Էրդողանի հայտնի ու անհայտ երանգները - Mediamax.am

Էրդողանի հայտնի ու անհայտ երանգները
3872 դիտում

Էրդողանի հայտնի ու անհայտ երանգները


Անցած տասնամյակներում հայաստանյան հանրային լսարանում Թուրքիայի մասին վերլուծությունները հատուկենտ վերլուծաբանների հեղինակությամբ էին (հիմա մի քիչ աշխուժություն է նկատվում այդ դաշտում): Դրանք գրեթե միշտ կրում էին Թուրքիայի հանդեպ նրանց անձնական վերաբերմունքի դրոշմը, հաճախ՝ համեմված փաստերի հատվածական ընտրությամբ եւ մեկնաբանման զգացմունքային բարձր ֆոնով: Դրանց հիմնական թեման ցեղասպանությանն առնչվող քաղաքական անցուդարձերն էին ու հանդիմանանքները, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին:

Հայաստանում ամբողջապես վերլուծված ու գնահատված չէր ոչ միայն հարեւան պետությունում հասարակական-քաղաքական զարգացումների ընթացքը (այդ մասին տես՝ «Հայաստանը չզբաղվեց Թուրքիայով՝ Թուրքիան «զբաղվեց» Հայաստանով...» հրապարակումը), այլեւ նախագահ Էրդողանի՝ որպես  քաղաքական գործչի ու անհատի «պրոֆիլը»: Մինչդեռ, միայն այն փաստի արձանագրումը, որ նա իր կառավարման տարիներին Թուրքիայում արել է անհավատալին՝ ապամոնտաժել է Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի քաղաքական ժառանգությունը եւ, ըստ էության, հավակնում է դառնալ նոր Աթաթուրք (Աթաթուրք նշանակում է թուրքերի հայր), պետք է որ նախազգուշացում լիներ, որ Էրդողանը տեսակով կարմիր գծեր հատող է թե' իր երկրում, թե' դրանից դուրս:

Նրա ներքին եւ արտաքին քաղաքական հաշվարկներն ու գործողությունները սեպը սեպով հանելու տրամաբանությամբ են. եղած խնդրին նորն ավելացնել՝ դրանով  ոչ միայն նախորդով պայմանավորված արտաքին կամ ներքին ճնշումը նվազեցնելու, այլեւ նորի եւ նախորդի շահավետ լուծման համար մանեւրելու ավելի մեծ հնարավորություն ապահովելու հաշվարկով:

Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի ուղիղ մասնակցությունը սեպը սեպով հանելու հերթական օրինակ էր. պատերազմը եւ դրա հետեւանքները ցեղասպանության ճանաչման հայկական պահանջը մղեցին հետին պլան (դրան զուգահեռ՝ այն մանեւրելու նոր տարածք բացեց նաեւ Ռուսաստանի հետ մրցակցության դաշտում): Հիմա առավել դժվար է Արցախի ու Հայաստանի օրհասական վիճակից բխող խնդիրների  քննարկման պայմաններում ցեղասպանության ճանաչման հարցը եւս հետապնդել (թե ցեղասպանության ճանաչումը արտաքին քաղաքականության օրակարգ բերելը որքանով էր ճիշտ կամ սխալ՝ այլ թեմա է):

Պատերազմից հետո Հայաստանում նոր ուժով բռնկված հակաթուրքական տրամադրությունները հասկանալի են: Այդուհանդերձ, պետք է ջանալ, որ դրանք չխոչընդոտեն խնդրահարույց հարեւան երկրում հասարակական-քաղաքական գործընթացներն ու միջազգային հարաբերություններում նրա հետագիծը գոնե հիմա հետեւողականորեն դիտարկել-քննարկելուն, որպեսզի հնարավորինս պարզ լինի նաեւ Հայաստանի այս կամ այն անելիքը կամ չանելիքը:

Այսօր Թուրքիան ամենուր նույնացվում է իր հակասական խոսքով ու գործով հայտնի նախագահ Էրդողանի հետ: Երբ նա իր նորաստեղծ՝ ընդամենը մեկ տարվա պատմությամբ Adalet ve Kalkınma Partisi՝ AKP (Արդարություն եւ Զարգացում) կուսակցությամբ Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի 2002թ. ընտրություններում անակնկալ մեծ հաղթանակով լուսանցք մղեց մինչ այդ եղած ավանդական կուսակցություններին, կարճ ժամանակ անց ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի ներքին եւ արտաքին քաղաքականությունը բոլորովին նոր ժամանակաշրջան է թեւակոխել: Այն ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, հատկապես Արեւմուտքում, որ որպես մեծ բարեփոխիչ, ժողովրդավար ու խաղաղասեր քաղաքական բեմահարթակ ելած Էրդողանը 20 տարի շարունակ կիշխի՝ վերածվելով սուլթանանման մի ղեկավարի, որը ավտորիտար լինելուց զատ՝ միջազգային հարթակում ու հարեւանների հետ հարաբերություններում ճենապակու խանութում հայտնված փղի նման ամեն մի շարժում անելիս մի նոր բան է ջարդում-փչացնում:

Ուստի, արդի Թուրքիան փոքրիշատե հասկանալու համար հնարավոր չէ շրջանցել Էրդողանի անձը: Ո՞վ է նա, որտեղի՞ց հայտնվեց քաղաքական երկնակամարի բարձունքում, ինչպե՞ս է կարողանում արդեն երկու տասնամյակ անընդմեջ միայն իրենով լցնել Թուրքիայի քաղաքական դաշտը եւ մատների վրա խաղացնել դաշնակիցներին ու հակառակորդներին երկրի ներսում եւ արտերկրում:

Էրդողանի՝ ստորոտից գագաթ ձգված ուղուն եւ ժամանակակից Թուրքիայի   հասարակական-քաղաքական զարգացումների նշանակալի փուլերին համառոտ անդրադարձը թույլ կտա այդ պետությանն առնչվող շատ հարցեր դիտարկել մեծ ու ամբողջական համատեքստերում, ինչը եզրահանգումներ կատարելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի:

Կռվարարը Քասիմփաշայից

Երբ կրոնապաշտ Թանզիլե եւ Ահմեդ Էրդողանները Ստամբուլի հետնախորշ թաղամասերից մեկում՝ Քասիմփաշայում 1954թ. փետրվարի 26-ին ծնված իրենց երրորդ երեխային ի պատիվ իսլամի չորս սուրբ ամիսներից մեկի՝ ռաջաբի, Ռեջեփ կոչեցին (արաբերեն ռաջաբա/rajaba՝ հարգել, ակնածել բառից), առավելագույնը, որ կարող էին երազել իրենց զավակի համար՝ նրան որեւէ կերպ ուսման տալն էր: Որ Ռեջեփը  Քասիմփաշայի ցեխոտ ու գարշահոտ փողոցներից սկիզբ առած իր ճանապարհը կհասցնի մինչեւ նախագահական ոսկեզօծ պալատ, բնականաբար, վեր էր ամեն երեւակայությունից:

Սեւծովյան Գյունեյսու բնակավայրում ծնված, ապա՝ հյուսիսարեւելյան Անատոլիայի Ռիզե նահանգ տեղափոխված Ահմեդ Էրդողանն աշխատանք գտնելու համար Ստամբուլ գալով՝ Ռիզեում էր թողել իր առաջին կնոջը երկու զավակների հետ: Գավառներից եկած հազարավորների պես նա էլ աշխատանք գտավ Ստամբուլի նավահանգստում: Կրոնական ծեսով՝ նա Թանզիլեին որպես երկրորդ կին էր առել: Թեեւ բազմակնությունը Աթաթուրքի բարեփոխումների  շրջանակում 1926թ. արգելվել էր եւ թույլատրված էին միայն քաղաքացիական ամուսնությունները, սակայն տասնամյակներ շարունակ, հատկապես գավառներում, զուգահեռ գործում էր այսպես կոչված՝ իմամի օրհնությամբ բազմակին ամուսնությունների կարգը:

Դա էր պատճառը, որ Էրդողանի հայրը իր երկրորդ կնոջ հետ պաշտոնապես ամուսնացավ երեսուն տարի հետո միայն, երբ նրա առաջին կինը մահացավ: Էրդողանի կենսագիրները ենթադրում են, որ նա դրանից շատ է ազդվել եւ այդ պատճառով իր կառավարման տարիներին նոր օրենքով իմամի օրհնությամբ ամուսնությունների կարգավիճակը հավասարեցրեց քաղաքացիական կացության ակտերի գրանցմամբ ամուսնություններին:



Էրդողանների համար երեխաներին պահելը հեշտ չէր, ուստի Ռեջեփը ընտանիքին օգնելու համար ստիպված էր դպրոցական արձակուրդներին Ռիզեում թեյի բերքահավաքին մասնակցել, քաղցրավենիք, սեզամի օղաբլիթներ վաճառել: Խստաբարո ու կրոնապաշտ հոր ցանկությունն էր, որ երեխաներն իրենից լավ կյանք վարեն: Ռեջեփին նա ուղարկում է կրոնական Իմամ-Հաթիպ (թարգմանաբար՝ քարոզող իմամը) դպրոց: Այս դպրոցներում ուսումը կենտրոնացված էր սուննի իսլամի քարոզիչներ կրթելու առաջադրանքի վրա: Սրանք դպրոցներ էին, որոնք կրթաթոշակներ էին տալիս միջոցներից զուրկ ընտանիքների երեխաներին ու ժողովրդական խոսքում ստացել էին «աղքատների մասնավոր դպրոց» անունը:

Հայր Էրդողանը որդուն կրոնական դպրոց տալով՝ նաեւ նպատակ ուներ նրա գլխից քշել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու քամիները, քանի որ անհանդուրժելի էր համարում ֆուտբոլային կարճ վարտիք ու նեղ շապիկ հագնելը: Էրդողանը, սակայն, գաղտնի հանդիպում էր ընկերներին ու ֆուտբոլ խաղում, իսկ ֆուտբոլային հագուստը, մարզակոշիկներն ու սրունքակալները թաքցնում էր ածխի նկուղում: Վնասվածք ստացած լինելու դեպքում էլ սեղմում էր ատամները հոր ներկայությամբ ծպտուն չհանելու համար: Կրոնական կանոններին խստորեն հետեւող Ռեջեփը հանուն ֆուտբոլի հանդեպ սիրո, այնուամենայնիվ, բացառություն էր անում՝ ֆուտբոլ խաղալիս կրելով կարճ վարտիք: Բայց մարզումների ընթացքում նա չէր մոռանում աղոթքի ժամին մի խաղաղ անկյուն գտնել, աղոթել ու վերադառնալ դաշտ (հավատացյալ մահմեդականի պարտքն է օրական հինգ անգամ աղոթել):



Պատանեկան հասակում մինչ նրա հասակակիցներն արդեն ալկոհոլ, ծխախոտ էին փորձում եւ աղջիկների հետ ֆլիրտ անում, Էրդողանը բարոյականության աննահանջ պահապանի համբավ էր վայելում, որի միակ մեղանչումը ֆուտբոլային վարտիք կրելն էր: Նրա մարզիչ Մեհմետ Ալի Գյուրսեզը վկայում է, թե Ռեջեփը լավագույն սիրողական ֆուտբոլիստներից էր, ինչի համար էլ խաղընկերները նրան Բեկենբաուեր էին կոչում (նկատի ունեին գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերին Մյունխենի «Բավարիայից»):

15 տարեկանում նա ստանում է իր առաջին տրանսֆերային առաջարկը եւ 1000 թուրքական լիրայով տեղափոխվում ֆուտբոլային մի ակումբ, սակայն շարունակում է հորից թաքցնել ֆուտբոլ խաղալը: 1976թ. Էրդողանին, շնորհալի երկու երիտասարդ այլ ֆուտբոլիստների հետ, հնարավորություն է ընձեռվում ներկայանալ Ստամբուլի «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբին: Սակայն, հոր պատճառով նա հրաժարվում է. Ռեջեփի գաղտնի տարերքն արդեն բացահայտվել էր, եւ նա ճաշակել էր հոր ցասումը: Էրդողանի՝ ֆուտբոլին ստիպողաբար հրաժեշտ տալու երիտասարդ տարիների հոգեբանական տրավման նկատելի էր նաեւ վարչապետի պաշտոնում ֆուտբոլային մի ակումբում երեխաների հետ հանդիպմանը, երբ դիմեց նրանց. «Դուք կարող եք ձեզ, իրոք, երջանիկ համարել. ձեր հայրերն ու մայրերը ձեր ձեռքը բռնած այստեղ են բերել, որ խաղաք...»:



Քասիմփաշայի ֆուտբոլային խաղադաշտը 2014 թվականից կրում է Էրդողանի անունը: Իրենց ծոցից ելած նախագահի երիտասարդ տարիների երազանքի չկատարվելը նրա թաղամասցիները փորձում են այս կերպ փոխհատուցել:  Էրդողանը մինչ օրս շարունակում է ազատ ժամանակ ֆուտբոլ խաղալ, իսկ նրա ընտանիքը «Ֆեներբահչեի» երկրպագու է, բացի կնոջից՝ Էմինե Էրդողանից, ով երկրպագում է «Բեշիկթաշին»:

Մեծամասամբ ծայրագավառներից Ստամբուլ եկածներով բնակեցված Քասիմփաշան, որտեղ սոցիալիզացվել է Էրդողանը, ազգային-ավանդական ու կրոնական կարծրացած բարքերով, կրթությունից հեռու մարդկանց միջավայր էր: Քասիմփաշայում մեծացածների համար բռունցքները գործի դնելը հարցերի լուծման ընդունված միջոց էր: Ռեջեփը գերազանց յուրացնում է այդ հմտությունը, նաեւ՝ տակտիկան, թե նայած իրադրության՝ երբ է պետք նախահարձակ լինել եւ երբ հետ քաշվել՝ սպասելով հարվածելու ավելի հարմար պահի, թե երբ է պետք «աքլորանալ», երբ՝ հաշտեցնող տոնով հանդես գալ: Նա այստեղ սովորում է իր կյանքի կարեւոր դասը՝  հարվածից ընկնելուց հետո ոտքի կանգնել եւ շարունակել կռվել...

Էրդողանը մինչ օրս հպարտությամբ է պատմում Քասիմփաշայի ցեխոտ ու աղբով լի միջավայրում աղքատության մեջ անցկացրած իր մանկության մասին, ինչը նաեւ քաղաքական հաշվարկ է. դա հասարակության աղքատ շերտի մեջ (իսկ այն բավականին լայն շերտ է) նրա հետ նույնականացվելու զգացողություն է առաջացնում եւ անդավաճան աջակցություն ապահովում: Նա իր հարցազրույցները մշտապես համեմում է մանկական հուշերով, ինչը հասարակության մեծ մասին հիացնում է: Օրինակ, թե ինչպես է վեց տարեկանում հարեւանուհուն անվայել խոսք ասելու համար հայրը նրան գլխիվայր կախել առաստաղից ու միայն հորեղբոր գալու շնորհիվ է փրկվել: Կատարվածը նա որպես դաստիարակչական արդյունավետ միջոց է ներկայացնում: Էրդողանը հատկապես երկրպագում է մորը՝ պատմելով, որ երեխա ժամանակ հաճախ է համբուրել նրա ոտքերը (դա իսլամում ավանդական ժեստ է): Էրդողանը մոր անունով հիվանդանոցներ ու դպրոցներ է հիմնել, իսկ հոր անունով՝ Իմամ-Հաթիպ դպրոց:

Ասմունքող քարոզիչը

Որպես աշակերտ Ռեջեփը թեեւ միջակ ունակություններով էր, սակայն ուսուցիչները նրան որպես  արագ ու սուր միտք ունեցող են հիշում, ով նաեւ աչքի էր ընկնում հռետորական ձիրքով: Ղուրանից հատվածներ արտասանելը նրա տարերքն էր: Նա մի քանի անգամ հաղթող է ճանաչվում ասմունքի մրցույթներում եւ այդ հաջողությունների շնորհիվ դառնում Աթաթուրքի հիմնած թուրք դպրոցականների եւ ուսանողների ազգային միության երիտասարդական կազմակերպության (MTTB) ղեկավար: Այստեղ նա ծանոթանում է իր հետագա քաղաքական ուղեկիցներից շատերին, այդ թվում՝ Աբդուլլահ Գյուլին:



Իմամ-Հաթիպ դպրոցում ուսմամբ մինչ օրս հպարտացող Էրդողանն իր չորս զավակներին եւս ուղարկել է այդպիսի դպրոցներում սովորելու, սակայն նրանք բարձրագույն կրթություն ստացել են արտերկրում: Տասնամյակներ շարունակ աշխարհիկ կյանքի կանոնները խստորեն պարտադրող Թուրքիայում այս դպրոցների դիսկրիմինացված լինելը Էրդողանի հոգեբանության վրա վճռորոշ հետք է թողել: 1994թ. իր ելույթներից մեկում նա խոսելով այն մասին, թե ինչպես է աշխարհիկ վերնախավը քամահրանքով վերաբերվում այդ դպրոցներին ու դրանց շրջանավարտներին, նրանց կոչ է անում չվհատվել եւ հույսով լցվել ապագայի հանդեպ, քանզի «Իմամ-Հաթիպ դպրոցի շրջանավարտնե՛րն են տնօրինելու Թուրքիայի ապագան...»: Հիրավի, հատուկենտ մարդիկ կարող են պարծենալ նման ճշգրտությամբ իրականություն դարձած կանխատեսման հեղինակ լինելով...

Երիտասարդ Ռեջեփի սիրելի բանաստեղծությունները հիմնականում իսլամիստ պոետների գրչին էին պատկանում: Ղուրանից հետո նրա առաջնահերթ ֆավորիտը բանաստեղծ Նեջիփ Ֆազիլ Կիզակյուրեքն էր, ով նաեւ իսլամական Մեծ Արեւելքի՝ բազմաթիվ երկրների միացումը որպես իսլամական մեկ միասնություն գաղափարի համահեղինակն էր: Էրդողանը նաեւ ժողովրդական բանաստեղծ, Թուրքիայի ազգային հիմնի հեղինակ Մեհմետ Ակիֆ էրսոյի երկրպագու էր (ի դեպ՝ հիմնի երաժշտության երեք համահեղինակներից մեկն էլ պոլսահայ կոմպոզիտոր, դիրիժոր ու երաժշտագետ Էդգար Մանասն էր: 1932թ. Աթաթուրքի կառավարությունը նրան էր վստահել հիմնը գործիքավորելու եւ նվագախմբային տարբերակը մշակելու առաջադրանքը): Բանաստեղծություններ արտասանելու Էրդողանի սերը դրսեւորվում է մինչ օրս. իր ելույթները նա առատորեն  զարդարում է դրանցով, ինչը բաց երկնքի տակ անցկացվող նրա հանդիպումներին ներկա հարյուր հազարավոր ունկնդիրներին ուղղակի էքստազի է հասցնում:



Էրդողանի երիտասարդության տարիներին Իմամ-Հաթիպ դպրոցի ավարտականով կարիերայի առումով հեռուն գնալ հնարավոր չէր: Աշխարհիկ ուսումնական հաստատություններն ու բարքերը դեռ գերիշխող էին, ինչը ապագայում հենց էրդողանի ձեռամբ պիտի փոխվեր: Իմամ-Հաթիպ դպրոցն ավարտելուց հետո՝ Էրդողանը պետական գիմնազիա է հաճախում, որպեսզի տարբերություն կազմող քննությունները հանձնի եւ բուհ ընդունվելու պատշաճ ավարտական վկայական ունենա: Նա ուզում էր քաղաքագիտություն սովորել, բայց գիմնազիայի քննական գնահատականները դրան չեն բավարարում: Էրդողանի պաշտոնական կենսագրականում նշված է, որ 1981թ. ավարտել է Ստամբուլի Մարմարա համալսարանի առեւտրա-տնտեսագիտական ֆակուլտետը: Նրա քննադատները կասկածներ են հայտնում նախագահի համալսարանական կրթության վավերականության վերաբերյալ: Բանն այն է, որ երբ Էրդողանը 2010թ. սահմանադրական փոփոխություններ կատարելուց հետո 2014թ. վարչապետից դարձավ նախագահ, իսկ ըստ Սահմանադրության՝ նախագահը պիտի նվազագույնը չորսամյա բուհական կրթություն ունենա, նա հղում էր արել իր այդ համալսարանական դիպլոմին: Մինչդեռ, ըստ քննադատների,  այդ ֆակուլտետը հիմնվել է 1983թ. եւ Էրդողանը զուտ ժամանակագրական առումով չէր կարող այնտեղ ուսանած լինել, հետեւաբար դիպլոմը պիտի որ կեղծված լինի: Սակայն, վիճարկվող համալսարանական կրթությունը Էրդողանով տարված թուրք լայն հասարակության համար նշանակություն չուներ եւ չունի. դեռեւս 2006թ. Ռիզեում արդեն հիմնադրվել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվան համալսարանը...

Քաղաքական իսլամի եւ Էրդողանի քաղաքական ծնունդը

Կրթությանը զուգահեռ՝ Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ձեռնարկությունում: 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո (դրա մասին՝ ավելի ուշ) հրամկազմի ներկայացուցիչների մի խումբ ստուգայց է կատարում ձեռնարկություն եւ հայտարարում, որ բեղ ունենալն արգելվում է. Էրդողանը կամ պետք է այն սափրի կամ՝ լքի աշխատատեղը: Սա դեռ Աթաթուրքի ժամանակներից եկող հրամայականների շարքից էր, երբ նա արգելել էր բեղ-մորուք, ֆես եւ այլ, իր իսկ ձեւակերպմամբ՝ հետամնաց արտաքին տեսք հաղորդող ատրիբուտները: Էրդողանը ընտրություն է կատարում բեղերի օգտին: Դրան հաջորդում է հաշվապահի աշխատանքը մսամթերման մի ֆաբրիկայում, որը նա միջանկյալ ընդմիջում է զինվորական ծառայության անցնելու պատճառով:

Էրդողանի պատանեկությունը եւ վաղ երիտասարդությունն անցնում են մի ժամանակաշրջանում, երբ թուրքական հասարակությունը շարունակաբար փոթորկվում էր սոցիալական հուզումներից, ուսանողական անհնազանդությունների ալիքից, տնտեսական խոր ճգնաժամերից, միմյանց հաջորդող կոալիցիոն կառավարությունների անարդյունավետությունից, Հյուսիսային Կիպրոսի ճգնաժամից, ձախերի եւ աջերի միջեւ բռնություններից ու քաղաքական սպանություններից: Այս ամենը նրա ուշադրությունը դեռ դպրոցական տարիքում սեւեռում է քաղաքականության վրա:

1970թ. Էրդողանը 16 տարեկան էր, երբ Թուրքիայի քաղաքական լանդշաֆտը մի նոր կուսակցությունով համալրվեց, որը վճռորոշ ազդեցություն էր ունենալու երկրի հետագա պատմության վրա: Իսլամիստական Millî Görüş՝ Ազգային Հայացք շարժումից ծնունդ է առնում է MNP-ն՝ Milli Nizam Partisi-ն (Ազգային Կարգ կուսակցությունը) Նեջմեթին էրբաքանի գլխավորությամբ: Այս կուսակցության մուտքով Թուրքիայում առկա աշխարհիկ ձախերի եւ աջ պահպանողականների քաղաքական հոսանքների կողքին առաջին անգամ տեղ է գտնում երրորդ տիպի հոսանք՝ քաղաքական իսլամը, որը ձգտում էր իսլամական-կրոնական լեգիտիմությամբ պետական եւ հասարակական կարգերի: Էրբաքանի «Փրկություն իսլամի միջոցով» կամ «Աստծո պետություն» կարգախոսները պատանի Ռեջեփի համար հայտնություն էին: Ի դեմս Էրբաքանի՝ նա գտնում է իր կուռքին եւ դառնում այդ կուսակցության երիտասարդական կազմակերպության անդամ: Էրբաքանն արագ նկատում է նրան եւ որպես օժտված բանախոսի եւ կրեատիվ երիտասարդի՝ աջակցում նրա առաջընթացին:

Զինվորական վերնախավը կարճ ժամանակ անց արգելում է իսլամիստական MNP-ի գործունեությունը (ըստ Աթաթուրքի պատգամի՝ զինվորականությունը աշխարհիկ հանրապետության կարգերի պահապանն է եւ պարտավոր է չեզոքացնել դրանց սպառնացող վտանգները): Չնայած զինվորականության եւ Աթաթուրքի հիմնադրած կուսակցության՝ Cumhuriyet Halk Partisi (Ժողովրդահանրապետական կուսակցություն) դիմադրությանը՝ Էրբաքանին հաջողվում է կարիերա անել: Նրա կոնցեպտը համառությունն էր եւ ամեն անգամ փակվելուց հետո նոր կուսակցություն հիմնադրելը: Այսպիսով, նա կարողանում է անգամ հասնել նրան, որ 1996թ. դառնում է վարչապետ, թեեւ՝ մեկ տարով. զինվորականությունը նրան հեռացնում է պաշտոնից:



Էրբաքանի ուղեկցությամբ քաղաքականություն մտնելով՝ Էրդողանը ջանասիրաբար յուրացնում է քաղաքական պայքարի բոլոր՝ մաքուր, թե անմաքուր հմտությունները: Իսկ թե իր սանը դրանց ինչ կատարյալ է տիրապետում, Էրբաքանը համոզվում է տարիներ անց, երբ նրանք արդեն հակառակորդներ էին. մենտորը պարտվում է աշակերտին... Սակայն, մինչ այդ՝ էրդողանն այնքան էր տպավորված իր քաղաքական դաստիարակով, որ իր երկրորդ որդուն կոչում է նրա անունով՝ Նեջմեթին Բիլալ, ով հիմա միայն որպես Բիլալ է հայտնի:  

Մարտահրավեր Աթաթուրքի քաղաքական ժառանգությանը

1973-1980թթ. Թուրքիայում փոփոխվող բազում կոալիցիաներով յոթ կառավարություններ են իրար հաջորդում, որոնց չի հաջողվում լուծել հասարակությանը հուզող սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս քաոսի ականատես Էրդողանը քաղաքական բեմահարթակում առաջնային տեղ զբաղեցնելու հստակ որոշում է կայացնում: 1976թ. նա Էրբաքանի հերթական կուսակցության՝ Millî Selamet Partisi (Ազգային Փրկություն կուսակցություն) երիտասարդական կազմակերպության Ստամբուլի Բեյօղլի թաղամասի մասնաճյուղի նախագահն էր, իսկ ամիսներ անց՝ ամբողջ Ստամբուլի երիտասարդական կազմակերպության  նախագահը:

Այս ժամանակահատվածում աշխատավորների, ձախերի, աջերի, իշխանությունների եւ միլիտանտ «Գորշ Գայլերի» միջեւ հակասություններն ու բռնությունները սաստկանում են: Վարչապետ Բյուլենթ Էջեւիթի դեմ մի քանի մահափորձեր են կատարվում: Ծայրահեղ աջերն ու ձախերը օրը ցերեկով փողոցում սպանում էին միմյանց: Թուրքիայի որոշ հատվածներում քաղաքացիական պատերազմի նմանվող իրավիճակ էր տիրում: Ուսանողական բողոքի ակցիաների պատճառով համալսարանները պարբերաբար փակվում էին: 1979թ. դրությամբ՝ աջ եւ ձախ ծայրահեղականների ահաբեկչությունների ծավալն այնքան էր ահագնացել, որ օրական միջինը 20 սպանությունների մասին էր հայտնվում: Ընդամենը մեկ տարում ահաբեկչության զոհերի թիվը 2500-ի էր հասել: Վարչապետերից ոչ մեկին չէր հաջողվում քաոսին վերջ տալ: Հասարակությունը կորցնում էր համբերությունը եւ քաղաքական ուժերի հանդեպ վստահությունը:

Իրավիճակը ծայրահեղ էր նաեւ տնտեսապես. Թուրքիան գտնվում էր պետական սնանկացման եզրին: Զանգվածային սպառման ապրանքների գների թանկացումը երկրի որոշ հատվածներում հասնում էր մինչեւ 300%-ի: Գործազրկությունը մեկ տարվա մեջ 14%-ից  հասել էր 26%-ի: Այս անօգնական եւ առանց հեռանկարի վիճակում հասարակության մեջ սկսում են ուժգնանալ իսլամիստական միտումները: Բանը հասնում է նրան, որ 1980թ. սեպտեմբերին Կոնյա քաղաքում էրբաքանի կուսակցության հավաքի ժամանակ հնչում են իսլամական պետություն հիմնելու կոչեր: Մասնակիցները հրաժարվում են պետական օրհներգը երգել՝ ասելով, որ ուզում են դրա փոխարեն նամազի կանչը լսել եւ քայլերթ են անում քաղաքում՝ կրելով «Իսլամը միակ ճանապարհն է» պաստառներ: Սա լցնում է քեմալականների եւ զինվորականության համբերության բաժակը: Հաշված օրեր անց՝ սեպտեմբերի 12-ին զինվորականությունը «ի շահ երկրի ամբողջականության եւ բարօրության» ստանձնում է երկրի կառավարումը: Հանրապետության հիմնադրումից ի վեր՝ դա թվով երրորդ ռազմական հեղաշրջումն էր (մյուս հեղաշրջումների մասին՝ հաջորդիվ):

Վարչապետ է դառնում բանակի գլխավոր շտաբի պետը եւ հայտարարում պառլամենտական ժողովրդավարության ավարտի մասին: Ազգային Մեծ ժողովի 200 պատգամավորները զրկվում են անձեռնմխելիությունից եւ ձերբակալվում: Կառավարությունը մասամբ տնային կալանքի է ենթարկվում: Սահմանադրությունը գործողությունից դուրս է հայտարարվում, ցույցերն ու հանրային հավաքներն արգելվում են: Բոլոր կուսակցությունների գործունեությունը կասեցվում է, նրանց նախագահները ստանում են քաղաքականությամբ զբաղվելու տասնամյա արգելք: Ի տարբերություն նախորդ զինվորական հեղաշրջումների՝ այս անգամ աշխարհիկ կարգերը վտանգած քաղաքական ղեկավարները մահվան չեն դատապարտվում: Ռազմական կառավարումը տեւում է մինչեւ 1983 թ.:

Էրբաքանի՝ հեղաշրջման հետեւանքով կասեցված Ազգային Փրկության կուսակցության նախկին մի խումբ անդամներ, նրանց թվում եւ Էրդողանը, 1983թ. հիմնադրում են Բարօրության կուսակցությունը (Refah Partisi): Մեկ այլ խումբ էլ հիմնում է Մայր Հայրենիք (Anavatan Partisi) կուսակցությունը: Էրդողանը հրաժարվում է երկրորդին անդամակցել, ասելով, թե ինքն ունի իր առաջնորդը՝ էրբաքանին: Քանի որ ռազմական հեղաշրջման ժամանակ սահմանված արգելքի պատճառով Էրբաքանը դեռեւս մի քանի տարի չէր կարող քաղաքական պաշտոն վարել, նրան հավատարիմ Էրդողանը սկսում է ավելի ակտիվ գործել նորաստեղծ կուսակցությունում: Նրա հավատարմությունը գնահատվում է. 1985թ. նա արդեն կուսակցության Ստամբուլի կազմակերպության նախագահն էր:



Էրդողանը դիրքավորվում է որպես ժամանակակից, ժողովրդին մոտ եւ աննահանջ պայքարի պատրաստ նվիրյալ: Նա կուսակցություն է ներմուծում կանանց մասնակցությունը նախընտրական քարոզարշավին որպես ինֆորմացիայի ու կուսակցության գաղափարախոսության տարածողներ: Էրդողանի մեծ ներգրավվածությունը կուսակցական կյանքում ինչ-որ պահից դժվարացնում է զուգահեռ աշխատանքը մսամթերքի ֆաբրիկայում. երկուսը միասին հասցնել չի կարողանում: Կուսակիցները նրան առաջարկում են թողնել ֆաբրիկան եւ պատրաստակամություն հայտնում նրան աշխատավարձ վճարել կուսակցական գործունեության համար: Այսպիսով, Էրդողանը քաղաքականությունը դարձնում է մասնագիտություն եւ սկսում աստիճան առ աստիճան բարձրանալ:  

Սակայն, մինչ Էրդողանի 90-ականների կեսից սկսված ու մինչ օրս շարունակվող քաղաքական հաղթարշավին անդրադառնալն անհրաժեշտ է հայացք նետել Թուրքիայի Հանրապետության հիմնադրմանը հաջորդած հասարակական-քաղաքական այն խմորումներին, որոնք արդյունք էին Քեմալ Աթաթուրքի արմատական բարեփոխումների ու դրանց հանդեպ հանրային երբեմն լավ, երբեմն վատ թաքցված դժգոհությունների: Հենց այդ կուտակված դժգոհություններն  օգնեցին երբեմնի քասիմփաշացի կռվարարին դիրքավորվել որպես ազգի փրկիչ եւ դառնալ թուրքերի ճակատագիրը տնօրինողը՝ արդեն երկու տասնամյակ իր անձնական պատկերացումներով վերաձեւելով պետության եւ հասարակության կյանքը:

Շարունակելի:

Իրինա Ղուլինյան-Գերցը լրագրող է, կառավարման գիտությունների մագիստրոս, Եվրամիություն-հետխորհրդային տարածքի երկրների փոխհարաբեությունների փորձագետ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին