Զահրատ. Ամեն հայ իր փոքրիկ Հայաստանն ունի իր սրտի մեջ - Mediamax.am

Զահրատ. Ամեն հայ իր փոքրիկ Հայաստանն ունի իր սրտի մեջ
3983 դիտում

Զահրատ. Ամեն հայ իր փոքրիկ Հայաստանն ունի իր սրտի մեջ


1924-ի մայիսի 10-ին Կոստանդնուպոլսում ծնված Զարեհ Յալտըզճյանը երբեք չէր հայտնվի իմ կյանքում, եթե … Զահրատ չդառնար: Բանաստեղծ, որ ֆրանսիացի լիներ ու Ֆրանսիայում ծնված, կամ՝ իսպանացի ու Իսպանիայում ծնված, ամերիկացի ու Ամերիկայում ծնված, Նոբելյան մրցանակի դափնեկիր էր լինելու՝ պարզ ու հանճարեղ բանաստեղծությունների համար, բայց նա հայ էր, ու՝ Կոստանդնուպոլսում ծնված եւ Նոբելյան մրցանակակիր դառնալու համար չուներ կենսատարածք: Չգիտեմ՝ գրականագետներից ով ինչպես է գնահատում, իմ կարծիքով՝ Զահրատը արեւմտահայ բանաստեղծության բարձրակետն է, որ չի կրկնվելու: Ոչ այն պատճառով, որ այլեւս հանճարներ չեն ծնվելու, Զահրատի հետ այլեւս հեռացել է նրա ժամանակը, ժամանակի, հողի, երկնքի, հայրենիքի, սիրո, մարդու ու աշխարհի նրա անկրկնելի ընկալումը: Մենք բոլորս փոխվել ենք, ու՝ վերադարձի կարիք ունենք դեպի Զահրատը:

***

Զահրատի պոեզիային, հետո՝ Զահրատին ինձ ծանոթացրել է Այդին Մորիկյանը, որ Զահրատի պաշտամունք ուներ: Կարդացի ու սկզբում չհասկացա, ինձ համար շատ էր պաղ ու միապաղաղ, հետո պիտի բացվեր «Բառ՝ բառի քով»-ի արվեստը, որ խելահեղ ձգողականություն ունի ու նույնքան տաք է, նույնքան ու ավելի բազմազան իր միապաղաղության մեջ, որ մեր կյանքն է: Հետո պիտի ոչ միայն հասկանայի, այլեւ զգայի Զահրատի պոեզիայի բացարձակ ինքնապարփակ աշխարհը, որտեղ մուտք կա, ելք չկա, որովհետեւ ինքդ քեզնից հեռանալ չես կարող: Ես նրա հետ մի քանի հարցազրույց անելու պատիվն եմ ունեցել՝ տարբեր առիթներով Հայաստան այցերի ժամանակ: Գուցե շատ սուբյեկտիվ զգացողություն էր՝ ինձ թվում էր, որ հանդիպում եմ այլմոլորակայինի հետ՝ նրա խոսքը, շարժուձեւը, պահվածքը չափազանց անսովոր ու հմայիչ էին, քաղաքակրթության այլ որակ, որ հավելվում էր պոեզիայի բացարձակապես այլ որակին, որին մենք՝ Հայաստանում, իսկապես անսովոր ու անընտել էինք: Բառի շնչառության ու բառի ինքնուրույն գոյության իրավունքը, աշխարհին բառ նվիրելու արժանապատիվ ցանկությունը ես հասկացել եմ նրա հետ շփումներում, երբ ամբողջ հույսս ձայնագրիչի վրա՝ ջանում էի հասկանալ նրա խզված ձայնի ելեւէջներում հետուառաջող բառերի իմաստը եւ անփոփոխ ժպիտը, որ կորչում էր բեղերի մեջ, բայց միշտ կար աչքերում:



1997-ի հոկտեմբերին նա Հայաստանում էր ու գնալով հարցազրույցի (տպագրվեց «Ազգում», 11.11.1997), «Երեւան» հյուրանոց, որտեղ իջեւանել էր, ես մտածում էի ոչ թե հարցերի մասին, այլ՝ բանաստեղծության, որ բոլորիս մեջ ապրող գոյություն է, բայց քչերն են բառավորում ու թղթին հանձնում, ուրեմն՝ իրենցից օտարում իրենց կեսը: Քչերն են կարողանում: Բանաստեղծները: Նրանք զգացմունքների, զգացումների, խոհերի համար հնարում են բառեր, որ մեզ բացատրեն աշխարհը: Ոչ ավելի հասկանալի, ոչ ավելի գեղեցիկ, ոչ ավելի մնայուն դարձնելու համար: Պարզապես այդպես ապրում են: Հետո քննադատներն ու ընթերցողները իրենց հերթին հայտնագործում ու բացատրում են նրանց՝ իմաստ ու հենք գտնելով իրենց ժամանակի համար: Այդպես ժամանակի ու մարդկանց միջեւ հաստատվում է անքակտելի դաշնություն, եւ արվեստը դառնում է ամենազոր ու մշտամնա: Այդպես յուրաքանչյուր գրող իր սպիտակ թղթի առջեւ հայտնվում է իբրեւ նախորդների մտքի ու էներգիայի կրող ու բացարձակապես անհաղորդ այդ ամենին՝ իրենը ստեղծելու թելադրանքով: Ու պոեզիան շարունակվում է:

1997-ի հոկտեմբերի վերջին օրը Զահրատին հարցրի.

-Ըստ Ձեզ՝ ո՞վ եք Դուք:

-Սովորական մարդ եմ: Կարծեմ թե խառնվածքիս մեջ կա բանաստեղծություն գրելը, եթե հակառակվեմ, ինչ-որ բան մեջս կըմբոստանա: Երիտասարդական տարիներին առավել խանդոտ էի, ավելի հավակնոտ, հիմա հանդարտ եմ եւ պատասխանատվությունս է մեծացել: Ամեն գրածս պիտի սովորական չլինի, գեղեցիկ լինի, բոլոր պարագաներում կարեւորում եմ արժեք լինելը: Գիտեք, որ ես նորարարական շարժում եմ որդեգրել: 50 տարի կիրարկում եմ այդ շարժումը: Հարկավ, 50 տարվա մեջ շատ բան է փոխվել, նորարությունն էլ, իսկ բանաստեղծությունը պիտի չդավաճանի իր էությանը, այդ է իմ ջանքս:

-Իմ սերունդը «գյուղից» «քաղաք» էր վերադառնում Ձեր Կիկոյի հետ, ո՞վ էր Կիկոն, ի՞նչ էր ուզում աշխարհից, հիմա կա՞ Կիկոն, ո՞վ է:

-Կիկոն իմ միջի, Ձեր միջի, յուրաքանչյուրի միջի մարդն է: Նրանք մեր գաղտնի Կիկոներն են: Արտասովոր ոչինչ: Մենք ունենք երազանքներ, որ չեն իրականանում, եւ մենք մեզ զրկված ենք զգում: Կիկոն նախեւառաջ մեր զրկված եսն է: Կիկոն տիպ է, որ ուզում է աշխարհի հույսն ավելացնել, աշխարհին նայում է ոչ թե դառնությամբ, այլ՝ քաղցրությամբ: Եվ Կիկոն միշտ կա ու լինելու է:

-Ինչպես Հայաստա՞նը Ձեր կյանքում:

-Ամեն հայ իր փոքրիկ Հայաստանն ունի իր սրտի մեջ:

-Չե՞ք ուզում ոտքի տակ զգալ Հայաստանը, միայն սրտի մեջ չունենալ:

-Այսօր ոտքիս տակ եմ զգում: Բայց դա հողը կոխոտել չէ: Հայաստան զգալը ինքզինքը հաստատ զգալն է: Ճանապարհ գնալ չէ, տուն գալ է:

-Դարն ավարտվում է, ովքեր են այն հայ գրողները, որ 100 տարի հետո էլ ընթերցող կունենան:

-Դա պիտի գրական քննադատներն ասեն, նրանք իրենց հասկացածով ճիշտ կամ սխալ արժեւորում են: Ձեր հարցին կպատասխանի միայն ժամանակը: Ես չեմ կարող քննադատ լինել, ոչ էլ 100 տարի հետոյի ընթերցող:


Զահրատը եւ Արա Գյուլերը

-Ձեր կարծիքով՝ կա գրականությա՞ն ճգնաժամ, թե՞ գրողների:

- Գրականությունը ստեղծում են գրողները: Մեր փափագը նոր գրողներ ունենալն է: Ամեն շրջանի վրայով անցնում է իր ալիքը, անվանեք ճգնաժամ՝ ինչպես կուզեք: Եթե հետո նոր անուններ են գալիս, ուրեմն եղածը ճգնաժամ չէ: Ես լավատես եմ: Բավ է, որ նրանք, որ գրում են, ունենան նաեւ կատարյալ լեզու, միայն խառնվածքը քիչ է: Բայց եւ լեզվի գիտությամբ կարելի է ուրիշ ասպարեզ էլ ընտրել, կարեւորը ներդաշն միասնությունն է:

-Ի՞նչ է Ձեզ համար գրականության չափանիշը:

- Չափանիշ թե կա, թե չկա: Առարկայական չէ, ենթադրական է, սուբյեկտիվ: Բայց ի վերջո՝ ժամանակի գեղագիտական սկզբունքների արժեւորումը դառնում է հենց չափանիշ: Չափանիշ որոշակի ժամանակի համար միայն: Հետո նորից ամեն ինչ կրկնվում է:

-Այս անգամ Ձեզ Երեւան էր բերել Եղիշե Չարենցի 100-ամյակը: Ձեր կարծիքով՝ Չարենցն ինքը կա՞ր բոլոր-բոլոր այս միջոցառումներում, թե՞ իր մասին էր, իր շուրջ:

-Թե կար, թե չկար: Չարենցն էր մեզ հավաքել, իր անունը, իր գործը: Շնորհակալ եմ Հայաստանի մշակույթի նախարարությանն ու Գրողների միությանը, որ մեծ տոնախմբություն էին ստեղծել: Հատկապես կիրակի օրվա հանդիսությունը շատ տպավորիչ էր իր երկրորդ մասով, երբ Չարենցի ստեղծագործություններն էին հնչում, որ ամեն հայի համար պարծանք ու հպարտություն են:

-Ի՞նչ հարց կտայիք Դուք Ձեզ:

-Ինչու՞ էիր աշխարհ եկել: Ի՞նչ հասկացար, ի՞նչ արեցիր, ինչու՞:

-Եվ ի՞նչ կպատասխանեիք:

- Պատասխանը իմ անունն է: Սեւակն իր անունը թողեց, գնաց: Չարենցն իր անունը թողեց, գնաց: Երանի նրանց: Մենք բոլորս ունենք պարտականություններ, պիտի որ կատարենք: Պիտի խրախուսենք նրանց, որ գալու են մեր հետեւից, ուղղություն տանք: Հիշենք, որ մենք ոչ առաջինն էինք, ոչ վերջինը:

***

1998-ին «Նաիրի» հրատարակչությունը տպագրեց Զահրատի «Առանց խաչի առանց քարի խաչքար» ժողովածուն, որ գրախոսեցի «ՀՀ»-ում (29.06.1999).

«Գալ մինչեւ հոն
ուրկէ անդին
սէր կը սկսի
ու ետ դառնալ կամովին
առանց երգի-
Անվանեք վիճակ: Իսկ գուցե ճակատագիր: Ավելի ստույգ՝ կյանք: Հիշենք վերջին անվանումը:
Զահրատի 1998-ին Երեւանում լույս ընծայված «Առանց խաչի առանց քարի խաչքար» ծայրահեղ պարզ ու դասական ճաշակով ձեւավորված ժողովածուն իր յուրաքանչյուր էջով ձեզ ներկայացնելու է նման վիճակներ, գուցե ճակատագրեր, ավելի ստույգ՝ կյանքը:

Պոեզիան հաճախ են համեմատել անսահմանության հետ: Իր ուժի, ներգործության դաշտի մեծության եւ մշտատեւության շնորհիվ երեւի: Այդպես է: Իսկ Զահրատի պոեզիան ՍԱՀՄԱՆ է: Նրա բանաստեղծությունները կարդալուց առաջ ու հետո դու նույն մարդը չես, ինչ-որ անտեսանելի, բայց կարող մի ուժ ամբարվում է քո մեջ ու մղում գործելու: Անգիտակից ուժ, գիտակցությունդ թելադրում է՝ շարունակիր կարդալ:

Ես Կիկօն եմ –
կորաքամակ
քանի որ
աշխարհի հոգը
շալկած-
Կամ աշխարհն եմ –
Խուճապահար
քանի որ
Կիկօյին հոգը շալկած

Իսկ հետո սահմանի զգացողությունը ինքնին ձեւավորվում է ու աշխարհատեսության-աշխարհամեկնության քո տեսակետները սկսվում են նոր կետից։ Դա երեւի պոեզիայի 00.00 ժամն է, որից հետո ծնվում է բառը։ Իսկ բառի ծնունդն արդեն բանաստեղծություն է: Զահրատի դեպքում՝ պարզ, պաղ ու անպաճույճ: Առաջին հայացքից նա սառն ու անհաղորդ նկարագրող է, պահն ու զգացողությունն արտահայտող, որ նույնիսկ հոգ չի տանում իր վերաբերմունքն արտահայտել: Իսկ հետո այդ անքթիթ պաղությունն սկսում է տաքացնել իրերն ու սկսվում է զարմանալի –անհասկանալի մի շարժում, որ բնավ պետք չէ չափ ու ձեւի մեջ դնելու ապարդյուն ջանքեր գործադրել:

Մարդը փնտրող
կենդանի մըն է –
Փնտրող-գտնող-
նորէն փնտրող
Կեանքը կը
հատնի- փնտրտուքը ոչ-
Մարդը չգտնող
կենդանի մըն է

Այս անկանգ որոնումի մեջ մարդու բոլոր վիճակներն են, եւ ուրեմն՝ այդ վիճակների որոշակի դասակարգումը խախտելը հնարավոր է ու գայթակղիչ՝ նոր համապատկերի ակնկալիքով:

«Առանց խաչի առանց քարի խաչքար» ժողովածուն կազմելիս Այդին Մորիկյանն առաջնորդվել է այդ սկզբունքով գուցե՝ խախտելով հեղինակային դասավորությունը եւ իրավ ստանալով նոր որակ: Կոստանդնուպոլսի «Մարմարան» այսպես է բնութագրել հատորի ծնունդը. «Հավաքածոյին մէջ տեղ կը գրաւեն 181 քերթուածներ իսկութեան մէջ բանաստեղծական ամբողջութիւն մը, որ կերկարի 224 էջերու վրայ: Թէեւ իւրաքանչիւր քերթուած իւրայատուկ գիւտ կամ ինքնուրոյն գիւտ մը կը պարունակէ, բայց ընթերցումի պահուն միջոց մը կը տրուի խորհելու թէ ամբողջ գիրքը մէկ եւ միակ բանաստեղծութիւն է: Հաւաքածոյին խմբագիրը՝ Այդին Մորիկեան, աւանդական կանոններէն շեղումներ կատարելով ներկայացուցած է թէեւ «իր» Զահրատը, բայց իր ինքնատիպ ընտրութեամբ եւ համադրութեամբ՝ յաջողած է նաեւ ներկայացնել կամ վերստեղծել «մեր» Զահրատը իր բազմերանգ  լիութեան մէջ»: «Այդին Մորիկեան անկաշկանդ եւ խիզախ մոտեցումով մը կը վերարժեւորէ, կը դասաւորէ, կը միաձուլէ Զահրատի բազմաշերտ քերթողական բերքը: Այս միաձուլումը, այս «մոնթաժ եւ սէնքրոնիզասիոնը» կը ստեղծեն միահամուռ ամբողջութիւն մը, ուր իւրաքանչիւր բաժին կարտացոլացնէ ելեկտրական նոյն բարձր պրկումը, տրոփումի նոյն անսայթաք արագութիւնը: Եւ այս անծայր համաստեղութեան մէջ ՙամէն քերթուած առանց խաչի առանց քարի խաչքար մը կըլլայ»:

Կոստանդնուպոլսի «Ժամանակը» եւս անդրադարձավ հատորին. «Զահրատ կը սիրուի ու կը հարգուի ոչ միայն Իսթանպուլի մէջ, այլեւ Հայաստանի: Ան իր գրողական բարձր արուեստով, ոտանաւորի հանդէպ ունեցած ինքնուրույն հայեցակարգով եւ գեղագիտական առանձնայատուկ ընկալումներով եւ դասականացած տեղ մը կը գրավէ 20-րդ դարու հայ գրականութեան մէջ: Հատորի խորագիրը՝ «Առանց խաչի առանց քարի խաչքար» մեզի ակամայ կը յիշեցնէ Զահրատի «Քարանուագ» շարքը:

…Զահրատի բանաստեղծութիւնը իրօք խաչքարի նուիրականութիւնը ունի, խաչը խաչքար մը չէ, քարն ալ խաչքար չէ, բայց գրականութիւնը խաչքար մըն է եւ ունի խաչքարի մը ինքնուրոյն ու ազգային նուիրականութիւնը: Ահա Զահրատ նախշ մըն է մեր գրականութեան խաչքարին վրայ եւ առանց անոր թերի պիտի մնար այդ քանդակը»:

«Ակօսը» եւս անդրադառնալով ժողովածուին՝ առանձնացրեց անվանումն ու կազմումը. «Բանաստեղծութիւններու նոր հավաքածոն իսթանպուլահայ բանաստեղծ Զահրատի կամ հատորին խմբագրին՝ Այդին Մորիկեանի բացատրութեամբ. «Ընտրանին», որ լույս ընծայուած է 1998-ին Երեւանի «Նաիրի» հրատարակչատունէն, ինքնատիպ մատուցման ձեւով մը եւ ճաշակաւոր էջադրութեամբ, յատկապէս նուրբ գեղագիտական ընտրութեամբ գործածուած տառատեսակներով: Խմբագիր համադրողը լուրջ ու խղճամիտ ձեւով մը գիտցեր է կատարել ընտրութիւնները Զահրատի հատորներուն մէջէն եւ զանոնք ընթերցողին ներկայացուցեր՝ իրենց տարբեր, այլ նոյնքան գեղեցիկ երեսակներով, հատորը ընծայելով այլեւս ուշագրաւ եւ գեղեցիկ, հակառակ անոր որ հոն գրեթէ ոչինչ կայ նոր՝ բանաստեղծին կողմէ տարիներու ընթացքին ըսուածներուն մէջ, բայց միշտ անկեղծ ու հետաքրքրական ձեւով ըսուած, ինչ որ արդէն Զահրատը ժողովրդական դարձնող եզակի յատկանիշներէն մէկն է:

«Առանց խաչի առանց քարի խաչքար»: Տիտղոսը իսթանպուլահայ սիրուած բանաստեղծին նոր հատորին, ուր մէկտեղուած են անոր բանաստեղծութիւնները, գրի առնուած՝ առանց յանգի, առանց վանկի ու հատածի, նոյնիսկ առանց կէտի ու բանաստեղծական խօսքերու գործածութեան, բայց իսկական բանաստեղծութիւն, շատերուն զարմանք պատճառելու աստիճան… Արդար ըլլալու համար պէտք է խօստովանիլ, որ հատորին այսքան յաջող ու հրապուրիչ ընծայման մէջ մեծ եղած է դերը խմբագիր Այդին Մօրիկեանին, որ անով փաստը կու տայ նաեւ այն իրողութեան, թէ վարպետ ստեղծագործ մըն ալ ինքն է եւ հատորը իրմով կըլլայ ալ աւելի գեղեցիկ: Իսկ Զահրատի արուեստին եզակի կողմը այն է, որ հակառակ հոգեխօսիկ եւ սրտառուչ բառեր ու բացատրութիւններ գործածած չըլլալուն, գիտէ ըսածը մտիկ ընել տալ եւ գրածը կարդացնել, ընտրելով յարմարագոյն տեղն ու պահը:

…Հատորին մէջ տեղ գրաւած են Զահրատի բանաստեղծութիւնները ընտրովի, զանազան թուականներու հրատարակւած գրքերէն, այնպէս որ գրեթէ նոր մը չկայ անոնց միջեւ, բայց այնքան գիտակից կերպով ու գեղեցկօրեն տեղադրուած, որ հեղինակին քերթողական վարպետութիւնը կը վերածեն տեսակ մը ընտիր ու ազնիվ գինիի, որ ժամանակին ընթացքին աւելի կը համովնայ, կը գեղեցկանայ, կը թափանցի ընթերցողին սրտին ու հոգիին աւելի խոր ծալքերուն:  Եւ մատուցումը կը կատարուի այնքան բանաստեղծական նուրբ ճաշակով, որ մարդ կը տարուի «նոր իւրայատուկ երաժշտականութեամբ ճիշդ վարպետ ու գեղաձայն երգչուհիի մը կողմէ կատարուած «վոքալիզին» պէս, ուր այլեւս չէք փնտռեր բառ եւ իմաստ, տարւած ըլլալով անոր կախարդական երաժշտութեամբ: Պարագան նոյնն է յառաջաբան-մատուցումէն մինչեւ վերջաբան, ուր ամէն ինչ տրուած է բանաստեղծական նոյն շունչով, ուր իբրեւ վերջին խօսք՝ մատնանշում կը կատարուի Զահրատեան եզրակացութեամբ.

Մենք
հակառակ դարձած
շրջուն հորեր ենք
Բոլորս ալ
մեր հասակին չափ խորունկ»:

Թվում է՝ ամեն ինչ ասված է՝ սիրով, գեղեցիկ ու իմաստալից: Բայց ասելիք, այնուամենայնիվ, կա: Զահրատի վերջին գրքի եւ ոչ միայն այդ մասին: «Նաիրի» հրատարակչությունը, որ «ծննդատուն» է դարձել այս հատորյակի համար, գրաշուկայում հիշեցնում է համառ ու ուժեղ ձիու, որ ի հեճուկս ամեն ինչի ու ամենքի առաջ է շարժվում՝ հավաստելու, որ կա ճանապարհն ինքը: Չէ՞ որ բոլորս վերջնականապես «համոզված ենք», որ գրքերի ու գրականության ժամանակներն անցան, որ գիրք գրող ու կարդացողները գործազուրկներն են, որ չգիտեն ինչով զբաղվել, որ գիրքն ընդհանրապես մեր շուկայական կյանքում գնայուն ապրանք չէ ու պահանջարկ չունի: Ավելին՝ մեզնից հատկապես հնարամիտները գիրքը վերածել են իրոք ապրանքի՝ դրամ վաստակող ինչ-որ «բացատրագրի», որ սովորեցնում է հասկանալ տեսած ու չտեսած երազները, ունեցած ու չունեցած ցանկությունները, եւ այն ամենը, ինչ բախտագուշակությամբ ապրողների ու սեռական խնդիրներ ունեցողների մխիթարությունն են: Լավ, ընդունենք, որ դա էլ ինչ-որ մեկին պետք է, բայց ոչ այդ անհավանական ցածր մակարդակով ու անընդունելի որակով: Այդպես գիրքը դադարում է լինել իմաստության ու ճաշակի կրող, ուսուցանող ու անհրաժեշտ: Մենք դարձյալ տանուլ ենք տալիս արժեքների ու գնահատման մի սանդղակ հաստատելով, որ բումերանգի էֆեկտ է ունենալու: Եվ եթե այսօր տանուլ ենք տալիս գրահրատարակչության ու քարոզչության կազմակերպված համակարգ չունենալու պատճառով, վաղը տանուլ ենք տալու գրագետ ու խելահաս սերունդ չունենալու պատճառով: Եվ այդ պարագայում աշխարհի հանճարեղ գրողներն ու նկարիչները, երաժիշտներն ու փիլիսոփաներն իսկ չեն փրկի: Եթե լավատես լինենք՝ հավատալու, որ մեր երկրում նրանք դեռ կարող են լինել:

Ես վերջակէտն եմ
որմէ վէրջ ամէն բառ
Գլխագրով կը սկսի
Ու ես նոր տողն եմ
որմէ վէրջ ամէն կեանք
Երջանկութեան
կը նայի

Երեկ այս տողերը գրող ունեցել ենք, այսօր դեռ ունենք հասկացող ու հրատարակող, վաղվա երաշխիքները որո՞նք են:

Եվ թող չթվա, որ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Ժամանակը բժիշկ լինելուց բացի նաեւ դատավոր է: Եվ Ահեղ դատաստանը, որ բոլորն ավանդաբար կապում են անդրշիրիմյան կյանքին, հենց ժամանակի դատաստանն է»:

…Մի քանի օրից զանգ ստացա Կոստանդնուպոլսից. «Երջանիկ եմ, որ երկուքդ ալ կաք իմ կյանքից ներս: Հայաստանն այլեւս նաեւ դուք եք ինձ համար, ու դա գեղեցիկ խոսք չէ, սրտի խոսք է»: Զանգը երկու հասցեատեր ուներ՝ Այդին Մորիկյանը, որ կազմել էր գիրքը, ու ես, որ գրախոսել էի՝ ներառելով սփյուռքի թերթերի գրախոսականները: Բառացի հիշում եմ, որովհետեւ Զահրատն ի սկզբանե ասաց՝ գրիչ վերցրու ու գրի: Ինձ թվաց՝ բանաստեղծություն է թելադրելու ու բառ առ բառ գրեցի, հետո ասաց՝ «Կփոխանցես պարոն Մորիկյանին, իրեն չգտա՝ շնորհակալ եմ երկուքիդ ալ»: Ես մի քիչ զարմացել էի, որովհետեւ էթիկական նկատառումներով գրախոսությունը ստորագրել էի Աննա Ղափանցյան ու հարցրի՝ ի՞նչ իմացաք, որ ես եմ գրել: «Աղջիկս, ես բառի գինը գիտեմ ու բառի հոտը զգում եմ: Ոչ միայն իմ բառի, այլեւ բառի գինը, համն ու հոտը իմացողների»:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին