Վարդգես Պետրոսյան. Անկախության կիրակին անցավ - Mediamax.am

Վարդգես Պետրոսյան. Անկախության կիրակին անցավ
3086 դիտում

Վարդգես Պետրոսյան. Անկախության կիրակին անցավ


1932-ի օգոստոսի 9-ից՝ 1994-ի ապրիլի 15՝ ապրել է մարդը ու հիմա չկա: Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, Լենինի շքանշանակիր, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանանակիր, «Պատվո նշան» շքանշանակիր, «Աշխատանքային արիության համար» մեդալակիր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր… «Պիոներ կանչ», «Գարուն», ՀԳՄ նախագահ, «Երկիր Նաիրի»… «Ապրած և չապրած տարիներ», «Դեղատուն Անի», «Վերջին ուսուցիչը», «Հայկական էսքիզներ», «Հավասարում բազմաթիվ անհայտներով», «Մենավոր ընկուզենի», «Կրակե շապիկ»…

Իսկ դու քեզ համար ապրում-աշխատում ես, և ահա մարտի վերջին զանգահարում է այդ բազմատիտղոսակիր, հանրահայտ մարդն ու ասում.

- Վարդգես Պետրոսյանն է, Դուք գիտեք, որ արդեն մի քանի ամիս տպագրվում է «Երկիր Նաիրի» շաբաթաթերթը, խմբագիրը ես եմ, Ձեզ հրավիրում եմ աշխատանքի:

Իսկ ես…չգիտեմ, ավելի ճիշտ՝ գիտեմ, որ Վարդգես Պետրոսյանը նոր թերթ է սկսել, առանձնապես չեմ որոնել, տեսել եմ, թերթել, չեմ կարդացել: Ու՝ ընդհանրապես, չեմ հասկանում՝ ի՞նչ պիտի անեմ ես այդ թերթում: Ու ինձ մնում է հարցնել.

-Շնորհակալ եմ, բայց ինչու՞ ինձ:

-Իսկ ինչու՞ ոչ: Կարդում եմ Ձեզ, ոչ միշտ եմ համաձայն, ոչ միշտ եմ հիացած, բայց միշտ հետաքրքիր է: Մենք Ձեր կարիքն ունենք: Մտածեք, երեք օր ժամանակ:

Երեք օր անց, ես, իհարկե, չեմ գնում «Երկիր Նաիրի», ոչ էլ առանձնապես սպասում եմ, որ ինձ նորից կզանգահարեն՝ չեմ գնացել, ուրեմն՝ չեմ գնացել… Օրվա վերջին նորից զանգ.

-Մենք սպասեցինք՝ չեկաք, ոչ էլ զանգեցիք, դա անքաղաքավարի է:

-Ես ուղղակի ինձ չեմ տեսնում Ձեր թերթում:

-Իհարկե չեք տեսնի, քանի դեռ չեք եկել: Եկեք ու կտեսնեք: Ոչ մի սահմանափակում՝ ոչ թեմայի, ոչ անձի, ոչ ծավալի, բարձր աշխատավարձ: Ձեզ ուրիշ ի՞նչ է պետք: Ես չեմ հասկանում՝ չե՞ք ուզում ինձ հետ աշխատել: Վաղը սպասում եմ, կամ ես Ձեզ կհամոզեմ, կամ՝ Դուք՝ ինձ: Ոչ մի մերժում չի ընդունվում:



Երեկոյան հայրս ասում է. «Ինչու՞ չես գնում, ի՞նչ ունես կորցնելու, գնա, զրուցեք»: Մայրս երկրորդում է. «Քեզ Վարդգես Պետրոսյանն է զանգում, դու ձևե՞ր ես թափում»: Ձևեր, իհարկե, չեմ թափում, պարզապես… չեմ ուզում: Առանց պատճառի: Բայց գնում եմ: Ու… դիմում եմ գրում, պարտավորվում հաջորդ օրը ներկայանալ անձնագրով, անձնական թերթիկով, աշխատանքային գրքույկով, ամբողջ 1000 դրամ աշխատավարձով +հոնորար, որը հետո դառնալու է 2000, և՝ ավելի: 1994-ին 1000 դրամ աշխատավարձը գրեթե համահավասար էր այսօրվա 100 000-ին: 1994-ի ապրիլի 1-ից համարվում եմ «Երկիր Նաիրիի» խմբագիր: Որովհետև Վարդգես Պետրոսյանը կարողանում է ոչ միայն համոզել, այլև՝ համակել:

Բացի այդ՝ կար մի հին վիրավորանք՝ դրանից մի քանի տարի առաջ Վարդգես Պետրոսյանը լավագույն բանաստեղծության մրցույթ էր հայտարարել, որի հաղթողը մեկնում էր Իտալիա: Իտալիան իմ երազանքների երազանքն էր, 1985-ից ես մտովի ապրում էի Հուլիոս Կեսարի, Միքելանջելո Բուոնարոտիի, Նիկոլո Պագանինիի հայրենիքում ու նրանց հետ հանդիպելու հույսով: Ղուկաս Սիրունյանը, որ հաճախ էր գալիս մեր խմբագրություն ու գիտեր իմ իտալոմանիան, ընտրեց իմ բանաստեղծություններից ու տարավ մրցույթի՝ համոզելով, որ բանաստեղծություններս արտակարգ են, միանշանակ՝ ես եմ հաղթելու ու ես եմ գնալու Իտալիա: Իտալիա մեկնեց Վահագն Աթաբեկյանը, որ տարիներ հետո Ազգային ժողովում դառնալու էր մեր հանրահայտ տրիումվիրատի անխախտ մասը, բայց դա բոլորովին այլ պատմություն է: Այն ժամանակ ես չգիտեի, որ Վահագն Աթաբեկյանը փառահեղ բանաստեղծ է, ես ընդամենը գիտեմ բոլոր բառերի տեղը, որ Վարդգես Պետրոսյանը ճիշտ ընտրություն է կատարել: Վիրավորականը՝ Իտալիա ես չէի գնալու: Գուցե պատահական չէ, որ երբ 2004-ին Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով մեկնեց Իտալիա, պատվիրակության կազմում մեր տրիումվիրատն էր՝ արտաքին հարաբերությունների վարչության պետ Վահագն Աթաբեկյանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, և ես՝ իբրև հասարակայնության հետ կապերի վարչության պետ: Այդ ամենը 10 տարի հետո էր լինելու, 1994-ին ես դեռ չէի ներել Վարդգես Պետրոսյանին, որ փակեց իմ ճանապարհը Իտալիա:

***

Մտնում եմ խմբագրություն, նախասենյակում նստած են ակնոցավոր մի երեխա ու մի անհանգիստ տիկին: Երբ բախում եմ խմբագրի դուռը, տիկինն ասում է՝ «Հիշեցրեք, որ մենք սպասում ենք»: Խոստանում եմ:

-Ձեզ մի տիկին է սպասում՝ երեխայի հետ:

-Գիտեմ, շատ տաղանդավոր երեխա է, շախմատիստ, Լևոն Արոնյան, նոր են Երևան եկել, որ շարունակի պարապել: Զանգել եմ նախագահին, որ իր հիմնադրամից օգնի, սպասում եմ պատասխանին:

-Լևոն Տեր-Պետրոսյանի՞ն:

-Այո, ինչի՞ց զարմացար: Խոստացել է:

…Զարմացա, հետո իմացա, որ շատերն են դիմում՝ Վարդգես Պետրոսյանը նաև Հայաստանի մշակույթի հիմնադրամի նախագահն է, արժանավորները ձեռնունայն չեն հեռանում:

***

1994-ի ապրիլի 15-ին հրապարակվում է իմ առաջին հոդվածը «Երկիր Նաիրի»-ում՝ Տիգրան Լևոնյան-Օհան Դուրյան վեճի մասին: Իսկ երկու օր առաջ՝ ասուլիսի ուղարկելիս Վարդգես Պետրոսյանն ինձ ասում է.

-Պատուհանի գոգին դիպլոմատս է, բացիր ու ձայնագրիչ վերցրու, վերադարձնել պետք չէ, կպահես քեզ մոտ:

Ես չեմ բացում դիպլոմատը, պատուհանի գոգից տանում-դնում եմ իր սեղանին.

-Դուք տվեք:

Նա բացում է դիպլոմատը, որտեղ ոչ միայն ձայնագրիչներ են ու ինչ-որ թղթեր, այլև՝ տրցակներով շերտ-շերտ շարված ԱՄՆ դոլարներ: Իմ զարմացած հայացքին ի պատասխան Վարդգես Պետրոսյանն ասում է.

-Լուսինեն Ֆրանսիա է գնալու՝ ձայնը կատարելագործելու, իր համար է:

Հետո իմանում եմ, որ Լուսինեն նրա նոր կինն է: Ավելի ճիշտ կինն էր, որովհետև Լուսինեի մասին հետաքրքրվում եմ շատ հետո… Եվ մինչև հիմա էլ չգիտեմ՝ իսկ ու՞ր անհետացավ դոլարներով դիպլոմատը:

***

Ապրիլի 14-ին միասին հերթապահ ենք, հերթապահի գործը հիմնականում էջերը նայելն է՝ խորագրերը, վերնագրերը, նկարները տեղը լինեն, տառասխալներ չլինեն: Մամուլի շենքի նեղլիկ սենյակում, որտեղ թերթի սքանչելի սրբագրիչ Թագուհի Սուսլիյանն ու սքանչելի ձևավորող Արթուր Սաղաթելյանը վերջնական տեսքի են բերում էջերը, Վարդգես Պետրոսյանը ինձ ասում է.

-60 տարեկան դարձա, բայց մինչև հիմա չգիտեմ՝ նախևառաջը ո՞նց է գրվում՝ միասի՞ն, թե՞ առանձին-առանձին: Գիտթեկնածու մարդ ես՝ ի՞նչ կասես:

-Դե, նայած նախադասության ենթատեքստին, եթե ուզում եք շեշտել բաղադրիչները՝ առանձին, եթե բաղադրիչները տրամաբանական շեշտ չեն կրում՝ միասին: Գրության երկու ձևերն էլ քերականորեն ճիշտ են:

-Դուրս է գալիս՝ դու էլ չգիտես: Լավ, միասին եմ գրում՝ տեղ կխնայվի,- ծիծաղում է նա ու նայելով՝ ինչպես եմ թերթի էջերը շուռումուռ տալիս՝ սխալներ որոնելով, հավելում է,-թերթի մի էջը մյուսին անպայման պիտի հակասի: Հակասի արտաքուստ, բայց խորքից բոլոր էջերն էլ նույնը պիտի լինեն: Պատկերացրի՞ր:

Իհարկե՝ չեմ պատկերացնում, բայց հավուր պատշաճի ասում եմ՝ «Այո»:

***

Ապրիլի 15-ին երեկոյան զանգահարում է «Հայաստանի Հանրապետութիւն»-ի խմբագիր Այդին Մորիկյանը.

-Իմացա՞ր, ահավոր է, շեֆիդ սպանել են:

-Ո՞նց, երեկ եմ տեսել:

-Դե, եթե կարծում ես, որ քեզ տեսնելը անմահության երաշխիք է, սխալվեցիր:

-Բայց ինչու՞:

-Ես էլ չգիտեմ, Արմենպրեսից լուրը ստացա, հիմա հետաքրքրվում եմ, որ հասկանամ:  

…Ոչ նա, ոչ ես այդպես էլ չհասկացանք:

***

Վարդգես Պետրոսյանի սպանության առեղծվածն այնքան էր անսպասելի ու անհասկանալի, որ թերթի պատասխանատու քարտուղարը անհետանում է, և ես, որ երկու շաբաթ առաջ էի աշխատանքի ընդունվել, թերթի հովանավորի՝ «Իմակ» ֆիրմայի տնօրեն Գագիկ Պողոսյանի, պնդումով ստիպված եմ լինում միայնակ՝ արցունքն աչքերին սրբագրիչի ու ձևավորողի հետ, տպագրության պատրաստել երկու համարները՝ մինչև առաջին շոկն անցնի, աշխատակիցները վերադառնան: Ու ես սկսում եմ հասկանալ՝ ինչու՞ չէի ուզում «Երկիր Նաիրի» գնալ:

…Իսկ մեկ տարի հետո ես դարձա «Երկիր Նաիրիի» խմբագիրը՝ պայման դնելով, որ աշխատելու եմ մինչև 1995-ի հուլիսի 5-ի ընտրությունները: Հուլիսի 14-ին ստորագրում եմ իմ վերջին համարը: Հուլիսի 21-ին թերթը չի տպագրվում և օգոստոսին փակվում է: Վարդգես Պետրոսյանի վերջին նախաձեռնությունը կիսատվեց՝ նրա կյանքի նման:   

***

Համարյա հունիսի կեսերին մտնում եմ «Երկիր Նաիրիի» խմբագրություն ու բաց եմ տեսնում Վարդգես Պետրոսյանի սենյակի դուռը, որ մինչ այդ կնքված էր ու փակ: Բաց է ոչ միայն սենյակի դուռը, այլև բաց են պահարանների ու սեյֆի դռները: Քարտուղարուհին ասում է, որ ոստիկանությունից եկել են, կնիքը պոկել՝ Աշտարակից եկել են հարազատները, որ տանեն անձնական իրերը: Իսկապես էլ սեյֆը դատարկ է, դատարկ են գրասեղանի դարակները, և միայն գրասեղանի տակ ընկած է նրա մեծադիր լուսանկարը… Չգիտեմ՝ ինչու, միայն այդ պահին եմ հասկանում, որ Վարդգես Պետրոսյանն այլևս աշխատասենյակ չի մտնելու: Եվ …տուն եմ տանում նրա լուսանկարը:  

***

Ոչ, նա, իհարկե, այն գրողներից չէր, որ հարյուրամյակ են բնորոշում, և 100 տարի հետո նրանով իր ապրած ժամանակը չեն որակի, ոչ էլ դարակազմիկ բանաստեղծ էր, թեպետ Հելիկոն ոտք էր դրել իբրև պոետ, բայց Վարդգես Պետրոսյանն այն մարդն էր, որ իրենով գրական մթնոլորտ ու միջավայր էր ստեղծում: Ժամանակի մեջ նրա հրապարակախոսությունը 1988-ի Շեփորի դերն ուներ, նրա խմբագրած «Գարունը» ժամանակի համար պակաս համալսարան չէր, քան որևէ գիտական-գրական-կրթական հաստատություն:



Նա կարողանում էր բանավիճել, մտածել ու միտք շարժել: Նա ինքնատիպ էր ավելի, քան գրում էր: Եվ նրա վերջին վեպը՝ «Կրակե շապիկը» եղավ ու մնաց այդ ինքնատիպության չհասկացված վկայությունը: 1994-ին «Մայրենի» ամսագրին իր երևի վերջին հարցազրույցում իմ «Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում անցած ժամանակամիջոցում» հարցին նա պատասխանել էր. «Այսօր, ավելի քան երբևէ, մեր անձնական կյանքի որևէ փոփոխություն կապված է Հայաստան երկրի կյանքի հետ: Ուրեմն՝ ի՞նչ փոխվեց Հայաստան երկրի կյանքում: Այդ հարցի պատասխանը ամեն մեկիս մեջ է: Ղարաբաղում նվաճված ռազմական հաղթանակները (իսկ մենք նման հաղթանակների հազար տարվա կարոտ ունենք) ամրապնդեցին մեր ոգին, մանավանդ, ի վերջո, դուռ բացեցին իրական բանակցությունների համար: Երկրորդ՝ որքան էլ դժգոհ լինենք հայաստանյան իրականությունից, նախագահից, խորհրդարանից, կառավարությունից, այնուամենայնիվ, Հայաստանը մնում է ներքնապես ամենակայունը նորանկախ պետությունների մեջ: Առնվազն՝ Անդրկովկասում: Մտածենք՝ այդ ինչպե՞ս է լինում, նաև կարողանանք ուրախանալ, որ այդպես է: Եվ, այնուամենայնիվ, ամեն մարդու համար կա նաև «իր կյանքը»: 1986-ից («Կրակե շապիկից» հետո) ես ոչինչ չէի գրել, ընդամենը 5-6 հրապարակախոսական հոդված: 1992-93-ին կարողացա գրել նոր վեպ, որն ինչ-ինչ երակներով «Կրակե շապիկի» երկրորդ գիրքը կարելի է համարել: Վեպը, ըստ էության, ավարտված է, և ոչինչ, որ չգիտեմ, թե ինչպես պիտի լույս աշխարհ գա: Կարևորը՝ գրվել է»:

…Ես էլ չգիտեմ՝ ի՞նչ եղավ Վարդգես Պետրոսյանի այդ վեպը:

***

1991-ի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեի օրը հեռուստացույցով քաղաքական գործիչների, մտավորականների հետ հարցազրույցներ էին անում: Վարդգես Պետրոսյանի խոսքը մեխվել է հիշողությանս մեջ. «Անկախության կիրակին անցավ: Վաղը երկուշաբթին է: Պետք է աշխատել»:    

…Իսկ մենք դա հասկացա՞նք: Ու՝ աշխատեցի՞նք:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին