Դավիթ Տոնոյան. «Ես իմ երկրի դեմ քայլ չեմ անի» - Mediamax.am

Դավիթ Տոնոյան. «Ես իմ երկրի դեմ քայլ չեմ անի»
6245 դիտում

Դավիթ Տոնոյան. «Ես իմ երկրի դեմ քայլ չեմ անի»


Դավիթ Տոնոյան՝ ընդամենը 53 տարեկան հայ մարդ, որ արդեն հասցրել է լինել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (2017-2018), ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ (2010-2016), ՀՀ պաշտպանության նախարար (2018-2020)։ ՀՀ քաղաքացիական հատուկ ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական է, պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ եւ 3-րդ աստիճանի մեդալներով: Իսկ մասնագիտությամբ… երկրաբան է, բայց կյանքը տարավ դեպի դիվանագիտություն, ավելի՝ ստույգ ռազմական դիվանագիտություն:

Գուցե ես երբեք էլ նրան չճանաչեի, եթե 2001-ի հունվարի սկզբին «Հայաստանի Հանրապետություն» թերթից չգործուղվեի Բրյուսել՝ ծանոթանալու ՆԱՏՕ-ի աշխատանքին` դաշինքի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի Հայաստան կատարելիք այցին ընդառաջ:

Գործուղումը լրագրողների խմբով էր՝ Մհեր Շահգելդյան, Կարեն Թոփչյան, Արա Թադեւոսյան, Քրիստինե Խաչատրյան եւ ես: Բրյուսելի օդանավակայանում դիմավորում է մի սիրալիր երիտասարդ ու ուղեկցում մեզ սպասող ավտոբուսը: Ես, ինչպես միշտ, նստում եմ առաջին նստարանին ու մտադրվում ուսումնասիրել ճանապարհը: Մեզ դիմավորած երիտասարդը նստում է կողքիս ու ասում.

- Ես Դավիթ Տոնոյանն եմ, ՀՀ ռազմական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում ու Ձեզ ճանաչում եմ՝ Դուք Անահիտ Ադամյանն եք, ու Դուք գրում եք Վազգեն Սարգսյանի մասին: Նա է ինձ Բրյուսել ուղարկել:

Օդանավակայանից հյուրանոց ճանապարհին Դավիթ Տոնոյանը պատմում է Վազգեն Սարգսյանի մասին… Հյուրանոց հասնում եմ լաց լինելով, ու այնպես չէ, որ Դավիթ Տոնոյանի աչքերն էլ չոր են:

***

Մենք մի շաբաթ Բրյուսելում էինք, ու անընդհատ մեզ հետ էին կամ լուսահոգի Վիգեն Չիթեչյանը՝ ՀՀ դեսպանը Բելգիայում, որ մեզ ուղղակի հոր պես էր խնամակալում, եւ Դավիթ Տոնոյանը, ում հետ արդեն հազար տարվա ընկեր էինք դարձել մի քանի օրում: Երբ մեկնում էինք SHAPE՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի միացյալ հրամանատարության գրասենյակ, ճանապարհին նա ինձ պատմում էր՝ ինչպես են ՆԱՏՕ-ում ընդունել ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին.

-Պատկերացնու՞մ ես՝ ՆԱՏՕ-ի գեներալները ձիգ կանգնած՝ պատիվ են տալիս իմ երկրի պաշտպանության նախարարին, որովհետեւ նա հաղթած նախարար է, ու որովհետեւ նա՝ Վազգենն է: Կյանքումս ամենաերջանիկ պահն էր, որ չի կրկնվի:
- Կկրկնվի,- չգիտեմ ինչու ասացի ես, ու լացակումած ոտք դրեցի SHAPE:

***

Բրյուսելում երեկոյան հյուրանոց է գալիս Դավիթ Տոնոյանն ու ասում. «Գնա՞ նք Անտվերպեն»: Բնականաբար՝ համաձայնում ենք ու տեղավորվում նրա մեքենայում: Ճանապարհին անձրեւ է սկսվում ու երբ հասնում ենք Անտվերպեն, արդեն հորդ անձրեւ է գալիս, բայց քաղաքում շրջելու համար ստիպված ենք իջնել մեքենայից: Երբ հասնում ենք քաղաքի այն հատվածը, որտեղից սկսվում է Հյուսիսային ծովը, արդեն այնքան ենք թրջված, որ հյուսիսային ցուրտ քամին հավելած՝ հաստատ հաջորդ օրը բոլորս հիվանդ ենք լինելու, իսկ Դավիթը հրաժարվում է ճանապարհին հանդիպող սրճարանները մտնել-տաքանալու առաջարկից՝ առանց պատճառաբանելու:

Վերջապես նա «հանձնվում է», ու մտնում ենք սրճարան, տաք շոկոլադ՝ աղջիկներիս, ավելի ոգելից՝ տղաներին: Մինչ մենք տաքանում ու չորանում ենք, ես զգում եմ, որ մեզ նայում են շատ տարօրինակ հայացքներով: Մտածում եմ՝ գուցե աղմկում ենք, կամ՝ կարեկցում են, որ այսպես թրջվել ենք: Բայց հայացքները շատ հետաքրքիր ու գնահատող են:


Անահիտ Ադամյանը եւ Դավիթ Տոնոյանը Անտվերպենում՝ 2001 թվականին

…Եվ միայն Բրյուսել վերադարձի ճանապարհին Դավիթ Տոնոյանն ասում է.

-Երեւանում պատմելիք կունենաք՝ դուք գեյերի սրճարանում էիք:

***

ԱԺ-ում աշխատելու տարիներին հաճախ եմ Բրյուսելում եղել, ամեն անգամ ամենամեծ ուրախությունը Դավիթ Տոնոյանին հանդիպելն էր: Թեեւ իր պաշտոնական պարտականությունների մեջ չէր մտնում, միշտ գալիս էր հյուրանոց ու օգնում մեզ: Հատկապես ինձ, որ մշտապես խնդիր ունեի հանդիպումների տեղեկատվությունը Երեւան փոխանցելու: Մինչ պատվիրակությունը գնում էր ճաշի, ընթրիքի կամ ազատ ժամանակ էր լինում, հյուրանոցի իմ համարում ես գրում էի հերթական տեղեկատվությունը, իսկ Դավիթ Տոնոյանը ֆլեշկայով տանում էր դեսպանություն՝ Երեւան ուղարկելու: Հետո միայն երկուսով դուրս էինք գալիս քաղաք: Այդպես նա ինձ տարավ Բրյուսելի հայկական եկեղեցին, որ գուցե այնքան էլ հայկական չէր, հայերն այնտեղ պատարագ էին անում, ու մենք միասին մոմեր վառեցինք.

-Ես Վազգենի համար վառեցի,- ասաց նա ինձ:
-Ես էլ:

***

Բրյուսելում աշխատող մեր ընդհանուր ընկերներից մեկը, որ հիմա դեսպան է, այդ այցերից մեկի ժամանակ՝ ո՞նց եք ապրում, իմ հարցին, ի զարմանս ինձ, շատ երկար պատասխան տվեց՝ սկսեց պատմել, որ աշխատավարձով Բրյուսելի պես քաղաքում ապրել հնարավոր չէ, պարզապես վայել չէ դիվանագետին, ստիպված են լինում կողքից վաստակ որոնել, տարբեր աշխատանքներ անել, եւ միայն Դավիթ Տոնոյանն է հրաժարվում, թեեւ ընտանիքի հետ է: «Ինչու՞ է հրաժարվում» հարցրի: «Դավիթին չգիտե՞ս՝ սկզբունքային է»՝ հնչեց պատասխանը:

***

Երկար տարիներ չէինք հանդիպել, նա արդեն հասցրել էր Երեւան վերադառնալ, իբրեւ ԱԻՆ նախարար՝ Խոսրովի անտառի հրդեհները մարել, ՊՆ նախարարի առաջին տեղակալ, ՊՆ նախարար դառնալ: Միշտ ուզում էի զանգահարել, բայց մտածում էի՝ չի հիշի, հետո էլ՝ զանգեմ՝ ի՞նչ ասեմ: Եվ գուցե միստիկա է՝ երազումս տեսա Վազգենին: Սովորաբար՝ երազներս չեմ հիշում, բայց այդ երազը առավոտյան հիշում էի՝ «Արամին ասա, որ մաման իր վարդագույն ժակետն է ուզում, Դավիթին ասա, որ Նախիջեւանում մի տեղ կա՝ պիտի փակվի, ինքը գիտի»: Ոչինչ էլ չարեցի, երազս կրկնվեց: Զանգահարեցի Արամ Սարգսյանին՝ պարզվեց՝ տիկին Գրետան իրոք ունի վարդագույն ժակետ, որ Վազգենն է գնել… Զանգահարեցի Դավիթ Տոնոյանին, անմիջապես ճանաչեց, ձայնից զգացվեց, որ ոչինչ էլ չի մոռացել, նույն Դավիթն է՝ ինչ Բրյուսելում, ինչ Երեւանում՝ «Ինչո՞վ կարող եմ օգնել»: Պատմեցի երազս՝ մտածելով, որ ինձ խելագարի տեղ է դնելու.

-Գիտեմ, փորձում ենք փակել, շատ վտանգավոր հատված է, կփակենք:

***

Զանգեցի 2020-ի դեկտեմբերին՝ ծննդյան օրը շնորհավորելու: Պարզվեց, հիշողությունս մեկ օրով դավաճանել է:

-Չեմ էլ ուզում հարցնել, բայց ո՞նց ես: Կուզե՞ս հարցազրույց անենք, քեզ պետք է խոսել:

-Ժամանակը չի:

-Հետո կարող է ժամանակ չլինել, կամ՝ չեն ցանկանա քեզ լսել, հասկանալ, մեղավոր կնշանակեն, ու՝ վերջ: Հասկանու՞մ ես, չէ, որ քավության նոխազ է պետք: Դու շատ հարմար ես այդ դերին:

-Գիտեմ, բայց ես իմ երկրի դեմ քայլ չեմ անի: Վազգենն էլ հազար անգամ կարող էր խոսել, քանի՞ անգամ խոսեց…

-Ինձ հետ խոսել է:

-Դու էլ, ես էլ այնքան ինֆորմացիա ենք ունեցել, որ ցանկացած պահի կարող էինք երկիրը պայթեցնել, բայց ես դա երբեք չեմ անի: Դու էլ չես արել: Դու ինձ պիտի հասկանաս:

-Հասկանում եմ, բայց չեմ ուզում, որ քեզ թույլ օղակ գտնեն, ու՝ մեղավոր նշանակեն:

-Ես իմ կյանքում չեմ արել ոչինչ, որի բացատրությունը ու հիմնավորումը չունենամ:
Փաստերով, թվերով, արձանագրություններով…

Պայմանավորվեցինք ամանորին ընդհանուր ընկերներով մեր տանը հավաքվել, խոսել, չհանդիպեցինք: Միայն մի քանի ամսից իմացա, որ նոյեմբերին ամենածանր կորոնավիրուսն է տարել՝ բարձր ջերմությամբ ու հարակից հետեւանքներով:

Հ.Գ.

…Գուցե ես չգրեի այս ամենը, եթե Դավիթ Տոնոյանը կալանավորված չլիներ:
20 տարվա շփումներից համոզված եմ՝ Դավիթ Տոնոյանը գող չէ՝ այդ տեսակը չէ: Նրան պարտության քավության նոխազ դարձնելը անարդար ու անազնիվ է: Բացի՝ իրավական նոնսենս լինելը, մեզնից քանի՞սն է մտածել՝ ի՞նչ կկատարվի բանակի հետ, երբ 2015-ին ընդունված Սահմանադրությամբ, որ ամբողջությամբ հարմարեցված էր այդ պահին իշխանության բարձրագույն մակարդակում գործող անձանց ունակություններին, ոչ թե բխում էր երկրի ու բանակի շահերից, բանակի համար պատասխանատվությունը կիսվում էր պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի միջեւ: Գործնականում՝ գլխավոր շտաբի պետն է ամեն ինչի պատասխանատուն, իսկ նախարարը արարողակարգային ֆիգուր է: Հավելեք՝ վարչապետի՝ գերագույն գլխավոր հրամանատար դառնալը պատերազմի ժամանակ, ռազմական դրության դե ֆակտո ու դե յուրե չկարգավորվածությունը, ու կստանաք այն, մեղմ ասած, լաբիրինթոսը, որտեղ իրավականորեն ոչ ոք հստակ իր գործառույթները չունի, թեեւ թղթի վրա, կարծես, ամեն ինչ հիմնավոր է: 2015-ին մենք վստահ էինք, որ պատերազմ չի՞ լինելու: 2016-ի քառօրյան էլ ոչի՞նչ չհուշեց: Ահա այսպես է քաղաքականությունը մտնում բանակ ու …ավերում: Այսպես են քավության նոխազ ընտրում են նրան, ով… չի պաշտպանվում, որովհետեւ երկրի շահը անձնական ճակատագրից բարձր է դասում: Դա եւս բարոյականության նշան է: Թեպետ բարոյականությունը մեր օրերում արատ է, պարզվում է՝ նաեւ մեղք: Ու՝ հանցանք:

…Գուցե մի օր Դավիթ Տոնոյանը իսկապես խոսի ու պատմի՝ թե ինչեր է ինքն արել 44-օրյայի ընթացքում, մի օր, երբ արդեն վտանգավոր չի լինի Հայաստանի ու Արցախի համար: Իսկ հիմա՞…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին