Միակն եմ, որ «տեսել է» Հենրիկ Մալյանի «Կոմիտասը» - Mediamax.am

Միակն եմ, որ «տեսել է» Հենրիկ Մալյանի «Կոմիտասը»
3169 դիտում

Միակն եմ, որ «տեսել է» Հենրիկ Մալյանի «Կոմիտասը»


1978-ին ընդունվել էի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը՝ Մռավյան, 13 (այժմ՝ Ալեք Մանուկյան, 13): Մեր ֆակուլտետը երրորդ հարկում էր, երկրորդ հարկում՝ կուլտուրայի ֆակուլտետն էր, չորրորդում՝ ադրբեջանական բաժինը: Առաջին կուրսի ուսանող էի, աշնանային անձրևոտ մի օր ուշացումով (դասերը սկսվում էին 8.30-ին)՝ համարյա 9-ին հասա դասի ու… ինստիտուտի բակում մեր և կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները հավաքված՝ միտինգ էին անում, բակում էին նաև դասախոսները՝ դեկանների գլխավորությամբ: Չորրորդ կուրսի գերազանցիկ ուսանող Արթուր Կարագաշյանը աստիճանահարթակից պատմում էր Բեյրութի դեպքերի մասին, ասում էր, որ մենք չենք կարող անտարբեր լինել, երբ Լիբանանում ուզում են սպանել ցեղասպանությունից փրկված հայերին… Այն տպավորությունն էր, որ միտինգից հետո բոլորս գնալու ենք Բեյրութ:

Ես, իհարկե, ուրախացել էի, որ դասեր չկան (ինչպես բոլոր համակուրսեցիներս), առանձնապես չէի հասկանում, որ Բեյրութում դեռ երեք տարի առաջ քաղաքացիական պատերազմ է սկսվել, հարևանները միջամտում են, կրոնական հարցեր կան, քաղաքական, աշխարհաքաղաքական… Ինձ ավելի հետաքրքրում էր, որ միանգամայն պատահական հայտնվել եմ …Հենրիկ Մալյանի կողքին, որ լուռ լսում էր, երբեմն միայն ձեռքը դնում կզակին ու տենդագին գրպանում ինչ-որ իր էր որոնում ու… չէր գտնում: Ես այնքան էի ուզում, որ նա ևս ելույթ ունենա՝ ինչպես մեր ֆակուլտետի դասախոսները, բայց նա լռում էր, և միայն կապույտ աչքերում ծովանում էին ցավն ու անսահման տխրությունը, որ ես նույնպես չէի հասկանում:

Ինձ համար Հենրիկ Մալյան լինելն արդեն ուրախություն էր, երջանկություն, երանություն, աստվածային շնորհ, որ բնավ չէր զուգահեռվում երկրային վիճակներին, առավել ևս ցավին ու տխրությանը:

***

Երրորդ կուրսում պրակտիկայի էինք Րաֆֆու անվան դպրոցում, ես իմ 6-ի բ-ին, որտեղ նաև դասղեկ էի, տարա կինոթատրոն՝ Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինքը» նայելու, իսկ հետո երեխաներին առաջարկեցի իբրև շարադրություն՝ նամակ գրել Հենրիկ Մալյանին կամ ֆիլմի իրենց ամենից շատ դուր եկած հերոսին՝ խոստանալով, որ նամակները կփոխանցեմ ռեժիսորին ու դերասաններին: Գրեցին:

Տառասխալներով, ոճական ու քերականական սխալներով, բայց անկեղծ ու պայծառ մանկական նամակներ, որ դպրոցի տնօրենի թույլտվությամբ վերցրի ինձ հետ (նախապես առաջարկել էի, որ նամակները գրեն թղթերի վրա, որովհետև ոչ ոք աշակերտական տետրում նամակ չի գրում): Երեք տարի անց՝ 1983-ին, երբ արդեն աշխատում էի «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» ամսագրում, գլխավոր խմբագիրը՝ Լյուդվիգ Կարապետյանը, առաջարկեց նշանավոր մարդկանց հետ հարցազրույցների շարք սկսել՝ իմ ընտրությամբ: Բնականաբար՝առաջինը զանգահարեցի Հենրիկ Մալյանին: Ներկայացա, ամսագիրը ներկայացրի, մերժեց՝ պատճառաբանելով, որ նախ խիստ զբաղված է, հետո էլ՝ հարցազրույցներն իր ժանրը չեն: Խորամանկեցի՝ պատմեցի 6-ի բ-ի նամակների մասին իրեն, Աշոտ Ադամյանին, Տիգրան Մանսուրյանին, Մհեր Մկրտչյանին, Սոֆիկա Ճիաուրելիին, Անժելին (Գալինա Բելյաևա), միանգամից ասաց՝ մեկ ժամից արի ֆակուլտետ: 22 նամակները և նոթատետրը ձեռքիս (այն ժամանակ ձայնագրիչ չունեի) գնացի: Դուռը թակեցի ու…



-Ես Ձեզ ճանաչում եմ:
-Գիտեմ:
-Որտեղի՞ց:
-Չորս տարի ամեն օր Դուք բարձրացել եք երկրորդ հարկ, ես՝ երրորդ:
-Բանասիրականի ուսանո՞ղ եք:
-Արդեն ոչ, մեկ տարի առաջ եմ ավարտել: Սա էլ նամակները, որ խոստացել էի:

Վերցրեց ու սկսեց կարդալ, ապշելու արձագանքներ էին՝ ես, կարծես, նրա դեմքին նորից նայում էի «Կտոր մը երկինքը»՝ ըստ կարդացած նամակների:

-Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք,-հանկարծ հարցրեց:
-Ես հեքիաթների չեմ հավատում:
-Քանի՞ տարեկան եք:
-22:
-Դե, իհարկե, Ձեր տարիքում արդեն չեն հավատում ոչ սիրուն, ոչ երջանկությանը, ոչ …
-Հակառակը՝ հենց իմ տարիքում են հավատում, բայց՝ իրական, ոչ թե հնարովի:

…Ու մեր զրույցը գնաց… Հարցազրույցը ստացվեց: Նույնիսկ իրեն դուր եկավ:

***

Մի անգամ «Մենք ենք, մեր սարերի» մասին հարցրի.

-Դուք կարծում եք, որ Հրանտ Մաթևոսյանը հենց ա՞յդ վեպն է գրել, որ Դուք նկարել եք:
-Ոչ, իհարկե, ոչ: Հրանտ Մաթևոսյանը իր վեպն է գրել, ես իմ ֆիլմն եմ նկարել: Հրանտ Մաթևոսյանի ամեն գործի վրա 10 ֆիլմ կարելի է նկարել: Ես իմ ֆիլմն եմ նկարել, ուրիշները թող իրենցը նկարեն:
-Ձեզնից հետո հնարավոր է «Մենք ենք, մեր սարերը» նկարե՞լ:
-Ամեն ժամանակ իր կինոն ունի:

***

Ասացի.

-«Նահապետը» չեմ սիրում:
-Սոսի՞ն չես սիրում, թե՞ ֆիլմը:
-Ֆիլմը:
-Ինչու՞:
-Շատ է ձգձգված, կես ժամ ոչինչ չի լինում, ոչ մի խոսք չկա, գործողություն չկա, զարգացում չկա:
-Երեխա է ծնվում:
-Խորհրդանիշների մասով ամեն ինչ հրաշալի է, հատկապես ծառը, որի խնձորները ջուրն են լցվում: Ինձ թվում է՝ այդ ծառը տեսել եմ իրականում, բայց կիսատություն կա…
-Ծառը ես էլ եմ տեսել՝ երազում, հետո եմ մտածել «Նահապետի» մասին: Նրանց կյանքում ամեն ինչ եղել է ու ավարտվել, նրանք արդեն իրենց լավագույն մասով մեռած են՝ իրենց սպանված հարազատների հետ, բայց կյանքը շարունակվում է, ու նրանք պիտի ապրեն, պիտի ծառ տնկեն, տուն կառուցեն, երեխա ունենան… Որ ապրեն: Ուրիշ ի՞նչ ես ուզում:
-Չգիտեմ, ուրախություն չկա, լույս չկա, ծանր է:
-1915-ից հետո ապրելն արդեն ուրախություն է, լույսն էլ պիտի ներսիցդ լինի: Դու պարզապես ծանր կինո չես տեսել:

***

… Հերթական հարցազրույցից հետո ասաց.

-Մի օր ֆիլմ եմ նկարելու, ու նկարելու եմ քո ձեռքերն ու քո ձայնը, քո ձայնի մետաղը, երբ մի վայրկյանում տիեզերքի մյուս ծայրում ես հայտնվում:
-Իսկ ի՞նձ:
-Քեզ՝ ոչ: Հեչ ֆոտոգենիկ չես:
-Ձեռքերս հասկացա, ձայնս ո՞նց եք նկարելու:
-Կնկարեմ՝ կտեսնես:
Չտեսա՝ չնկարեց:  

***

Գիտեի, որ հիվանդանոցում է, քրիզանթեմներ գնեցի ու գնացի տեսության: Ճանապարհին քրիզանթեմներիս թերթիկները սկսեցին թափվել…

Երբ մտա հիվանդասենյակ, բուժքույրը ասաց՝ կես ժամ, ոչ ավելի, չի կարելի:
Գունատ էր, նիհարած, կապույտ աչքերի տակ նույնքան ու ավելի խոր կապույտ փոսեր էին, նույնիսկ չգիտեի՝ ինչ ասել՝ «Ինչպե՞ս եք»-ը միանգամից կորցրեց իմաստը: Լացս եկավ, ու բոլոր բառերը անհետ կորան…

-Նստիր, նստիր, ո՞նց ես:
-Ե՞րբ եք տուն գնում:
-Չգիտեմ, ափսոս, Կոմիտասը մնաց…
-Ի՞նչ Կոմիտաս:
-Դու չգիտե՞ս՝ Կոմիտասի մասին ֆիլմ եմ նկարում: Սցենարն էլ կա, դերասաններն էլ, ամեն ինչ, բայց Ռոբերտ Արզումանյանը (որքան՝ հասկացա՝ կենտկոմի մշակույթի բաժնի վարիչը) ֆիլմը կանգնեցրեց: Արդեն չգիտեմ՝ կհասցնե՞մ…
-Դե, իհարկե, կհասցնեք, համոզված եմ: Եվ ո՞վ է լինելու Ձեր Կոմիտասը՝ ցեղասպանության զո՞հ, կոմպոզիտո՞ր, խելագա՞ր…
-Չէ, ոչ մեկը, ոչ մյուսը, ոչ էլ երրորդը: Սա իմ կյանքի ֆիլմն է, իմ պատմությունը, քո պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, դար է ավարտվում, ու՝ ի՞նչ ենք մենք հասկացել՝ ինչու՞ ցեղասպանություն եղավ, ինչու՞ հենց մեզ հետ եղավ, մեր մեղքը ո՞րն էր:
-Մենք մեղավո՞ր էինք:
-Երբ մեկուկես միլիոն հայ է սպանվում, այո:
-Իսկ թուրքերը մեղավոր չէի՞ն:
-Թուրքերը թշնամի են, հազար տարի առաջ մտել են քո տուն ու հազար տարի չեն կարողանում քո տունը քո ձեռքից առնել, ի՞նչ պիտի անեն: Թուրքերը հայրենիք չունեն, նրանք իրենց հայրենիք են դարձնում ուրիշների հայրենիքը, իրենց պատմություն են դարձնում ուրիշների պատմությունը, բայց հողը նրանց չի ընդունում: Նրանք հայրենիք չունեն ու իրենց համոզել են, որ եթե տերերին սպանեն, իրենք են տեր դառնում:
-Բայց՝ դարձել են:
-Այ, կնկարեմ «Կոմիտասը» ու կհասկանաս, որ չեն դարձել, չեն դառնալու երբեք: Կոմիտասը խելագար չէ, աշխարհն է խելագարվել, նա երբեք չի կորցրել բանականությունը ու ապրել է իր աշխարհում, որտեղ միայն իր խազերն են ու իր խազերը հայկական են:
…Ի՞նչ կես ժամ, մեկ ժամ ու երկու ժամ՝ նա ինձ պատմեց ամբողջ ֆիլմը, ու հիմա ես աշխարհում միակ մարդն եմ, որ «տեսել է» Հենրիկ Մալյանի «Կոմիտասը»…

***

1988, 14 մարտի… Վախճանվել է հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր… լուրերի հաղորդավարի միապաղաղ, անարտահայտիչ ձայնը։ Ես արդեն չէի լսում՝ ո՞վ, էկրանից ժպտում էր նրա հանրահայտ լուսանկարը՝ ձեռքը կզակին: Նա ընդամենը 63 տարեկան էր:

…Ոտքերս չէին տանում, բայց դահլիճից մի կերպ հասա բեմ ու կանգնեցի կողքին: Լացս չէր գալիս, խայտառակ դատարկություն էր՝ քամված ու ճզմված տխրություն՝ թուրքը նորից հաղթեց՝ Սումգայիթին սիրտը չդիմացավ, «Կոմիտասը» չնկարվեց:
Կինոյի տան սառը դահլիճի մի անկյունում կծկվել էր Աղասի Այվազյանը, հեռու էր՝ չտեսա, բայց համոզված եմ՝ լաց էր լինում: Եռանկյունում մնացել էր միայն ինքը…

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին