«Ռելոկացիայի» օգուտներն ու վտանգները - Mediamax.am

«Ռելոկացիայի» օգուտներն ու վտանգները
13701 դիտում

«Ռելոկացիայի» օգուտներն ու վտանգները


Փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահը սկսեց «հատուկ ռազմական գործողությունը» Ուկրաինայում, իսկ արդեն փետրվարի 25-ից Երեւանում եւ Մոսկվայում սկսեցին խոսել «ռելոկացիայի» կամ Հայաստան անհատների եւ ամբողջական բիզնեսների տեղափոխման մասին:

Էկոնոմիկայի նախարարությունը եւ տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ տեղեկանքներ պատրաստեցին՝ փորձելով պատասխանել տարբեր իրավական եւ կենցաղային հարցերին, որոնք կարեւոր են տեղափոխվողների համար: Կարծում եմ, առավել ամբողջականը պատրաստել է Repat Armenia հիմնադրամը՝ այն կարող եք ներբեռնել այստեղ սեղմելով։

Նրանք հիմնականում IT-ոլորտի ներկայացուցիչներ են, ինչպես նաեւ տարբեր ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդիկ, որոնց աշխատանքը սերտորեն կապված է Արեւմուտքի հետ: Հայաստան գալիս են մեծամասամբ Ռուսաստանի եւ ոչ թե Ուկրաինայի քաղաքացիներ: Վերջիններս հասկանալի պատճառներով փորձում են ապաստան գտնել Եվրոպայում:

Նման իրավիճակներում ոչ բոլորն են կարողանում զսպել «պատմական զուգահեռներ» տանելու գայթակղությունը: Ինքս հանդիպել եմ հրապարակումների, որոնցում 2022 թվականի Երեւանը համեմատում են 1918 թվականի Ստամբուլի կամ Խարբինի հետ, որտեղ զանգվածաբար տեղափոխվում էին «սպիտակ գվարդիականները»:

Նման համեմատականները ոչ միայն պատմականորեն հիմնավորված չեն, այլեւ, իմ համոզմամբ, վտանգավոր են, քանի որ կարող են Հայաստանի իշխանությունների եւ հասարակության մոտ տարատեսակ պատրանքներ ստեղծել: Դրանցով տարվելու փոխարեն առաջարկում եմ սառնասրտորեն վերլուծել «ռուսական էմիգրացիայի» ռիսկերն ու օգուտները:

Սկսենք ռիսկերից:

Կարծում եմ, այն մարդիկ, որոնք Ռուսաստանից Հայաստան տեղափոխվելու (թեկուզ՝ ժամանակավոր) որոշում են կայացրել, հիմնականում Վլադիմիր Պուտինի երկրպագուները չեն: Արդյունքում, եթե այստեղ կուտակվեն բավականին մեծ թվով լավ կրթված եւ լավ վաստակող մարդիկ, բացառված չէ իրավիճակը, երբ Հայաստանն իրենից անկախ կարող է ռուսաստանյան ընդդիմության համար երանելի «կղզյակ» դառնալ: Միգուցե ես չափազանցնում եմ, սակայն Ռուսաստանի ներքին կյանքում օր-օրի ավելացող կոշտացումներն ու պատերազմի դեմ հանդես եկողների դեմ կիրառվող մեթոդները վկայում են, որ ՌԴ իշխանությունները հիմա շատ ավելի կտրուկ են արձագանքելու այն դրվագներին, որոնք կարող են իրենց կասկածելի թվալ: Այս ռիսկին դիմայակելու տարբերակներն այսօր այդքան էլ տեսանելի չեն, բայց ցանկացած խնդրի լուծումը սկսվում է դրա առկայությունը ընդունելուց: Պետք չէ կասկածել, որ մեր հարեւանները ցանկացած անմեղ «կայծ» կօգտագործեն՝ այն մեր դեմ ուղղված հրդեհի վերածելու համար:

Մյուս ռիսկն աշխարհաքաղաքական չէ, այլ՝ տեղային: Վերջին տարիներին մեր հասարակությունը քիչ թե շատ սովորել էր ռուս զբոսաշրջիկներին: Բայց, ինչպես ասվում է հայտնի անեկդոտում, «մի շփոթեք տուրիզմն էմիգրացիայի հետ»: Եթե հնչեցվող թվերն իրատեսական են եւ Հայաստան տեղափոխվել են կամ տեղափոխման փուլում են մի քանի հազար ռուսներ, դա կարող է որոշակի խնդիրներ առաջացնել տեղացիների հետ շփումներում: Այս պարագայում եւս հաստատ կլինեն ուժեր, որոնք կփորձեն հնարավոր կենցաղային կոնֆլիկտներին այլ երանգ հաղորդել՝ փորձելով հակառուսական տրամադրություններ հրահրել Հայաստանում: Այս մասին եւս պետք է ուշադիր մտածել եւ համապատասխան հանձնարարություններ տալ իրավապահ մարմիններին:

Այն դեպքերում, երբ խոսքը գնալու է ամբողջական բիզնեսները Հայաստան տեղափոխելու մասին, պետությունը եւս պետք է շատ ուշադիր գտնվի: Առաջին հայացքից կարող է թվալ, որ ցանկացած նոր բիզնես եւ ներդրում լավ է Հայաստանի համար, բայց յուրաքանչյուր դեպքին պետք է անհատական մոտեցում ցուցաբերել եւ վերլուծել, թե ռուսաստանյան այս կամ այն բիզնեսի տեղափոխումը ինչ պոտենցիալ խնդիրներ կարող է առաջացնել: Արդեն հնչել են պատժամիջոցները ԵԱՏՄ տարածքի վրա տարածելու կոչեր եւ դրանց հեղինակներին պետք չէ որեւէ առիթ տալ։

Ինչ վերաբերում է օգուտներին, ապա արտասահմանցիների ներհոսքը կարող է դրական ազդեցություն ունենալ մեր ինքնամփոփ հասարակությունը մի փոքր «բացելու» համար: Մեր խնդիրներից շատերի արմատը գերկենտրոնացումն է ինքներս մեզ վրա եւ այն փաստը, որ անընդհատ եփում ենք նույն կաթսայում: Բոլոր ռիսկերով հանդերձ, «կաթսայի» բաղադրության որոշակի փոփոխությունը կարող է դրական արդյունք տալ: Վերջին հաշվով, հայերի եւ ռուսների նոր սերունդները միմյանց լավ ճանաչելու խնդիր ունեն եւ սա կարող է լավ առիթ դառնալ:

Չնայած վերեւում բերածս ենթադրությանն այն մասին, որ տեղափոխվողները մեծ մասամբ ՌԴ գործող իշխանության հակառակորդներն են, Հայաստանում ռուսական նոր «գաղութի» ձեւավորումը կարող է լրացուցիչ գործոն դառնալ, որպեսզի Մոսկվան ավելի ուշադիր գտնվի Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային հարցերի հանդեպ:

2016 թվականի սկզբին, երբ համաձայնություն ձեռք բերվեց Իրանից պատժամիջոցների էական մասը հանելու մասին, սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը, որը Հայաստանը «հանգույցի» մոդելով զարգացնելու ջատագովն է, կարծիք էր հայտնել, որ Հայաստանը կարող է Իրանի համար «Հոնկոնգ» դառնալ: Այդ գաղափարը չաշխատեց՝ տարբեր պատճառներով: Կարծում եմ, այս անգամ ավելի լավ է խուսափել «գրավիչ» բնորոշումներից եւ պարզապես փորձել ստեղծված իրավիճակից քաղել առավելագույն օգուտներ՝ հնարավորինս նվազեցնելով ռիսկերը:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին