաղում:

-Չէ, Աղասի Այվազյանի:

-Նա ձեզ ի՞նչ է արել:

-Լևոնը պատմում էր՝ ոնց են Աղասիի հետ Ամերիկայում ապրել:

-Ամերիկայու՞մ:

-Հա, գնացել էինք աշխարհ տեսնելու:

-Տեսա՞ք:

-Չէ հա...

Ու Լևոնն ինձ համար նորից պատմում է, որ սկզբում ամեն ինչ շատ լավ է եղել, ման են եկել, քաղաքից քաղաք են գնացել, հետո «փողներս պրծավ»: Սոված չմնալու համար Լևոն Խեչոյանն ինչ-որ ռեստորանում օրավարձով աշխատանքի է անցել, «Աղասին իր համար շվշվալով ման էր գալիս»: Լևոնը մրսել է ու տեղը-տեղին հիվանդացել՝ ջերմությունով, Աղասի Այվազյանը ինչ-որ տեղից խնձոր է գտել-բերել, «բայց ինքն էլ կերավ», գիշեր-ցերեկ նստել է կողքին ու ... Լևոնի գրածները կարդացել: Ու մինչ արդեն երեքով ենք ծիծաղում, Լևոնը լուրջ-լուրջ ասում է. «Հա, հիմա ծիծաղում եք, բայց քիչ էր մնում բիձուկի պատճառով գրելը թողնեի, էդ ջերմության մեջ մղձավանջ էր գրածներս լսելը»: Այդինն ասում է՝ բայց հրաշալի պատմություններ են, գրի, Լևոնը նույնքան լուրջ պատասխանում է. «Չէ, բիձուկը կնեղանա, ես իրեն սիրում եմ»:

Այդին Մորիկյանը տարված էր Հիսուսի խաչելությունից մինչև հարություն 3 օրերի մասին գիրք գրելու մտքով: Դա ֆանտաստիկ գիրք էր լինելու, Լևոնը գիտեր: Երբ հանդիպում էինք երեքով, ամեն մեկն իր վեպի մասին էր խոսում, Այդինը միշտ հարցնում էր՝ «Մհերդ ի՞նչ եղավ»: Երբեմն Լևոնը դժգոհում էր, որ վեպը «լռվել է», երբեմն ոգևորված պատմում էր, թե ինչքան արագ ու վազելով առաջ է գնում: Ինձ հետաքրքրում էր վերջը՝ հիմա ի՞նչ, Ագռավաքարից դուրս գալու՞ է, թե՞ մենք ենք գնալու Ագռավաքար: Պատասխանն անփոփոխ էր՝ կերևա, չգիտեմ: Թեպետ՝ կարծում եմ, գիտեր, այլապես չէր էլ սկսի... Մի օր ասաց, որ չի ուզում իբրև գիրք գրել, այլ՝ հոդվածների ժողովածու: Այդպես ոչ ոք չի արել: «Չէ, արել է՝ Հրանտ Մաթևոսյանի «Մեծամորը» այդպես է»՝ առարկեցի ես: Նեղացած պատասխանեց. «Ես ոչ թե մեկ, այլ հայ ժողովրդի շարունակական ցեղասպանության մասին եմ գրում»:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին