Հրաչյա Թամրազյան. Ու մի փորձիր հիմա կարդալ, թե քո կյանքի ուղիներում ինչ է գրված - Mediamax.am

Հրաչյա Թամրազյան. Ու մի փորձիր հիմա կարդալ, թե քո կյանքի ուղիներում ինչ է գրված
2660 դիտում

Հրաչյա Թամրազյան. Ու մի փորձիր հիմա կարդալ, թե քո կյանքի ուղիներում ինչ է գրված


Ես դժվարանում եմ նրան ընկեր կամ գործընկեր անվանել, նույնքան դժվար է սոսկ ծանոթ համարել: Նա Թամրազյան Հրաչն էր, դա առանձին հասկացություն էր: Մեր բոլոր հանդիպումները նպատակային էին՝ սկզբում ու վերջում հարցազրույցներն էին, նրա գրքերի գրախոսականները, իսկ միջակայքում կյանքը, որտեղ վիճակվել էր նաև համատեղ աշխատանք, բայց հիմնականը և անանցը՝ նա Թամրազյան Հրաչն էր… Ավելի ստույգ՝ Թամրազյան Հրաչն է, որովհետև բանաստեղծները չունեն անցյալ ժամանակ:

***

Ես չեմ ընդունում հարցազրույցի ժանրը, գերադասում եմ երկխոսությունը, որ ենթադրում է ոչ թե ստատիկ հարցեր տալ ու կորզել ստատիկ կամ անսպասելի պատասխաններ, այլ՝ լսել պատասխանը ու հաջորդ հարցը բխեցնել նախորդ պատասխանից: Երկխոսությունը դժվար է, որովհետև պիտի նվազագույնը զրուցակցիդ չափ իմանաս թեման, հասկանաս՝ ի՞նչ չասաց ու ինչու՞ չասաց, և՝ ինչը ինչպե՞ս ու ինչու՞ ասաց: Հրաչյա Թամրազյանի հետ երկխոսությունը դժվար էր ստացվում՝ առաջին հարցերը հնչում էին տիեզերքի անեզրության մեջ ու պատասխանվում նույնքան տիեզերական ու անեզր: Դա ինձ նյարդայնացնում էր: Իրեն՝ առավելևս: Հրաչը հանճարեղ զրուցակից էր առանց ձայնագրիչի, երբ երեքով՝ Այդին Մորիկյանը, ինքը ու ես հենց այնպես՝ առանց պատճառի, նպատակի ու պատրվակի հանդիպում էինք: Հիմնականում օրավարտին՝ «Նաիրի» հրատարակչության նրա առանձնասենյակում: Նրա կիսափակ, թե կիսաբաց աչքերով մենախոսությունները սովորաբար ավարտվում էին՝ «Չասեք, որ ճիշտ չեմ» բառերով, Այդին Մորիկյանն անփոփոխ պատասխանում էր. «Կասենք, բայց դու չես ընդունի»: Ինձ թվում էր, որ նա սիրահարված է այն հեղինակներին, ում գրքերն այդ պահին հրատարակում էր՝ այնպես էր պատմում նրանց մասին, որ թվում էր՝ ամբողջ կյանքը նրանց հետ է անցկացրել՝ Նարեկացու, Պաստեռնակի, Եսենինի, Բրոդսկու, Տերյանի, Զահրատի, Վիլյամ Սարոյանի, Կոստան Զարյանի… Բայց  երբ Հրաչը Մայակովսկի էր արտասանում ու …անցնում Վահան Տերյանին՝ տեսնել էր պետք: Կարճ՝ մի քանի տող, երգեցիկ, ծորուն ձայնով, բայց այդ կարճ պահին հասցնում էիր ամբողջ Մայակովսկին ու ամբողջ Տերյանը հասկանալ բոլորովին նոր մեկնակետից,  որ չգիտեիր: Ես համոզված եմ, որ լավագույն գրականագետները բանաստեղծներն են ու գրողները, որովհետև մինչև ինքդ չգրես՝ չես զգա բառը բառի հետ համադրելու, հակադրելու ու ապրեցնելու իմաստը ու իմացության երանությունը: Զարմանալի էր, որ խոսակցության մեջ անսահման Հրաչը միացրած ձայնագրիչով ու գրավոր խոսքում դառնում էր ակադեմիական, հիմնավոր ու սահմաններ սահմանող:

***

1996-ի օգոստոսին հարցազրույցում, որ տպագրվեց «Հայաստանի Հանրապետութիւն»-ում Հրաչյա Թամրազյանին հարցրի.
-Ո՞վ է 20-րդ դարավերջի մտավորականը:

-Ժամանակային շեշտադրումն անտեղի եմ կարծում, մտավորականը մնայուն հասկացություն է և չի չափվում ժամանակի որոշակի հատվածներով, հարափոփոխ գաղափար չէ: Նույնիսկ դարակազմիկ իրադարձությունները, որ փոխում են պատմության հունը, անփոփոխ են թողնում մտավորական հասկացության ներքին բովանդակությունը, որ ավելի շատ ներքին գիտելիք է, սերնդեսերունդ փոխանցվող փորձարարություն, ներքին իրազեկություն, որ նաև ժառանգություն է ենթադրում: Ամեն սերունդ յուրովի է օգտագործում այդ գիտելիքը: Համաժողովրդական վերելքի շրջանում, պատմական խոշոր իրադարձությունների շարանում ներքին գիտելիքների պաշարը նոր ձևով է արտահայտվում, նոր շերտեր, նոր պաթոս է ձեռք բերում: Վերջին տարիներին բոլորս տեսանք՝ ինչ դրսևորումներ ունեցավ մտավորականության ներքին հոսանքը:

***

Մտավորական-պետություն փոխհարաբերության մասին՝ «Մտավորական-պետություն հարաբերության մեջ նախ կարևորվում է, թե ինչ դիրք պիտի գրավի մտավորականը իշխանությունների հանդեպ: Արվեստագետը միշտ ներքին ընդդիմության մեջ  է հասարակության և իշխանությունների հետ՝ սա մտավորականի և իշխանության փոխհարաբերության դասական օրինակ է, որ բնավ չի նշանակում, թե մտավորականը, արվեստագետը չպիտի հարաբերվի իշխանությունների հետ: Լինում են դեպքեր, երբ իշխանությունները չեն համապատասխանում դասական չափանիշներին, չեն կաղապարված կարծրատիպերի մեջ, և այդ անգո կաղապարայնության դեմ ազատ արվեստագետի հակադրությունը դառնում է կասկածելի: Ժամանակ առ ժամանակ պատմությունը դուրս է գալիս իր հունից, չեն գործում կարծրատիպերը, կաղապարները: Քննենք մեր պատնության ընթացքը՝ ճշգրտված չեն իշխանության դասական կաղապարները, չկան նաև մտավորականության դասական կաղապարներ: Իշխանությունները, փաստորեն, զբաղված են եղել ստեղծարար աշխատանքով, չէ՞ որ դա նույնպես ստեղծագործություն է՝ արարել քո պետությունը, արարել քո երկիրը:


Այդ հարաբերությունների մեջ արվեստագետների, մտավորականների մի մասը կարող է գործել ու գործում է նախկին կաղապարներով, արդյունքում հին կաղապարները կրողները չեն հաղթահարում անցյալի կարծրատիպը: Բնականաբար, ոչ բոլորն են պատրաստ միանգամից ընդունել ժամանակի նոր հոսանքները, հզոր հորձանքը մարդկանց պարզապես շփոթեցնում է: Մտավորականության փաղանգներ կային, հազարավոր մարդիկ, որ սերտաճած էին հին հասարակարգին, և թող խիստ չհնչի՝ ժամանակն ինքն է վերարտադրում նրանց: Նախասահմանված էր նրանց քանակը, դիրքը, գործը՝ ամեն ինչ կանխորոշված էր, հաստատված էր մտավորականության հիերարխիան և այդ աստիճանակարգով էր որոշվում փոխհարաբերությունը: Նույն հիերարխիան կար կառավարությունում, նույնը՝ Գրողների միությունում, բաշխված էին տեղերը՝ դասականի, տաղանդավորի, շնորհալիի, ըմբոստի: Ժամանակը ջարդեց այդ կաղապարը, բայց ժամանակը միշտ ջարդում է կաղապարը, իսկ հին իներցիան պահպանվում է, փնտրվում են նոր կաղապարներ, որ կարողանան ձև տալ անձև ժամանակին: Շատ հաճախ կրկնվում են հին կաղապարները, սա մեծ վտանգ է, որ սպառնում է հին հիերարխիկ կառույցների վերագործարկում: Նոր ձևերը պիտի լինեն նոր կաղապարների մեջ, նոր արձաններ պիտի ծեփի ժամանակը, նոր դեմքեր, որը դարձյալ հաղթահարման ու ինքնահաստատման տևական ժամանակ է պահանջում, որովհետև ամենահեշտը հին կաղապարի մեջ նոր նյութը լցնելն է, երբ կարծես ազատագրվում ես տքնանքի բեռից:

-Ո՞րը պետք է լինի նոր կաղապարի չափանիշը:

-Փորձենք համընթաց քայլել ժամանակին՝ մակերեսային շփոթի մեջ դեպքերի, իրադարձությունների ներքին իմաստը, ներքին պատկերը հասկանալով և այդ իմաստին ձև տալով: Վերջիվերջո՝ յուրաքանչյուր արտաքին պատկեր ունի իր ներքին պատկերը, և ամեն շարժում ունի իր ներքին շարժումը՝ խորքային նախապատկերը, որի տիրույթներում է հղանում նորը, նորի չափանիշը:

***

2000-ի փետրվարի 17-ին Հրաչյա Թամրազյանը «Զվարթնոցում» Անդրանիկ Օզանյանի աճյունը դիմավորողների մեջ էր: Իմ՝ «Ո՞րն է Ձեզ համար այս օրվա խորհուրդը» հարցին նա պատասխանեց. «Հոկտեմբերի 27-ի ճակատարգրական դեպքերից հետո ինչ-որ բան պիտի լիներ, որ սուգը կտրեր, պատմական ինչ-որ բան, որ դարասկիզբ-դարավերջ հաշտեցներ իրար: Այսօրվա մեջ անվերջ շերտեր կան, որ հետո են բացվելու»:

***

2010-ի հունիսին (հարցազրույցը տպագրվեց «Իրավունք de facto»-ում) ես նրան հարցրի.

-Դուք բառը գիտեք ներսից ու դրսից՝ իբրև բանաստեղծ ու իբրև գրականագետ, Ձեր մի «ես»-ը մյուսին չի՞ խանգարում:

-Ինձ համար դա միեղեն գործընթաց է, ես ինձ քննադատ չեմ համարում: Բանաստեղծական ինտուիցիան շատ է օգնում գիտությամբ զբաղվելուն, տեքստաբանները, որ չեն առնչվում բանաստեղծության հետ, շատ են կորցնում:

-Երբ գիտնականը բանաստեղծություն է գրում, բառի կոկորդը չի՞ կտրում:

-Բանաստեղծությունը կոչում է, բանաստեղծության իմացական դաշտն աստիճանաբար պետք է ընդլայնվի:

-Իսկ զգացակա՞ն դաշտը, որով անմիջաբար ներազդում է:

-Իհարկե, բանաստեղծությունը խոհագրություն չպիտի դառնա և կոչված է մարդու մեջ ի հայտ բերելու զգայական խոր շերտերը: Հաճախ այս ոլորտները միանում են, ու մեծանում է բանաստեղծական դաշտը: 20-րդ դարասկզբի բանաստեղծության մեջ կենսական դաշտը շատ է մեծացել: Բանաստեղծությունը հավերժորեն խոսող բնագիրն է: Անվերջ հոսող լինելիության գետ՝ անսկիզբ, անվախճան բնագիր: Դա չի նշանակում, որ բանաստեղծությունը նոսրանում է, աստղը դառնում է միգամածություն:

-Գուցե խտանու՞մ է, իսկ խտացումին հաջորդում է պայթյունը:

-Բանաստեղծությունն անպայման պայթյունների հետ գործ ունի, բռնկումների, որ թեկուզ վայրկենական, բայց լուսավորում են կյանքը կայծակող հայացքի նման: Ակնթարթն անցնում է, լուսավորության տպավորությունը հարատևում է: Դա արթնացնում է ճանապարհի զգացողություն, բանաստեղծի հոգևոր անվախճան ճանապարհի զգացողությունը:

-Ձեր կարծիքով՝ բանաստեղծությունը քաղաքականությու՞ն է:

-Բանաստեղծությունը, ինչպես արվեստի մյուս տեսակները, քաղաքականություն չէ, բնականաբար, բայց հոսում է քաղաքական կյանքից ոչ թե դուրս, այլ՝ ինքնին:

-Համաձայն չեմ՝ դու ընտրում ես ինչ գրես ու ինչ չգրես, որևէ ընտրություն արդեն քաղաքականություն է:

-Ինքնարարման գործընթացը դուրս է գալիս ափերից և ներազդում է: Արվեստագետը ոչ թե կանխորոշում, այլ սաղմնավորում է գալիքը, նրա գործունեության ոլորտում հոգևոր գերիմաստներ կան: Մեծ գրողները սաղմնավորում են գաղափարներ, հերոսներ, որ սերունդների վրա ներազդում են: Լավագույն օրինակը Նարեկացին է տվել: Իր իսկ խոսքերով՝ իր գրքի հարակայությամբ նա կմնա անմահ: Շատ կենդանի է նրա կապը սերունդների հետ: Եթե ասեմ, որ Նարեկացին խոշորագույն քաղաքական գործիչ էր, չեմ սխալվի: Նրա հեղաշրջող, հանճարեղ խոսքը ներխուժել էր կյանքի բոլոր ոլորտները, ճշմարիտ արվեստի գործը մասնակցում է կյանքի բոլոր շերտերի վերափոխմանը, կյանքի զարկերակի հետ գործ ունի: Հոգեզրկված ժամանակներում հաճախ թվում է՝ ամայության մեջ ես, այդ ժամանակ խզում է առաջանում ստեղծագործող անհատի ու հասարակության միջև, բայց դա չի նշանակում, թե ներազդեցությունը դադարում է: Կամ՝ կապը իսպառ խզվում է:

-Ես վստահ եմ, որ Միքելանջելոն հեղափոխական է եղել, թեպետ ոչ մի հեղափոխություն չի արել: Նրանից հետո քանդակագործությունն ու ճարտարապետությունը, նկարչությունը բոլորովին այլ էին, այլ հարթության մեջ, այլ հեռանկարով, այլ խնդիր էին լուծում, դա հեղափոխություն չէ՞ր մտածողության մեջ, դա նրա քաղաքականությունը չէ՞ր:

-Կյանքին արվեստագետն անընդհատ ներարկումներ է անում, հեղափոխություն, հեղաշրջում, բարեշրջում՝ տարբեր անվանումներ կան, վերածնունդ, և իրոք այդպես է՝ կյանքը վերածնվում է արարող անհատների միջոցով: Նարեկացուց հետո հայ կյանքի ընթացքը փոխվել է: Մտածողության ընթացքն է փոխվել, աշխարհատեսության ու աշխարհաշինության: Գրքի, գրքարվեստի սեր է սերմանվել մեր ժողովրդի մեջ, որ հաճախ է խամրում, եղել են նաև անհիշողության դարեր, բայց եթե մարդը ստեղծագործում է, ուրեմն ինչ-որ մեկը լսում է նրան:

***

Արվեստի ու գրականության՝ մշակույթի ու մշակույթի քաղաքականության դաշտում Հրաչյա Թամրազյանի հետ խոսելը ինձ միշտ հիշեցնում էր Խոջա Նասրեդինի մասին հայտնի պատմությունը՝ Նասրեդինը նստում է գետի ափին ու սպասում՝ մի օր, երկու, երեք, անցորդները հարցնում են՝ ինչու՞ ես նստել, պատասխանում է. «Սպասում եմ գետն անցնի, որ ես անցնեմ»:



Երբ իրեն պատմեցի, ծիծաղեց ու ասաց. «Չասես, որ ես Նասրեդինն եմ»: «Չէ, դու գետն ես»՝ պատասխանեցի ես՝ հերթական հարցազրույցի ավարտին, որ երկու ժամից ավելի էր տևել:

***

1996-ի հունվարին ստեղծվեց Տեղեկատվության նախարարությունը, նախարար նշանակվեց Հրաչյա Թամրազյանը, Այդին Մորիկյանը՝ փոխնախարար: Հունվարի 10-ին ես աշխատանքի ընդունվեցի նախարարության լրատվական-վերլուծական բաժնում: Այն ժամանակների Հայաստանի համար գերկարևոր քայլ էր, նախարարության խնդիրները վերաբերում էին ոչ միայն տեղեկատվությանը, այլև՝ ազգային անվտանգությանը: Ուսումնասիրվել էր տասնյակ երկրների փորձը՝ համանման կառույցների գործառույթներով ու կառուցվածքով: Դեռ 1995-ի ընտրություններից առաջ խնդիր էր դրված նաև սփյուռքի նախարարության ստեղծումը՝ համայն աշխարհում ընդգծելով այն ուշադրությունն ու կարևորության գիտակցումը, որով պետությունը վերաբերում է իր օտարաբնակ ազգակիցներին: Սկզբունքը՝ ոչ միայն սփյուռքը՝ Հայրենիքին, այլև Հայաստանը՝ սփյուռքին, իբրև կենտրոնաձիգ կառույց, որտեղ գույքագրվում է հայկական սփյուռքի ներուժը, հնարավորություններ են ստեղծվում միմյանց հետ շփվելու՝ Հայաստանի միջոցով, գույքագրվում են սփյուռքի կարիքները՝ հայրենիքի աջակցությունը հասցեական դարձնելու համար: Փաստացի՝ առաջին անգամ դրվում էր փոխադարձության սկզբունքը, նպատակ կար հնարավորինս ապաքաղաքականացնել հայրենիքի հետ սփյուռքի հարաբերությունները, նպաստել սփյուռքում հնաբնակների ու նորագաղթների փոխհարաբերությունների հարթմանը: Վերջնանպատակը՝ հայրենիքի նկատմամբ հետաքրքրության ստեղծումն էր ու հայրենադարձության ալիքը՝ չկորցնելով  գերտերություններում հայկական համայնքների ազդեցությունը...

Նախարարությունը պիտի աջակցեր կենտրոնացնելու, ուղղորդելու տնտեսական կապերը, ֆինանսական ներդրումները, մեծ ու փոքր բիզնեսի զարգացումը դարձնելով պետության ուշադրության առանցք՝ համագործակցելով մյուս նախարարությունների հետ: Սփյուռքում գիտական, կրթական, մշակութային հարցերը, Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությունը պետք է կենտրոնացվեին մեկ տանիքի տակ:

Գործնականում Սփյուռքի նախարարությունը ուներ ռազմավարական ու մարտավարական տասնյակ խնդիրներ, որ առնչվում էին նաև ազգային անվտանգությանը: Սփյուռքի նախարարություն չստեղծվեց, իսկ Տեղեկատվության նախարարությունը 1996-ի նոյեմբերին լուծարվեց: 1998-ի հոկտեմբերի 27-ին «Հայաստանի Հանրապետությունում» տպագրված «Պետական մշակութային քաղաքականությունը՝ անհրաժեշտություն» հարցազրույցում իմ «Ինչու՞ չստացվեց» հարցին տեղեկատվության նախկին ու միակ նախարար Հրաչյա Թամրազյանը պատասխանեց.

- Ժամանակին գրահրատարակչության մասին օրենք մշակվեց և ներկայացվեց կառավարությանը, որ կաշկանդվեց էկոնոմիկայի նախարարությունում՝ սեփականաշնորհման հետ կապված ցավագին խնդիրների պատճառով: Օրենքով նախատեսվում էր աստիճանական և զգուշավոր քաղաքականություն, որ ենթադրում էր սեփականաշնորհման դանդաղ ընթացք՝ նախ ազատվելով բալաստից՝ իրենց չարդարացնող գրախանութներից: Նախատեսվում էր նաև միանգամից չսեփականաշնորհել պոլիգրաֆիական ձեռնարկությունները՝ տպարաններում պահելով պետական բաժնեմասեր: Սակայն օրենքի ընդունումը փաստորեն ձախողվեց՝ բախվելով կառավարության սեփականաշնորհման կոշտ քաղաքականությանը: Տևական ջանքերից հետո մամուլը կես տարով ազատվեց ավելացված արժեքի հարկից՝ հաջորդ տարվանից 2 տարի ևս ժամկետն ավելացնելու հեռանկարվ: Կարճ ժամանակում զանգվածային լրատվամիջոցների մասին օրենքի լրամշակման փորձ արվեց՝ ընդհանրացնելով տարբեր երկրների փորձը, ստեղծվել էր հանձնաժողով… Սակայն նախարարությունը լուծարվեց, չլուծելով իր խնդիրները, լուծման ժամանակ իսկ չստանալով:

-Կարելի՞ էր կանխել նախարարության լուծարումը:

-Անհրաժեշտ էր, բայց դա նախարարության լուծելու խնդիրը չէր: Լուծարումը սխալ որոշում էր, մանավանդ հետո լուծարված վիճակում 7 ամիս էլ աշխատեցինք: Լուծարման ընթացքում արդեն սկսել էին երևալ աշխատանքի արդյունքները: Բյուջեից հատկացումներ չունեցող նախարարությունը ի՞նչ կարող էր անել: Գերազանցապես ծրագրեր մշակել: Ինտերնետում ներկայացվածության ծրագիրն էլ 6 ամիս առաջ ուղարկված էր կառավարություն: Դա էլ տապալվեց, հետո «իրագործվեց» բազմակի ծախսերով: Ընդամենը 10 միլիոն դրամով կարելի էր համակարգը գործարկել՝ հետագայի ֆինանսական նախադրյալներ ստեղծելով:

…1998-ին Հրաչյա Թամրազյանը, իհարկե, ավելին ասել չէր կարող: Իրականում նախարարության ստեղծումն ու լուծարումը բարդ պատմություն է, որ հիմա էլ ամբողջությամբ հրապարակայնացնել չեմ կարող՝ էթիկական պատճառներով: Ոմանք հեռացել են կյանքից, մյուսները՝ պաշտոններից, ես ինձ իրավունք չեմ վերապահում նրանց որոշումները մեկնաբանել: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել էր կառույց, որ պիտի դառնար յուրատեսակ ուղեղային կենտրոն և այլ նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ նպաստեր աշխարհում Հայաստանի Հանրապետության՝ իբրև կայուն ու կանխատեսելի գործընկերոջ իմիջի ստեղծմանը, կանոնակարգեր գիտական, մշակութային կապերը սփյուռքի, Հայաստանի, Արցախի հետ: Կառույց, որի նպատակը պիտի լիներ միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետությունը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դարձնել առավել ընկալելի, որոնել ու գտնել բարեկամներ ու գործընկերներ, նպաստել հայկական երկու պետությունների պատմամշակութային, տնտեսական, ռազմական, քաղաքական հնարավորությունների ներկայացմանը ու զարգացմանը, աշխարհին միայն 88-ի երկրաշարժով ու Լեռնային Ղարաբաղի պատերազմով հայտնի պետության իմիջը փոխելով… Նախարարությունը սերտորեն պիտի աշխատեր արտաքին գործերի, ներքին գործերի, էկոնոմիկայի, գիտության և կրթության նախարարությունների և այլ կառույցների հետ՝ համակարգելով ու միասնականացնելով պետության քաղաքականությունը ինքնիշխանության և ազգային անվտանգության ամրապնդման համար: Նաև՝ տեղեկատվության զանգվածային տարածման միջոցների աջակցությամբ պետական քարոզչություն իրականացներ: Դա երկար ու մանրամասն ծրագիր էր՝ իր իրականացման մեխանիզմներով, որ մշակել էր Այդին Մորիկյանը, որին աջակցում էր Վազգեն Սարգսյանը: Բայց նախարարության ստեղծումից առաջ արդեն եղան խնդիրների փոփոխություններ՝ մի կողմ դրվեց նպատակը, գլխավորը համարվեց ընթացիկ հարցեր լուծելը: Կառույցը ստեղծվեց՝ աշխատանքի ընթացքում խնդիրները հստակեցնելու հեռանկարով, բայց չֆինանսավորվեց տարրական հարցերի լուծման մակարդակով: Փաստացի՝ պետությունը պատրաստ չէր ինքն իր կայացմանն ու զարգացմանը նպաստելու: Այն ժամանակ դժվար էր հասկանալ՝ ինչու՞ ստեղծվեց, եթե չէր գործելու…  Այս թեմայով թե Հրաչյա Թամրազյանը, թե Այդին Մորիկյանը հետագա տարիներին չէին ուզում խոսել, որքան էլ սադրեի՝ նրանց համար Տերյան փողոցի վրա 11 ամիս աշխատած Տեղեկատվության նախարարությունը հիվանդ երեխա էր, ում կյանքը չկարողացան փրկել:   

***

Այդին Մորիկյանի հեռանալուց հետո՝ Հրաչյա Թամրազյանի «Նաիրի» հրատարակչությունը տպագրեց նրա «Ասացի և ազատեցի հոգին իմ» հոդվածների ժողովածուն: Գիրքը Այդին Մորիկյանը կազմել էր վաղուց, հետո հարյուրավոր էջեր էր գրել, որ ես ցանկանում էի հավելել գրքին՝ երկրորդ մասով, բայց Հրաչը դեմ էր: Առարկությունը մեկն էր՝ «Ամեն ինչ տպագրելու սոցպարտավորություն չես վերցրել, երկրորդ մասը կլինի երկրորդ գրքում»: Այնուամենայնիվ, որոշ հոդվածներ հավելվեցին: «Ես գործ չունեմ՝ դու կբացատրես Այդինին, թե ինչու՞ իր կամքը չի կատարվել»՝ վերջիվերջո համաձայնեց «Նաիրի» հրատարակչության տնօրեն, Այդին Մորիկյանի ընկեր Հրաչյա Թամրազյանը:

***

Մատենադարանի տնօրեն աշխատելու տարիներին մի քանի անգամ հանդիպել ենք՝ միշտ հեռանում էի «Նաիրի» հրատարակչության նոր գրքերի հետ՝ խոստանալով կարդալ ու գրախոսել, ոչ միշտ էի խոստումս կատարում:



Հրաչյա Թամրազյանի հիվանդության լուրը քարով գլխին հարվածի պես ընդունեցի՝ ես չափազանց լավ գիտեի՝ ինչպես են ավարտվում այդ պատմությունները: Հրաչը հեռացավ 2016-ի սեպտեմբերի 3-ին: Հոգեհանգստին անընդհատ հիշում էի նրա տողերը.

Եվ անցյալը անսկիզբ է ու անկատար,
Եվ վախճանը՝ անավարտ ու անհանգրվան-
Խոնավ էջեր – ու մի փորձիր հիմա կարդալ,
Թե քո կյանքի ուղիներում ինչ է գրված…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին