Զահրատ. Բանաստեղծության մեջ Աստծո մատը կա - Mediamax.am

Զահրատ. Բանաստեղծության մեջ Աստծո մատը կա
3956 դիտում

Զահրատ. Բանաստեղծության մեջ Աստծո մատը կա


1999-ի մայիսի 10-ին Զահրատը դարձավ 75 տարեկան եւ հաջորդ օրը եկավ Երեւան: Մայիսի 14-ին Գրողների միությունում տոնվեց նրա հոբելյանը: ՀԳՄ նախագահ Հրանտ Մաթեւոսյանը շեշտեց, որ Զահրատն այսօր ունի ժողովուրդ եւ վաղուց մտել է հայ պոեզիայի պատմության մեջ: Հիմնովին ու հաստատուն: «Զահրատ անունը գորովով ու ժպիտով է լցնում մեր սիրտը, մեզ բերում է անկրկնելի մշակույթ: Հրաշալի է նրա գեղեցիկ գոյությունը մեզանում: Հրաշալի է, որ հայոց լեզուն, հայ բանաստեղծությունը դարավերջի իրականության առջեւ չպապանձվեց եւ լուռ չմնաց: Իր Զահրատով կարողացավ իր պատասխան խոսքը ասել դարին»:

Ելույթներում նշվեց, որ 1998-ին Երեւանում Այդին Մորիկյանի խմբագրմամբ «Նաիրի» հրատարակչության լույս ընծայած «Առանց խաչի առանց քարի խաչքար» ժողովածուն ներկայացվել է «Ոսկե եղեգ» գրական մրցանակի: Զահրատ բանաստեղծի ու Զահրատ հայի իրենց ըմբռնումը ներկայացրին Աղասի Այվազյանը, Հովհաննես Գրիգորյանը, Արտաշես Ղազարյանը: Մարի Փամբուջյանի հրաշալի ասմունքով դահլիճ մտավ Կիկոն՝ բոլորին վերադարձնելու իրենց երիտասարդությունը ու, ինչպես ասաց Հովհաննես Գրիգորյանը, շնորհակալ լինելու, որ աշխարհում ու հայ պոեզիայում Զահրատ բանաստեղծը կա:

***

Ինքն իրեն Զահրատը շնորհավորել էր.
Եօթանասունըհինգին սահմանը անցայ
-անցագիր չհարցուցին-
Նայեցան դողդոջ քայլերուս
ճերմակած մազերուս
 -անցիր նայինք –ըսին
Եվ այդ «նայինք» բառը շատ չսիրեցի
-կերեւի գլխուս գալիք կայ

***

Հոբելյանի առիթով Հրանտ Մաթեւոսյանը գրել էր.

«Սա Թումանյանն է-
Դու մի անհայտ Բանաստեղծ ես, չտեսնված մինչ էսօր,
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:
Ես էլ, ասենք, զարմանալի ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
Իսկ այս ահա Թումանյանը չէ.-Զահրատն է.
Բանաստեղծին հետ միատեղ ճամբայ կելլենք երգելու
Ինքը կերգէ - մենք երգելու պէս կընենք
Բանաստեղծներս, իհարկե, աստվածային հնչումի ձայնագրիչը, աստվածային տեքստի ընթերցողը, աստվածային գրի՝ որ է ամբողջ աշխարհը՝ վերծանողն ենք, եւ հարկ էր, որ Աստծո տեքստի թումանյանական ընթերցումը ունենար իր տարընթերցումը՝ նվազ ոգեշունչ, նվազ բարձրից ու երկնային, առավել երկրային, եւ այդ տարընթերցումը իր ասացողին գտնելու էր իհարկե արեւմտահայերենում ու Պոլիս, ուր իշխանական մեր բարձր քիթը լավագույնս էր տրորել: Այս երկնքի տակ ազգովին որեւէ նշանակալի ներկայություն լինելու գայթակղությունից այլեւս թոթափված, սեփական որեւէ երկրի ու տերության եւ կամ որեւէ առաքելության զորությամբ չդրոշմված եւ այդքանով բաց երկնքի տակ նյարդերը մերկ եւ այդքանով աչքերն ու ունկերը՝ մաքուր՝ իհարկե  հայ գրականության Պոլսո մեր որդին էր երկիրը մրջնանոց եւ մեզ անանուն մրջյուններ տեսնելու, իհարկե Զահրատն էր լինելու արարածի մեր շշուկն ու լուռ վարքը, մեր գրականությունն իհարկե նրանով էր ներկալելու փոքր ու մեծ մարդուն, փոքր ու մեծ մարդը մեզանում սիրելի էր լինելու Զահրատով: Ոչ Չարենցով, ոչ Սեւակով, ոչ մերազնյա կամ այլազգի ուրիշ որեւէ մեկով –միայն Զահրատով: Հիանալի է, որ հայ գրականության դադրած ու դադարած սիրտը՝ Պոլիս, շարունակեց բաբախել Զահրատի ջերմ շնչի ներքո, հիանալի է, որ հայոց լեզուն նորօրյա բանաստեղծության անդաստանում չպապանձվեց, խոսեց, հասկանալի ու սիրելի եղավ Զահրատով:

Երեւան, մարտ 30, 1999
Հրանտ Մաթեւոսյան
Հայաստանի գրողների միության նախագահ

***

«Բանաստեղծության մեջ Աստծո մատը կա» վերնագրով հարցազրույց էի արել Զահրատի հետ՝ հոբելյանի օրերին («ՀՀ», 15.05.1999) եւ առաջին հարցս էր.

-Ինչպե՞ս սկսեցիք գրել:

-Ես առանց որեւէ հավակնության, գրեթե խաղի համար սկսեցի գրել, բայց ժամանակի մեջ լուրջ գործ դարձավ: Կարդացողների կողմից: Մի կարճ պահ փորձեցի հանգավոր գրել, բայց արագ հասկացա՝աղվոր չէ: Իմը չէ։ Փոխեցի ուղղությունը: Սկսեցի պարզ գրել: Առանց հանգի: Բայց չկարծեք՝ գրածս բոլորովին անկաշկանդ է, իր ներքին կշռույթը ունի, ներդաշն է, իր ներքքին երաժշտությամբ ու ներքին ինաստներով մեկ բանաստեղծական գրգիռ ունի: Հետեւաբար դժվար է գրելն էլ, կարդալն էլ: Չկարծեք, թե անմիջապես ասացին՝ ախ, ինչ աղվոր է: Ընդհակառակը՝ «Սա բանաստեղծություն չէ» ասացին, «Ասանկ բաներ գրողը խենթ է» ասացին: Հարկավ, երբ դրսից հարված ես ստանում, պետք է ինքնապաշտպանվես: Ավելի հաստատուն դարձա: Համախոհ ընկերներիս շնորհիվ, որ գաղափարակից չէին միայն, իրար քաջալերում էինք: Հետո բոլորիս օգնեց Կիկոն, որ եկավ ու գտավ մեզ: Ավանգարդ չէր: Կիկոն մեր միսն ու արյունն էր: Իմ ու ընկերներիս: Ռոպեր Հատեճյանի, Զարեհ Խրախունու, Վարուժան Աճեմյանի, Վահրամ Սարգիսյանի՝ սա մեր դպրոցն էր ու մենք շարունակում էինք մեր ճամփան:

-Քննադատները շա՞տ էին նեղացնում:
-Առանձնապես քննադատներից շատ նեղացած չեմ: Որեւէ անգամ պատասխան չեմ տվել: Իմ զենքը իմ խոսքն էր: Շարունակեցի գրել ու մինչեւ հիմա գրում եմ: Աստված եթե ձիրք է տվել, մարդիկ չեն կարող խլել:

-Կարո՞ղ ենք Կիկոյին իր ժամանակի հերոս անվանել:

-Համարողը ես չպիտի լինեմ: Կիկոն մեր միջի մարդն է ու մարդն է, որ միշտ մեր կողքին է:

-Կիկոն դեռ ապրու՞մ է:

-Կիկոն միշտ կա ու միշտ պիտի լինի աշխարհում, բայց նյութը անշարժ չի, մի տեղ գալիս, մի տեղ գնում է, եթե պետք լինի, կվերադառնա: Երբեմն փորձում եմ Կիկոյին վերադառնալ, բայց նախկին ուժը Կիկոն արդեն չունի:

-Ի՞նչ եղավ Կիկոյին:

-55 տարվա պատմություն թիկունքին մարդուն ի՞նչ պիտի լիներ: Մի քիչ իրարից հոգնեցինք, մի քիչ փոխվեցինք, մեծացանք, հիացանք ու հիասթափվեցինք, ուրիշ հավատալիքների տեղի տվեցինք, երազներ գտանք ու կորցրինք:

-Ո՞ր երազը գտաք, ո՞րը՝ կորցրիք:

-Անկախ Հայաստան ունենալու երազը գտանք իրականության մեջ: Հիմա ի՞նչ իդեալ պիտի ունենանք: Հայաստանի տնտեսական բարգավաճումը, հարկավ: Անցյալ տարի Փարիզում Վահե Օշականին հանդիպեցի, շատ ուրախ էր, որ Հայաստանը անկախացած է, ասացի. ՙՇատ մի ուրախացի, անկախ լինելու էական պայմանը փիլիսոփայությունը չէ, առաջին պայմանը տնտեսությունն է: Եթե տնտեսական ինքնաբավություն չունեցանք, անկախությունը այս ու այն դուռը պիտի բախի՚: Համաձայնեց: Շիտակն ասենք: Միշտ էլ հավատք ունեցել ենք, զորական ուժ էլ ունեցանք, տնտեսական հզորություն էլ որ ունենանք, ֆաբրիկաներն աշխատեն, գործազուրկներ չլինեն, մեր երազը լրիվ գտած կլինենք: Մեկ էլ տեսար՝ նոր Կիկոն վերադարձավ:

-Պոլսահայ գրական կյանքը ի՞նչ վիճակում է:

-Մեր շրջանակը կամաց նեղանում է, մեր ընկերներն արտագաղթում են, մեկը՝ Ֆրանսիա, մեկը՝ Կանադա, մեկը՝ Արգենտինա, մեկը՝ Երեւան: Պոլսահայ գրականությունն ավելի շատ արտածվեց գաղութից դուրս: Մեր գրական շարժումի ռահվիրաներից մեկը՝ Հայկազ Գալստյանը, Երեւան եկավ ու ձգեց գրելը: Կարպիս Ճանճիկյանը թոքախտ ուներ ու վաղամեռիկ եղավ: Հիլդա Գալֆայանը Ֆրանսիա գնաց: Այսօր մեր խնդիրը հայ մնալն է: Քչերը հայերեն գիտեն, հասկանու՞մ եք: Մարդիկ հայերենի պետքը գործի մեջ չունեն, թուրքերենը համալսարանի լեզուն է, գործատեղի լեզուն է: Հայախոս պոլսահայերի մեծ մասն արտագաղթել է, գավառներից եկած հայերը թրքախոս են գերազանցապես:

-Բայց հայ մնալու «լեզուն» հայերենն է, ի՞նչ պիտի անել:

-Հայերեն չխոսելը չի նշանակում հայերենի զգացողությունը, հայ լինելու գիտակցությունը չունենալ: Մարդիկ սիրում են, հարգում ու պատվում են իրենց ծագումը, իրենց պատմությունը: ՙԵս հայ եմ՚-ը չեն մոռացել: Լավ հայերեն սովորելը գործնականում, սակայն, պետք չէ: Գործնական մեկ քայլ կա սաներին հայերենին վարժելու՝ մենք շատ հիմնադրամներ ունենք, որ կրթաթոշակ են տալիս, պայման պիտի դնենք, որ հայերենի քննություն տան:

-Ձեր ասածներից հետո վախով եմ հարցնում՝ Պոլսում գրի երես, թերթի երես նայող կա՞:

-Կյանքին երկու ձեւով կարելի է մոտենալ՝ լավատես աչքով ու հոռետես աչքով:

-Իրատես աչքով մոտենանք:

-Իրատեսը հոռետեսի ու լավատեսի միջեւ ընտրություն անելն է: Պայմանով՝ ճիշտ ընտրություն: Հոռետեսը պիտի ասի՝ հայերեն չգիտեն, ինչ գրենք, ո՞վ կարդա: Լավատեսը պիտի ասի՝ հայերեն գրենք, որ կարդան: Ես լավատես եմ: Հինգ օր առաջ Սամաթիո Սահակյան սանուց միությունը իմ տարեդարձը նշեց՝ ինձ նկատելով իբրեւ սամաթիացի: Լեցուն սրահ մը հայ տեսա, նոր աթոռներ բերեցին: Աննախընթաց էր, որ զորացնում է իմ ու բոլորիս լավատեսությունը, ուրեմն հայ գրի ու հայ խոսքի կարոտ կա: Մեզ հետեւողներ ունենք:

-Անցյալ տարի Ձեր այցից հետո ի՞նչ փոփոխություններ տեսաք Հայաստանում:

-Հայաստանը կամաց ու ավելի եվրոպայանում է, ամերիկայանում է: Չեմ ասի՝ լա՞վ է, վա՞տ է: Իմ վախն է, որ չկորչի ազգային նկարագիրը: Մյուս կողմից՝ պահն է, որ Հայաստանը բացվի աշխարհին: Այդ ՙբացվելը՚ առերեւույթ չի լինում, համոզումով պիտի լինի, խելացի: Արտաքին շպարը, կարճ փեշն ու բլուզը չեն, ներքին կուլտուրան է որոշիչը: Հուսախաբ չեմ: Շատ աղվոր երիտասարդներ կան: Խելոք, գեղեցիկ սերունդ է մեծանում: Երեւում է: Ուրախ եմ: Շատ եմ ուրախ:

-Ի՞նչ է Ձեզ համար գրականությունը:

-Աշխարհում ամենակարեւորը: Գիտակցորեն ու լրջորեն պիտի վերաբերվել գրականությանը, բայց ամենից առաջ պիտի սիրել: Գեղեցիկ բառերը քիչ են, գեղեցիկ մտքերն էլ քիչ են, բանաստեղծության մեջ Աստծո մատը կա: Պիտի քեզ գտնես: Պիտի վախենաս գրածիդ համար: Մակարդակ կա, որ պիտի պահես: Ու պիտի սիրես: Ամենից շատ պիտի սիրես…

***

Հետո ես նամակ ստացա Զահրատից.

«Պոլիս, 22 Հունիս, 1999
Սիրելի Անահիտ Ադամեան,

Պոլիս վերադառնալէ վերջ, անգամ մը եւս եւ աւելի մտամփոփ եւ աւելի ուշադիր կարդացի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի 15 մայիսի համարին 5-րդ ամբողջական էջը, եւ դարձեալ անդրադարձայ թէ որքան խնամքով ու որքան ձեռնհասութեամբ, առաւել որքան գուրգուրանքով եւ ճոխութեամբ պատրաստուած է ան՝ հանդերձ այնքան շահեկան տեսակցութեամբ:

Կարդացի եւ խորհեցայ թէ՝ Երեւանի մէջ չկարողացայ արժանի եւ պատշաճ կերպով յայտնելու իմ խոր շնորհակալութիւններս՝ անձիս նուիրուած այս շքեղ խմբագրական աշխատանքին համար:



Ուրեմն կը խնդրեմ որ այս տողերս բարեհաճիք ընդունիլ իբրեւ երախտիքի յապաղած արտայայտութիւն մը եւ միշտ վառ պահեք Զահրատի գրականութեան հանդէպ Ձեր ազնիւ շահագրգռութիւնը:

Զիրար վերատեսնելու յոյսով եւ սիրալիր բարեւներով՝ Զահրատ

Հ.Գ.

Սիրալիր բարեւներս նաեւ Այդին Մորիկյանին»։

…Ու մարգարտաշար այդ ձեռագիրը ընդունեցի իբրեւ նամակ Կիկոյից, որ խոստանում էր վերադառնալ: Խոստովանեմ՝ բազում մտավորականների հետ եմ շփվել, Զահրատի արձագանքը մնացել է եզակի: Ու դա իմ «մեղքը» չէ, նա իսկապես այլմոլորակային էր ու այլ քաղաքակրթության ծնունդ ու կրող:

***

Այլ հանդիպումներ, իհարկե, եղան, բայց մեզ Կոստանդնուպոլսում հյուրընկալելու ու մեր Հայրենիքը մեզ ցույց տալու Զահրատի ու մեր ցանկությունը չկատարվեց: Տարբեր պատճառներով: 2007-ի փետրվարի 27-ին 83 տարեկանում նա վախճանվեց Կոստանդնուպոլսում: 2007-ի աշնանը ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հովանավորությամբ «Նաիրի» հրատարակչությունը տպագրեց Զահրատի «Բառ բառի քով» գիրքը, որ կազմել էր Այդին Մորիկյանը՝ գրելով նաեւ նախաբանը.

«…Մենք հակառակ դարձած շրջուն հորեր ենք
Բոլորս ալ
Մեր հասակին չափ խորունկ
…Մեզմէ մեկը հոն
Երբ անեզրութեան դուռը կը զարնէ
Մեր ողբերն այնքան կը պզտիկնան հոս
որ չարժէ երգել
…Երկիրը դժբախտներու պէտք ունի
Որպեսզի երջանիկները յոխորտան անոնց վրայ
Ահա Զահրատը:

…Իսկ «Ինչու՞ բանաստեղծություն» հարցին իր վերջին հարցազրույցում պատասխանել է. «Որովհետեւ յարմար է ծոյլ մարդոց: Կը գրես 5 տող, 10 տող, ամենաշատը 15 տող: Յետոյ կը սրբագրես, դարձեալ կը գրես, դարձեալ կը սրբագրես: Մինչեւ որ վերջին ձեւը ստանայ: Իվերջո «օխ» մը կը քաշես: Եթե արձակ գրես, 10 անգամ կրնա՞ս սրբագրել 10 էջ, չես կրնար…»:

Այս է Զահրատը:

Ի մասնավորի եւ ամբողջության մեջ:

Կարող ես ընտրել յոթ «ծայրակետ» ու Զահրատի քնարերգությունը ընդգրկել այդ միջակայքում:

ԱՍՏՎԱԾ, ՍԵՐ, ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ… Չխանգարեմ ձեր փնտրտուքը, չզրկեմ ձեզ Զահրատին այնքան բնորոշ գյուտի հաճույքից:

…Զահրատի պոեզիան նախաբանի, մեկնությունների կամ վերջաբանի կարիք չունի:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ներածությունը Հոմերոսն է երեւի, վերջաբան էլ չի կարող լինել, քանզի ՎԵՐՋ, որպես այդպիսին, չկա: ԻնչպեսՈրովհետեւ ցանկացած շփում ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ոչ միայն նորի, այլեւ ՙհնի՚՝ վաղուց ծանոթի մեջ էլ նոր, մինչ այդ քեզ համար անծանոթ ու անակնկալ շերտեր է բացում՝ դառնալով նոր սկիզբ, ամեն ինչ վերստին ու նորովի ընկալելու, արժեւորելու, գնահատելու…

Իսկ ցանկացած նոր սերունդ էլ, իր հերթին, իր մտահորիզոնի, աշխարհընկալման, կենսափորձի ուրույն ընկալումն է բերում՝ դրանով իսկ շարունակելով ու հավերժական դարձնելով ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ:

Որը հնի-նորի չի տարբերակվում ու, ըստ էության, վեր է անգամ ԺԱՄԱՆԱԿԻՑ:
Մեկնություններն էլ են, մեծ հաշվով, ավելորդ: ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ինքն է յուրաքանչյուրին իր ընկալումը թելադրում-ստիպում՝ այնքան տարբեր մյուսներից, որ հատման կետերի մասին խոսելն իսկ ավելորդ է, ուր մնաց՝ շփման գծերի:



Մանավանդ Զահրատի պարագայում, ում պոեզիան ամբողջական մի դասագիրք նաեւ կարելի է համարել՝ ԿԱՐԴԱԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ: Զահրատն իր ընթերցողին էլ է դարձնում հեղինակակից՝ դրանով արժեւորելով նրան ու նրա առանձնությունը, նրան եւս դարձնելով հավերժի ակնդիրն ու ուղեկիցը:

Նրբամիտ ու խորամիտ է Զահրատը, յուրաքանչյուր պահ՝ հետամուտ գյուտի:

Անակնկալների բանաստեղծ է Զահրատը:

Ամեն՝ թեկուզեւ փոքրիկ բանաստեղծության մեջ անակնկալ կա, մինչ այդ չբացահայտված, նոր մի շերտ, մտքի խիստ անսպասելի շրջադարձ: Որքան էլ ԶԱՀՐԱՏԱԳԵՏ լինես, միեւնույն է՝ երբեք չես կռահի, թե առաջին բառին ինչ է հետեւելու, տողին՝ նույնը, մտքին՝ դարձյալ…

Աֆորիզմի միտող պոեզիա է Զահրատինը: Պոեզիայի միտող աֆորիստիկ միտք ու խոսք:

Էդպիսին Բասյոն է, Թաքուբոքուն, Լեցը…

ԶԱՀՐԱՏԸ»։  

Զահրատի տիկնոջ՝ Անայիս Անդրեասյան-Զահրատի հետ հեռախոսային բազում ու բովանդակալից շփումներից հետո գրքում հայտնվեցին նաեւ անտիպներ: Գրեթե վերջին բանաստեղծությունները, որ գրել էր Զահրատը:

***

2010-ին արդեն ես՝ «Նաիրի» հրատարակչության տնօրեն Հրաչյա Թամրազյանի ու նկարիչ Արտակ Բաղդասարյանի աջակցությամբ, հրատարակեցի Զահրատի «Կիսաւարտ աղոթք» ժողովածուն, որի առաջաբանը գրել էր Այդին Մորիկյանը: Դա երբեւէ իմ հրատարակման պատրաստած տասնյակ գրքերից ամենադժվար գիրքն էր՝ հեռացել էին թե Զահրատը, թե Այդին Մորիկյանը: Առաջաբանում Այդին Մորիկյանը գրել էր. «Աղոթքը սոսկ խոսք չէ: Գործն է նաեւ աղոթք: Ճիշտ ու լավ գործը: Նվիրումով արված: Սիրով: Անկախ բնույթից: Կարող է նոր կյանք լույս աշխարհ բերել, կարող է՝ հողին սերմ պահ տալ, կարող է՝ պարզապես մինչ այդ անհայտ ու չեղած կամ էլ մոռացված մտքի հղացում լինել:

Բանաստեղծություն էլ կարող է: ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ: Մեծ Կոմիտասն ասել է. «Գրքերն ու ձայները մեռած հոգիներուն մտքի եւ սրտի տապաններն են»:

Զահրատը այն քիչ, բայց իսկական բանաստեղծներից է, ում յուրաքանչյուր բանաստեղծություն ճիշտ է, որ մի ամբողջական գիրք լինի, որովհետեւ մի քանիսն արդեն ՙխանգարում են՚ միմյանց: Որովհետեւ գրքից գիրք միանգամից չես անցնում:

Գիրքը կարդում ես-ընկալում-խորանում-ծալում-փակում-հետո դարձյալ պահում ու ինչ-որ ժամանակ անցնում է՝ մինչեւ հաջորդ գիրքն ես բացում: Էդպես:



Գրականությունն այն է, որ ընթերցողն էլ է դառնում հեղինակակից:

Ներկա՝ «Կիսաւարտ աղոթք» ցայսօր անտիպների ընտրանիին որպես խորագիր կարելի էր ընտրել նաեւ «Բանաստեղծություններ՝ 80-ից հետո» ենթավերնագիրը: Սակայն ինչպես կհամոզվեք՝ Զահրատը ծեր բանաստեղծ չէ: Ոչ իսկ ծերացող: 80-ից հետո էլ նույն գյուտին հետամուտ եւ դրանում հաջողող բանաստեղծն է: Որովհետեւ բանաստեղծը չի կարող ծերանալ: Հենց նա իրոք սկսում է ծերանալ՝ դադարում է այլեւս բանաստեղծ լինել: Բանաստեղծի համար կարեւորը տարիքը չէ, այլ՝ ասելիքը, իսկ ասելիքը տարիքից չէ բնավ, որ կախված է:

Սիրելի ընթերցող, այսօր քո ձեռքին, ավաղ, Զահրատի վերջին գիրքն է»:

Վերջին՝ 52 բանաստեղծությունները…  

***

Տարիների հեռվից ունկերիս մեջ հստակ հնչում է նրա խզված, խորունկ ձայնը, կկոցած աչքերի խորքից ամեն ինչ տեսնող հայացքը հիմա էլ որոնում է ԲԱՌԸ.

Եթե ճայը լուռ է
ալիքներուն դէմ
ըսել է թէ ըսելիքներ չունի
իր կամ աշխարհի մասին –
եթե լուռ է
ըսել է թե կը նախընտրէ լռել
Ըստ ճային – ծովը
փոխանակ լայն երկայն այդպէս պառկելու
Եթե ոտքի ելլէր
կենար
պիտի ճայ մը ըլլար սլացիկ
սիրատենչ
եւ էգ

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին