Ջիմ Թորոսյան.Դարասկզբի ու դարավերջի միջեւ չեմ ուզում սահմանագիծ անցկացնել - Mediamax.am

Ջիմ Թորոսյան.Դարասկզբի ու դարավերջի միջեւ չեմ ուզում սահմանագիծ անցկացնել
1894 դիտում

Ջիմ Թորոսյան.Դարասկզբի ու դարավերջի միջեւ չեմ ուզում սահմանագիծ անցկացնել


Ճարտարապետ ասելով՝ ես միշտ հասկացել եմ Միքելանջելո Բուոնարոտիին, ու իմ պատկերացումով՝ ճարտարապետը եւ քանդակագործ, եւ նկարիչ, եւ բանաստեղծ, մի քիչ էլ երաժիշտ պիտի լինի: Իզուր չէին հույներն ասում, որ ճարտարապետությունը քարացած երաժշտություն է: Ու ճարտարապետությանը, իմա՝ ոչնչից ԻՆՉ ստեղծելուն, վերաբերվել եմ ինչպես երեխայի ծնունդին:

Երբ գնում էի հանդիպման ճարտարապետի հետ, որ Երեւանին նոր տեսք հաղորդեց, ինձ թվում էր, որ հանդիպելու եմ Ալեքսանդր Թամանյանին ու Միքելանջելո Բուոնարոտիին մեկ դեմքով: Երբ դեռ հարցազրույցը չսկսած, իրեն ասացի՝ ինչ եմ մտածում, առաջին անգամ տեսա՝ ինչպես է շիկնում մարդը, որ քարին հաղորդում է իր ցանկացած տեսքը, բայց անպաշտպան է բառի առաջ: Հետո ես հանեցի իմ հարցերը ու թողեցի միայն իր պատասխանները՝ սքանչելի մենախոսության մեջ, որ դարձավ ինքնատիպ երկխոսություն ինքն իր հետ ու տպագրվեց «ՀՀ»-ում: Ջիմ Թորոսյանը մեր հանդիպման ժամանակ իմ կրկնակի տարիքն ուներ, բայց հինգ րոպե հետո մեր միջեւ ջնջվել էր ոչ միայն տարիքային տարբերությունը, որ ինքնին նշանակում է կրկնակի փորձառություն, իմաստնություն, առավելություն, այլեւ ջնջվել էին մասնագիտական պատնեշները:

Մոսկովյան փողոցի իր երկարուկ արվեստանոցում ես էի ինձ զգում ճարտարապետ՝ մակետների, գծագրերի, վատմանների, կարկիններ, մատիտների, տուշի անկրկնելի մթնոլորտում, որտեղ ծնվում են նախեւառաջ նոր գաղափարներ, հետո գաղափարները դառնում են կառույցներ: Ու որովհետեւ ես 20-րդ դարավերջին նաեւ անուղղելի լավատես էի, Ջիմ Թորոսյանից սպասում էի պատասխաններ, որ փոխելու են ոչ միայն քաղաքը, այլեւ՝ աշխարհը, մարդուն ու մարդկությանը: Առավելեւս, որ մեզ սպասում էր 21-րդ դարը: Հիմա մոռացել ենք մեծամասամբ, բայց միլենիումը համամարդկային սպասումներով էր լի, որ երրորդ հազարամյակը լինելու է նոր ժամանակ՝ նոր մարդկանց ու նոր աշխարհի համար, ներդաշնակության ու երջանկության… Չգիտեմ՝ միամի՞տ էինք բոլորս, թե՞ ուզում էինք, որ հույսը, հավատը, սերն ասեն իրենց խոսքը վերջապես:

Անսպասելի էր, որ Ջիմ Թորոսյանը իմ խանդավառության վրա միանգամից սառը ջուր լցրեց.

-Դարասկզբի ու դարավերջի միջեւ ես չեմ ուզում սահմանագիծ անցկացնել: Խնդիրն այն է՝ ինչպե՞ս ես դարը տեսնում: Ես կարծում եմ, որ պիտի որոշ խաղաղություն գա արվեստում, հանգիստ մի վիճակ, ներդաշնակության, ավելի լրջության, քան «տպավորություն» ստեղծելն ու տպավորություն լինելը: Մակերեսից խորքերը գնալու, որին պիտի նպաստի կյանքը: Արվեստն ունի իր օրենքները, զարգացման իր ամեն ինչից վեր վիճակը: Անշուշտ, արվեստի վրա ներգործում են կյանքն ու որոշակի իրադարձությունները, մթնոլորտը ընդհանրապես: 20-րդ դարն ակտիվ փնտրումների դար էր՝ ժխտելու, հաստատելու, շատ շուտ նորից ժխտելու, վերանայելու: Համենայն դեպս՝ փոփոխությունները շատ էին, շատ էին նվաճումները, ինչպես եւ կորուստները՝ երկու համաշխարհային պատերազմներն իրենց զարգացումը հաղորդեցին դարի ընթացքին: Բայց նվաճումները կայուն չէին, փոփոխական էին: Նկատի ունեմ եւ կերպարվեստը, եւ ճարտարապետությունը, եւ մյուս արվեստները, տարբեր ոճական նորությունները, նոր ձեւերի որոնումներն ու հաստատումները, հերքումներն ու հրաժարումները, հետադարձ հայացքն անցյալի ճարտարապետությանը, անցյալի «ժխտումն» ու վերաոճավորումը: Տեւողության մեջ, ժամանակի մեջ պիտի գա խաղաղության մթնոլորտ եւ պիտի հաստատվի առողջ արվեստ: Ինչպես Մարտիրոս Սարյանի արվեստն էր՝ մարդկային, բնության հետ ու ժամանակի հետ ներդաշնակ ու կյանք հաստատող: Միստիցիզմի, այլ կյանքի, բռնության ու խավարի ոչ մի նշույլ: Ասում եք՝ իսկ Դալի՞ն: Սալվադոր Դալի ի Դոմենեչը անսահման հետաքրքիր արվեստագետ էր: Եթե կարդացել եք նրա կոչը երիտասարդ արվեստագետներին, կհիշեք՝ նախ պիտի սովորեք նկարել, պիտի ճանաչեք իմաստնությունն ու խրատը նախնյաց, ուսումնասիրեք բնությունը, եւ այլն, եւ այլն: Եվ վերջինը՝ եթե չեք ուզում այդ բոլորն անել, շարունակեք հիմար մնալ: Այդպես: Դա էլ դարի արտահայտություն է: Ես չեմ ուզում կենտրոնանալ Դալիի, Պիկասոյի եւ այլոց ստեղծագործության վրա, որովհետեւ այլ էր դարասկիզբն ու այլ է դարավերջը: Հիշու՞մ եք եվրոպական հանգանակների շարանը՝ ֆուտուրիզմ, սյուրռեալիզմ, դադաիզմ, ուլտրաիզմ, մոդեռնիզմ… Ինչքան համոզված էին իրենց միակ ու աներկբա ճշմարտության մեջ, ինչքան կամք ու վճռականություն կար: Առողջ արվեստը, ներդաշնակության արվեստը պիտի գա այս բոլոր փնտրումներից, մեծ ու փոքր հերքում-հաստատումներից հետո, չի կարող չգալ, որովհետեւ առողջ արվեստը միշտ մեր կողքին է, երբեմն միայն չենք զգում: Դարասկիզբը հեղափոխության ալիքների վրա էր: Հետո կամաց հանդարտվեց: Կարդացեք 20-ականների ու 30-ականների Չարենցին, ու կհասկանաք ոչ միայն տարբերությունները, այլեւ, եթե բախտներդ բերի, կտեսնեք խորքը:

***

Ճարտարապետությունն ընդհանրապես հույների բնորոշմամբ՝ արվեստների մայրն է: Թեեւ խորթ որդու պես են մորը վերաբերվել: Բարեբախտաբար, Հայաստանում այդ ամենն ավելի հանգիստ էր: Մեր արվեստն իրոք կենսունակ էր եւ ակունքներում մարդիկ էին, որ իմաստավորում էին ու բովանդակային զարգացում գտան համապատասխան ձեւերի մեջ: 20-ականներին Հայաստան եկավ Ալեքսանդր Թամանյանը: Եկավ մի երկիր, որ չէր ճանաչում, բայց իր հզոր տաղանդով տեսավ ու հասկացավ, ավելին՝ բացատրեց, ձեռք մեկնեց միջնադարի ճարտարապետներին ու կենդանացրեց ճարտարապետության լեզվով: Այն ժամանակվա մեր իրավիճակում՝ եղեռնից հետո, սով, հուսահատություն, քաղաքական անկայունություն, տնտեսական անկում, մենք կարող էինք գնալ դեպի ճարտարապետության գավառական տարբերակը: Թամանյանը մեզ տարավ Եվրոպա: Նրա շենքերը ստեղծեցին եվրոպական մթնոլորտ: Մեր հրապարակի պես հրապարակ այսօր դուք չեք գտնի, նմանը՝ մեկ, երկու, երեք, վերջ: Այս հրապարակը խոսում է տարբեր ժամանակների լավագույն հրապարակների հետ: Այս հրապարակում դու զգում ես քո արժանապատվությունը, դու զգում ես քեզ գեղեցիկ մարդ, հայ մարդ եւ հավասար աշխարհի լավագույն ժողովուրդներին: Ասում եք՝ Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարա՞կը: Ուրեմն ասացեք Հավերժական քաղաքի հավերժական հանճարների հրապարակը՝ Բրամանտեի, Միքելանջելոյի, Ռաֆայելի, Լեոնարդոյի… Օպերայի ու կառավարության շենքերը ցանկացած եվրոպական մայրաքաղաք կարող են զարդարել: Թամանյանը ստեղծեց ՄԱՅՐԱՔԱՂԱՔ եւ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: Լուսավոր ճարտարապետություն: Կյանքի ճարտարապետություն: Հզոր ճարտարապետություն: Եվ այդ ճարտարապետությունը ուզես, թե չուզես՝ ազդում է մարդու վրա, մարդու աշխարհընկալման, հեռանկարի, մտածողության, զգացողության:

***

Սարյան, Թամանյան, Խաչատրյան, Չարենց… Մեկ-մեկ թվում է՝ շահարկում ենք նրանց անունները: Ոչ, ուզում ենք մեզ ճանաչել: Դարը մեզ համար նշանավոր էր, իմաստակիր էր հատկապես այս մարդկանց շնորհիվ եւ ուրիշ մեծերի, որ նրանց հետ էին: Թամանյանից հետո կար Սամվել Սաֆարյան, Ռաֆայել Իսրայելյան, Գրիգոր Աղաբաբյան… Դպրոց կար: Թամանյանը ստեղծեց քաղաքաշինական մեծ կառույց՝ մայրաքաղաքը, հրապարակը իր անշրջելի ուրվագծերով, անշրջելի փիլիսոփայությամբ:



Նրա կողքին կանգնած էին Արամայիս Երզնկյանն ու Սահակ Տեր-Գաբրիելյանը, մարդիկ, որ վստահում էին: Իսկ արվեստագետի համար շատ-շատ կարեւոր է վստահությունը, հավատը, պետական աջակցությունը: Հուլիոս Երկրորդ պապը չլիներ, Հռոմը չէր ունենալու ոչ Սուրբ Պետրոսի տաճար ու հրապարակ, ոչ Վատիկան:

***

Այո, ասում են, որ վերջերս ճարտարապետությունը տեղը զիջել է շինարարությանը: Մտածելու շատ խնդիրներ կան: Թամանյանի ներդրումը պիտի տեսնել ոչ միայն անձնական, անհատական, ճարտարապետական ընկալման մեջ, այլ շատ ավելի մեծ ընդգրկումով: Որպես մտածողություն: Որպես փիլիսոփայություն: Խորքով, այդ ժամանակ կհասկանանք եւ ճարտարապետությունը շինարարության չենք հասցնի: Դա բնավ ճարտարապետների ու ճարտարապետության մեղքը չէ: Ժամանակը, սոցիալական պայմանները, իրականությունը, իշխանությունները, փոփոխված խնդիր-նպտակները, բայց ոչ ճարտարապետները: Եթե ճարտարապետությունը դառնում է շինարարություն, կորած ժամանակ է, կորած մտածողություն, կորած աշխարհազգացողություն: Վերջապես՝ կորած կառույց իր գումարով, ժամանակով, միջոցներով: Ի՞նչ է նշանակում՝ թանկ արժի: Եթե գեղեցիկ է, միլիոնները գտած ներդրում են: Մենք հիշում ենք եւ ասում՝ ճարտարապետությունն արվեստ է: ԴԵՌ հիշում ենք: Ճարտարապետության գլուխգործոցները արվեստի գլուխգործոցներ են: Շինարարությունը, կառույցը, եթե ստեղծվում է արվեստի օրենքներով, դառնում է ճարտարապետություն եւ մտնում է կյանք՝ որպես գեղարվեստական նոր կերպար: Իդեալ: Այդ դեպքում ժամանակակից ճարտարապետական արվեստն իր դերը կկատարի: Չի կարելի թույլ տալ, որ ճարտարապետությունը դառնա կամայականության ասպարեզ, որ մասնագետի ձեռք չլինի, այլ՝ պատվիրատուի ճաշակ: Ցավոք, վերջերս այս միտումը դառնում է ոճ ու մասնագիտական թույլ կամքի արտահայտություն, դառնում է ՙորակ՚՝ իր անճաշակությամբ, անհանդուրժելիությամբ: Անխուսափելի է տարբեր ժամանակներում տարբեր ոճերի շինությունների կողք-կողքի հայտնվելը, կյանքը շարունակվում է, չկառուցել չես կարող, անցյալը հավետ նույնությամբ պահպանել չես կարող:


Երեւանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ քարտաշ վարպետ Հրաչյա Ստեփանյանը
Լուսանկարը՝ Sputnik

Մեռյալ քաղաքներ չեն լինում ու պետք չեն, բայց պետք է համադրել, միասնական ձեռքի, ձեռագրի գաղափարը պետք է գերակայի: Օրինակ՝ Փարիզը: Իմ լավ բարեկամ, նկարիչ Հակոբ Հակոբյանը մի օր ասաց. «Ինձ թվում է, որ Փարիզում միշտ եղել է նույն գլխավոր ճարտարապետը»: Այսինքն՝ այնքան ներդաշնակ են միմյանց բոլոր դարերի կառույցները, որ որքան էլ տարբեր ոճերի, մի ձեռք է զգացվում: Դա արդեն հանճարեղն է: Հին քաղաքները գլխավոր հատակագծով չէին կառուցվում, բայց ժամանակն ու վարպետությունն այնպիսին էին, որ հմտորեն պահպանվում էին մասշտաբներն ու մթնոլորտը:

***

20-րդ դարում մենք երջանիկ մարդիկ էինք՝ արվեստի ամբողջ զինանոցը մեր տրամադրության տակ էր: Տղամա՞րդ ես՝ ստեղծագործիր նրանցից հետո: Բոլոր ասպարեզներում: Եվ թող 21-րդ դարը պահպանի մեր դարի աուրան:

***

Մի օր հարցրի՝ իսկ Դուք նկարու՞մ եք: Պատասխանեց՝ իմ կտավները իմ կառույցներն են: Հետո հավելեց՝ այո, բայց ինձ խանգարողներն կան: Բնականաբար՝ հարցրի՝ ովքե՞ր: «Նկարիչները, որ ինձնից լավ են նկարում: Ու՝ առաջին հերթին՝ Հակոբ Հակոբյանը: Նկատե՞լ եք, որ նրա կտավները կատարյալ ճարտարապետություն են, իսկ ես չեմ կարողանում իմ կտավներում ստանալ նրա հեռանկարն ու ազատությունը, նրա ճարտարապետությունը»: Պատասխանեցի՝ բայց Հակոբ Հակոբյանն էլ գուցե ճարտարապետության մեջ կուզեր ունենալ Ջիմ Թորոսյանի հեռանկարն ու ազատությունը, ու ստացա պատասխան. «Ոչ, Հակոբ Հակոբյանը ոտքից գլուխ, ուղնուծուծով նկարիչ է, նրան ճարտարապետություն պետք չէ նկարիչ լինելու համար, նա նկարչությունն ինքն է»:   

***

Ջիմ Թորոսյանին հաճախ էի հանդիպում այն շրջանում, երբ նախագծում էր Սպիտակ քաղաքի հրապարակը: Սեղանին Սպիտակի հրապարակի մակետն էր,  ինձ հատկապես գրավում էին կամարները: Չգիտեմ ինչու՝ ինձ միշտ թվացել է, որ կամարները պահում են երկինքը, որ փուլ չգա երկրի վրա: Երբ Ջիմ Թորոսյանին ասացի՝ ինչ եմ մտածում կամարների մասին, ծիծաղեց. «Չէ, իհարկե, ճիշտ եք, կամարները պահում են, բայց՝ սովորաբար գմբեթը, ոչ թե երկինքը»: Ու նա ինձ մի սքանչելի դասախոսություն կարդաց միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ կամարների պատմության, ոճերի, բազմազանության ու շինարարական նշանակության մասին: Վերածննդի ճարտարապետության մեջ կամարների դերի ու իմաստավորման մասին: Ու սիրելուց բացի՝ ես սկսեցի հարգել կամարները: Սպիտակի հրապարակը Ջիմ Թորոսյանի արվեստանոցում ինձ թվում էր սպիտակ, հրաշալի, փառահեղ հեքիաթ՝ սյունաշարերով, կամարներով, սրբատաշ քարերով, քարի լույսով ու լույսի երաժշտությամբ: Նա պատմում էր, իսկ ես բարձրանում էի նախաստեղծ մաքրությամբ օծուն սանդուղքով ու շուրջբոլորս այնքան լույս, ջերմություն, սեր կար, այնքան ամեն ինչ հարազատ էր, մերը, հայկականը: Ու ես նրան հարցրի՝ Սպիտակում մարդիկ դեռ տուն չունեն, այս այլմոլորակային հրապարակը կընդունե՞ն: Զգացի, որ զայրացավ, բայց զսպեց զայրույթն ու ասաց. ՙՄարդկանց տան ու ապրուստի հետ տոն է պետք, մարդկանց տեղ է պետք՝ իրենց մի քիչ լավ զգալու, ուրախ ու միասին, տխուր ու միասին: Մարդկանց հրապարակն ավելի շատ է պետք, որովհետեւ նրանք պետք են իրար»:

…Ես հետո շատ եմ եղել Ջիմ Թորոսյանի նախագծած հրապարակում, տեսել եմ սպիտակցիներին հրապարակում, բայց Սպիտակի սպիտակ հրապարակի հրաշքի զգացողությունը չի կրկնվել:

***

Ջիմ Թորոսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետն է եղել 1971-1981-ին:

Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Բուլղարիայի ճարտարապետների միությունների պատվավոր անդամ էր՝ ճանաչում, անուն ու ձեռագիր ունեցող ճարտարապետ, ում չես շփոթի այլ ճարտարապետի հետ: Նա հրաշալի համագործակցում էր քանդակագործների հետ, նրա կառույցները հրաշալի ներդաշնակում են տեղանքին ու միաձուլվում Թամանյանի ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆԸ:



Դժվար է անգամ պատկերացնել, որ առանց Ջիմ Թորոսյանի չէինք ունենա, կամ կունենայինք բոլորովին այլ Կասկադ, քաղաքապետարանի համալիրը՝ Երեւանի պատմության թանգարանով, մետրոյի «Հանրապետության» հրապարակը՝ վերգետնյա եւ ստորգետնյա կառույցներով ու շատրվաններով: Միքայել Նալբանդյանի եւ Եղիշե Չարենցի արձանները (քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանի հետ), Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը (քանդակագործ Արա Շիրազի հետ): Վիկտոր Համբարձումյանին նվիրված հուշահամալիրը Երեւանում, Հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին նվիրված հուշակոթողը Սեւաստոպոլում, Հայ գրերի կոթողը Օշականում, Ավետիք Իսահակյանի արձանը Գյումրիում (քանդակագործ Նիկողայոս Նիկողոսյան), Վանի հերոսամարտի հուշարձանը (Աշտարակի մոտ), Սպիտակի հրապարակի համալիրը: Վերջապես՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքը եւ բացօթյա խորանը՝ Տրդատի դուռը (2001), Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին (2007-2011),Նոր Մկրտարանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի 2-րդ մասնաշենքը… Պատկերացնու՞մ եք՝ ոճի, նյութի, ժամանակի, հավերժի ինչ զգացողություն է պետք՝ Մայր Տաճարի կողքին նոր եկեղեցի կառուցելու համար: Ջիմ Թորոսյանը ոչ միայն Երեւանի, Հայաստանի, 20-րդ դարի ու 21-րդ դարի մեր պատմությունն է, մարդ, որ նախագծում էր ժամանակը: Ու երբ այդ մարդուն հարցրի. «Ի՞նչ չեք նախագծել ու կառուցել դեռ, որ երազում եք», ստացա անհավանական պատասխան, բայց այնպիսի երազային հայացքով, ձայնով ու համամարդկային թախիծով, որ նույնիսկ զղջացի հարցիս համար.

-Վանում եկեղեցի կառուցել…

***

Ջիմ Թորոսյանը վախճանվեց 2014-ի հունվարի 5-ին՝ 91 տարեկանում: Միքելանջելո Բուոնարոտին ապրեց 89 տարի, Ալեքսանդր Թամանյանը՝ 58: Միքելանջելոն թողեց Սուրբ Պետրոսի հրապարակը Հռոմում, Թամանյանը՝ Երեւանում Հանրապետության հրապարակը: Ջիմ Թորոսյանը՝ Կասկադով, քաղաքապետարանի շենքով, «Հանրապետություն» կայարանով Երեւանում ստեղծեց իր հավերժական եռանկյունին, որի սահմաններից ներս ու դուրս ԲԱՑԱՐՁԱԿ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է, որի զգացողությունը մենք կորցրել էինք ու… չկորցրինք:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին