Լեւոն Անանյան. Այլապես վերադառնալու ենք քարանձավ - Mediamax.am

Լեւոն Անանյան. Այլապես վերադառնալու ենք քարանձավ
2730 դիտում

Լեւոն Անանյան. Այլապես վերադառնալու ենք քարանձավ


Խոստովանեմ՝ չեմ հիշում՝ ինչպես եմ Լեւոն Անանյանի հետ ծանոթացել: Գուցե ինչ-որ հանդիպման ժամանակ, գուցե «Գարունում», գուցե ինքս եմ զանգահարել ու հարցազրույց խնդրել: Չեմ հիշում, ուղղակի նա միշտ եղել է իմ կյանքում ու… հիմա էլ կա:

Լեւոն Անանյան՝ լրագրող, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ նախագահ (2001-2011)։ 1983-ի Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակակիր, 2000-ի Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալակիր, 2005-ին՝ ԼՂՀ Մուրացանի անվան մրցանակակիր, 2005-ին «Վարպետ» պատվո նշանի ասպետ, 2005-ին՝ Վաչագան Բարեպաշտի մեդալակիր, 2006-ին՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալակիր, 2006-ին՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի արծաթե մեդալակիր, 2006-ին՝ Հակոբ Մեղապարտի մեդալակիր, 2006-ին՝ «Հայաստանի երկրապահ» մեդալակիր, 2006-ին՝ ՀՀ մշակույթի նախարարության մեդալակիր, 2006-ին՝ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, 2008-ից՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, միջազգային երեք ակադեմիաների անդամ: Կյանք, որ ապրեց բաց նյարդերով, ու հեռացավ՝ բաց նյարդերով:

***

1994-ին արդեն այնքան մտերիմ էինք, որ ինձ թույլ եմ տվել նրա հետ դու-ով հարցազրույց անել ու հրապարակել «Երկիր Նաիրի»-ում (23.12): Նա «Գարունի» խմբագիրն էր ու նրա աշխատասենյակում ցուրտ էր, թեեւ նավթի հոտը խմբագրության մուտքից գալիս էր:  Իմ առաջին հարցին՝ «Ո՞վ ես դու, Լեւոն Անանյան» նա պատասխանել է.

- Ծննդյանս օրվանից այդ մասին չեմ մտածել: Ծնվել եմ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: 48 տարեկան եմ: Դպրոց, համալսարան, ու՝ մամուլ:

-«Խայտառակ» անցյալ է, իսկ ներկա՞ն:

-Թունավորված եմ մամուլով: Ո՞վ է Լեւոն Անանյանը 1994-ին: Այսօր, երբ «Գարունը» էլեկտրաէներգիա չունի, որ համակարգիչները գործեն ու հերթական համարը ժամանակին տպագրվի: Այսօր, երբ իմացա Համբարձում Գալստյանի սպանության սոսկալի լուրը… Լեւոն Անանյանն այսօր բաց մաշկով այս բոլոր ողբերգությունները իր վրա ընդունող անհատն է:

-Ո՞րն է լրագրողի քո հավատամքը:

-Հավատամքը եղել ու մնում է ազնվությունը, եթե լրագրողը խոտորվեց իր դավանանքից, ազնվությունը վաճառքի հանեց, ուրեմն շղթայական ռեակցիայով սուտը, կեղծիքը տարածվում են:

-Այսօր այդ մոտեցմամբ քանի՞ լրագրող կգտնես հանրապետությունում:

-Կան պրոֆեսիոնալ լրագրողներ ու հիմա սնկի նման բազմացած թերթերի աշխատակիցներ: Այնքան քիչ են վերլուծող, շնորհքով մարդիկ, որ ժողովրդին ասելիք ունեն, կարող են ինչ-որ հարց հարուցել…

***

-Ո՞րն է հայի ֆենոմենը:
-Հայի ֆենոմենը, թերեւս, փյունիկ թռչուն լինելն է: Իվերջո, հայն ինքն իրեն գտնելու է ու այս շվար ու շփոթ վիճակից դուրս է գալու, այս մոխիրները հնագիտական շերտ չեն կազմի մեզ վրա: Քանդեցինք, ավերեցինք, բայց վեր ենք թեւելու:

***

-Ո՞րն է այսօր մտավորականի պարտքը ժողովրդի առաջ ու մտավորականի պահանջը ժողովրդից: Մենք միշտ խոսում ենք պարտքից, բայց իմ կարծիքով՝ կա եւ պահանջը: Չէ՞:

-Չափանիշներն այսօր այնքան են խաթարվել: Ամեն ինչ արվեց, որ մտավորականությունը ոտքի տակ գնա: Արտառոց է, բայց՝ փաստ, որ իշխանության ղեկը հիմնականում մտավորականների ձեռքին է, բայց առաջին սրբազան արշավանքը եղավ մտավորականների դեմ՝ հոգեւոր ամլությամբ ու դատարկ գրպաններով: Մտավորականի պարտքը ժողովրդի հանդեպ բոլոր դարերում նույնն է եղել՝ ծառայել ժողովրդին: Այս համատարած աղքատացումի մեջ, գրողի, նկարչի, արվեստագետի այս վիճակում պահանջը միակը պետք է լինի՝ հասկանալ մտավորականին, գնահատել նրան: Այսօր արվեստը դարձել է կղզի, եւ ափ հասնելու ճանապարհ կարծես չկա: Ժողովրդի տեսադաշտն այսօր արհեստականորեն այնքան է նեղացել, որ իր սոցիալական զամբյուղից դուրս ոչինչ չի տեսնում:


Հրաչյա Թամրազյանը, Անահիտ Ադամյանը, Լեւոն Անանյանը, Այդին Մորիկյանը

Մտավորականությունը ճնշված է՝ եւ բարոյապես, եւ նյութապես: Փաստորեն մի կողմ է նետված, եւ ժողովրդի հետ կապը վերականգնելու համար մի 10-15 տարի է պետք:

***

-«Գարուն»-1967 եւ «Գարուն»-1994» քո գնահատականը:

-«Գարունը» միշտ եղել է իր ժամանակի ոգու արտացոլումը, իրադարձությունների ու տրամադրությունների արտահայտիչը, հիմա այդ իրադարձություններն ու տրամադրությունները տրամագծորեն տարբեր են: Ընդհանուրը մեկն է՝ ամսագիրը միշտ էլ ձգտել է ավելին անել, քան հնարավոր է: «Գարունին» արտոնված էր հարաբերաբար ազատ, անկախ զգալու, իրադարձությունները, դեպքերը, փաստերը վերլուծելու հնարավորություն: Եվ այսօր այդ ավանդույթը մեր խմբագրությունը փորձում է պահել, որպեսզի կարողանանք մեր հայացքը մշակել արդեն ժողովրդավարական, անկախ պետությունում: Պետք չէ երկար խոսել, բայց տեսանելի եւ քողարկված արգելակները շատ են՝ անելու այն, ինչ կարող ենք, ունակ ենք, ինչ մեզ համար կարեւոր է ծրագրային առումով: 1994-ի «Գարունի» գերխնդիրը, երբ վերջապես թեւակոխում ենք ժողովրդավարության փուլ, երբ կա բազմակուսակցական համակարգ, ձեւավորված է ընդդիմություն, կարելի է սահմանել այսպես՝ լինել իսկապես ազատ ու անկախ մամուլ: Վերջին հաշվով՝ եթե մեր գլխին տեր ու թելադրող չունենք (ես դա պիտի շեշտեմ՝ «Գարունը» հանրապետության բացառիկ պարբերականներից է, որ ինքնաֆինանսավորմամբ է աշխատում), փորձում ենք ոչ թե քաղաքական վիճակը ներկայացնել որեւէ խմբավորման, կուսակցության կամ իշխանությունների շահերից ելնելով, այլ վերլուծել ու հնարավորության սահմաններում ընթերցողին հասցնել կատարվող գործընթացները, հասկանալի դարձնել այսօրը ու վաղվա խնդիրներն առաջադրել:

***

1996-ի հունիսի 28-ին աշխատանքի ընդունվեցի «Գարունում» իբրեւ գրականության բաժնի խմբագիր: Նախաձեռնությունը իմը չէր՝ Լեւոն Անանյանինն էր, ես աշխատում էի «ՀՀ»-ում, Տեղեկատվության նախարարությունում ու ի սկզբանե ասացի, որ ամեն օր աշխատանքի գալ չեմ կարող, պատրաստ եմ գրականության բաժնի նյութերը կարդալ, մերժելունները՝ մերժել, տպելունները՝ խմբագրել: Լեւոն Անանյանը ասաց, որ հենց դա է իրեն պետք՝ «տոննաներով նյութ է հավաքվել, ժամանակ չկա, որ կարդամ»: Ինձ հանդիսավորապես հանձնվեց իմ աշխատասենյակի բանալին: Լեւոն Անանյանն անձամբ բացեց սենյակի դուռը, որտեղ երկու գրասեղան, երեք աթոռ էր ու մի պահարան՝ ձեռագրերի խառնիխուռն կույտերով: «Լավ կանես, պատուհանի մոտի գրասեղանն ընտրես, Վազգեն Սարգսյանի գրասեղանն է»՝ ասաց ու գնաց՝ ինձ մենակ թողնելով փոշոտ, հեղձուկ սենյակում: Առաջին քայլս պատուհանը բացելն էր…

Հաջորդ օրը աշխատանքի գնացի «զինված»՝ հնարավորինս մաքրեցի գրասեղանն ու դասավորեցի անկապ թափթփված ձեռագրերը: Նույն օրը մի քանի ժամ խմբագրությունում նյութ կարդալուց հետո տուն գնացի արձակի ու պոեզիայի առաջին «տոննայով»: Շաբաթը մեկ-երկու անգամ գնում էի՝ մերժվածները՝ հիմնավորումով, հանձնում Լեւոն Անանյանին, տպագրվելիքները՝ խմբագրված դնում սեղանին: «Գարունում» իմ աշխատանքը տեւեց մինչեւ 1996-ի նոյեմբերի 30-ը: Այդ օրը Լեւոն Անանյանն իրեն հատուկ եռանդով մի կես ժամ գոռգոռաց, որ իրեն ինձ նման աշխատող պետք չէ՝ ինքը իմ փոխարեն ստիպված է հեղինակներին ընդունել ու բացատրել՝ ինչու՞ իրենց հանճարեղ գործերը մերժվել են, իսկ ինքը ժամանակ չունի ու ընդհանրապես դիմում գրեմ, որովհետեւ արդեն հրամանով ազատել է աշխատանքից՝ իմ դիմումի համաձայն: Անակնկալը սքանչելի էր, առավել եւս, որ արդեն ազատվել էի Տեղեկատվության նախարարությունից, բայց առանց իր պայմանները՝ նյութերը կարդալ, իմ զգուշացումը՝ խմբագրությունում նստել չեմ կարող, հիշեցնելու, ասացի՝ «Թուղթ տուր, դիմումը գրեմ»: Լեւոն Անանյանը շարունակեց գոռգոռալ, որ ես գործնականում չեմ աշխատել, իրեն չեմ օգնել ու ընդհանրապես նույնիսկ մի հոդված չեմ գրել այդ ընթացքում, ինքը ուրիշ ելք չունի…

«Հա, չեմ աշխատել, թուղթ տուր, դիմումը գրեմ»՝ իմ հանգստությունը նրան ավելի էր նյարդայնացնում ու շարունակում էր արդարանալ… Երբ վերջապես սպիտակ թուղթը տվեց ու ես դիմումը գրեցի, կարդացածս հերթական «տոննան» ու սենյակի բանալին դրեցի իր սեղանին, Լեւոն Անանյանն արդեն չէր բղավում. «Բայց գուցե մնաս, եթե խոստանաս, որ ամեն օր կգաս աշխատանքի»: «Ոչ, հիմա կարող եմ, բայց չեմ գա, շնորհակալ եմ»: Երբ սենյակից դուրս էի գալիս՝ Լեւոն Անանյանը բղավեց. «Մտի հաշվապահի մոտ, աշխատավարձդ ստացի»: «Նվիրում եմ «Գարունի» տպագրության ծախսերին»՝ նետեցի դռան մոտից ու լսեցի Լեւոն Անանյանի պատասխանը՝ «Դու անուղղելի ես, մեր ընկերությունը մնում է ընկերություն»:

***

1997-ի ապրիլի 30-ին «Գարունը» նշում էր 30-ամյակը: Կամերային երաժշտության տանը: «ՀՀ»-ի «Մենք» հավելվածում «Ինչ-որ բանի լինելության հավաստիք» վերնագրով հոդվածով անդրադարձա հոբելյանին: Գուցե այն պատճառով, որ իրոք «անուղղելի» էի ու մեր ընկերությունը մնացել էր ընկերություն: Հիմա, երբ 25 տարի անց, կարդում եմ գրածս, ուրախության ու ցավի դժվար զգացումներ են իրարահաջորդում: Լավ հիշում եմ՝ «Գարունի» խմբագիր Լեւոն Անանյանի լարված դեմքը յուրաքանչյուր խոսքից առաջ, ընթացքում ու հետո: Նրա մերթ ջնջվող, մերթ բազմապատկվող կնճիռները, հարցականներից կեռվող հոնքերը ու ուրախությունից ծովացող կապույտ աչքերը: 1975-ից էր «Գարունը» նրա կյանքը, նրա տունը, նրա խաչը: 1990-ից՝ նա «Գարունի» գլխավոր խմբագիրն էր։ «Գարունն» ու Լեւոն Անանյանը այդ ժամանակ միասնություն էին:

«Կյանքը շարունակվում է, կեցցե կյանքը եւ կեցցե «Գարունը» հայտարարեց ԱՆԺԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ (1966-1986՝ «Գարունի» աշխատակից, հետո՝ գլխավոր խմբագիր): «Գարունն» ինձ համար եղել ու մնացել է չափանիշ, խորհուրդ ու նշաձող: Արժեքների կորուստի ու վերագտնումի մեր ժամանակներում «Գարունը» մնում է իր դավանանքին, ինչպես բոլոր գարունականները մնում են «Գարունի» հետ ու «Գարունի» համար»՝ ասաց ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ: «1967-ից «Գարունը» կենարար անձրեւ եղավ 65-ի դեպքերից հետո սկսված հոգեկան երաշտին»՝ ՎԱՀԵ ՊՈՂՈՍՅԱՆ: «Ես հավատում եմ, որ «Գարունի» մասին ժամանակին գրվելու են սոցիոլոգիական, մշակութաբանական, քաղաքական մենագրություններ: Մեր իրականության բոլոր թեր ու դեմ կողմերը 30 տարի արտացոլվել են այստեղ: Իմ սերնդի համար «Գարունը» փրկօղակ էր»՝ ՀԱԿՈԲ ՄՈՎՍԵՍ: «Գարունը» մեր սերնդի հայրենիքն էր: Հայերեն գեղեցիկ բառ կա՝ աղապատանք: «Գարունը» բոլոր այս տարիներին փորձեց լինել աղապատանքի ժամ՝ անկեղծանալու հնարավորություն տալով բոլորիս»՝ ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ՝ «Գարունի» խմբագիր (1986-1990): «30 տարի տպագրված 360 համարներից յուրաքանչյուրում իրենց մասնաբաժինն են ունեցել քննադատությունն ու գրականագիտությունը, բանավիճային հոդվածները, գրախոսությունները, հարցաթերթիկները, հարցազրույցները, ժամանակի քննադատության քարտեզի ծուռ ու շիտակ ուրվապատկերներն էին: 30 տարի մեր գրական կյանքը արտացոլվել է «Գարունում», որ նորություն, նոր անուններ ու նոր հայեցակետեր բերեց գրականություն, հաճախ վիճելի, նույնիսկ անընդունելի, բայց դա միշտ եղել է սեփական խոսք, որ ուրիշ ոչ մի տեղ չէր ասվելու»՝ ԷԴՈՒԱՐԴ ՋՐԲԱՇՅԱՆ: «Ամենագնահատելին համարում եմ, որ «Գարունը» փակեց ռաբիսի ճանապարհը գրականության մեջ, երաժշտության, նկարչության, մտածողության ու հոգեբանության եւ «Գարունը» բերեց 20-րդ դարակեսի հայի իր մտածողությունն ու հոգեբանությունը, հրապարակ հանեց, հղկեց, կռեց ու կոփեց»՝ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ: «Ամսագիրը մի քանի սերունդների երթ է խորհրդանշում եւ խորհրդանշում է այդ սերունդների կապը իբրեւ հոգեւոր կենտրոն ու հանգրվան: «Գարունի» նախապատրաստած հոգեւոր շարժումը սնեց 88-ին սկսված մեր ազգային զարթոնքը: Մեր տեղատվություններով ու մակընթացություններով մենք եղել ենք «Գարունում»» ՀՐԱՉՅԱ ԹԱՄՐԱԶՅԱՆ: «Գարունը» մի քանի սերունդ է դաստիարակել, ազատ մտածողության ամբիոն ու ուսուցիչ է եղել: Ցավոք, այսօրվա մշակութային կյանքում «Գարունը» դեր չունի, իր գործը կատարել է, իր գրական-մշակութային առաքելությունն ավարտել է, այլեւս ինքն իրեն կրկնել չի կարող: Սնկի պես աճած ազատ խոսքի ջատագով պարբերականները խլեցին «Գարունի» հացը, բայց եւ շարունակվող կյանքը շարունակում է խնդիրներ առաջադրել, որոնք սկզբունքային քննարկում, լուծում են ակնկալում»՝ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ:

«Գարունում» անցել են իմ եւ շատերիս լավագույն օրերը: Մեջներս սեր կար, հավատ, ջահելություն: Փառք ու պատիվ գարունականներին, որ պատեպատ չխփվեցին, դժվար ժամանակներում պահեցին «Գարունը»: Այն ժամանակ ուրիշ մթնոլորտ էր, ուրիշ իրականություն, դժվար էր խղճի դեմ չգնալը: Ճիշտ նույնչափ դժվար է հիմա, երբ ստացել ենք մեր ուզած ազատությունը, որից ավելի շատ շնչահեղձ ենք լինում, քան ճիշտ օգտագործում ենք»՝ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ: «Գարունի» նախադեպը Սովետական  Միության մեջ կար՝ հանձին «Юность»-ի: Մեր գավառական քաղաքագեղարվեստական միտքը ետ էր մնում Մոսկվայից եւ, ի վերջո, կենտկոմի ջոջերը գլխի ընկան վակուումը լցնելու անհրաժեշտությունը: Աչքի ընկած մի հասարակական գործիչ եւ լրագրող, որ Վարդգես Պետրոսյանն էր, կենտկոմի ճիշտ ընտրությամբ նշանակվեց խմբագիր: Դա բարեբախտություն էր այդ պահին: Այն, ինչ Միության մասշտաբներով դառնում էր թաքուն գրականություն, այլախոհություն, այստեղ հաճախ դառնում էր պետականորեն, հրատարակչորեն պաշտպանված գրականություն: Հեռվից հեռու նայելով՝ պիտի ասեմ, որ ընդվզման բարձրությունը այնքան էլ մեծ չէր: Վարդգես Պետրոսյանը հիանալի կարողանում էր մի բաժակ ջրում փոթորիկներ անել եւ մեծ տպավորություն թողնել: Ետ նայելով բոլոր հրապարակումներին, տեսնում ենք լիովին թույլատրելին, մեծ ընդվզումներ չեն եղել: Լավ է, որ «Գարունը» դիմացավ հնգամյա փորձություններին, որ դեռ վերջացած չեմ համարում: Գրականության, գեղարվեստի նկատմամբ, հանդուգն խոսքի նկատմամբ անտարբերությունը ծանր, սպանիչ սպառնալիքի պես կախված է գրականության եւ գրական մամուլի վրա: Եթե «Գարունն» իր պարբերականությունն ու թեկուզ փոքր տպաքանակը ապահովում է, դրական երեւույթ է, բայց գրողի ու գրականության խոսքը ժողովրդի օրվա կյանքի անկապտելի մասը դարձնելու գործում մեծ անելիք ունի ՙԳարունը՚, եւ բոլորս ունենք: Տեսնենք՝ կկարողանա՞նք, թե՞ կդատապարտվենք ու կդատապարտենք սերունդներին: Լավ է, որ «Գարունը» չի ուզում լքած լինել անցյալի փառքը, բայց եւ շատ անելիքներ ունի»՝ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ:

***

2000-ին Լեւոն Անանյանին հարցրի ի՞նչ է մտածում 33 տարեկան «Գարունի» մասին: Պատասխանեց՝ «Քրիստոսի տարիքին ենք, մեզ էլ են խաչելու»: «Մի երեւակայիր, ձեր խաչվելն ու ձեր Գողգոթան երկար են տեւելու»՝ պատասխանեցի ու հարցրի դարավերջի ու դարասկզբի իր ընկալման մասին: Պատասխանը ստացա գրավոր, որ տպագրվեց «ՀՀ»-ում.



«Նոր հազարամյակն ակամա զուգորդումների ու ընդհանրացումների է մղում: Եգիպտական բուրգեր, Հելլադայի հրաշքը, մայաների առեղծվածային մշակույթը… Հայոց խոշոր ավանդը համաշխարհային քաղաքակրթություն, որի ուղղակի ժառանգորդն ես համարում քեզ: Նաեւ հույսն ու հավատը, որ Ստրկության խավարից վերջնականապես մուտք ես գործում Ազատության լույսի դարաշրջան… Բայց ահա մեր գլխին փլվեց հոկտեմբերի 27-ը՝ մի հարվածով ետ շպրտելով մեզ մինչեւ վայրենի քարանձավ: Եվ կասկածների պարսը պաշարել է ինձ: Այս ի՞նչ ճահճի մեջ է վերստին ընկղմվում մեր պատմության նավը: Այո, պատերազմը միշտ էլ ցինիզմի խոր ակոսներ է թողնում իր ճանապարհին, այո, չափազանց թանկ է անկախության գինը, որ մեր մաշկի վրա զգում ենք ամեն օր: Բայց մի՞թե բռնության խորշակը միանգամից սրբեց-տարավ ազգային արժեքների ողջ համակարգը, եւ հիմա պիտի սկսենք նոր տողից: Բայց մի՞թե Հայաստանն այլեւս Հայրենիք չէ, այլ ընդամենը մագնիսական շեղումների մի տարածք, ուր չի գործում երկրի ձգողականության օրենքը: Մի՞թե իրականություն է դառնում դարավոր թշնամու նզովքը՝ ՙՈվ անհայրենիք հայ, օտարի հողի վրա պիտի կառուցես քո տունը՚: Այսպես՝ երկրորդ հազարամյակի գիրքը փակում ենք խուճապի, անապահովության, հուսահատության ու միայնության բարդույթով: Ինքներս մեր ու մեր պատմության հանդեպ անցյալ ու ապառիկ պարտքերի հաշվանցումով: Բայց հույսը մեռնում է վերջինը: Եվ ես վեհերոտ մի ճիգով ուզում եմ հավատալ, որ այս ողջ տիղմն ու աղտեղությունը նոր հազարամյակում պիտի դառնան այն բարեբեր հողը, որի վրա շքեղորեն բացվելու է մեր ազգային վերածնության ծաղիկը»:

***

1992-ից Լեւոն Անանյանը ստեղծել էր «Ապոլլոն» հրատարակչությունը եւ առաջին անգամ բնագրից թարգմանությամբ հայ ընթերցողներին էին ներկայացվում համաշխարհային գրականության երկերը: Լավագույն էջերը՝ իհարկե, որովհետեւ բացի ճանաչողական-լուսավորչական նշանակությունը, «Ապոլլոնը» ապահովում էր «Գարունի» տպագրության ծախսերը: Իմ հանդիպումները նրա հետ շարունակվեցին, երբ աշխատանքի անցա Ազգային ժողովում՝ իբրեւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ: 2001-ին նա ընտրվեց ՀԳՄ նախագահ, եւ ես Բաղրամյան 19-ից Բաղրամյան 3 ճանապարհը հաճախ էի անցնում: Հատկապես այն ժամանակ, երբ ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրվել հասարակական կազմակերպությունների մասին վիճահարույց օրինագիծը, որ տարաձայնություններ էր առաջացրել ստեղծագործական միություններում: Ինչ-որ չափով դարձել էի ԱԺ-ՀԳՄ «կապավորը»՝ ստեղծագործական ու կազմակերպական տարատեսակ հարցերում:

Լեւոն Անանյանը շարունակում էր ամեն ինչին բուռն արձագանքել, ծխել, ծխել, ծխել ու պահել-պահպանել ՀԳՄ-ն, հնարավորինս՝ «Գարունը», «Ապոլլոնը», «Համաստեղը»: Իհարկե, շարունակվում էին եւ նրա դեմ սկանդալներն ու զրպարտությունները, բայց նա ժամանակ էր գտնում գրելու, կարդալու, նախագահելու, դասախոսելու… Երբեմն ինձ թվում էր՝ Լեւոն Անանյանը գիտի՝ ինչպես կանգնեցնել ժամանակը, որ հասցնի իր բոլոր գործերն անել: Երբ իրեն ասացի, ծիծաղեց՝ «Երանի չէ՞ր: Գիտես՝ ի՞նչ կանեի: Կգնայի հեռու-հեռու, որ ոչ մի ծանոթ մարդ չլիներ»: «Իսկ հեռախո՞սդ»: «Կմոռանայի տանը»:

***

Լեւոն Անանյանը գիտեր, որ ես համարյա 25 տարի թարգմանելով՝ գիրք էի կազմել 10 լատինամերիկյան եւ 13 եվրոպական երկրների 127 հեղինակների՝ գրական հանգանակները, Նոբելյան մրցանակակիրների ելույթները, հարցազրույցները՝ 600 էջ: Առանց չափազանցության՝ հանճարեղ գիրք, որ ամփոփում է 20-րդ դարի գրական հոսանքները, ուղղված է ոչ միայն մասնագետներին՝ գրականագետներին, գրողներին, այլեւ՝ միջին վիճակագրական հային, որ հնարավորություն էր ստանում հայերեն ու մեկտեղված կարդալ դարի գրականության ժամանակագրությունը: Իր խնդրանքով նրան էի տարել հանգանակների իմ «hավաքածուն», թերթեց, ասաց՝ չեմ հավատում, որ այսքանը մի մարդու արած գործ է: Արի տպենք: Իհարկե՝ երջանիկ էի: Լեւոն Անանյանը չկարողացավ պետական ֆինանսավորում ստանալ՝ մշակույթի նախարարությունը համարել էր գիտական եւ կասկածել, որ պահանջարկ կունենա: Իմ կարծիքով՝ ծավալուն էր, թանկ էր լինելու տպագրությունը: Լեւոնն առաջարկեց երկիր առ երկիր տպագրել «Ապոլլոնով», ես մերժեցի՝ պատճառաբանելով, որ ընթերցողը պիտի ամբողջը ձեռքի տակ ունենա, որ կարողանա համեմատել ու հասկանալ գրականության ընթացքը: Դա 2007-ին էր: Լեւոնն առաջարկեց ինձ՝ գործադրել ինչ-ինչ կապեր, որ մշակույթի նախարարությունը ընդգրկի պետական ֆինանսավորման ցանկում: Ես մերժեցի՝ չեմ ուզում ծերունի ավազակների նման Ռեմբրանդտ վերադարձնել ժողովրդին, որ Ռեմբրանդտի կարիք չունի: «Քեզ Ռյազանովի տեղը մի դիր, քարը փեշիցդ թափի ու ԱԺ նախագահին ասա, 5 րոպեում հարցը կլուծվի: Քո հարցը չի, դու՝ հեչ, դու հեղինակ չես, թարգմանիչ ես, գիրքն է կարեւոր, մենք համաշխարհային գրականությունից բոբիկ ենք, հանգանակներից ու հարցազրույցներից՝ մեծամասամբ անտեղյակ, շատ քչերն են տեղյակ այդ հեղինակներից ու իրենց գործերից»: Չդիմեցի: Լեւոն Անանյանը հետո մեղադրում էր ինձ, որ հպարտությունը մահացու մեղք է, ես գնալու եմ դժոխք: Գուցե: Դա հպարտություն չէր, անհավատություն էր:

***

2009-ին, երբ աշխատանքի էի անցել «Իրատեսում», նորից նրա հետ հարցազրույցի գնացի՝ նա ՀԳՄ նախագահն էր: 26 հարց էի տվել: Գուցե ես էի դառնացած, գուցե նա էր հոգնած՝ մռայլ հարցազրույց էր ստացվել: Առաջին հարցազրույցից 15 տարի անց ես նրան նույն հարցը տվեցի.

-Ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ:

-1964-ից գյուղից քաղաք եկած այն պատանին, որ 17 տարի Կողբի անաղարտ բնության գրկում, մարդկային հարաբերությունների նույնքան մաքրամաքուր աշխարհում ապրելուց հետո մի օր հայտնվեց ասֆալտի իրականության մեջ եւ մինչեւ հիմա զարմացած է, թե ոնց կարողացավ շնչահեղձ չլինել նախապատմական այս քաոսում… Ինձ թվում է, որ 17 տարեկան նույն ռոմանտիկ պատանին եմ, որ ամենուր ներդաշնակություն է փնտրում:

-Աշխարհում ներդաշնակություն կա՞:

-Արարչագործության յոթերորդ օրը հաստատ կար… Այդ հետո ամեն ինչ պղծվեց ու խճողվեց: Իսկ ընդհանրապես, եթե չլինեն ներդաշնակության հույսն ու հավատը, ինչի՞ համար է այս ամբողջ պայքարը:

-Ներդաշնակության որոնման ճանապարհին մարդկանց մի մասը հնարեց գրականությունը, ի՞նչ է գրականությունը Ձեզ համար:

-Գրականությունն այն կյանքն է, որի տեսիլքով ապրում ենք: Այն, ինչ անում ես հաճախ չգիտակցված, հախուռն բնազդով, գրականությունը բերում է գիտակցության դաշտ: Ահա ինչու, երբ մի լավ գործ ես կարդում, թվում է՝ ինքդ ես գրել, քո սերն է, քո ատելությունը, քո կռիվը, քո անցած կամ անցնելիք ճանապարհը:

-Համաձա՞յն եք, որ գրականությունը պիտի մարդուն իդեալ տա: Թե՞ պիտի բացատրի աշխարհը, ճանապարհ ցույց տա, ինչ-որ տեղ տանի: Ի՞նչ պիտի անի գրականությունն այսօր:

-Գրականությունը յուրատեսակ ապաստան է, որտեղ, առօրյա հոգսերից հալածական, փորձում ես գտնել քեզ: Հոգեւոր օրգանիզմի կարեւոր բաղադրիչ է, նույնքան կենսական, որքան արեւի լույսը, օդը, ջուրը… Ավելին՝ գրականությունը ճյուղավորում է մյուս արվեստները՝ թատրոն, կինո, երաժշտություն, բացատրում է աշխարհն իր լույս ու ստվերով, գեղեցիկ ու հոռի կողմերով, առաջնորդում դեպի թունելի այն ծայրը, որտեղ լույսն է, այսինքն՝ իդեալի իրացման ասպարեզը:

-Ցանկացած սուր երկսայր է, չե՞ք կարծում, որ գրականությունը ոչ միայն իդեալ է տալիս, այլեւ՝ պատրանք: Իսկ պատրանքներից հետո… ցավը շատ է:

-Ես մարդու այն տեսակն եմ, որ սիրում է պատրանքը: Իմ խորքերի խորքում բանաստեղծական մի սկիզբ կա, որ չեմ ուզում կորցնել: 60 տարի շուրջս ինչ ասես կատարվել է, ինչ աղբ ու աղետ ասես չի հարվածել ինձ, բայց երբեք չի կոշտանում այն առանձնահատուկը, ինչ պատյանի մեջ գուրգուրանքով պահում եմ, եւ որն էլ ուժ  է տալիս ինձ՝ երբեք անձնատուր չլինել:

-Կյանքը Ձեզ հնարավորություն է տվել լինել բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր, քննադատ, հրատարակիչ, դասախոս, վերջապես՝ ՀԳՄ նախագահ: Ո՞ր Լեւոն Անանյանն է իսկականը, որ ինքն իր հետ պատերազմ չունի ու իրեն տեր է զգում:

-Ես միշտ նույնն եմ ու նույն գործն եմ անում՝ դասախոսելիս, բանաստեղծություն ու հոդված գրելիս, խմբագրելիս, թարգմանելիս, հրատարակելիս, ՀԳՄ նախագահի դժվար աթոռին նստած՝ որոշում կայացնելիս: Այս բազմադիմության մեջ Լեւոն Անանյանը մեկն է, որ իր կոչումը տեսնում է իր ապրած ժամանակում հնարավորությունների չափով կյանքը բարեփոխելու, առաջ շարժվելու մեջ: Այդ պատասխանատվությունը ես ժառանգել եմ իմ Անուշ տատից, հողի մշակ ու տեր իմ ծնողներից:

-Գրականությունն այսօր մարդուն ի՞նչ է տալիս, պե՞տք է նրան դեռ:

-Ես, իհարկե, հասկանում եմ, որ ժամանակն է թելադրում այս հարցը, եւ հարցի մեջ ինքնին ողբերգություն կա: Ափսոս, մեր հասարակությունն այժմ լիովին չի գիտակցում, չի ըմբռնում գրականության դերը: Հետեւանքն այս ապակենտրոն իրավիճակն է, նոր սերնդին ոչ մի տեղ տանող այս ճանապարհը: Թերեւս սա է պատճառներից մեկը, որ բաց մաշկով ենք ընդունում ապազգայնացնող տարատեսակ պատվաստումները:

-…Բաց ու անպաշտպան:

-Անպաշտպան՝ ցինիզմի, բռնության, ապազգայնության դեմ: Տարեցտարի փրփուրը դառնում է հիմնական որակ, փրփուրն արդեն տիղմի վրա է նստած: Դա անբնական վիճակ է, եւ բալասանը զգայուն մշակույթն է… Գիտես՝ մամուլի, հեռուստատեսության այս անվերահսկելի ապատեղեկատվությունից հետո գալիս է մի պահ, երբ մտածում ես երկրագնդի վրա կարգին մարդ չի մնացել, բոլորը շեղված են կամ խեղված: Հետզհետե շեղումն ու խեղումը դառնում են կենսաձեւ: …Ես էլ չգիտեմ՝ ոնց պատահեց, որ մի գիշեր քնեցինք ու առավոտյան տեսանք, որ բարոյականությունը մեր երկրում ինքնասպան է եղել: Այո, ժողովուրդները հատել են մի սահման, որը համաշխարհային կտրվածքով պիտի բերեր հատուցման՝ պատերազմներ, սպանություններ, խաբեություններ… Ներդաշնակ կառույցի մեջ մի կարեւոր բան փշրվում է, սյուները բեկվում են, միանգամից հայտնվում ենք փլատակների տակ: Բարոյական երկրաշարժի մեջ է տնտեսական երկրաշարժի սկիզբը: Մշակութազրկության համաճարակն էր, որ մեզ իջեցրեց մինչեւ բարոյազրկության ճահիճը: Աշխարհը տեսել է շատ դեպրեսիաներ ու ճգնաժամեր եւ հաղթահարել է, հիմա էլ կհաղթահարի: Իսկ մենք բարոյականությունը պիտի վերականգնենք նախ մարդկային հարաբերություններում, ապա քաղաքականության ու տնտեսության մեջ, այլապես վերադառնալու ենք քարանձավ:

-Այսօր ընթերցողն ունի՞ իր գրողին, գրողն ունի՞ իր ընթերցողին:

-Այսօր՝ ոչ, գրող-ընթերցող ջրբաժանը խորն է: Գրողն իր համար է ապրում, ընթերցողը՝ իր: Բայց դա միակ անջրպետը չէ՝ հասարակությունն իր համար է ապրում, իշխանությունը՝ իր: Քաղաքականությունը՝ իր: Եվ ոչ մեկն էլ լիարժեք չի ապրում, որովհետեւ որեւէ ամբողջականություն չի կարող այդպես հատվածական կայանալ: Ես հոռետես չեմ ու պիտի իմ հիացմունքն արտահայտեմ մեր գրողների նկատմամբ: Ու թեպետ իրենց Գյոթե կամ Շեքսպիր չեն համարում, բայց ապշելու է՝ ինչպես կարողացանք 20 տարի թուղթ ու գրչին հավատարիմ մնալ: Նրանց համառությունը, նվիրվածությունը ընթերցողին հետ են բերելու: Մի քանի տարի առաջ ասում էին՝ ինտերնետը նոր սերնդին կտրելու է գրքից ու գրականությունից, իրականում պետք է ջանանք ինտերնետը դարձնել գրականության ու գրողի բարեկամը: Վերջին շրջանում գրքի նկատմամբ հետաքրքրությունն աճում է: …Կարծում եմ՝ պետությունը չպետք է ձեռքերը լվանա, այլ պետք է աջակցի մշակելու ընթերցանության ազգային ծրագիր:



-Ի՞նչ է դա նշանակում ու ի՞նչ է տալու մեզ:

-Պետության հովանավորությամբ պիտի ապահովենք լավագույն հեղինակների ու երկերի տպագրությունն ու տարածումը՝ համակարգված ծրագրով, ապահովելով գրագիտության պատշաճ մակարդակ: Այլապես կորցնում ենք սերնդի ինտելեկտուալ զարգացումը, իսկ մեր երկիրը, ինտելեկտից բացի ռազմավարական ուրիշ ի՞նչ հարստություն ունի: Ունեցածն էլ, ցավոք, սփռվեց աշխարհով մեկ, ծառայում է այլոց:

-Այսօր գրողը գրող է, գրողը քաղաքացի է, գրողը քննադատ է, գրողը պայքարող մարտիկ է, գրողը ընթերցող է…Շատ խնդիրներ չե՞նք առաջադրում գրողին:

-Ավանդույթ է: Մեր ժողովուրդը գրողին միշտ ընդունել է իբրեւ հոգեւոր-մշակութային առաջնորդի, որ ճանապարհ է ցույց տալիս: Դարերով գրողն ու գրականությունը փոխարինել են պետականությանը, եկեղեցու հետ դարձել են պետականության ինստիտուտ…

-Հասարակությունը ՙչի՞ նկատել՚, որ արդեն պետականություն ունենք, ինչու՞ են գրողից պահանջում նախ բոլոր մյուս հարցերի լուծումները, հետո՝ գիրք գրելը, իր սպիտակ թղթի առաջ մենակ մնալը, երկուսով մենակության մեջ աշխարհը վերաբնակեցնելը:

-Ավանդույթներ կան, որ 5-րդ դարում սկսվելով՝ 25-րդ դարում էլ կարող են շարունակվել: Անցումային այս շրջանում ես կողմ եմ, որ դրսեւորվեն նաեւ գրող-քաղաքացու, գրող-մարտիկի որակները, մանավանդ հիմա, երբ մեր ազգային ինքնությունը վտանգված է: Մի փաստ միայն՝ 90-ականներից Հայաստանից մեկնածները այլ երկրներում շատ ավելի արագ են ձուլվում, քան դասական սփյուռքը, որ 90-100 տարի դիմակայում է: Հայ գրողի խնդիրն է, որ այս մի բուռ, ափաչափ տարածքի եւ մի քանի միլիոն ժողովրդի առանձնահատկությունը պահի: Կորցրինք՝ դառնում ենք ազգություն չունեցող հիբրիդ: Գուցե դա էլ տեսակ է, որին չես կարող հայ անունը տալ:

***

Նա վախճանվեց 2013-ի, սեպտեմբերի 2-ին: Գիտեի, որ հիվանդ է, վախենում էի թե զանգել, թե հանդիպել: Ուզում էի, որ հրաշքով կյանքը երկարի: Հրաշք չեղավ…

Իրականում հրաշքը նրա կյանքն էր՝ «Գարունով», «Ապոլլոնով», ՀԳՄ-ով, գրած ու թարգմանած գրքերով, եւ՝ հիշողությամբ, որտեղ նա դեռ գրում է, թարգմանում, հրատարակում, գոռգոռում ու ծխում, ծխում, ծխում…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին