«Չենք լռելու»-ի ֆենոմենը - Mediamax.am

«Չենք լռելու»-ի ֆենոմենը
5361 դիտում

«Չենք լռելու»-ի ֆենոմենը


Կարծում եմ, մեր կայքի այցելուներից շատերն արդեն հասցրել են կարդալ հարցազրույցը «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր խմբի անդամ Աշոտ Պողոսյանի հետ: Հարցազրույցում Աշոտը ներկայացրել է իրենց նպատակները, իսկ ես կփորձեմ ներկայացնել իմ մտքերը «Չենք լռելու»-ի մասին:

Իմ առաջին անդրադարձը նրանց գործունեությանը հիմնականում քննադատական բնույթ էր կրում: Հիմա էլ եմ կարծում, որ Սանահինի վանքի հետ կապված խնդրի որոշ շեշտադրումներ սխալ էին արված ու առիթ դարձան, որ որոշակի պահի «Չենք լռելու»-ն կորցրեց վերահսկողությունը այն «ձնագնդի» հանդեպ, որը ծնվեց Գարեգին Բ-ի հասցեին ուղղված առաջին քննադատական ելույթներից հետո: Ինչեւէ. ասում են, որ չի սխալվում նա, ով ոչ մի բան չի անում:

Հետո սկսեցի ավելի ուշադիր հետեւել «Չենք լռելու»-ին: Ինձ իսկապես հետաքրքրում էր` ո՞վքեր են այդ երիտասարդները, ի՞նչ են ուզում եւ ինչպես են պատկերացնում իրենց կողմից վեր հանվող խնդիրների լուծումը: Աշոտ Պողոսյանի հետ հարցազրույցից հետո անկեղծ ուզում եմ հավատալ, որ ամեն ինչ իրոք այնպես է, ինչպես նա ասում է, ու նրանց թիկունքում «մարդ կանգնած չէ»: Կասեք, միամիտ եմ ու մեր երկրում նման բան հնարավոր չէ՞:

Բայց ինչո՞ւ ինքներս մեզ չտանք երիտասարդների անկեղծությանը հավատալու շանսը: Չէ՞ որ, եթե իրականությունն այլ է, ու նրանց հետեւում կանգնած են կոնկրետ ուժեր` իշխանական, ընդդիմադիր, օտարերկրյա եւ այլն, դա բավական շուտ կպարզվի: Այո, այդ ժամանակ մենք կհիասթափվենք, բայց մենք արդեն ամեն կարգի հիասթափությունների սովոր ենք:

Երբ ասում եմ, որ ուզում եմ հավատալ «Չենք լռելու»-ի անկեղծությանը, դա ամենեւին չի նշանակում, որ համաձայն եմ նրանց բոլոր գործողությունների հետ: Ոչ: Օրինակ, ինձ անհանգստացնում է այն երեւույթը, որ երիտասարդները մոռանում են անմեղության կանխավարկածի մասին ու երբեմն հանդես են գալիս տեքստերով, որոնք հիշեցնում են մեղադրողի խոսքը դատարանում: Ներկայացնելով այս կամ այն զարհուրելի դեպքը` նրանք հաճախ մոռանում են, որ ցանկացած մեդալ ունի իր հակառակ կողմը:

Կարծում եմ, սա փորձի պակասի ու հաջողություններից արագ ոգեւորվելու եւ ոչ թե չար միտման հետեւանք է: Ի վերջո, Աշոտն ընդունում է, որ իրենց հոգեհարազատ են Ռոբին Հուդի ու Դոն Կիխոտի կերպարները:

Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում «Չենք լռելու»-ին, պետք է ընդունենք, որ գործ ունենք մի ֆենոմենի հետ: Մի քանի ամսում չորս երիտասարդներ իրենց նախաձեռնության անունը լսելի դարձրեցին ու սկսեցին գործել որպես մի այլընտրանքային լրատվամիջոց, որին վկայակոչում են գրեթե բոլոր ավանդական ԶԼՄ-ները: Ո՞րն է այս ֆենոմենի պատճառը: Կարծում եմ, դրանք մի քանիսն են:

Երբ այս սյունակում գրում եմ «երիտասարդներ» բառը, դա ինձ մի փոքր տարօրինակ է թվում: Ես 35 տարեկան եմ ու ինձ դեռ բավական երիտասարդ եմ համարում: Սակայն Աշոտ Պողոսյանն ու իր ընկերները 22 տարեկան են. այսինքն, այն սերնդի ներկայացուցիչներն են, որոնք, ըստ էության, խորհրդային կրթություն եւ դաստիարակություն չեն ստացել ու մտածում են շատ ավելի ազատ կերպով: Բայց սա ամենակարեւոր պատճառը չէ, քանի որ բոլոր երիտասարդները, անկախ երկրից ու ժամանակներից, միշտ ավելի եռանդուն են, նախաձեռնող ու անվախ:

Առավել կարեւորն այն է, որ «Չենք լռելու»-ն շատ ներդաշնակ կերպով լրացրեց այն բացը, որն այսօր կա մեր հասարակական-քաղաքական կյանքում: Երիտասարդները հեծանիվ չհորինեցին այլ սկսեցին ներկայացնել այն խնդիրները, որոնց պակասը, ցավոք, այսօր Հայաստանում չկա: Սակայն իրենք կարողացան դա անել այնպես, որ շատերը հավատացին նրանց անկեղծությանը, քանի որ խնդիրները վեր չէին հանվում քաղաքական կապիտալ շահելու նպատակով: Ու մեր հասարակությունում, որը հավասարապես հոգնել է թե իշխանությունից եւ թե ընդդիմությունից, «Չենք լռելու»-ն ձեռք բերեց շատ համակիրներ, որոնք պարզապես ուզում են ապրել նորմալ երկրում ու իրենց ոչ «լեւոնական» են համարում, ոչ էլ իշխանամետ:

Մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ «Չենք լռելու»-ն ապացուցեց, որ երիտասարդների անունից խոսելու եւ նրանց հուզող խնդիրները վեր հանելու համար պարտադիր է չէ բաճկոնի վրա կրել ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ կամ այլ քաղաքական ուժի երիտասարդական թեւի ոսկեզօծ տարբերանշանը: «Չենք լռելու»-ն հանդես եկավ որպես ոչ ֆորմալ միավոր ու ապացուցեց, որ ինքը շատ ավելի հետաքրքիր է մարդկանց, քան ՄԻԱԿ-ի, «Բազե»-ի ու այլ նմանատիպ կառույցները, որոնք ունեն հստակ քաղաքական օրակարգ ու կոշտ հիերարխիկ կառուցվածք:

Եվ սա գալիս է ապացուցելու այն փաստը, որ Հայաստանին իրոք պետք են նոր ուժեր: Լիովին նոր: Ու այդ ուժերից մեկը «Չենք լռելու»-ն` իր բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ: Այսօր նրանք ասում են, որ քաղաքական հավակնություններ չունեն, սակայն կգա մի ժամանակ, երբ նրանք կհասկական, որ իրենց բարձրաձայնած խնդիրները միայն իրենք կարող են լուծել, իսկ դրա համար պետք է ունենալ լծակներ, ռեսուրսներ եւ ի վերջո` իշխանություն: Որքան շատ ծնվեն նման նախաձեռնություններ, այդքան լավ. նրանք կպայքարեն միմյանց հետ մեր համակրանքի համար ու ասպարեզում ի վերջո կմնան նրանք, ովքեր իրոք ի վիճակի են փոփոխություններ անել:

Իհարկե, այս ամենի մեջ կան նաեւ մեծ վտանգներ.երիտասարդները պետք է ավելի սթափ նայեն իրականությանը ու հասկանան, որ իդեալներն ու կյանքը միշտ չեն հատվում: Ու եթե Դոն Կիխոտին ու Ռոբին Հուդին միանշանակ կարող ենք համարել դրական կերպարներ (չնայած, ոմանք պնդում են, որ Հուդը պարզապես մի ավազակ էր, ով լավ PR արեց իրեն), ապա Չե Գեվառայի պարագայում ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Ու պատճառներից մեկը հենց այն է, որ ի տարբերություն Դոն Կիխոտի ու Ռոբին Հուդի, Չե Գեվառան իրական կերպար էր ու ապրում էր ժամանակակից աշխարհում:
 
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին