«Զրոյական կետից» սկսողի հերթական «մեղայականը» - Mediamax.am

«Զրոյական կետից» սկսողի հերթական «մեղայականը»
14158 դիտում

«Զրոյական կետից» սկսողի հերթական «մեղայականը»


Ապրիլի 13-ին, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն «պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ»:

«Մեղավոր եմ, քանի որ 2018-2019 թվականներին հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու եւ մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը:

Մեղավոր եմ, որ ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք: Մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել
Ադրբեջանի համար ու միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի:

Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, սա չանելն է իմ իրական մեղքը, հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա»:

Վերջին պարբերությունը, որում Փաշինյանը հանգիստ արձանագրում է, որ ինքն է հազարավոր կյանքերի կործանման պատասխանատուն, ինձ չի զարմացնում:

2021թ. մարտի 1-ի հանրահավաքում նա ասել էր.

«Մեր անկախության 31 տարում մենք թույլ ենք տվել բոլոր հնարավոր սխալները, բոլոր սխալները, որ հնարավոր էր տեսականորեն եւ գործնականում»:

Քաղաքական ինքնասպանությանը համարժեք այս խոստովանությունից մի քանի ամիս անց Փաշինյանն ու նրա կուսակցությունը հաղթեցին ընտրություններում: Պարզ էր, որ դրանից հետո կարող է պարբերաբար «մեղայականներով» հանդես գալ:

Փաշինյանն Ազգային Ժողովում բացատրեց նաեւ, թե ինչու ժողովրդի հետ չի խոսել.

«Որպեսզի ժամանակին այս մասին ժողովրդի հետ խոսեի, նախ ինքս ինձ պիտի համոզեի, որ դա ճիշտ ճանապարհ է, եւ խոստովանեմ, չկարողացա ինքս ինձ համոզել: Ինչո՞ւ չկարողացա: Այն պատճառով, ինչ պատճառով մինչեւ հիմա ընդդիմադիր գործընկերներ չեն կարողանում համակերպվել իրականության հետ եւ այդ պատճառը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ Սանասա՞ր, թե՞ Կուբաթլի, Զանգելա՞ն, թե՞ Կովսական»:

Փաշինյանի այս ելույթի մասին արդեն շատ է գրվել ու դեռ կգրվի: Ես մի քանի փաստի վրա ուշադրություն դարձնեմ:

1.    Երբ 2018 թվականին Փաշինյանն ասում էր, որ ԼՂ խնդիրը քննարկելու է ժողովրդի հետ, այդ պահին էլ «ինքն իրեն չէ՞ր համոզել»: Եթե չէր համոզել՝ ի՞նչ էր քննարկելու:
2.    Եթե իրեն ասում էին, որ «նշաձողը պետք է իջեցնել», ինչո՞ւ էր «նշաձողը» բարձրացնում՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
3.    Եթե բոլոր «հեռու եւ մոտիկ բարեկամները» ակնկալում էին, որ «մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 շրջանները եւ իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»՝ ինչո՞ւ էր Փաշինյանը 2020թ. փետրվարին Մյունխենում Ալիեւի հետ անփառունակ բանավեճից հետո ձեւակերպում «Մյունխենյան սկզբունքներ», որոնք առաջացնում էին նույն Ալիեւի եւ միջնորդների ծիծաղն ու զարմանքը: Ավելին, Փաշինյանը «շրջադարձային» էր որակում մյունխենյան հանդիպումը, որովհետեւ այն «ապացուցեց, որ հենց Ադրբեջանն է հանդես գալիս ապակառուցողական, երբեմն էլ՝ ռասիզմի հասնող դիրքերից»:

Այս եւ բազմաթիվ այլ հարցերը մեկ պատասխան ունեն. մեր պետությունը միանձյա ղեկավարում է մի մարդ, որը որոշումներ կայացնելու խիզախություն չունի եւ այդ անկարողությունն անընդհատ քողարկում է անազնվությամբ: Բայց նրան ընտրողներն ու աջակցողները դրանում խնդիր չեն տեսնում: Երբ հասարակության մի մեծ զանգված ոչ միայն ընդունում է, որ իրեն ապուշի տեղ են դնում, այլեւ վայելում է այդ կարգավիճակը, Փաշինյանը կարող է թեկուզ հարյուր անգամ թվարկել, թե ինչում իրեն կարելի է մեղադրել՝ շատ լավ իմանալով, որ ոչ մի բանում էլ չեն մեղադրի:

Փաշինյանի «սիրելի» թիրախները՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, մոտեցել էին կարգավորմանը Քի Վեսթում եւ Կազանում: Այո, երկու դեպքում էլ Ադրբեջանը հետքայլ էր կատարել, բայց երկու դեպքում էլ Հայաստանի ղեկավարները մոտ էին այն կետին, որը կարող էր հնարավոր դարձնել խնդրի լուծումը առանց պատերազմի: Փաշինյանը, որը իշխանության էր եկել ժողովրդական աջակցության հսկայական պաշարով, ոչինչ չարեց սեփական «Քի Վեսթ» կամ «Կազան» նախաձեռնելու համար: «Զրոյական կետից» սկսելով՝ զրոյի վրա էլ մնաց:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին