«Մենք»-ը մեռել է. սա է իրականությունը - Mediamax.am

«Մենք»-ը մեռել է. սա է իրականությունը
4125 դիտում

«Մենք»-ը մեռել է. սա է իրականությունը


Երբեմն ստացվում է, որ պատահաբար հանդիպում ես տարիներ առաջ գրված տեքստերիդ եւ նայում դրանց այսօրվա աչքով: Այդպես եղավ նախորդ շաբաթ, երբ մեկ այլ բան որոնելիս գտա 2012 թվականին գրված Կորուսյալ սերո՞ւնդ ենք, թե՞ դեռ շանս ունենք հոդվածս, որն այն ժամանակ բավական մեծ արձագանք էր ստացել: Այդ հոդվածի շարունակությունը եղավ 2013-ին գրված «Մե՞նք» ենք Հայաստանի ապագան սյունակը:

Երկու հոդվածում էլ առանցքայինը «մենք» էինք՝ երիտասարդ եւ միջին տարիքի գործունյա մարդիկ, որոնք ցանկանում են Հայաստանն ավելի լավը տեսնել: Այսօր՝ տասը տարի անց, ես արձանագրում եմ դառը ճշմարտությունը՝ «մենք»-ը չկա, այն մեռել է: Իհարկե, կարող եք ինձ հետ չհամաձայնել եւ պնդել, որ չափազանցում եմ: Ես էլ կհակադարձեմ, որ հենց պատրանքներով ապրելը «մենք»-ի մեռնելու ապացույցներից մեկն է:

«Մենք»-ը միանգամից չմեռավ: Գործընթացը երկար տեւեց, բայց «հիվանդը» այդ ընթացքում չէր տառապում: Հիվանդության ընթացքն այնպիսին էր, որ «հիվանդին» ոչինչ չէր անհանգստացնում՝ ցավեր չուներ: Ավելին՝ երբեմն ընկնում էր էյֆորիայի մեջ՝ ապրելով իր ստեղծած Կասկադի կամ Սարյանի փողոցի իրականության մեջ:

Ո՞վ մահացու հարված հասցրեց «մենք»-ին՝ Ռոբերտ Քոչարյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, Նիկոլ Փաշինյա՞նը: Բոլորն էլ «հիվանդին» ներարկումներ արել են՝ պլացեբո, թույն, ուժեղ հակաբիոտիկներ, հորմոնալ միջոցներ՝ ինչ ասես: Այդ «փունջը», իհարկե, ապրելու շատ շանսեր չէր թողնում, բայց «մենք»-ի համար կործանարար եղանք մենք՝ դրա մաս կազմողներս:

Մենք այդպես էլ չհասկացանք, որ միմյանց մեջ պետք է առանձնացնենք առավելությունները, այլ ոչ թե կենտրոնանանք թերությունների վրա՝ փոքր խնդիրներն անլուծելի դարձնելով: Մենք այդպես էլ չհասկացանք, որ ճշմարտությունը մեր քաղաքական հայացքներին կամ սիմպատիաներին պարբերաբար զոհաբերելով՝ ոչնչով չենք տարբերվում այն քաղաքական գործիչներից, որոնց անխնա քննադատում ենք: Մենք ցանկանում էինք «մենք»-ի մաս կազմել՝ ոչ մի թիզ չզիջելով մեր անձնական հավակնություններից կամ շահերից:

«Մենք»-ը մահամերձ էր, նախքան 2020 թվականի պատերազմը: Պատերազմի ընթացքում այն փորձեց վերագտնել իրեն կարծես թե, մի պահ ինչ-որ բան ստացվում էր, բայց հետո «հիվանդը» հայտնվեց կոմայում, որից այդպես էլ դուրս չեկավ:

Մե՞ղք էր «մենք»-ը: Հստակ պատասխան չունեմ, բայց ավելի հակված եմ «ոչ» պատասխանել: Կարո՞ղ է նոր «մենք» ծնվել: Միայն մի դեպքում՝ եթե բոլորս պատրաստ լինենք հանուն «մենք»-ի զիջել մեր «ես»-ի մի մասը: Այսօր պատրաստ չենք դրան:

2012-ին գրված Կորուսյալ սերո՞ւնդ ենք, թե՞ դեռ շանս ունենք հոդվածս այսպես էր ավարտվում.

«Մենք, ըստ էության, ընտրություն չունենք, կամ դառնում ենք նոր ու վճռական շերտ, կամ էլ գնում ենք Կանադա: Եկեք բոլորս մտածենք այս երկընտրանքի մասին»:

Պարզվում է, կար նաեւ երրորդ տարբերակը՝ «մենք»-ի մահը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին