Արմեն Շեկոյան. Միակը, ում նրանք չեն ծառայում, իրենց հայրենիքն է - Mediamax.am

Արմեն Շեկոյան. Միակը, ում նրանք չեն ծառայում, իրենց հայրենիքն է
2127 դիտում

Արմեն Շեկոյան. Միակը, ում նրանք չեն ծառայում, իրենց հայրենիքն է


Պիտի գրեի, որ Արմեն Շեկոյանն անվերջ է, ինչպես անվերջ է նրա «Հայկական ժամանակը», բայց 2021-ին նրա երկրային ժամանակն ավարտվեց: Գիտեի, որ հիվանդ է, բայց բոթը անսպասելի էր. Արմեն Շեկոյան ու մահ՝ անհամատեղելի ու անհամադրելի էին թվացել ինձ: Չգիտեմ՝ ցավ, չգիտեմ՝ տխրություն, մռայլ մի թախիծ իջավ ու փորձեց իրենով ծածկել անհոգ ու անհետևանք հիշողությունները, որ մնացել էին …անցյալ դարից, նույնիսկ հազարամյակից:

***

Երբ շաբաթը հինգ օր՝ օրը մի քանի անգամ մտնում ու դուրս ես գալիս նույն շենք, ոնց էլ լինի, պարբերաբար հանդիպում ես նույն մարդկանց: «Առավոտը», որտեղ աշխատում էր Արմեն Շեկոյանը, 15-րդ հարկում է, «Հայաստանի Հանրապետությունը», որտեղ աշխատում էի ես, 13-14-րդ: Միշտ հնարավորություն կար 14 հարկ վերելակում հաղորդակցվել: Եթե անգամ իրար հյուր չգնայինք՝ մի բաժակ սուրճի ու, հարկավ, ասեկոսեներին տրվելու, որոնցից օրվա իրադարձությունների մասին ավելին էինք իմանում, քան անգամ մեր տեսած-լսածից:



Բոլոր ասեկոսեները անփոփոխ սկսվում էին. «Բա իմացա՞ր…»: Պարտադիր չէր՝ ճիշտ լինեին: Միով բանիվ՝ իրար մասին ամեն ինչ գիտեինք, ոչինչ էլ չգիտեինք: Ամեն անգամ ինձ տեսնելիս ասում էր. «Էսօր ու՞մ գլուխն ես ուտելու»: Կատակ էր, բայց զայրացնում էր: Մի օր՝ 1994-ի հունիսին, պատասխանեցի՝ քո:

-Ո՞նց:
-Դե տենց, գալու ես ու հարցազրույց ես տալու:
-Ե՞ս:
-Չէ՝ ես:
-Չեմ գա:
-Կգաս:
-Քեզնից վախենում եմ:
-Գրպանդ քար կդնես:

Եկավ հաջորդ օրը: Ու ես տվեցի իմ անփոփոխ առաջին հարցը.

-Ո՞վ եք Դուք՝ ըստ Ձեզ:

- 20 տարի զբաղված էի այդ ճշտելով, ոնց որ գտել էի, հետո ժամանակները փոխվեցին ու հիմա շարունակում եմ որոնել ինձ: Ու շատ բան, որ թվում էր պարզ, սկսում եմ զրոյից մտորել: Այսօրվա վիճակով, փաստորեն, ես այն մարդկանցից եմ, ով պարտավորվել է գոյատևել:

…Մեր երկար-բարակ խոսակցությունից, որի կեսը երևի անջատված ձայնագրիչով էր, մնաց «Մենք վերջ չենք ունենալու» վերնագրով հարցազրույցը, որ տպվեց «Երկիր Նաիրի»-ում: Մի երկու օր հետո, երբ նորից վերելակի առաջ հանդիպեցինք, ասաց.

-Ինձ 3000 պարտք ես:
-3000 ի՞նչ:
-Էս տարածքում ինչքան կրպակ կար, համարն առել ու բաժանել եմ:
-Որ ի՞նչ:
-Ո՞նց, բա չիմանա՞ն՝ ինչ խելոք տղա եմ, գիտեն՝ խելառ բանաստեղծ եմ:
-Ուրեմն՝ դու ես ինձ պարտք:
-Հույս չունենաս՝ իմ հաշվին թերթ ես ծախել:
-Լավ, հասկացա, մի ամսից էլի կգաս:

***

«Ինչու՞ ես գրում, ուզում ես ու՞ժդ ցույց տալ»՝ հարցրի.

-Ուժի արտահայտություն չէ, գրելը թուլության արտահայտություն է: Եթե ուժեղ լինեիր, չէիր գրի: Թուլություն է, որովհետև ուզում ես մտքերդ ուրիշն էլ իմանա, հաստատի գուցե, գուցե գնահատի: Իհարկե, խոսքս վերաբերում է լիրիկային: Ոչ Տոլստոյին կամ Շեքսպիրին: Նրանք աշխարհը փոխելու, աշխարհի վրա ազդելու ծրագիր ունեին, իսկ լիրիկները՝ աշխարհն արտահայտելու:

***

«Քաղաքականությունը քեզ խանգարու՞մ է, թե՞ օգնում»՝ հարցրի, պատասխանեց.

- Հիմա մենք բոլորս վերածվել ենք վտանգավոր պայթուցիկ զանգվածի: Եթե ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում բնակչության մեկ տոկոսն է զբաղվում քաղաքականությամբ, 99 տոկոսը՝ ապրելով, մեզ մոտ հակառակն է՝ 99 տոկոսը՝ քաղաքականությամբ, մեկ տոկոսը՝ ապրելով: Լավ կյանքից չէ:

***

1994-ին Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայից (1991-ի մայիս- 1992-ի հունվար, ռազմական հեղաշրջումից հետո սպանվեց անհայտ հանգամանքներում Արևմտյան Վրաստանում) էինք խոսում, Արմեն Շեկոյանն ասում էր՝ նա հաշվի չառավ, որ փոքր ժողովրդի առաջնորդ է, ավելի համեստ պիտի լիներ, քան կար.

-Փոքր ու մեծ ժողովուրդների ֆունկցիաները ուրիշ են: Մեծ ժողովրդի թագավորը կարող է ուժ ցուցաբերել, նույնիսկ սանձարձակ լինել, փոքր ժողովրդինը միշտ պետք է հիշի իր երկրի սահմանները ու իր քաղաքական կշիռը: Եթե քո ղեկավարած պետությունը ամենազոր չէ, միջակ կամ փոքր է, դու իրավունք չունես միջազգային հարաբերություններում քեզ ամենազորի պես պահել:

- Եթե ասածդ մեկնաբանեմ Հայաստանի օրինակով, ճիշտ կլինի՞:

- Երբ արցախյան շարժումը նոր էր ձևավորվում, ես սարսափում էի, որովհետև հակառուսականության սկզբնական ալիքը արհավիրք էր խոստանում մեր ազգի համար: Փառք Աստծո, ընթացքում շատ բաներ ճշտվեցին, հիմա ես ավելի հանգիստ եմ մեր անվտանգության համար, թեև հակառուսականությանը համահավասար վտանգավոր եմ համարում ռուսամոլությունը: Երկուսն էլ հավասարապես հիվանդագին երևույթներ են: Նկատի ունեմ կույր ռուսամոլությունը: Ինչքան վտանգավոր է ռուսատյացությունը, նույնքան վտանգավոր է անվերապահ մեր ճակատագիրը ռուսին վստահելը, որովհետև Աստված մի արասցե մենք դարձյալ հայտնվենք մյուս ազգերի դեմ մեն մենակ մի անգամ ևս:

-Կգործի՞ այդ օրինաչափությունը հայ և օտարազգի առնչության մեջ:

- Հիմա, երբ մենք ուժեղների խաղի մեջ ենք, սխալ կլինի վերացական մտածելը: Եթե կան երկու ուժեղ, և դու ակամա ներքաշված ես նրանց խաղերի մեջ, լավագույն դեպքում նրանցից մեկն ու մեկին պիտի հարես, իհարկե, ոչ ի հաշիվ մյուսի հետ թշնամանալու:

-Ինչպե՞ս:

-Այս կամ այն կողմին հարելը պիտի լինի սեփական շահերը հաշվի առնելով: Այս ֆրազը կրկնելը նույնիսկ վտանգավոր է, որովհետև շատ պարզ ճշմարտություն է՝ սկսած մետրոյի մուրացիկից՝ շահի գիտակցումը յուրաքանչյուրի մեջ կա:

***

Լույս էր տեսել Արմեն Շեկոյանի տասներորդ գիրքը՝ «Անտիպոեզիա»: Որոշեցի անակնկալ անել և գրախոսեցի՝ «Անտիռեցենզիա» վերնագրով, որ տպագրվեց «ՀՀ»-ում.

«Այս բանաստեղծը գիտի աշխարհի բոլոր բառերը: Բոլորն՝ անխտիր: Գիտի բառերի համը, հոտը, քաշը, գույնը գիտի, տակնուվրան ու տեղը: Քիչ է: Բառերի ցեղը: Եվ չի վախենում նայել բառերի աչքերին ու մեր աչքերին: Չի  վախենում ինքը ինքը լինել: Հակապոետ: Այս բանաստեղծը իր ու ձեր մեջ պահպանված այն խելառն է, որին երբեք չի սպառնում խելամիտ դառնալով խելքը թռցնելը: Արմեն Շեկոյանը փառավոր բանաստեղծ է: Քիչ է: Արմեն Շեկոյանը բանաստեղծության հերն անիծել է: Մեր իմացած բանաստեղծության, որ տեր էր մեր երեկվա կյանքում, երբ առոք-փառոք բոլորս ծնված օրից մեր տեղն ունեինք կուսակցության գծած ճամփով: Այսօրվա կյանքում մեր երեկվա իմացած բանաստեղծությունը մի քիչ հին է, միշտ ճիշտ ու ընտիր, բայց հին է, մերն է, ու՝ իրենը չենք: Ու Արմեն Շեկոյանը գրել է այնքան հեշտ ու պարզ, այնքան անբանաստեղծական, անճիգ ու ընթացիկ, որ թվում է՝ գրիչը վերցնում ես, թղթերը դնում ես, իրար հետևից մի 10-17 գրում ես, մի քիչ հորանջում ես, մի թեթև դեսուդենում ես, գրում ես էլի մի 7-10: Մինչդեռ այդ պարզության ու այդ անճիգ ընթացքի մեջ բառերը իրար հրհրելով ու իրար գուրգուրելով՝ պոեզիան դարձնում են այնքան ճկուն, այնքան տաք, ու անձնական: Երկնքից էլ, պատվանդանից էլ վար բերված մուսան մեկընդմիշտ դառնում է մաշկիդ պես հարազատ, սեփական, խլրտուն: Ու պոեզիան դառնում է բացարձակ անհրաժեշտություն: Ահա Արմեն Շեկոյանի անտիպոեզիայի անտիառեղծվածը: Այս գիրքը ժամանակի դեմ է: Այս գիրքը մեր դեմ է: Մեր, որ մոռացել ենք երկնքի տեղը, երկրի տեղը ու մեր տեղը: Այս գիրքը չի ուսուցանում, ընթերցողի ականջները չի քաշում ու չի ապտակում իր մերկ ճշմարտություններով, իր համար՝ իր հերոսին բոլոր էջերում շուռումուռ է տալիս ու 167 բանաստեղծություն կարդալուց հետո մեկ էլ զգում ես, որ 100 տարի ու 1000 տարի առաջ էր, երբ …ուրախանում էիր կարդացածդ տողով, երբ գիրքը հայելի էր ներսդ նայելու ու հեռուն տեսնելու: Եվ մենք ենք այս գրքի հերոսը՝ մեր հավաքական վախն ու սարսափը, մեր հավաքական ուժն ու թուլությունը, հարձակումն ու նահանջը: Մենք ենք՝ առանց դիմահարդարման: Տգեղ, տհաճ, գռեհիկ լինելուց Արմեն Շեկոյանը չի վախենում, և դա անհերքելի ապացույցն է հակառակի: Արմեն Շեկոյանը չի վախենում հայելու ամալգամին երկկողմանի ապակի ծեփել ու ներսուդրսից մեզ մեր պատկերը տալ: Եվ բառերի ֆանտաստիկ իրարագտնումի մեջ պոեզիայի մագնիսն է, որ անտիպոեզիան հաստատում է իբրև մեր օրերի իրական, հաղթական ու ճշմարտապատում պոեզիա: Քիչ է: Դասական գրականագիտության համար ՙԱնտիպոեզիան՚ հակաբանաստեղծություն է, հակագեղագիտական, հակագաղափարախոսական, հակաավանդական, հակա-հակա-հակա… Եվ լավ է: Դասականի ու ընթացիկի պաղ ու ճապաղ սահմաններից դուրս է: Լավ է, որովհետև ավանդույթի շարունակության միակ հնարքը նոր ավանդույթ հաստատելն է: Եվ լավ է, որովհետև Արմեն Շեկոյան անունով կատուն Կիպլինգի կատվի պես՝ ինքն իրեն տեր է: Եվ գուցե չափանիշի չափանիշը միշտ եղել է տաղանդը, իսկ մենք կամայականորեն մեր հասկացած-չհասկացածն ենք պարտադրել ու չափանիշ ենք հայտարարել նպատակահարմարը, խելացին, հեռահարը: Իզուր: Ապարդյուն: Անպտուղ:



…Իսկ ամենազիլը, որ «Անտիպոեզիան» կարդալուց հետո քեզ… լավ ես զգում, առանց դեսուդենի, հենց այնպես, լավ ես զգում, ու՝ վերջ: Քիչ է: Աջ ու ահյակ վարժված-շփացած գրիչս գրում է տողեր, գրում է բառեր, որ կանխատեսելի են, ինչ-որ տեղ, ինչ-որ անգամ գրված գուցե, ենթադրված գուցե: Իսկ դա ընդամենը վկայում է անտիպոեզիայի պակաս: Ուրեմն՝ փառք Աստծո, եթե անտիպոեզիայի համաճարակ բռնկի, համաճարակ, որից փրկվելը դարձ է տաղտուկին, որից մեռնելը պոեզիայի փաստ է»:

…Մի քանի օր ինքս իմ գրած անտիռեցենզիայից քիթս տնկած (մանավանդ երբ մի քանիսը հարցրին՝ իբր ի՞նչ էիր գրել, չհասկացանք՝ գովե՞լ էիր, թե՞ փնովել)` սպասում էի՝ ե՞րբ եմ Արմեն Շեկոյանին տեսնելու, կամ ե՞րբ է զանգելու: Հակառակի պես՝ պատահականությունը դեմ հանդիման բերեց մի 10 օրից: Կողքովս անցավ ու …չբարևեց: Չդիմացա.

-Բարև-բարլուս էլ չկա՞:

-Դե Դուք ինձ հռչակել էիք հանճար, ես էլ ինձ հանճարի պես եմ պահում:

-Նախ՝ տաղանդ էի հռչակել, հետո էլ հանճարը կույրուհա՞մր է լինում:

-Ոչ և ոչ, սոսկ քմահաճ,- ասաց ու դուրս եկավ Մամուլի տնից՝ առաջին ու վերջին անգամ ինձ դիմելով Դուք-ով:

***

Երբ հեռացա «ՀՀ»-ից, համարյա չէինք հանդիպում, նա «Հայկական ժամանակի» հարահոսին էր անցել՝ փաստացի արձակ «Անտիպոեզիայի», ես հեռացել էի գրականությունից ու … գրողներից: Բայց չեմ մոռանում «Անտիպոեզիայից» մի քանի տող.

Նրանք ՀՅԴ-ում ՀՀՇ-ին են ծառայում,
նրանք ՀՀՇ-ում ՀՅԴ-ին են ծառայում,
նրանք Երևանում Մոսկվային են ծառայում,
նրանք Մոսկվայում Վաշինգտոնին են ծառայում,
նրանք Վաշինգտոնում Իսրայելին են ծառայում,
նրանք Իսրայելում սատանային են ծառայում,
և միակը,
միակը,
միակը,
ում նրանք չեն ծառայում,
իրենց Հայրենիքն է:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին