Օհան Դուրյան. Մշակույթը պետության անձնագիրն է, այցեքարտը - Mediamax.am

Օհան Դուրյան. Մշակույթը պետության անձնագիրն է, այցեքարտը
3094 դիտում

Օհան Դուրյան. Մշակույթը պետության անձնագիրն է, այցեքարտը


Ես երկար դեգերում էի կինո «Պիոների» շուրջբոլորը ու որոնում նրա տունը, թեպետ Տերյան փողոցի վրա գտնվող փոքրիկ այգին ու երկհարկանի տունը դեմ դիմացս էր: Հարցրի մի երեխայի, ու նա ոչ միայն մատով ցույց տվեց տունը, այլեւ…. սկսեց չափ տալ, հետեւիցս էլ բղավեց. «Մաեստրոյին չջղայնացնեք»: Թե ինչու՞ պիտի ջղայնացնեի՝ չգիտեմ: Իրականում ես էի ջղային՝ լրագրողի իմ կյանքում հանրահայտ ու հանճարեղ մարդիկ քիչ չէին, բայց միշտ էլ առաջին հանդիպմանը նյարդային էի լինում՝ ինչպե՞ս կընդունի, ինչպե՞ս կստացվի խոսակցությունը, անհեթեթ չե՞ն լինի հարցերը, կստանա՞մ հոդաբաշխ պատասխաններ:

***

…Աշխարհի սկզբից մի մարդ ճամփա է ընկել ու գնում է: Երկրներ, սահմաններ, արքաներ, հպատակներ չկան ու կան: Ինքն է, իր ճանապարհը: Աֆիշներում արտիստը սովորաբար գեղեցիկ է լինում, շահեկան դիրքով, զինաթափող-կախարդող ժպիտով, մանկան պես անմերժելի ու Աստծո պես անքննելի: Իր աֆիշներում նա …բնական է: Ինչպես բնական է բեմում: Խոսակցության մեջ: Գնահատականների ու երազների: Անցյալի ու ներկայի: Ինչպես բնական է երաժշտության մեջ:

…Ու մենք նստում ենք այգում՝ ծառերի տակ, ես տալիս եմ իմ շարքային հարցերը:

- Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պիտի լինի մտավորական-պետություն հարաբերությունը: Ո՞րն է մտավորականի տեղը հասարակական կյանքում:

- Մտավորականը կոչված է կատարել այն, ինչ կանխորոշված է իր ընտրությամբ, ճակատագրով, կյանքով: Եվ իր գործը պիտի լինի հասարակությանը ծառայելը: Ոչ մի պահանջք հասարակությունից: Մտավորականն ինքն է ընտրում իր ճակատագիրը՝ կարողացա՞վ լավ կատարել իր գործը, հասարակությունը նրան կընդունի, չկարողացա՞վ՝ իրեն պիտի մեղադրի:

- Իսկ հասարակությունն իրավունք ունի՞ մտավորականից պահանջել:

- Առհասարակ, հասարակությունը չի կարող պահանջել, դա նախորդ հասարակարգի օրոք էր: Ամբողջ աշխարհում հասարակությունը մտավորականից ոչինչ չի պահանջում: Միակ պահանջը՝ իր գործը լավագույնս կատարի ու իր գործունեությամբ հասարակությանը բավականություն պատճառի, կրթի, կատարելագործի: Մտավորականն ինքը պիտի իր աշխատանքից բավականություն ստանա եւ ինքն իրեն պահանջներ առաջադրի:

- Փորձենք սահմանել՝ ո՞վ է մտավորականն այսօր:

- Իրենց հարցնես՝ բոլորը մտավորական են: Մտավորականը, անշուշտ, պիտի լավ կրթված լինի, բայց կրթությունը միակ չափանիշը չէ: Ավելի ճիշտ՝ գործունեության որակը եւ գիտակցությունն են տարբերում նրան մյուս մարդկանցից:



- Քաղաքականությունը ներխուժել է բոլորիս կյանք: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում քաղաքականությանը:

- Ինչ խոսք, մեր օրերում անհնար է քաղաքականությունից հեռու լինել, թեեւ անձամբ ես երբեք չեմ կարող քաղաքական գործիչ դառնալ: Յուրաքանչյուրը պիտի մասնակցի քաղաքականությանը, եթե դա նշանակում է երկրին օգուտ տալ: Ոչ ոք իրավունք չունի հեռու մնալ քաղաքականությունից, եթե դա նշանակում է անտարբեր լինել երկրի շենացմանը:

- Ինչպե՞ս եք պատկերացնում մտավորական-պետություն հարաբերությունը:

- Իհարկե, այդ հարաբերության որոշիչ դեմքը պետությունն է, մտավորականի հանդեպ նրա վերաբերմունքը: Շատ գեղեցիկ կլինի, եթե պետությունը գնահատի ըստ արժանվույն ու ըստ արժանվույն տեղ տա իր մտավորականին: Պետության ղեկավարներն ու մտավորականները իրարու պետք ունեն եւ պետք է իրար հետ լինեն: Վերջին հաշվով՝ նաեւ մտավորականներով, արվեստով, մշակույթով է ամեն մի պետություն աշխարհում գտնում իր տեղը: Մշակույթը պետության անձնագիրն է, այցեքարտը, ուստի պետությունը պետք է հոգա աշխարհին պատշաճ ներկայանալու մասին: Պետությունն ունի իր գործառնությունը եւ իրավունք չէ պահանջել, որ ամեն ինչ մի կողմ դրած՝ զբաղվի մշակույթով: Դժբախտաբար, շատերն են բողոքում, թե պետությունը չի զբաղվում մշակույթով, չի գնահատում մտավորականին: Շիտակ լինենք՝ դա պարզապես անհնար է: Հայաստանի ղեկավարները շատ ավելի են զբաղվում մշակույթով, քան Ֆրանսիայի ղեկավարները: Եթե պետությունը ճիշտ քաղաքական ուղու վրա է, եթե բարվոք է տնտեսության վիճակը, մշակույթն իր տեղը կգտնի:

- 20-րդ դարավերջին հայ ժողովուրդը իր գոյության որակական նոր փուլ է հասել, տնտեսության ասպարեզում դա շուկայական հարաբերություններն են, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է կատարվում հոգեկան ոլորտում, ու՞ր են տանում այս տեղաշարժերը:

- Ասել շուկայական հարաբերություն ու վերջ, քիչ է: Այդ հասկացությունը հեքիաթի պես է դարձել, որից բոլորս շատ արագ արդյունքներ ենք ակնկալում, մինչդեռ շուկայական հարաբերությունը հաստատվում է դանդաղ, քայլ-քայլ, ու արդյունքներն էլ անմիջապես չեն ի հայտ գալիս: Մեր վիճակը մեզ պարտադրում է հանճարեղություն, գուցե արտառոց քայլեր: Մենք չենք խորանում իրականության մեջ: Մենք սիրում ենք պահանջներ առաջադրել, մինչդեռ Աստծո հրաշքն է, որ այսքան էլ կանք ու շատ փոքր քայլերով, բայց կայուն առաջ ենք գնում: Ամեն մարդ էլ ուզում է լավ ապրել: Բայց լինենք գիտակից իրականության նկատմամբ, գիտակցությունը ոչ միայն հոգու պարկեշտություն ու ազնվություն է, այլեւ իրատեսություն ու սթափություն: 70 տարի անշեղ անկման մեջ եղած երկիրը հնարավոր չէ մեկ-երկու տարում բարվոքել, ուրիշ կյանք ստեղծել: Այսօր օգնել է պետք պետությանն իր բեռը տանելու: Անկասկած, միմյանց նկատմամբ ու պետության նկատմամբ պահանջատիրությունը չի կարող այսօրվա մտավորականի քաղաքականությունը լինել:

***

- Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա մշակութային կյանքը:

- Հայաստանում ժողովուրդը սիրում ու գնահատում է իր մշակույթը, հետաքրքրվում: Կհավատա՞ք, որ լուրջ արվեստով Ֆրանսիայում հասարակության 10 տոկոսն է հետաքրքրվում միայն:

- Այո, բայց Ֆրանսիայի արվեստը համաշխարհային ճանաչում ունի:

- Քանի՛ տարի, քանի՛ դար է Ֆրանսիան ստեղծել իր արվեստը, մի՞թե դա մեր ժամանակների նորությունն է:

- Հայ ժողովուրդն էլ նոր չի հայտնվել պատմական ասպարեզում, առավելեւս հայ մշակույթը 20-րդ դարի նորամուծություններից չէ:

- Մի համեմատեք: Նախ՝ պետություն ունենալ-չունենալը, ապա՝ աշխարհագրական դիրքը, պատմական ճակատագիրը: Աշխարհում ճանաչում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի արվեստը, բայց Դուք շա՞տ լավ գիտեք շվեդական արվեստը, նորվեգականը, ֆիննականը: Մեծ տերությունները ինքնաբերաբար իշխում են իրենց մեծությամբ, ու իրենց արվեստը կարողանում են պարտադրել աշխարհին, ոչ միայն ուժով, այլեւ իրենց արժեքները ներկայացնելու հնարավորությամբ: Փոքր ազգերը այդ անել չեն կարող, նրանք միշտ պայքարում են 1001 արգելքների դեմ: Այսօր Հայաստանի ու Երեւանի տեղը այնքան երկրներում չգիտեն, ինչու՞ եք ուզում հայ արվեստն իմանան: Դժբախտաբար, մենք չենք կարողանում աշխարհի ժողովուրդներին ներկայանալ ըստ արժանվույն:

***

-Ո՞րն եք համարում Ձեր տեղը արվեստում եւ որո՞նք են Ձեր անելիքները:

- Պարզ բան է՝ բեմում, նվագախմբի ու դահլիճի միջեւ: Ես դիրիժոր եմ: Սա է իմ պարտականությունը մանկությունից, իմ ճակատագիրը մինչեւ վերջ: Եվ դա է իմ գործը, որ, դժբախտաբար, չեմ կարող կատարել իմ կարողությունների համեմատ: Անելիքներս շատ են: Բայց պատկերացրեք՝ Ձեզ տվել են կոտրած գրիչ ու ասում են՝ լավ գրիր: Արվեստագետը պիտի ունենա իր գործիքը: Իմ գործիքը ես չունեմ: Ես ամբողջ սրտով եկել եմ Հայաստանին ծառայելու, եւ թող անհամեստ չհնչի, իմ կարողությունները մեծ են, իմ գրիչն է կոտրած: Ու ես չեմ կարողանում Հայաստանին ծառայել այնպես, ինչպես կարող եմ ծառայել: Դժբախտաբար: Բայց իրերի վիճակն այս է, ու ես իրավունք չունեմ նահանջել:

***
- Հայաստանը եւ Դուք 2000 թվականին:      

- Հույսով ապրենք, ամեն ինչ լավ կլինի: Նոր տարի է, թե նոր դար է, մեկ է՝ կյանքն է անցնում: Ոչ մի փափագ չունեմ: 2001-ի հունվարի 1-ին Դուք էլ կհամոզվեք, որ ոչինչ չի փոխվել: Թվականով չի փոխվում կյանքը, աշխարհը փոխողը մարդիկ են: Իրատես եղեք, իրատեսությամբ նայեք կյանքին, չպիտի ուզեմ, որ մենք միայն երազներով ապրենք, թեկուզ 2000 թվականի երազը լինի: Ամբողջ Հայաստանը ես ամբարել եմ իմ մեջ, ես զգում եմ, ապրում եմ Հայաստանը: Ինչու՞ եք ուզում, որ նշխարեմ իմ սրբությունը: Ես հայ եմ, ուրեմն 2000 թվականից առաջ, հետո, քանի կամ, Հայաստանն իմն է, ես՝ Հայաստանինը:

***

Այս հարցազրույցը արվել է 1996-ին եւ տպագրվել է «Հայաստանի Հանրապետութիւն»-ի հուլիսի 4-ի համարում: Իսկ 1995-ի հուլիսի 1-ին Սահմանադրության ընդունումից առաջ նա ինձ ասել էր. «Ես Հայաստան եկա, որպեսզի ծառայեմ իմ ժողովրդին, իմ երկրին, որպեսզի իմ արվեստը շահ բերի ժողովրդիս: Իհարկե, կուզեմ, որ հենց այդպես լինի: Եվ եթե այս Սահմանադրությունը պիտի օգնի այս նպատակս իրագործելու համար, անչափ գոհ պիտի լինեմ»: Մեկ տարի անց՝ 1996-ի հուլիսի 2-ին՝ Սահմանադրության  տարելիցի առիթով Օհան Դուրյանն ասաց. «Փաստ է, որ արդեն մեկ տարի Հայաստանի Հանրապետությունն ապրում է համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ: Փաստ է, որ Սահմանադրության օգնությամբ պետք է առաջ գնանք, գրավենք մեզ արժանի տեղն աշխարհի լավագույն երկրների շարքում: Սահմանադրությունն ի վերջո՝ ճիշտ ապրելու օրենքների ժողովածու է, որ պիտի թեթեւացնի իր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը: Եվ այդ առումով ես ողջունում եմ ՀՀ Սահմանադրության գոյության մեկամյա տարելիցը եւ շնորհավորում եմ աշխարհի հայերին: Կասկած չունեմ, որ Սահմանադրության նախանշած ճանապարհով եւ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ մենք ազգովին պիտի գնանք դեպի մեր հաղթանակը, մեր երազած հայրենիքը»:

***

2002-ին նա հեռացավ Հայաստանից: Թվում էր՝ այլեւս չի վերադառնա, աշխարհն էր իր առաջ, եւ ամենուր պահանջված դիրիժոր էր: Վերադարձավ 2008-ին եւ կանգնեց քաղաքականություն վերադարձած Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին՝ դարձավ շարժման խորհրդանիշներից մեկը: Օհան Դուրյանը վախճանվեց 2011-ի հունվարի 6-ին: Եթե ապրեր եւս 11 տարի, 2022-ին նշելու էինք նրա 100-ամյակը՝ ի՛նչ փառահեղ համերգ էր լինելու՝ իր դիրիժորությամբ…


Լուսանկարը՝ Ցոլակ Հովսեփյան

Օրվա մեջ մենք ապրում ենք 7, 77, 777 կյանք, եւ որքան էլ ապրենք, օրվա մեջ լինում է 00.00 ժամ, որ վեր է րոպեների, ժամերի, ժամանակի հաշվարկից: Օհան Դուրյանի կյանքում 00.00 ժամ էր երաժշտությունը, մնացած ամեն ինչը յուրաքանչյուր ներկայացման համար մշտապես փոփոխվող դեկորներ էին, որ բնավ չէին փոխում երաժշտության էությունը: Ինչպես իր էությունը չփոխեց մշտապես նվագախմբի ու հանդիսատեսի միջեւ հայտնվող դիրիժորը, որ, ավաղ, երաժշտություն չէր լցնում օրվա 7, 77, 777 կյանքերի մեջ: Եվ աշխարհի ավելացող աղմուկի ու նվազող ներդաշնակության միջեւ կանգնած էր նա ու նրա գոյության մեջ՝ մենք, որ այդպես էլ մեզ գնահատել չսովորեցինք:

Աշխարհի սկզբից մի մարդ ճամփա է ընկել ու գնում է: Երկրներ, սահմաններ, արքաներ, հպատակներ չկան ու կան: Ինքն է, իր ճանապարհը:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին